Խորը շունչ ես քաշում
Հաշվում ես մինչև հարյուրը
Հաշվեցի՞ր
Բաց ես թողնում
Հարիֆ
Էդ չի օգնում
«Եթե էս մի փորձից էլ չկարենաս հարցս լուծել, թողնելու եմ գնամ»։
Գնդահակարության անապատի տակ կանգնած էսպես որոշեցի, երբ Սա 2020-րդ փամփուշտն արձակեց վրաս։ Փամփուշտները մտնում էին գլուխս, սողեսող իջնում մարմնիս վրայով, խուտուտ տալիս, դուրս գալիս մեջիցս, գնում իրենց ուզած ճամփեքով, սողեսող։
Սա նորից նշան բռնեց ու միտքս կարդալով, որ եթե էս մի փորձից էլ չկարենա հարցս լուծի, կթողնեմ կգնամ, ասաց․
– Էդ քեզ մենակ թվում ա։
Արդեն պիտի ձգանը քաշեր, բայց ռացիան խշխշաց ու լսվեց ձայն․
– Եթե չես կարողանում դրա հարցը լուծես, ուրեմն պիտի հասկանաս, թե ինչու չես կարողանում դրա հարցը լուծես, որ կարողանաս դրա հարցը լուծել։
– Էղավ, մամ ջան,- Սա պատասխանեց։
Ռացիայի խշխշոցի ձայների ներքո Սա մոտեցավ ինձ։ Վերցրեց ասեղները ձեռքերիս միջից, տվել էր, որ ինձ անհարմար զգայի, էնպես որ անդամալուծվեմ։ Բռնեց օձիքիցս ու ասաց՝ գնացինք, էս պահից ես քո գիդն եմ։
«Ու՞ր»,- մտածեցի։ Սուրիկենց կտուր, Սա ասաց։
Սուրիկենց կտուրում երբեք չէի եղել։ Իրազեկ ծանոթներս ասում էին, որ գոյություն չունի, մեր պապերի ստեղծած միֆերից ա։ Սուրիկենց կտուրում էր կնքվել բարեբախտության պայմանագիրը, ըստ որի բոլոր մարդիկ պիտի սուր միտք ունենային այն պահին, երբ պատմությունից դասեր էին քաղում։ Իրազեկ ծանոթներս վստահ էին, որ միֆ ա, որովհետև պատմություն առհասարակ գոյություն չունի, իսկ մարդիկ, երբեք չեն կարող լինել բոլորով։ Ես իրազեկ ծանոթներիս հավատում էի, որովհետև բացակայում էր տեղեկությունը, թե պայմանագիրն ովքեր են կնքել։
Ի՞նչ կա Սուրիկենց կտուրում, հարցրի Սրան։ Արի կիմանաս։ Ասաց ու շալակը դեմ տվեց։ Թռի շալակս, ասաց, օձիքիցդ քարշ տալուց հոգնում եմ։ Թռա Սրա շալակը ու ճամփա ընկանք Սուրիկենց կտուր։
Ոլորապտույտ աստիճաններով իջնում էինք ներքև։ Սրան հարցրի՝ արդյո՞ք Սուրիկենց կտուրը տանիքում չի։ Ասաց՝ էդ թվում ա քեզ, թե կտուրը տանիքում ա ու մանավանդ թվում ա, թե մենք իջնում ենք։ Որոշեցի, էլ բան չհարցնեմ, քանի որ ավելի լավ է ինքնուրույն տեսնել, քան թե պատասխան չստանալ։
Ոլորապտույտ աստիճաններից մարդիկ էին գլորվում, ընկնում մեր ոտքերի տակ, ապա մեզ անցնում ու առաջ գնում։ Սային հարցրի՝ գուցե մենք էլ գլորվենք, որ մենք էլ շուտ տեղ հասնենք։ Սան ասաց,՝ դա քեզ մենակ թվում ա, թե իրենք շուտ են տեղ հասնելու։
Ոտքով կանգնեցրի նրանցից մեկին։ Հարցրի, թե արդյոք գլորվելով մեզնից շուտ են տեղ հասնելու։ Ասաց, որ գուցե շուտ հասնեն, բայց չգիտեն, թե ուր ու ինչի։ Ասացի, որ ես էլ չգիտեմ, թե ուր և ինչի եմ գնում։ Ասաց՝ ուրեմն ավելի լավ քեզ համար, որովհետև ավելի ուշ կհասնեմ այնտեղ, որտեղ չգիտեմ ուր և ինչի եմ գնում։ Ոտքս քաշեցի, շարունակեց գլորվել։
Գլուխս բարձրացրի՝ տեսնեմ Սան չկա։ Նա շարունակում էր իջնել, երբ ես զրուցում էի։ Արագաքայլ հասա Սային։
– Սա, չէի՞ր տեսել, որ կագնել էի։ Բա որ փախնեի՞։
– Ո՞ւր պիտի փախնեիր, ինչի՞ պիտի փախնեիր։
Ոլորապտույտ աստիճաններից բացվեց լճասենյակ։ Լճի ափին աթոռների տեղը փոշոտ գրքեր էին։ Սեղանների տեղը մարդիկ՝ հորիզոնական ընկած իրար վրա, պինդ-պինդ բռնվել էին աթոռ գրքերից։ Երբ մեկը հենց բաց էր թողնում աթոռ գիրքը, գոռում էր՝ սրա՞ համար էինք էսքան վիզ դրել, ու կլորանում, կլորանում, կլորանալով փոքրանում այնքան մինչև անտեսանելի էր դառնում։ Նրա տեղը, թռվռալով, հայտնվում էր մեկ ուրիշն, ու պինդ-պինդ բռնվում աթոռից, ասելով՝ հես ա, տեսեք ես ոնց եմ վիզ դնելու։
