ա-ին

1.

փայտե ձիերը շարված են պատերի տակ նոյեմբերը վերապրող այս քաղաքի,

նավերը հեռվում անհեթեթ կանգնած լինելու փոխարեն պիտի խորտակվեին ինչ-որ տեղ,

իսկ դու, սեր իմ

(ինչ տխուր է քեզ ասելը սեր իմ, 

երբ չի եղել սովորական հպում անգամ), 

դու այնքան անպատրաստ ես այս երեկոյին, որ կենդանու ու բույսի ես վերածվում մեկումեջ,

որ մտաբերում ես ինչ-որ պատմություններ ռոբինզոնի թե ոդիսևսի մասին, խոսում ծխախոտից ու լուցկիներից կաֆկայի

 

մեր միջև սկսում է ձգվել երկարերկար լեռնաշղթա ծանր,

անանցնելի թվացող պատ՝ մենակության,

որի տակ կիսաքուն պահակներ են շարվում՝ լապտերները ձեռքներին հսկելու,

որի միջով սուրում է քամի սառը, ոսկորների մեջ մտնող ու խաղալ փորձող մազերիդ հետ (ամենևին ոչ ինչպես սիրահարված տղա),

որի վրայից կարելի է նայել լճերի մեջ խրված նավերին՝ անվերջ տխուր։

 

ես կարդում եմ աքիլեսի մեռնելու մասին ամեն անգամ,

որքան է ցավեցնում նետը խրված կրունկի մեջ նրա 

(որքան պատրաստ չենք մենք հեռացումին սիրելի մարդկանց,

միայն թե հետաձգվի այն մինչև հեռուցումը մեր)

մտածում՝ ինչպես տանել պատերազմը այս ու կարողանալ փախչել վառվող քաղաքից

ու վերջում, ամենավերջում գտնել քեզ․

կարողանալ 

գտնել 

քեզ

 

հիմա դափ-դատարկ եմ տրոյայի պես՝ ձիուց հետո

իմ մեջ բարձրաձայն արտասվում են կանայք տարբեր տարիքի,

իմ մեջ վիրավոր ընկած են տղամարդիկ գեղեցիկ,

իմ միջի մոխիրների վրա դժվարանում է ծաղկել ինչ-որ ծաղիկ,

իմ մեջ քո մասին հիշողությունը սկիզբ է առնում բարակ ծխախոտից բարակ մատներիդ մեջ,

 

իսկ

ես գիտեմ հանգիստ քնել գիշերվա ժամը երկուսին՝ արցունքների, տխրության, ցավի հետ հաշտ-համերաշխ

եւ կարողանալ թվալ գեղեցիկ ու կատարյալ տերտերյանի առաջին սիմֆոնիայի պես՝ ըստ ճաշակի

հետո ենթադրել, որ արժե սիրահարվել ինչ-որ մեկին

հետո դարձյալ թերթել նկարներդ սևուսպիտակ՝

թափանցիկ ու քո սեռին չթույլատրված գեղեցիկ

 

շարունակության մեջ սեղմված ու ցրտահարված տեքստերը չեմ հիշում ոչ մի կերպ,

ոչ մի բառ զրույցից մեր՝ ժամերով ձգված,

ու տանը տեղավորվում եմ տաքուկ՝

նյարդային լարվածության մեջ՝ իրերի սպասման․

 

չի ստացվում․

դժվարանում եմ քնել ահռելի փոքր պատուհանիցս ահռելի մեծ երևացող լիալուսնի երեսից,

ես դադարում եմ հաշվել քեզ հիշեցնող իրերի թիվը 

դիմացիս պահարանին ու աթոռին կողքիս,

ես որոշում եմ կրկնել մտքումս բազմապատկման աղյուսակի պես՝

չի ստացվի ոչինչ,

ներսի մոխիրներից կրակ չի վառվի ու 

ու քամին սա էլ կքշի մոտ երեկոներից մեկին։

ու վաղն արթնանալ է պետք․

 

