տրաքիկոմեդիա

            մոնոներկայացում  5պատկերով /առանց Հ. Թոխատյանի/

(Ռեմարկները կամ գոնե դրանց մի զգալի մասը, բեմադրիչի հայեցողությամբ, հնարավոր է` հնչեն դերասանի շուրթերից)                                                            

 

            

                                      

                                                                                                                                  

                                                                   ***

                                                                     1

(Դահլիճի բարձրախոսից տղամարդու ձայնով ազդարարվում են ճապոներեն մի քանի նախադասություն: Ապա կանացի ձայն. «Սիրելի հանդիսատես, սկսում ենք ներկայացումը: Չմոռանաք միացնել բջջային հեռախոսները ներկայացումից հետո»: Հնչում է երաժշտություն. Վագների «Տանհեյզերի» նախերգանքը, որի մեջ ճանաչելի ընդգծվում է «Նաշ պառավոզ վպերյոդ լետիտ» երգը: Երաժշտությունը վերջապես խլանում է:

Մեջքով` մի ոտքի ծայրը մյուսի կրունկին քիփ դնելով, ետ ետ քայլելով, թույլ լուսավորված բեմ է մտնում Հրանտը Չեբուրաշկայի հանդերձանքով: Մտնելուն պես սկսում է տնտղել պատը, հետո` մյուս պատը, առաջ է գալիս և խարխափելով վերջապես գտնում է լույսի կոճակը: Հեռակա անկյունում փոքր լույս է վառվում: Քայլ է անում ու միջատ քշում իր վրայից` ավելի ու ավելի համառորեն: Տեղում պտտվելով հայացքով հետևում է միջատին, որը թռչում է դեպի քիչ առաջ իր վառած լույսը, պտտվում դրա շուրջն, ըստ երևույթին: Դիմում է միջատին.

– Կվառվես, դենը գնա դրանից: Կվառվեիր իհարկե:

Հրանտը նստում է լույսից հեռու անկյունում, գրպանից հանում է հեռախոսը ու միացնում դրա լապտերը:

Ուտում է հետը բերած ֆաստ-ֆուդը` ֆրին կամ չիպսը: Շրջվում է, որ լավ տեղավորվի, պարզվում է` նստել է մարդաբոյ Միքի մաուսի դիմաց: Երկմտանքից հետո վերջապես իրեն ստիպում է մի ֆրի հյուրասիրել նրան: Հրանտի շարժումից Միքի մաուսն շրջվում, կողքի է ընկնում:

– Հհը~, ՉԵԲՈՒՐԱԽՆՈՒԼՍԱ:

(Հրանտը, բնականաբար, ֆրին խոթում է իր բերանը:)

– Կար, չկար:

(Հրում է ընկած Մայթիին: Հանդերձանքի մեջ դերասան չկա: Հրանտը հանում է իր Չեբուրաշկա-գլխարկը:):

(Հնչում է ճապոներենով երկար հայտարարություն ամբոխի հեռվից լսվող վանկարկումների ֆոնին):

– Վերջն ա: Ինչերեն է՞ր:

(Սկսում է իր գլուխը շոյել ու բերանը լիքը խոսում է)

-Ապրի, ապրի… Պուպուշ… (ծոցից հանում է մեդալյոնն ու նայում): Այոո’, Հրանտ: Պուպուշ, պուպուշ Հրանտիկ:

(Դահլիճով սահում են երկու անօդաչու թռչող սարքի ստվերներ: Ֆրին մնում է կոկորդում, սկսում է հազալ):

– Էս էլ հարամ արին: Արտաբերման վարժություններս չգիտեմ երբ պիտի անեմ: Սմարթ ատամներիս չեմ վարժվում: Ես ձեր տամագոջին չեմ` արևով ձենս լարեմ: Մաջալ տվեք` էս քաղցկեղն ուտեմ: Անհեթեթ խոսքեր: Ե՞րբ վերջը չի եղել. պայքար` մի փայ քար, մինչև ո՞ւմ փայ քար:

(Շարունակում է ուտել):

– Չարի վերջը ե՞րբ էր… վերջին վերջը: Վերջին Պոն` միթե պո-ետը… հարի’ֆ: Ոչ քար, մահարձան:

Ձուն Ձնձա

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Միշտ կորցնելու բան կար, չկար: Ի՞նչ էր երգում աղոթած միրուքը ճաղերի ետևից`”Թադեոսի թուղթը վկա Տիրոջը”` իբր մինչև վերջին ահեղ դատաստան “պահեսցե զ’ազգս”: Մյուսին քերթել էին չէ՞, թե՞ դեռ չէին քերթել:

Պահեսցե: Վերջինը ոչ թե որպես թանգարանային նմուշ եղավ, այլ խաղակատար քրդերի համար ճապոնական տոնավաճառի մեջ: Սա էլ (շոյում է Չեբուրաշկա դիմակ-գլխարկը) պիտի էս չեղած լեզվով խոսի: Առավել ևս` որ հիմա էս լեզուն, որ խոսում եմ, չնայած դեռ պաշտոնապես ընդունված է, ասենք, նաև Իրաքում, թերևս ոչ ոք չի հասկանում արդեն` «գիտությանն օտար»:

Վաղուց, բայց` ոչ Չեբին:

Ես էլ, ով գիտի, մոռացած կլինեի, եթե չասեին, որ Չեբը դրանով խոսի…

(Մատնացույց է անում Միքիի հանդերձանքը, դիմում դրան):

Ա~, լավ, լավ, փեզեվե’նգ, իհարկե, մոռացած կլինեի, եթե քեզ հետ ալ լեզու չթռչեի` չգզվռտվեի…

Ի՞նչ են գտել Չեբի մեջ, ճապոնացիները ի՞նչ են հասկանում Չեբից, ինչի՞ պիտի բոլորին անհասկանալի էս լեզվով խոսի: Լավ ա` ֆայմեցին, որ հենց ես պիտի Չեբը լինեմ: Չե’բ, հաճախ ոչինչ չեմ հիշում, բացի քեզնից` երևի մանկությանս Չեբից: Ինձնից լավ ոչ ոք քեզ չգիտի:

(Երգում է` մուլտի երաժշտության հնչերանգը նմանակելով):

-Նաշ պառավոզ լիծիտ վպիրյոդ, վ կամունե աստանովկա:

Ասում են` սպիտակ-գվարդիականների երգ է եղել:

(Շարունակում է «երգել» ևս մի քիչ` չիփս ուտելով):

Ե՞րբ էր` Հանրային ռադիո նամակներ էին եկել Ճապոնիայից, թե ինչու փակեցիք հայկական երաժշտության ծրագիրը: Ո՞վ կմտածեր, որ էդ ծպտյալ ազգայնական ճապոնացիք հայկական երգեր են լսում, սիրում:

Լավ էր հենց ճապոնացիք առան Չեբի իրավունքները. 2003-ին կարծեմ: Էդ քնատները վանդակում չեն փակում գոնե, էս (քթի դիմաց է պահում հերթական ֆրին, ապա` դնում բերանը) քաղցկեղի փողը տալիս են` չսատկեմ, մյուսները սրանից էլ էին զրկվում: Սրանք պարզել են, թե մայրաքաղաքի բեմերի աստղ եմ եղել, առանձնատուն ունեցել Վահագնիում: Կարող է` իրոք եղել եմ:

(Կեցվածք է ընդունում):

Ինչու չէ, ես հավատում եմ: Գուցե իրոք…

Հուր ունեի մորուք, հուր հեր ունեի, և աչերս էին արեգակունք:

(Հաբ է կուլ տալիս):

Ինչ որ էի, միայն զրկանք-սպառնալիքով, գուցե ինձ էլ հնարավոր չլինի ոտքի հանել Գենայի պես: Թեկուզ սատկացրու` չեմ կարողանա անգամ ճիվս շարժել. մի սուտ պատրանք է պետք, գոնե մի բերան իմաստ: Խեղճը… ինչ արին գլխին, վեր կենալ չկարողացավ, երբ պարզվեց, որ ինչ խոստացել են, երբեք չէին անելու` չեն արձակելու` ինձ տեսնի:

Չնայած էդ առնետ Սանը ֆշշացրեց, թե ով էլ էդքան ռենտգեն ճառագայթվեր, վեր չէր կենա: Չգիտեմ, չգիտեմ: Անտանելի էր դարձել, երբ տեսա նրան վերջին անգամ, մաղձոտ էր` դառը:

Գոնե սրանցից ավելի քիչ եմ նեղվում` սրանց լեզուն չգիտեմ ճապոներեն, կապ չունեմ, չեմ ակնկալում ոչինչ:

– Չե’բ (դիմելով իր դիմակին), սրանք քեզ վաղուց են առել ռուսներից, ինձ էլ վերջին անգամ ե՞րբ ծախեցին: Լսեցի` մեծ վթարից հետո են առել, շատ բան են առել, բայց հաշվի չեն առել, որ էստեղ օդորակիչները չեն աշխատելու: Սուշին հազիվ փրկեցին մարդասիրական ակցիայով: Քրդերը կմարսեն:

Ըհը’ (ցույց տալով շուռ եկած Միքի մաուսին), չդիմացավ կտրիճ տղեն:

Ասենք, երևի բկլիկը կարող էր իրեն թույլ տալ արանքը ճղել` կեսից թռնել: Մայքիից վիզա չի պահանջվում ամեն անգամ դուրս գնալու համար… բնական պահանջով: Բայց ինչ-որ երկար չեղա՞վ: Բայց ո՞նց ծլկեց առանց շոր: Մի՞թե գեղուհի մը համբույրով մեկը մեր Միքիից մարդ շինեց:

Ձուն Ձնձա

Տրաքիկոմեդիա:

էհե~յ… մաչո’ աստղ, զեվզե’կ… ինչքան եմ համբուրել այս շուրթերը, շալակդ ելել: Ո՞ւր են հիմա քո կատակները…

(Գրկում է Միքիի գլուխը):

Գոնե հիմա ուշադիր լսում ես, առաջ չէիր թողնի մի խոսք ասեմ. քո գործերը, քո մտքերը, քո զբաղվածությունն ու հաղթած մշակույթդ զանգվածային: Հիմա եղիր ինձ համար:

(Երգում է):

Դարձիր ինձ համար, եղիր ինձ համար… քլաուդ թեքնոլոջի ես ինձ համար… մի գլուխը լավ` երկուսն ավելի, հատկապես, եթե մյուսը դատարկ է:

Դատարկ գլխի կարիք միշտ կա:

Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է դատարկ իսկապես:

(Թփթփացնում է գրպանները: Հանում է հեռախոսը փորձում):

Սրանցից գլուխ չեմ հանում` ստեղծված են, որ ինձ կատարյալ հիմար զգամ: Ինչ իմանամ` որից հետո որը սեղմեմ, որ ինչ լինի, ինչ բացվի:

Երեկ սա էլ են երևի վարի տվել կնքվածները:

Չնայած առանց դա էլ ամեն օր լուր եմ ստանւմ ինչ որ նույն տեղից ու երբեք չի բացվում:

Ձուն Ձնձա

Ձօնձն Ձնձանձ

(Դառնացած դնում է գրպանը):

Ո՞ւր ես, տղա: Կփնտրվի՞ս կոր: Ի՞նչ եղար, ջանըմ: Չէ… Մայքին բոլորի առաջ չէր մերկանա… էդ… էդ խփնվածի պես, անունն ի՞նչ էր, դե որ իմ խաղացած Չեբի դերը պիտի խաղար` վիզը ծուռ: Հարիֆի յանը լրիվ տարել էր. խոսում էր դատարկ պատերի, հեուստացույցի, լուսապաստառների հետ, ճանճերի հետ, ինչ-որ հրի, ջրի, պղնձե փողերի փորձությունների մասին,

(վեր է կենում, սկսում է կողքանց քայլել` մի ոտնաթաթի կրունկը մյուսի ծայրին դնելով)

նշաններ, նշաններ, լաբիրինթոս էր տեսնում խոհանոցից պետքարան չեղած տեղը` երկու քայլի մեջ. ուր գնար` միշտ մի կողմի պատի ուղղությամբ էր շարժվում: Խորհրդանշաններ ամեն ինչում, բոլորի հագածի գույներում: Չես հասկանում` ինչին էր դիմադում: Տկլորվեց: Բռնեցին տարան, էլ չերևաց:

(Բռնում է Մայթիի ականջներից և ուղղում իրեն):

Հոգուս հետ իզուր ես խաղում, իբր` աղե՞կ եմ հիմա, գլուխս շոկով տե՞ղը գցեցին, գուցե փախե՞լ եմ հիվանդանոցից: Ում ուզում ես` ասա. ես հո գիտեմ, որ ես չեմ եղել դա:

Մայթի, գիտեմ` դու էս աշխարհից ես` աչքաբաց, հերոս մուկ, ոչ թե… պույ-պույ: Չնայած, վերջին հաշվով, պույ-պույի քեֆին էլ քեֆ չի հասնի, բայց Մայթի, դու երբևէ ձախորդ չես եղել: Հերոս, որի պոչից կախված է ոչ միայն շաղգամի հանել-չհանելը, այլև միգուցե ամբողջ աշխարհի փրկվելը: Բայց ինչքա՞ն կկարողանայիր ապրել վայրում, ուր ոչինչ, ոչինչ այլևս չես ճանաչում, ծուռ հայելիներում, բոլորովին արտառոց:

(Սկսում է զննել Մայթի մաուսի կոշիկները, գաղտագողի նայում շուրջը, փորձում է հանել վրայից ու հագնել):

Մի’, դե մի’….

Հո-ռո-մ Պուպու

Հո-ռո-մ Պուպու

Աոռն ի մու

Չին ի տու

Չին ի տու

Ոչ մի վատ բան չկա արածիս մեջ, կոշիկ ու շոր երկնքից չեն ընկնում: Վերջիվերջո ընկերս է թողել ինձ` բա ում:

(Հանում է Միքիի շալվարը նրա հանդերձանքի` սև տրիկոյի վրայից ու հոտոտում: Խճճվում է շալվարը հագնել փորձելիս):

(Անիվներով խաղալիքի պես մի լրտես ռոբոտ է մտնում բեմ, Հրանտը տազ է անում, ռոբոտը ետ ու առաջ է անում ու հեռանում է):

-Գնա, գնա խաբար տուր… Կտայիր, եթե չիպդ կրծած չլինեի:

Հո-ռո-մ Պուպու

Չին ի տու

 

 

Հանգիստ… (նորից ծոցից հանում է մեդալյոնը, նայում):

– Հանգիստ, Հրանտ:

Առաջին անգամը չի, որ խառնվում ես: Դու դա կարող ես, հերոս:

Ձուն Ձնձա

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Ոչ մի կակազել:

Սա հագնում են, չէ՞: Սա ի՞նչ էր, ո՞նց էին հագնում:

(Շալվարի գրպանից դրամներ են թափվում: Հրանտը ապշած զննում է, թե ինչպես են դրանք թափվել, դասավորվել: Ցույց է տալիս):

– Պեգասի համաստեղությունը: Այսպես ստեղծվեց: Այսպես ստեղծեցի: Ողջ տիեզերքը… Բոլոր աստղերը չէ, որ փուչ հրդեհ են: Կան մոլորակներ, որ քաղաքակիրթ լույսով պատված` աստղ են թվում, իսկական աստղեր` անդիմադրելի ձգողությամբ, անդառնալի հիվանդ աստղեր:

(Մատնացույց է անում Միքիի հանդերձանքը, ապա` կոպեկների համաստեղությունը):

-Ինչո՞ւ մուկը… ձին… պիտի ապրեն, իսկ դո’ւ, աղջիկս… առաջին անգամ պատահեց, երկրաշարժը չէր, չէ` երբ սեղանից ընկավ ջանիկս, ջանիկս, ջանիկս: Որ շտապ հիվանդանոց պիտի հասցնեմ` պարզ էր, հասկացա, բայց չէի հասկանում` ինչ անեմ սա, ոնց հագնեմ` շալվարս, ջանիկս, ոնց պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ շալվարը: Շալվարը արագ պիտի հագցվի,

(խփում է իր գլխին)

չի կարելի ամեն անգամ մի ոտքից մյուսն անցնելիս տիեզերքն արարել:

Բայց եթե ես չընդարձակեմ տիեզերքը…

(ձեռքը մտցնում է շալվարի փողքը ու հանում մյուս կողմից)

ինձ կճխլի ծակը:

(Թռչկոտում է, ապա արագ գետնից հավաքում է դրամները):

Ինչքան ետ գցած ունի, որ սա էլ չի վերցրել:

(Կրկին լսվում է լրտես ռոբոտ-խաղալիքի ձայնը, ստվերը շարժվում-մեծանում է պատին):

Ամեն անգամ, երբ թակարդը լարվում եմ, ընկնում, հավերժ վերադարձի կարուսելը նվագում է ուղեղիս մեջ… Շալվարի ամբողջ պտույտը` հերթով` չկարողանալու բոլոր տեսարանները. երկրաշարժից, երեխու ընկնելուց, գրադի տագնապից, մեծ վթարից, մինչև, ո՞րն ասեմ… երեկվա ծեծը, էսօրվա ցնցումը: Սերիալը բոլոր տարբերակներով` հնարավոր, անհնար: Մեծ փոս ոլորում-փորում գլխիս մեջ:

Միևնույնն է, դրանց արանքում համարյա ոչինչ չեմ հիշում, ասում են, Գենայից հետո: Միայն լիալուսնին զարմանալի բաներ են կատարվում, եթե ստացվի, մի բան ճարեմ` քնեմ, քնած հիշում եմ, անգամ նախքան ծնվելս եղածը…

(Դիմում է թռչող միջատին)

-Դենը գնա էդ լույսից` կվառվես: Չես հասկանում:

(Հաբ է փնտրում: Ցուցամատով համրանքի պես պատյանի միջից երկար որոշելուց հետո ընտրում է մեկն ու կուլ տալիս):

Հիշում եմ ու չեմ հավատում… Այդ մնացուկը` Լուսինը, կարծեմ, դեռ չեն հասցրել լրիվ օտարել: Լուսինն ուզողները շատ են` իբր վիճարկում են անհնարինը:

(Չարչարում է շալվարը ):

Մայթի’, մի՞թե անելու ես սպառնալիքդ, թե՞ ասելու ես, մինչև կշտանաս: Չանես` ո՞վ կանի: Առնետը, առնետը գցեց աղջկաս….Չի ստացվում:

Բայց ո՞վ չի կարողանում: Չեմ հասկանում` ոնց են մարդիկ հագնում էս անտերը:

Երեկ – հեյ, ինչի՞ եք խփում, ի՞նչ եմ արել: – «Չեբուրաշկա, ականջներդ կկտրենք, բիճ, բիճ անասուն» են ասում ու քացով դեմքիս: Ինչի՞ դեմքիս: Ես դերասան եմ, չե՞ք հասկանում` պերսոնաժի փոխարեն ծեծ եմ ուտում: Չեն տարբերում` դեր, դիմակ, դերասան. «Դու չես ջոկում»,- ասում են,- «բիճ, հենց Չեբուրաշկի Չեբօղրաշկա»… Ինչի՞ դեմքիս:

«Պատասխան կտաս»:

Իրենց հարազատներին են ուզում, իրենց չեղած կյանքի, բարիքի հատուցումը: Բայց Չեբը ի՞նչ կապ ունի, այ կնքվածնե’ր: Գնացեք մեղավորներից ուզեք… Ինձ վրա եք դնում, իմ անունով անվանարկում, շանսատակ անում, որովհետև Չեբուրաշկա` ուրիշ եմ, դա իբր քիչ է` անծանոթ, ընդհանրապես «գիտությանն անհայտ» եմ: Ամեն մեկդ էլ ուրիշ չե՞ք: Դուք ձեր շատ էլ լավ իմացած հիվանդություններից եք քաշված, ձեր իսկ տականք թափոնից` հենց թարախակալած ուրիշությունից… Իսկ որ իմանայիք` ինքներդ ով եք, ու չզզվեիք ինքներդ ձեզնից, դեռահասների պես դինոզավրերի տարիք չէիք երևակայի` հուր հեր, հուր ունեք մորուս և աչերն են ձեր արեգակունք:

Ձուն Ձնձա

(Հաբ է կուլ տալիս):

 

Ես եմ` զրո ինքնություն` Չեբն է ձեր շանսը մաղձից չթունավորվելու, ձեր հայելու մեջ երևալու հույսը:

Չէ~, ծեծում եք, որովհետև պարզապես կարող եք ծեծել….ծեծել ու վերջ:

( հազում է)

Ավազ է ամեն տեղ` աչքերիս մեջ, կոկորդիս մեջ:

Չասեք, թե ում եմ պետք որ, չասեք` չգիտեք` ինչ եք անում: Առնետը տանի ձեր աղջկան:

( հազում է)

Հանգիստ, հանգիստ: Շնչել, շնչել, մեկ, մեկ, շնչել…

(Շոյում է իր գլուխը ու ցնցվում):

Ո՞վ է շոյում Հրանտին: Ես: Ես` ո՞վ: Ես դրսի՞ց եմ: Ինքս չեմ: Չեբն է գուցե՞ ես-ը: Չե՞բը: Ե՞ս:

(Ծոցից հանում է մեդալյոնը, կախում ուղղալարի պես, ուղղաձիգ կայունացնում: Ձեռքի ափը պատվի առնելու պես դնում ճակատին, իջեցնում քթի վրա և ուղղալարի շնորհիվ ուղղում իր գլուխը, վիզը, իրանը, ամբողջ կեցվացքը: Ժպտում է:

Լսվում է ճապոներեն հայտարարություն:

Կրկին Հրանտի կերպարանքը ծռվում է: Կնոջ ձայնն ազդարարում է “Հարգելի հանդիսատես սկսում ենք ներկայացումը, չմոռանաք ներկայացումից հետո միացնել ձեր բջջային հեռախոսները:):