Լճերի միջից էլ, վիզ դրած մարդիկ էին դուրս գալիս՝ միմյանց շնորհավորելով։
– Սա, սրանք ովքե՞ր են,- հարցրի Սրան։
– Սրանք, բարեբախտության պայմանագիրը կնքողներն են։ Իրազեկ ծանոթներդ։
– Բա ինչի՞ են լճերից դուրս գալիս։
– Որտև պայմանագիրը մեկ ա չի գործելու։
– Բա ինչի՞ են էսքան վիզ դնում, լճերից դուրս գալու համար։
– Էդ քեզ մենակ թվում ա, թե դուրս են գալիս։
Մոտեցա դուրս էկողներից մեկին։ Հարցրի՝ դուք լճի՞ց եք դուրս գալիս։ Պատասխանեց, դա նախկինում էր լիճ։ Բա հիմա ի՞նչ ա։ Պատասխանի փոխարեն հեռախոսը հանեց, թևանցուկ արեց ու հետս սելֆի արեց։
Սայի ռացիան նորից խշխշաց, ձայնն ասաց․
– Տուր, թող բարեբախտության պայմանագիրը ստորագրի ու անցեք հարցերը լուծելու։
– Էղավ, մամ ջան։
Սա շալակը դեմ տվեց։ Թռա շալակը, ու գցվեցինք լիճը։ Ալիքը հետ շպրտեց։
Սա, ինձ շալակից իջեցրեց ու ռացիայով խոսեց․
– Լիճը չի ընդունում։
– Տար գուշակների մոտ, թող հարցերը լուծեն, որ հետո դրա հարցերը լինի լուծել։
– Էղավ, մամ ջան։
Սան ֆռաց ինձ ասաց՝ արի հետևիցս։ Սան ինձ տարավ աթոռների մոտ։ Բարձրացավ մարդկանց վրայով, պառկեց մարդկանց վրա, բռնվեց գրքերից ու ինձ հրահանգեց՝
– Պառկի վրաս ու ինչ անում եմ կրկնի։
Պառկեցի Սայի վրա, բռնվեցի գրքերից։ Մարմինս սկսեց ձգվել։ Ուժերս լարում էի, որ չպոկվեմ գրքերից։ Էլ չկարողացա ցավին դիմադրել ու ձեռքերս բաց թողեցի, ասացի՝ սրա համար էինք էսքան վիզ դրել, ու կլորացա, կլարոցա ու հայտնվեցի գրապահարանում, Սայի շալակին, որտեղ մի մարդ կով էր կթում։ Կովի վրա կաշի չկար։
– Սա, սա ի՞նչ ա,- հարցրի Սային։
– Կարմիր կովն ա։
– Բա ի՞նչի ա առանց կաշի։
– Որտև կաշին ա փոխում։
– Բա ինչի՞ կաշին չի փոխվում։
– Որտև կարմիր կովը կաշին չի փոխում։
– Բա, եթե տենց կաշին չփոխող կով ա, էս մարդն ինչի՞ ա կամիր կովին կթում։
– Որտև կարմիր կովը ինչքան էլ կաշին չփոխի, մեկ ա կաթ տալիս ա։
Մարդը դադարեց կովին կթելը։ Նայեց մեզ․
– Էկա՞ք։ Համեցեք։ Սկսենք։ Ի՞նչ ճանաչողությամբ եք էկել մոտս։
Սան ասաց։
– Սրա հարցը պիտի լուծենք, որ կարենամ սրա հարցը լուծել։
Հետո Սան ինձ ասաց՝
– Ծանոթացի։ Ինքնաճանաչողության գուշակն ա։
– Շատ ուրախ եմ։ Ասացի։
Գուշակն ասաց․
– Էդ քեզ թվում ա, թե ուրախ ես։ Մարդ սկի ինքն իրեն չի ճանաչում, ուր մնաց ուրիշին ճանաչելուց ինքնիրեն ուրախանա։
Կովի տակից վերցրեց դույլով կաթը։ Փոխանցեց ինձ։ Ասաց՝ մի թափից խմի։ Նայեցի մեջը։ Կարմիր, կապույտ, դեղին հաբեր էին։ Հարցրի, թե ինչու ա նարնջագույն հաբի փոխարեն դեղին։ Գուշակն ասաց՝ էդ քեզ թվում ա, թե դեղին ա, քանի որ դու տեսնելու ես նոր աշխարհ, որը քոնինից լավը չի, բայց քեզ ավելի դուր կգա, որովհետև ուղեղիդ ծանոթ չի։ Մի թափից խմեցի։ Մաշկս սկսեց թրթռալ։ Գուշակը հարցրեց․
– Ի՞նչ ես զգում, ծանո՞թ բան ա։
Պատասխանեցի՝ կաշիս եմ զգում, բայց ծանոթ բան չի։
– Արդեն լավ ա, սկսեցիր մաշկիդ վրա զգալ ինքդ քեզ ճանաչելու անհարմարությունը։
– Մաշկիս վրա զգալ ի՞նչը։
– Այն, որ կաշիդ չի փոխվի։ Ուրա՞խ ես։
– հա։
– Էդ թվում ա քեզ թե ուրախ ես։ Մարդ սկի ինքն իրեն չի ճանաչում, ուր մնաց ինքնիրեն ճանաչելուց ուրախ լինի,- ապա դիմեց Սային,- Էս մի հարցը արագ լուծեցվեց։ Տար զգացմունքի գուշակի մոտ։
