Այդ օրն ընկերոջս տանը ծնունդի էի։ Չեմ էլ հիշում, թե քանի հոգի էինք, ի՞նչ աղջիկներ էին պարում, քանի՞սը մեզ հետ մնաց, ո՞վ էր որ ինձ ապտակեց պոռնիկ ասելու համար։ Բան չեմ հիշում։ Չեմ էլ հիշի, թե ինչքան էի խմել։ Հա, միշտ ինչ որ խմելու չափ կա որից հետո ինչքան էլ հիշողությունդ զիլ լինի, մեկ է, հաշիվը կորցնում ես, իսկ էդ չափից հետո արդեն ոչ թե հաշիվն է կարևոր, այլ էն թե տուն կհասնե՞ս:
Գիշերվա 2-ը կլիներ, երբ ընկերս, ձեռքը մի աղջկա վզին գցած, ներս մտավ սենյակներից այն մեկը, որտեղ ինձ թվում էր թե քնել եմ: Բարձրացրի գլուխս, նայեցի ընկերոջս և հասկացա, որ գազազած է, դե նրան ազատ սենյակ էր պետք, իսկ ես զբաղեցրել էի: Վերցրեցի վերարկուս, դռներին քսվելով դուրս եկա:
Փողոցում ձեռքս այնքան պարզեցի, մինչև մի տաքսի կանգնեց, հետո արթնացա արդեն վարորդի ձայնից, վճարեցի, իջա։ Բարձրացա երկրորդ հարկ, բանալին հանեցի գրպանիցս, մի երկու րոպե տանջվեցի մինչև կարողացա բացել ու ներս մտա: Գնացի սենյակս և ընկա անկողնուս վրա՝ հենց էդպես շորերով:
Արթնացա դռան թակոցից, բացեցի, առանց հարցնելու ներս մտավ մռայլ դեմքով, մորուքավոր ինչ-որ ցմփոր մեկը, ձեռքին էլ ինչ-որ փաստաթղթեր ու նստեց կողքս։ Ինչ-որ մեկին նման էր, սկզբում, նմանացրեցի վաղեմի ծանոթներիցս մեկին, բայց չէ, կարծես ինքը չէր։ Սկսեց շատ արագ խոսել, ասեց, թե ժամանակ չունի, ընդամենը մեկ րոպե, որ շուտով սենյակ կմտնի իր ընկերը, իսկ հետո մյուսը, ուրեմն, պիտի արագ ասեմ, որ չխանգարեն ու բացեց փաստաթղթերը.
-Անցավ, դու չնկատել, և ինչու՞, եթե կարող ես, ինչ կա, չպահես, թող, շնչի, վերջ, մի մտածի, ասա, չէ դու գիտես, զգա, ուրեմն ճիշտ, վստահել, չկա ժամանակ, ափսոսանք, հասկացի, կարևոր:
Հետո ժպիտը դեմքին նայեց երեսիս, իսկ որ տեսավ ապշած հայացքս, հարցրեց.
-Ինչի է կարո՞ղ է չհասկանալ:
Մեկ էլ դուռը կրկին թակեցին։ Նույն դեմքով մի ուրիշ ցմփոր ներս մտավ, ձեռքին շիշ էր, կարծես տնական օղի: Մյուս ցմփորը արագ պահեց բոլոր փաստաթղթերը, աչքով արեց ինձ և ներս կանչեց էն մեկին, բաժակներ դրեցին, ու սկսեցին լցնել, խմել: Էլի դռան թակոց, էլի նույն դեմքը, էլի թակոց, էլի նույն դեմքը, տարբերությունն էն էր, որ ամեն մեկի ձեռքին տարբեր բաներ էին, մեկի ձեռքին ծխախոտ, մյուսը լակելով էր ներս մտնում, մեկ ուրիշը ինչ-որ փողեր ձեռքին։ Ու այդպես երևի մի հիսուն հոգի լցվեց:
Մեկը ինչ- որ բան էր պատմում, մի քանիսը լսում ծիծաղում էին, էն մի քանիսն էլ գրքերս էին քչփորում: Ես ինձ կորցրեցի, չգիտեմ ինչ անեմ։ Նկատեցի հատակին ընկած փաստաթղթերը, արագ հավաքեցի, ուզում էի կարդալ, հնարավոր չէր էնպիսի խառնաշփոթ էր, ու դրեցի գրպանս: Ոնց քշեմ սրանց, գուցե լույսը անջատեմ, մութ լինի, կգնա՞ն։ Ըհը, անջատեցի, մթություն է, աղմուկը անհետանում է, ապա այլևս ձայն չկա, ոչինչ չեմ լսում, լավ է, ըհը, մի քիչ հետո լույսը կրկին վառում եմ, սենյակում ակնոցավոր մեկը ինչ-որ բան է փնտրում։ «Ես ձեզ ինչո՞վ կարող եմ օգնել»,- հարցնում եմ, պատասխան չկա: Շարունակում է քանդել ամբողջ սենյակս: Հետո սկսում է դասավորել, իր ուզած ձևով, ապա պառկում է անկողնումս և սկսում խռմփացնել: Մոտենում եմ նրան.
