Մայրենիք. դրոշ (3)

Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
22/03/2015
*
Նախորդ մասը այստեղ

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ

ՀՀ

Ես մնում եմ օրենքի տառին հավատարիմ, ոգուն` դիմադրող:
Օրենքը սահմանում է. «Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»:
Ժողովրդի համար դրոշի երրորդ շերտը ծիրանագույն է: Հիմնականում մեկնաբանվում է իբրև ցորենի հասկի, արևի, ոսկու, բայց առավել հաճախ` ծիրանի գույն:

ՍԱՄԸ

Զինվորական համազգեստ հագնելիս հանկարծ հիշեց իր առաջին մականունն ու մանկության գույնը:

Մանկությունը կանաչ էր:

Մորը շատ էր դուր գալիս իր կարմրահեր տղուկին կանաչ շորեր հագցնել:

Գարնանը մանկապարտեզի բակի բանջարանոցում դայակի հետ գազարի սերմեր շաղ տվեցին: Ամռանը ծաղկած գազարների հարևանությամբ «այգեպան» էին խաղում, ու ինքն առանց քաշվելու նարինջն էր լինում կամ մանդարինը: Աշնանը գազարը հավաքեցին ու իրեն կպցրին առաջին մականունը` Գազար:

«Այգեպան» խաղալիս էլ երբեք նարինջ ու մանդարին չէր լինում, իսկ կանաչ շոր մինչև բանակ գնալն էդպես էլ չհագավ:

Դպրոցում իրեն ասում էին Ժանգ, բակում`Կլմբոզ, արվեստանոցում` Պեպենիկ:

Գույնն իր անհերության խարանն էր, ամեն մականուն` մի խարազան:

Ինը տարեկանում հասկացավ, որ մայրը չի կարող պաշտպանել իրեն: Տղամարդ մեկը պետք է հայտնվեր իր կյանքում մենումենակ, բացառապես ու հատկապես իրեն պաշտպանելու համար: Սկսեց տենդագին փնտրել հորը, որ չժանգոտի, որ պեպենը չեչ չդառնա, որ կանաչից չվախենա, մոր փեշի տակ չծվարի:

Հաճախ քրքրում էր մոր օրագրերը` հույսով, թե հոր մասին գեթ մի հիշատակություն կգտնի, փոխարենը կարդում էր իր մանկական արկածներն ու բլբլոցը, որ մայրը տարիներով, հետևողականորեն գրի էր առել:  Օրինակ`

– Մամ, ես սատանի ճուտ ե՞մ:
– Չէ, արևս, դու չարաճճի ես, անկիրթ մարդիկ են չարաճճի բալիկներին էդպես ասում:
– Մամ, անկիրթ մարդիկ ո՞վ են:
– Մեզ պես մարդիկ են, ուղղակի կրթված չեն ու չգիտեն սատանի ճտի և չարաճճի բալիկի տարբերությունը:
– Իսկ դու գիտե՞ս:
– Հա, ես գիտեմ, որ սատանա չկա: Եթե սատանա չկա, ուրեմն ճտերն էլ չկան:
– Մամ, բա որ ես սատանի ճուտ լինեմ, սատանա կլինի՞:

Իրեն փոքրուց հայտնի էր միայն, որ հոր անունը Հայրիկ է: Մայրը բացատրել էր, որ «հայրիկ» բառը, եթե գրես մեծատառով կդառնա անձնանուն: Ամեն անգամ իր ծննդականը բացելիս լարվում էր ու վերստին համոզվում, որ մեջը հոր մասին ոչ մի տող, ոչ մի տառ չկան: Մտքով հազար ու մի բան էր անցնում. գուցե հոր տվյալները սխալմամբ լրացրել են ցնդող թանաքո՞վ կամ շուտ ջնջվող մատիտո՞վ: Ամեն դեպքում, դպրոցական մատյանում հայրանվան տեղում գրված էր «Հայրիկի»:

Մնացածն առեղծված էր, որ պիտի բացահայտեր:

Խուզարկուի հայացքով տնտղում էր մոր լուսանկարները, զննում բոլոր տղամարդկանց, փորձում գտնել իր ու «կասկածյալների» միջև թեկուզ հեռավոր նմանություն: Եվ գտնո՛ւմ էր: Մայրը գործից գալիս ու կրակն էր ընկնում:

Ու մի օր էլ հանգեց էն մտքին, որ հոր տվյալներն անտեսանելի թանաքով են գրվել ծննդականում, ուրեմն բառերը պարզ կերևան միայն բոցավառվելիս: Այրեց կանաչ գրքույկը: Երեկոյան մայրը խոստացավ պատմել հոր մասին, երբ չափահաս դառնա:

Փակվեց: Իր շուրջ օղակ գծեց, որն իրեն հայտնի միակ պաշտպանվելու ձևն էր:

Երբ պեպեններին գումարվեցին պզուկներն ու հրաշեկ բեղիկները, օղակը պինդ շղթա դարձավ: Իրեն դուր էր գալիս, որ ցայլքի բոց մազափունջը խուտուտ էր տալիս քիթը, որովհետև փակ շրջանը կատարյալ էր և՛ ազատության, և՛ անվտանգության իմաստով:

Նախընտրում էր ստվերում մնալ, քանի որ արևից պեպենները ծածկում էին ամբողջ դեմքը: Մի անգամ նույնիսկ Նարի օգնությամբ մազերը մուգ ներկեց, բայց միևնույն է, պեպեններն ու աչքունքը մատնում էին բնական գույնը, որից ազատվելու մեն մի հնար ուներ` նկարելը:

Հենց արևը մայր էր մտնում, դուրս էր գալիս փողոց գունազատվելու, խարանը պատերին ցփնելու: Գրաֆիտին իր գիշերային վերածնունդն էր: Պզզացնելիս էլ Գազար, Ժանգ, Կլմբոզ, Պեպենիկ չէր, SAM©-ն էր` փողոցային ինքնահռչակ նկարիչ:

16-ամյակին մայրը խոստումը կատարեց, սակայն փակ շղթան չկտրվեց: Բայց արի ու տես, որ անձնագրի լուսանկարում ինքնավստահ տեսք ուներ, կասկածի նշույլ անգամ չէր մնացել հայացքում: Արդեն հաստատ գիտեր, որ չի ժանգոտի, որ պեպենը չեչ չի դառնա, և որ կանաչը հեչ էլ վախենալու գույն չի, որովհետև նկարվելու էր գնացել մենումենակ, բացառապես ու հատկապես իրեն սիրող պաշտպանի հետ: Անդոն հայտնվեց իր կյանքում ու կտրեց փակ շղթան:

Հետո տարվա ամենակարճ գիշերն էր: Անհայրանուն անձնագիրը դրեց բարձի տակ, քնեց ու խառը երազ տեսավ:

Երկնեց կարմիր երկիրը, երկնեց կապույտ երկինքը, և ճերմակ էր ձուն` հազարապուտիկ: Ճուտը ձվում հիշեց, որ ինքն արևորդի էր, ատում ու պաշտում էր հորը, ձգտում նրան, և հենց էդ մտքից ուռեց իր մեջ, ու կճեպը ճաքեր տվեց: Հիմա ինքը մի անճոռնի, գազարագույն ճուտիկ է, Սովետաշենի զիբիլանոցում վախվորած քուջուջ է անում, ուզում է թռչել, բայց թևեր չունի: Իր հողեղեն, հյուսն ու գյուտարար հայրն իրեն թևեր տվեց ու խրատ. «Գլխիցդ բարձր չթռչես` կվառվես, շատ չցածրանաս` ոտնատակ կտան»:

Թռավ թե չէ՝ մեկ էլ` ալե~ հո՛պ, հիմա ինքը թևավոր աերոզոլ է` ներկաման: Նախագահականի դարպասին կեղտոտ բառեր պզզացրեց, խորհրդարանի ճաղերին վառ փռշտաց, մխտռեց կաճառի ճակատը, շենքերի մուտքերին ականջակալներ նկարեց, վերելակներում սիրատոչոր մեզի հետքեր թողեց, դռներին`սիրառատ ոտնահետքեր, իսկ զանգերի կոճակներին` սիրավառ մատնահետքեր: Տեսավ, որ պզզում է, ու շարունակեց պզզացնել: Գալարվեց ազատ մայթերին, փռվեց անկախ փողոցներում, սղոցվեց ճաղավանդակներին, ու նրանք ձայնալար դարձան, իսկույն անուշ երգեր երգեցին ազատության, արդարության, երջանկության մասին:

Ոգևորվե~ց: Քսմսվեց աղբամաններին, ու ջահելները սկսեցին նկարվել դրանց մոտ: Օղակվեց կեղտոտ ու մութ անցումներում, ու դրանք շողշողացին: Հոսեց ցանկապատերին, ու սրանք ծաղկեցին: Կաթաց ծակ կտուրներին, ու սրանք տանիք դարձան: Դաջվեց անհյուրընկալ խրճիթների սև պատերին, ու սրանք կանչեցին՝ «համեցե~ք»: Փարվեց ինքնասպանների կամուրջներին, ու սրանք վառվեցին: Կզացրեց, մզզացրեց քաղքենուն, կեղծ բարեպաշտին, շահագործողին ու էլի լիքը տուֆտեքի ու պզաց, պզզզզաց մինչև վերջ, մինչև վերջին կաթիլը, ապա շնչասպառ ընկավ, գլորվեց դեպի Ղռերը: Գլոր-գլոր եկավ դեմ ընկավ Երևանյան լճի շամբուտում մի մենավոր, չոր եղեգի:

Երկնեց երկիրը, երկնեց երկինքը: Եղեգան փողից ծուխ ելավ: Ինքը հալվեց, զգաց, թե ոնց է վեր հառնում սեփական հալոցքից` եղեգան փողի միջով զտվում, ու թունավոր գազերն օդ չեն մղվում: Ալե~ հո՛պ, ու դարձավ հազարան բլբուլ, հրաշեկ կարապ: Թռավ շամբուտից. գնաց յոթնաղբյուրից երեք կտուց ջուր խմեց,  Մոնումենտի բլրին թառեց, տեղնուտեղը ձվի տեղը նարինջ ածեց, ապա զգաց, թե ոնց է ողջակիզվում:

Ալե~ հո՛պ, հիմա ինքը մի բռաչափ բացբերան, աչուկավոր նարինջ է: Արևային ակնոց դրեց, ձողիկն առավ բերանը, ծծեց ծովը ծիրանի ու տռզեց: Խաղաղության ծխամորճն առավ բերանը, քաշեց ծուխը ծիրանի, լցվեց սիրով ու բարությամբ ու մեծացավ, հսկա դարձավ: Այժմ արդեն ինըհարկանի շենքի չափ նարինջ է, որ Մոնումենտից գլորվելով իջնում է Կենտրոն` ճամփին լխճելով լիքը տուֆտեքի: Տուֆտեքը գրտնակվում, լավաշ են դառնում, մեջների նաֆսը ֆշշում է ասֆալտին, թշշում, ցնդում է, նրանք նորից ուշքի են գալիս, փչվում, մարդաշնորքի գալիս և ուրախ, աննաֆս վազում իր հետևից:

Հենց որ հասավ Պլանի գլուխ, հո՛ չգմփաց, հո՛ չպայթեց, ճայթակի պես էնպես տրաքեց, որ կճեպը ծվեն-ծվեն ծեփվեց քաղաքի դեմքով մեկ` թողնելով ամենուրեք անթիվ-անհամար անջնջելի հրաշեկ պեպեններ: Հիմա երկնքից հյութ է անձրևում, ու մարդիկ գժված, ձեռքերն աջ ու ահյակ տարածած, բերանները բաց վազվզում են ու խմում իր արյունը, որ գինի չէ, այլ թարմ քամած նարնջի հյութ:

Ալե~ հո՛պ, ինքը միջուկից դուրս է թռչում իր մարդկային կերպարանքով, հրթիռ-սքեյթով սլանում է կտուրներով, Օղակաձև այգու շուրջը պտույտ տալիս, իջնում Զանգվի ձոր, ելնում Կիլիկիա ու Զվարթնոցի ճանապարհից պոկվում երկինք, ծակում ամպերը, հասնում, տալիս անցնում լուսնին ու սլանում է առ արև:

SAM©1994 – 2012

Նա հուր հեր ուներ… զինադադարի տարում էր ծնվել, անունը Սամվել էր, մոտիկները Սամ էին ասում… և աչքունքն էին արեգակունք:

ՀՀ

Նորություն չի, դեռ գունանկար Հայաստանի հիմնադիր նկարիչ Սարյանն է ասել. «հայերին՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը»: Հայաստանի նրա հեղինակած ծիածան դրոշը, որ վերևից ներքև հավասար շերտերով` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն էր, էդպես էլ չընդունվեց: Ժամանակավոր հաստատվեց նրա վրձնին պատկանող մյուս տարբերակը` եռագույնը: Ինչո՞ւ ժամանակավոր: Հենց միայն էն պարզ պատճառով, որ առաջին հանրապետության ղեկավարությունը պլանավորում էր Արևմտյան և Արևելյան Հայաստանների վերամիավորում, ուրեմն երկիրը հետագայում պիտի օրենքով սահմաներ իր խորհրդանիշները:

Հայաստանի երրորդ հանրապետությունն իր եռագույնը ժառանգել է առաջինից, որ էդպես էլ չհասցրեց դրոշի մասին օրենք ունենալ, բայց խորհրդարանական խորհրդակցությամբ ժամանակավորապես հաստատեց կարմիր, կապույտ, նարնջագույն տարբերակը: Կարմիրն ու կապույտն ընդունվեցին միաձայն և առանց քննարկման, իսկ նարնջագույնի շուրջ ծավալվեց բանավեճ: Ճնշող մեծամասնությունը դեմ էր նարնջագույնին: Ամենահամոզիչ փաստարկը զուտ գործնական էր. Հայաստանում նարնջի գույնի կտոր չկար: Առաջարկվում էր փոխարենը դնել հայկական պատմական դրոշներում լայնորեն կիրառված կանաչը: Նարնջի գույնը հատկապես պաշտպանում էր գործող վարչապետը: Ժամանակի առաջադեմ նկարչության մեջ, տպավորապաշտներից եկող մոտեցման համաձայն, առանց նարնջագույնի չկար կապույտ: Դրոշի հեղինակը համամիտ էր էդ գեղագիտական մոտեցմանը, ու որ ամենակարևորն է` վարչապետը չէր ցանկանում հին գեղագիտությամբ նոր երկիր կառուցել:

Նարնջի գույնի բավարար քանակությամբ կերպաս Երևանում էդպես էլ չճարվեց: Էս իրողությունը ստիպեց ներքին գործոց նախարարին հրահանգել պետական հիմնարկներին ունենալ և կրել «հանրապետության դրոշակ հետևյալ գույներով, ըստ կարգի վերևից ներքև՝ կարմիր, կապույտ, դեղին», ու որ ամենացավալին է` սրանք Կիլիկիայի անկման շրջանի դրոշի գույներն էին:

Ին. ԶԻՆԴԱՏ_ա_ԽԱԶ

_ԱՍՏԻՃԱՆ_ա_ՎԱՆԴԱԿ

Նարը` առջևից, Անդոն` նրա հետևից, բարձրանում են զինդատախազության աստիճաններով:
Նարը տղայի ոչնչով աչքի չընկնող շորերով է ու անշպար:
Անդոն կարճ մորուքով է:
Մեկումեջ կանգ են առնում հարթակին կամ հենց աստիճանների վրա:
Բարձրանում են երեք հարկ:
Ճանապարհին նրանց ոչ ոք չի պատահում:

ՆԱՐ – Հա, բա ո~նց, փորձված ծանոթ կա, ուրիշները երեք ու կեսով են անում, ինքը երեքով իմը կանի: Վիզան եղավ, մնացածը` հեչ: Ձևերն իմացել եմ: Հասար թե չէ՝ անձնագիրդ տեղում վերացնում ես, գնում ես հանձնվում: Հետդ ինչքան կարաս շատ թուղթ ու ապացույց պիտի տանես, յանի քեզ էստեղ օր ու արև չեն տվել, ճնշել են: Դե, իմը հարց չի. բանակիս ազատման բժշկական էպիկրիզը մենակ ցույց տամ` ոնց են ինձ հոգեկան հանել, էդքանը հերիք կլինի:
ԱՆԴՈ – Փող ունե՞ս:
ՆԱՐ – Կեսն ունեմ, Անդս, հավաքել էի ծծերիս համար: Ամաչում էլ եմ, բայց պիտի պարտքով քեզնից խնդրեմ: Բանկիր տղա ես, հազար հինգ որ կարենաս տաս, գործս գլուխ կգա:
ԱՆԴՈ – Հարց չկա, բայց ես բանկիր չեմ:

Նարն երեխու պես ծափ է տալիս, ուրախանում, փաթաթվում պաչում Անդոյի թուշը:

ԱՆԴՈ – Սարսաղ:
ՆԱՐ – Ո՛ւխ, ես գիտեի, որ դու ինձ կփրկես: (Դադար): Բանկիր չես, բա ի՞նչ ես:
ԱՆԴՈ – Վարկային գործակալ:
ՆԱՐ – Յանի ի՞նչ տարբերություն:
ԱՆԴՈ – Բանկիրը բանկի տիրոջն են ասում, իսկ ես ոչ բանկ ունեմ, ոչ էլ բանկում աշխատել եմ: Համ էլ բանկը տոկոսով փող է առնում-տալիս, վարկային գործակալությունը մենակ տալիս է:
ՆԱՐ – Յանի, ճիշտ էլ ասի: Երկուսն էլ ժողովրդին տոկոսի տակ են գցում, փուռը տալի:
ԱՆԴՈ – Ուրեմն ես սխալ ասի. ոչ մեկն եմ, ոչ մյուսը. գործազուրկ եմ:
ՆԱՐ – Ո՞նց:
ԱՆԴՈ – Գործից դուրս եմ եկել: (Որսալով Նարի զարմացած հայացքը): Հոգնել էի, ուրիշ բան եմ ման գալիս: Կապ չունի, հաշվի` փողդ կա:
ՆԱՐ – Ապրես, կյանքս: Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում օր առաջ պոկվեմ: Ես միամիտ չեմ, գիտեմ. ոչ մի տեղ էլ յուղ ու մեղր չեն բաժանում: Ավելի լավ չի՞ օտար տեղ նեղություն քաշեմ, բայց իմանամ`ապահով եմ. փողոցում ինձ չեն տա սատկացնեն մենակ էն բանի համար, որ իրանց նման չեմ, կամ եթե սատկացնեն էլ, իմ ախպերը չի լինի սատկացնողը: (Դադար): Մենակ մի բան լավ չի, որ մինչև գործերդ չստացվի, չես կարա Հայաստան գաս:
ԱՆԴՈ – Հա, լավ չի:
ՆԱՐ – Հեչ էլ: Յանի գալիս եմ՝ ո՞ւմ տեսնեմ, էլ մարդ էլ չի մնացել…  Անդս, քեզ շատ կկարոտեմ: Ջիգ, կուզե՞ս քո գործն էլ սարքենք: Յանի մնում ես` ի՞նչ անես, կյանքդ անտեղի կանցնի, դու հո ինձնից լավ գիտես` էստեղ ապագա չկա: Սա երկիր չի, մինչև դզվի, մենք կմեռնենք, կամ էլ չի դզվի, լրիվ վարի կգնա: Գործ էլ չունես, քեզ նման մասնագետը հո փողոցում թափած չի, հաստատ լավ գործ կճարես, ձերոնց էլ փող կուղարկես: Տեղդ պնդանա, մորդ էլ կարաս տանես մոտդ:

Նարը կանգնում է աստիճանների գլխին, Անդոն առանց ետ նայելու առաջ է անցնում:

ԱՆԴՈ – Չէ, Նար ջան, ես մնում եմ:

_ՄԻՋ_ԱՆՑՔ

Մամը բախվում է տղաներին զինդատախազության միջանցքում` սենյակներից մեկի հենց դռան մոտ, որտեղից դուրս է գալիս մի բեղավոր տղամարդու (այսուհետ` Քննիչ) ուղեկցությամբ:
Անդոն ժպտում է:
Նարը հանկարծակիի է եկել, կաշկանդված է:

ԱՆԴՈ ու ՆԱՐ (գրեթե միաժամանակ) – Բարև ձեզ:
ՄԱՄ – Բարև:

Մամը ոտքից գլուխ չափում է Նարին, որ աչքերը փախցնում ու կախում է:

Նարեկ, նայիր աչքերիս:

Նարը հայացքը բարձրացնում է և վախվորած նայում է Մամին, որ թուքը կուլ է տալիս, տանում-բերում ու մի շառաչուն ապտակ հասցնում նրա այտին:
Քննիչն ու Անդոն չեն խառնվում:
Նարը գույնը գցել է, աչքերը կախ, այտը բռնած ծեփվել է միջանցքի պատին:
Անհարմար լռություն:

ՄԱՄ (սթափվելով) – Կներեք: (Քննիչին): Ուղեկցելու կարիք չկա, ճանապարհն արդեն գիտեմ:
ՔՆՆԻՉ – էդ դեպքում…
ՄԱՄ -Կսպասեմ ձեր զանգին: Հաջողություն:

Մամը թեթևակի շոյում է Անդոյի մորուքը, ապա ուսին մեղմ թփթփացնում, առանց Նարի կողմը նայելու գլխիկոր հեռանում:

ՔՆՆԻՉ (ժամին նայելով) – Եկեք, առարեսումն անենք, նոր հետ կգանք ինձ մոտ զրուցելու:

Քննիչն առաջնորդում է տղաներին:
Անդոն փորձում է ձեռքը դնել Նարի աջ ուսին, բայց նա թոթափելով առաջ է ընկնում, հավասարվում քննիչին:

_ԱՍՏԻՃԱՆ_ա_ՎԱՆԴԱԿ

Մամն իջնում է զինդատախազության աստիճաններով:
Կանգ է առնում, բազրիքից բռնած, փակ աչքերով խոր շունչ է քաշում, աչքերը բացում, ապա ուժեղ արտաշնչում:
Մեծ կաշվե պայուսակի մեջ տենդագին ինչ-որ բան է փնտրում: Հաստափոր գիրք է հանում, փորձում դնչի տակ պահել, միաժամանակ որոնումը շարունակելով, չի հաջողվում:
Գիրքը դնում է ոտքերի արանքը, ծնկներն իրար մոտեցնում: Պայուսակից հանում է դեղի սրվակը, հաբը դնում լեզվի տակ:

_ԱՌ_ԵՐԵՍ_ԱՌԱԾ

Կարմիր լուսավորությամբ, նեղ, երկարավուն սենյակ է, որտեղ մի պատն ապակեպատ է:

Երեքով անցնում են ներս:
Սենյակում նստած ժպտադեմ երիտասարդը (այուհետ` Օգնական) տեղից վեր է կենում, ձեռքսեղմումով բարևում Անդոյին ու Նարին:
Ապակու մյուս կողմի խցում նստած է Գագոն:
Ծեծ կերածի տեսք ունի:
Դեմքից իսպառ ջնջվել է լկտի ժպիտը:
Բութն անընդհատ սահեցնում է ցուցամատի վրայով, ասես անտեսանելի թզբեհ է քաշում:
Շուրթերը հազիվ նկատելի շարժվում են, կարծես խեր-շառ-Աստված է մրմնջում:
Հայացքը թափառող է:

ՔՆՆԻՉ – Մեզ չի տեսնում:
ՆԱՐ – Առերեսումը է՞ն չի, որ իրար երես-բերես են անում:
ՕԳՆԱԿԱՆ (լայն ժպիտով) – Սա միերեսանի առերեսում է:

Կատակին արձագանքող չկա:

Քողարկված:

ՔՆՆԻՉ – Էս պահին պետք չի, որ ինքը ձեզ տեսնի, դո՛ւք պիտի ճանաչեք…

Խոսակցության ձայները մարում են:
Սրտի ուժգնացող բաբախյուն:

ԽԱՉԱՆՑՈՒՄ.
Գագոյի հայացքն անթարթ սևեռվում է մի անորոշ կետի: Գիշերների նման մութ աչքերը սառել են:
Անդոն կատաղի հայացքով նայում է Գագոյին:
Մով աչքերը վառվում են:
Բռունցքը հավաքվում է ճկույթից բութ:
Ձեռքի երակները ցցվում են:
Եռացող կարմիրը գրավում է ամբողջ տարածքը:

ՀՀ

Ենթադրենք, վաղն առավոտ աշխարհի բոլոր մարդիկ արթնանում են երևակայական օդանավակայանում և հայտնաբերում, որ անձնագիր չունեն, բայց կարող են վայրկենապես ստանալ ցանկացած երկրի քաղաքացիություն: Հարցեր են ծագում: Հայաստանցիների ո՞ր մասը կվերահաստատի իր քաղաքացիությունը: Ո՞ր երկրի քաղաքացիություն կուզի ստանալ հայության մեծ մասը, իսկ մարդկությա՞ն:

Նորություն չի, դեռ ԱՄՆ անկախության հռչակագրում է գրվել` «Բոլորը ծնվում են հավասար»: Հարավցի ստրկատերը գուցե սրտի խորքում համամիտ չէր հռչակագրի պնդումներին, բայց արդյունքում կարգը հիմնովին փոխվեց, և սկիզբ դրվեց բոլոր անհավասարների ազատագրմանը. ու որ ամենակարևորն է` հնարավոր դարձավ երթն առ Վաշինգտոն, որտեղ հնչեց «Ես երազանք ունեմ»:

Նորություն չի, դեռ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը բարձրաձայնեց «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Բուրժուան գուցե սրտի խորքում համամիտ չէր մեծ հեղափոխության կարգախոսին, բայց արդյունքում կարգը հիմնովին փոխվեց, և սկիզբ դրվեց ազգային պետությանը, ու որ ամենակարևորն է` հնարավոր դարձավ Փարիզի ուսանողական աբստամբությունը, որտեղ հնչեց «Պահանջեք անհնարինը` ինչ-որ բանի հասնելու համար»:

Ֆրանսիային և ԱՄՆ-ին, վերջ ի վերջո, հաջողվեց հռչակված խոսքը գործի վերածել, և ազատական ազգայնականությունը պատմական փորձով հաստատեց իր առաջնայնությունն այլ ազգայնականությունների նկատմամբ:

Ո՞րն է ազատական ազգայնականության երազած Հայաստանը: Ւնքնիշխան հանրապետություն, որ կանգնած է իր յուրաքանչյուր քաղաքացու մեջքին, և իրավագիտակից հասարակություն, որի համար պատիվ է իր պետությանը ծառայելը: Էս հղացքը կարճ կարող ենք անվանել «Ազգ և պետություն», իսկ ենթադրվող հեյրենիքը` Ազատ-անկախ Հայաստան:

Ազատական ազգայնականությունն ազգի կեցությունը պայմանավորում է ժողովրդավար պետության գոյությամբ: Մի խոսքով, եթե չկա Ամերիկայի Միացյալ Նահանգները, չկա նաև ամերիկացին: Չկա Հայաստանի Հանրապետությունը, իսկ հա՞յը:

Ին. ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Վառվում են երևանյան ընդհատակյա բար-ակումբի բեմի լույսերը:
Նարը, աջուձախ օդային հաբույրներ ուղարկելով, ծափերի ուղեկցությամբ ելնում է բեմ:
Այցելուները շատ չեն, բայց նրա հայտնվելուն պես սրահը պայթում է ծափերից, ողջույնի սուլոցներից ու հիացական ճիչերից:
Սկսում է կատարել «Մարտիկի երգը»:

ՆԱՐ – Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն…

Հուզմունքից ձայնը կտրվում է, երգը կիսատ է թողնում:
Խոսակցության աղմուկին ու բաժակների զրնգոցին խառնվում է հատուկենտ խրախուսական ծափերի ձայնը:
Հաստլիկների եռյակը հիասթափված հետ է շրջվում ու աշխույժով զրույցի բռնվում Խաժակ բարմենի հետ:
Անկոնք կինը ժպտում է իր դիմաց նստած վերջին ծափ տվողին` Ճաղատ կնոջը:
Անդոն միայնակ զբաղեցրել է անկյունի սեղանը: Նարը մոտենում, նստում է նրա դիմաց:
Անդոն ծոցագրպանից հաստլիկ ծրար է հանում, դնում սեղանին, մատով հրում դեպի Նարը:

ՆԱՐ – Ապրես, Անդս, բայց էլ պետք չի: Փոշմանել եմ:
ԱՆԴՈ – Հետ չեմ վերցնելու:
ՆԱՐ – Անդո, սրտովս գնա: Ոնց եմ տրաքվում քո էդ քյառթու խասիաթից, հերիք պապայություն անես, ես Սամը չեմ, ինձ հեր պետք չի, ես հեր ունեմ:

Անդոն, արմունկը սեղանին, բռունցքով քիթն է տրորում:
Խուճուճը մոտենում է:

ՆԱՐ – Պտ… պտ… պտուտակահան: Թու, թու, թու (ինքն իրեն կմճտելով) լեզուս փաթ ընկավ:

Համբուրում է վզից կախ աչքի ուլունքը:

Կասես արաղը բոլ-բոլ անի:

ԽՈՒՃՈՒՃ – Նարնջի հյութո՞վ:
ՆԱՐ -Հա:
ԱՆԴՈ – Ինձ էլ՝ օղի` 50: (Որսալով Նարի ապշահար հայացքը): Մեկ էլ լցնովի գարեջուր:

Լռում են` ամեն մեկն իր մտքերով:
Ճաղատը սեղանի վրայով ձգվում ու համբուրում է Անկոնքի շուրթերը:
Հաստլիկներից մեկը նկատում է, հայտնում մյուսներին: Երեքով քչփչում են:
Խուճուճն աչքով է անում Խաժակին:

ՆԱՐ – Ինչի՞ մասին ես մտածում:
ԱՆԴՈ (քմծիծաղով) – Կապույտ երինջի:
ՆԱՐ – Երիջն ի՞նչ ա:
ԱՆԴՈ – Սեռահասուն հորթ:
ՆԱՐ – Կապույտ ե~զ: (Աշխուժանալով): Վա~յ, դու էլ գիտես էդ հեքիաթը: Ինձ տատս էր պատմում` «ուտիս օրը եղը ծծե, պաս օրը մեղրը ծծե», ես էլ չէի հասկանում, գիտեի թե կախարդական բառեր են, մեծացա, նոր ջոկի` ինչ էր ասում:
ԱՆԴՈ – Սարսաղ: Չէ, պատմի:

Նարն երեխու պես ծափ է տալիս:

ՆԱՐ –  Մի որբ աղջիկ կար, խորթ մերը հաց չէր տալիս, սոված էր պահում, էդ Կապույտ եզն էլ մարդու պես լեզու առավ, ասեց` ախչի, դարդ չանես, իմ մի պոզի մեջ յուղ կա, մյուսի մեջ` մեղր, յանի՝ ուտիս օրը եղը ծծե, պաս օրը մեղրը ծծե: Հետո խորթ մերն էդ եզի գլուխն էլ կերավ, բայց եզն աղջկան գլխանց սովորացրել էր, որ ոսկորները հավաքի տանի թաղի, ոսկի կդառնա: Վերջը լավ էր պրծնում, վայ թե էդ աղջիկը պսակվում էլ էր, արդեն կարգին չեմ հիշում: (Դադար): Չես պատկերացնի՝ ոնց եմ կարոտում տատիս, էնքան լա~վն էր, օրերը հաշվում էի, երբ պիտի ամառը գար, որ գնայի մոտը` գեղ: Ազա~տ, աղջկավարի էի ինձ պահում, ինձ շյուղերով գործել էր սովորացրել, իրար հետ տիկնիկիս շորեր էինք գործում: Ինչ ոռի ա կյանքը. լավերը շուտ են մեռնում, ղախպեքը հարյուր տարի ապրում են…
ԱՆԴՈ – Ինչի՞ տատդ քանի տարեկան էր:
ՆԱՐ – Մի… Չէ, սպասի… (մտքում հաշվելով) Հա, էլի, ութսունինը:

Մատուցվում են պատվիրված ըմպելիքները:

(Ձողիկը բերանին): Բա քո իմացածը ո՞րն էր:
ԱՆԴՈ – Հեքիաթ չի, բանաստեղծական արձակից մի տող:

Նարը հարցական հայացքով սպասում է:

Կապույտ երինջների արձակ նախիրն ազատ ճարակում էր մեհյանի շուրջը:
ՆԱՐ – Յանի ի՞նչ:

Անդոն օղու թափանցիկ ըմպանակը գցում է գարեջրի գավաթի մեջ:
Ըմպանակը դանդաղ սուզվում է ոսկեգույն հեղուկի մեջ, հասնում հատակին, կանգնում:
Օղին գարեջրի հետ չի խառնվում:
Կտրանցում:

Էքս. ԽԱՉ_ՄԵՐ_ու_ԿԻՆ

Անձրևից հետո մայթերը դեռ թաց են:
Լուսինը տարուբերվում է ջրափոսերում:
Մամն անշտապ, գլխիկոր մոտենում է խաչմերուկին: Ձեռքին կտորի տոպրակ է, ուսից կախ` նույն կաշվե մեծ պայուսակը:
Կարմիրի տակ, առանց լուսարձակի նշանին սպասելու, փողոցն անցնում է, տեսադաշտից կորում:
Գիշերային մայթ ու փողոց դափ-դատարկ են:
Վառվում է կանաչ լույսը:
Կտրանցում:

Ին. ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Ակումբը դատարկվել է:
Նարից ու Անդոյից բացի, մնացել են կանգնակի մոտ թառած Երեք հաստլիկը, զրույցով տարված Ճաղատն ու Անկոնքը, բարմենն ու մատուցողը:
Խուճուճը սեղաններն է սրբում, աթոռները շուռ տալիս:
Անդոն ու Նարն օղու շիշը գրեթե դատարկել են:

ԱՆԴՈ  – Դու երազանք ունե՞ս:
ՆԱՐ – Հա, բա ո՛նց:
ԱՆԴՈ –  Մե~ծ երազանք:
ՆԱՐ –  էն թզուկի պե՞ս:
ԱՆԴՈ – Ի՞նչ թզուկ:

ՆԱՐ (մեղմ ու ցածրաձայն երգելով) –

Բայց իմ հոգում կա մի երազանք`
Ճերմակ-ճերմակ թևավոր,
Մեծանալ եմ ես երազում,
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:

Անդոն ձայնակցում է:

ԱՆԴՈ ու ՆԱՐ (ցածրաձայն) –

Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես, թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում եմ այ այսպես:

Անդոն բաժակ է բարձրացնում:

ԱՆԴՈ (մթնոլորտը ցրելով, աշխույժ) – Կենա՛ց, կենա՛ց, կենա՛ց: Արի խմենք, որ երազանքները գունավոր լինեն: Թող թզուկը չերազի մեծանալ, թող որ ինքն իր թզուկ տեղով իրեն մեծ զգա, ու բոլորը չծիծաղեն, թե թզուկ է թիզ ու կես: Ու թող մեր տխրությունը միշտ լուսավոր լինի, իսկ մենակությունը` թևավոր, որովհետև աշխարհը վառ է, վառ ու լուսավոր, էդ մենք ենք դարդից կուրանում:

Բաժակները չխկացնում են, օղին քաշում գլխներին:

ՆԱՐ (բաժակը սեղանին խփելով) – Ծծեր… (որսալով Անդոյի հարցական հայացքը): Չէ, սպասի… (Մտածկոտ): Մենահամերգ` հրապարակում:
ԱՆԴՈ – Ազատությա՞ն:
ՆԱՐ – Չէ, Հանրապետության:
ԱՆԴՈ – Մակարդակ:

Անդոն բաժակները կրկին լցնում է, շիշը դատարկվում է:

ՆԱՐ – Վերջին անգամ ե՞րբ էիր խմել:
ԱՆԴՈ – Բանակում: Մեզ հետ ծառայող մի մեղրեցի կար` Նուռ էինք ասում: Մեր ուրախությունն էր: Ասենք, կգար կտեսներ՝ նեղված նստած ես, էնքան հանաք կաներ, մինչև անկախ քեզնից տրամդ կբացվեր: (Դադար): Խրամատ փորելիս խփեցին: Այ ստեղին (մատով իր վրա ցույց տալով): Տեղում էր մնացել:
ՆԱՐ – Ափսո~ս…
ԱՆԴՈ – Հազար ափսոս: Երևի թաղումից մի շաբաթ էլ չէր անցել, իմացանք, որ հերն է եկել: Կարաս ասես` ինչի՞:
ՆԱՐԸ  (հորանջելով) – Խի՞…
ԱՆԴՈ – Նար ջան, կհավատա՞ս, եկել էր, որ տղու կիսատ փորած խրամատը փորի: Ու մեն-մենակ մինչև վերջ փորեց: Չթողեց մեկնումեկը մոտ գա: Տեսքից Նուռին շատ նման էր: Չխոսկան մարդ էր: Փորեց պրծավ, գնդապետով-բանով եկան, հենց դիրքերում սեղան դրինք: Հետը տնական արաղ էր բերել: Խմեցինք:

Անդոն վերջին բաժակը քաշում է գլխին, ըմպանակը շուռ տված դնում սեղանին:
Կտրանցում:

Էքս. ԽԱՉ_ու_ՓԱՉ

Կեսգիշեր:
Քառահարկ շենք Երևանի կենտրոնում:
Սևուկը գլուխը բռնած նստել է մուտքի մոտ: Վրան և շուրջը վերևից` երկրորդ հարկի լայն բացված պատուհանից, շորեր են թափվում:
Շեկլիկը գլխահակ հավաքում է գետնին թափվածը, մերթընդմերթ աղերսող հայացք նետում վերև, որտեղ ոչ ոք չի երևում:
Շոր-շիրթի տեղատարափը կտրվում է:
Շեկլիկը ձեռքինը տանում դնում է գոյացած կույտի գլխին, գալիս անխոս նստում Սևուկի կողքը:
Ծամիկը ծիկրակում է լուսամուտից, կրկին հայտնվում ու լվացքի մեծ թասով ջուր է շփում տղաների գլխին:
Ջրվածները զայրացած վեր են ցատկում:
Ծամիկը լեզու է հանում, պատուհանը շրխկոցով փակում:
Կտրանցում:

Ին. ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Նարը նստած տեղը դանթում է:
Անդոն հաշիվը բերելու նշան է անում:

ԱՆԴՈ – Վե՛ր, վե՛ր՝ քեզ տուն տանեմ:
ՆԱՐ (նվնվան) – Հավես չունեմ:
ԽՈՒՃՈՒՃ – Մեր հաշվին` հյուրասիրություն:

Անդոն տեղից ելնում է, հեռվից ձեռքով շնորհակալություն է հայտնում բարմենին, շրջվում, գլխով ողջյունում է Ճաղատ կնոջը: Նարի թևատակերից բռնում, հեշտությամբ գցում է շալակը:
Նարն աշխուժանում, ոտքերն օդում թատերայնորեն թափահարում է ու ճվճվում:

ՆԱՐ – Տարա~ն… տարա~ն-տարանա-նի-նա~յ-նա~յ…

Խաժակը, որ մինչ այդ կանգնակի հետևում սրբիչով բաժակ էր չորացնում, երկու մատը բերանին սուլում, ուրախ հայկական պարեղանակ է միացնում:

ՃԱՂԱՏ – Հո՛պա:

Ճաղատ կինը վեր է թռչում, կտրում է Անդոյի դեմը, մի ծնկի վրա չոքում ու սկսում ծափ տալ:
Անկոնքը միանում է խաղին ու հեզաճկուն պար բռնում նրանց շուրջ:
Խուճուճը սեղանի շորն օդում թափահարելով տրնգի է տալիս:

ԽՈՒՃՈՒՃ – Տաշի~, աման-աման-աման…

Երեք հաստլիկը ինքնամոռաց ծափ են տալիս ու ղժղժում:

ԵՐԵՔ ՀԱՍՏԼԻԿ – Ջա~ն, ջա~ն, ջա~ն, ջանեջա~ն…

Խաժակը դուրս է գալիս կանգնակի հետևից, Երեք հաստլիկին հրավիրում պարի:
Բոլոր ներկաները խմբվում են Անդոյի շուրջը, ձեռք ձեռքի տալիս և ուրախ շուրջպար բռնում:
Անդոն, Նարին շալակած, պտտվում է շրջանի կենտրոնում:
Մթնանցում:

ՀՀ

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Հայ ժողովուրդն էլ, վերջ ի վերջո, բաղկացած է մարդկանցից: Մարդը ստեղծարար էակ է, նաև բանական: էս երկուսի միաձուլումից ստացվում է բանաստեղծ մարդը՝ նա, ով գիտի արվեստ ստեղծել` արվեստագետը, և կամ նա, ում ստեղծածը միտք է` մտավորականը:  Նրանք անբաժան են` տարբեր, և էությամբ նույնական:

Պատկերացումը, որ բանաստեղծը ցնդածի մեկն է, ձեռնտու է միայն իշխանությանը, որպեսզի լուրջ չընկալվի, տեղ չհասնի նրա ստեղծածն ու ասելիքը: Նորություն չի, դեռ հին հայկական ասացվածն է վկայել. «Բանն ասելով է լինում», ինչ խոսք, համաձայնելով էն փիլիսոփաների հետ, ում կարծիքով գիտակցությունն է ձևավորում կեցություն:

Չկա ազգային պետություն առանց ազգային խորհրդանիշների, որ ստեղծում են արվեստագետներն ու մտավորականները` կամ իբրև պետական պատվեր և կամ ներքին, հայրենասիրական մղումով: Օրենքով սահմանված ազգային խորհրդանիշներից` դրոշից, օրհներգից կամ զինանշանից բացի, նրանք հաճախ ստեղծում են ազգային մարդակերպ խորհրդանիշեր: Շարունակելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օրինակը` Ֆրանսիան ունի Մարիան, ԱՄՆ-ը՝ Ազատության արձան: Իսկ Հայաստա՞նը:

– «Մայր Հայաստանը»,- կասի հայաստանցիների մեծ մասը:

Մայր Հայաստանն առարկայանում է իբրև մայրաքաղաք Երևանի բլուրներից մեկի գագաթին կանգնած 22-մետրանոց պղնձե կոփածո արձան: Ոչ մի կապ չունի Հայաստանի երրորդ հանրապետության հետ, իսկ որ ամենակարևորն է՝ «Մայր Հայաստանը» նույն ինքը փեշավոր Ստալինն է: Ւնչո՞ւ: Հենց միայն էն պարզ պատճառով, որ Ստալինին հանել են, թրաշել, կնոջ շոր հագցրել, ձեռքը թուր տվել, տնկել նույն տեղում, նույն պատվանդանին:

Հայտնի է, որ ազգերի հայրը հետմահու սեռափոխվեց, տրոհվեց` ամեն ազգի մի մայր հաշվարկով, վրացուն` «Մայր Վրաստան», ուկրաինացուն` «Մայր Ուկրաինա», ու էդպես բոլոր սովետական հանրապետություններին մեկական մայր շնորհվեց, և հայերն էլ ստացան իրենց հասանելիք «Մայր Հայաստանը»:

Հարց է ծագում. ի՞նչն է պակասում հայ ժողովրդին` արարչական տաղա՞նդը, թե՞ աշխատասիրությունը, որ առայսօր չկա Հայաստանի երրորդ հանրապետությունը մարմնավորող կոթող` արձան, պատկեր, կերպար, պարզապես մարդակերպ մի խորհրդանիշ: Ո՛չ: Գողապետությունը չի համարձակվում պատվիրել ու կանգնեցնել օրենքով գողի արձանը և շահագործում է պատմական անցյալը: Առաջադեմ արվեստագետները, որպես կանոն, լայն ժողովրդականություն չեն վայելում: Ազգային թեմաներով ստեղծագործում են հին գեղագիտության հետևորդները` նույնացնելով ավանդականն ու պահպանողականն ազգայինի հետ, ու որ ամենացավալին է` հեղափոխականն ու նորարարականը որակում ապազգային:

Ուրեմն, ներկայիս Հայաստանն անկերպար մի պետություն է, որ չի ցանկանում ցույց տալ իր դեմքը: Մեկ այլ վառ օրինակ է Լենինի արձանի թափուր մնացած տեղը Հանրապետության հրապարակում:

Մի հնատիպ գրքի շապիկին պետությունը պատկերված է իբրև հրեշ, որի մարմինը կազմված է իր բոլոր հպատակներից: Հրեշի ձեռքերին թուր ու խաչ կան (ըստ սկզբնաղբյուրի, բայց կարող է լինել նաև, ասենք, յաթաղան ու մահիկ): Կրոնը նրա զենքն է ամբոխին հնազանդեցնելու, թուրը` պաշտպանվելու և պատժելու համար: Գրքում գրված է, որ պետությունն անհրաժեշտ չարիք է. եթե չլինի` մարդիկ իրար կուտեն, քանի որ մարդը մարդուն գայլ է: Քաղաքացիական և բարոյական պարտքը նույնական են, մի խոսքով` հակապետականն անբարոյական է: Ինքնիշխանությունը կատարյալ է, ուրեմն՝ հրեշավոր մարմինը շարժվում է բացառապես իր գլխի թելադրանքով: Գլուխը կարող է լինել թագավորը կամ նախագահը (օրինակ` Հայաստանի գլուխը, ըստ մայր օրենքի, Նախագահն է), ազնվականությունը կամ խորհրդարանը՝ կապ չունի, մենակ թե անգլուխ չլինի:

Շուրջ երկու դար պահանջվեց ֆրանսիացիներից ու աներիկացիներից, որ հրեշին մարդաշնորքի բերեն, ինչպես հեքիաթում, երբ աղջիկը սիրեց գազանին, և նա վերածվեց գեղեցկադեմ պատանու` ոչ թե գայլի, քանի որ էստեղ մարդը մարդուն եղբայր է ու բարեկամ:

Ֆրանսիան շատ արագ գտավ իրեն մարմնավորող աղջկա կերպարը` Մարիանին, որ հենց ինքը հանրապետությունն է: Մարիանին քանդակել ու նկարել են հազարավոր ֆրանսիացի արվեստագետներ: ԱՄՆ-ի դեմքում դա Ազատության արձանն է: Ի դեպ, Ֆրանսիան է նվիրել ԱՄՆ-ին Ազատության արձանը. մի ձեռքին անմար կրակ է, մյուսին` հռչակագիր, ոչ թուր-թվանք ունի, ոչ խաչ ու մահիկ, ոչ էլ՝ մուրճ ու մանգաղ:

Վերջ ի վերջո, անգամ ինքնամփոփ արվեստը, որ կոչվում է «արվեստ արվեստի համար», կարող է փոխել աշխարհը: Արվեստի ուժն անհնար է անտեսել: Գեղարվեստորեն հաղթահարված խնդիրը վաղ թե ուշ գործնականում կլուծվի:

Արվեստագետը, մտավորականն իր էությամբ պետք է հակադրվի իշխանություններին, որովհետև արվեստագետի, մտավորականի էությունն ազատությունն է, սահմաններ չճանաչելը, պայմանականությունների ուրացումը, իսկ պետությունը, հակառակը, ուզում է ամեն ինչ դնել սահմանների մեջ, կարգուկանոնի ենթարկել: Էս երկու երևույթներն անհամատեղելի են: Մտավորականը, արվեստագետը գիշեր-ցերեկ, ամեն վայրկյան պիտի հակադրվի իշխանություններին, բայց երբեք չպետք է վհատվի և ավելին` չպետք է վհատեցնի ժողովրդին:

Ես մնում եմ իմ կարծիքին. մտավորական արվեստագետը պետք է լինի ազգի վերջին վհատվողը:

Էքս./ին. ԱՆՑՈՒՄ_ի_ՏԱԿ

Մամը գետնանցումի աստիճաններով իջնում է ներքև և քայլում պատին նկարող տղաների ուղղությամբ:
Նրանք երկուսն են, մեկը բարձրահասակ է (այսուհետ` Բոյով), մյուսը` կարճլիկ (այսուհետ` Կոլոտ): Նկատելով մոտեցող կնոջը՝ առանց իրար անցնելու շարունակում են իրենց գործը:
Բոյովը կանգնել է ծալովի աթոռակին, ձգվել ու փչում է ներկը:
Կոլոտը նույնն անում է պպզած, ներկով տառ առ տառ պզզացնում է «ՁԵՐ» բառը:
Ուսապարկերը գցած են գետնին, փչովի ներկերի մի մասը` մեջը, մի քանիսն էլ շպրտած են:
Մամի մոտենալու պահին Բոյովի ներկը վերջանում է: Թափ է տալիս ներկամանը, կտկտոցի ձայն է գալիս, բայց այլևս ներկ չի պզզում:

ԲՈՅՈՎ – Սատկեց: Կարմիր տուր:

Կոլոտն անխոս կատարում է Բոյովի հրահանգը: Ուսապարկից հանում, մեկնում է կարմիր աերոզոլը:

ՄԱՄ – Բարի երեկո:
ԿՈԼՈՏ – Բարև, մորքուր ջան:
ԲՈՅՈՎ – Բարև ձեզ:
ՄԱՄ – Ի՞նչ եք անում:
ԿՈԼՈՏ – Street-art, մորքուր ջան:
ԲՈՅՈՎ (դեպի Կոլոտը) – Քաղաքական արվեստ:
ՄԱՄ – Գիտեմ, Բենքսի…
ԿՈԼՈՏ (ոգևորված) – Հա~, հա, Բենքսի…Ինքը մենակ ա անում, մենք`ախպերովի, սենց ավելի ուրախ ա:
ՄԱՄ – Իմ տղան էլ Բենքսիի… (Հանկարծ դեմքը պայծառանում է): Չէ, ձեր պես… իմ տղան ու իր ընկերը … Տղաս էլ է ձեր պես փողոցային նկարիչ:
ԿՈԼՈՏ – Հա՞, ովքե՞ր են, անուններն ի՞նչ են, հաստատ կճանաչենք, մենք էնքան քիչ ենք, սաղս իրար գիտենք:
ՄԱՄ – Տղաս էստեղ չի հիմա… Չէ, չեք ճանաչի: Ընկերն էլ նկարիչ չի, ուղղակի միշտ հետն էր, որ մենակ չլինի:

Կոլոտը, պպզած, զրույցի հետ մեկտեղ հիմա էլ տառ առ տառ պզզացնում է «ՈՌԸ» բառը:

ԿՈԼՈՏ – Հա~, հա, սատկա պահելն էլ ա կարևոր գործ:
ՄԱՄ – Ինչպե՞ս: Չհասկացա:
ԿՈԼՈՏ – Սատկա պահել, էլի, մորքուր ջան, աթանդա կանգնել, որ, ասենք, մենթ-մունթ գա` խաբար անի, թռնեն, պահակի ղայդա, էլի:
ՄԱՄ – Հա~… սատկա:  Չէի լսել:

Մամը ոտքը կախ է գցում:

(Կոլոտին` մատնացույց անելով «ՈՌԸ»): Շա՞տ չի կոպիտ:

ԿՈԼՈՏ – Չէ~, հա, մորքուր ջան, սրանց հասնում ա… Մեր զենքն էլ էս ա:
ԲՈՅՈՎ (առաջին անգամ Մամի դեմքին նայելով) – Քաղաքականությունը հարվածներ տալու և հարվածներ ստանալու արվեստ է: Իրենք մեր դեմ իշխանական բիրտ ուժ են կիրառում, անխնա հարվածում են, մենք էլ արվեստով ենք հակահարված տալիս: (Կոլոտին): Ես վերջացրի:
ԿՈԼՈՏ – Ես էլ:

Երկուսով արագ հավաքում են ներկերը, լցնում ուսապարկերը:
Բոյովը ծալովի աթոռակը փակում, դնում է թևի տակ:
Կոլոտը մի քիչ հեռանում, մի քանի անգամ հեռախոսով լուսանկարում է:
Մամը հետ է քաշվում:

ՄԱՄ (Բոյովին) – Դու քանի՞ տարեկան ես, տղա ջան:
ԲՈՅՈՎ (բարեհամբույր) – Քսան:
ՄԱՄ – Ուսանո՞ղ ես:
ԲՈՅՈՎ – Ոչ:
ՄԱՄ – Ծառայել վերջացրե՞լ ես:
ԲՈՅՈՎ – Ազատված եմ` առողջական խնդիրներ ունեմ: Այ, եղբայրս ծառայած է:
ԿՈԼՈՏ- Հա~, հա, ծառայած, պաշտպանած, պսակված, բաժանված, կյանք տեսած տղա եմ: (Բոյովին): Գնա՞նք:
ՄԱՄ – Դուք հանգիստ գնացեք, ես սատկա կլինեմ էստեղ մի քիչ… (Շփոթված): Թույլ չեմ տա` անցորդները փչացնեն ձեր փողոցային… քաղաքական արվեստի գործը: (Դադար): Հաջողություն ձեզ, տղաներ, զգույշ կլինեք:

Բոյովն ու Կոլոտը զարմացած հայացքներ են փոխանակում:

ԲՈՅՈՎ – Ձեզ էլ: Բարևեք ձեր տղային:
ԿՈԼՈՏ – Ընկերոջն էլ: Բարի գիշեր, մորքուր ջան:

Նրանք անշտապ քայլում են: Կոլոտն ընթացքում շրջվում է, նկատելով, որ Մամը չի հեռանում, փսփսում է Բոյովի ականջի տակ, որն էդպես էլ չի շրջվում: Տեսադաշտից անհետանում են:
Մամը երկար, սևեռված նայում է պատկերին, մատով դիպչում, համոզվում է, որ ներկը դեռ չի չորացել: Դեմքը մոտեցնում ու սկսում է հոտոտել թարմ գրաֆիտին, ապա քնքշորեն շոյում է պատի ու պատկերի եզրագիծը` առանց լղոզելու: Սկսում է փչել պատին, ասես իր շնչառությամբ ուզում է ներկը չորացնել:
Աստիճաններով գլորվող դատարկ մետաղական տարայի ձայն:
Մամը սթափվում, հայացքը գրաֆիտիից չկտրելով՝ հետ-հետ է գնում, մինչև հասնում ու մեջքով հենվում է հանդիպակաց պատին:
Քարանում է: Մթերքով տոպրակը թուլացած ձեռքից ընկնում է: Նա, մեջքը պատից չպոկելով, դանդաղ սահում է ցած:
Նստում է գետնին: Ծալված ոտքերը մեկնում է առաջ:
Տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի:
Գետնին ընկած, ճակատը` սառը քարին, սրտակեղեք լաց է լինում:
Դիմացի պատին երևում է ամբողջական պատկերը: Հավերժության անվի կենտրոնում սրախողխող, փետրած թռչուն է: Ներքևում`գրություն. «ԻՄ ԶԵՆՔԸ՝ ՁԵՐ ՈՌԸ»:
Աղեկտուր հեկեկոց:
Մամը, փորձելով իրեն հավաքել, մեծ պայուսակում տենդագին ինչ-որ բան է որոնում, չգտնելով՝ շուռ է տալիս, միջից թափվում են հիմնականում գրքեր` մեկը բավական հաստափոր, մնացածը` տարբեր չափերի, նաև հեռախոս, դրամապանակ, կարմիր գրիչ, բանալիների տրցակ, դեղերի սրվակ, թղթի գրոտած պատառիկներ, այցեքարտեր, թռուցիկներ ու սպիտակ թաշկինակ, որով և սրբում է քիթը:
Հեծկլտոցները զսպում, հաբը դնում է լեզվի տակ, ոտքերը հավաքում: Գլուխը` պատին, մի քանի անգամ խոր շունչ է քաշում, ապա պայուսակի մեջ է դնում մթերքով տոպրակը, հեռախոսն ու դրամապանակը, մնացած ամեն ինչ, բացի գրքերից:
Մի նեղացած հայացք է նետում գրքերի վրա ու պատին հենվելով՝ ոտքի ելնում:
Մամը համրաքայլ հեռանում է առանց հետ նայելու:
Գրքերը թափված են գետնանցումի տակ:
Միջանցիկ քամին թերթում է մեկի էջը:

ՍԱԶԱՆՑՈՒՄ.
Գետնանցումից դեպի բարձունք, որտեղից երևում է գիշերային Երևանի համայնապատկերը:

Շարունակությունը այստեղ

Print

Մեկ արձագանք Մայրենիք. դրոշ (3)

  1. Վահան Իշխանյան -ը ասել է:

    Զուգահեռ Արթուր Մեսչյանի երգ հետ, ուր սևերը վատն են սպիտակները լավը, միայն Մայրենիքում սպիտակները առավելության են հասնում սևերի նկատմամբ

    Տեսե՞լ եք դուք այնպես ճատրակ,
    որտեղ խաղում են լոկ սևերը.
    կյանքի բեմից դուրս շպրտված՝
    լուռ հեռանում են սպիտակները:
    https://www.youtube.com/watch?t=83&v=3R7hT02olI0

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

15 + eleven =