Սան շալակը դեմ տվեց։ Թռա շալակը, հարցրի․
– Սա, բա էս գուշակներն ինչու՞ են գրապահարանում։
– Թվում ա մենակ քեզ էդ, թե գրապահարանում են։
– Իսկ մի՞շտ ա ինքնաճանաչողությունը սենց հեշտ։
– Հեշտ ա, եթե էդ քեզ թվում ա, թե դա ճանաչողություն ա,- պատասխանեց ու գրապահարանի հարկից ցատկեց։
Հայտնվեցինք հրավառության գործարանում։ Շարժասեղանների մոտ աշխատավորները մարդկանց փորերի մեջ ճայտրուկ էին լցնում։ Ապա մարդիկ անցնում էին շարժասեղանի մյուս ծայրին, որտեղ աշխատավորները մարդկանց միջի ճայտրուկները վառում էին։ Բենգալյան կրակները ձեռքերին մի մարդ հետևում էր աշխատավորների աշխատանքին։
Սային հարցրի․
– Սա սրանք ովքե՞ր են։
– Դու հիմա նայում ես մարդկանց, որոնք սիրահարվում են իրար, մարդասպանության ժամանակ։
Սան 100 դրամանոց բոմբերից վառեց, գցեց հատակին։ Բոմբը գմփաց։ Բենգալյան կրակներովը մեզ նկատեց ու մոտեցավ։
– Ծանոթացի, զգացմունքների գուշակն ա,- ասաց Սան ինձ։
– Հաճելի ա,- ասացի։
– Էդ քեզ թվում ա, թե հաճելի ա, մարդն ինքն իրա զգացմունքներին սկի չի տիրապետում, ուր մնաց հաճույքն ինքնիրեն տիրապետի,- ասաց զգացմունքների գուշակը,- Ի՞նչ զգացմունքի ակնկալիքով եք էկել մոտս։
– Սրա հարցը պիտի լուծենք, որ սրա հարցը լուծվի,- ասաց Սան։
Զգացմունքների գուշակը բենգալյան կրակները խոթեց բերանի մեջ, հանգցրեց ու ասաց՝ էկեք հետևիցս։ Մեզ մտցրեց մութ ու կարմիր մի սենյակ ու ինձ հրահանգեց պառկել։ Հարցրի՝ որտե՞ղ։ Ասաց՝ երբ հիշողությունները զգացմունքները խեղդում են, կարևոր չի թե որտեղ ես պառկում։
Պառկեցի կույտով ժապավանների վրա։
Գուշակը փորս բացեց ու ժապավենը նրբորեն մտցրեց մեջը։ Ապա մյուս ձեռքով բերանիս միջից հանեց ժապավենի ծայրը ու նրբորեն, դանդաղ սկսեց քաշել, որ կոկորդս շատ չխեղդի։
– Հասկանու՞մ ես,- հարցրեց։
Ես զգում էի, որ ժապավենը հաճելիորեն խուտուտ է տալիս։
– Չեմ հասկանում, բայց զգում եմ,- ասացի։
– Դեռ կհասկանաս։ Առայժմ զգա։
Աչքերիս դիմաց ժապավենն էր շարժվում, աչքերս շարժապատկեր էր տեսնում.
Ընկերներից պարտքով փող էր վերցնում, որ գնա Թիֆլիս, որ ռուս ընկերուհուն հանդիպի, որ իմանա սիրահարվել ա, թե չէ, որ էդ մեկն էլ փորձի, որ վստահ լինի, որ դա էլ չի ստացվի։
Գուշակը մի փոքր ուժեղ սկսեց քաշել ժապավենը ու մի փոքր խեղդեց շարժապատկերի այն պահի վրա, երբ տղան հասկանալով որ չստացվեց, Թիֆլիսից արդեն վերադառնում էր։
– Հասկացա՞ր,- հարցրեց գուշակը։
– Հասկանում եմ, բայց չեմ զգում։
– Դեռ կզգաս։ Առայժմ հասկացի,- ասաց ու ավելի ուժեղ քաշեց ժապավենը։
Նամակներ են հայտնվում։ Յուրաքանչյուը հաստ տառերով վերնագիր ունի՝ Քո տունը ստեղից էրևում ա; Նկարները չեն այրվում; Էսօր ապրիլի 23-ն էի հիշել; Երազի սեքսն ու երկրի դողը; Հեչ քիթդ չկախես; Տիկոն էլի վատ ա; Ինձ էդ մենակ թվում էր, քեզ էլ էր մենակ էդ թվո՞ւմ։
Յուրաքանչյուր նամակ սկսվում էր «Սիրելի»-ով, բայց սիրելիից հետո անունը բացակայում էր։ Ինչի՞ց ա անունը բացակայում։ Գուշակը ասաց․
– Խեռիդ պե՞տք ա էսքանից հետո անունն էլ լինի։
Հա էլի, խեռիս պե՞տք ա։ Ու զգացի, որ հա, խեռիս պետք ա։
– Հասկացա,- ասացի,- ու զգում եմ, որ արդյոք խեռիս պետք ա, որ անունը լինի, եթե խեռիս պետք ա և պետք չի խեռիս։
Գուշակը ժապավենը բաց թողեց, ու փորիցս ժապավենները հրավառվելով ժայթքեցին, ցրիվ եղան ու շատրվանաձև ընկան երեսիս։ Գուշակը դիմեց Սային։
