Թրգմանությունը՝ Սլավի-Ավիկ Հարությունյանի և Անուշ Սարգսյանի

Օլեգ Նիկոֆ


Բանաստեղծ, հրատարակիչ, Համաուկրաինական գրողների կոնգրեսի Կիևի մասնաճյուղի նախագահն է, միջազգային գրական-երաժշտական “ИНТЕРЕАЛЬНОСТЬ” փառատոնի կազմակերպիչը (Կիև, 2003թ․)։ Բորիս Գրինչենկոյի, Վլադիմիր Սոսյուրի, Յուրի Կապլանի անվան գրական մրցանակների դափնեկիր է։

ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ, ԸՆԿԵՐ

Դու հիշո՞ւմ ես, ընկեր, վիետնամական կեդերը,
Ծնկները դուրս ցցված մեր գուլպաները,
Կռվարար հարևանի սեղանի հոկեյը,
Ապա, հիշեցրու, այդ ո՞ր թվականն էր։
Իսկ հիշո՞ւմ ես մեր գործովի ձեռնոցները՝
Կցված հին անդրավարտիքի ձգակապով,
Երկվորյակ քույրերի լուրջ դեմքե՞րը 
Հնդկական կինոյում՝ 
Միամիտ, հեքիաթից էլ առավել։
Թե ոնց էինք բակում հալաբուդա[1] սարքում,
Եվ նեղ չէին թվում, ամենևին, 
խրուշչովյան մետրերը։
Բա հիշո՞ւմ ես՝ ինչպես էին 
բուրում այրվող խաշամների բլուրները,
Հապա գարնան հո՞տը։
Նույն ծամո՞նը, 
որ ծամում էինք շաբաթով՝
թուղթը մասունքի պես պահելով։
Հապա “Орленок”-ը[2]՞,
որ ամենից ամենան էր․
հետո ես նրան փոխանակեցի սփինինգով[3]։
Իսկ «Կոպեկնո՞ցը»[4]
Ինչ պրեստիժնի ավտոմեքենա էր,
«Մերսեդե՜ս» համարյա,
Բա «Բիթլզ»-ը, որին 
ձայնագրում-լսում էինք բաբինների[5] վրա։
Ու փողի վրա՜ չէինք գրազ գալիս, այլ՝ 
գաղափարի՜․․․
Բա բա՞կը դպրոցի, 
Առաջին «հերոսությո՞ւնը»
Ու վրանները՝ գիշերակացով արշավներին
Եվ աղջիկ համբուրելու մեր առաջին փորձերը․
Ապա հիշեցրու՝ էդ ո՞ր թիվն էր, 
ընկեր․․․
Դեռ հիշո՞ւմ ես, էդ էլ քիչ չէ արդեն․
Արի լցնենք բաժակները 
տղերքի համար, 
որ չկան․․․
«Անբա՞խտ մանկություն էր»՝ ասում ես,
Ճիշտ չես, թերևս,
Քանի որ 
Ավելի երջանիկը 
Չենք ունենալու․․․


[1] Հալաբուդա — ռուսերեն բառ, նշանակում է մարդու կամ կենդանու փոքրիկ, պարզունակ կացարան, բույն, խրճիթ (ծանոթագրումը՝ թարգմ․)

[2] “Орленок” — Խորհրդային զանգվածային արտադրության հեծանիվ՝ անիվների 24 դյույմ տրամագծով, 7-14 տարեկան երեխաների համար, որը դեռահասների շրջանում կուռքային պաշտամունք էր վայելում (ծանոթագրումը՝ թարգմ․)

[3] սփինինգ — ձկնորսական կարթ ակտիվ հանգստի սիրահարների համար (ծանոթագրումը՝ թարգմ․)

[4] «Կոպեկնոց» — «ՎԱԶ» մակնիշի խորհրդային մարդատար «Ժիգուլի» ավտոմեքենա, որը արտադրության առաջին տարիներին՝ 70-ականների սկզբին հանրության մեջ ուներ «Եզակի» համարումը, ապա 70-ականների վերջերին, հեղինակազրկվելով ու մրցակցության չդիմանալով, «Կոպեկանոց» էր դարձել (ծանոթագրումը՝ թարգմ․)

[5] բաբին— Խորհրդային ժամանակներում կենցաղում լայնորեն տարածված կլոր մեծ ձայներիզ-սկավառակ ձայնագրիչների համար (ծանոթագրումը՝ թարգմ․)

