kapuyt

Մայրենիք. դրոշ (2)

Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
07/03/2015

*

Սկիզբը այստեղ

ԿԱՊՈՒՅՏ

ՀՀ

Ես մնում եմ օրենքի տառին հավատարիմ, ոգուն` դիմադրող:

Օրենքը սահմանում է. «Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո»: Ո՛չ թե հայրենի երկնքի, այլ պարզապես «խաղաղ երկնքի ներքո», ուրեմն` ցանկացած երկնքի ներքո:

Ժողովուրդը հետևողականորեն դրսևորում է խաղաղ երկնքի ներքո ապրելու իր կամքը` լքելով Հայաստանը, երբ նրա գլխին սև-մութ ամպեր են կուտակվում:

ԱՆԴՈՆ

Կապուտակ երկնքի տակ ծփում էր ծովը կապուտակ:

Սկզբում 88-ն էր: Ինքը հոր ուսերին ճոճվող նավավար էր, որովհետև հայրը նավն էր, ու կար ծովը` մարդկային, որ թվում էր անծայրածիր: Ժողովուրդը ծովում էր Ազատության հրապարակում, ուր մով աչքերով փոքրիկ տղան անհամբեր սպասում էր հերթական, շառաչող ալիքին, որ իր պստիկ բռունցքը վեր պարզի և վանկարկի «Մի՛-ա՛-ցո՛ւմ»:

Ու դեռ կար «Հեքիաթ» կաֆեն` Թումանյանի վրա, որն իրենց նավահանգիստն էր, որտեղ ինքն առանց համոզելու իջնում էր հոր ուսերից: Գիշերվա հեքիաթն էլ կար` չրթող նավի մասին, որը չրթում էր ճամփին պատահած ամեն բան ու թքում կճեպ, կլեպ ու պատյան:

Հետո ծովը ցրվեց տներով, ամեն կաթիլ` իր գործին: Նավավարը գնաց դպրոց, իսկ նավը` պատերազմ:

Քույրն ասաց` «պինդ բռնիր` չկորցնես», կտրոնն ու փողը ձեռքը տվեց, ուղարկեց հացի: Հերթը թվաց ծանոթ ծովից պոկված ալիք, բայց ոչ մեկն իրեն չառավ ուսերին: Մութն ընկել էր, ցուրտ էր արդեն, հերթը` անցած, հացը` պրծած, թիկունքը` թույլ, ճակատը` պինդ: Խանութի դռանը կտրոնն էր փնտրում, հույսը չէր կտրում: Քույրն անհանգիստ եղբորն էր սպասում, մայրը` զինադադարին, նավը` փարոսի լույսին, իսկ իր ձեռքին ոչինչ չկար, իր բռի մեջ դեռ սերմ չկար, ու չրթածը սնամեջ էր: Եկավ, մորը խնդրեց` «ինձ տուր սպորտի»: Ուզում էր ուժեղ լինել, որ ալիքին կուլ չգնա, որ պինդ բռնի ու չկորցնի իր կտրոնը, որ իր բուռը բռունցք դառնա, թիկունքը` ամուր, գոտիկը` պինդ, ճակատը` պարզ, լուսաբացին դուրս գա բաց ծով նավարկության:

Լույսը բացվեց: Նավը կոտրած կայմով կռվից տուն դարձավ, բայց ոչ զինվորական շորերը հագից հանեց, ոչ էլ մորուքը սափրեց: Խոհանոցը` նավամատույց, օղու շշի մեջ` ծիծաղախիտ ծով: Հայրը մինչև վերջին կաթիլը կոնծում էր, գլուխը սեղանին քնում: Մայրը խնդրեց`«ի՞նչ կլինի, հորդ ասա, թող քիչ խմի»: Հայրը խնդաց. «Արի, սարսաղ, արի տեսնեմ` ինչ ես ուզում. որ օրը ձեռս ծալես` էդ օրվանից քո ասածով կշարժվենք»: Հարբած հայրն առանց ջանքի որդուն հաղթեց, և ամեն բան թվաց մի բուռ` սահմանափակ, հողը` մի բուռ, ազգը` մի բուռ, իսկ բռունցքը` կար ու չկար. Թումանյանը կար, «Հեքիաթը» չկար, փողոցը կար, կաֆեն չկար:

Նավը երկա~ր, տարիներով խորտակվում էր ծանծաղուտում: Ինքը կպած մարզվում էր:

Առաջին սերմը հողին տվեց: Դրանից հետո ձեռնաշարժելիս սերմը ձախ ափի մեջ էր թափում: Ատամները սեղմած, գլուխը հետ էր գցում, կոթ ու վզակոթ պրկվում, երակները ցցվում էին, կապույտը դուրս էր գալիս ջրի երես, ու թանձր սերմն անկճեպ, անկլեպ ու անպատյան հոսում էր բուռը:

Ինքն ավարտական դասարանում էր, երբ առաջին ու վերջին անգամ հորը տեսավ արտասվելիս. հազարամյակի վերջին հոկտեմբերի 27-ն էր:

Անցման մշուշը պատեց ծովիծ ծով, իսկ ինքը նոր դարի մեկնարկի տարում դպրոցն ավարտեց, ստացավ անձնագիր ու իր ուժերով ընդունվեց Ժողի վարկային գործ բաժինը` անվճար:

Տուն պահող ուսանող էր: Շաբաթվա մեջ` ինչ պատահի, հանգստյան օրերին` օրավարձով բեռնակրություն: Անընդհատ վիճում էր հոր հետ: Հայրն ասում էր`«խեր, շառ, Աստված», ինքն ասում էր` «հույս, հավատ, սեր», նա ասում էր` «փրկօղակ նետենք», ինքն ասում էր` «խարիսխ գցենք», նա ասում էր`«արի խմենք», ինքն ասում էր` «թարգի, այ հեր»: Որքան էլ վիճեին, մեկ է` վերջին խոսքը մեծինն էր և մշտապես նույնը` «ձեռի ուժ կպնենք, ծալես` քո ասածով կշարժվենք»: Վաղուց կարող էր, բայց սիրտ չէր անում:

Մի երեկո, եկավ տեսավ` քույրը քաշվել մութ անկյունում լաց էր լինում, «Քեզ ի՞նչ եղավ, ո՞վ նեղացրեց, ասա գնամ` գլուխը ջարդեմ»: Պարզվեց` հայրը դրսում, անծանոթներից խմելու փող էր ուզել, քրոջ նշանածը տեսել էր: Հոր ձեռքը ծալեց: Պարտվողն ասեց մենակ մի բառ`«մակարդակ»: Հիմա ինքը նավապետն էր շարքից ելած ռազմանավի: Հին պայմանը խախտվեց, նորն անխոս կապվեց` երկուստեք, լուռ համաձայնությամբ: Գիշերները շուրջօրյա գրավատանը պահակություն էր անում, առավոտ շուտ երկու շիշ բերում հոր դիմաց դնում, գնում էր դասի, մինչև ավարտեց ու զորակոչվեց:

Բոլորով սահմանին էին: Ինքը` հայոց բանակում, հայրը` շշի հատակում, ինքը լեռներում, տնեցիք` ստորոտում, ինքը դիրքերում` հերթապահ, մայրն ու քույրը` անկողնու մոտ հիվանդապահ: Ինքը վազում էր, ցատկում, կքանստում, ձողին ձգվում, զենքը ձեռքին փորսող տալիս, իսկ նավն անդարձ ընկղմվում էր տիղմի մեջ: Տագնապով վերկացին, երբ օրապահ էր` «վաշտ, զգաստ» էր կանչում, նավախելը սուզվեց: Շարային ստուգատեսին տախտակամածը կիսվեց: Սահմանապահը խրամատում կրակեց, ու նավացռուկն անցավ ջրի տակ:

Զորացրվեց: Նավը չկար, բայց կար վերստին ծովը մարդկային, որ ծփում էր Ազատության հրապարակում: «Ցնծության ձոնին» ականջալուր` գնաց կանգնեց ծովեզերքին` Հյուսիսային պողոտայի բազրիքներին, տեսավ բռունցքների շառաչող ալիքն ու սիրտը լցվեց: Ճողփեց, ելավ Թումանյանի պատվանդանին ու ողջ ձայնով զիլ վանկարկեց` «ազա՛տ, անկա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն»:

Հետո ծովը ցրեցին:

Ոչ մի կաթիլ չխմեց` ոչ հոր քելեխին, ոչ տարուն, ոչ էլ քրոջ հարսանիքին: Ուզում էր ուժեղ լինել, որ ալիքի վրա մնա, որ փրկօղակի կարիք չունենա, որ բռունցքը մուրացիկի բուռ չդառնա: Ցամաք ծովի ջուրն աչքերում, ճակատը բաց առաջ գնաց, նավաբեկյալ մորը` ուսերին, թիկունքին` խարիսխ: Ընդունվեց գործի վարկային կազմակերպությունում: Գտավ իր համար նոր նավահանգիստ, ուր կայանում էր մթնշաղին, մով աչքերը` հեռուներին, դիմացն անփոփոխ` նարնջի հյութ` երկու հատիկ սառույցով: Իրեն հանդիպեց մակույկ, լաստանավ, անգամ դեղին մի սուզանավ, բայց ոչ մեկը սրտուզածը չէր: Փնտրում էր, հույսը չէր կտրում:

Վերջապես գտավ իր նարնջագույն, ծուռ առագաստով նավակին, որ եկավ` չրթելով ճամփին պատահած ամեն բան, կուլ տվեց իր սերմն ու չթքեց ո՛չ կճեպ, ո՛չ կլեպ, ո՛չ պատյան, և մի բուռը թվաց անսահման, կապույտը` անծայրածիր, երկինքը` խաղաղ, կամքը` անկոտրում:

Ու կապուտակ երկնքի տակ ծփում էր ծովը կապուտակ:

ՀՀ

Ամենատարբեր հաշվարկներով ներկայումս աշխարհում 8-12 միլիոն հայ կա, որի շուրջ մեկ քառորդն է ապրում Հայաստանում: Վերցնենք ողջ հայության համար միջինը, ասենք` 10 միլիոն: Ուրեմն, հայերը 7 միլիարդը գերազանցած մարդկության 0,1… % են: Ինչ խոսք, ոչնչացնող փոքրություն է:

Համամարդկային իմաստով «հայ» նշանակում է փոքրամասնություն, հենց միայն էն պարզ պատճառով, որ հայերի ճնշող մեծամասնությունը ինչ-որ երկրում էթնիկ փոքրամասնություն է: Միայն ազգային պետության սահմաններում է, որ հայը մեծամասնություն է, բայց Հայաստանն ինքը փոքր է, աշխարհի ցամաքի 0,02…%, և եթե ինչ-որ բանով աչքի չընկնի, հազիվ թե մարդկության մեծ մասն անգամ քարտեզի վրա տեղն իմանա:

Ինչպե՞ս է հաղթահարվում փոքրությունը:

Մեծ-մեծ խոսելով կամ մեծ գործերով: Նորություն չի, դեռ հայ առաջին պատմիչն է ասել.  «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

10 միլիոն հայ հանգիստ կարող է ապրել անգամ սակավահող, 30 հզ. կմ² Հայաստանում, չհաշված Ղարաբաղը, որի վերաբնակեցումն առանձին հարց է: 1 կմ²` 333 մարդ: Շատ նեղվածք չի, եթե համեմատենք, ասենք, Չինաստանի հետ, որի ցուցանիշը 50 անգամ ավելին է, և նկատի ունենանք, որ աշխարհի առնվազն 40 երկրում բնակչության խտությունը գերազանցում է նշված թիվը: (Օրինակ` Բելգիայում 10 միլիոն մարդ հանգիստ ապրում է 30 հզ. կմ² վրա): Վերջ ի վերջո, քանի որ փոքր ազգերը շատ են սիրում համեմատվել հրեաների հետ, 8 միլիոնից ավելի մարդ ապրում է 20 հզ. կմ² վրա, ոչ խաղաղ երկնքի ներքո:

Էքս. ՍԵՎԱՆ_ա_ԾՈՎ

Անամպ երկինք: Ծովի ծփոց:

_ԾՈՒԽ_ի_ԱԿՆ

Մսով շամփուրները վերցվում են բոցկլտացող ածուխով մանղալից: Յուղը կաթում, անբոց ծուխ է տալիս, որ լցվում է խորովածն անող Անդոյի աչքերը:

Զեփյուռը ծուխը տանում է դեպի երկաթից սեղանը, որտեղ Սամը բանջարեղենն է կլպում` մատները թաթախելով ջրով լի պնակի մեջ, իսկ Մամն անշտապ սեղան է գցում:

ԱՆԴՈ (Սամին) – Լավաշ բեր, քաշենք:

Ափը մարդաշատ չի:
Ջրի մոտ վիճում են մի քանի երեխա:
Ծփում է կապուտակ Սևանը:

_ԿԵՐ_ու_ՍՈՒՍ

Սեղանը պատրաստ է, խորովածը` կենտրոնում դրված:
Սամը օղի է լցնում իրեն ու մորը:

ՄԱՄ – Անդոյին լցրու, առաջինը` խորոված անողին:
ՍԱՄ – Անդոն չի խմում:
ՄԱՄ – Հա~… ղեկին է:
ԱՆԴՈ – Չէ, ընդհանրապես չեմ խմում:

Անդոն մի լավ կտոր խորոված է ընտրում, փորձում դնել Մամի ափսեի մեջ:

ՄԱՄ – Չէ, չէ, շնորհակալ եմ:
ՍԱՄ – Մամը միս չի ուտում, (շեշտված նմանակելով) ընդհանրապես չի ուտում:

Անդոն նույն կտորը դնում է Սամի ափսեն:

ԱՆԴՈ – Առաջ մեկ-մեկ խմում էի, հիմա լրիվ թարգել եմ: Հերս էր շատ սիրում խմել:
ՄԱՄ – Միշտ սիրել եմ խմող մարդկանց, նրանք թաքցնելու բան չունեն, իսկ հարբեցողներին խղճացել եմ:
ՍԱՄ – Հարբեցող, խմող. ի՞նչ տարբերություն:
ՄԱՄ – Խմողն ուզում է հարբել, իսկ հարբեցողը չի ուզում սթափվել:
ԱՆԴՈ – Ուրեմն ես սխալ ասի. հերս հարբեցող էր:

Անհարմար լռություն:
Հեռվում երեխաներն ավազից ու խճաքարերից մեծ ամրոց են կառուցում: Երկուսին չեն խաղացնում, որ խռովել, քաշվել են մի կողմ:

ԱՆԴՈ (մթնոլորտը ցրելով, աշխույժ) – Կենա՛ց, կենա՛ց, կենա՛ց, ես կենաց ասեմ, դուք խմեք: (Մտքերը հավաքելով): Բնությունը մայր է: Մարդիկ ասում են՝ մայր բնություն, ոչ թե հայր, որովհետև հայրական բնազդ չկա, կա միայն մայրական: Ու քանի որ էսօր մայր բնության հյուրընկալ գրկում ենք, եկեք առաջինը խմենք մեր մայրերի ու մայր բնության կենացը:
ՍԱՄ – Կենացդ, բնություն ջան:
ՄԱՄ – Զգացված եմ:

Տղաներն ախորժակով միս են ծամում:
Մամը  բանջարեղենն է կտրատում իր ափսեի մեջ:

Գիտեք՝ ի՞նչ է բեզոարը:

ԱՆԴՈ – Գիտեմ, որ Բեզոարյան այծը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է, բայց բեզոարն ինչ է, ճիշտն ասած, տեղյակ չեմ:
ՄԱՄ – Ի՞նչ կա ավելի ներդաշնակ ու բնական, քան մոր կաթը ծծող ուլիկը: Մոր կաթի հետ ուլիկը մազ է կուլ տալիս: Մազերը ստամոքսում կուտակվում, դեղձի կորիզի չափ կծիկ են դառնում ու քարանում, և այդ ստամոքսի «քարը» կոչվում է բեզոար:

Դանակ-պատառաքաղը վայր է դնում:

Ուլիկը ծծում է ինքնապահպանման բնազդով: Այծ-մայրիկը կերակրում է մայրական բնազդով: Բայց արի ու տես, որ այս երկու մեծարված բնազդը համատեղ սպանում են խեղճ ուլիկին: Անմեղ, բկլիկ ուլիկները հաճախ շատ մազ են կուլ տալիս և մեծ բեզոարից անկում են:

ԱՆԴՈ – Որտեղի՞ց գիտեք էդ բաները:
ՄԱՄ – Կարդացել եմ: Կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի ու հնարավոր չլինի մի տեղ կարդալ:
ՍԱՄ (ծիծաղկոտ) – Առակդ ի՞նչ կցուցանե. որ մազոտ բան չարժի ծծե՞լ:

Անդոն դանակ պատառաքաղը վայր է դնում, դադարում ուտել:
Մամն ախորժակով ուտում է խորոված բանջարեղենը:

_ ԱՓ_ի_ՄՈՏ

Մանղալի կրակը մարել է:
Անդոն փայտածուխի միջից խորոված կարտոֆիլներն է հանում, լցնում թասի մեջ: Փայտիկով փորփրում, համոզվում է, որ էլ չկա: Թասը տանում, դնում է սեղանին:
Մամը լողազգեստով, գիրքը ձեռքին նստած է մեծ հովանոցի տակ, սեղանից երկու քայլ հեռու:

ԱՆԴՈ – Էս մնաց:
ՄԱՄ (գրքից չկտրվելով) – Կուտվի: Lողանք` կսովածանանք:

Անդոն մոտենում է ու նստում խճաքարերին: Արմունկը դնում է ծնկին, դնչով հենվում բռունցքին: Հեռվից հետևում է հաշտված երեխաների խմբի հետ խաղացող Սամին:

ԱՆԴՈ – Ի՞նչ եք կարդում:
ՄԱՄ (գրքից չկտրվելով) – Հայ բանաստեղծական արձակի ժողովածու:
ԱՆԴՈ – Հա, անհանգ ոտանավորներ:
ՄԱՄ (գրքից չկտրվելով) – Չէ, դա արձակ բանաստեղծությունն է:
ԱՆԴՈ – Շատ ե՞ն տարբեր:
ՄԱՄ (գրքից չկտրվելով) – Հասկացողի համար:
ԱՆԴՈ – Մի տող կկարդա՞ք:
ՄԱՄ (գրքից կտրվելով, մեղմ ժպտալով) – Անշուշտ: (Կարդում է բանաստեղծական շնչով) «Կապույտ երինջների արձակ նախիրն ազատ ճարակում էր մեհյանի շուրջը»3:

Անդոն շշուկով կրկնում է լսածը:

ԱՆԴՈ – «Կապույտ երինջների արձակ նախիրն ազատ ճարակում էր մեհյանի շուրջը»:
ՍԱՄ – Անդո~, արի՛… (ձեռքերով լողալու նշան է անում):
ԱՆԴՈ (ելնելիս) – Չե՞ք գալիս:
ՄԱՄ (գրքից չկտրվելով) – Հետո:

Անդոն անշտապ հանվում է: Շորերը խնամքով ծալում, դնում է մի կողմ:
Թիկնեղ մեջքին մեծ խարիսխ է դաջված, որ ծոծրակից ողնաշարով իջնում է ցած ու ճյուղավորվում թիակների տակ:

_ՋՐՈՑ_ի

Տղաները մտնում են ջուրը, քայլելով առաջ գնում մինչև գոտկատեղ:
Սամը մի քանի անգամ ջուր է ցփնում Անդոյի վրա ու գլխանց սուզվում:
Դաջվածք-խարիսխը հետզհետե ընկղմվում է ջրի մեջ:
Անդոն հետևում է Սամին, շուտով հասնում, ջրի տակ ոտնաթաթից բռնում է, բայց չի քաշում:
Զուգահեռ, անշտապ լողալով խորանում են, մերթընմերթ սուզալող տալիս, ելնում ջրի երես:
Ափից ահագին հեռացել են:
Տեղում լողում են, առաջ չեն գնում, գլուխները հայտնվում են դեմ դիմաց: Իրար ժպտում են:
Սամը ձեռքերը դնում է Անդոյի ուսերին, հենվում, վեր է ձգվում, ընկերոջ գլուխը ջրի տակ պահում, ապա հետ նետվում, անցնում հանգիստ թիկնալողի`շունչը տեղը բերելով:
Անդոն կրկին ջրի երես է ելնում, անհոգ խնդալով գլուխը թափահարում է, շնալողով պտտվում Սամի շուրջը, սուզվում, մյուս կողմից դուրս է գալիս:

ՍԱՄ (հայացքը երկնքին, աչքերը կկոցելով) – Արի մրցենք:
ԱՆԴՈ – Արի, հաղթողին ի՞նչ կհասնի:
ՍԱՄ – Ոչ մի բան, հավեսի համար, հմո՞ ես:
ԱՆԴՈ – Հա:

Սամը կրկին առաջ է ընկնում:
Երկուսն էլ ազատ ոճով են լողում:
Հավասարվելով` Անդոն արագալողից անցնում է գորտնալողի:
Սամը չի հանձնվում, իրեն կոտորելով հաղթահարում է իրենց բաժանող կարճ հատվածն ու առանց հետ նայելու կտրուկ անցնում առաջ:
Անդոն հրաժարվում է մրցապայքարից, հանգիստ լողում դեպի ափ:
Նրանց միջև տարածությունը երկարում է:
Ափի մոտ Սամը կանգնում է ջրի մեջ, ցատկոտում, ձեռքերը թափահարում ու հաղթական ճիչեր է արձակում:
Մամը կտրվում է գրքից, էջը թերթում, նայում է տղայի ուղղությամբ: Սամն իր հերթին որսում է մոր հայացքն ու միմյանց ձեռքով են անում:
Երեխաների խումբն ուրախ վազում է դեպի ջրից ելնող Սամը:

_ՄԱՅՐ_ա_ՄՈՒՏ

Արևը մայր է մտնում:
Ջրի վրա նշմարվում է խորացող, միայնակ լողորդուհու գլուխը:
Տղաները նստած են լճափին և նայում են բոցավառվող հորիզոնին:
Սամը շշից «Կիլիկիա» գարեջուր է խմում:

ԱՆԴՈ – … խմել չէր կարելի… խմիչքն իրեն սպանում էր, բժիշկն ասել էր` ոչ մի կաթիլ, իսկ ես փոխանակ դեղի ճար անեի՝ օրը երկու շիշ օղի էի առնում…
ՍԱՄ (կում անելով) – Ինչի՞:
ԱՆԴՈ – Պատվի համար:

Սամը շիշը շուռ է տալիս բոբիկ ոտնաթաթին:
Գարեջուրը փրփրում է ոտատակի խիճ ու ավազին:

ՍԱՄ – Մի ծեր թագավոր մի իմաստուն ու հավատարիմ աստղագուշակ ուներ: Թագավորը բոլորից շատ սրան էր վստահում, որովհետև Էս աստղագուշակը կյանքում ինչ ասել էր` իրականացել էր: Մի օր աստղագուշակը շատ տխուր եկավ մոտը, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասի, երկնքի աստղերը մարում են, շուտով ահավոր դավադրություն կլինի, ու քեզ խայտառակ ձևով գահընկեց կանեն: Թագավորը էս որ լսեց, դարդից գնաց ինքնասպան եղավ, ու էդպես էլ ճիշտը չիմացավ. ոչ թե երկնքի աստղերն էին մարում, այլ իր աստղագուշակն էր քիչ-քիչ կուրանում:

Անդոն ձեռքը գցում է Սամի ուսով:
Ամեն մեկը տարված է իր մտքերով:

ՍԱՄ (հայացքը`հեռացող լողորդուհուն) – Գրքի ու ծովի գիժ: Էդ երկու բանի համար խելքն իրանը չի: Ամեն տարի ծով գնալն իմ խաթեր թարգեց: Կարդալը մեռնի էլ չի թարգի: (Դադար): Էսօր երևի կյանքումս առաջին անգամ չվախեցա Սևանի կծան արևից, գիտես` խի՞:
ԱՆԴՈ – Ինչի՞:

Սամը նայում է Անդոյի աչքերի մեջ:

ՍԱՄ – Դու հետս էիր:
ԱՆԴՈ – Մակարդակ:

Բոցավառվող հորիզոն:

ԼՈՒԾԱՆՑՈՒՄ.
Մթնում է: Երկինքն աստղազարդվում է: Լիալուսին է:
Ալիքների ու ճայերի ձայները հետզհետե խլանում են` փոխարինվելով անտառային ձայներով:
Աստղերը մարում են, լիալուսինը մահիկ է դառնում:
Տկտկոցով մեքենագրվում է. «No 2679 զորամաս»:

ՀՀ

Ենթադրենք, վաղն առավոտ աշխարհի բոլոր հայերն արթնանում են իրենց բնօրրանում և հայտնաբերում, որ լեռնային կղզին հայտնվել է Խաղաղ օվկիանոսի մեջ: Չկան անտանելի հարևանները` թուրքերը, ռուսները, պարսիկները, և բոլոր մյուսները, որոնք հերթով խաբել ու ճնշել են, չեն թողել հայերը մարդավարի ապրեն ու բազմանան: Շուրջը միայն խաղաղ ջրեր են, հայերն ու իրենց սարերը: Հարց է ծագում. ո՞րն է երաշխիքը, որ էդ նոր Հայաստանում բոլոր հայերը հաշտ-համերաշխ կապրեն, և ոչ թե, ասենք, ցեղային պատերազմներ կսկսեն իրար դեմ, իսկ նոր ծովային հարևաններն ավելի լավը կլինեն, քան հույները, հռոմեացիները, պարսիկները, բյուզանդացիները, արաբները, հետո սելջուկները, մոնղոլները, թուրք օսմանները, ռուսները և այլն, ու թշնամական ռազմական նավատորմը մի օր չի հայտնվի հայոց ծովափին:

Հայտնի է, որ աշխարհում միայն կայացած դեմոկրատիաները չեն պատերազմում իրար դեմ (օրինակ, այլևս գրեթե բացառվում է, որ Գերմանիան ու Լեհաստանն իրար կոտորեն, ինչպես ոչ վաղ անցյալում, իսկ Ռուսաստանն ու Լեհաստա՞նը):

Անկախ Հայաստան ավելի շատ չի եղել, քան եղել է: Ժողովուրդը դարերով օտարի լծի տակ, երկիրը` ոտնատակ, ինչպես դասագրքերում է շատ դիպուկ գրված` արյունալի պատերազմների թատերաբեմ:

Հայաստանը թատերաբեմ չլինելու երկու ճանապարհ ունի. գնալ ժողովրդավարացման կամ դառնալ միջուկային ռազմական տերություն:

Վերջ ի վերջո, ո՞րն է հայերի հարատևման գաղտնիքը:

-Ազգային ոգին,- կասեն մշակութային ազգայնականության կողմնակիցները:

Անգամ եթե երկիրը ոտատակ են տվել, իսկ ժողովրդին ստորաքարշ գոյության մատնել. ոգին, ըստ սահմանման, անսասան է, եթե կա: (Շարունակելով լեհական օրինակը` Ռուսաստանի ու Գերմանիայի դարավոր կռվախնձոր Լեհաստանը երեք պատմական բաժանումներից հետո աշխարհին տվեց Շոպեն, որի երաժշտությունը կարծես թե հենց էդ ոգու գոյության վկայությունն է):