– Էս մի հարցն էլ լուծարվեց։ Տար սեքսի գուշակի մոտ։
Սան մեջքը դեմ տվեց, թռա մեջքին։ Գնաց, դուռը ոտքով բացեց։ Անծով ծովափ բացվեց մեր դիմաց։ Աջ անկյունում գունավոր լողազգեստով մեկն էր, ջանդակը՝ մերկ, յուղոտ, մրոտ։ Հսկա անիվներով տրակտոր էր սարքում։
Սային հարցրի, թե ինչ տրակտոր ա։ Սան ասաց․
-Սովետական տրակտոր ա։ Էս տրակտորից լավ ոչ մի բան հողը չէր վարում։ Վաղուց չի աշխատում, բայց գուշակը դեռ սարքում ա։ Կարծեմ երբեք չի աշխատել, բայց գուշակը միշտ սարքում ա։
Մոտեցանք տրակտորը սարքողին։ Սան շալակից իջեցրեց։ Ասաց, որ ծանոթանամ, սեքսի գուշակն ա։
-Զգացված եմ,- ասացի։
-Էդ քեզ ա թվում մենակ, թե զգացված ես։ Մարդ սկի ինքն իրա սեքսից էլ զգացված չի լինում, ուր մնաց ծանոթանալուց ինքնիրեն զգացված լինի։ Ի՞նչ ղզղնած հարցով եք էկել։
-Սրա հարցը պիտի լուծենք, որ կարենամ սրա հարցը լուծել։
Գուշակը ձեռիցս քաշելով տարավ տրակտորի տակ։ Կատաղած ասաց՝ կանգնի ստեղ։ Դեռ կյանքում կատաղած գուշակ չէի տեսել։
Բահը խփեց հողին։ Հիմա կտեսնենք, թե դու ինչ տրակտոր ես, քթի տակ ասաց։ Ֆռաց։ Գոռաց վրաս՝ շալվարդ իջացրու։ Իջացրի։ Հագս տրուսիկ չկար։
Գուշակը սկսեց մտածել, թե ինչու տրուսիկ չեմ հագել։ Որ գուշակին օգնեմ, ասացի՝ հարցրու, կպատասխանեմ։ Հարցրեց․
-Առանց տրուսիկ հարմա՞ր ա։
– Սկզբում հարմար ա, բայց որ հետո գերի ես ընկնում անհարմար ա դառնում։
Հարցրեց, իսկ եթե գերի չես ընկնում։ Ասացի՝ էդ չգիտեմ, հըլը որ առանց տրուսիկ մենակ գերի եմ ընկել։ Գուշակը մի ակնթարթ մտածեց, հիշեց, որ էստեղ գուշակն ինքն ա ու հրահանգեց․
– Տես ինչ ես անում։ Ճուճուլիկդ մտցնում ես էս ծակը,- ասաց՝ ցույց տալով հողի վրա բահով բացած ծակը,- ու վերև, ներքև ես անում, այսինքն՝ սեքս։
-Ինչի՞ համար։
-Որ աշխարհը քունես։
-Բայց ինչի՞ ես քունեմ աշխարհին։
-Բա՞, աշխարհը քեզ քունի՞։
-Է թող քունի։
-Դու մինչև աշխարհին չքունես, ինքը քեզ քունողը չի։
-Մինչև աշխարհն ինձ չքունի, ես իրան քունողը չեմ։
Հասկացավ, որ ճարտար լեզու ունեմ։ Ես հասկացա, որ հասկացավ, որովհետև ասաց՝ ճարտար լեզու ունես։ Ու հրեց գցեց ինձ, տեղավորեց էնպես, որ անդամս մտնի աշխարհածակը։ Գուշակը մեջքիցս բռնեց ու հրել-բարձրացնելով օգնեց վերև ներքև գալ աշխարհի վրա․
-Դե քունի, քունի, քունի աշխարհը, խրի աշխարհի մեջ, աշխարհը անցքն ա, մենք անցակետը, խրի, որ հետո էլ չփոշմանես, ի խորոց սրտի խրի թո էթա, քո խրամատն ես սարքում էս աշխարհի վրա։ Հողը կլրիդ, մարմինդ՝ հողին։ Դե սերմերդ ցփնի աշխարհի վրա, որ հողը ճեղքեն գեներդ ծառանան, ծառայեն, ծառայանան։
Պրծա։ Ասացի։
Շունչ քաշի, ասաց։
Քաշեցի։
-Դե հարցդ տուր։
-Խի քունել տվիր աշխարհը։
-Որ հասկանաս սեքսն ինչ բան ա, երբ հողից կտրված ես։ Մյուս հարցդ հիմա տուր։
-Այսի՞նքն։
-Լսե՞լ ես Սովետում սեքս չկա արտահայտությունը։
-Լսել եմ։
-Լսել ես։ Բա լսե՞լ ես Սեքսը մի բաժակ ջուր խմելու պես բան ա։
-Լսել եմ։