Գալիս եմ, գալիս: Ինչերեն է՞ր:

(Թաքցնում է մեդալյոնը ծոցում ու Ճապոներենի պես մի ֆռազ է բղավում):

Ի տարբերություն ձեզ` Չեբը ինքնության որոնումների մեջ երբեք չի ընկել, չնայած ոչ մի բառարանի ցուցակում չկա:

(Քարշ է տալիս Միքիին ոտքերից):

Էդ Լառիսկա-սանը չգտնի:    Հո-ռո-մ Պու-պո        

(Թաքցնում է կուլիսում: վերադառնում, վերջապես ազատվում է շալվարից, կոլոլում է այն ու կոխում ծոցը, թփթփացնում փորն ու գլխին քաշում Չեբուրաշկայի դիմակ-գլխարկը):

Դառա Ծելեպուզիկոտ: Իրենց դարը: Բայց անկախ գույնից, դրանք բոլորն էլ նույն դեմքով են ու պոզավոր:

(Շոշափում է իրեն):

Հղի? Չէ~ … Չեբը ՕՆ է: Գրված է Օն:

Բա ինչի՞ գիշերը մուտքի մոտ էն լիրբ աղջիկն ասեց` որ կերածս իրեն տամ, չեբուրաշկան ցույց կտա, ու սկսեց քանդել փեշի կոճակները: ՕՆ` հեշտո՞ց: Իգականության նշանն ինքը չի կարող արդեն էգ լինել այդպես` պարզապես դասվել էգերի շարքին:

(Ցածր երաժշտություն է լսվում, ապա կրկին` ճապոներեն հայտարարությունը):

Չեբը իգական չէ, ոչ էլ` կին: Դեռատի նրբությունն է: Օն` քնքշության զորությունը: Ան-կա խտխտան ենթակա:

(Հանում է ատամի պրոտեզը, մաքրում ու նորից դնում է):

Գալիս եմ, հիմա: Սկսեք…

Քրչոտությունը շփոթում եք նրբության հետ` իզուր:

(Դուրս շտապելիս ընկնում է):

Չէ, չէ, չէ… Առավել ևս, ո՞նց էին ասում`

(թափ է տալիս իրեն)

ոչ «ընկած կին», Հո-ռո-մ Պու-պու: Չեբը հրեշտակ է: Թեկուզ ամեն քայլի ընկնի` վեր կկենա: Ու պետք չի խնձոր:

Նույնիսկ սիրո մեջ վախենում եք ընկնել` կրավորական չհամարվեք հանկարծ: Առնետը տանի ձեր աղջկան: Էլ ո՞վ է ի վիճակի այդքան ընկնելու: Ո՞վ չի վախենա, ո՞վ կհանդգնի:

(Բեմից դուրս գալիս վերադառնում է, ուտելիքի պարկի մնացած պարունակությունը միանգամից դատարկում բերանը, խցկում կոկորդը, լապտերը վերցնում ու հեռանում է: Երաժշտությունը ուժեղանում է):

                                                                       

                                                                             ***

                                                                        2

Դահլիճին դիմահայաց` բեմի կենտրոնում կախված մեծ լուսապաստառ է լուսավառվում: Սկսվում է շոու ծրագիրը: Ցուցադրվող տոնական, ռիթմիկ երաժշտական հոլովակում պարում է Չեբուրաշկա-Հրանտը` ռոբոտների կորդեբալետի ուղեկցությամբ, առևտրի մեծ սրահում: Հոլովակի վերջում, ասես լուսապաստառից, խանդավառ բեմ է նետվում Չեբուրաշկա-Հրանտը` մեծ ծաղկեպսակը վզից թեք կախված` ամբողջ իրանով մեկ, որի անվերջ երկար պոչ-շարունակությունը գետնատարած քարշ է գալիս նրա ետևից: Նա ոգևորված արտասանում է.

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

(«Սա իրիկուն շտապեք տոնավաճառ» հոյ- հոյ ակցիայի»,- բղավում է լուսապաստառի Չեբուրաշկան: «Հոյ-հոյ»,- կրկնում է կորդաբալետը: Նույնը հնչում է քրդերեն:

Լուսապաստառին զեղչերով տարօրինակ ապրանքների ու այլափոխված հայտնի տեսարանների շքերթ է:

Մինչ լուսապաստառը հետզհետե աննկատ կորցնում է պայծառությունը, բեմում շատ ավելի լուրջ տոնով շարունակում է Չեբուրաշկա-Հրանտը առանձին լուսարձակի լույսի տակ):

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

(«Սա իրիկուն չուշանաք. Հոյ»,- բղավում է լուսապաստառի Չեբուրաշկան: «Հոյ-հոյ» կրկնում է կորդաբալետը և քրդերեն թարգմանությունը: Հրանտի ոտքին է ընկնում-փաթաթվում ծաղկեպսակը:

Համեմատաբար ավելի ու ավելի խամրած լուսապաստառին զեղչերով տարօրինակ ապրանքների ու այլափոխված հայտնի տեսարանների շքերթն է: Չեբուրաշկա-Հրանտը գրեթե շշուկով շարունակում է).


Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի:

(Մթնեցում ամբոխի վանկարկման ֆոնին):

Դադար:

(Բարձրախոսից կրկնվում է տղամարդու ձայնով սկզբում արտասանված ճապոներեն խոսքը: Կնոջ ծանոթ ձայնն ազդարարում է “Հարգելի հանդիսատես սկսում ենք ներկայացումը”:

 

                                                                        ***

                                                                        3

Բեմին` ձախից մթում մի մեծ գրասեղան է` բազկաթոռով ու պահարան: Միայն սեղանի մակերեսն է լուսավորված` վրան դրված լամպով:

Աջից առանձին լուսարձակով լուսավորված մտնում է Հրանտը` նախկին հանդերձանքով, թևի տակ պահած արդեն զգալիորեն փոքր ականջներով Չեբուրաշկայի գլուխ-դիմակն, ու կուզեկուզ մոտենում, կանգնում է սեղանի դիմաց, ձեռքի ափերը իրար կպցրած խոնարհվում սեղանի առաջ ու երկար մնում է այդ դիրքում: Ապա ափալ-թափալ վրա է բերում):

Ներողություն: Ներողություն, բայց, ես չէի ուշանա, ես երբեք… վերի տեսախցիկը վկա, չէի ուշացել: Ինձ չթողեցին մտնեմ: Չթողեցին մինչև ըստ Ձերդ Սանի հրահանգի ականջներիս չափը տեղում պատշաճ չ…ըը…կրճատեն: Նախօրո՞ք: Նախօրոք չէին տեղյակ…. կներեք, ես երբեք, երբ նախկինում չկային տարազի սահմանափակումներ, ցուցումների ցանկ… իհարկե, իհարկե` ես չէի էլ փորձի հարցի տակ դնել… դուք ավելի լավ գիտեք, թե ինչ չափի ականջներ, վարք, խոսք ու շոր պիտի Չեբուրաշկան ունենա… ես ի՞նչ, միայն, կներեք, կներեք: Ի՞նչ Ուսպենսկի, Շվարցման: Այսպես, միանշանակ, շատ ավելի վայելուչ է` կոկիկ, ներկայանալի, էլ չասած` հարմար, նպատակահարմար:

(Որոշ դադարից հետո ավելի է կռանում):

Այս հրաշք ծրագրին ես մեծ խանդավառությամբ եմ… Դուք գիտեք. ես մի պահ անգամ չվարանեցի դերը ստանձնելու… ինձ արված ձեր շքեղ առաջարկը, չնայած բոլոր կշտամբանքներին, որ իբր ուրիշի հաշվին, ուրիշի տեղն եմ զբաղեցնելու: Նման անլուրջ տվայտանքների պատճառով ես ձեր ընձեռած բացառիկ շանսը չէի կորցնի: Առավել ևս նախորդ անգամվա դրա ամբարտավան պատասխանից հետո: Արժանապատվորեն հայտնեցի, որ մերժել եմ դերը, որն իր ձեռից առել ու ինձ էին առաջարկել, իսկ դա, թե` իրեն, պարզապես նման` իմ դերը վերցնելու առաջարկ չէին անի, առհասարակ: Չեն էլ անի, գոռոզ, տմարդի: Դու ուրիշներին հասկանալի չես,- ասեցի: Խևերը ծափ տան, դու պարի: Գինդ չի աճի: Սոսիները քեզ պատեր, երկինքը` տանիք: Դեռ գլխի էլ չէր նույնիսկ, թե ում նամակի հիման վրա են ամեն ինչ ձեռից առել:  

Ոչ, ոչ, իհարկե, ե’ս չեմ ասել, թե` մարդ կա` ընդարձակում է տարածքն աշխարհի, մինչ ոմանք շալակած աշխարհն են տանում… օրը ցերեկով… մեկնաբանում, ժողովում` տիրություն անում, իրենցով անում:

Իսկ Չեբուրաշկային, այո, զրպարտում են: Դուք գիտեք` նա երբեք այլախոհ չի եղել: Նա ինքնություն չունի: Այդ անմեղսունակ խեղկատակ խաղալիքը չէր կարող ներգրավվել որևէ ռեժիմի դեմ պայքարում: Որբերին միշտ էլ ջանում են զորագրել… անգամ հայտարարված թշնամու վիժվածքներին:

Նա երբևիցե չի հակադրվել, չի դիրքավորվել որպես բացառիկ… չնայած, այո, այդպես էլ չի ուծացվել` չհասցրեց… չհասցրեցին, այսինքն` չի ճանաչվել լրջորեն, չգիտեմ, ասենք` գիտության կողմից… չնայած ձեռնարկված միջոցներին, Չեբից սարքած տիպարը իհարկե շատ հանրահայտ էր, բայց մեծ հաշվով իրականում նա մարգինալ է մնացել:

(Ավելի է կքում):

Չեմ… Ես իրոք տեղյակ չեմ, չեմ լսել, թե ուր կլինի, չեմ տեսել… Մայքիին վերջին անգամ վաղուց… դե մենք հազիվ էինք ծանոթ… ինչո՞ւ ինձ պիտի ասեր` սեյսմոլոգ չեմ… ես… դատապարտում եմ բոլոր էդ պայթեցումները` ահաբեկչական ծրագրերը: Լեռներում, առավել ևս, խաղ անել չի կարելի… ոչ մի տեղից, չգիտեմ, որտեղի՞ց իմանայի, պարզապես եեենթադրեցի…

(Վերջապես չոքում է):

Եթե մի բան իմանամ` անշուշտ, անմիջապես… հավատացած եղեք…

Ես… ես թափանցիկ եմ:

(Բեմի լույսը վառվում` շատանում է: Չոքած Հրանտը ուշադիր նայում է սեղանի տակ, գողեգող պտտեցնում է աչքերը, ի վերջո բարձրացնում է գլուխն ու համոզվում, որ մենակ է: Թեթևացած արտաշնչում ու փռթկացնելով սրբում է քրտինքը):

Հրանտիկ, Հրանտիկ…

(Վրայից քշում է թռչող միջատին):

 

