«…և դա անթույլատրելի արկածախնդրություն է:»

                                                  Դոկտոր Ժ. Լիպարիտյան

 

Ուշացած եկավ` միացավ ձեզ: Նրա մուգ կապույտ սուարե շորը տպավորիչ էր սեղանակցիդ համար անշուշտ:

B-52 ձեռաց պատվիրեց կինդ նստելուն պես:

Պրոֆեսորը պայծառացավ:

ԱՄՆ օդուժի գերձայնային հեռահար ռմբակոծիչից բացի դրա ոգելից ըմպելիք լինելն իմացար, երբ պոչիկով, փայլուն սափրված մատուցողն արագ կնոջդ բերեց «Բի Ֆիֆթիթուն» բոցը սրվակի վրա:

Փչեց` կոնծեց մեկեն առանց շրթներկն ավրելու:

Սեղանից հարգելի պատճառաբանությամբ արդեն ելած, հեռացող իր գործնկերոջը բազմանշանակ ժպիտով պրոֆեսորը ներկայացրեց իր տարեդարձին հրավիրված կնոջդ` որպես խոստումնալից մեկի, ով «ձանձրանում է այստեղ»:

Ակնհայտ աշխուժացած բարետես պրոֆեսորը, կնոջդ հետ մի երկու սիրալիր փոխանակումից հետո, քաղաքավարի վերադարձավ ձեր ընդհատված խոսակցությանը` հարցաթերթիկ լրացնող գործակալի պես: Արդեն հանդիպածդ մյուս ամերիկացիների պես: Անձնական տվյալներիդ հետևած հայրենիքիդ բյուջեի և տարածքի չափի մասին տեղեկության վերաբերյալ այդ մոխրագույն փողկապով մարդու մի քանի անթաքույց քամահրալի արտահայտությունից հետո անսպասելի անցար մայրենի լեզվիդ` նրա մոխրագույն աչքերին սևեռված: Կինդ դժվարացավ շտկել հոդախախտ բոցդ: Երկրորդ B-52 անտեղի կլիներ:

Պրոֆեսորն ազդարարեց, որ ագրեսոր հայրենիքդ շուտով ստիպված կլինի նահանջել զավթած տարածքներից և ճանաչել միջազգային իրավունքը, ապա անխռով տոնով արդեն ավելացրեց, որ երբեք հանրային հռետոր չես դառնա:

Անկարելի էր տեսքից ու տարիքից կռահել, որ մի տարի չանցած` ինքը կմահանա: Թոքերի քաղցկեղ:

Ինչևէ, շինարար էլ մնացիր. հրաշալի կարճ ժամկետում հաջողվեց շինարարական գործ դնել նոր հողի վրա արդեն: Նոր տուն տեղ:

Չնայած դիմելու փաստաթղթերն անձամբ նախապես ուղարկած` սկզբում քաջալերող այդ պրոֆեսորի հետագա մտափոխ լինելն ու բացասական միջնորդությանը Փենսիլվանիայի համալսարանում, կինդ, իր միակ մուգ կապույտ բախտավոր սուարեն նորոգած, զարմանալիորեն հաջողությամբ անցավ այդ համալսարանի հաղորդակցությունների ուսումնասիրության Աննենբերգի մեծահամբավ դպրոցի դոկտորանտուրա ընդունվելու հարցազրույցը:

Զառիվայրի երկայնքով` գինը վրան ճամպրուկների պես անկապ շարված վիկտորիան առանձնատներից քիչ վար, դեպի հորիզոն ձգվող պարապություն կազմած շարքով, ըստ հարկի փաստաթղթերով քո իսկ կառուցած առանձնատներից մեկը` ձեր սեփական ունեցվածքը, ծննդյան տոներից առաջ բոցավառվեց:

Հիմարություն էր, անասելի հիմարություն հրշեջների ու չաղ, կարմրադեմ ոստիկանի ներկայությամբ խառնաշփոթում մղկտալ կողպած դռան պատճառով ձեռքերիդ վրա այրվածքներից մահացող սիրելի Խաս շանդ համար: Իսկ սևուկ Խանը, բարեբախտաբար, լավ էր պրծել ավազանում:

Ինքնամեղադրանքդ դարձրին մատի փաթաթան անվերջանալի դատի քաշքշուկում` իբր խոստովանել ես, որ մեղավոր ես: Ապահովագրական ախոյան հսկա կազմակերպությունը մեղադրում էր գումար կորզելու համար տունը միտումնավոր այրելու մեջ: Կողմերի փաստաբանական կարողություններն ինքնըստինքյան անհամադրելի էին պահանջվող ծախսերի բերումով: Ամսից ամիս ընտանիքդ քայքայվում էր: Անվերջանալի մղձավանջի արդյունքում դատարանը հաստատեց մեղքդ և որոշեց, որ տեղից չպետք է բացակայես, կանոնավոր պիտի ենթարկվես հոգեբուժական միջամտության, ապա պարբերական հսկողության` հիվանդանոցի հայեցողությամբ սահմանվող ժամկետում: Խոսքը տարիների մասին էր:

Փակվեց շինարարական գործդ: Դատավճիռը բողոքարկելու, վերաքննության դնելու միջոցներ չկային, իսկ մեղադրանքը չընդունել-հերքել շարունակելու, հոգեբուժարանից խուսափելու պարագայում սպառնում էր ազատազրկում հարկադիր խորացված բուժում իրականացնելու համար: Արանքում տնից լուր հասավ, որ հորդ այլևս կարող է չտեսնես, եթե վերադարձդ ուշանա` մահամերձ է:

Ֆիլադելֆիայի անսովոր բարձր երկինքում ամպերը անհավատալի արագ են ընթանում` բորսայի վազող ժապավենի պես: Անձրևները պոռթկուն քամիներով արագ դատարկում, ջնջում են մայթերը: Անձրևից հետո դրանց վրա այսուայնտեղ հայտնվում են պայթած հովանոցներ` սատկած ագռավների երամների պես: Երբեմն նաև մերկ տոնածառեր կարելի էր տեսնել` դուրս նետված տոներից հետո: Գուցե շփոթում ես Երևանի հետ: Ձյունը, թեև սակավ, զարմանալիորեն նշան է դպրոցների ու շատ գործերի ընդհատման համար այդ գործունյա երկրի քաղաքում:

Անօթևան սևերը, որոնց սևական են ասում, ձմեռները տեղավորվում են մայթերին, ուր ձյուն չի նստում` ստորգետնյա շարժակառքի գծերի ուղղությամբ: Տակավին նրանց ոտքերը պագելու հարկ չկար այն ատեն` դեռ չէին ընդվզել: Նրանք սիրալիր սովորեցնում էին մատչելի ցնցուղի տեղերը հիվանդանոցներում, ակնոցի կոտրված ապակին փոխելու հնարավորությունը ու մի շարք շատ պետքական բաներ անտունի մեկի համար: Դեռ էդ օրին չես:

Իհարկե, Խանին ու երեխային կինդ տարավ իր մոտ` հանրակացարան, մինչև տուն վարձելը: Քեզ տեսնելուց հետո տան տերը գրեթե կրկնակի բարձրացրել էր տան վարձը, իր ասելով «անկասկածելիորեն խառնակիչ» արտաքինիդ պատճառով: Տեսակցությունների պարբերականությունն անմեղ պատճառներով չէր պահպանվում:

Սիրու՞մ ես Ֆիլադելֆիան. գուցե ոչ ալա պրիմա ակվարել, այլ` արագ, թափանցիկ ակրիլ:

Երկար թափառելուց հետո մի ճիպոտ սիցիլուհու պանդոկում հավաքարարի աշխատանք ճարած` փորձեցիր վարձահատույց լինել պանդոկի մուտքի մոտ մուրացող սև ծերուկին, երևի իր սիրալիրության համար` հավաքական մի պիցա կազմած տարբեր սեղանների ձեռք չտրված կտորներից: Չընդունեց` պիցա չի սիրում մարդը: Հետո կռահեցիր, որ դռանը իր կարմիր աչքերով քեզնից շատ ավելին էր ստանում և այդքան էլ հիվանդ չէր, ինչպես թվացել էր: Մերժված պիցան մնաց ձեռքիդ:

Պատահաբար հանրակացարանի ճանապարհին հայտնված` գիտեիր, որ տուն թռչելը լինող բան չի:

Սովորաբար գործից հետո` օրվա վերջում, մի բաժակ ձրի գարեջուր էին տալիս, բայց բոլորը արդեն վաղուց գնացել էին` փակելուց ոչ մի գարեջուր չէր եղել Չեսթնաթ փողոցում գիշերվա հազարին: Պանդոկի բանալին էլ մնաց վրադ, հատակներն ու զուգարանները լպստելուց հետո` քրտինքից շիրոտ ու կես-կես:

Հանկարծ խավարից առնվազն մի երկու մետրանոց խափշիկ զատվեց քթիդ առաջ` Ճոխ հագած կապած, ճոռոմ ոճով փող ուզելու, ասենք` ոչ պիցա: Քեզնից: Ինչ հրճվանք: Ասաց, որ մի խաչմերուկ վեր վրան ատրճանակ են պահել և դրամապանակը …` չի կարող տուն` Նյու Ջերսի հասնել: Անմիջապես շատ վճռական պատվիրում ես հետևել քեզ` քայլ անելով խավարի մեջ դեպի ցույց տված խաչմերուկը` դրանց հարցերը լուծես: Բոյլուխը երկու լոքով չքվեց: Գիշերվա քրտնած բաժակով սառը գարեջուր:

Ամեն անգամ անհողդողդ, թաց դոկտորի սենյակ ներկայանալն ու հրաժեշտ տալը, դեղերի և հորդորի համար քաղաքավարի շնորհակալություն հայտնելը և մեղանչող հեզությունը արարողակարգի պահանջն էր: Դեղերը պարտավոր ես տեղում կուլ տալ: Արդեն դեմ չե՞ս: Շոգերն ընկել են նորից:

Որոշակի ժամկետից հետո պանդոկում պարտավոր էին ռոճիկդ բարձրացնել, ուրեմն` հանեցին գործից: Նորին կվարձեն: Ֆրանսիացի երիտասարդ բարմենը աշխատելուդ ամբողջ ընթացքում պարբերաբար փորձում էր կողմնակի պարզել ով լինելդ` ամեն անգամ կարճ մի ֆրազով, աչքը կկոցած` «Հարի Կրիշնա՞»: Ոչ: Բոլոր հավատքներն ու աղանդները փորձեց` կասկածելի մոլեռանդ էիր աշխատում: Ասացին` հեռու կգնաս: Գնացիր հրաժեշտ տալու` սառը գարեջուր է հյուրասիրում վերջին անգամ: Ուզում էր հարց տալ` կանխեցիր` «Ազնավուր սիրու՞մ ես»: Կարմրեց, կտրուկ` «Ոչ»: Հոյակապ, քրտնած բաժակով գարեջուր էր` ափսոս: Երկրորդը լցրեց: Խմում ես ու բաժակի ապակու միջով շամփրվում նրա հաղթական հայացքից խայտառակ ամոթով: Շատրվանի պես գարեջուրը թռնում է բերանիցդ: Իրոք, հրաժեշտ տալու չես եկել` եկել ես ձրի գարեջրի համար: Ճիպոտը կանչեց ներս` պարզելու, թե արդյոք տեղյա՞կ ես առավոտյան դարակի վրա հայտնված մի փոքրիկ հուշանվեր կոշիկի մասին: Գտել ես իբր, դրել ես այդտեղ: Խնդրեց, որ իրեն վատություն չանես: Ինչպե՞ս: Ժպտաց. «Բոլորն էլ կարող են վնաս տալ»:

Դոկտորը պարտք համարեց տեղեկացնել, որ ձերոնցով լցված են բանտերը: Տոկոս ասաց` անհավատալի մեծ:

Կինդ նոր կոշիկներ էր հագել ու դիմակի գույնը բռնացրել հագածի հետ: Գնում էր երեխուն վերցնելու: Արցախի սահմանին` Ղարաբաղում, շաբաթ 6 զոհ կար: Խանի մասին ինչի՞ էր հարցնում քեզնից: Ձերոնց չես զանգում` հետները խոսելիս ասես դույլով ջրվես:

Չես քնում` ամբողջ ժամանակ քնատ ամպի մեջ մոտենում ես երկնաքերի տակ շներին ու կատուներին պահ տալու համար կառուցված հատուկ բազմահարկ հյուրանոցի մոտ պպզած ֆուրգոնին: Հիմա բոլորը կորոնա-դիմակով են: Համերաշխության տպավորություն է թողնում օդանավակայանի պես` բոլորը սպասում են անկախ կարողությունից, մեկնման ուղղությունից` կարծես հավասար են, եթե հար քրքրելիք խառնակիչ խուզուխուռի արտաքին չունեն:

-Կծու՞, թե՞ առանց:

-Առանց:

-Հայ ես ու կծու չե՞ս սիրում:

-Հա՞յ եք:

-Ոչ` սուրյանի:

Նեղանում է, որ մի պահ կարծես տեղը չես բերում: Ինչ-որ բանի տակից հանում է արամեական սուրբ գիրքը` «Քո թագավորին իմ թագուհին սպանեց»:

-Հաա, ասորի ես: Ինչպե~ս չգիտեմ` զորեղ կայսրությունը…

-Չէ, հիմա գործերը լավ չեն:

Ժպտում ես. ինչ փույթ մի քանի հազար տարի էս կողմ, էն կողմ Ֆիլադելֆիայի դաունթաունում` Ջոնսոնի երկնաքերի տակ:

-Կես ժամից արի կնոջս ծանոթացնեմ

-Կի՞ն

– քո ազգից է, ամեն ինչ գիտի այստեղ:

Չգնացիր կես ժամից: Կորար ու կորար:

Անցյալ տարի լսեցի` մահացել ես, Սաքո: Չէի հավատում: Ինձնից հազիվ թե մեծ լինեիր: Սիրում էիր Ֆիլադելֆիայի ակրիլ պարզությունը` քաղաքի բարակ շերտը բնության վրա: Նույնիսկ չհասցրի շնորհակալություն ասել լեփթոփի ուղարկածդ TZF-ի համար: Բայց անցյալ օրը Պեն-Սթեյշն մտնելիս թվաց, թե տեսա քեզ նույն տեղում`ուր անցյալ անգամ հանդիպեցինք: Մեծանուն ճարտարապետ Լուի Կահնն է՞ր այստեղ`այս կայարանի պետքարանում մեռել, որին չորս օր անց են հայտնաբերել: Ոստիկանը կանգնացրեց` դիմակս էր իջել: Չհասցրի` կորար… Վերջերս մի տեսակ մշուշի մեջ եմ, ես էլ չեմ քնում:

 

Ճակատի լուսանկարը՝ hetq.am, Նարեկ Ալեքսանյանի

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.