Սոնյան նստած էր հյուրասենյակում ու Բոնկի գրքով անգլերեն էր պարապում։ Գրքի էջերը դեղնած էին, տեղ-տեղ յուղոտ հետքերով, հազարերորդ անգամ սոսնձած ու մատիտով բազմաթիվ ընդգծումներ արած։ Մինչ իրեն հասնելը գիրքը անցել էր քրոջ՝ Լիլիայի ձեռքով, իսկ Լիլիայից առաջ էլ կողքի մուտքի հարևան Սերինեի աղջկա ձեռքով։ Գիրքը տեր չուներ, իր սեփական կյանքով էր ապրում, կորում էր, հետո էլի հայտնվում՝ ավելի դեղնած ու ճաքճքված։ Սոնյան պարապում էր ու արդարության համար մատիտի հետքերն անտեսում։ Դրա համար տարօրինակ տեսք ուներ։ Աչքերը մեկ կկոցում էր, մեկ արագ փակում, մեկ գլուխը առաստաղին հառում։ Մուշեղ պապը լիներ մի լավ կծիծաղեր․ «Ա՛յ կապիկ, էդ ի՞նչ ես էդքան սովորում, քեզ պե՞տք ա, դրանց լեզուն մեր հոգու բանը չի, արի մի թայլա գցենք իրար հետ»։ Պապը էլ չկար, անցյալ տարի հունվարին, հին նոր տարին ճանապարհեց ու գնաց։ Դրա համար էլ Սոնյան պարապում էր, իսկ նարդին պահարանի գլխին փոշոտվում էր։
Նույն պահին Չինաստանում երկու չինացի երեխա՝ Շին ու Կին պուրակում իրար գլխի ավազ էին լցնում։ Շին գրեթե իր դույլի պարունակությունը դատարկել էր, իսկ խեղճ Կին չէր հասցնում աչքերը տրորել։ Պուրակը ծառախիտ էր, թեթև քամի էր խաղում ու տարուբերում երեխաների մազերը։ Մի քիչ հեռվում ծնողներն էին հավաքված։ Կիի մայրը մինչև ականջների ծայրը ժպտալով խնդրում էր Շիի մորը, որ երեխային կարգի հրավիրի, Շիի մայրն է՛լ ավելի լայն էր ժպտում ու անդադար կրկնում՝ իհարկե, անպայման, իհարկե, ներեցեք, անպայման։
Սոնյան հասել էր ֆյուչըր փըրֆեքթ քընթինյուզին, ու մինչ գլխի էր ընկում, որ տվյալ ժամանակաձևը ոչ մի ամերիկացի չի օգտագործում՝ Մարիամն արդեն Ծաղկաձորի ճանապարհին էր։ Ականջակալներով Օֆելյա Համբարձումյան էր լսում արդեն երրորդ անգամ, որովհետև չգիտես ինչպես երգը երեք անգամ կրկնվում էր փլեյլիստում ու ընդհանրապես հավես չկար մնացած երկուսը ջնջելու։ Փոխարենը երեք անգամ նույն դրախտով էր անցնում ու պատուհանից դուրս նայում։ Սևանի մայրուղուն բարդիներն էին պարում։ Երաժշտության ամեն քառորդ նոտայի հետ մի պտույտ էին անում, տերևներն իրար տալով, շարքով, հարսների պես։ Տաքսիստն Օֆելյա Համբարձումյանին անհամաչափ տկտկացնում էր կաշեպատ ղեկին ու մերթ ընդ մերթ արևահարված ուսերը քորում։ Երրորդ անգամ էլ բարդիները պարեցին ու Սևանը երևաց։
Մի քիչ հեռվում մայթի վրա Հասմիկը մեծ կաթսայով եգիպտացորեն էր եփում, ձախ ձեռքով կաթսայի կափարիչը բռնած, աջով շերեփը սեղմած խառնում էր ու խառնում։ Աջ ձեռքը այտուցներից դեռ չէր լավացել, ձախն էլ կոշտուկներից անզգայացել էր։ Ծառերի ետևում, փոքր բուդկայի մեջ Հասմիկի ամուսինն էր՝ Վազգենը․ եգիպտացորենի վրայի մազմզուկներն էր մաքրում։ Աչքի տակով նայում էր գետնի վրա խլվլացող շեկ կատվին, որ մազմզուկների մեջ հազիվ էր երևում։ Կնոջ ձեռքերը շոյելու ցանկություն չէր մնացել ու Վազգենը մտածում էր, որ բուդկան ծախելու ժամանակն է։ Հետո կատուն մեծ ցատկով թռավ դեպի մուտքը, ալարկոտ նազով մոտեցավ Հասմիկին, պառկեց ոտքերի մոտ։ Ամուսինները գլուխները տարուբերելով իրար նայեցին, երկուսն էլ մտածեցին, որ այսօր եգիպտացորեն էլ դժվար ծախվի։