Նադյա Դելալանդ (Նադեժդա Չերնիխ)

Ծնվել է 1977թ. Դոնի Ռոստովում։ Բանաստեղծ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Ավարտել է Հարավային Դաշնության համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան ու դոկտորանտուրան։ Յոթ բանաստեղծական գրքի, բազմաթիվ հոդվածների և մենագրության հեղինակ է։ 2014 թ. Միջազգային գրական մրցույթում ստացել է գլխավոր մրցանակ («Дорога к храму» բանաստեղծական շարքի համար)։ Թարգմանվել է անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

***
Հասած վարունգ եմ-

կպնեն՝ կպայթեմ ստիխներով․

անգամ ծիծաղելի է։

Անգամ տխուր է։

Անգամ տհաճ է։

Բոլոր դեպքերում- ծիծաղելի է։

***
Մշուշը ցրվում է… Ես այն հագնում եմ, իսկ նա սահում է…

Ինձ մի խանգարեք ապրել…

Եվ հետո ի՞նչ

Երբ փոքր էի, դեմքս հպում էի մորս

և ասում. «Մամ, համբուրիր ծեր թռչունին»։

Մայրս ծիծաղում էր. «Դու ի՞նչ մի ծերն ես»,

ու համբուրում էր։

Հիմա քայլում եմ, ու մտմտում.

«Ծեր թռչուն»,

Ինքս էլ պատասխանում եմ.

«Դու ի՞նչ մի թռչուն ես»։

Ինձ ոչ ոք արդեն չի համբուրում։

***
Այս տետրը- իրականում բողոքի գիրք է։

Բողոքում- բողոքարկում եմ- անարդյունք։

Բան չի փոխվում։ Մնում է նույնը։

Թեկուզ զխկտվիր։ poker face- հանգստությամբ

ճակատագիրդ կհառնի «Ջրեր ու հյութեր»

գովազդային գրությամբ,

քրտնած, կեղտոտ ափով ետ կտա մանրը,

այն ամենի մնացորդը, որ մի կյանք է արժեցել,

իբր. «փախիր այստեղից»։

Ու-կշրջվի։

***
Իսկ ինձ։ Ոչ ոք։ Երբեք։ Չի գրում։

Չի հիշում։ Իմ մասին չի մտածում։ Չի սիրում։

Ի սեր Աստծու։ Դե լավ։

Իսկ ահա ես գրում եմ, հիշում, մտածում,

մտնում եմ սենյակ, բացում պատուհանը։

Սավառնում եմ оդո՞ւմ

Ահա այսպես։ Այսպես։

***
Զանգել։ Ասել. «Բարև, ես Ձեզ սիրում եմ

և պարզապես ուզում էի լսել Ձեր ձայնը»։

Նա երևի կպատասխանի.

«Ալլո, Ձեզ չեմ լսում»

և կկախի գլուխը լծակի վրա։

Որովհետև չի կարելի ասել.

«Ես Ձեզ սիրում եմ»։

Դա հաճելի չէ։

Կարելի է զանգել, երբ կա առիթ

տեղեկատվական, կարևոր,

շատ կարևոր պատճառ։

* * * 
Երեխան

ժամանակի ընթացքում

դադարում է նվնվալ,

պահանջել,

որ երթուղայինում

իրեն տեղ զիջեն,

հասկանում է,

որ մայրը չկա,

որ մենակ է,

որ նա մեռել է,

Ահա քայլում է նա շփոթված ու ալեհեր,

հնամաշ, մաշված վերարկուն հագին,

չկոճկվող պայուսակով,

բացարձակ նույնը արդեն,

ինչ բանականությունից զուրկ մանուկը։

* * *
Ինձ գերի մի վերցրու, Բառ, ես ուզում եմ ասել,

որ ամառը չսկսված՝ ավարտվում է,

որ դուրս է լողում նյութը- լողում

տկարացող հիշողությունից (չէ, դա չէի ուզում ասել)