պիտի նեղնեղնեղ օրից այս

սողալով դուրս գալ՝ ցուրտ առավոտներին վերմակի տակից 

ուսերն ու ոտքերը դուրս հանելու պես

 

2․

 

ես կհամաձայնեի լինել երրորդ մետամորֆոզը ֆիլիպ գլասի,

հետո այն ագռավներից մեկը, որ նկարեցի՝ այգու վերևով թռչող,

դիմացի շենքի տանիքին տնկված մետաղե կառույցը անհասկանալի,

առաջին նախադասությունը վուլֆի գրքի (քար, տերև, չբացված դուռ),

կնախընտրեի չիմանալ ձմռան մասին, ծնվել աշնանային տաքուկ մի օր

չընդունել պարզ գիտակցումը՝ որտեղից է դողը այս,

չհասկանալ ինչու չեն դեղնում ծառերը, երբ աշունը վերջանում է արդեն,

չիմանալ ինչպես է ավարտվում աննա կարենինան,

չիմանալ հավերժ գնացողների քայլերթի սահմանը վերջին

ու արդյոք մի օր վերջ կտան վերադառնալուն,

չնմանվել ոչ մի դեպքում աշնան վերջին անծաղիկ անխոտ մնացած տխուր դաշտերին․

վեր կենալ գնալ խշխշացող զանգվածների միջով`

անկարելի թեթև կտկտոցը թողնելով ականջներում մեկի, որ եղավ

 

3․

 

մտրակվող ձիուն շոյելու մասին պատմությունն ամենատխուրն է,

հետո ավարտվող երաժշտությունը, երբ լացը համառորեն հրաժարվում է կտրվել,

ցուրտ եղանակին դրսի պարաններից լվացք կախելը,

շների հաչոցը գիշերվա կեսին,

լսելի ու շոշափելի թվացող արցունքը մի պատ այն կողմ,

ավելի բարձր կոտրվող սրտի, մտքի, լեզվի փշրանքը

ու մեկ էլ դիպչելը, որ բառ է մնում բառարանում՝

հոմանիշներով հպում, մոտեցում, շոյանք։

 

հիմա, երբ կարողանում եմ սահեցնել մատներս տառերի վրայով այլալեզու

ու պատրաստ եմ լսել բախից բացի էլի ինչ-որ մարդկանց,

մեկն ինձ պատմում է, որ կարմիր-կարմիր սիրտ եմ

կրծոսկրերի մոտ,

որի վրա ծաղկում է դեղին միմոզա,

որին ուզում եմ պատմել՝ բանաստեղծությունը նստել է մոտս

ու ներսի ծաղիկները հավանաբար բուրում են ինչպես երբեք

 

4․

 

եւ վերջապես ինչպես չխոսել քեզ հետ այն մասին, 

 

որ տխուր ժամանակ վառ դեղին ծաղիկներ եմ տանում կոմիտասին,

որ հուսահատ ու վստահ եմ՝ երբեք լողալ չեմ սովորի,

որ գաղտնիքների տակ թաղված սիրտը իմ գոնե մի անգամ պետք էր բացել-դնել սեղանին՝

նոր լվացած մրգերի մոտ ու սփռոցի վրա մուգ կապույտ,

որ սիրելի ու համարձակ է ասելը քեզ սիրելիս, սեր իմ, 

(մեզ միացնում է գոնե սովետական տասնհինգից մեկում ու պոստսովետում ծնված լինելը քոևիմ),

ես տեսնում եմ՝ ոնց է փլվելու պատը մեջտեղում իմուքո կանգնած կետի,

ու մեկ-մեկ ուզում եմ բարձր հեկեկալ չգտած-չկորցրածի համար,

 

ուզում եմ 

 

քարեր հավաքել ու գցել լիճը

 

միայն։

 

Ճակատի լուսանկարը՝ Վահան Իշխանյանի, Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարանում
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.