Բանաստեղծություններ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան
11/03/2011

Սարեր կանաչ խաղաղ

սարեր կանաչ խաղաղ
մեկի վրա մի քիչ ձյուն
սեմինար
աղվերան
լրագրողներ
շուն
ուզում եմ բանաստեղծություն գրեմ
բայց աչքերս փակվում են
սարեր կանաչ խաղաղ
լրագրողները չկան
մենակ շուն
վազում ա արդեն հասել ա
վերջին ոլորանին
ու չի լինի շուտով
կմնան սարերը կանաչ խաղաղ
մեկի վրա դեռ մի քիչ ձյուն

Երկու SMS


անտառ
արև
ծաղկաձոր
լռություն
թեթև քամի
արմանը sms ա ուղարկել
ասում ա սերժը հրաժարական տվեց
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ ծառին
սևեռուն նայում եմ դիմացի ծառի բնին
սև, չաղ, զզվելի ագռավը
օրորվելով էկավ
լուռ կանգնել ա կողքիս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
բայց շուրջս քարի կտոր չկա
արմանը նորից sms ուղարկեց
ասում ա սերժը հրաժարական ա տվել չես գալի՞ս
sms-ի սուր ձայնից ագռավը վախեցավ թռավ գնաց
անտառ
արև
ծաղկաձոր
թեթև քամի

Դաշտեր գյուղեր կովեր


գնացքի պատուհանից երևում են դաշտեր
գյուղեր հեռու տներ կովեր ու ոչ մի մարդ
բայց մարդիկ կան իհարկե
մարդիկ միշտ կան
եթե անգամ գնացքը ծայրից ծայր դատարկ ա
բայց ինչ օգուտ երբ որ ժամանակ չկա
երբեք ժամանակ չկա ամեն ինչ նորից սկսելու
եթե անգամ ժամանակ լիներ
գնացքը չի կանգնի
ուզում ես գոռա գնացքը չի կանգնի կանգառից դուրս
իսկ կանգառը հենց էն տեղն ա
ուր կան դաշտեր գյուղեր հեռու տներ կովեր
ու չկան
արդեն իսկականից չկան մարդիկ

Առանց զանգ


էս տարի
նոր տարվա գիշերը
ձյուն չեկավ
որովհետև ես
տխուր էի
և ձյունը
չուզեցավ ինձ խաբի
անջատեցի
հեռուստացույցը
հանգցրի
լույսերը
և դուռը բաց թողեցի
որ նոր տարին ներս գա
առանց դուռ ծեծելու
առանց զանգ
առանց զանգուլակ
բայց նոր տարին
ներս չեկավ
մի տաս րոպեի չափ
կանգնեց միջանցքի
սև մթության մեջ
հետո շուռ եկավ
ու գնաց

Շատ մեծ նավ


նավ
մեծ
շատ մեծ նավ
բարձրացել քայլում էի տախտակամածի վրայով
ու երջանիկ էի
բայց հետո
երբ որ նավը բարձրացրեց խարիսխն ու պետք ա շարժվեր
ինձ հարցրին
տոմս ունե՞ս
որտե՞ղ են ծախում ձեր տոմսերը սպասեք մի րոպե ասեցի
բայց ինձ չպատասխանեցին
ու նավը շարժվեց
առանց ինձ
ես գիտեմ էդ նավը էլ երբեք հետ չի գա
ու լաց լինելը իմաստ չունի
բայց ես հիմա հաճախ եմ լաց լինում
որովհետև արցունքներիս համը
հիշացնում ա ինձ հոտը որ գալիս էր ծովից
էն օրը երբ որ
բարձրացել քայլում էի
տախտակամածի վրայով
ու երջանիկ էի

Սիլվան չի հավատում


էս իմ ոտքերն են
կոշիկներս` կարմիր եզրագծերով
պայասուկս էլ ա կարմիր
մեջը վաշինգտոնի քարտեզներն են
էս սիլվան ա նկարել
դրա համար էլ իրա ոտքերը
նկարում չկան
ես ու սիլվան
նման ենք բնավորությամբ
բայց հաճախ ա լինում
որ իրար չենք հասկանում
հետո երկար խոսում խոսում ենք
որ հասկանանք
սրա պատճառը մենակ էն չի
որ ինքը ամերիկայում ա ծնվել
իսկ ես հայաստանում
ամենակարևոր տարբերությունը էն ա
որ սիլվային եթե մի բան դուր չի գալիս
կամ չի հերիքում
ինքը նստում ա իրա վոլվոն
ու տեղափոխվում ա ուրիշ նահանգ
իսկ հայաստանում նահանգներ չկան
հայաստանը պուճուր ա
ու միակտոր
դրա համար էլ իմ կռիվը
ցրվելու տեղ չունի
իմ կռիվը պերմանենտ ա
սիլվա
արի ամերիկան միացնենք հայաստանին
ասում եմ ես
բայց սիլվան չի հավատում
սիլվան ծիծաղում ա