Ի՞նչ: Ինչ իմանայի` ինքս ինձ եմ խոսում: Ի՞նչ, ի՞նչ եմ ասել որ:

Այայ-այ

 

Է~, ոչինչ չի եղել: Ձուն Ձնձա: Էդ առաջ էր, որ պաշտում էի ինձ և երբ հիասթափվում` կրքոտ ատում էի: Ա~խ առնետը տանի աղջկադ: Հիմա սովորել եմ ըմբռնումով մոտենալ ինձ, մեզ, զինձ, զիս: Հանդուրժողաբար: Սոսիները կարմիր գրքում են, իսկ բայթերը երկնքում չեն հերիքի դարդերիս: Ինձ չեք ստի ներս փախչել:

(Գրպանից հանում է բջջային հեռախոսը: Դարձյալ չի աշխատում: Ձեռքերը դառնացած թափ է տալիս ու հեռախոսը դնում է գրպանը: Դիմում է աջ: Բարձրախոսից հնչում է տղամարդու ճապոներեն խիստ խոսք: Հրանտը չի հավատում ականջներին):

Ե՞ս… ի՞նձ… Ինչերե՞ն էր:

(Եւս մի ճապոներեն նախադասություն է հնչում: Փնտրում է հաբ` գտնում է):

Վերջինը յալլա:

Ինչի՞ հենց ես: Ինչե~ր եմ քաշել: Ես չանեմ` ուրիշը կանի: Հասկանալի է: Ես, գոնե, ուրիշներից լավ կանեմ, իրոք:

Գենան ասում էր, որ դա ստորության նշանաբանն է, բայց Գենան չկա: Միքին էլ` յալլա:

Զուրմ ի զարմ

Ի ջարմ Ջնջեր

Ոագրն ի հԱրզ

Մտավ ի փարզ

Ինչպես ասում է ռուս պոետ Նեկրասովը, իսկ նա գիտեր ինչ է ասում…. գործակալ էր, ասում է. տուն երբևէ կարող ես չունենալ, բայց գրասենյակ ունենալ պարտավոր ես:

Այսպես

(Կամաց-կամաց սկսում է պարել):

Թե այնպես:

Ավելի լավ է գրասեղանի վրա, քան վահանի` բաց երկնքի տակ գիշերել:

Ա~խ Առնետ Սանը իր պոչը կուտի` չի մարսի հաստատ.

(Ատամները սեղմած շարունակում է նախադասությունը կապկելով):

ինձ այստեղ տեսնի` տեղում քոռացած ատամները փակ լեզուն կուլ կտա: Կրված ու վառված աշխարհն էլ կրծի հեչ չի հովանա` իր վերքին պատանդ, իր վերքին մատաղ, իր տենդի զոմբի վլերը խրած: Իսկ ես շատ թեթև մի ամպի նման, թեկուզ անշալվար, կոֆե-սիգարով մի ոտքս պիտի մյուս ոտքին գցեմ` քանի դեռ ունեմ … չհաշված մի բութ, մի մատ ու մի կես:

(Նայում է ոտքի թաթերին: Կայսրի պես անցնում է գրասեղանի ետևը, վերջապես նստում բազկաթոռին երկար ծանր ու թեթև անելուց հետո ու անմիջապես վեր է կենում ու սեղմում սեղանի կոճակը: Առաստաղն ու պատերը սկսում են շարժվել աղմուկով: Սարսափահար մտնում է սեղանի տակ` թաքնվում: Դուրս է գալիս սեղանի տակից, գողեգող նորից կոճակ սեղմում: Լույսերը փոխվում են ու բարձր երաժշտություն է հնչում: Նորից է սեղմում. ամեը վերադառնում է նախնական վիճակին: Նորից է սեղմում սեղանի մի կոճակ: Ներս է մտնում լրտես ռոբոտը: Հրանտը վերցնում է նրան փակցված թուղթը կամ ֆայլն` աչքի անցկացնում` այդպես էլ չգտնելով թղթի կարդալու հարմար հեռավորությունը):

Ապրե՛ս, կեցցե՛ս… տեսնում եմ` արդեն մեջդ մտցրել են գլխավոր փոփոխությունները` իմն ես հիմա, Գիքո’ր: Սրանից հետո անունդ Գիքոր կլինի: Մի քիչ կեցվածքիդ վրա կաշխատենք… Հա` խոսելիս վերին շրթունքդ շարժիր` չես շարժում:

(Շոյում է ռոբոտիկի իրանը, մատը մտցնւմ նրա բերանը: Շարունակում է կարդալ: Բռնում է գլուխը):

 

Ու դրանք բոլորը Չեբուռաշկա պիտի լինե՞ն: Տրաքիկոմեդիա: Ազգ…

( հազում է)

Օղակ կտրուկ արջերը

Արջպիդ կապուկ, անձուկ անցուկ

Հորը խրուկ առանց նեցուկ

Ահեղ Չեբուրազոր: Թիվ կա Գենայի մետաստազներին, չկա` սրանց ֆիլիալներին: Մեր, … մե’ր ֆիլիալներին: Եթե մեր ասելով, մեր համարելով, մերը դառնար` հիմա ու~ր էինք… Մեր` նշանակում է` մեզ արդեն, ոնց ասեմ` մերել են: Սլաքները մեզ`ընդհանրապես, շերեփը դեն ու սուս:

(Բեմի երկու բանվորներ, զինվորական կամուֆլյաժ համազգեստ հագած, բեմ են բերում ոչ մեծ լուսապաստառներ, տեղակայում` ուղղելով դեպի սեղանը: Մինչ այդ նրանցից մեկը մի թուղթ է տալիս շվարած Հրանտին ու դուրս գնում գործընկերոջ հետ ալեհավաքները բերելու):

Քանի այս…

(Հրանտը մատնացույց է անում լուսապաստառները ու նայում թղթին`դիմելով լրտես ռոբոտին):

տե-լե-կոն-ֆերենսինգ կոչվածը չի սկսվել, բան կա անելու: Նախ պիտի սափրվել, մոգոնել` ինչ եմ էդ էգուցվա Չեբուրաշկացուներին հաչալու:

Կարծես չէր կարելի նախօրոք տեղյակ պահել` իմանայի գլխիս գալիքը, էդ բոլոր շեղաչյաների առաջ, աշխարհի առաջ… տակից դուրս պիտի գամ: Ո՞նց: Բայց, այո դիրքը պարտավորեցնում է: Դուք ձեր հաշիվն ունեք, ես իմ անելիքը` իրար հետ կլինենք մինչև սրտխառնոց:

Սրանց ավանդապաշտ հոգին խորը կլինի…

 

(Պահարանում փնտրում է ու գտնում սափրվելու պիտույքներ: )

Ահա

(Ծոծրակին կապում է թիկնոցի պես մի սավան-սրբիչ: Սկսում է թրաշվել):

Կարաբալախ ձանբլան

Կարաբալախ ձանբլան

Տուպլախ տուպլախ

Կանչում էր նորէն նորէն

Արեւելքի մութէն

Հեր իմ բար

Անդիէն եկար

Կարաբալախ

 

Ինձնից ի՞նչ մարզիչ-հրահանգիչ: Ամեն անգամ իրենք են լուրջ-լուրջ պարտք համարում ինձ խրատել. նախորդ անգամներին իմ իսկ արածներից որը անեեեմ, որը շեշտեմ, ինչպես ժպտամ:

(Ձփռքը դնում է ռոբոտիկի վրա, քաշում ծնկներին, շոյում ու հոտոտում):

Երնեք քեզ` դու ստեղծագործ Ես-ի ու ջանիդ դարդը քաշող ես-ի խնդիր չունես: Հրահանգում են հուզական տոնով` կարծես գյուտ են անում, ձու են ածում: Ես էլ դեմքիս թախծոտ շան ակնածանք սարքած` «իհարկե, իհարկե», իբր շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ իմ պիղծ դնչովը ձեր քաղաքակիրթ լաքին մեռնեմ: Չե՞ն ջոկում, որ հենց նույն բանն են ուզում, ինչին հերվանը թթու մռութ էին անում. վերջը երևի տեղ է հասնում ուրեմն` հալելույա: Երբեմն: Կամ էլ կարծում են, թե դիմացինը չի ջոկում, որովհետև կես փոր քաղցկեղից դենը չի դատում:

Կարաբալախ ձանբլան

Կարաբալախ ձանբլան

Տուպլախ տուպլախ

Կանչում էր նորէն նորէն

Արեւելքի մութէն

Հեր իմ բար

Անդիէն եկար

Կարաբալախ…

 

 

Գլամուր` ապականում առանց սահմանների` սին ու ակտիվ. գործիքն առեք կարող ձեռից, բայց անտեղյակ անելքից, անտեղյակ, որ անտեղյակ, ուժով զոռեք, որ այնուամենայնիվ յոլա բերի բանը ձեզ համար հիմարս, սուտ փառքի համար` ընթացքում լղոզ կոտորակվելով, որպես թե` չկա. անողը չկա ու չի էլ եղել` դուք եք, որ կաք: Առնետը տանի: Դեռ չհանդիպած հիվանդ ու նսեմ եք հաշվում ուրիշին ու ձեզ` գերադաս ու անքննելի, միշտ սրբագրված ամեն սխալով, որ իմաստ չունի սխալ կոչվելու, քանի որ ձերն է:

Շրէշ բլուրեն

Կօնդի կլորեն

Լոյսն է գալու

Արեւ ծագելու

(Գրկում, շրջում, թե’ համարյա ջարդում թե’ շոյում է ռոբոտիկին, որը ճռճռում ու ճվվոց է արձակում)

 

Հեռակառավարեք ականջներին դարանակալ, որ առիթ գտնեք ձեր դիրքի, փողի հախով սեփական լորձը թափելու. թե`յուրաքանչյուրն իր թառին մտիկ, վերմակի չափով թող երգը երգի` իր ճարը ճարի ու ջանը յուղի: Գիտությո՞ւն արվե՞ստ` ինչ շռայլություն. սնափառ ինքնասացություն ուժով առնված խեղդվելուց հետո: Եսի դարդը, տեղ հո չի թողնի ուրիշ բաների ` առնետացած խցանված գլխում: Քաղաքակի՞րթ: Իինքնատիրաժ Խոտան. փայլը աչքերում, համառ մակաբույծ ուրիշի ջանքով առկա խորշերում խրամատավորված:

(խռխռացնում, հազում է)

Ամեն տեղ ավազ, ավազ ու փոշի

(Ասմունքող գուսանի առոգանությամբ, լրիվ օճառ-փրփուրով ծածկված երեսով, դիրիժորի պես ածելիով թռչող միջատին օդում խփել ջանալով )

Բան շինիիք` հասկնալը հասկանայիք, չավերեիք չհասկացած, չհասկացման ղադրն իմացած, հուշտ չէիք լինի չհասկացած, թաք թե տնգոզ մնաք թախտին, չէիք ծաղրի հին թառը լուռ:

Ուստեն կասեր` տասը մատով կտրիչ չկա, թարմ վարդաբույր քրտինք չկա: Ի՞նչ խոյացում, բյուրեղացում գոլ ջրերում` խցանվածին ոչ հղացում: Չխորացած` դես ու դենի դուքյաններում պայծառացում գտնիլ չկա…

