Օ. Վ. – ին
Քանի դեռ տեսնում ես գիշերվա մեջ շենքերի վառվող լույսերը, ուրեմն՝ դեռ ապրում ես կամ գնում մահվան լույսի հետևից, որը միակ ելքն է այս թակարդից:
Գիշերը ջարդում էին թակարդի դռները: Երկու տղամարդ ուզում էին մտնել ներս: Թակարդ չեն մտնում, թակարդ ընկնում են:
Անձրև էր գալիս, և նրանք գերադասում էին թակարդում մի գիշեր քնել, քան դրսում թրջվել մկան պես:
Դուռը բացվեց, և երկու սերբ վայրենակերպ մտան թակարդ՝ հայհոյելով բոլորին:
Առավոտը բացվեց դռան նման, և ես քայլեցի դեպի Վարպետի թանգարան: Ինձ ուղեկցում էր թերհաս ձեռքով մի մուկիկ, որը նման էր իմ պատկերացրած Մարգարիտային:
Ոտքերս ինձ տանում էին Բուլգակովի տուն:
Անձրևը թափվում էր երկնքից, և ես քայլում էի՝ ոտքիս տակ զգալով բոլոր մեռածների քրտինքը:
Տերևները կպչում էին կոշիկներիս, և համատարած լսվում էին նրանց համբուրվող ձայները:
Թանգարանում աշխատող կին-ծովախոզուկը, որի վրայից հին ֆրանսիական օծանելիքի հոտ էր գալիս, խնդրեց ինձ, որ հանեմ վերարկուս: Ես ասացի, որ մրսում եմ:
– Չէ՞ որ սա Բուլգակովի տունն է. այստեղ բոլոր նորմալ մարդիկ պիտի զգան ցուրտը ոսկորներում,- ասաց նա պաթոսով:
Նա նայեց մեզ և երևի չնկատեց, որ հյուրերի շարքում մարդ չկա:
Ինչևէ: Ես Վոլանդի պես բարձրացա երկրորդ հարկ և իմ թաց կոշիկներով լվացի Պիղատոսի ձեռքերի նման աստիճանները:
Կինը, օգտագործելով իր ամբողջ արտիստիզմը՝ հետույք պատռելը, փորձեց մեզ տեղափոխել գրողի աշխարհ: Եվ ոչ միայն նա էր փորձում, այլև թանգարանի տնօրինությունը: Ամեն ինչ սպիտակ էր ներկված, ինչպես «Սպիտակ գվարդիա»-ում:
Բայց նրանք մոռացել էին մի շատ կարևոր գիրք, որ գրել է Բուլգակովը՝ «Մորֆին»:
Մորֆին է պակասում, որ մտնես նրա գլուխը: Իսկ դրա համար թանգարան էլ պետք չէ:
Եթե ձեռքիդ տակ ունես մորֆին, ուրեմն՝ ձեռքիդ տակ է Բուլգակովի գլուխը:
Այդ կնոջ թատրոնից իմ աչքերին հպվեցին Մորփեոսի փետուրները, և ես ննջեցի:
Արթնացրեց ինձ կեղծ Մարգարիտայի թերհաս ձեռքը, որ սթափեցրեց ինձ, և ես դուրս եկա՝ կրկին ընկնելով անձրևի տակ:
Անձրևից ծանրանում են թևերը երազի, և նա ընկնում է ջրափոսերի մեջ և խեղդվում իր իսկ անուրջներում:
Մինչև դուրս գալը ես խոստացա, որ թանգարանի գրադարանի համար կուղարկեմ Բուլգակովի հայերեն թարգմանված վեպերը: Եվ չկատարեցի խոստումս, քանզի վախենում եմ պատկերացնել չկարդացվող գիրք:
Ճանապարհին՝ ջրափոսի մեջ, ես տեսա ուռած կատվի մարմին, որը, վազելով առնետի հետևից, ընկել էր այդ փոսը: Նա այնքան էր ուռել, որ մարմինը նման էր Բեգեմոտի մարմնին:
Կատվի կերպարանափոխությունը Բեգեմոտի անցնում է որկրամոլության միջով: Սովը առնետի պես կրծում է ստամոքսիդ պատերը:
Աչքերս փակում եմ և տեսնում երազներս: Նրանք շատ մոտ են հեռվից և հեռու են մոտից:
Թակարդի ճաղերը բացվեցին, ես մտա բույնս և լսեցի, թե ինչպես են մաքրում խցանված կոյուղին: Կեղտաջուրը լցվել էր դռների դիմաց, և հարևաններս անցնում էին նրա վրայով խողովակներում վազող առնետների նման:
Վերջապես հինգ ժամից ջուրը գտավ հունը:
Պարզվեց, որ հարևան էգ առնետի ամսական հիվանդություններն էին սկսվել, և նա նետել էր ապացույցը ուղիղ կոյուղու սիրտը:
Ես այդ լուրից ոչինչ չզգացի: Ծածկվեցի վերմակով և արյունոտ երազներով քնեցի:
Ամեն մարդ ունի իր սեփական փախուստի պատմությունը:
(Հատված «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքից)
Great Job.
We hope that you will publish your new book which we will gladly list in our website.