– Ախպե՛ր, բա չիմացար, էն գործը տենց էլ չեղավ, չէ՛․․․ ախպե՛ր, չեղավ․․․ տարան բերեցին, բան դուրս չեկավ․․․ եսիմ ում հետ էին դրանք գործ բռնել․․․ ես ասում էի չէ՞ որ չլնող բան ա, ով էր ինձ լսում,- Դեյվը, բաց պատշգամբում վարտիքով կանգնած, հա՛մ խոսում էր, հա՛մ փորն էր քորում։ Գլենդելում ինքը Դեյվն էր, Դավիթը չէր։ Ու քանի դեռ Սոնյան անգլերեն էր պարապում, Մարիամը գնում էր Ծաղկաձոր, Շին Կիի գլխին ավազ էր լցնում, իսկ Հասմիկը եգիպտացորեն էր եփում՝ Դեյվը հեռախոսը երեք մատով բռնած, բերանը ծռմռելով բացատրում էր, որ բան էլ դուրս չի եկել, ախպե՛ր։ Մի քանի ամիսը մեկ Դեյվը փորը քորելով նմանատիպ հեռախոսազրույց էր ունենում, ամեն անգամ տեքստը մի քիչ փոփոխելով․բան չի լինում ախպեր, ես դրանց ասում էի, որ իմ ասածով անեին կլիներ, դե ինչ անեմ, ամեն օր էդ գործին եմ, չէ չի լինում։ Դավիթը Հայաստանում էլի նույն բանն էր անում, ուղղակի փորն էր մի քիչ փոքր։
Գիշերը Սոնյան շուռումուռ էր գալիս, քունը փախել էր։ Երբ դեռ Լիլիան իրենց հետ էր ապրում՝ երկու քույր միասին էին քնում։ Պատից այն կողմ հարևանի շունն էր հաչում, Սոնյան հիշում էր, որ շան փոխարեն մի ժամանակ հարևանի տղան էր բարձր ծիծաղում։ Ամեն օր ուղիղ կեսգիշերին պատերը զրնգում էին, որովհետև ինչ-որ մեկը համառ պայքարի մեջ էր մտնում իրեն քնեցնողների հետ, ու միակ զենքը ծիծաղն ու խաղն էր, հանդուգն ծիծաղը։ Կեսգիշերն անց ծիծաղը կրկնապատկվում էր, մերթ ընդ մերթ ընդմիջվելով հասուն զսպված հատուկենտ քրթմնջոցներով։ Սոնյան ու Լիլիան միշտ սպասում էին այդ փոքրիկ փոթորկի խաղաղվելուն։ Բայց հիմա Սոնյան շուռումուռ էր գալիս անկողնում, պատից այն կողմ հարևանի շունն էր հաչում, քրքջացող փոքրիկն այլևս փոքրիկ չէր։ Լիլիան տանը չէր, արդեն վաղուց, մի օր արթնացավ, մոտեցավ դեռ անկողնում պառկած Սոնյային՝ դու կապ չունես, ասաց ու գնաց։ Սոնյան ոչինչ չհասկացավ, շատ ուշ նկատեց, որ Լիլիայի իրերը չկան, ճամպրուկը չկա, ոչինչ չկա։ Շատ ուշ տնից դուրս թռավ, ուշ սկսեց լաց լինել, ուշ մոտեցավ Մուշեղ պապին․«Թող գնա, ես գիտեի, որ մի օր կգնա»։ Իսկ հիմա Սոնյային մնում էր միայն անկողնում աչքերը բաց պառկելը, Բոնկով պարապելը, Լիլիայի հնարավոր հեռախոսահամարը ձեռքի մեջ քրտնացնելը։