(Ռոբոտիկին ոտքից գլուխ թրթուրով է ծածկում:)

Էս ճանճին տես. իբր այնքան է խորացել իր գործում, տարվել` արդյունքում ճանճ է դառել` մի ճանճ- հրեշ:

Ձուն Ձնձա

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Հիմա էլ որոշել եք, որ ծառայեմ, բայց չխաղամ… էլ չխաղամ:

Լավ: Ավելի լավ` էլ բուկ չեմ ճղի` չեմ հաչա աջ-ձախ, տարիքիս վկա` չարի վերջը չի:

(Հեծնում է ռոբոտիկին ու ճոճվում:)

Իբր մեռնեմ Հո-հոյ փայլին: Խաղեր տվեք իշխանական նուրբ ճաշակով ու մյուս կողմից` վարժանքներդ ապահովեք հպատակի բուռն ծափերով: Մարդու միս կերած ուսուրական վագրի ծարավով, ով իշխել է թեկուզ մի ժամ, չի կշտանա ուրիշ կերով` ինչ էլ խաղա, մի ցավ ունի ամեն հևքում` մի մութ կարոտ, թե՞ եղել է ի սկզբանե հենց հավակնորդ քյոխվայության, մանրախնդիր պարանոյիկ` ուրիշ ոչինչ. ասել է թե ինչ էլ դուրս գա, ձեռքի տակով պիտի անցնի: Անկումների սարսափից պիտի իշխի ցռիկ ջանին մխիթարանք: Առնետը տանի, ո՞վ իմանա`դեռ կտեսնեք:

Գլամո~ւր…

օդ շնչելու` չկա օդ, չկա երես:

Կռիվ եմ տալիս ամեն արածս, որ թողնեք անեմ` հավերին ծիծաղ. հեչ էլ մի թողեք. քիթս գետնից առանց կտրելու` օր-գիշեր գործ` փուչ հիմար: Շնորհակալ եմ, որ դուրս չեք տշում ուրիշների պես` միայն մախաթներ ամսականներիս:

Դեր եմ ասում, ի՞նչ դեր: Կարծես երազիս Մասիսն էր, «Էստի համեցեք» լիակատար հավաքածուի հուշարձան դառնալ` էս քուրջը վրաս: Երազի~ս ասի՞: Ինչ էլ բառեր են րիսայքլ բնից մեկ-մեկ դուրս լողում լուսնոտի նման:

Էլ չեմ կարող… չեմ կարող խալխին

(մատերը մտցրած բերանը` քաշում է ծայրերից, կքանստելով)

մինչև ականջներս ժպիտներ չիզել: Թրաշվելուց հոգնել եմ արդեն… ոտքերս չկան: Որ նստեմ, էլ վեր կենալ չկա….

(նստում է)

կնստեմ, չեմ վեր կենա` ղեկավար մարմին եմ:

Թող թարգմանիչները հիմա մտածեն, թող ամեն ինչի պատասխանը տան, առնետը տանի դրանց աղջկան: Իսկ դու… դու գնա… Երնեկ քեզ, Սանիկ. թե՞ դու էլ ունես ներքուստ կնճիռներ: Գնա ու խփիր մուտքի մոտ փչված Ձերդ ջան Սանի ջոջ խրտվիլակին, ծուխդ դուրս թող գա: Հենց դրա համար են ռետինից դրել: Չէ՛, սպասիր, Գիքոր. բեր Հո-հոյի երեկվա բոլոր մասնակիցների ֆայլերը տեսնեմ: Մոռացել էի` քեզ պետք է ամեն ինչ բառացի ասել` լուսանկարները առանց դիմակների, հասկացա՞ր, և բոլոր տեսախցիկների երկու օրվա նյութերը բեր:

(Կոկորդն է մաքրում: Լրտես ռոբոտը դուրս է քշվում բեմից, մինչ բեմի բանվորները վերադառնում են ու զբաղվում մալուխները միացնելով ու ալեհավաքներով: Հրանտը, սրբում է դեմքը և թաքցնում սափրվելու պիտույքները):

Վերջ, նոր եմ արդեն` թարմ դեմք, թարմ հայացք: Պուպուշ, պուպուշ Հրանտ: Այլևս բարձրից, ժամանակի հեռվից` մեծ կտրվածքով պիտի նայել իրավիճակին, չխրվել, չսրտնեղել: Այս բարձր դիրքից ամեն ինչ ավելի լավ է, քան թվում էր: Ուրեմն ի գործ` հեշտ չի լինելու: Ինչեր եմ քաշել, իչքան եմ պայքարել, բայց ամեն ինչ առջևում է: Ինչքա~ն գործ կա անելու, տեղը գցելու:

(Դիմում է բեմի բանվորներին):

Ուշադիր` չվնասեք: Հարգարժա’ն պարոնայք, դիցուկ ես էլ պիտի

(սեղանի վրա ստորագրում ու հանդիսավոր վերադարձնում է թուղթը` այն բանվորին, ումից իր դատելով վերցրել էր)

իրերս ներբեռնեմ` նոր առանձնասենյակս է: Դռան վրա Չեբ Սան… մինչ Վաղը

(Հրանտը դուրս է գալիս` մի պահ ոտքը կախ գցելով, մինչ երեք լուսապաստառներից հնչում են տարբեր ձայներիզներ. մեկից լսվում է պարսկական սիրային երգ, մյուսից նորությունների հաղորդում` ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, պարետային ռեժիմի կարգադրությունները… երրորդից` թուրքական գովազդ ամբոխի վանկարկման ֆոնին:

Հեռուստապաստառները տեղակայված են սեղանի առաջ հանդիսատեսի նկատմամբ գրեթե թիկունքով: Բեմի բանվորները, թառած գրասեղանին, մի փոքր տարվում են հաղորդումներով: Հրանտը վերադառնում է ձեռի հետ հազիվ հարմարացրած երկու կապոցով` մեծ ու փոքր: Բանվորները անցնում են իրենց գործին: Հրանտը բացում է պահարանն ու խցկում կապոցները մեջը:: Պարզ է դառնում, որ մեծի մեջ Մայթիի դիմակ-գլխարկով հանդերձանքն է: Հոտոտում է Հրանտը վերջիվերջո հաջողացնում է պարտակել այն ու փակել պահարանն այնպես, որ հերթական անգամ չբացվի` ամեն կերպ ջանալով թաքցնել բեմի բանվորների ուշադրությունից, ու վերջապես ինքն է տապալվում գետնին: Անմիջապես ոտքի է կանգնում: Պահարանից այդպես էլ դուրս մնացած փոքր կապոցը շտապ խցկում է գրասեղանի գզրոցը: Ետ ու առաջ է անում: Բեմի բանվորներից մեկը մի թղթապանակ է հանում իրենց գործիքների պայուսակից, դնում է սեղանին: Բանվորները հեռանում են):

Սրանց մի ոսկոր պետք կլինի գցել:

Պետք է անհապաղ արդյունավետ աշխատանքի ապացույց տալ:

(Գզրոցից հանում ու քանդում է փոքր կապոցը: Մայթիի շալվարն է: Հոտոտում է):

Էդ լրտեսիկ-ռոբոտիկը ո՞ւր մնաց: Սա տամ, տանի հանձնի: Գիքո’ր: Չլինի գնաց էլի ինձ վառի:

(Գրպանից հանում է բջջային հեռախոսը` փորձում: )

Բա չէ` մեկ էլ փորձեմ:

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Խնդա վրաս: Սրանցից միայն ձվից նոր ելածներն են գլուխ հանում:

(Դառնացած ձեռքը թափ է տալիս ու հեռախոսը դնում գրպանը):

Սա արդեն վտանգավոր է, չի լինի հագնել` հետախուզություն են սկսել: Բացի դրանից` հիմա երևի ինձ մի բան կտան հագնեմ ցուրտ ու ցեխին` կարգավիճակս պարտավորեցնում է քամակս ծածկել: Ինչպես ասում էր Մոսկվաներում պաշտպանած բարեկամս` «Եթե մենք` լիդերներս, մեր ուսերին չառնենք ողջ լոգիստիկան, այս քոսոտ ժողովուրդը ինքն իրեն լրիվ վարի կտա»: Քանի գնում է, հակվում եմ համաձայնելու: Մասաչուսեթի Նազարն էլ էր դա ասում: Ուրեմն այսպես.

Մեծարգո Ձերդ Սան, կասեմ, մեր շրջահայացության շնորհիվ, ուրեմն, հայտնաբերվեց զորօրինակ այ սա: Այո, փնտրվող, անունը չտամ, գիտեք թե ում շալվարը: Որտե՞ղ: Դե… եթե անցնեիք Առնետ Սանի աստիճանների մոտով. ապա` տակը:

Տե’ս դրան ինչ օրն եմ գցելու, այդ այլաշխարհիկ թարախին ու բոլորին, ով կյանքս

(Կոկորդն է մաքրում)

անիծել է կլինի ճորտ, մերկ ու ստրուկ… Շողուլները կպոկեմ: Միայն թողեք վրաս ելնեն` գլխիս ավազ մաղեն, կեղտ քսեն դեմքիս: Անապատ, վառվող անապատ. ավազ ամեն տեղ, ավազ ու փոշի երակների մեջ առնետներ: Հիմա ես եմ դեմք` դե տեսեք ձեր հալը, ինձ Չեբուրշկա չկարծեք:

(Շփում է ափերը: Հասցնում է բռնել բանվորի բերած հաստլիկ թղթապանակը, որը քիչ էր մնում գցեր սեղանից` ոգևորված իր սպառնալիքներով: Բացում ու թերթում է):

Բա ոնց… Տրաքիկոմեդիա… Սրանք լրիվ են ցնդել: Կանոնակարգ: Ի՞նչ են կարծում` երբ պիտի կարդամ Չեբուրաշկագիտական այս տիտանական մատենագրությունը, ոսկեղենիկ թարգմանաբար, մարգարտաշար բոլոր հրահանգները, ցուցումները…

(Բարձրախոսից լսվում է Ճապոներեն խոսք ու մուլտֆիլմի երաժշտությունը):

Հրես սկսվեց…

(Բարձրախոսից` կնոջ ձայնը. “Հարգելի հանդիսատես ներկայացումը սկսվում է:” )

(ոտքով խփում է պահարանին)

Սուս` դու չկաս:

 

                                                                        ***

                                                                           4                      

(Հայտարարվում է կոնֆերենսինգի մեկնարկը ու հընթացս թարգմանվում: Կանացի ձայն լուսապաստառներից. «Լսվում է… մե’կ- մե’կ… յալլա~ գնացիիինք:

Ողջունում ենք Հո-հո հեռուստակամուրջի բոլոր մասնակիցներին. ողջո~ւյն, Շանհա~յ, (բացականչությունների ալիք մի էկրանից), ողջո~ւյն, Սինգապո~ւր (պատասխան բացականչությունների ալիք մյուս էկրանից), ողջույն, Ալյասկա~ (բացականչությունների երրորդ ալիքը): Ձեզ մոտ արդեն լուսինն է դուրս եկել, իսկ ձեզ մոտ արևն է շողում: Հո-հոի տարեցտարի, անգամ ամսեամիս ընդարձակվող ծիրում արևն ու լուսինը չեն բաժանվում, միաժամանակ են երկնքում»:

