ՍՊԻՆԵՐ

լեռներում մի օր 

ես ընկա

ձին  խրտնել էր չվող թռչունների ճիչերից

ձախ քունքիցս կարմիր մասուր էր կաթում

աշնան խաշամների վրա

այդ օրը թռչուններն իրենց թևերով

սպիներ  էին թողնում  երկնքում հեռանալիս

ու ոչ ոք չիմացավ որ ես մեռել եմ

ԳԱՐՈՒՆ

բացված անձրևանոցիդ ներքո

ծվարել են երկնքի

թաց փեշերը

ԵՍ ԵՎ ԴՈՒ

ես քո գայլն էի

դու իմ լուսինը

գիշերներին  մի կյանք

ոռնում եմ քո լույսի ետևից

ՄՈՍԿՎԱ

փողոցում խցանում  է

ինչ – որ մեկն իր տանը

անօգնական

մեռնում է

մենակ

ԱՊՐԻԼ

ծառը բողբոջում է

հիմա կբացվեն

նրա բլուզի

սպիտակ կոճակները

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

այս լեռների միակ

իրականությունը

թռչունի թռիչքն է

ԱՌԱՎՈՏ

Խնձորենիները Նորքում

ծաղկել են

Երևանն ասես

իր շուրթերին

վարդագույն շրթներկ է քսել

ԱՄՊԵՐ

քամուց քշվող

անձրևներով լիքը

ամպերը

իմ տված

խոստումներն են քեզ

ՏԵՍԱԴԱՐԱՆ

լավագույն համբույրները

մնացին այս տեսադարանում

չցուցադրված

կինոժապավենի

շուրթերին

ՍՈԹՔԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

արդեն ներքևում

ճանապարհի զիգզագը

գլուխը ջարդած օձի նման

շունչն է փչում

փռված

ԳԻՇԵՐՆԵՐԻՆ

Բարսայի

երկինքը շրջված ծով է

ձկների հոսող վտառներով

ՎԵՐԱԴԱՐՁ

կարդացածս  գրքերի հետ  մի բան

ինձնից  վերադառնում է

գրադարաններ

որ գնա

ու հասնի

ուրիշներին 

ԿԱՂՆԻՆ

միայնակ կաղնին անտառի պռնկին

իմ քո մասին  չգրված վեպն է

ուր որ է կխփի կայծակը

ԾՈՎՈՒՄ

մայրամուտի

ջրերին քսվող այս սպիտակ ճայերը 

իմ քեզ չուղարկած նամակներն են

ԴՈւ

միայն դու  կզանգես տան հեռախոսով

ու կհարցնես.

«ի՞նչ կա-տա՞նն ես»

ԲԱՌԵՐԸ

բառերս սպրդում են տողից

ինչպես մեկնարկում

ընկնող

հրթիռներ


Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.