-Էդ էլ ես լսել։ Դե հիմա ուշադիր լսի։ Սովետի տարիներին դեռ հայտնի չէր, որ եթե սեքս եք անում, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում, կարծում էին որ եթե սեքս եք անում, ապա դա կոնկրետ նշանակություն ուներ։ Սովետի հիմնադիրների սխալն էդ էր, որ իրենք իրենց համոզում էին, թե սեքսը մի բաժակ ջուր ա, բայց իրականում նենց էղավ, որ ստացվեց ընդմիշտ կոկա-կոլա ա, իրա բոլոր բացասական կողմերով։ Ոչ բաղադրությունն ա հետաքրքիր, ոչ վնասները։ Քիթիկը մոտեցնում ես, գազիկները կայֆ են տալիս։ Ոնց որ սեքսում՝ պուպուլիկը մոտեցնում ես, թացությունը կայֆ ա տալիս։ Կոլան խմում ես, էլի ես ուզում, էլի ու էլի։ Կոլան ա չէ՞ ասում՝ ընդմիշտ Կոկա-Կոլա, ընդմիշտ խմիր ինձ։ Բա սեքսն ի՞նչ ա ասում։ Նույն բանն ա ասում՝ ընդմիշտ սեքս, ընդմիշտ փորձիր ինձ։ Մի Սովետում մի կնոջ սիրտը Կոկա-Կոլա էր ուզում, ասաց, թե Սովետում սեքս չկա, ու համ Սովետը փլվեց համ սեքսը։
-Բայց սեքս Սովետում կա՞ր։
-Կակռազ սեքս Սովետում կար, իսկ այ Կոկա-Կոլա չկար։ Կակռազ Սովետում էր սեքսը ջուր խմելու պես մի բան։ Այսինքն, երբ պետքն ունես, անում ես, ոչ թե Կոլա լակելու պես՝ կախվածություն, որ անընդհատ ուզես, որ ազատականների գովազդը Կոլայի գովազդի պես ազդի վրադ։ Ազատականների գովազդն ազդեցիկ ա, որտև ազատության գովազդն ա, Սովետի ժամանակ էլ կոլա խմելն էր ազատություն։ Սիրտս Կոլա ուզեց, մի հատ տուր խմեմ։
Կոլան փոխանցեցի գուշակին ու մտածեցի՝ ճիշտ ա ասում։ Երբ քիթդ Կոլայի գազերին ես դեմ տալիս, ղդիկոտ կայֆ ա։ Երբ անդամդ հեշտոցին ես մոտեցնում, ղդիկոտ կայֆ ա։ Երբ անդամս հողին մոտեցրի, ղդիկոտ էր, բայց կայֆ չէր։
-Էդ քեզ կայֆ չէր, աշխարհին էր կայֆ,- Կոլան խմեց պրծավ, ասաց գուշակը,- որտև որ քիթդ Կոլային ես մոտեցնում, էդ Կոլային չի կայֆ, քեզ ա կայֆ, որ կլիրդ պցին ես մոտեցնում, էդ պցին չի կայֆ, քեզ ա կայֆ։
– Ուզում ես ասես, որ ես պո՞ւց եմ։
– Բա, որ պուց չես, բա ի՞նչ խեռս ես։
Քունածս տեղից ծաղկեցին փշալարեր։ Հասկացա։
-Հըլը ասա, տեսնեմ, ի՞նչ ես հասկացել։
-Հասկացա, թե ինչ խեռս եմ։
-Ո՞ւ։
-Ինչքան շատանում ենք, էնքան սահմաններս են շատանում։
-Ուրեմն ի՞նչ ա պետք անել։
-Աշխարհը քունելու տեղը, քո պես՝ գլուխ քունել, որովհետև եթե ուզում ես աշխարհը քունես, նախ ինքդ քեզ պիտի քունես։
-Էս հարցն էլ լուծեցրինք,- ասաց գուշակը Սային,- Տար վերլուծող գուշակի մոտ։
Շալվարս հագա, թռա Սայի շալակը։ Սան սկսեց վազել անծով ծովափում։ Այ քեզ գուշակ, բոլորից տարբերվում էր՝ համ շատ էր խոսում, համ հարցերն էր շատ, համ կատաղում էր, համ ընկերանում։ Սային հացրի, թե ինչի էր էս գուշակն էսպիսին։ Ասաց․
-Որովհետև սեքսից հետո վերլուծել ա պետք:
Սան էնքան ուժգին վազեց, որ պտտահողմ բարձրացավ ու ընկանք ձյունածածկ վակուումի մեջ։ Սային հարցրի, թե ինչու ա սենց ցուրտ, մանավանդ, որ վակուումի մեջ ենք։ Ասաց, որ վերլուծելը մրսածության պես ա, մինչև չմրսես, խելքիդ ձյուն չի գա։ Բայց նաև ասաց, որ թվում ա էդ ինձ, թե ցուրտ ա։
Ձյան մեջ մի քիչ լուռ քայլեցինք կամ գուցե դա թվում էր, որ լուռ էինք կամ գուցե ինձ թվում էր, որ վակուումում ձյան վրա ձայն կա կամ գուցե ինձ թվում էր, որ լսում էի ձյան վրա մեր ոտքերի ձնաճռռոցը կամ գուցե ինձ թվաց, որ մեր առաջ ձյան միջավայրում կանաչապատ խաղահրապարակ հայտնվեց։
Խաղահրապարակում ճոճվում, սղում, պտտվում էին զույգ քույրուեղբայրներ։ Սային հարցրի, թե ովքեր են սրանք։ Ասաց, որ սրանք նույն պրոպագանդայի ծնունդ են, մանիպուլյացիայի զավակները։
-Իրազեկ ծանոթնե՞րս։
-Ծանոթներդ իրազեկ։
-Կարո՞ղ եմ նրանց հետ խաղալ։
-Կարող ես,- ասաց Սան,- բայց մենք դրա համար չենք էստեղ։
-Բա ինչի՞ համար ենք էստեղ։
Սան շրջվեց ու ասաց․
– Ծանոթացի վերլուծության գուշակն ա։