(Այս ընթացքում Հրանտը ուղղալարի պես կրկին կախ է տալիս իր ծոցից հանած մեդալիոնն ու արագ ետ խցկում` փնչացնելով):

Դեժավյո~ւ, դեժավյո~ւ… Ինչերե՞ն էր:

(Հազում է: Փնտրում է հաբ` չի գտնում: Երկու ձեռքով բռնում, շփում է փորը):

Էլ հաբ չի մնացել: Պուպուշ, պուպուշ Հրանտ:

( «Մեր ընկերությունը մեծ ծրագրեր է իրականացնում: Այսօրվանից սկսում ենք Չեբուրաշկայի կերպավորմանն ուղղված նախապատրաստական սեմինարը Հայկական Բարձրավանդակի Հո-հո մասնաճյուղից:»: Հրանտը փնթնթում է):

Աշխարհագրությունը երբ փոխեցին էլի…

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Դեռ երեկ Անատոլիա-Հարավային Կովկաս չէ՞ր: Ապաչիները ուղղաթիռ կդառնան, կացինները` հրթիռներ, բախտավորները` կրկին տեղանո՞ւն: Հրա՞նտ…

(Մաքրում է կոկորդը):

Հը-րանտ…

(Բեմի երկու բանվորները ներս են բերում նախորդ տեսարանից հայտնի մեծ ծաղկեպսակը ու հագցնում սառած Հրանտ-Չեբի վրա և հեռանում):

«Սեմինարը կվարի արտոնագրված ու հավատարմագրված խաղակատար, փորձառու ականջակիր` տոնավաճառի բազմամյա անփոփոխ ու անկրկնելի Չեբը: Համեցեք խնդրեմ: Հրանտը հագնում է դիմակ-գլխարկը (լսվում է ողջույնի ալիք), ձեռքով է անում հեռուստապաստառներին, ապա հանում է գլխինը: «Խնդրեմ ներկայացրեք կերպարը մեր տարբեր մասնաճյուղերում ձեր գործը շարունակելու ելած կամավորներին, մի փոքր մեկնաբանեք»: Հրանտը վերցնում է պաստառներից մեկին կցված խոսափողը):

Սա իրիկունն ըլլայի

(հազում է)

Ողջույն-ողջույն… շինում էինք, շինում էինք և վերջապես շինեցինք:

(Երկու ձեռքով բռնում, շփում է փորը):

Լսվո՞ւմ է, մեկ-մե՞կ…

 

(աղմուկ պաստառներից)

Չե՞մ երևում:

այայայ:

(Բարձրացնում, թափահարում է ձեռքը: Բարձրանում է բազկաթոռի վրա` մի ոտքը սեղանին կեցվածք ընդունում):

Իսկ այս դիրքի՞ց: Ասում էի, չէ՞, առանց սրա (ցույց է տալիս սեղանը) բան դուրս չի գա: Ինչե~ր եմ քաշել:

(Բարձրանում, կանգնում է սեղանին: Աղմուկ պաստառներից):

Հաստատ կերևամ վերից… վերևից լավ է:

Հե~յ, եղբայրներ…

(երգում է)

Ընդ աստեղաց ինչ կա սիրուն, քան զանձկալի ընկեր անուն:

Առաջին անգամն եմ այս հեռուստակամուրջին` հուզված եմ:

(Քշում է դեմքի շուրջ պտտվող միջատին: Ընկրկում է` ետ իջնում, նահանջում է: Երկու ձեռքով բռնում, շփում է փորը:

Բայց սեղանից ճանկում է թղթապանակը ու, այնուամենայնիվ, նորից բարձրանում սեղանին: Իր հետագա ճառի ընթացքում, մերթ ընդ մերթ, թերթատում է թղթապանակը, ետ ու առաջ դնում էջերը, որոնք երբեմն թափթփվում են: Վերջիվերջո ձեռ է քաշում դրանից):

Թյուրիմացություն չլինի. Չեբն, այո, ում պիտի ներկայացնեմ, ասացիք, այո, ընկերվարական միջավայրում է հայտնվել, բայց «զանձկալի» ընկերությունը ողջունելով` դա նկատի չունեի բնականաբար: Մեր օրերում միանգամայն անհեթեթ կլիներ: Անշուշտ: Հո-հոյ ընկերությունը նկատի ունեի` Հո-հոյ ընկերությունը, որը մեկտեղել է բոլորիս` տալով Չեբ դառնալու շանս: Մեկ անգամ ևս եկեք հայտնենք մեր բազմաձայն ու բազմալեզու շնորհակալությունն այս ընկերությանը, այս աննախադեպ հիմնավոր արմատակալած հաստատությանը, որի ծիրում, ինչպես ասաց տիկին հեռուստա-Սանը, լուսինը երբեք ամբողջապես չի ծածկի արևը` չնայած տեղական հերթական խավարումներին:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

Կերպարը, որը պիտի ներկայացնեմ, վերջին եռամսյակում ծանրակշիռ ներդրում է ունեցել Հո-հոյ վաճառքների դինամիկայում ոչ միայն Օսակայում և Շանհայում, այլև այստեղ` մասնավորապես քրդերի և այլ եղբայրների միջավայրում, անգամ արտակարգ դրության պայմաններում: Այս կերպարը հույս ու հավատ է ներշնչում հաճախորդներին` լավատեսություն ու կյանքի բերկրանք: Դա է պատճառը, որ Ձերդ Սաների խորհուրդը որոշում է կայացրել յուրաքանչյուր մասնաճյուղում բացել համապատասխան հաստիք և ձեզ ընձեռել ինքնիրականացման նախանձելի շանս: Հավատացնում եմ ձեզ` ծանր են Չեբի ականջները` հանաք չի կրելն ու բարձր պահելն օր ըստ օրե:

Հասցրի տեղեկանալ` դուք, վերջերս մտցված ԳԺՌՊՏ հատուկ քննությամբ եք ընտրվել: Վարչությունը համոզված է, որ օժտված եք ձեր առաքելության համար նպաստավոր շնորհներով, առաքինություններով.

յուրաքանչյուրիդ խորամանկությունը, դրա արձանագրված գործակիցը, որքան էլ մեծ լինի, չի հաղթահարի ձեր չպատճառաբանվող մղումները. դուք անհուսալիորեն անուղղելի եք և ընկնավոր, եթե կարելի է այդպես կոչել ձեր ապուշությունը: Դուք պետք է հասկանաք, որ դա ոչ միայն ցավալի կամ անցանկալի չէ, այլև շատ արդյունավետ կդարձնի ձեր ինքնեկ գործունեությունը:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ. ժամանակ առ ժամանակ Հրանտի ձեռքի բարձրախոսն անջատվում է):

Մանկուրտ զոմբիներ չեք դառնա, որովհետև իրոք անկառավարելի ապուշ եք, հուսամ:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

Արհեստական, ավելորդ ջանքերի կարիք չեք ունենա անմեղ ու սրտաբաց ներկայանալու համար. ջանքեր, որոնք երբևէ համոզիչ չեն լինում կամային ինքնությունների պարագայում: Դատողական համառությամբ ու խորամանկություններով նրանք փորձում են հաղթահարել կամ թաքցնել իրենց տարօրինակությունները ու ակամա սանձում են երևակայությունը` վերածվելով մեծապատիվ, քաքսիրտ գլադիատորների, քյոխվաների:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

Կներեք: Կներեք: Հո-հոյ ծրագրով մարզվելով` դուք չեք ունենա նրանց` հաճախ վիրավորված, եսասիրության, անհատական կամ խմբային ինքնության պարանոյան:

            Ամեն անգամ ընկնելիս կջնջեք, կկորցնեք ձեր հայտանիշները: Ինքնության լարումից այլապես դառնում են նախանձոտ, սնապարծ, քինախնդիր, մի խոսքով, իշխանամոլ, եթե անգամ այդ իշխանությունը նրանց մերձավորների շրջանից, անգամ սեփական մարմնից դուրս չտարածվեր: Իսկ տարածվելուն համեմատ կուրացնում, խլացնում է: Ամենուր պատրաստի դիրքեր, դիրքեր, դիրքեր են: Դիրքը քեզ պես չիմացավ, թե ոնց տարավ քեզ` ինչպես ձևավորվեց:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

Իսկ դիրքերը հիմնավորվում են Չեբի նկատմամբ հոգածությամբ, դաշինքները ցեմենտվում են նրանով` կանգուն լինի թե ընկած:

Ջնջեք ձեր անունն ու այրեք ծագման կամուրջները` դուք Չեբ եք: Դա միանգամայն արդարացված է մեր հաստատության տեղեկատվական հզորության, մյուս կողմից հմտությունների անկասելի արժեզրկման պայմաններում: Չեբը անտեղի է, նախօրոք չդիրքավորված պարադոքսալ, դիրքավորող չրթիկ: Բաղկացուցիչների հարաբերությունները փոխելուց համադրությունը փոխվում է: Նույնականացման անհնարությունը փոխում է կոնֆիգուրացիան:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

Ձեզ ավելի հեշտությամբ կհաջողվի երկարատև անորոշությանը դիմանալ, ինչքան հնարավոր է հետաձգել որոշման պահը ստեղծագործունեության մեջ: Կտարվեք անտեղի դրսևորումներով` փաստորեն անհեթեթությամբ ու թլըմփ: Մեծ ականջներում ամբոխվող բազմաձայնության հակասություններից, անչափ գիտակցությունից է ընկնում ի սկզբանե անծնող Չեբը: Եվ դարձյալ` ոչ մի սպի:

(Հնչում է խմբագրական ազդանշան-զանգ):

(Մաքրում է կոկորդը):

Ձօնձն Ձնձանձ

Կներեք, մի քիչ շեղվեցի…

Բոլորդ դիտե՞լ եք ֆիլմը:

(Լուսապաստառներից լսվում է աղմուկի ալիք: «Ո՞վ է Չեբը»,- հարցնում է նույն կանացի ձայնը):

Հրաշալի, հրաշալի… մի փոքր դաշտային աշխատանք…

(Ազատվում է ծաղկեպսակից, դնում է սեղանից վերցրած ականջակալները):

Հարցում կատարենք… միացրեք խնդրեմ դահլիճի տեսախցիկները: Ձեզ հետաքրքրող հարցին անդրադառնալու համար մեզ ուղիղ միանում է Չեբի հանդիսատեսը, այստեղ` Հո-հոյ դահլիճում:

(Հրանտը իջնում է դահլիճ):

Սա իրիկունն ըլլայի ես

Ու հպեի ճակտին ամեն անցորդի….

(Լուսավորվել է բեմի կենտրոնում կախված մեծ լուսապաստառը: Վերին անկյունում փոքր կադրեր են մուլտիպլիկացիոն ֆիլմից: Խոշոր պլանում պատկերանում է Հրանտը` խոսափողը դահլիճի հանդիսատեսին մեկնելիս).