Քաղաք


նրանց համար
ովքեր
տուն չունեն
նրանց համար
ովքեր
տուն ունեն
բայց հոգնել են արդեն
դրանից
և ուզում են
տուն չունենալ
նրանց համար
ովքեր
կորցնելու
ոչինչ չունեն
արդեն
կամ էլ չեն ունեցել
երբևէ
նաև նրանց համար
ովքեր
էնքան շատ բան ունեն
կորցնելու
որ հոգնել են արդեն
վախենալուց
ես ուզում էի կառուցել
քաղաք
բոլորովին նոր
ու տարբեր
գոյություն ունեցած բոլոր
քաղաքներից
բայց չեմ հասցնի
երևի
դրա համար էլ
էսօր
նոր տարվա
նախօրեի
էս առավոտը
նստեցի ու գրեցի
էս
բանաստեղծությունը

Կարապի լիճ


կարապի լճում լողում էին երեք կարմիր կարապ
ես էլ գիտեմ որ կարապները կարմիր չեն լինում
բայց դրանք կարմիր էին
վառ կարմիր
իսկ ջրից տիղմի սուր հոտ էր գալիս

կողքիս ֆրանսիացի ծանոթս էր
առաջին օրն էր հայաստանում
ուրախացավ կարմիր կարապների վրա
նկարվեցինք դրանց հետ
բայց նկարի մեջ

կարապները սպիտակ դուրս եկան
էս պատմությունն իրականում պատահել ա
բայց եթե դուք ինձ չեք հավատում
կարող եք գնալ ու ստուգել
հենց էս գիշեր կարապի լճում
լողալու են երեք վառ կարմիր կարապ

Վերնագիրը վերջում


ապակե պատեր
սրճարան
ծովային կենդանիներով սալաթ
նարինջ
կարմիր նարինջ
կլոր կտրտել շարել են ափսեի եզրով
սիրուն ա
գարեջուր կիլիկիա մեծ
կրակոց
շատ մոտից էր
ու ոնց որ իսկական էր ոչ թե կինո
ով որ խոսում էր լռեց
հիմա լուռ ա
նորից կրակոց
կողքիս ապակին փշրվեց լցվեց սալաթիս մեջ
ծովային կենդանիներ
կարմիր նարինջ
սպիտակ ապակի
սիրուն ա
բայց պետք ա զգուշացնեին որ չի ուտվի
թե չէ մենյուն պարզապես ասում էր
ՍԱԼԱԹ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ


Առարկա


մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
երեկ տեսա
տուն գալիս
փողոցում
առաջ չկար
ոնց որ թե
հիմա կա
դրված ա փողոցում
մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
ինչ որ մեկը
հատուկ դրել ա
փողոցում
դրել ա
որ ես տեսնեմ
տեսա
հիմա ի՞նչ եմ անելու

Նախագահն ու ոստիկանը


արդեն մութ էր շատ
դրա համար էլ երևի
ոչ ոք չնկատեց
հայաստանի հանրապետության
նախագահին
որ կանգնած էր մենակ
ազատության հրապարակում
անձրևի տակ
մենակ մի ոստիկան տեսավ
հազիվ հավատաց աչքերին
ուզում էր զեկուցել ղեկավարությանը
բայց հետո փոշմանեց ու
չզեկուցեց
եթե զեկուցեր
գուցե ուրիշ ձևով ավարտվեր
հայաստանի երրորդ հանրապետության
պատմությունը

Կապույտ աչքերով կինը


պուճուր էրեխեքը
վազվզում էին ազատության հրապարակում
ընկնում վեր կենում
ու լաց էին լինում
իսկ ես նստել էի
կողքի սրճարանում
գարեջուր էի խմում
ու մտածում էի`
տեսնես ի՞նչ եղավ
էն կապույտ աչքերով կինը
որ թալինից էր կարծեմ
որ միշտ գալիս էր հանրահավաքներին
անունն էլ չհարցրի
անունն էլ չեմ հիշում
մենակ հիշում եմ որ ասում էր`
մարինե սիրտս անհանգիստ ա
մարինե ի՞նչ ա լինելու