Մշակութային ազգայնականությունը գերմանական ծագում ունի: Պնդում է, որ ժողովուրդն իր մշակույթով է ազգ դառնում: Ազգային ոգու զարթոնքից է ծնվում երկիրը, մի խոսքով, եթե Րաֆֆին չգրեր իր վեպերը, ասենք «Սամվելը», Հայաստանը չէր լինի: Էս հղացքը կարճ կարող ենք անվանել «Երկիր և մշակույթ», իսկ ենթադրվող հայրենիքը` Հոգևոր Հայաստան` հայ դասականների երազած երկիրը (հոգևորը կրոնականը չի. հենց նույն Րաֆֆին գրում էր, որ հայերի ճակատագիրն այլ կլիներ, եթե վանքերի փոխարեն բերդեր շինած լինեին):

Էքս./ին. ԶՈՐ_ա_ՄԱՍ

_ՎԵՐ_ԿԱՑ

Լուսամուտ: Դրսում ձյուն-ձմեռ: Այգաբացի մթնշաղ: Զորանոց:
Զինվորները խաղաղ քնած են, և միայն Սամն է աչքերը բաց պառկած:
Շեփորի կանչ:
Օրապահը մտնում է ներս:

ՕՐԱՊԱՀ – Վա~շտ, վե՛ր կաց, վա~շտ, վե՛ր կաց, վա~շտ, վե՛ր կաց:
ՇԱՐՔԱՅԻՆ 1 (լայն հորանջելուց հետո, բարձրագոչ ճառում է) – Պիցըրցրու կլոխդ, զինվոր, պեց ըրա բիզյարած աշկերդ, քու սխրանքդ մըննըրներաս ընգնիլ չի, քու անումըդ սըրտըրներաս ճինջվել չի:

Կողքից ծիծաղում են, բարձեր են նետում արտասանողի ուղղությամբ:

ՇԱՐՔԱՅԻՆ 2 – Տղերք, երազիս մեր ջոկով բոլորս նույն տեղն էինք ընկել:

Արթնանում են, զվարթները` հապճեպ հագնվում, դանդաղաշարժերն աչքերն են տրորում, տրտնջում:

ՇԱՐՔԱՅԻՆ 3 – Ի~նչ լավ էրազներ ես տենում, Տիգ ջոան, Աստված անա, էս գախ էլ կատարվա, ցավդ տոնեմ, քո տեսուկ սոաղ էրազները հըլնում են:
ՇԱՐՔԱՅԻՆ 4 – Ծո ապ, մէ օրըմ էլ ուզածիս գյորա երազըմ տես, էլի, ախպոր պես, մեռնիմ ջանիդ, կեղնի ըմբես էնենք, օր լոտոյով մե հադըմ ավտո շահենք:
ՇԱՐՔԱՅԻՆ 5 – Զինվոր, հիշի՛ր, երբ դու քնած ես թշնամին արթուն հսկում է: Աշխատի շատ քնես, որ թշնամին անքնությունից մեռնի:

Ծիծաղ:

ՇԱՐՔԱՅԻՆ 6 – Ես էս ինչքան վախտ ա՝ հա նույն երազն եմ տենում: Եկել են քրոջս նշանեն, արդեն սեղանը բացած, ընկերուհուս ենք սպասում, որ գա նստենք, զանգում եմ՝ չի պատասխանում… ու էնքան եմ վրա-վրա զանգում, մինչև քնից հելնում ու հիշում եմ, որ ես ընկերուհի չունեմ:
ՇԱՐՔԱՅԻՆ 7 – Ախպեր, երբ պտի գա էն օրը. երբ ուզեմ՝ պառկեմ, երբ ուզեմ՝ վեր կենամ:
ՇԱՐՔԱՅԻՆ 8 – Մնաց ջան, բանակ տեղ քեզ ո՞նց ընկերուհի ճարենք, կուզե՞ս՝ մի հատ փչովի ծիտ բերենք, գրկես քնես:

Ծիծաղ:

Սամը լուռումունջ հագնում է զինվորական տաբատը, կոշիկն ու շապիկը, անշտապ հարդարում անկողինը, վերջինը դուրս գալիս:
Աթոռակներին մնում են զինվորական գլխարկներն ու գոտիները:

_ԾՈՐԱԿ_ի_ՏԱԿ

Բացօթյա լվացարանների մոտ հերթ է:
Զինվորները սառը ջրով արագ սափրվում են, լվացվում:
Լվացարաններից սառցալուլաներ են կախված:
Տղաների տաք շնչից գոլորշի է տարածվում ամենուրեք:
Սամի հայացքը սառել է հայելում, աչքերը կարմրած են:
Աջից Շարքային 1-ն է, որի դեմքը հայելում արտացոլվում է ամբողջությամբ վառված:
Սամը ձեռքերը լվանում, թաց մատներով սրբում է աչքի ճպուռները:
Ձախից Շարքային 2-ն է, որի դեմքի արտացոլանքում քթարմատին քերծվածքներ են, ծնոտին` մեծ կապտուկ, իսկ բերանին` հրազենային վնասվածք:
Սամը գլուխը մտցնում է ծորակի տակ:

_ԿԵՆԱՑ_ՄԱՀ_ու_ՔԱՅԼ_ԵՐԹ

Հետկեսօրի արևը փայլեցնում է զորամասի տարածքում խնամքով մաքրած ձյան բլրակները:
Զորքը շարային երթի է ելել, ու խրոխտորեն կատարում է Հայաստանի օրհներգը:

ԶՈՐՔ – …Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի…

Սամը չի երգում:

_ԿԵՐ_ու_ՍՈՒՍ

Ընդարձակ ճաշարան:
Զորքն ախորժակով ճաշում է:
Ջոկի տղաները նույն սեղանի շուրջ են նստած:
Ոմանք վայելում են կաղամբով վռիկը, ոմանք անցել են երկրորդին` բրնձով շիլային:
Շարքային 7-ը մի քանի անգամ խոր հազում է:

ՇԱՐՔԱՅԻՆ 8 – Սաք, փիս ես հազում, գնա բուժկետ, թող թոքերդ լսեն:
ՇԱՐՔԱՅԻՆ 7 (ծամելով) – Անցած տարի գաղտնի թոքաբորբ եմ տարել, Դավ ջան, կարայի ազատվեի, բայց դե չուզեցի, մտքիս կար հետո խաղաղապահ զորքեր անցնեմ ծառայության:
ՇԱՐՔԱՅԻՆ 6 (կենսուրախ տոնով) – Հա, վախտին իմ մտքին էլ կար, բայց որ բոզություն արին` ռազմականից մի քննության պատճառով դուրս թողին, մի տեսակ փոշմանեցի:
Իրանց աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշն են մենակ տեսնում:
ՇԱՐՔԱՅԻՆ 5 – Փուշ ու գերան ասիր` հիշի: Ուրեմն, պլացին զինվորի կտրած գլուխ ա գցած: Զամպալկան տենում դնեվալնուն կանչում ա. «-Էս ի՞նչ ա»: «-Կտրած գլուխ, պարոն հրամանատար»: «-Տենում եմ, որ կտրած գլուխ, ինչի՞ թրաշված չի»:
ՇԱՐՔԱՅԻՆ 4 (ծիծաղից հետո լրջանալով) – Հա, դուզը սորվելն է, ապ, չսորված մարդն իսան չէ, ես էլ որ հետ էրթամ, անպայման բդի շարունակեմ, համ էլ իսկական լեննագանցին բդի Էրևանի ոռից մտնի, գլխից ելնի: (Դադար): Տեսնիս բդի էղնի մե օրըմ, օր ըսպես սաղդ գաք մեր յան ջիգյարով նստինք քյալլա ուտենք, հըմիգվանից կըսեմ` ով չեկավ` մտքինս է:
ՇԱՐՔԱՅԻն 3 – Դուք հարեք Քյավառ, ձեզի սալի ծեծուկ քիվտա, սրսուռ կորտոլով սարքուկ թունդրա յախնի, փալխավա պատիվ տամ, խամը կմնա բերնըներդ: Տիգ ջան, ծառայությունը պրծնես՝ ի՞նչ պտի օնես, իմա՞լ պտի գլոխդ պահես:
ՇԱՐՔԱՅԻՆ 2 – Տենանք, էլի, ուզում եմ ատամնատեխնիկ դառնամ, փողոտ գործ ա, որ մեկիդ ատամը ջարդվի` ձրի կգցեմ: Կառլեն, պրծում չունես, ձեր տուն էլ ենք գալու` ժինգյալով հացի:
ՇԱՐՔԱՅԻՆ 1 – Լափ առե յերհընցեր եկ, տրանավ մըզ գյունաքար չըս ըննական, մեր լյուզվավը ասած՝ մին սօր եկ մի ալյօր, օխտը օր բիդար կյալիտ:

Ջոկի բոլոր տղերքը ծիծաղում են, բացի Սամից:
Նա գլուխը կախ, գդալը տարուբերում է կաղամբաջրի մեջ ու չի ուտում:

_ԴԱՐՁ_ի_ՇԱՐՍ_ՅՈՒՐ

Ջոկը զգաստ քարացել է շարահրապարակում:
Ավագը (այսուհետ`Հրամանատար) թղթից կարդում է. ում անունը տալիս է, մեկ քայլ առաջ է գալիս, լսում, թե որտեղ պիտի շարունակի ծառայությունը, և հետ է դառնում իր տեղը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Կառլեն Բաղդասարյան: Երրորդ գումարտակի նռնականետային դասակ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 1-ը` ղարաբաղցի Կառլենը:

Տիգրան Վարյան: Հետախուզական վաշտ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 2-ը` աբովյանցի Տիկոն:

Հովհաննես Նիկողոսյան: Երկրորդ գումարտակի ականանետային դասակ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 3-ը` քյավառցի Հովոն:

Սարո Սամվելյան: Տանկային վաշտ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 4-ը` գյումրեցի Սարոն:

Արման Սարգսյան: Երրորդ գումարտակի կապի դասակ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 5-ը` աշոցքեցի Արմանը:

Մնացական Մնացականյան: Առաջին գումարտակի ինժեներասակրավորային դասակ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 6-ը` էջմիածնեցի Մնացը:

Սարգիս Սահակյան: Մոտոհրաձգային վաշտ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 7-ը` եղվարդցի Սաքոն:

Դավիթ Սարգսյան: Չորրորդ գումարտակի 11-րդ վաշտի 2-րդ դասակ:

Շարքից դուրս է գալիս Շարքային 8-ը` ավանցի Դավոն:

Սամի դեմքը լարված է, աչքերը դեռ կարմրած են:

_ՆՈՐ_ա_ՄՈՒՏ

Երկար զորանոցը թվում է անծայր:
Աջ ու ահյակ երկաթից երկհարկանի մահճակալների շարքերն են, որոնց արանքում առաջացած միջանքով Սամը` ուսապարկը շալակին, անշտապ առաջ է գնում, ազատ տեղ որոնում:
Շուրջն ամեն ինչ մշուշված է, զինվորների դեմքերը լղոզված են ու չեն երևում, միայն ձայներն են լսվում, ասես հեռվից եկող արձագանքներ:

ՍԱՄ- Ազատ ա՞:
ՁԱՅՆ 1 – Չէ:

Տարբեր խոսակցության պատառիկներ:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՁԱՅՆԵՐ

– … ամեն 3-րդ զույգը կրակային վարժությունը հակագազով էր անում:
– … դիրքերում բորզի չկա, կայֆավատ կլինի, ավելի լավ…
-… (անվարժ ընթերցմամբ): «Զարթնեցի ու տեսա, որ լացում եմ: Հարցրեցի ինձ` ինչո՞ւ եմ լացում. պատասխանեցի` որովհետև ծառայում եմ»:
-… բան չմնաց, մայիս ընտրություններին քո աչքով կտեսնես` ոնց բանակը մի մարդու պես «կարուսել» կնստի…
-… մամ ջան մի հատ ոչխար առ, անունը դիր պարոն լեյտենանտ, որ գամ մատաղ անեմ…

Կանգառ:

ՍԱՄ – Ազատ ա՞:
ՁԱՅՆ 2 – Չէ:

Վերստին որոնում:
Տարբեր խոսակցության պատառիկներ:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՁԱՅՆԵՐ

-… հավայի «գառլախ, գառլախ» են անում, բայց որ թուղթ չեղավ ձեռով էլ ոռները կսրբեն…
– … ինչքան կարաս աֆիցեռ ծեծի, աֆիցեռ ծեծելը խեր ա…
-… (անվարժ ընթերցմամբ): «Ձեր ստեղծածը էս չի՞. իրար մորթելու ֆաբրիկա, որտեղ ժամանակ են սպանում, մինչև սպանելու ժամանակը գա»:
-… Էկան մեզ շարեցին, ասեցին` դուք ձեր ընտրությունը կատարել եք, անցե’ք ծառայության…
– … մամ ջան, չեմ դիմանում, տուն եմ ուզում…

Կանգառ:

ՍԱՄ – Ազատ ա՞:
ՁԱՅՆ 3 – Հրեն՝ դիմացն ազատ ա, Գագո ջան, ապեր, էս ջահելին թող տակդ տեղավորվի:

Մշուշը ցրվում է, պատկերը` հստակվում:
Գագոն կլանված խաղում է բջջայինով, թզբեհը կախված է մատների արանքից:
Նա կտրվում է խաղից, նկատում Սամին:
Նրանց հայացքները խաչվում են:
Սամն աչքերը փախցնում է:
Գագոյի դեմքին ծուռ ժպիտ է հայտնվում:
Մթնանցում:

ՀՀ

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:

Հայ ժողովուրդն էլ, վերջ ի վերջո, բաղկացած է մարդկանցից, որոնք ուզում են ապրել մարդավայել: Դեմոգրաֆիան (ոչ թե էթնոգրաֆիան) մշտապես եղել և մնում է հայ ժողովրդի հարցերի հարցը: Իրականում բազմաչարչար Հայկական հարցը հնչում է շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել»-ի շրջաբանությամբ` «գնա՞լ, թե՞ մնալ. այս է խնդիրը»:

Արտագաղթը, որպես կանոն, ինքնաբուխ է, ներգաղթը՝ կազմակերպված: Հայրենադարձը երկիրը հանում է փակուղուց, իր հետ բերում նոր հորիզոն, արտագաղթողն իր հետ տանում է անցյալը, իսկ որ ամենացավալին է` Հայաստանի պայծառ ապագայի հեռանկարը: Պետական սահմաններից անդին բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը ենթագիտակցաբար սիրում կամ ատում է հայրենիքը, ինչպես Կարմիր գլխարկն իր հիվանդ տատիկին, որին պետք է կարկանդակ հասցնել:

Հարց է ծագում. իսկ ինչի՞ արդյունք է հայերի վերջին երկու հազարամյակում գրեթե մշտպես աղետալի դեմոգրաֆիական պատկերը: Հայի բա՞խտ, թե՞ պատմական անարդարություն:

«Հայի բախտ» ասելով` հասկանում են վատ ճակատագիր, բայց բավական է լավատեսական դիրքերից նայել, և հասկացությունը գլխիվայր շուռ կգա: Եթե ճակատագիր կա, ուրեմն հայերը բախտավոր ժողովուրդ են: Բոլոր ձախորդությունների միջով անցնել, վերացման եզրին հայտնվել ու փրկվել, գալ հասնել 21-րդ դար, մեկի տեղը` երկու պետությամբ, երկու կենդանի լեզվամշակույթով` արևելյան և արևմտյան, աշխարհով մեկ սփռված մշակութային ժառանգությամբ, ինչ խոսք, կարող էր բախտավոր աստղի տակ ծնված մի ժողովուրդ:

Եթե անցյալն ընկալվի որպես փորձ, ոչ թե փորձանք, և ապագան պատկերվի պայծառ, ոչ թե անիծյալ, ուրեմն սնոտիապաշտ հայն իրեն կզգա երջանիկ ազգի զավակ:

Անարդարությունը, ներառյալ պատմականը, ծնվում է անհավասարությունից: Արդարությունը հավասարության վերականգնում է: Կրոնական արդարությունն ասում է` բոլոր մարդիկ հավասար են Աստծու առաջ, իրավական արդարությունն ասում է` օրենքի, բարոյական արդարությունն ասում է` պարտքի: Ուրեմն արդար է, երբ ուժեղը պաշտպանում է թույլին, ունևորը` ընչազուրկին, մեծը` փոքրին, իսկ հակառակն էլ` անարդար է:

Հայտնի է, որ փոքրաթիվ հայերին ճնշել են մեծաթիվ այլ ազգեր, ուրեմն տեղի ունի պատմական անարդարություն:

Պատմական անարդարության զոհը, իրենից փոքրին պաշտպանելով, կարող է իր բաժին աշխարհը դարձնել ավելի արդար: Ճնշելով սեռական, կրոնական, ազգային փոքրամասնությունների` հայերն արդարացնում են իրենց նկատմամբ տեղի ունեցած պատմական անարդարությունը և վերահաստատում էն աշխարհակարգը, որի անմիջական զոհն են եղել հազարամյակներով:

Լինել հայ՝ նշանակում է լինել փոքրամասնություն, պատմական անարդար անցյալի հաշվառմամբ` ճնշված փոքրամասնություն:

Ճնշված փոքրամասնությունն իր վիճակի հաղթահարման մի քանի տարբերակ ունի. ասենք, չտարբերվել ճնշող մեծամասնությունից կամ հակառակը` ընգծված տարբերվել: Եթե մեծամասնությունը համարում է իրեն նորմալ, կանոնավոր, բնական, իսկ փոքրամասնությանը` աննորմալ, շեղված, անբնական, ուրեմն պայքարող փոքրամասնությունը կձգտի լինել բացառիկ, որպեսզի իր բաժանարար տարբերությունը մեկնաբանվի իբրև առավելություն, ոչ թե թերություն:

Մշակութային ազգայնականությունը մի կողմից փառաբանում է ազգային ոգին, մյուս կողմից վատաբանում աշխարհի անարդար կարգ. «Ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ուրեմն, ամենաուժեղն է աշխարհի տերը: Ուժեղի իրավունքը ենթադրում է միայն մեկ արդար աշխարհ, որտեղ ամենաուժեղը կլինի նաև արդար, բայց քանի որ, որպես կանոն, ամենաուժեղներն առնվազն երկուսն են, աշխարհի կռիվն անվերջ է:

Առայսօր ամենաուժեղը համարվում է Ծովից ծով կոչված Հայաստանը, որ Քրիստոսից առաջ ստեղծած միակ հայկական կայսրություն անվանումն է: Կայսրության կյանքը մի ակնթարթ էր, բայց հայերի հիշողության մեջ մնաց հազարամյակներով: Եթե մի անգամ աշխարհի տերն ես եղել, ուրեմն համաշխարհային ազգ կոչվելու իրավունք ունես, ու որ ամենակարևորն է` նախադեպով հաստատվեց, որ Հայաստանը կարող է հայկական հողերից դուրս տարածվել ու կայանալ: Ուրեմն՝ ոչ թե «Հող և արյուն», այլ «Երկիր և մշակույթ»: Մեկ այլ վառ օրինակ է Կիլիկիան` հայերի վերջին թագավորությունը, որ ծովափնյա կաթոլիկ երկիր էր:

Ի դեպ, մշակութային ազգայնականությունն անհրաժեշտաբար չի հանգում ազգային պետության: Ազգային ոգին կարող է դարեդար քնել, իսկ մշակութային ինքնավարություն հնարավոր է նաև առանց ինքնիշխան պետության, ասենք, ամենաուժեղներից մեկի հովանու ներքո: Մի խոսքով` եթե մեծ ախպերն ամենաուժեղն է ու արդարը, ուրեմն փոքրին էլ բան ասող չի լինի:

17-18-րդ դարերում հայ վաճառականները համաշխարհային հաջողության հասան: Հայ առևտրային ցանցը ձգվեց Լոնդոնից մինչև Մանիլա, Սանկտ Պետերբուրգից մինչև Եթովպիա, արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, շուրջ  դար ու կես հայկական խոշոր կապիտալը շրջանառեց, մինչև պարսից շահն ավերեց նրա կենտրոնը` Նոր Ջուղան (ներկայիս Սպահան), և հայերը կրկին մնացին ձեռնունայն, սնանկ գաղթականներ: Ինչո՞ւ: Հենց միայն էն պարզ պատճառով, որ չկար ազգային պետություն, որ կպաշտպաներ ազգային շահը:

Ես մնում եմ իմ կարծիքին. քանի դեռ կան երկրներ, մշակույթի համար չի կարող լինել ավելի նվիրական տող, քան` «Պահպանվում է պետության կողմից»:

Ին. ՎԵՐ_ԿԱՑ

Լուսամուտ: Դրսում լուսադեմ է:
Նարը փորի վրա փռված, քնած է:
Մահճակալի գլխի պատին նկարված է հսկա մի աչք, որի երկար թարթիչներից վեր սավառնող թռչներամը ձգվում է մինչև առաստաղ:
Կողքի աթոռակին դրված բջջայինն անդադար զանգում է:
Նարը քնաթաթախ վերցնում, մտցնում է բարձի տակ: Զանգն ընդհատվում է, ապա կրկնվում: Նա կիսախուփ աչքերով պատասխանում է:

ՆԱՐ – Ալո~:

Վեր է կենում, տեղավորվում անկողնու եզրին:
Հեռախոսն անջատում է, թողնում սավանին, ինքն անհաղորդ, լուսնոտի քայլվածքով, գնում նստում է զարդասեղանի հայելու առաջ:
Տենդագին որոնում է ինչ-որ բան դիմացը թափված էժանագին զարդերի ու քսվելիքների անկանոն խուրձի մեջ:
Քարանում է: Աչքերը սառում են, պլշած նայում է հայելուն:
Հայելում արտացոլվող հսկա, կավճանկար աչքը փակվում է: Թարթիչներից տարածվող թռչներամը կենդանանում է, լցվում ննջարան:
Թևաբախյունին խառնվում են ականջ ծակող ճղճղոցներ, աղմկալից ճռվողյուն:
Թևակոտոր թռչուններն իրենց պատեպատ են տալիս, զարկվում փակ լուսամուտին ու հայելուն:
Արնաշաղախ մի թռչնակ անշնչացած ընկնում է զարդասեղանին:
Աղեկտուր ճիչ:
Կտրանցում:

Էքս. ՄԵԿ_ի_ԾՈՒԽԸ

Գարնանամուտ է:
Նկատելի են ձնհալի վերջին հետքերը` ցեխն ու ստվերներում ծվարած կիսահալ սառույցների վերջին հյուլեները:
Թաղման թափորը խմբված է դատարկ փոսի մոտ:
Մամը կանգնած է վշտահար:
Մահվան կարգ վարող սքեմավոր հոգևորականը (այսուհետ` Քահանա)  խունկ է ծխեցնում:

ՔԱՀԱՆԱ (երգեցիկ) – Մերձեցայ ես ի դուռն գերեզմանի, եւ եհաս ինձ ժամանակ մտանել ի յարգանդ երկրի, յորմէ ստեղծեալ եմք ամենեքեան. բժիշկ իմաստուն եւ ճարտարապետ, բժշկեա զհոգւոյ իմ զհիւանդութիւն. արարող եւ յոյս փըրկութեան մերոյ: Եղիցի ձեռն քո պահապան անձին իմոյ, եւ աջ քո բարի առաջնորդեսցէ ինձ ի յարդարութիւն, ամէն:

Քահանայի ու Մամի հայացքները խաչվում են:

Կանայք կարող են հրաժեշտ տալ ննջեցյալին: (Դադար): Ըստ կարգի` կանայք պետք է հեռանան:

Սգավոր կանայք հեռանում են` աշխատելով շրջանցել ջրափոսերն ու կոշիկները շատ չցեխոտել:
Երկուսն իրենց հետ թևանցուկ տանում են սևազգեստ, ուժասպառ Մամին:
Քահանան ափի մեջ վերցնում է մի բուռ հող, խաչակնքում է հողը և երիցս կրկնում.

Օրհնեա, Տէր, ողորմութեամբ քով զհողս ծառայիս քոյ այսորիկ, եւ յիշեա զսա, զի հող էր եւ անդրէն ի հող դարձաւ ըստ հրամանի քում:

Հողը լցնում է փոսը:

Օրհնութիւնն աստուածային իջցէ ի հող մահու սորին, եւ բուսուսցէ յօրն վերջին, անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: (Դիմելով գերեզմանափորներին): Իջեցրեք: (Սգավոր տղամարդկանց): Կարող եք մոտենալ և մեկական բուռ հող լցնել գերեզմանը:

Փակ դագաղն իջեցնում են գերեզման:
Տղամարդիկ հերթով մոտենում, մի բուռ հող են վերցնում փոսի կողքի մեծ թմբից, որ համեմատաբար ցեխոտ չի, լցնում են փոսը:
Զուգահեռաբար Քահանան, խնկարկելով, սաղմոս է երգում:

Ալէլուիա, Ալէլուիա. Տէր հովուեսցէ զիս եւ ինձ ինչ ոչ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ անդ բնակեցոյց զիս, եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս: Դարձոյց զանձն իմ առ իս, եւ առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ: Թէպէտ եւ գնացից ես ի մէջ ստուերաց մահու, ոչ երկեայց ի չարէ, զի դու, Տէր, ընդ իս ես: Ցուպ քո և գաւազան` նոքա մխիթարեսցեն զիս: Պատրաստ արարեր առաջի իմ զսեղան, ակն յանդիման նեղչաց իմոց: Օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս: Ողորմութիւն քո, Տէր, զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց, բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս:

Անդոյի դեմքին մեկ-երկու օրվա մազածածկույթ կա:
Նա իր հերթին մի բուռ հող է վերցնում, բայց պինդ սեղմած պահում է ափի մեջ, գլուխը հետ է գցում ու հապաղում:
Ցցված երակներով բռունցքը չի բացում, հողը չի լցնում փոսը:

_ԴԱՐՁ_ի_ՀՈՂՍ_ՅՈՒՐ

Գերեզմանափորները վերջացնում են բահերով աշխատանքը:
Փոսը թումբ է դարձել, որը Քահանայի օգնությամբ հապճեպ զարդարում են ծաղիկներով:
Մի կողմի վրա տղամարդիկ ողորմաթաս են կում անում, մնացածը շփում գերեզմանին:
Քահանան դատապարտող հայացք է նետում խմողների կողմը:
Կարգն ավարտում է գերեզմանը կնքելով. կրկնում է նույն խոսքերը՝ շրջելով շիրմի չորս կողմում, հաջորդաբար` արևելք, արևմուտք, հյուսիս, ապա հարավ:

Օրհնեսցի եւ կնքեալ պահեսցի գերեզման եւ ոսկերք ծառայի Աստուծոյ Սամուել Արծրունու, նշանաւ սուրբ Խաչիս եւ բանիւ սուրբ Աւետարանիս. յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Կնքումն ավարտվում է հարավային ծայրին:

Կեցուսցէ ռւ ողորմեսցի: Անշարժ եղիցի կնիք տէրունեան ի վերայ գերեզմանի ծառայիս Աստուծոյ Սամուել Արծրունու` մինչև ի գալուստն Քրիստոսի, որ եկեալ միւս անգամ նորոգեսցէ փառօք ի փառս Հօր եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: (Դադար): Այժմ կհնչեցնենք տերունական աղոթքը. ով «Հայր մեր»-ը գիտի, աղոթեք ինձ հետ: Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն: Հայր մեր, որ յերկինս ես …

Անծանոթ մեկն Անդոյին օղու ըմպանակ է պարզում:
Անդոն անջատված նայում է ըմպանակին:

_ՄԱՅՐ_ա_ՄՈՒՏ

Մայրամուտ է:
Շիրմի մոտ ոչ ոք չկա:
Թումբն ամբողջությամբ ծածկված է ծաղիկներով ու ծաղկեպսակներով:
Երկինքը շիկնել է:
Մթնանցում:

Շարունակությունը այստեղ

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

3 + 10 =