«Փարիզյան օրագիր»-ը Ջիմ Մորրիսոնի թերևս վերջին ստեղծագործությունն է: Այն գրել է 1971֊ին՝ իր մահվանը նախորդող օրերի կամ ամիսների ընթացքում: «Փարիզյան օրագիր» վերնագրված նոթատետրը ներառում է մեկ ամբողջական բանաստեղծություն, որը լավագույնս ներկայացնում է Մորրիսոնի կյանքի վերջին շրջանի հախուռն մտքերն ու ապրումները: Առաջին անգամ ամբողջությամբ լույս է տեսել 1990թ. «Ամերիկյան գիշեր: Ջիմ Մորրիսոնի ստեղծագործությունները» գրքի երկրորդ հատորում:
Էնքան բան կա արդեն մոռացված
Էնքան բան մոռացվեց
Էնքան բան կա մոռանալու
Հենց մաքրության գաղափարը
ծնվեց, ամեն բան կորավ
անդարձ
Սևական Երաժիշտը
բլրի գագաթի տանը
Նեգր փայտերի մեջ
Կմախք պահարանում
Կներես։ Քո հետ չէի։
Մի ծերունի, մեկի
աղջիկը
Վեր կացավ
ու տեսավ դեռ սենյակում ենք
լարից ընկած դաշնամուրով ու վատորակ նկարներով
էս մարդը գործի գնաց
ու նոր կին եկավ
(Նոտր-Դամի
մոմերի անտառը)
մուրացիկ միանձնուհիները
խաղացող ժպիտներով, փոքր թավշապարկերով
ու կատալեպտիկ աչքերով
որ սահում էին անճոռնի
Խճանկար-տոնացույցով
Պատուհաններին
Գրում եմ էսպես
որ պահեմ քեզ
ինձ սերդ տուր,
հոգնած աչքերդ էնքան
տխուր
փոքր ու անհայտ մի
զբոսայգի ուր թափառում ենք
ու պաստառներն աղաղակում են
ապահով ապստամբություն
ու հոգնած պատերը հազիվ
ընկնում են, գրաֆֆիտի
չոր ցեմենտից ավազի մեջ
խցանված փոշեկուլ
ավազե ժամացույց
մայրուղիներ եմ հիշում
Ամառը քո կողքին
Եղբայր-օվկիանոս
Փոթորիկները մարում են
էլեկտրական լույսեր գիշերվա մեջ
«անձրև, գիշեր, տառապանքներ…
վագոնների վերջին տեղեր»
Դե շարժվիր, Վանդա,
Չաղ չքավոր ծանրաշարժ
Կին
Դեռ պետք ես մեզ
Թմբլիկ ազդրերդ
Իրար տուր
Հարավային վրանի մեջ
Հա ի՞նչ։
Իսկական վայրենություն
Մորեմերկ էր սկզբում, հետո
սկսեց հագնվել։
Հին ու էժան մի հյուրանոց
նախասրահում շրջմոլիկներ
բարեկիրթ ու գոհ իրենց
չքավոր կյանքից
փողոցի մյուս կողմում
հայտնի բիլիարդանոցը
ուր դերասաններն են հավաքվում
առաջվա որջը
բիթ երաժիշտների
բիթ պոետների ու
թափառականների
ըստ Զեն ավանդույթի
Չինաստանից մինչև
Գետնանցում
4 անհոգ կյանք
Լացելով որջը լքեց
Ոստիկանների հրահանգով,
Եղած-չեղածն էլ
քարշ տվին՝ ձայնագրություններ,
հուշանվերներ, դե լրագրողներն էլ
մամուլի համար արցունքներն էին հաշվում
ու անեծքները:
«Չինացի մարդասպանները
հախներիցդ կգան»
ու իրոք կգան,
որովհետև աշխարհի տերը
կակաչներն են