SAM BECKETT COME HOME


ու հիմա գրում եմ էս մի քանի տողը
որ հասկանամ թե ինչու
էսքան միանգամից ու էսքան շատ
սիրեցի քաղաքը որ կոչել են նյու յորք
էնքան շատ սիրեցի որ հիմա ինչ էլ գրեմ
կլինի նամակ նույն հասցեով
դու երբեք չես կարող
հանդիպել բոլոր էն մարդկանց
որոնք կարող էին լինել քո ընկերը
բայց իրանք թողնում են նշաններ
որ դու հասկանաս որ մենակ չես
որ դու համոզվես` քո ընկերները կան
չնայած դու իրանց երևի արդեն չես հանդիպի
որովհետև մեծ ա տարածությունը
և քիչ ա ժամանակը
սեմ բեքեթ
արի տուն
գրած էր շենքի վրա
թարթող լույսերով
ու քանի որ բեքեթը
էլ չի կարող գալ
ուրեմն էդ բառերը
իմ համար էին գրած
ես էլ կանգնել նայում էի
բայց ո՞ւր ա տունը
տուն չկա
կան անտուններ
ու կա նյու յորքը
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի
հետո երբ որ տուն էկա
երևան
ինտերնետով search արեցի
էդ բառերը
ու իմացա որ
էդ նախադասությունը
չինացի մի արտիստ էր սարքել
հա էլի
չայնաթաունում էր էդ շենքը
նյու յորքի չինաստանում
ես էլ առանց իմանալու
հայաստանից հասել
կանգնել էի էդ շենքի առաջ
որ պատահաբար
կարդամ վրան գրածը.
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի
մարդը սարքում ա տուն
որ անձրև չգա վրան
որ քամին չքշի իրան տանի
որ շները չուտեն իրան գիշերով
բայց անձրևը մեկ ա գալիս ա
քամին մեզ տանում ա էս ու էն կողմ
ու շները որ կերան սեմ բեքեթին
չնայած շան կերպարանք չունեին
բայց շուն էին` մեկ ա


էս իմ ներողությունն ա
վիոլետ գրիգորյանից,
ու ոչ միայն իրանից


Նա սիրում էր մեռնող քաղաքների տենդը
Եվ պատկերներ զարհուր և հռնդուն երգեր: –
Նա պայքարող մարտի՞կ: – Դա լեգենդ է,
Որ իր մռայլ մահով նա հավիտյան հերքեց:

էսօր գիշեր
կիսաարթնացած
հանկարծ զգացի որ թաց ա դեմքս
հետո չեմ հիշում որտեղից
միտս ընկան վերևի չորս տողը
որ չարենցն ա գրել
մայակովսկու մասին
իրա ինքնասպանության օրը
վաղուց շատ վաղուց էի կարդացել
ու հիշում եմ որ վատ էի զգացել
ահավոր վատ

գիշերով գրապահարանս խառնեցի
թերթեցի թերթեցի
գտա էդ բանաստեղծությունը.

————————

էէէէէէէ եղիշ եղիշ
ինքը քո եղբայրն էր
քո հարազատ եղբայրը
բայց դու շրջեցիր դեմքդ
դու գերադասեցիր լինել
պայքարող մարտիկ

ես գիտեմ դու չես իրան սպանել
ես գիտեմ դու չես իրան սպանել
բայց էս դեռ 30 թիվն ա
դեռ ինչեր ինչեր են լինելու
ախր դու էիր բոլորի վերջին հույսը
եթե չգրեիր էս հիմար տողերը
եթե գրեիր ուրիշ տողեր
ամեն ինչ հիմա ուրիշ էր լինելու


Ներքին բանգլադեշ

մահը մարդու
որին չէիր ճանաչում
մի տեսակ ուրիշ
տխրություն ա բերում

մի տեսակ անբառ
տխրություն

ու դու հանկարծ հասկանում ես
որ տխրությունն էս
միշտ ա եղել
դու ընդամենը դրա վրա
սիրուն
ծածկոցներ էիր փռել

ու հիմա մարմինը մարդու
որն արդեն չկա
քո մեջ հերթով պատռում ա
էդ սիրուն
ծածկոցները

Print

22 Արձագանքներ Բանաստեղծություններ

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

nineteen − 18 =