 

Ինչո?ւ այդքան մեծ ականջներ ուներ:

Դուք զզվո?ւմ եք Չեբից, թե? ատում եք,… ինչո՞ւ:

……………………………. (զրուցում է հանդիսատեսի հետ)

Ինչո՞ւ էր գիտությանն անհայտ… Ինչո՞ւ է օն: Գուցե բոլորովին սեռ չունի: Նա է, կամ գուցե այն է, ինչ կորում է սեռ ստանալի՞ս:

Հետաքրքիր է: Բայց չնայած հարցի տակ էր, նույնության խնդիր ինքն անձամբ չուներ. միայն սոցիալական` կացարանի, կրթության, աշխատանքի, մասնակցության: Ինքնության խնդիր չունի` ի հակադրություն, ասենք, Քիփլինգի փղիկի, որը բոլորից հարցնում էր իր ինչ կամ ով լինելը: Հիշում եք` այն փղիկի, ում քիթը կոկորդիլոսը քաշեց-երկարացրեց, ու դրանով վերջնականապես որոշվեց նրա փնտրածը` իր փղիկ լինելը:

 

Չեբի պարագայում նախ այդ հարցը չկա, և կոկորդիլոսն էլ շատ սիրալիր է` նման որևէ բան չի անում. ընկեր էր փնտրում, և Չեբի անհայտ լինելը չխանգարեց ընկերությանը, առավել ևս, որ Չեբն ինքն առաջինը արձագանքեց:

(Հրանտը նստում է բեմի եզրին` ոտքերը աստիճանների վրա:)

Ավելին. հիշում եք, կոկորդիլոսը բացականչում է. «Ինչպես հայտնի չէ, թե ով է», «շատ էլ լավ հայտնի է»: Չեբը «շատ էլ լավ հայտնի է» նրան ոչ այն պատճառով, որ, ասենք, Անդերսենի անճոռնի ճուտիկի պես վերջիվերջո վերածվում է շքեղ կարապի, կամ մի այլ քաջ հայտնի, բառարաններում, մատենադարաններում, քարտեզներում գրանցված արարածի, այլ պարզապես որովհետև մտերիմ ընկերն է, թեկուզ այդպես էլ անհայտ մնար բոլորին: Նրանք տուն են շինում ընկերների համար:

(Գրպանից հանում է մի երկտող ու կարդում)

 

Սոցիումի, համայնքի` որպես ընդհանրական բարոյական ենթակայի արդի անխուսափելի քայքայման պարագայում ընկերային, խմբային իրավունքի ձևակերպումը առաջնային կարևորություն է ստանում բռնատիրությունից խուսափելու համար:

Չհասկացա:

Սոցիումի, համայնքի` որպես ընդհանրական բարոյական ենթակայի արդի քայքայման պարագայում ընկերային, խմբային իրավունքների ձևակերպումը առաջնային կարևորություն է ստանում բռնատիրությունից խուսափելու համար:

(ճմռթում է թուղտը)

Ինչևիցե…, այդ քնքուշ ու հավերժ երիտասարդ հոգին, ինչպես գիտեք, ունեցավ նաև ուրիշ ընկերներ: Այդ թվում` ֆիլմից ձեզ ծանոթ, արևմտամետ, համենայն դեպս արտաքինից և որոշ իրավիճակներից դատելով` արևմտամետ տիկին Շապոկլյակը, որն, ի վերջո, կոկորդիլոսի գլխի վրայով հաստատեց իր ընկերությունը Չեբի հետ:

Ի՞նչ եք կարծում, այդ վերջին կապը չէ՞ր առասպելական ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը:

 

 

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

(Ձձեռքը կրկին դառնացած թափ է տալիս ու հեռախոսը շպրտում է մեծ լուսապաստառին: )

Առնետը տանի ձեր աղջկան:

(Բարձրախոսից տղամարդու խիստ ձայնով լսվում են ճապոներեն կարգադրություններ: Կանացի ձայնը հրահանգում է. «Բոլորը մնան իրենց տեղերում, ոչ ոք չլքի շենքերը: Դրություն 121: Նկուղներ իջնելու անհրաժեշտության և կարգի մասին կիրազեկվեք հարկ եղած պարագայում: Հորդորում ենք խուճապի չմատնվել, իրավիճակը վերահսկվում է: Հրահանգները չկատարելու դեպքում ձեր կյանքը չենք կարող երաշխավորել: Իսկ այժմ կլսեք «Սիրված մեղեդիները»»: Մինչ տեսարանի ավարտը մեղմ լսվում է, բեմադրիչի հայեցողությամբ, հնարավոր է Չիոչիոսանի արիան «Մադամ Բատերֆլայ» օպերայից: Մեծ լուսապաստառին Հոկուսայի Ֆուդզիյամա լեռան 36 տեսքերը սահուն ու աննկատ հերթափոխվում են` զուգադրվելով Մասիսի մեծադիր լուսանկարին, որը վերածվում է Կիլիմանջարոյին:

Հրանտը աջ ու ձախ է անում, հայացքով երկար հետևում է թռչող միջատին: Երկու ձեռքով բռնում, շփում է փորը:

Ինչերե՞ն էր:

Ապա իրեն գցում է դեպի պահարանը):

Գենա՛, Գենա՛, սկսվեց, Գենա՛… նորից, չէ, չէ

(սեղմում է պահարանի դռները)

Գենա՛, չգնաս, առանց քեզ էլ գլուխ կհանեն, լսո՞ւմ ես, չես գնա, գլուխ հանեն-չհանեն` դու ի՞նչ գործ ունես, միջուկի մասնագետ, ճարտարագետ չես, փրկարար չես… թեկուզ ամեն ինչ գրողի ծոցը գնա… գնա… Գենա… մի գնա… 121… 121… նորից… 121…

(Սեղմում է գլուխը կրծքին, երկար պապանձվում ու դանդաղ ծնկներին է իջնում: Հռհռում է: (պահարանից հանում է Միքիի հանդերձանքը ու խոսում նրա գլխի հետ):

Հավատալու չի: 121…

(հազում է):

Ինձ թվում էր` վաղուց անցել գնացել… անցածն անցած է:

(հազում է):

Ոչինչ չի անցել: 121: Սա մղձավանջի կարուսելը չի` իսկականից է կրկնվում, ոնց որ ոչինչ չի փոխվել: 121:

(Քշում է միջատին ու հարվածներ հասցնում իր գլխին):

 

Ներիր, կներես, Միքի, Միքի, կներես, Միքի, ներիր, ես լրիվ, ինձ լրիվ, ինձ թվաց` հիմա հիմա չի…

Դու դեռ չէիր եկել, դու ուշ եկար, Գենան արդեն չէր…

Նրան չտեսար: Նա միշտ վերցնում էր իր վրա: Նա գլուխ էր հանում, հայտնվում էր, ու հնարամտությունը փոխում էր վիճակը…

(Հոտոտում ու համբույրներով ծածկում է Միքիի գլուխը):

Պիտի իմանաս, Միքի. նույնիսկ վթարից հետո առաջվա պես ես կռռում էի, թե ավելի լավ է` ոչինչ չլիներ, քան, քան եղածը… 121

Եթե նա չգնար վթարի ժամանակ… հիմա ոչինչ չէր լինի ընդհանրապես, բացարձակապես: Հասկանո՞ւմ ես: Բացարձակապես: Նա կապ չուներ, խաղակատար էր, բայց արեց, արեց անհնարը…

Նրանից ոչինչ չէր մնացել… Ես ոչինչ չէի կարող անել:

(հազում է):

Գենա, դարդ մի արա: Ասում եմ` մեզ իրապես ոչ ոք նույնիսկ չի էլ նկատում, մարդիկ տեսնում են դիմակը, իրենց նախապես ակնկալածը` տիպարները, որ պատկերացնում են, դու միայն վեր կաց` ոտքերդ շարժիր: Դիմակդ են ընկալելու` վերջ… Թեկուզ ճղվես` ուրիշ ոչինչ, միայն վեր… Թեև նա ճիշտ էր. իրոք հոտոտում են` ինչը կարիք չկար: Ու վրա տալիս, եթե տարբերվես իրենց պատկերացրածից, կամ ավելի ճիշտ` անգամ չպատկերացրածից: Առնետը տանի ձեր աղջկան:

Միքի, չհավատաս, եթե ֆշշացնեն, թե նա այդ երկաթբետոնե հսկաներին բան ուներ պահ տված, դրա համար իբր վազեց` չկորցնի: Չհավատաս, կամ էլ եթե ասեն, թե “մերն” էր, այսինքն`իրենցն էր… Շատ բաներ կասեն` դու մի հավատա:

Միքի, չկա նրա նման, չկա… ասում էր “պիտի գնամ, որ արժանի լինեմ ապրելու”: Բա որ մեռնե՞ս: “Կապ չունի “. ասեց ու արյունս ետ էր հոսում երակներովս:

Երբեք չեմ ների նրան ինձ մենակ թողնելու համար` այդպես հալից ընկնելու համար: Կարող էի ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ, խնամել, բայց փոխարենը հերսոտում էի, որ հալից ընկել էր:

… Ահա նայիր…                                                                                                                          

(Ծոցից հանում է մեդալյոնը, բացում):

Նայիր դու այստեղ, նախ այս պատկերին և ապա սրան, այս երկու եղբոր դիմադիրներին: Տես ինչ շնորհք կա այս դեմքի վրա: Մի համադրություն, մի ձև, իսկապես, որի վրա ամեն երանի կնիքն է դրել հավաստիքը աշխարհին տալու, թե ահա մի մարդ` թող որ կոկորդիլ: Այս էր ընկերդ, եթե հանդիպեիր: Իսկ այժմ նայիր, մյուսին` ինձ նայիր:

(Քաշում է իր ականջներից ու գլուխը խփում գետին):

Ինչ հիմարն եմ ես` ինչի՞ եմ պատմում:

Մայքի, ես կամ` ինչ էլ որ եմ` կամ, արժանի, անարժան… ու դու միշտ կլինես ինձ հետ: Եթե լինել բառը դեռ իմաստ գտնի: Հետս պիտի լինես:

(հազում է):

Հետս պիտ ըլլաս, հոգի՛ս, և հարց պիտի չտաս լինելու մասին: Հարցը ես եմ իսկ, որ կհակի կախման կետերին:

Քեզ էլ չեն տեսնում տիպարիդ ետև:

Հանրահայտ են տիպարները մեր` նախապես, վաղուց, ինչպես էլ խաղանք` էլ չասեմ` լինենք,

(Միքիի վզին կապած բանտը բարձրացնում ու հարմարեցնում է նրա գլխին)

ո՛չ, չեն փոխվելու:

Շալվարդ կտանք առնետին` բկներին մնա: Մենակությունս օգտագործեց` մտերմացավ, որ գցի` ինձ վերջնականապես դատարկուն անի:

Քեզ` ոչ մեկին, կպահեմ քեզ ինձ:

(Կրկին հոտոտում ու համբույրներ է տեղում):