Ես ոչ ոքի չէի տեսնում։ Հետո հասկացա, որ վերլուծությունը հետևից ա գալիս։ Շրջվեցի։ Վերմակով պարուրված, դողացնում էր վերլուծության գուշակը։ Ձեռքին ինչ-որ ձեռագրեր։
Ուրախ եմ, ասաց գուշակը։ Ասացի՝ նմանապես։ Ասաց՝ էդ քեզ թվում ա, թե նմանապես․
– Մարդ սկի չի կարողանում ինքն իրա մտքերը վերլուծի, ուր մնաց ուրիշին տված ինքնիրեն պատասխաններն ընկալի։
-Իսկ ինչո՞ւ եք վերմակով փաթաթված։
-Որովհետև կին եմ
-Բայց նախորդ գուշակներն էլ էին կին։
-Բայց նախորդ գուշակներին դու չէիր հարցրել, թե ինչու են վերմակով փաթաթված։
Գուշակը վերմակը հագից գցեց։ Տակն էլի վերմակ կար, ու ասաց․
-Ես գիտեմ, թե ինչ հարցով եք էկել։ Քո հարցը պետք ա լուծել, որ Սա քո հարցը լուծի։
Ապա ձեռագրերը դեմ տվեց դեմքիս ու հարցրեց․
– Ծանո՞թ ա։
Ասացի, որ ծանոթ ա, իմ ձեռագիրն ա, բայց ձեռագիրն իմը չի։
Ասաց, որ ինձ թվում ա միայն, թե ձեռագիրն իմը չի։
-Հիմա, կարդամ, տես, որ քոնն ա։
Բա դուք ո՞նց եք դիմանում, էս քրջոտ, տխուր փալասում
Նեղահոտ, արճիճ ֆասադին, ծնկել ա խոնավ ժաժմարմին
Մասնատված թավշյա խզարով
Ուղեղը ցփնել ա պարսպին
Անգլուխ դարպասն ա բացվում
– Ստեղ հարցդ իբր ուղղել ես ուրիշներին, բայց պարզ ա, որ քո մասին ա, ինքդ քեզ ես հարցնում։ Բանաստեղծների ձև թափելը չեմ սիրում էլի, հարց ունես ուղիղ ասա, ի՞նչ ես ուրիշների վրա գցում։ Փալասն էլ իբր անգլերեն փելես՝ պալատ, հայերեն՝ փալաս բառախաղ ես արել, օֆ աման։ Բայց դե Էլի վատ չի, եթե հետո հիշացնում ես, որ ուղեղը ցփնել ա պարսպին։ Նեղահոտ, արճիճ ֆասադ։ Իբր նեխահոտ նկատի չունես հա՞, իբր տառասխալ չես արել հա՞, այլ նեղվածության հոտը նկատի ունես, հա՞։ Մեկը հարցնի՝ նեղվածության հոտը ո՞րն ա տղա ջան։ Տակից դուրս գալու՞ ես։ Արճիճ ֆասադի տակից հըլը դուրս կգաս, նեղվածությանդ հոտը սաղ կյանք վրադ ա մնալու։
Հասկացա, որ իմն ա, բայց երբեք ռիսկ չէի արել ձեռագրել այն.
Ո՞նց եք նկարագրում անկումը, բթած ձգող ուժի շրջապտույտում
Պոլիտիկ սև մարդկանց հորդորով
– Այ, ստեղ հարցդ ուրիշներին տալը տեղին ա։ Որտև ստեղ հարցը ինքդ քեզ՝ ներս ուղղված չի, այլ իսկապես պատասխանի ակնկալիք ունես։ Ձգող ուժը, լավ ես մտածել, որ և երկրի ձգողության ուժն ա, և ձգող մի բան՝ հետաքրքրություն։ Պատկերացնո՞ւմ ես հետաքրքրությունը կորցնելու դեպքում ձգողության ուժը չլիներ, մարդկության մեծ մասը օդերով կլիներ։ Ուժը, համ էլ, հա՝ իշխանություն, որ մյուս տողի՝ պոլիտիկի հետ ա առնչվում։ Բայց շրջապտույտը կփոխեի, կգրեի՝ պտույտում։ Ինչի՞, որովհետև սահմանափակում ես պտույտի ձևերը, թող որ եռանկյունաձև էլ պտտվի, պարույրաձև էլ, հարբած մարդու քայլվածքի ձև էլ։ Պոլիտիկ, հա՞։ Քաղաքական, չէ՞։ Հա պոլիտիկ, որ ընդգծվի քաղաքականության միջազգայնությունը։
Գուշակը ծիծաղեց։ Հարցրինք՝ Ես ու Սա, թե ինչու ա ծիծաղում։ Ասաց․
– Էս սև մարդկանց պահով, որ գրել ես, մտածելու են սևուսպիտակ թեմայի մեջ ա, մանավանդ, որ դիմացը պոլիտիկ ես գրել, բայց չեն ֆայմի ինչ թեմա ա։
Ես էլ ժպտացի՝ հասկանալով, որ հասկացել ա։
– Բայց պակաս ա թվում։ Մի տող ավելացնենք։ Սենց գրենք՝ Խումհար վաղուց չունեն, որ մի քիչ ամոթից մեռնեն։
Լավ չհասկացա, թե ինչ նկատի ունի, բայց չառարկեցի։
Սխալվում էին անձնասպան պոետները
Կյանքի մասին դասերում՝
Ոչ Ապրելն ա նոր, ոչ Կյանք անելը՝ դժվար