Արսենի վերջին դատն էր։ Դատարանում քար լռություն էր, երկար ու ձիգ, հավերժություն թվացող հինգ ժամը բոլորին վաղուց հոգնեցրել էր։ Դահլիճում գտնվողներից մի քանիսը անհամբեր կտկտացնում էին աթոռի թիկնակին, մյուս մասը անդադար հորանջում էր, բոլորն անխտիր երեք րոպեն մեկ նայում էին ժամացույցին։ Արսենը լսում էր իր սրտի զարկերը, տեսնում էր թե ինչպես է կոկիկ արդուկած վերնաշապիկը սրտի բաբախյունի հետ հավասար թրթռում։ Բախ․․․բախ, բա-բախ․․․բախ․․․բա-բախ։ Այդպես է ճակատագիրը բախում դուռը։ Ականջներում Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան էր, բա-բա-բա-բախ։ Միայն սկզբի ութ ակորդը, մնացածը Արսենը չգիտեր ու դժվար էլ իմանար այլևս։ Ի՞նչ էր արել Արսենը, մարդ էր սպանել, ու՞մ էր սպանել, չէր հիշում, ինչպե՞ս թե չէր հիշում, այո, հենց այդպես։ Կին էր, թե տղամարդ, երեխա էր թե ծեր, չէր հիշում։ Դատական գործընթացն ավելի կարևոր էր, մի քանի ամիս տևած այս թոհուբոհը Արսենի գլխից ջնջել էր ամենակարևորը․ ում էր նա սպանել, ինչի համար էր սպանել։ Հիմա կարևորը փաստաբանի թղթապանակն էր, դատավորի մուրճը, օրենսգիրքը։ Պաշտում եմ դատարանը, մտածում էր Արսենը, կատակ չեմ անում,չէ, դատական գործընթացներն ուղղված են հանցագործի հոգեկան կայունացմանը, այո, ես մեղավոր եմ, ես մարդ եմ սպանել, բայց գրողի տարած օրենքներն ավելի կարևոր են ինչ խոսք, ես ամբաստանյալս ենթարկվում եմ այդ օրենքներին, ես քաղաքացի Ավագյանս պաշտում եմ դատարանը, այո, հարգարժան դատավոր։ Մտնում է դատավորը, հուշիկ քայլերով մոտենում ամբիոնին, արևաշող մուրճը հարվածում սեղանին, բոլորը հանգիստ շունչ են քաշում։ Քանի՞ տարի, ախ, այո, փաստաբանս թփթփացնում է ուսիս, չմոռանամ ճշտել, թե ում եմ սպանել։
Ժնևի ավենյու դը լա Պե-ում անցուդարձն անտանելի էր, մսյե Ժակը շտապում էր աշխատանքի։ Արևի տակ նստարանները փայլատակում էին, իրար հաջորդող սրճարաններից եկող տարատեսակ բույրերը երկնքում իրար էին խառնվել, մարդիկ իրար սիղվուպլյե ասելով թափ-թափ քայլում էին փողոցի երկայնքով։ Մսյե Ժակը նայում էր իր լաքապատ կոշիկներին, միայն իր լաքապատ կոշիկների ծայրերին և էլ ոչ մի տեղ։ Պետք էր շուտ տեղ հասնել, աշխատանքը ամենակարևոր բանն է, բոլորը պիտի աշխատեն, ես հասարակության մի մասնիկն եմ, մտածում էր Ժակը, ես բոլորի նման պիտի լինեմ, որովհետև դա նորմալ է, հակառակ դեպքում քաոս կսկսվի, իսկ մենք մենք չենք սիրում քաոս․ ներեցեք սիղվուպլե, կարո՞ղ եմ անցնել, մեղսի։ Պիտի խուսափել ջրափոսերից դրա համար մսյե Ժակը նայում էր միայն իր լաքապատ կոշիկներին։ Արդեն մի շաբաթ էր ինչ անձրևը դադարել էր, ջրափոսերից հետք անգամ չէր մնացել, բայց մսյե Ժակը միևնույն է նայում էր իր լաքապատ կոշիկներին։ Աղավնիները ճախրում էին երկնքում, ինքնաթիռ էր թռչում չգիտես ուր, ամպերը դանդաղ սահելով հսկում էին քաղաքը, բայց ոչ-ոք դա չէր տեսնում։
