«Ես էլ եմ գործակալ, բայց ժողովրդավարական արժեքների»,- հայտարարել է Հայաստանի իշխանության աջակից մի ակտիվիստ, որ իր այդ «գործակալությունն» իրականացնում է ամերիկյան ֆոնդերի ֆինանսավորմամբ։

ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանն իր միսիան հռչակել է «ժողովրդավարության արժեքներն» առաջ տանելը։

ԱՄՆ-ը ֆինասավորում է ժողովրդավարության արժեքների՞, իր շահերի՞, թե՞ երկուսի համար միաժամանակ՝ նույնացնելով իր շահերն ու ժողովրդավարական արժեքները։

Այդ շահերն արդյո՞ք Հայաստանի շահերին չեն վնասում։

ԱՌԱՋԻՆ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Սառը պատերազմում հակամարտող երկու գլխավոր տերությունները ՝ ԱՄՆ-ը և Սովետական Միությունը վերազգային գաղափարախոսություններով էին առաջնորդվում, և նրանց հակամարտությունն էլ վերազգային գաղափարախոսությունների առճակատում էր: Մի կողմից՝ ԱՄՆ-ը դավանում էր անհատի ազատության և դրա հիման վրա ազատական-ժողովրդավարությանը, Սովետական Միությունը՝ մարքսիզմ-լենինիզմի վրա հիմնված համայնավարական-ընկերվարական գաղափարախոսությանը։

Այդ երկրները հակամարտում էին աշխարհի յուրաքանչյուր կետում, ամեն պետության մեջ՝ իրենց աջակիցների և գործակալների միջոցով։ Երկու երկրների գործակալներն էլ հաճախ գաղափարական մարտիկներ էին, սովետական գործակալներն իրենց զգում էին՝ որպես կոմունիզմի, ԱՄՆ-ինը՝ ազատության կամ «ժողովրդավարության արժեքների» գործակալներ։

Սակայն նրանց գործունեության արդյունքները շատ տարբեր էին։

Այն երկրներում, որտեղ ՍՍՀՄ-ն աջակցում էր հեղափոխությունը, թեև հաճախ բռնապետական, այսուհանդերձ, որոշ չափով արդար, սոցիալիստական կարգեր էին հաստատվում, ասենք՝ քաղաքացիների մեջ որոշակի հավասարություն՝ անվճար կրթության ու առողջապահության, կացարանի իրավունք և այլն։ Ինչպես, օրինակ, Կուբան է կամ Վիետնամը։
Իսկ այ, այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն է հեղափոխություն կամ հեղաշրջում անում, եղած ազատություններն էլ, արդարությունն էլ վերանում էին, և ժողովրդավարության ճիշտ հակառակ կարգերն էին հաստատվում՝ մաքուր բռնապետություններ՝ հիմնված կապիտալիստական դասակարգային հակասությունների վրա։

Ամենահայտնի օրինակը Չիլին է՝ Պինոչետի դիկտատուրան, ապա նաև մյուս լատինաամերիկյան երկրներում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացած դիկտատուրաները։

Կամ հարևան Իրանում. 1951թ. ընտրություններով Իրանի վարչապետ դարձավ Մոհամեդ Մոսադիկը, ով ժողովրդավարական բարեփոխումների հետ միասին՝ Իրանի նավթային հանքերը խլեց ԱՄՆ-ի և բրիտանական նավթային ֆիրմաների ձեռքից և ազգայնացրեց, արևմտյան մասնագետները քշվեցին երկրից: Երկու տարի անց, 1953թ. ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հեղաշրջում կազմակերպեց և տապալեց Մոսադիկին, իշխանությունը վերցրած գեներալ Զահեդին և վերադարձրեց նավթային հանքերը բրիտանացիներին ու ամերիկացիներին: Իրանում հաստատվեցին բռնապետական կարգեր, որոնք էլ հանգեցրին 1979 թվի իսլամական հեղափոխությանը, և հաստատվեցին այնպիսի կարգեր, որոնք թույլ չեն տալիս միջազգային կապիտալի ներխուժմանը երկիր:

Մյուս հարևան Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությունն էր վայելում Սահակաշվիլիի ռեժիմը, որի ընթացքում մոտ 200 հազար մարդ է բանտերով անցել։ Մի «ժողովրդավարության արժեքների գործակալ» էլ Սահակաշվիլին է իրեն երևակայում, որ այնպիսի բռնությունների մեջ մտցրեց երկիրը, որ ստիպված փախավ, ապա ԱՄՆ-ի պասով երկու անգամ ցատկեց Ուկրաինայի կառավարություն։

ԱՄՆ-ի միջամտության հետևանքով նաև քաոս է առաջանում, որ հանգում է աղետի՝ բերելով հարյուր-հազարավոր զոհեր, ինչպես Սիրիայում, Լիբիայում և Իրաքում, որոնք դեռ երկար ժամանակ ուշքի չեն գալու։ Կամ Ուկրաինայում, որ դեռ չի կարողանում դուրս գալ եղբայրասպան պատերազմի միջից։

Հայաստանում էլ 2018-ին «ժողովրդավարության արժեքների գործակալները» հեղափոխություն արեցին, և երկիրը սուզվեց բռնապետության մեջ. Ոստիկանները իշխանության ընդդիմախոսներին ասֆալտին են փռում, ձեռնաշղթաներ հագցնում ու տանում, կալանավորում իշխանությանը քննադատող հեռուստատեսության սեփականատիրոջը, ներխուժում լրատվամիջոցների գրասենյակներ, վարչապետին քննադատող նյութի հեղինակի հետևից ընկնում, ԱԺ իշխող խմբակցությունը միահեծանորեն Սահմանադրություն փոխելով՝ դատավորներ է հեռացնում, իսկ վարչապետի ուզած վճիռը չկայացնող դատավորների գլխին տարբեր գործեր են սարքում։

Հայաստանում իրենց կյանքի վրա զգացին այն, ինչ կարդացել էին այլ երկրների մասին. որ ԱՄՆ-ը մարդու իրավունքների խախտումների համար քննադատում է այն իշխանություններին, որոնք իր տիրապետության տակ չեն, և հակառակը՝ աջակցում շատ ավելի դաժան ռեժիմներ, որոնք իր շահերին են ծառայում։ Այդպես, հետհեղափոխական Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լռում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, փոխարենը՝ խոսում չեղածի մասին՝ մայիսին հայտարարություն տարածեց՝ թե ուրախությամբ արձանագրում է, որ Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

Չկա աշխարհի վրա մի երկիր, որն ԱՄՆ-ի հրահրած հեղափոխության կամ հեղաշրջման շնորհիվ ժողովրդավարական դարձած լինի, հակառակը, ամերիկյան բոլոր միջամտությունները հանգեցրել են կամ դիկտատուրաների, կամ մեծ աղետների։

***

«Ժողովրդավարության արժեքների գործակալներն» էլ են տարբեր լինում՝ կախված մշակութային միջավայրից: Օրինակ՝ Սիրիայում «ժողովրդավարական արժեքների գործակալներն» ուղղակի մորթում են իրենց հայրենակիցներին, Ուկրաինայում՝ սպանում նրանց, Հայաստանում ՊՊԾ գունդ են գրավում, ներխուժում որևէ մեկի անձնական տարածք ու պահանջում դիմակ դնել, և դեռ կերևա թե էլ ինչի են ընդունակ։

Սովետական գործակալները հաճախ կոմունիստներ էին, այսինքն՝ Սովետի գաղափարական համախոհներ, իսկ ԱՄՆ-ը ոչ միայն «ժողովրդավարության արժեքների գործակալներ» է արտադրում, այլև ֆինանսավորում ու ստեղծում է ամենատարբեր գաղափարախոսությունների ֆանատիկոսներ, որ իրենց ավերիչ գործողություններով ԱՄՆ-ի շահերն առաջ տանեն. մի երկրում ծայրահեղ իսլամիստներն են (ինչպես 70-ականների վերջին ԱՖղանստանում՝ թալիբները, կամ Սիրիայում՝ Ասադի ռեժիմի դեմ կռվող ուժերը), մեկ այլ երկրում՝ ազգայնականներ (ինչպես Իրանում՝ ադրբեջանցի ազգայնականները, կամ Ուկրաինայում՝ բենդերական ֆաշիստները), մեկ այլ երկրում էլ՝ արմատական կոմունիստներ, (ինչպես Իտալիայում կարմիր բրիգադների միջոցով վերացրին ԱՄՆ-ի շահերը խոչընդոտող Ալդո Մորոյին

Ինչո՞ւ է այդպես, քանի որ սովետական գաղափարախոսության հիմքում անձնական շահը տեղ չուներ, համայնավարական տեսլականն էր, և, ուրեմն, Սովետը հեղափոխություններն անում էր, որ հասարակարգ փոխվեր, ուրեմն, իր գործակալներն էլ պետք է լինեին այնպիսի գաղափարականներ, որոնք իշխանության գալով՝ սոցիալիզմ կառուցեին։

Սովետական Միությունն իրենից միջոցներ կտրելով՝ իր դաշնակիցներին նյութապես օգնում էր, իր հաշվին Սովետական բուհերում կրթություն էին ստանում Աֆրիկայի, Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի քաղաքացիները, Սովետի ներսում էլ, «տիտղոսակիր ազգը» (Titular nation)՝ Ռուսաստանի բնակիչները, ավելի վատ տնտեսական պայմաններում էր, քան 15 հանրապետությունների ժողովուրդները։ Սովետական սերունդը կհիշի, որ ռուսները Հայաստանից մակարոն էին կրում։

Եթե կայսրության նպատակը գաղութներ շահագործելն ու նյութական շահ կորզելն է, ապա Սովետական Միությունը հակակայսրություն էր, քանի որ հակառակն էր անում՝ ինքն իրեն քամելով գաղութներին միջոցներ էր հատկացնում։

Իսկ ԱՄՆ-ի գաղափարախոսության հիմքում ընկած անհատի ազատությունը բերում է եսասիրության, անհատի շահ, նյութական շահ, իսկ եթե այդ ազատության հիմքում նյութական շահն է առաջնային, ԱՄՆ-ն էլ առաջնորդվում է իր նյութական շահերով, և ոչ թե շահագրգռված է ժողովրդավարական համակարգեր կառուցել։ Հետևաբար՝ առաջնային խնդիրն է հեղափոխություններով և հեղաշրջումներով վերացնել իր դոմինանտությունը չճանաչող ինքնուրույն կառավարությունները, որի հետևանքով իշխանության կգան ֆաշիստներ թե այլ արմատական ֆանատիկոսներ, կարևոր չի։

Խնդրեմ, ԱՄՆ-ը Չիլիում դավադրությամբ վերացրեց օրինակելի ժողովրդավարական կարգերը, միայն այն պատճառով, որ Ալիենդեն չէր ճանաչում ԱՄՆ-ի դոմինանտությունը և կառուցում էր ընկերվարական հասարակարգ, որը կարող էր տարածվել ամբողջ Լատինական Ամերիկայով։ Իսկ տեղը բերեց մի բռնապետի, որին բանտերի տարածքներն այնպես չէին հերիքում, որ մարզադաշտերն էր բանտերի վերածում։

Ահա թե ինչու ԱՄՆ-ի նախագահը Մերձավոր Արևելքի ամենաբռնապետական ու անարդար երկրի՝ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ սուսերով պար է պարում, քանի որ իր երկրի սպառողն է, ուրեմն շահավետ է նրա հետ բարեկամությունը, իսկ ժողովրդավարական ընտրություններով իշխանություն ձևավորող Իրանի գեներալին՝ սպանում, մեղադրանքներ թափում այդ երկրի վրա, քանի որ ինքնուրույն է։

Սովետական գործակալները կամ դաշնակից գործիչները նվիրյալ կոմունիստներ էին, որ հանուն գաղափարի՝ իրենց կյանքն էլ պատրաստ էին զոհաբերելու։ Լավ օրինակ է Չիլիի կոմունիստական կուսակցության ղեկավար Լուիս Կորվալանը. 1973-ին նրան առանց դատ-դատաստանի գցել էին Դասոն կղզու բանտը, երեք տարի անց՝ 1976-ին, փոխանակում են սովետական դիսիդենտ Վլադիմիր Բուկովսկու հետ, բայց 1983-ին նա անլեգալ վերադառնում է Չիլի և ընդհատակում շարունակում պայքարել Պինոչետի ռեժիմի դեմ, ռեժիմի տապալումից հետո էլ զուսպ կյանքով է ապրում, և մինչև կյանքի վերջ՝ 2010 թ., մասնակցում է կոմունիստական շարժմանը։ Իսկ Բուկովսկին, հայտնվելով Արևմուտքում, ընկավ մոր փորը, ճարպակալեց, պայքարն ավարտվել էր։

Աղքատ Հայաստանում էլ «ժողովրդավարության արժեքների գործակալները» միջին խավ են՝ Երևանի կենտրոնում հարմարավետ գրասենյակներով, և եթե հանկարծ նրանց ֆինանսավորումը կտրեն, գործակալական գործունեությունն անմիջապես կդադարեցնեն ու կանցնեն ուրիշ գործի։ Բայց միևնույն ժամանակ՝ նրանք դավաճանած չեն լինի իրենց դավանած արժեքներին, քանի որ դրանց առանցքն անձնական շահն է, ազատականության էթիկայի մեջ տեղավորվում է փողը նպատակ դարձնելը, և այնտեղ, ուր շահը չի բավարարվում, նրանք անելիք չունեն։

ԵՐԿՐՈՐԴ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Սովետի հետ փլուզվեց նաև նրա վերազգային գաղափարախոսությունը, և Ռուսաստանն էլ ձևավորեց իր սահմանափակ պետական-ազգային գաղափարախոսությունը, որի հիմքում ընկած է՝ որպես գերտերություն իր ներքին գործերին և տնտեսության մեջ միջամտությունը կանխարգելելը, լայնածավալ դաշնության կայունությունն ու ժողովուրդների համերաշխությունն ապահովելը և Ռուսաստանի սահմանից դուրս գտնվող հայրենակիցների շահերի պաշտպանությունը։

1990-ականներից, Խորհդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը որդեգրեց ազատական տնտեսությունը և որպես համախոհների՝ բարեկամական ձեռք մեկնեց իր նախկին հակառակորդներին։ Սակայն ԱՄՆ-ին ձեռք չի տալիս հորիզոնական բարեկամությունը, նա ձգտում է դոմինանտության ամբողջ աշխարհի վրա։ Սամիր Ամինը(Samir Amin) ցույց է տալիս որ կայսերական կապիտալիստական կոլեկտիվ տրիադան(ԱՄՆ֊ի գլխավորությամբ, Եվրոպա, Ճապոնիա) համաշախրհայնացման անվան տակ աշխարհի բոլոր ռեսուրսները յուրացնելու ճանապարհին վերացնում է չմիավորվող֊դիմադրող կառավարությունները, իսկ ռեսուրսներից ստացած շահույթն էլ բաշխում երեքի մեջ, աղքատության մատնելով «ծայրամասերը»։

Այսպես, Ռուսաստանը մինչև վերջ հնազանդեցնելու համար ԱՄՆ-ը սկսեց ընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի նրա սահմանները՝ իրար հետևից ՆԱՏՕ-ի անդամ դարձնելով Ռուսաստանի հարևան երկրները։ Իսկ 2008-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, երբ դրվեց Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ մտցնելու հարցը, և այդ երկրներն ագրեսիվ հակառուսական քաղաքականության անցան, Ռուսաստանը ռեալ սպառնալիքներն ավելի կոշտ ձևով սկսեց կանխարգելել:

Հայաստանի Եվրոպական կուսակցության ցույցը 2018-ին

Այսպիսով, ԱՄՆ-ի նվաճողական ախորժակին բախվելով՝ Ռուսաստանի ինքնուրույն ռազմավարությունն առաջացրեց երկրորդ սառը պատերազմը։ Սակայն երկու էական տարբերություն ունի այս մեկը նախորդից.

1. հակամարտության մի կողմում կրկին ԱՄՆ-ն է՝ իր վերազգային գաղափարախոսությամբ, սակայն մյուս կողմում մի նոր երկիր է՝ Ռուսաստանը, որ ուղղակի դիմադրում է այդ օղակին։ Ուրեմն, չկա վերազգային գաղափարախոսությունների հակամարտություն, բայց ԱՄՆ-ը ամեն կերպ ցանկանում է հակամարտությունը գաղափարախոսայնացնել՝ ներկայացնելով, թե իբր մի կողմում ինքն ու իր արբանյակները՝ որպես ժողովրդավարության և ազատությունների առաքյալներ են, մյուս կողմում՝ պուտինյան «հրեշավոր» բռնապետությունն է։

2. Այս երկրորդ սառը պատրեազմը համաշխարհային բնույթ չունի, լոկալ է, հիմնականում տարածվում է Ռուսաստանի հարևան և նրա հետ դաշինքների մեջ գտնվող երկրներում։ Արևելյան Եվրոպայում և Վրաստանում ԱՄՆ-ը հիմնականում հաղթանակ է տարել, մնացել է Բելառուսը, որտեղ այնպիսի ռեժիմ է հաստատվել, որ «ժողովրդավարության գործակալները» չեն կարողանում գործել։ Եվ այժմ հակամարտության ամենաթեժ կետերից մեկը դարձել է Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի միակ երկիրը, որտեղ ռուսական ռազմաբազաներ կան։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ

Իրեն «Ժողովրդավրական արժեքների գործակալ» հռչակող ակտիվիստը հենց այդ թեժ կետում՝ Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է, որի կազմակերպությունը ֆինանսավորում են ամերիկյան Սորոսի ֆոնդը և NED-ը, վերջինս կապված է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ (այդ մասին տե՛ս Human Rights and Media Manipulation և «Վաշինգտոն Պոստ»-ի նյութում՝ INNOCENCE ABROAD: THE NEW WORLD OF SPYLESS COUPS))։

Հունիսի 4-ին նա ՖԲ էջում հայտարարեց.

«Ես էլ եմ գործակալ, բայց ժողովրդավարական արժեքների։ Ցանկացած երկրի ազդեցության գործակալ առաջ է մղում այդ երկրների շահերը, իսկ իմ համար առաջնային են Հայաստանի շահերը։ Բայց երբ խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, չենք կարող չնկատել, որ Ռուսաստանը թե իր ներսում, և թե դրսում տարածում է հակաժողովրդավարություն։ Արդյունքում, գործնականում, Ռուսաստանի ազդեցության գործակալները աշխարհում և Հայաստանում տարածում են հակաժողովրդավարական արժեքներ»։

Այս խոսքը Հայաստանում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հավաքական ձայնն է։

«Ժառանգություն» կուսակցության խոսնակի գրառումն է, այս կուսակցության առաջնորդը 2013-ին քիչ էր մնում դառնար Հայաստանի նախագահ

Եթե իրավական պետության և ժողովրդավարության ոսկե կանոնն է դատարանի անկախությունը, և դրա անհրաժեշտ պայման՝ դատավորների պաշտոնավարման շարունակականության սկզբունքը, այսինքն՝ այն, որ ամեն իշխանություն իր քմահաճույքով չկարողանա դատավոր հանել-դնել, ապա Իոաննիսյանը մերժում է իրավական պետությունը և դրա վրա հիմնված ժողովրդավարական արժեքները, քանի որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող երկու այլ կազմակերպության հետ ողջունել է Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությամբ ՍԴ երեք դատավորներին հեռացնելու և նախագահին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը, որն իրավաբանները բնորոշում են՝ որպես իշխանություն յուրացնելու քրեական հանցանք։ Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով՝ քանի որ իշխանության երկու թևերը՝ գործադիրն ու օրենսդիրը, հեռացնում են իշխանության մեկ այլ թևի՝ դատական իշխանության դատավորներ, որն արել են՝ Սահմանադրություն փոխելով, որի իրավունքը Սահմանադրությունն իրենց չէր տալիս։

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանն անդամ է «Ազգային Ժողովրդավարական բևեռ»-ի, որտեղ միավորվել են հակառուսների մի մասը

Այսպիսով, այդ կազմակերպություններն այնպիսի նպատակ են հետապնդում, որն անցնում է իրավական պետությունն ավերելու ճանապարհով։

Ի՞նչ նպատակ։ Ինչպես Իոաննիսյանն է ասում՝ Հայաստանի շա՞հը։ Անցած դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսում Իոաննիսյանը ԱՄՆ-ին օգնության էր կանչում Հայաստանի ընդդիմության դեմ՝ ասելով, թե իբր «հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը, ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումների համար»։

Բայց այստեղ ոչ թե Հայաստանի շահն է երևում, այլ ԱՄՆ-ինը, որը շահագրգռված է ռուսական կապերը վերացնելու մեջ, և այդ շահն արտահայտվում է մեկի բերանով, ով հենց ԱՄՆ-ից է ֆինանսավորվում։

Ֆեյսբուքում էջ կա՝ «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից», այստեղ կիսել է Դանիել Իոաննիսյանի կազմակերպության էջից նյութ

Այսինքն, ԱՄՆ-ից ֆինանսավորվող ու նրա քաղաքական շահերն առաջ տանող գործիչներն ուզում են համոզել, թե ԱՄՆ-ի ու Հայաստանի շահը նո՞ւյնն է։

Թե՞ «Ժողովրդավարության արժեքների գործակալները» նույնացնում են ժողովրդավարության արժեքն ու ԱՄՆ-ի շահը, ուրեմն, ինքնըստինքյան ծառայում են ԱՄՆ-ի շահերի՞ն, այսինքն՝ նրանք ԱՄՆ-ի գործակալնե՞րն են։

«Հայաստանի շահի» անունից «ժողովրդավարության արժեքների գործակալները» հակառուսական գիծ են տանում՝ այն բացատրությամբ, թե իբր երկիրը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութականացնել, այսինքն՝ ռուսական ռազմաբազաները հանել: Ավելի անկեղծներն ասում են, որ ՆԱՏՕ-ի մեջ պետք է մտնել, իսկ այն գործիչներին, ովքեր Հայաստանի անվտանգության խնդիրներով մտահոգ՝ Ռուսաստանի հետ դաշինքը Հայաստանի անվտանգության երաշխիքն են համարում, անվանում են ստրուկ, ԿԳԲ, ռուսուլման, ավելի բարեկիրթները՝ ռուսամետ։

ՖԲ-ում գործում է «Դեմ ենք ԵԱՏՄ-ին» էջ

ԱՄՆ-ի կողմից հրահրվեցին «ժողովրդավարության արժեքների գործակալները» Սիրիայում՝ «Սիրիայի շահերի» անունից դուրս գալով Ասադի իշխանության դեմ, արդյունքում՝ երկիրը բացեցին սադիստ իսլամիստների առաջ և քաոսի ճարակ դարձրին: Վրաստանում «Վրաստանի շահերի» անունից ներխուժեցին Հյուսիսային Օսիա և պատերազմի մեջ ներքաշվեցին Ռուսաստանի հետ՝ կորցնելով տարածքներ և ստանալով փախստականներ: Ուկրաինայում «Ուկրաինայի շահերի» անունից Մայդանով հեղաշրջում արեցին և կորցրեցին Ղրիմը, Սևաստոպոլը, և երկիրը մխրճեցին քաղաքացիական պատերազմի մեջ։

***

Սառը պատերազմի գլխավոր զենքը պրոպագանդան է, այս դեպքում՝ հակառուսական պրոպագանդան, ինչպես, օրինակ, «ժողովրդավարական արժեքների այս գործակալն» է պրոպագանդում՝ «Ռուսաստանը թե իր ներսում, և թե դրսում տարածում է հակաժողովրդավարություն»։ Հենց այս դաշտում էլ Ռուսաստանը պարտվում է, քանի որ չունենալով համընդհանրացնող հակադրող գաղափարախոսություն՝ պատասխան հարված չի կարողանում տալ, և ամեն պատասխան վերածվում է արդարացման։

Այսպիսով, յուրաքանչյուր անհատի գործն է մնում իր միտքը պրոպագանդային զոհ չդարձնելը։

Ռուսաֆոբիայով չվարակվելու համար, անհրաժեշտ է հարց տալ՝ Ռուսաստանը ավետարանական Նե՞ռն է, թե՞ շեքսպիրյան Յագոյի հոգին է առել, որ որոշել է աշխարհին վատություն անել և հատուկ ծրագրված «հակաժողովրդավարություն» է տարածում, ապա հասկանալ, թե արևմտյան իշխող շրջանակներն ի՞նչը և ինչո՞ւ են անվանում Ռուսաստանում «հակաժողովրդավարություն»։

Ռուսաստանի ներսում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող դավադրությունները կանխելու համար Ռուսաստանը որոշակի սահմանափակումներ է մտցրել, օրինակ, դրսի դրամաշնորհներով աշխատողներին պարտավորեցրել է գրանցվել՝ որպես օտարերկրյա ագենտներ, որոշ ֆոնդերի գործունեությունն ուղղակի արգելել է։ Սահմանափակել է նաև քաղաքական կյանքում այն գործիչների գործունեությունը, որոնք այնքան մոլեռանդորեն են դավանում նորազատական-համաշխարհայնացման գաղափարը, որ հանուն իրենց դավանանքի՝ պատրաստ են ճանաչել ԱՄՆ-ի դոմինանտությունը, այսինքն՝ սահմանափակում է «ժողովրդավարության արժեքների գործակալներին»։ Ահա թե ինչու են ԱՄՆ-ը և նրա արբանյակները Ռուսաստանի կողմից սեփական երկրի անվտանգության ապահովման քայլերն անվանում «հակաժողովրդավարություն»։

Հայաստանում նախկին իշխանությունը «ժողովրդավարության արժեքների գործակալների» հետ համերաշխության էր գնում, հակառուսական մամուլի հետ գործակցում, «Ելք» դաշինքին հնարավորություն տվեց Ազգային ժողով մտնել։ Արդյունքը եղավ այն, որ երկրի իշխանությունը կուլ գնաց նրանց, ու անմիջապես կալանավորեցին հայ-ռուսական դաշինքն անձնավորող գործիչներից մեկին՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա էլ արդեն հանրային քննարկման առարկա են դարձել հայ-ռուսական ռազմական դաշինքը կազմաքանդելու ու ռուսական բազաները երկրից հանելու հարցերը։

Իշխանության ներսից էլ 2018-ի հեղափոխությանը «միացավ» Պաշտպանության բանակի այն զորամիավորումը, որը ՆԱՏՕ-ի հովանու տակ է ծառայում՝ խաղաղապահների բրիգադը։

Իսկ որտե՞ղ է դրսում Ռուսաստանը տարածում ինչ-որ բան, որ «ժողովրդավարության արժեքների գործակալներն» անվանում են «հակաժողովրդավարություն».

Ուկրաինայի կապերը Ռուսաստանի հետ կտրելու և նրան ՆԱՏՕ-ին մերձեցնելու համար ԱՄՆ-ը սադրեց 2013-2014 թվերի Մայդանը և իշխանության բերեց ծայրահեղ ազգայնականների, որոնք սկսեցին մի կողմից՝ կտրել կապերը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ երկրի 15 միլիոնանոց ռուսալեզու բնակչությանն ասիմիլյացնելու ծրագրեր իրականացնել։ Իսկ Ռուսաստանն իր ռազմաբազաներին տիրություն անելու և ռուսալեզու բնակչության շահերը պաշտպանելու պարտավորությունը կատարեց, որի արդյունքում Սևաստոպոլը և Ղրիմն ինքնորոշվելով՝ միանում են Ռուսաստանին, իսկ Դոնբասում սկսում է պատերազմ։

Այսինքն՝ Ռուսաստանն անում է այն, ինչ Հայաստանը՝ որ պաշտպանում էր Ադրբեջանում բնակվող հայրենակիցներին, առաջին հերթին՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, և եթե բավական ուժեր ունենար, նաև կպաշտպաներ Դաշտային Արցախից մինչև Բաքու ձգվող հայ բնակչության շահերը։ Ինչպես Արևմուտքն է Ղրիմի միացումը որակում անեքսիա, այնպես էլ Ադրբեջանն է Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշման պաշտպանությունն անվանում անեքսիա։

Ու ինչպես Ադրբեջանն է հակահայկական պրոպագանդա անում, այնպես էլ Արևմուտքը լարում է հակառուսական պրոպագադա՝ ահա, տեսեք, ոչինչ չի փոխվել, Ռուսաստանը սկսել է վերականգնել իր կայսրությունը, և այլն, իսկ նրա հայկական արբանյակներն անմիջապես թութակի պես կրկնում են՝ Ռուսաստանը վերականգնում է սովետական բռնապետությունը և հակաժողովրդավարություն է տարածում, և այլն։

Ամերիկյան Foreign affairs-ը գրում է. «Սխալ է այն պատկերացումը, թե Ղրիմի անեքսիան Սովետը վերականգնելու Պուտինի երազանքն էր, իրականում հիմնական պատասխանատվությունն ընկնում է Միացյալ Նահանգների և նրա եվրոպական դաշնակիցների վրա, գլխավոր պատճառը հանդիսանում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Ուկրաինայի կապերը Ռուսաստանի հետ խզելու խնդիրը: 1990-ից սովետական ղեկավարները կտրականապես դեմ էին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, իսկ վերջին շրջանում նրանք հասկացրին, որ չեն հանդուրժելու, որ իրենց կարևոր հարևանը վերածվի արևմտյան բաստիոնի, Պուտինի համբերության վերջին կաթիլը սպառվեց, երբ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի նախագահին տապալեցին, որը նա արդարացիորեն անվանեց «հեղաշրջում»։

Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմական դաշինքի մեջ մտել և պահում է այստեղ ռազմական բազաներ։ Շատ պարզ, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է նաև հարավից՝ Վրաստանը արդեն ՆԱՏՕ֊ի ուղեծրում է, իսլամ ծայրահեղականներն էլ գրոհում են, ներխուժում Ռուսաստանի իսլամական համայնքներ, և անջատողական դավադրություններ հրահրում, նաև մահմեդական Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են միավորվել, որը եթե իրականանա, ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիայի տիրապետությամբ տարածաշրջանը արդյունավետ պլացդարմ կդառնա Ռուսաստանը հարավից քանդելու համար:

Հետևաբար՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում վտանգների և ներխուժման առաջ սահման գծել իր երկրից ավելի հեռու՝ Հայաստանում։ Կանխելու համար արմատական իսլամիստների տարածումը՝ Ռուսաստանը շատ ավելի հեռվում՝ Սիրիայում, ռազմական գործողություններ իրականացրեց։ Հայաստանն էլ Թուրքիայի և Ադրբեջանի վտանգը կանխարգելելու համար փոխշահավետ պայմանագրով այդ բազաները պահում է։

Հայաստանի Տաուշի մարզում սահմանային հայ֊ադրբեջանական հուլիսի 12-16֊ի մարտերի արձագանքն էլ է ցույց տալիս տարածաշրջանում հակամարտության կողմերին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան չի վարանի միջամտել Ադրբեջանի նկատմամբ ցանկացած հարձակման դեմ։ Եվ միայն Ռուաստանը քննադատեց այն, Ռուսաստանի արտգործանախարարությունը հայտարարություն տարածեց, որ Մինսկի խմբի բոլոր անդամները խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»։

Վլադիմիր Պուտինն է մարմնավորում Ռուսաստանի այս ռազմավարությունը, որ գիտակցում է՝ Հայաստան-Արցախ շղթան է միակ պատնեշը հարավում, եթե նա չլինի, հնարավոր է՝ տեղը գա մի Նավալնի և մի օրում ռազմաբազաները հանի Հայաստանից։

Ահա թե ինչու ԱՄՆ-ի թիրախը հենց Պուտինն է, և «ժողովրդավարության արժեքների գործակալներն» օրուգիշեր Պուտինին են վարկաբեկում, պիտակներ կպցնում՝ «պուտլեր», Ռուսաստանն անվանում հակաժողովրդավարական, և այլն, իսկ Նավալնուն աջակցում և Հանրայինով հեռուստաեթեր տալիս։

ԱՄՆ-ի ֆոնդերից ֆինանսավորվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հակառուսական ու հակապուտինյան քարոզչության դեմքերից է

Հետևողական հակառուսական պրոպագանդան, որ տարվում է «Ազատություն» ռադիոկայանով, մի շարք լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, արդեն իր արդյունքներն է տալիս: Ըստ CRRC-Armenia-ի հարցումների՝ Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար էր տրամադրված Հայաստանի բնակչության 83 տոկոսը 2013-ին, իսկ այժմ՝ 57 տոկոսը։

ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԽՄԲԵՐԸ

Արևմուտքի զենքը Ռուսաստանի դեմ ռուսաֆոբիան է։ Վարակվելով այս ֆոբիայով՝ պացիենտը Ռուսաստանի մեջ տեսնում է մի հրեշ, որի նպատակն է անընդհատ չարիք գործելը, ինչպես Ռեյգանն էր անվանում Սովետը՝ չարիքի կայսրություն։ Ռուսաֆոբի վերաբերմունքը Ռուսաստանին ոչ ադեկվատ է կամ իռացիոնալ, նա երբեք չի կարող բացատրել, թե Ռուսաստանն ինչո՞ւ է ուզում «չարիք» գործել, չար է և վերջ։

Ռուսաֆոբիական պրոպագանդայի արմատները գնում են մինչև 19-րդ դար՝ ռուս-ֆրանսիական, ապա՝ ռուս-բրիտանական հակամարտություն։ Սակայն այն լուրջ ինստիտուցիոնալիզացվեց սառը պատերազմի տարիներին, երբ արևմտյան ռադիոկայանները ռուսաֆոբիայով վարակում էին Սովետական Միության քաղաքացիներին: Պրոպագանդան այնպես արդյունավետ էր, որ նույնիսկ ռուսներն էին դառնոմ ռուսաֆոբ։ Բնականաբար, Հայաստանում էլ տարածվեց ռուսաֆոբիա (տես՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ»)։ Հայ դիսիդենտական շարժումների ստվար մասի մղիչ ուժը ռուսաֆոբիան էր, իսկ 1988-ի ղարաբաղյան շարժումը, բախվելով Մոսկվայի մերժմանը, խառնվելով դիսիդենտական շրջանակներին, ռուսաֆոբիան հասցրեց տիրապետող մակարդակի։

1990-ին արդեն ռուսաֆոբիայով վարկաված ՀՀՇ-ն եկավ իշխանության և սրեց հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետին, Գորբաչովին Նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական Միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանն իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, և արդյունքում՝ Մոսկվան թշնամի դարձած Հայաստանին 1991-ին պատասխանեց «Կոլցո» օպերացիայով, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։

Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Հետագայում ՀՀՇ-ն հասկացավ, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայի միջամտությանը խոչընդոտել էր սահմանին ռուսական բանակը, և, որ Հայաստանի անվտանգությունը կախված է Ռուսաստանից, և 1997-ին կնքեց Հայաստանի և Ռուսաստանի միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը։

Սակայն ռուսաֆոբիան մի հիվանդություն է, որ, եթե պացիենտը չիմանա, որ հիվանդ է, չի բուժվում։ Իշխանության և նրա հետ պատասխանատվությունը կորցնելուց հետո ՀՀՇ-ական ակունքներ ունեցող որոշ շրջանակներում կրկին սրվեց ռուսաֆոբիան։ Նրանք կարծում են, թե Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կջերմացներ, եթե Ռուսաստանը չխոչընդոտեր։ Որպես օրինակ՝ ՀՀՇ-ական շրջանակների գործիչ, Հայաստանի մաքսային ծառայության առաջին պետ Երջանիկ Աբգարյանի խոսքը. «Ռուսաստանն այսօր հայ ժողովրդի ամենակատաղի և ստոր թշնամին է»։

Ֆեյսբուքում «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից» էջը կիսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից՝ «Հայկական Ժամանակից» հայտարարություն, որը ստորագրել են ՀՀՇ-ի իշխանության ժամանակվա Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մակեյանը, ԱԺ փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, Երևանի փոխքաղաքապետ Ալբերտ Բազեյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը

Ռուսաֆոբների մյուս մասն Արևմտյան գործակալներ են կամ արևմտյան ֆոնդերից են ֆինանսավորվում ու հրահրվում:

Ռուսաֆոբների այս երկու խմբերի մեջ տարբերությունը հիմնականում բարոյական է. առաջիններն անկեղծ ռուսաֆոբ են, երկրորդները՝ ի պաշտոնե կամ ֆինանսավորմամբ, ուստի նրանք միաձուլվում են տարբեր կուսակցությունների ու խմբավորումների մեջ՝ ինչպես, օրինակ, ԱԺ «Ելք» և «Իմ քայլը» դաշինքները, որոնք բաղկացած են և՛ ՀՀՇ շրջանակներից, և՛ արևմտյան ֆոնդերի հետ աշխատած ակտիվիստներից։

2018-ի հեղափոխությունն էլ, որ արդեն բացահայտվում է՝ որպես հակառուսական դավադրություն, գլխավորեցին ռուսաֆոբների միաձուլված խմբերը։

Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձևով սկսվեց: 2003-ին, երբ Սահակաշվիլին նոր էր նախագահ ընտրվել, ջան-ջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբերություները, Սահակաշվիլին Պուտինին ասում էր՝ լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո՝ պատերազմ, հետո՝ կորուստներ, գաղթականներ։

Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբեք այսքան լավ չեն եղել հայ-ռուսական հարաբերությունները։ Ճիշտ է, իր կառավարման երրորդ ամսում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցեց և կալանավորեց Պուտինի ընկեր՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց անմիջապես փոխհատուցեց՝ ռուսական բանակի հրամանատարության ներքո զորամիավորում ուղարկելով Սիրիա։

Բայց հետո Հայաստանը ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեց, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնմանն «Իմ քայլի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց, իսկ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը (Ռուբինյանը ՀՀՇ-ի իշխանության ժամանակվա Ազգային ժողովի ՀՀՇ-ական փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է, իսկ Իգիթյանն էլ եղել է այդ նույն տարիներին ԱԺ-ի ՀՀՇ-ական Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ)։ Հետո սկսեցին ասել, թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դժգոհեց, որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը՝ մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում Հայրենական պատերազմի 75-ամյակի շքերթին, հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, և հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին, Հայաստանի Հանրայինի եթերում ասում է, թե Ռուսաստանում Սահմանադրության հանրաքվեն կեղծվել է, և Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել, որ եթեր են տալիս մեկին, ով հայերին վիրավորում է՝ անվանելով խաչիկներ (Ռուսաստանում հայերին արհամարհական խաչիկ են անվանում)։

Նավալնու գրառումը 2008-ին՝ «Կարծես թե գիրը ստեղծել են խաչիկները՝ միավորվելով սրիկաների հետ»

Բայց հստակվեց, որ հայ֊ռուսական հարաբերությունները շատ սրված են, երբ Հայաստանի հակառուսական քաղաքականությանը Ռուսաստանը արձագանքեց Կրեմեր միջազգային պրոպագանդիստական հաստատության RT֊ի ղեկավար հայազգի Մարգարիտա Սիմոնյանը խստորեն քննադատեց Հայաստանի իշխանություններին, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական ճնշումների են ենթարկում, «երկիրը հեղեղել եք հակառուսական հկ֊ներով», «դուրս են քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին», «մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի վրա», «Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը» և այլն։

Հայաստանի հակառուսներն աջակցում են հակահայ Նավալնուն

Փաշինյանը, հայտնի էր, որ ռուսաֆոբ է, նա որպես գործիչ՝ ձևավորվել է ՀՀՇ-ական շրջանակներում, հենց նրա պնդումն Ապրիլյան պատերազմի մասին, թե իբր Ռուսաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսաֆոբիական ախտորոշում է։ Հայ ռուսաֆոբների պարանոյան է, թե Կրեմլի ինչ-որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրնիբուն աշխատում են այն բանի վրա, թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի սուր ֆոբիա ունեցողները վստահ են, թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, ապա իր 100 տարվա երազանքը իրականացնել՝ ներխուժել Զանգեզուր, շատ կիրթ ժողովուրդ է, այ, մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուսաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները (տես՝ Հայաստանում հակամարտող երկու ուղղությունների՝ Սուրվիվալիստների և Ֆրատերականների մասին

Հեղափոխության ժամանակ Փաշինյանն իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը, որ կոշիկը թոկից կապած հետևից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորիկը՝ յա, այ բժիշկ, չեք տեսնո՞ւմ՝ կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է, կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին, չէ՞, Շարիկ ջան։

Բայց ժամանակը բացահայտում է ռուսաֆոբիան, որը ողջունում են հակառուսական շրջանակները՝ թե վերջապես Հայաստանն ինքնիշխան պետություն է և պարտավոր չի Ռուսաստանի շահերը հաշվի առնել։

Հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության՝ երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունն էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է Արևմուտքի համար՝ ֆինանսական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Իսկ անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ օտար կառավարությունից՝ ԱՄՆ Պետդեպից, խորհրդական է տրվում Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

Արևմուտքը խոստումներով Փաշինյանին կգայթակղեցնի՞ այնքան, որ ռուսական բազաներն հանելու հարց դնի։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ երկրի անվտանգության սպառնալիքի սահման կա, որն իրեն թույլ չի տա անցնել, ինչքան էլ աղքատացող երկրին դրսից ֆինանսական օգնություն խոստանան։

Սակայն Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունները միայն ռազմաբազաներով չի սահմանափակվում: Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, զենքի գլխավոր մատակարարը, որ վաճառում է իր ներքին գներով, գազի մատակարարը, որ վաճառում է էժան գներով, ամեն տարի մոտ 100 հազար Հայաստանի քաղաքացի մեկնում է Ռուսաստան աշխատելու, և այլն։ Այս հարաբերություններից որն էլ խաթարվի, կհարվածի Հայաստանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար չի ձգելու իշխանության վրա, մի կողմից՝ կորոնավիրուսային համաճարակի կանխարգելումն այնպես ձախողեց, որ և՛ տնտեսությանը, և՛ հանրային առողջությանը հարվածեց, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական շրջանակներին, նաև բոլոր խավերին՝ գյուղացիներ, աշխատավորներ, մտավորականներ, թշնամացրել է իր դեմ: Այս պղտոր մթնոլորտում էլ ներդրումների հնարավորությունն է փակում Բանկային գաղտնիքը ոստկանությանը հասանելի դարձնելու օրենքը, և նրա միակ դաշնակիցները մնում են հակառուսական ուժերը, եթե կուզեք՝ «ժողովրդավարական արժեքների գործակալները», որոնք ավելի արմատական են պահանջում հաշվեհարդար տեսնել նախորդ իշխանությունների հետ։

Եթե, իհարկե, քաղաքական ուժերը հասցնեն համախմբվելով Փաշինյանին հեռացնել, քանի դեռ աղետի չի հասցրել երկիրը. Ադրբեջանը՝ տեսնելով, որ մի կողմից՝ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակը հյուծում, թուլացնում է երկիրը, մյուս կողմից՝ սրվում են հայ-ռուսական հարաբերությունները, չի ուզում բաց թողնել պատերազմ սկսելու պահը։ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններն անիմաստ են, պատերազմի իրական ազդանշան էր։

***

Իշխանափոխությամբ էլ չի ավարտվելու «ժողովրդավարության արժեքների գործակալների» դավադրությունը։ ԱՄՆ-ը հետևողական է իր ծրագրերում, ինչպես Ուկրաինայում. 2004-ի Նարնջագույն հեղափոխությամբ իրենց նախընտրած թեկնածուն՝ Յուշչենկոն դարձավ նախագահ, սակայն ռուս-ուկրաինական հարաբերությունները չխզվեցին, այսինքն, ուզած արդյունք չտվեց։ 10 տարի անց կրկին նոր շարժում հրահրեցին՝ Մայդանը, և իշխանության բերեցին այնպիսի ուժերի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը վերջնական խզվեց։

Նույնն էլ Հայաստանում, 2008-ին իշխանափոխությունը տապալվեց, բայց 10 տարի անց հաջողվեց՝ իշխանության եկավ հայկական Յուշչենկոն՝ Փաշինյանը: Գուցե նա հայ-ռուսական հարաբերությունները վերջնական չխզի, և նրա տապալվելուց հետո իշխանության գան առավել ողջամիտ ուժեր։ Սակայն, եթե հաջորդ իշխանությունը լինի հայկական Յանուկովիչ և լուրջ քայլեր չձեռնարկի՝ կանխարգելելու հակառուսական դավադրությունը, նոր ալիքը կսրբի նրան էլ, Հայաստանն էլ։

***

Եթե ռուսական բազաները հանելու հարց դրվի, ի՞նչ կանի Ռուսաստանը, առանց շատ դիմադրելու կհանի՞, ինչպես Վրաստանից հանեց, թե՞ լուրջ հակամարտության կգնա։ Մի բան հստակ է, Ռուսաստանն էլ Սովետ չի, որ որպես եղբայրական ժողովրդի իր ճամբարի երկրների խնամակալությունը ստանձնի: Ռուսաստանն էլ սեփական շահերի վրա հիմնված կապիտալիստական երկիր է, Հայաստանում ռազմաբազան պահում է փոխադարձ շահերի հիման վրա կնքված պայմանագրով, և եթե Հայաստանն իր կողմից ջանքեր չթափի իր շահերը գիտակցելու վրա և բազան հանելու հարց դնի, հնարավոր է՝ Ռուսաստանը հանի, և միջոցները կենտրոնացնի հարավից վտանգներն իր անմիջական սահմանին կանխարգելելու համար։

Ինչ կլինի դրանից հետո՞: Թուրքիան, ինչպես ներխուժեց հեռավոր Լիբիա, կամ հարավից մտավ Սիրիա, այնպես էլ հյուսիսից կմտնի Հայաստան, իսկ Նախիջևանից էլ կարձակվեն Երևանի վրա 60 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական հրթիռները։

***

Բնականաբար, Հայաստանն անկախ երկիր է՝ իր բոլոր ատրիբուտներով, Ռուսաստանից այնքան անկախ, որ մասնակցում է Ռուսաստանի հակառակորդ ՆԱՏՕ-ի առաքելություններին։ Սակայն ռուսաֆոբները ծայրահեղ ազգայնական հռետորաբանությամբ հայ-ռուական ռազմավարական դաշինքը անվանում են գաղութացում` խաղալու համար հայերի արժանապատվության հետ։ Այդ «արժանապատվության» երեսին ճշմարտությունն է շրխկացնում և հիմնավորում, որ «ՀՀ հպարտ քաղաքացիներն» առանց պապայի չեն կարող ապրել, Հայաստանի չորրորդ վարչապետ Հրանտ Բագրատյանը.

«Պանդեմիայից հետո լինելու են ռեգիոնալ լիդերներ, ո՞վ է լինելու այս տարածաշրջանում, կամ Ռուսաստանն է, կամ Թուրքիան, ո՞վ է լինելու պապան, մեր ընտրությունը Ռուսաստանի և Թուրքիայի մեջ է…

Անվտանգության երաշխավոր լինելը ծախս անելն է, ԱՄՆ-ը երաշխավոր չի, ծախս չի անելու, չի գալու այս ռեգիոն, բայց խրախուսում է հակառուսականությունը, ինչո՞ւ, որ տիրություն անի այս ռեգիոնում Թուրքիան»։

Լրագրողը «հպարտ քաղաքացիների» հարցն է տալիս՝ առանց պապա հնարավոր չի՞։ Բագրատյանը պատասխանում է, որ արդեն Ադրբեջանի պապան Թուրքիան է, շատ ավելի պապա է, քան էն, ինչ Հայաստանն ունի, քանի որ Ադրբեջանում բացառվում է Թուրքիայի դեմ որևէ ծպտուն:

«Եթե պապա չլինի, Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվում են։ Կամ էլ առանց պապայի՝ միջուկային զենք ունենալն է։ Կամ ունենում ենք պապա, կամ միջուկային զենք։ Կամ էլ գենոցիդը մոռանում ենք, թուրքերի հետ լավանում ենք։ Հնարավո՞ր է, հնարավոր չի՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ուզում են մեզ խեղդել, Վրաստանն էլ են ուզում խեղդել, Հունաստանից առնվազն կղզիներն են ուզում խլել, Թուրքիան էսօր հարձակվել է Լիբիայի վրա։ Թուրքիան հասկացել է, որ ռեգիոնալ հայր լինելու շանս ունի»,- ասում է Բագրատյանը։

«Ապագաղութացում»-ը հակառուսների գլխավոր կարգախոսներից է։ ՖԲ-ում «Ապագաղութացում» անունով երկու խումբ կա

ՎԵՐՋԱԲԱՆ

Հաջորդ իշխանությունները երկու կարևոր բան պետք է անեն.

Առաջին, հրաժարվեն կամ մասնակի հրաժարվեն ազատականությունից. անկախության 30 տարիների պերմանենտ ճգնաժամերի պատճառը տիրապետող լիբերալ քաղաքականությունն է, բոլոր կուսակցությունները՝ լինեն իշխանություն թե ընդդիմություն, լիբերալներ են, հետևաբար՝ նրանք չեն կարողանալու տեսնել, որ ճգնաժամի պատճառն իրենց գաղափարախոսության մեջ է, և մեղքն անձերի վրա են գցում, ծրագիր է դառնում անձից ազատվելը՝ և ազատականությամբ ապագաղափարականացված հասարակության մեջ տափակ ու մակերեսային լոզունգներով՝ «Մերժիր Սերժին», «ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը», հեշտորեն իշխանություն վերցնում։ Ազատականությունը բերում է անհավասարություն և անարդարություն, անձնական շահը բավարարում են մի խումբ մարդիկ՝ ի հաշիվ լայն զանգվածների, իսկ պատերազմող երկրում անձնական շահի և ազատ շուկայի տիրապետող գաղափարախոսությունը չարիք է՝ մեկը հարստանում է, մյուսները սահմանին տառապում են։

Հանրային համերաշխությունը կարող է բարձրանալ հանրային-պետական համակարգերի ստեղծմամբ, ուրեմն, նոր ուժերը մասնավոր ձեռնարկատիրությանը զուգահեռ՝ պետք է մշակեն պետական հաստատություններն ու տնտեսությունը զարգացնելու ծրագրեր, և ռազմավարություն, որ բոլոր քաղաքացիների համար տանելի պայմաններ ստեղծեն՝ առնվազն հաց, տանիք, անվճար կրթություն, առողջապահություն, որ նաև հնարավորություն չտան «ժողովրդավարության արժեքների գործակալներին» օգտագործել անարդարություններն ու ժողովրդի դժգոհությունները մի նոր «հեղափոխություն» անելու համար:

Երկրորդ, մշակեն ռազմավարություն, որ հանրային և այլ լրատվամիջոցներով հակաքարոզչությունով կանխարգելեն «ժողովրդավարության գործակալների» քարոզչությունը:

Երրորդ, նրանց գործունեությունը սահմանափակելու այնպիսի ձևեր մշակեն, որ չհարվածի Արևմուտքի հետ հարաբերություններին (Հայաստանը Բելառուս կամ Ռուսաստան չի, որ հաշվի չառնի Արևմուտքին։ Արցախյան խնդրի կարգավորման մեջ՝ ստիպված է նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ ջերմություն պահել)։


Ճակատի լուսանկարում՝ 2015֊ին Ռուսական դեսպանատան առաջ ցույցին մասնակցում է Մանե Գևորգյանը, որ այժմ վարչապետի մամուլի քարտուղարն է

հոդվածը հրապարակված է  168.am

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.