– Այ, էս հետաքրքիր ա։ Լավ ա, որ անձնասպան ես գրել, ոչ թե ինքնասպան։ Իրենց մեռցնելը անձի ձևավորման ոչնչացում էր։ Ինքն իրեն չէր կրակում, կրակում էր նրան, ով ինքնիրեն իրեն ձևավորել էր, սարքել էր, խոստացել էր, խաբել էր։
Լավ զգացի ինձ։ Բայց երկար չտևեց։ Գուշակը միանգամից խոժոռվեց։ Հարցրինք՝ Ես ու Սա, թե ինչի բարկացավ, ասաց․
-Էդ մարդիկ իրենք իրենց սպանելով են ապացուցում իրենց ճիշտը, իսկ դու պոետներին սխալ ես հանում։ Տենց դուխով տղա ես, հա՞։ Չնայած։
Գուշակը սկսեց մտածել։
– Չնայած, թող մնա։ Բայց ստեղ դասերում-ը փոխել ա պետք։ Դաս չէին տալիս, զգուշացնում էին, ուրեմն գրենք՝ կոչ։ Պոլիտիկի հորդորի հետ կբռնի համ էլ։ Պոետի անձնասպան կոչն ընդդեմ պոլիտիկի հորդորին։ Հաջորդը՝
Ուրեմն ոչ թե կյանքն ա հարցը, այլ թե ինչպես այն չապրենք,
Որ վերջ տալու ձևը չգիտենք՝
Տիկոյի ռեպետետիվ տեխնիկայից դուրս գալու
Ու պոետն էլ դրա ձևը չգիտի
– Առաջին տողը ջնջում եմ, հիմարություն ես դուրս տվել, ոնց որ քո ասածի պես՝ սև մարդկանց հորդորով ուղեղդ պարսպին ցփնած լինես։ Չես կարողացել նկարագրես մարդկային անկումը, մի էլ նկարագրի։ ինքնիրար կպնող, թվացյալ սիրուն մտքով դատարկությո՞ւնդ ես թաքցնում։
Ամոթից գլուխս կախեցի։
– Տիկոյի մասը թողնում եմ, ոչ թե որովհետև լավ ա, այլ որովհետև իրան դուր կգա։ Հա, մեկ էլ ռիթմը տեղը չի։ Բայց լավ ա, որ տեղը չի։ Գիտե՞ս ինչու։
– Գիտեմ ինչու։
– Դե լավ ա, որ գիտես ինչու։ Չնայած, էդ քեզ մենակ թվում ա, թե գիտես ինչու։ Իսկ հիմա առ, կարդա, տես ինչ էղավ։
Ձեռգիրը տվեց ինձ։ Վերմակը փոխանցեց ինձ։ Ինքը մերկացավ։ Ես ծածկվեցի վերմակով։ Բարձրացա օդերով ու կարդացի՝
Պարզ կոնկրետ պետք էր ուղղակի ասել՝
Քունեմ սաղիդ լավը, երբ խոսքերն ավելորդ են
Լավը սաղիդ քունեմ, երբ դուք էլ եք ավելորդ
Սաղիդ լավը քունեմ, երբ անգլուխ հրեղեն էշ եք դառել
Լավը քունեմ սաղիդ, երբ ձեր լավը լավ է քունվել
Եվ իհարկե, քունեմ լավը սաղիդ, որ քունված լավերը, ոչ մի կերպ չի քունել ձեր լավը
Հա, ու չմոռանամ ասել՝
Իմ լավն էլ ընդեղ քունեմ, քանի որ մեկ ա չի ստացվի ձեր լավը քունել
Թեև դա ինձ մենակ թվում ա։
Օդերից իջա։ Վերմակը տվեցի Գուշակին։ Խաղահրապարակի զույգ քույրուեղբայրները անգլուխ հրեղեն էշերի էին վերածվել։ Գուշակը հարցրեց․
-Ի՞նչ եզրակացության էկար։
-Եզրակացրի, որ եթե պետք ա անգլուխ հրեղեն էշերի լավը քունել, պետք ա գրել էնպես, որ հասկացվի, որ նրանց լավը քունում ենք։
-Ըհը, ձայնը գտավ վակուումի մեջ ձյան վրա նույն պրոպագանդայի ծնունդների շրջապատում։ Սրա էս մի հարցն էլ լուծարվեց։ Նա արդեն ճանաչում ա ինքն իրեն, զգում ա ինքնիրեն, գլուխ քունում ա ինքնիրեն ու ձեռագիրն ունի ինքն իրա, թեև դա նրան միայն թվում ա։ Բարեբախտության պայմանագիրը պատրաստ ա, տար թող ստորագրի։ Արդեն կարող եք լճանալ։ Դրանից հետո կարաք գնաք գնդակահարության անապատ, դրանից հետո կարող եք գյուլլել։
Սան շալակը դեմ տվեց, թռա։ Մտավ խաղահրապարակ ու հայտնվեցինք լճասենյակում։ Սան լողացատկորդի դիրքն ընդունեց։ Արդեն պիտի ցատկեր, բայց կաթը, ժապավենը, հողը, ձեռագիրս զզվելի դառնահամ էին առաջացրել բերանումս։ Մի լավ թուքս հավաքեցի ու թքեցի լճի մեջ։ Սա շալակից ինձ գցեց ու գոռաց․
-Ի՞նչ արիր, հիմար, սաղ աշխատանքը ջուրը գցեցիր։
-Սաղ աշխատանքը իմ թո՞ւքն էր։
-Քո թուքն էր սաղ աշխատանքը, իսկ հիմա թքիր, դու թքած ունես։