-Պարո՛ն, ի՞նչ եք անում այստեղ:
-Թող քնեմ, ես այս սենյակը վարձով եմ վերցրել քսանչորս ժամով: Իսկ հետո շատ գործեր ունեմ, պետք է դեռ տարբեր սենյակներում քնեմ, մի՛ խանգարի ինձ:
-Պարո՛ն , սա իմ սենյակն է:
-Քեզ է թվում,- խորը շունչ է քաշում ու քնում:
Ամբողջ սենյակս օղու շշեր են, ծխուկներ, գրքերս ու շորերս աջուձախ թափված: Հավաքեմ գոնե, պատուհանին հասա, դրսում լուսանում է: Նստեցի հատակին, ինչ անեմ, մի քանի ժամ անցավ, քնեցի՞, աչքերս բացեցի, դրսում մթնում էր, մեկ էլ պարոնը վեր կացավ, բացեց դուռը և հեռացավ: Սենյակիս դուռը դեռ չփակված՝ կրկին բացվեց, էլ չդիմացա, գոռացի.
-Ասիք քսանչորս ժամով եք վերցնում սենյակս, ես էլ սպասեցի, ժամանակն անցնի, կգնաք, հիմա էլ ուր եք գալիս:
-Ես չեմ հասկանում, թե դուք ինչի մասին եք խոսում, ես այստեղ առաջին անգամն եմ։ Բայց մի բան ճիշտ եք ասում, այո՛, ես քսանչորս ժամով եմ վերցրել այս սենյակը:
– Համեցեք պարոն, ահա ձեր անկողինը, հատուկ ձեզ համար եմ պատրաստել, քնեք, ես ձեզ չեմ խանգարի,- ասացի ու էլի հատակին նստեցի, գլուխս վերցրի ափերիս մեջ:
Մեկ էլ մեկը բզում է, ինչ-որ նիհար մեկը, ձեռքիցս քաշեց, կանգնացրեց, մոտեցրեց հայելուն:
-Նայիր, -ասում է ինձ,- տեսնում ես փոխվել ես, շատ ես փոխվել, նայի՛ր: Ինձ դու լավ ես ճանաչում, այն մարդիկ ում պատճառով կորցրել ես այսքան ժամանակը, բոլորն էլ իմ մեջ են հիմա: Իսկ ի՞նչ շահեցիր այդքան անհանգստանալով, ի՞նչ շահեցիր հիմա՛ր, ինչու՞ դուրս չեկար քո այս հիմար սենյակից, դուրս գայիր, գնայիր էլի, դրսում լիքը հետաքրքիր բան կա, ընկել ես ինչ-որ պայքարի մեջ, պայքարում ես մի տեղ ուր հաղթողներ չկան։
Վերջը մի լավ ծիծաղեց վրաս և դուրս եկավ։
Հիմա սենյակումս ոչ ոք չկա, միայն ես եմ: Այ հիմա կարող եմ կարդալ փաստաթղթերը, որ խցկել եմ գրպանս: Բացեցի, ինչ -որ բան էր գրված, բայց էլ հավես չարեցի կարդալ, մեկ է բան չէր փոխվելու: