Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
1980-ից սկսած, երբ դեռ գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող էի, սկսել եմ ցուցադրել իմ աշխատանքները։ 1982-83թթ. արել եմ 4 փերֆորմանս, բայց մինչեւ պերեստրոյկան այն արվեստը, որն ինձ հետաքրքրում էր, մեղմ ասած, չէր խրախուսվում։ 1987թ. իմ ընկեր ավանգարդիստների հետ կազմակերպել եմ «3-րդ Հարկ»-ը։ Այդ թվականից մինչ այսօր համադրել եմ տասից ավելի ցուցահանդեսներ եւ նախագծեր։ Իմ ստեղծագործական գործունեությունը մեր հասարակության մեջ համառորեն պահպանվող 19-րդ դարի եվրոպական արվեստի ակադեմիական սահմաններից դուրս է։ Ես իմ ստեղծագործական ոգեւորությունն ստանում եմ ինձ շրջապատող մարդկանց հետ շփվելու եւ միասին իրականությունը ճանաչելու պահանջից։ Իմ գործերի մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք արել եմ լսարանի ներկայությամբ, իմ արվեստագետ ընկերների մասնակցությամբ։ Ամեն դեպքում ես աշխատում եմ զարգացնել եւ մշակել այն մեթոդը, որը ես ու իմ ընկերներն անվանում ենք «Imaging image principle» (պատկերի պատկերման սկզբունք)։ Այս սկզբունքը հիմնվում է այն համոզմունքի վրա, որ արվեստը յուրահատուկ լեզվամտածողություն է, որի նպատակն անհատների միջեւ հաղորդակցություն հաստատելն է։ Ինչ-որ իմաստով այս մեթոդը բավական ավանդական հիմքեր ունի՝ Դադա-Սյուրռեալիզմ-Պոպ արտ։ Հետաքրքիր զուգահեռ կարելի է անցկացնել այս մեթոդի եւ երեխաների ու պատանիների արվեստային ինքնաբուխ ինքնարտահայտության հետ։ Ես իմ աշխատանքներում հաճախ եմ օգտագործում կարճ տեքստերով ուղեկցվող պատկեր-ցիտատներ, տարբեր ժամանակաշրջանների արվեստագետների աշխատանքները հաճախ օգտագործում եմ իբրեւ իմաստային ելակետ՝ վերախաղարկելու համար զանգվածային սպառման ապրանքների գովազդային աշխարհը։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ այն համեմատական զուգահեռը, որ կարող ենք անցկացնել երազի, հիշելու գործողության եւ արվեստի ստեղծագործության միջեւ. դա հաճախ անվանում են նաեւ «ինքնարտահայտում»։ Դրանք իրենց գերակշիռ մեծամասնությամբ պատկերներ են, եւ միեւնույն ժամանակ նաեւ՝ տեքստեր։ Ես իմ աշխատանքներում փորձում եմ պահպանել այն լավատեսությունը, որի կարիքն այնքան շատ են զգում իրենց առօրյա կյանքով ծանրաբեռնված Համաշխարհային Ֆեդերացիայի ապագա քաղաքացիները։ Հայերեն «արվեստ» բառը նաեւ արհեստական է նշանակում։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որն ինչ-որ իմաստով գրեթե ամբողջությամբ սարքված է մարդու կողմից, եւ ստեղծագործականությունը կարծես առավել մեծ դեր պետք է կատարի՝ բացությունն ու հաղորդակցվելու անկաշկանդությունը ապահովելու հարցում։ Եթե նույնիսկ արվեստագետը եւ իր արվեստի գործը անմիջական ազդեցություն չեն էլ կարողանում ունենալ հասարակական պրոցեսների վրա, միեւնույն է, արվեստը շարունակում է մնալ մարդկային միտքը բացող եւ նրան ազատագրող լավագույն միջոցը։ Ես սիրում եմ հաճախ կրկնել, որ իմ արվեստն ինձ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ, որպեսզի այնտեղ փոփոխություններ կատարեմ՝ ի նպաստ ապագայի։

2012-ի նեղ ջինսերով ամառը

Մենք տալիս ենք

փիլիսոփայական մի հարց՝

կա՞ արդյոք կյանք մահվանից առաջ:

Մենք այս ամառ Հայաստանում

հռչակում ենք

արտաքին աշխարհի և ներաշխարհի կոնֆլիկտի ավարտը:

Արվեստի մանիֆեստ

արվեստը այն է, որ ուզում ես արվեստից խոսես, բայց խոսում ես քաղաքականությունից,

արվեստը մեր տարածաշրջանում այդպես էլ չստեղծված ռոք-երաժշտությունն է,

արվեստը լատինատառ SMS հաղորդագրություններն են,

արվեստը այլընտրանքային սեռական կողմնորոշումն է,

3-րդ հարկ

Լվացքի մեքենան վերցրել էի Ռուզան Ավետիսյանից, որ սովորում էր մեր ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իմ մտահղացմամբ՝ այս օբյեկտը պետք է ուշադրություն հրավիրեր արդեն 70-ականների սկզբից մեր արվեստի մեջ մեծ թափով ընթացող ապրանքայնացման խնդրի վրա:
Ցուցահանդեսի կազմակերպիչ երիտասարդ կոմունիստները լվացքի մեքենան առգրավեցին, սկզբում տարան շպրտեցին մոտակա աղբակույտի մեջ։

Արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ

Սառնամանիքը նկարներ է նկարում պատուհանի վրա։ Քամին երգում է ժայռերի մեջ։ Քամին և սառնամանիքը ստեղծագործում են՝ առանց մարդու միջամտության։ Եթե քամին և սառնամանիքը գոյություն են ունեցել մարդուց առաջ, իսկ դա հնարավոր է թվում, ապա կարելի է պնդել, որ «արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ»։