Դու իմն ես այսպես, թեկուզ և դատարկ: Հակառակ դեպքում սա ինձ չէիր թողնի:

(Շարժում է Միքիին այնպես, որ նա, ասես, գլխով է անում):

Բայց ի՞նչ է եղել, ի՞նչ է այս անգամ: Երբևէ այսչափ իրար չէին անցել Ձօնձն Ձնձանձ 121 էլի:

Միքի՞:

(Հրանտը ոտքի է կանգնում: Դեն է շպրտում Միքիի հանդերձանքը ու սևեռվում վրան):

Մի՞թե հաջողացրել ես մտնել հանքը: Սա իրիկունն ըլլայի. տրաքիկոմեդիա: Այդ գրողի անիծյալ հա՞նքը: Մի՞թե ընդունակ եղար անելու ասածդ: Չէէէ` դու չէ, իհարկե ոչ, բայց մեկն ու մեկը, ինչ-որ մեկը գուցե տարվե՞լ է խաղիդ հմայքով: Մի երկրպագու ականջները կախ քո լեզվի թույնից: Ո՞վ դիմանա ինֆանտիլ շարմիդ, շփացած նարկի’ս:

(Լսվում է հեռավոր, բայց ըստ երևույթին հզոր պայթյուն: Հրանտը չոքում է):

Սա ինձ չի թվում` մեկն արել է դա: Առնետը տանի դրա աղջկան:

Եվս երկու պայթյուն էլ լինի` տրաքիկոմեդիա- չիք: Գիտես` կժայթքի: Բայց ով ստանձնել է ասածդ անել, գուցե չգիտի: Գուցե չի լսել: Բացատրե՞լ ես, որ երեք պայթյուն տեղը տեղին, ու սարը` մեղա: Երեք պայթյուն` բիձեն կզարթնի…. այդպես չէ՞ր ասում էդ ճապոնացին: Այ քեզ թամաշա:

Քո զոմբին գիտի՞: Թե իր արևին փրկում է արդեն ճառագայթված դաշտավայրը էդ դժոխահազ արտազատումից, կարծում է` Մասիսը թվային պատրանք է ամպոտ, վաղուց հոգնած մեծ սուտ դեկոր, մի տեղանշան երկաթ թրթուռով երգահաններին: Եվս երկուսը` ապո՛ւշ, կժայթքի:

(Սկսում է բռունցքներով, ապա վեր կենալով` քացով հարվածել իր` Չեբի դիմակ-գլխարկին):

Վերջ… վերջ… վերջ…

Ձօնձն Ձնձանձ

Ձենձն Ձանձ

Ձնձին Ձօնձա

Տրաքիկոմեդիա… կտրաքի… տրաքի… մի ապուշ կանի, կանի մաշած գլուխ… բայց ինչի՞դ էր պետք:

(Գրկում է Չեբի դիմակ-գլխարկը ու համբուրում):

Սա իրիկունն ըլլայի…

(Երեք հեռուստալուսապաստառները ակտիվանում են: Մեկից պարզ է դառնում, որ «Մասիս լեռան խառնարանում տեղակայված «Նոյան Տապան» հանքարդյունաբերական համալիր ներթափանցած միանձնյա ահաբեկիչը հենց ներկա պահին ձեռբակալվել է»):

Ոչ:

Ի՞նչ:

Ո՞ւմ են բռնել:

(հազում է):

Մի՞թե սրանք էլ հավատացել են, որ դու դա կանես: Չէ… Սրանք բոլորի ֆայլերը ունեն մոլեկուլային մակարդակներով: Չեն դնի վրադ, եթե միայն անվանդ վրա սև կեղտ չի թափված արդեն նախօրոք: Բայց ո՞վ կթափեր: Ո՞վ պիտի աներ: Առնետը տանի դրա աղջկան:

Ե՞ս:

Ե՞րբ:

Նե, նե, նե, ես չէէէ…

(Պարսկերեն խոսքին զուգահեռ լսվում է, որ «Պայթյունն իրականացրած ահաբեկիչը, ըստ փորձագետների կանխատեսումների, ամենայն հավանականությամբ, չէր սահմանափակվելու այդ պայթյունով: Հետախուզական աշխատանքները շուտով կպատասխանեն այդ հարցին: Ինչևիցե, չարագործի ինքնությունը պարզված է: Պարետային կայազորից տեղեկացրին, որ նա ճանաչվել է. Հո-հոյ տոնավաճառի ժամանակավոր զվարճարար կազմի աշխատակից մկնիկի խաղակատարն է: Նրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդենք հաջորդ թողարկմանը»:

Սո՞ւտ: Ինչերե՞ն էր: Նա չի:

(Հեկեկում է):

Նա չի ձերբակալվել:

Ախ, Գենա… էէէ… Միքի, Միքի, ինչի՞, ինչի՞ է, մուկիկը, մուկիկս, չէէէ, լեոպարդս ինչի՞ է բարձրացել լեռան ձյուները: Հիմա ո՞նց քեզ հանեմ… Ամեն ինչ իզուր, իզուր… ո՞նց հանեմ, ո՞նց… Ախ, Միքի… Միքի… ի՞նչ անեմ… ի՞նչ կաներ… ի՞նչ կարելի է անել… ի՞նչ անել քեզ համար: (հազում է):

Սո՞ւտ: Մայթին չի ձերբակալվել:

Չի կարող ձերբակալվել:

Չենք հիասթափեցնի, եթե ասել է` կանեմ, ուրեմն`կանի

հենց ձերբակալված` ձեր հսկողությամբ:

Առ քեզ ալիբի` ինքը ձեր ծակում` պայթյուն կլինի: Սարը մեկ հատ էլ պիտի որ տանի, երրորդ չի լինի` նրան կազատեն:

(Հրանտը մարմնից պոկում է իր հանդերձանքը և չվերջացրած, ջանում մտնել Միքիի հանդերձանքի մեջ` քաշել գլխին: Վայր է ընկնում ու հուսահատ կրկնում ջանքերը):

Մայթին չի ձերբակալվել, չի ձերբակալվել, նրան տեսել են, նրան կտեսնեն… դեռ կլինի երկրորդ մի պայթյուն` շուտով շատ շուտով, կլոր ականջներով մեկը դա կանի, ու կտեսնեք, չի ձերբակալվել, Մայթին գալիս է պայթեցնելու, Մայթին արդեն գալիս է, տրաքացնելու… սուտ է, սուտ է… Մայթին երկրորդը կտրաքացնի… գործը կավարտվի, անկասելի է մայթը Մայթիի… Ես, ես արդեն… արդեն գալիս եմ…

(Տապալվում է գետնին ու կռվում հանդերձանքի հետ):

Կոլոտ գեներալ, ինչի՞ ես էդպես կոլոտ, վտիտ, լղար, Միքի: Մի՞թե միշտ էիր այսքան պուճուր: Ես` ոչ. Չեբը չաղ չի, լկտի’, ոչ, ծեր չի, ոչ, ծեր չեմ, հիմա՛ր…

(հոտոտում է իր տրիկոյի թաց լաքան)

121, 121, ոչ… հոգնել եմ սրանից….

(Մաքրում է կոկորդը: Քշում է միջատին):

Պատահում է… դու էլ տակդ արած կլինես… ինչի՞ ես,

Ինչի՞ ես էդքան փոքր:

Ինչի՞ ես էդքան մանր-մունր, Միքի, տղա, տղամարդ չես, լակո՛տ… Ինչի՞ ես Միքի… ո’չ, ես ծեր չեմ, լակո’տ, նույն տարիքի ենք համարյա` ինձնից լավ գիտես… Իսկ ականջներդ առհասարակ հայր են գալիս Չեբինին: Ոչ, ես ծեր չեմ… Երկու կլոր կլորականջավոր, բայց չի մտնում ախր…

Մի՞թե միշտ էիր այսքան… մի՞թե միշտ էիր… Մի՞թե չեմ ճանաչել քեզ… Ինչ ապուշ եմ ես:

Մի՞թե դու ես արել իրոք: Ո՞ւմ համար ես աշխատել… Դո՞ւ ես արել: Ամենի պես քեզ հաջողակ ու դատարկ եմ կարծել… իսկ դու թաքուն մարկիզ դե Պոզա էիր փորձում: Ի՞նչ հույսով: Պարզ չի՞, որ խաղալու շանս չի լինի: Պարզ չի՞, որ չես փրկի էդ հանքի կեղտից: Ամեն ինչ վերջնականապես վարի կտայիր:  

Ինչ Չեբուրաշկան եմ ես:

(հազում է):

Ոչ, ոչ… մի րոպե…

(գրպանից հանում է մի բուռ մետաղադրամը)

այ մուկ, դու քեզ ֆռացրու, խղճուկի մե՛կը, ոչինչ էլ չունեիր սրանից բացի:

 

(Միքիի հանդերձանքը վրան քաշելու անհաջող և հուսահատ փորձերից հետո սկսում է բռնաբարել այն սեղանի վրա: Ընկնում են: Գետնատարած թավալվում, թափահարվում հեռուստալուսապաստառների շարժուն լույսերի տակ):

Դու սարն ես ելել թուլամտության ահից, դասալիք… վախկոտ… ծերության ահից ու տկարության, տրաքացնես հանքը` միֆդ քոք մնա… միֆդ քոք մնա` Մասիսին մեռնե՞ս, իբր մեծ գործով,

թե՞ բոց` կրակ տաս ձյունապատ գլխին, կրակ առնես սարից կախ ընկած պոչիդ… հատած, հատած: Դե ուրեմն Տռռռաքիկոմեդիա…

(Ավելի թափով թափահարվում է, պատառոտում Միքիի հանդերձանքը: Լսվում է ճապոներոն հայտարարություն: Կնոջ ձայնն ազդարարում է. “Հարգելի հանդիսատես ներկայացումը սկսվում է…” Չեբը տապալվում է գետին):

 

Ժայթքիր, Մասիս…. Ժայթքիր` վերջերի վերջն է… Ժայթքիր, Մասիս… ահ… Արա, Մասիս… աաահ…. Ժայթքիր` թքիր, Մասիս… Ժայթքիր, Մասիս… աաահհ… Մասիս… արա, մասիս…. Ժայթքիր, Մասիս…. Ժայթքիր… հհհա… Մասիս…. Արա, Մասիս… Արա… հհաա… Մասիս…. Ժայթքիր, Մասիս…. Ժայթքիր, Մասիս… աաաաաահ… աաաահհհ… աաահհհ… հահհհ… հհհհ

(Հրանտն ու Միքիի պատառոտված հանդերձանքը փոխնիփոխ հեծնում են իրար ու ցնցում` տապալում հեռուստապաստառները: Գալարվում նորից հեծնում ու ցնցում` ցնցվում: Երաժշտությունը շարունակվում է ամբոխի վանկարկման ֆոնին: Ներս է մտնում ռոբոտիկը` կանգնում լուսարձակի լույսի տակ: Հրանտը ընկած տեղից հագի կոշիկը շպրտում` խփում գցում է նրան: Մթնեցում: Դադար:

 

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.