քնքուշ սիրուն էդ ծաղիկները
Բիլլի, հարազատս։
Հիշո՞ւմ ես
օձին՝
սիրածիդ,
ու շոյանքները կոխկռտած
մոլախոտերի մեջ,
ավազի ու կակտուսների
ես հիշում եմ
ու հիշում եմ
աստղերը սևաթույր
գիշերվա մեջ
ծակը պաչելը
մինչև միտքը
պարզվի
Ի՞նչ կա չկա, Աստված,
Պարսկական գիշերներում։
«Կիրճի մեջ
ամրոց կա
որտեղ ծնվել ենք
ես ու դու
Հիմա ես մենավոր Մարդ եմ
Ինձ հետ թող
Այգին
Կապույտ Ստվերները
Կիրճի
մեր հանդիպումն
ու բաժանումը
ու երազանքս էլ չկա
ինձ հետ թող քո Այգին
Կորուսյալ Դրախտ
փնտրողը
խելագար է նրա աչքին,
ում մտքով էլ չի անցել
այլ աշխարհը որոնել
ուր ընկերները պառկած սահում են
խելագար
ամեն մեկն իր այգում»
պուցը ծաղկեց
ու դողացին
թղթե պատերը
Հրեշ հայտնվեց
հայելու արծաթում
ծաղրելու սենյակն
ու նրա խեղկատակին
մենավոր
ինձ երգեր տուր
երգելու
ու զմրուխտե
երազանքներ
ու ես քեզ սեր կտամ
վարար
Արև
ջրի տակ միանգամից
տարօրինակ էր
ու հարազատ
պատանի նեգրը
նավակից, լաստեր ու դիմակներ
Քթանցքերից հոսող հեղուկ
բյուրեղ արյուն
երբ ջրի երես ելան
ու շարժվեցին արագընթաց
իրենց խոնավ աշարհում
Թագավորություն կա ցածում
ողջ Կայսրություն մաղած ավազի
ու գունեղ վառ
ձկների
նրանք վերջինն են
լքում
ծովը զվարթ
ես քեզ ուտում եմ
բառե ոսկրերից
խուսափելով
ու թքելով մարգարիտներ
աղջնակը զարմանքից
ճիչ արձակեց երբ կողերին
հարված ստացավ թիակներից
ես էնտեղ էի
հրդեհի մոտ
խցիկի մեջ
տեսա ոնց են վրա հասնում
ու լսեցի հնդկացիների
աղաղակը պատերազմի
զգացի ադրենալինը
թռչելու վախի
բորբոքումը սարսափի
լրիվ հարբած թրմփոցը
առատ արյան մեջ մարտերի
Տկլոր գալիս ենք
կապտուկներով հեռանում
մերկացած խմոր
փափուկ լպրծուն
որդերի համար
էս ձոնում եմ
քեզ՝
Մեծ վախվորած ծաղկուն գազան
Մեծ վիժվածք դժոխային
Մեծ բարի ախտ
ու ամառվա ժանտախտ
Մեծ գրողի տարած կեղտոտ ոռ
Մերը քունած հրեշ
Ստում ես, խաբում,
գողանում, սպանում
խմում ես ագահաբար
Մոլեգնությունը Հարավի
մեռնում վերջնականապես ու մենակ
ոտից գլուխ ցեխոտ
շալվարիդ մեջ
մեկը կա
տեսնես էդ ո՞վ
Դու գիտես
Դու գիտես ավելին
քան ասում ես
շատ ավելին քան հայտնում ես
Մեծ լպրծուն հրեշտակ-պոռնիկ
ինչ լավ էիր հետս
իրոք որ
չափից դուրս լավ
Ասա նրանց որ եկել-տեսել ես
աչքերիս մեջ նայել
ու տեսել ես ստվերը
ժամանակի միջով
ու եղանակներից դուրս
Մտքերը պահպանողի
ավտոստոպով ուղևորը
ճամփին կանգնած
բութ մատն էր տնկել
բանականության
պարզ հաշվարկի մեջ։