Լիճն անհայտացավ։ Մենք կրկին հայտնվեցինք գնդկահարության անապատում, որտեղ ճոճանակի վրա ճոճվում էինք միասին, հետ գնալուց ոտքերը ծալում, առաջ գնալուց բացում։ Սայի ռացիան խշխշաց։
-Դու Թքիր։ Թքեց լճի մեջ, լիճը լճացրեց, նա թքած ունի, բարեբախտության պայմանագիրը չստորագրվեց։ Դրա հարցը լուծելու ձևն ինքդ պիտի գտնես, եթե դու էլ դեռ թքած չունես։
-Էղավ, մամ ջան։
Զգացի, որ Սա հեչ տրամադրություն չունի։ Որպեսզի սառույցը կոտրեմ, ասացի․
– Սա, մենք չծանոթացանք տենց էլ։
– Էդ քեզ թվում ա մենակ, թե չծանոթացանք։
– Բայց ես քո անունը չգիտեմ։
-Ասացի՝ քեզ ա էդ մենակ թվում, որ անունս չգիտես։
– Սուրի՞կ ա անունդ։
– Սուրիկ ա։
– Տանիքը քոնն էր։
– Տանիքը իմն էր։
– Քեզ էդ թվում ա մենակ, թե տանիք էր ու քոնն էր։
Սան հասկանալով, որ իրեն էլ է սկսել թվալ, ճոճանակից իջավ, ճոճանակը կանգնեցրեց, ասաց․
– Հիշո՞ւմ ես, որ 3-4 տարեկան էիր, ուզում էիր մեծանայիր, հերոս դառնայիր։
– Հա, դու որտեղի՞ց գիտես։
– 3-4 տարեկանում սաղ էլ ուզում են հերոս դառնալ։ Հերոսանալու մոլուցքը կաթից կտրվելուց ա սկսում։
– Հա, հետո՞։
– Ուզում էիր հերոս դառնայիր, մեդալ ստանայիր, բայց դրա փոխարեն ի՞նչ ստացար։ Մի քիչ ժամանակ եմ տալիս մտածի։
Մտածեցի, մտածեցի, հասկացա։ Շշուկով ասացի.
-Գեմառո՞յ։
Սան ռացիան մոտեցրեց բերանին, խշխշացրեց ու ասաց՝ գեմառոյ։ Հետո ինձ ասաց․
– Այ, ապրես։ Այ տենց մանկությանդ երազանքները թութք են դառնում։ Ոռիցդ հելնում, վնգստունդ հանում։ Ցավոտ ա, չէ՞։
– Գեմառո՞յը։
– Չէ, երազանքներիդ ի կատար ածումը։
– Թե՞ չածումը։
– Չէ, չէ, հենց ածումը։ Ոռիցդ երազանքներդ ածվում են, վայելի։
Սան, նորից նստեց ճոճանակին, շարունակեցինք ճոճվել։
– Սա, հիմա մենք էրկուսս էլ թութք ունե՞նք, թե՞ էրկուսս էլ թքած ունենք,-հարցրի։
– Հիմա մենք էրկուսս նստած ենք մեր երազանքների վրա։
– Սա, էդ դեպքում, եթե մենք համարյա նույնն ենք, ինչո՞ւ ես դու ինձ գնդակահարում։
– Որտև դու ինքդ քեզ չես կարողանում գնդակահարես։
Սան, նորից թռավ ճոճանակից։ Կանգնեցրեց ճոճանակը, ռացիան խշխշացրեց ու ասաց՝ ինքն իրեն չի կարողանում գնդակահարի, դրա համար եմ ստեղ, որ ինքնիրեն գնդակահարեմ իրեն։ Ապա ինձ ասաց․
– Դու ես ինձ կանչել, որ քեզ գնդակահարեմ։ Հիմա դու ինձ պիտի օգնես։ Դու ինքդ քեզ կրակի։ Քո հարցը լուծել չի լինում, պիտի ինքդ լուծես քո հարցը։
Բռնեց գլխիցս, արհեստական շնչառություն տվեց։ Հարցրի, թե ինչ ա անում։ Ասաց, որ վստահություն ա ներշնչում։ Ապա ձեռքը մտցրեց ճակատի մեջ, հանեց ատրճանակը։ Պարզեց ինձ։ Ասաց՝ ահա քո ճակատագյուլլը։
Ատրճանակը ձեռից վերցրի։ Կանգնեցի գնդակահարության անապատի տակ՝ ճոճանակի վրա։ Սան ինձ ճոճեց։ Արդեն ուզում էի կրակել, բայց մի թիթեռ նստեց ուսիս։
Սային հարցրի՝ էս ինչ ա։ Ասաց՝ թեթևությունն ա իջել վրադ։ Մի թեթև կրակեցի գլխիս՝ ճակատիս մեջտեղը։ Փամփուշտը մտավ գլխիս մեջ, ներսում ուղեղս ատբիտ արեց։ Փամփուշտը թևեր առավ, թիթեռնիկի պես դուրս թռավ։ Ինքնիրեն ռեակցիաս հերիքեց, որ բռնեմ փամփուշտը։ Թևերը պոկեցի, փամփուշտը վերջին շունչը փչեց ու սատկեց ափիս մեջ։
Սա աչքերը չռած նայում էր ափիս միջի սատկած փամփուշտին։ Ապա ասաց՝ մերսի, չէի սպասում քեզնից։ Ասացի՝ բայց չստացվեց, փամփուշտը ատբիտ արեց, սաղ մնացի, հարցս չլուծեցի։
Բարի քմծիծաղեց.
– Մենակ էդ ա քեզ թվում։
Խորը շունչ ես քաշում
Հաշտվում ես մինչև հարյուրը
Հաշտվեցի՞ր
Հարիֆ