Ամառն անցել էր, աշունն էլ։ Սոնյան չէր էլ պատկերացում, որ մի քանի ժամ անց ինքնասպան կլինի։ Բոնկի գիրքը մի կողմ կդնի ու էլ չի բացի։ Ձմռան առավոտները միշտ մռայլ են, հուսահատ մշուշի մեջ, քաղաքը մթության մեջ, ոնց-որ աշխարհի ներկապնակը վերջացած լինի։ Ձմռանը բնությունը վերցնում է վերջացող ներկերը, մնացորդներից ծաղկաքաղ անում, խառնում իրար, ալարում նույնիսկ վրձինը թարմացնել ու ինչ-որ գորշ, անհրապույր ու անհասկանալի ներկ ստանում։ Հետո ամբողջն անկանոն քսում ծառերին, շենքերին, մարդկանց դեմքերին, թաց վրձինը ծոր է տալիս ճերմակ ձյան վրա, բայց մաքրող չկա։ Բոլորը տանը փակված սպասում են, սպասում են, սպասում։ Հետո նայում են ցեխոտ մայթերին, ձեռքերն իրար քսում, մշուշի մեջ խարխափելով գնում աշխատանքի։
Սոնյան արթնացավ, արագ հագնվեց, վերցրեց ծանր պայուսակն ու տնից դուրս եկավ։ Ձյունը մեծ-մեծ փաթիլներով իջնում էր երկնքից, դիմացը ոչինչ չէր երևում։ Քաղաքը դեռ քնած էր, մետրոն փակ։ Պետք էր հասցնել, առաջին քննությունն այսօր էր, կեսօրին դեռ պետք էր պարապել, իսկ երեկոյան ինքնասպան լինել, բայց սրա մասին դեռ վաղ է։ Ինստիտուտի մոտ արդեն կուտակումներ են, ուսանողներն իրար հրմշտելով ներս են լցվում, հաստ մուշտակներն ու թաց մորթիները զարկվում են իրար։ Լսարանում խուլ բզզոց է տարածված։ Տղաները բզզում են բասով, աղջիկները տզզում սոպրանոյով։ Յոթ րոպե անց լսարանում լսվում է միայն գրիչների չխկչխկոցն ու դասախոսի քթի ֆսսոցը։
Քննությունից հետո Սոնյան առանց որևէ մեկին հաջողություն ասելու դուրս թռավ լսարանից։ Մշուշն արդեն ցրվել էր, Սոնյան քայլեց դեպի մետրո, մի քանի անգամ սայթաքելով իջավ աստիճաններով ցած, վճարեց ժետոնի համար, աչքերը փակեց, խորը շնչեց խոնավության բուրմունքը, հիշեց Մուշեղ պապուն, ում հետ արդեն ավանդույթ էր դարձել մետրոյի առաջին կայարանից մինչև վերջինը աննպատակ գնալ ու գալը։ Մուշեղ պապը միշտ համբերատար սպասում էր, մինչև երկու քույր աչքերը փակ կշնչեին խոնավության բուրմունքը։ Սոնյան սպասեց ուղիղ 9 րոպե, նստեց երրորդ վագոնը, իջավ Բարեկամության կայարանում, քայլեց դեպի տուն։ Ժանգոտած բանալին դժվարությամբ մտցրեց փականի մեջ, երկու անգամ պտտացրեց։ Մտավ ներս, հանեց վերարկուն, հանեց գլխարկն ու մնացած շորերը։ Թաց գուլպաները կախեց լոգարանում, խալաթ հագավ, նստեց, ռադիոն միացրեց, թեյ խմեց, ոտքերը շփեց, կռացավ, նարդու փոշին սրբեց, ձեռքը տարավ խալաթի գրպանը, փոքրիկ դեղնած ու ճմռթված թուղթ հանեց, կարդաց թվերի շարքը, հետ դրեց գրպանը։ Երկինքը գորշացավ, ամպերի տակից կիսալուսինը երևաց, Սոնյան մոտեցավ պատուհանին, բացեց, սառը օդ ներս թափանցեց, Սոնյան նայեց ներքև, աջ ոտքը դրեց պատշգամբին, նայեց վերև ու ցած նետվեց։
Այդ պահին ռադիոյով խոսում էին Ղարաբաղյան շարժման մասին, իսկ մոլորակի հակառակ կողմում Լիլիան ծննդաբերում էր իր առաջնեկին։
Մյուս օրը առավոտյան Չինաստանում երկու փոքրիկ իրար գլխի ավազ էին լցնում, Մարիամը գնացել էր հանրահավաքի, Հասմիկն ու իր ամուսինը մտածում էին տները ծախելու մասին, Դեյվը երեք մատով բռնել էր հեռախոսը, Արսենը ճաղավանդակից այն կողմ բլոտ էր խաղում, իսկ մսյե Ժակը նայում էր իր լաքապատ կոշիկներին։