տկարացող մատների արանքից, որ

դեռ տողեր է շարում տառը մեծ քայլերով

ինչպես կարի մեքենան՝ ասեղնակար,

մերժողաբար (չէ, է, ոչ էլ դա) լռում է,

համբերում ու համբերում ծերացող թուղթը,

որից գիրք կկարեմ մեծ ու ծուռ ասեղով,

ուր լուսանցքներում, չնայած,

տերեփուկները կլինեն գրած՝ կապո՜ւյտ-կապույտ,

բայց նրանցից, ավաղ, բան չի մնա այն էջերին,

որոնք կոկիկ-կոկիկ կհավաքեմ այս ձեռքերով։

* * *

Լուսանում է․ թափանցիկ են դառնում
ստվերները։ Տները բացել են հոնքերը։ 
Մոտենում է արևը, կժամանի շուքով։ Ու 
վառվռուն են աղջամուղջի լճի հայելիները։

Կուզենայի քնել, բայց երազում ես չեմ քնում
հին պատեֆոնի ձայնարկիչի տակ,
որը հիշեցնում է, թե կրկնվում է ամեն բան, 
ամենը, ինչ, առնվազն, կա այս երկրի վրա։

Փետրվարն էլ կանցնի՝ գարնան շշունջը շուրթին։
Իսկ մեղեդին նահանջելով կանցնի անկյուն,
ստվերները ոտքի կելնեն, կաճեն բույսերը,
ես էլ իրենց հետ կկանգնեմ ու կկարծեմ, թե․․․ մեծանում եմ։

* * *
Թանկագին Ալինա,
Երեկ ես առաջին վերլիբրս ունեցա։
Ես նրան պառկացրի առաջին անգամից
մեկընդմիշտ
ու կարծում եմ՝
արդեն ազատ է,
թեպետ, լինո՞ւմ է արդյոք այդպես,
որ ստիխը լինի
մինչև վերջ ազատ
կամ ի սկզբանե ազատ։
Իսկ լինո՞ւմ է առհարասարակ նա զբաղված։
Ճիշտ է, իմ կողմից գրավված՝
ամբողջ մայիս ամսին
նույնիսկ մինչև սեպտեմբեր
նա կլինի իմ բեռնված նավը,
որին կօգտագործեմ անխնա,
դուրս կգրեմ նրանից ինչ հնարավոր է, բայց կկորցնեմ
առավոտյան, երբ կիրակի կլինի, քաղցր ազատություն,
եվ նորից կիշխեմ հանգերին ու
կանցնեմ իմ սովորական ռիթմին

* * *
Հանգստյան օրերին մեկնելու ենք Գրիշայի ամառանոցը․
նա խնդրել է ծածկվելու համար վերցնել գիշերապարկը 
ու չվերցնել լողազգեստ, քանի որ այնտեղ ծով չկա,
այլ՝ լճակ, որում ծայրեծայր թախծի ծիլեր կան աճած,
ու նրանում լողալ կարելի է միայն մերկ,
ջուրը մտնել մինչև գոտկատեղը
ու լողալով հասնել հյուսիս,
լուծվել ջրերի խորքերում,
վերադառնալ կեսգիշերին վզի վրա կծածի հետքով
ու խամրել լուսամուտի մոտ հանգած հայացքով
եղունգներով ճանկռելով կիթառը տանը։

Մայա֊Մարինա Շերեմետևա

Բանաստեղծ, էսսեիստ. ծնվել է Նովոսիբիրսկում։ Մասնագիտությամբ բանասեր է, բանաստեղծությունները և էսսեները տպագրվել են ռուսական տասնյակ հայտնի ամսագրերում, երկու բանաստեղծական ժողովածուի հեղինակ է։ Խամբո Լամայի անվան մշակույթի միջազգային փառատոնի «Պոեզիա» անվանակարգի հաղթող (2014 թ.) է, «Эмигрантская Лира-2018» մրցույթի գլխավոր մրցանակակիր։ Անգլերենից, հայերենից և վրացերենից թարգմանել է մի շարք հեղինակների։ Բնակության վայրերն են Նովոսիբիրսկը և Սանկտ Պետերբուրգը։

***

ձյուն եմ քեզ ուղարկում, ինչքան սիրտդ ուզի,

ամբողջ քաղաքն է սառել ինչպես ձյունե լեռ

ինչ-որ տեղ իմ ծաղիկն է, Արագած, հեռվում

ձյուներից երկինք նայող իր անթարթ լեպեստկամի։

քեզնից մաս չունեմ – նիչեգո օտ տեբյա ինձ պետք չէ,

ազատ թևեր, մեկ-մեկ երկինք թռչող ծիծեռնակներ

տեսնել՝ ասես սրտիս խորքից – ախ ինչ ցավ է,

ափսոս այսօր լքում եմ քեզ, քո գագաթը

Կա՞կ ցվետյոտ աբրիկոս- ինչպե՞ս՝ ասա

երազել եմ տեսնել ծաղկած ծիրանի,

հա շշնջում եմ, իսկ ո՞վ չի երազում, հոգյակս,

ասես թիերը սուզել ջրերի խորքերում պառկել և նայում ենք

թե ինչպես են հոսում մեր կողքով ամբողջ երկինքը,

ամբողջ թագավորությունը, ամբողջ աստղերը։

իսկ քեզ մի քիչ այլ կերպ, ասա, համբուրե՞լ է օտարուհին

մի՞թե բոլոր աղջիկները

նույն կերպ չեն սիրում ու համբուրում

նայիր, սեր իմ, ի՞նչ է այնտեղ մրրիկի հետևում

հրեշտա՞կ է իջել ձյան մեջ,

թե՞ ծիրանն է հասնում

ԱՐԱՐԱՏԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

այս շուշանները,

պայթող ձյունե շուշանները

Արարատի գագաթներին,

եղբորս հետ, ողջ լիներ եղբայրս,

հավասար կիսեինք

այս ուրախությունը։

-նայիր,

ահա լուսանկարը արված տիեզերքից-

ասես վերին Ձայնի պայթյուն

Երկիրը այստեղ է ծնվել քաոսից

ա՜խ,

մի այլ տեսակ են երեւում

բարձունքներից

մեր ուսերը

հոգնած մեջքը

փլվող լանջերը

վախերի անդունդները

խառնարանները նյարդերի-

առվակների նման ձգվող

մեր ներքին աղետների ձեռքը կրակն ընկած

կարող է՝ մենք էլ

զարդարանք ենք,

զարդանախշ՝ կենդանի խորհրդանիշերի,

յուրօրինակ Ձայնորսիչ

արտաքին սկավառակի վրա արված ձայնագրություն

կամ եզակի ձայնապնակ-վինիլ

գուցե մե՞նք էլ մի-մի լեռան ծաղիկ ենք,

որ

բոլոր պարտություններից ու խոսքերից հետո

պարում է քամուց ու բռնկվում

ու թռչող աստղագնացը

բռնում է մեր լուսագունդը,

որի շնորհը լեռան արագությո՜ւնն է,

ու եթե այդպես է՝

ճիշտ կլինի հաստատ

և դիտորդ-հեղինակը

այս բոլոր ծաղիկների ու կատարների

և այս ձյունե շուշանի

որը լեռն է նետել տիեզերք

***

բարեւ, աղավնի,

ինչքան հուզիչ է

փակ թեւերիդ քնքշությունը:

***

դու ինձ համար

պաղպաղակ էիր ուզում գնել

օդանավակայանում

իսկ ես ուզում էի,

որ մաշկդ դառնամ

***

եթե չես կարող լինել իմ սիրած տղամարդը

ինձ որդեգրի

ինչպես Սոտրի վանականները

լքված երեխաններին

***

խանդում ես գրքին

դեռ մի երեք էջ էլ

հոգիդ կհանեմ

***

ասացիր որ նման եմ տղայի

չգիտեմ թե ինչու

ինձ երջանիկ զգացի

***

ահա խոտերի սեպագրերը

քամին ջնջում է նրանց

Եւ միայն լուսաբացին վառվում են

նրանց մոմերը

ԿԱՏԱՐՅԱԼ ՏՂԱՄԱՐԴԸ

դու ինձ առաջարկում ես տուն

աշխատանք

ազատություն ու անկախություն

ճանապարհորդություն դեպի

Ավստրալիա

խոստանում ես գնել էլեկտրական սրճեփ մեքենա

պատմում ես ինչքան խելոք խորամանկ

ու դիմացկուն ես

խոստանում ես ապրել ռուս

միջին վիճակագրական տղամարդու

միջին տարիքից շատ

ծխում ես հազվադեպ

համարյա չես խմում

ասում ես որ ինքդ պիտի ճաշ եփես

հայացքդ չես կտրում կոշիկներիցս

համենայն դեպս պատրաստ ես ինձ դստերագրելու

հիանում

բանաստեղծություններ ես ինձ նվիրում

խոսում ես տաղանդի մասին

ազնվացեղ լինելուց

բնականաբար կրում ես

պատասխանատվություն

իսկ ես բացարձակ ապահով եմ

իսկ ես բացարձակ երանությամբ

առավոտյան զարթնում եմ

իմ ոչ կատարյալ տղամարդու անկողնում

Օլգա Լոգոշ

Բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր։ Ռուսաստանից դուրս տպագրվել է Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Էստոնիայում։ Լեհերենից, անգլերենից, ֆրանսերենից, հայերենից ռուսերեն է թարգմանել մի շարք բանաստեղծների։ Ապրում է Սանկտ Պետերբուրգում։

***
Վ. Բորոդինին

ես ծնվում եմ խնձորենու-արգանդում

ես դուրս եմ գալիս սաղմից

դեպի լույս

փողի մարմնից

տերևի ջերմությունից

ծաղկի պտղից

դեպի ուղեծիրը

օրվա

Կեսգիշերյան

***
մտածում էի

թաքնվեմ քո մեջ

կորչեմ Ունիվերի

ստորգետնյա անցումներում

բայց չէ

ինչքան դատարկ միջանցքներ

ու այրված սենյակներ են այստեղ

սառը թաց

փախիր այստեղից

կտրում է

մեխանիկական մի ձայն

դեպի միջանցքները

դեպի դուրս

դեպի լույսը

հենց առավոտից մտածեցի

դու- իմ լույսն ես

լամպը նեղացավ ու հանգավ

***
ցանկությունս

մլավելով

ինձնից շուտ զարթնեց

***
Մոսկվա

փոքր ու կլոր-

ինչպես Երկիրը

ՖԻՆՆԱԿԱՆ

1
Տեսնեմ՝ մխրճվում է

․․․․․․․․ուղիղ ծիածանի մեջ

թռչներամի սեպը

շարունակ

փոխում է իր ուրվագծերը։

Կատուները

․․․ երազատեսության մե՜ծ վարպետներ են․

Դյուրի՞ն է, ինչ է,

Կկվի Կղզին

նվաճելը։

2
Ալ զանգակները

մարդաբոյի են հասել․

նեկտարից տռզած ծաղիկները

կանչում են իրենց խմողին։

Հորինելով անձրևը

յուրաքանչյուր ծառին

սեփական անձրևաշիթն է

շնորհել

Տերը։

Նիկոլայ Միլեշկին

Ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Ռուսական արդի վերլիբրի ներկայացուցիչներից է, «Ասկետ» հայտնի ռոք խմբի անդամ: 2014 թվականին հիմնադրել և հրատարակում է Среда տարեգիրքը: Բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

ՈՒՐԻՇ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *
եւ սա ի՞նչ սեր է.

ոչ երեխա ծնվեց,

ոչ էլ բանաստեղծություն։

* * *
Ի.Ա.

ստում եմ

ամեն քայլափոխի

* * * 
չեմ հասկանում

միայն Մեկին

* * * 
փնտրում եմ չորորրդ տարածության

հինգերորդ անկյունը

* * * 
երբ սեղմվում են շուրթերը

լսելի է դառնում ժամացույցի սլաքների տկտկոցը

* * *
ձյուն է գալիս

հին փողոցներով

նոր ուղիներ են բացվելու

* * *

ՄԵՏՐՈՅՈՒՄ

(գիշերային)
երկար, երկար դատարկ գլորվում է

շիշը անմարդ վագոնում։

(ցերեկային)

անվրդով ոտքերով

գլորում ենք դատարկ շիշը

միմյանց- փոխանցելով։

* * *
Մենք մանուկների համար

նկարում ենք վարդագույն փղիկներ

օդապարիկների վրա,

Ներկում ենք սենյակը նուրբ գույներով,

կահավորում ենք

ժպտացող

խաղալիքներով,

Ստիպում ենք հավատալ բարուն

ու արդարությանը,

որպեսզի տարիներ հետո

ուղարկենք նրանց պատերազմի

և hետ ստանանք մեր ամանորյա սեղանին

թարմ

թնդանոթի

միս։

* * * 
Քաղաքներում

փոքր ենք մենք, պարզապես – դու և ես,

չնչին, մանր, ինչպես մրջյունները։

Մետրոների նեղ թունելները

բոլորիս կապում են իրար-

տանելով հեռավորությունների և խիտ տարածությունների

խայտաբղետ ամբոխի միջով-

հսկա սպասասրահները

շպրտելով դեպի կառամատույցները։

Հայացքը քաոսից խլում է

ծանոթ դիմագծեր,

որպեսզի միացնի, ձուլի,

դարձնի մեզ մեկ այլ,

միասնական ու մեծ, ու կարևոր։

Քաղաքներում, 
մեծ քաղաքներում։

***
Երկիրը

պատկանում է կանանց,

Մեզ- մնում է

Երկինքը:

***
լքեցի քեզ

լքեցիր ինձ

Պայքարը դասական էր

* * *
կիրակի առավոտ է

ձմռան սառցակալած օդում

խանձվածի հոտ է

լապտերներ են հանգչում

* * *
չեմ կարողանում քնել

միայն թե չքնեմ

քեզ եմ հիշել

* * *
Ռ․ Ռ․-ին

Ծառայել եմ-
տաճարում
պահակազորում

* * *

Ֆ․ Տ․-ին և Ի․ Ա․-ին

ծառայել

միաժամանակ

Աստծուն

ու

Ռուսիային

հնարավո՞ր բան է

* * *
Պոետը պոետ չեմ

բայց

ստիխներ եմ գրում

* * *
հանդիպումներ

բաժանումներ

գոնե ինչ-որ բան հասցնեի անել

ընդմիջումներին

* * *
ուրախալի է

երբ ինչ-որ բան ուզում ես

սիրով

ուրախալի է

երբ ոչինչ չես ուզում

սիրով

սիրով

ուրախալի է

* * *
այնպես խաղաղ է

քեզ հետ

ասես տերևներ են

ընկնում

․․․ասես

ձյուն է իջնում

անվերջ

* * *
փող կգցեմ

հեռախոսիս համարին

կկարդամ

էսէմէսը

որ հաշվեհամարիս գումար նստեց

ու ինձ

այդքան էլ միայնակ չեմ զգա

* * *
Մաշային

թույլ տամ ինձ մենակ լինել

թույլ տամ ինձ անկիրթ լինել

քույլ տամ ինձ չքավոր լինել

թույլ տամ ինձ լինել

* * *
սիրում եմ քեզ

քո գոյությունը
ինձ երջանիկ է դարձնում

սիրում եմ ծնողներիդ,
տատիկներիդ, պապիկներիդ,
քո բոլոր նախնիներին —

նրանցից յուրաքանչյուրը
մասնակցություն է ունեցել
որ դու լինես

սիրում եմ երեխայիդ
նրանում 
դու ես շարունակվում

սիրում եմ ամուսնուդ
չէ՞ որ
նրա կողքին
դու ես՝ երջանիկ


Մառլենա Մոշ

Բանաստեղծ, հայկական հնագույն երգերի հավաքող-կատարող։ Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է ԵՊՀ մեխմաթ և հոգեբանության ֆակուլտետները։ Երաժշտության դասեր առել է երգչախմբային ստուդիայում՝ Էդգար Էլբակյանից, ապա Մոսկվայի կոնսերվատորիայի անվանի դասուսույցներից։ Որպես հայկական հնագույն մշակույթի ուղեկցորդ ներառված է Всемирное издание 2010 թ․ հրատարակության մեջ։

* * *

Բարև, գարուն,

Լույսի

ոսկեգանգուր ձիավարուհիները

Լողալով հասել են

վերջապես

անքնության թիերին բազմած

Սլաքներ են փրփրել

բողբոջների կտուցներին-

քամու հորինածն է

քրքջում է պատուհանների ետևում

թևերն է թափահարում

ամպրոպ է վարագույրների թիկունքում

անձրև է տեղում

հեղեղի մեղեդիներով

* * *

Դա ես չեմ,

և չեմ ժպտում քեզ։

Հայելում փոքրիկ,

որ աչքերիդ մեջ է

ես ժպտում եմ

աշխարհի արտացոլանքին

* * *

Հայրենիք

Քեզ լսում եմ

ձայները այստեղ

ելևէջում են

հասկերի ալիքներով

* * *

Իհարկե սպասում եմ քեզ,

Բայց սկսում եմ ներել

Եվ դրանից

գիշերը

Պարզ է պարզերից

Հեռանալով հեռու աղքատացած

Մայրաքաղաքային ձնաբուքին

Ես սկսում են թափառել

Կարոտած ծանոթ սյուժեների հետքերով…

***

Ընտրությունը քոնն է

Ինձ քեզ եմ տալիս

Եվ հետն էլ

Հնարավորություն

Ինձ նորից իմ մոտ բերելու…

ճակատի լուսանկարը Ազնիվ Անդրեասյանի



Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.