hero

 

1942 թվականին Հավր քաղաքում Միշել Լերիսն հանդիպում է Սարտրին, որը այնքան որոշիչ է դառնում, որ նա  գրում է «Մարդու տարիքը» գրքի նախաբանը` այն վերնագրելով «Գրականությունը` որպես ցլամարտ»: Նախաբանը արձագանք է Սարտրի առաջ բերած «ներգրավված գրականության» թեմատիկային(Այս թեմայով տես՝ Մարկ Նշանեան՝ «Հանգանակ մը»): Այստեղ հեղինակը համեմատում և փորձում է նույնացնել գրողի` ինքնախոստովանությամբ անկեղծանալու վտանգը ցլի դեմ մարտչող մարտիկին սպառնացող վտանգի հետ: Եվ քանի որ խոսքը գնում է ինքնակենսագրական գրքի նախաբանի մասին, ապա ճիշտ գրքի նման, նախաբանն էլ հարուստ է երկար, անվերջանալի թվացող նախադասություններով` հաճախ բացվող փակագծերով, ուր միտքը կարծես կտրվում է, հետո նորից վերգտնում ես թելը: Սա նման է ինքն իր հետ խոսող մարդու մտքի ընթացքին, երբ այն չի կառուցվում հստակ ու հակիրճ նախադասություններով, այլ պարուրաձև ու անկանոն թռիչքներ է կատարում:

Քանի որ նախաբանի մեջ հարկ եղավ թարգմանել նաև գրքի վերնագիրը, պետք է նշել, որ ֆրանսերենով այն կոչվում է l’Age d’homme: Homme բառը ֆրանսերենում ունի երկու իմաստ` մարդ և տղամարդ: Փորձելով հավատարիմ մնալ բնագրին, ճիշտ համարեցի թարգմանել «Մարդու տարիքը»` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդ բառը հայերենում նույնպես երկիմաստ է և երբեմն օգտագործվում է տղամարդ նշանակությամբ:

Եվա Հակոբյան

 

Հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության հաստատած ժամանակային այն սահմանագծին, որին յուրաքանչյուր քաղաքացի ենթակա է ի ծնե՝ կարելի է ասել, որ 1922-ին է «Մարդու տարիքը» վեպի հեղինակը հասել է կյանքի այն շրջադարձին, որից ներշնչվել է իր գրքի վերնագիրը: 1922 թիվ, չորս տարի անց պատերազմից, որ նա անցկացրեց, ինչպես իր սերնդի շատ տղաներ,  երկարատև արձակուրդի նման՝  նրանցից մեկի բնորոշմամբ: Այդ թվից ի վեր նա այլևս սին հույսեր չուներ, թե իրական է այն կապը, որը  տեսականորեն պիտի օրինական մեծամասնությանը օգտակար հասունությամբ օժտեր: 1935-ին, երբ նա ավարտին հասցրեց իր գիրքը, անկասկած երևակայում էր, թե իր գոյությունն արդեն բավարար չափով վայրիվերումներ ապրել է, որպեսզի կարողանար հպարտանալ, թե ի վերջո հասել է առնական հասունության տարիքի: 39 թվականին, տարի, ուր հետպատերազմյա երիտասարդությունը քանդում էր հարմարավետության այն կառույցը, ուր նա հուսահատորեն ջանացել  էր դնել թե՛իրական ոգևորություն, և թե՛ մի սարսափելի տարանջատում, հեղինակը անկեղծորեն խոստովանում է, որ իր իրական «մարդու տարիքը» դեռ նոր պիտի գրի, երբ այս կամ այն ձևով կենթարկվի իր նախնիների նույն դառը փորձությանը:

Այսօր, փորձելով թեթևակիորեն հիմնավորել իր գրքի վերնագիրը, հեղինակը ճիշտ համարեց այն թողնել անփոփոխ՝ գտնելով, որ վերջիվերջո չի հակասում նրա վերջնական գաղափարին՝ կենսական կատարելության ամբողջականության որոնմանը, որ կհաջողվեր միայն կատարսիսից, անկումից առաջ: Դրա լավագույն գործիքներից մեկը այսպես կոչված «խոստովանության» գրականությունն է, կամ գրական գործունեությունը:  Բազմաթիվ ինքնակենսագրական վեպերի, օրագրերի, հուշատետրերի ու խոստովանությունների մեջ, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ արտառոց տարածում են վայելում (կարծես գրական գործի մեջ անտեսելով այն, ինչ ստեղծագործություն է և այն դիտարկելով միայն արտահայտչական տեսանկյունից, այնտեղ տեսնելով, ոչ թե ստեղծված արդյունքը, այլ մարդուն, որ թաքնված է, կամ իբրև թե թաքնված է դրա հետևում), Մարդու տարիքը ի հայտ է գալիս որպես հեղինակի մի փորձ՝ խոսելու առավելագույնս պայծառամտությամբ և անկեղծությամբ առանց ավելորդ հավակնության:  Մի խնդիր սակայն հանգիստ չէր տալիս հեղինակին և խանգարում էր գրելուն. այն, ինչ տեղի էր ունենում գրելու պրոցեսի մեջ, արժեքը չի՞ կորցնում արդյոք, եթե մնում է միայն «գեղագիտական» , անմեղ, զուրկ բոլոր սահմանափակումներից, եթե ստեղծագործություն գրելու մեջ չկա ոչինչ, որ ունենա նույն նշանակությունը (այստեղ առաջ է գալիս հեղինակի սիրած պատկերներից մեկը) , ինչ ցլամարտիկի համար ցլի սուր եղջյուրը, որն իր մեջ եղած նյութական սպառնալիքով  մարդկային իրականություն է հաղորդում  արվեստին՝ չթողնելով, որ այն մնա որպես սոսկ բալետի պարուհու դատարկ նազանք: Մերկացնել որոշ զգացմունքային կամ սեռական մտասևեռումները, խոստովանել ամենաամոթալի թերություններն ու թուլությունները, այսպես էր հեղինակը ցլի եղջյուրի ստվերը մտցնում գրական գործի մեջ:  Դա կոպիտ միջոց էր անկասկած, բայց հանձնելով մարդկանց՝ հույս ուներ այն հարստացնել:

Սա էր այն նախաբանը, որ «տարօրինակ պատերազմի» նախօրեին գրում էի «Մարդու տարիքի» համար: Այն վերընթերցում եմ այսօր Հավրում, քաղաք, ուր որերորդ անգամ գալիս եմ արձակուրդներս անցկացնելու մի քանի օրով, և որտեղ ունեմ բազմաթիվ հարազատներ (ընկերներս՝ Լեմբուրը, Քենոն, Սալակրուն, որը դասախոս է այստեղ և որի հետ ես մտերմացա 1941-ին, երբ օկուպացված Ֆրանսիայում մնացած գրողների մեծամասնությունը միավորվել էին նացիստական ճնշման դեմ): Հավրը այս պահին մեծ մասամբ ավերված է, և ես դա տեսնում եմ իմ պատշգամբից, որը բավական հեռվից և բավական բարձրից նայում է դեպի նավահանգիստը: Այս դիրքը թույլ է տալիս իրապես գնահատել ռումբերի գործած ավերը, կարծես   կենդանի արարածներով բնակեցված ամենաիրական աշխարհում կրկնվել էր  դեկարտյան հայտնի օպերացիան: Այս համատեքտում անձնական այն տառապանքը, որի մասին խոսվում է «Մարդու տարիքը» գրքում իրականում մեծ նշանակություն չունի: Ինչքան էլ մեծ լինի նրա ուժն ու անկեղծությունը, պոետի անձնական ցավը կշիռ չունի պատերազմի արհավիրքների դեմ և ատամի ցավ է հիշեցնում, որից բողոքելը անպատեհ է թվում: Աշխարհի այս տանջահար թոհուբոհի մեջ ի՞նչ է անում այս տկար հեծեծանքը նեղ անձնական ու սահմանափակ դժվարությունների մասին:  Այդուհանդերձ Հավրում ամեն ինչ նույնն է, և քաղաքային կյանքը շարունակում է իր սովորական ընթացքը: Կանգուն մնացած տների, ինչպես նաև ավերված վայրերի վերևում, չնայած անձրևոտ եղանակին, մերթընդմերթ հայտվում է պայծառ ու սիրուն արև: Ջրամբարներն ու շողշողացող տանիքները, հեռվում երևացող փրփրոտ ծովը և ավերված թաղամասերի հսկայական զանգվածը (որոնք վաղուց ամայացել էին ինչ-որ տարօրինակ իրար հերթագայող մշակումների բերումով… ) ինչպես կասեին օդերևութաբանները գտնվում էին խոնավության ազդեցության տակ,  որի միջով երբեմն ծորում էին արևի ճառագայթներ: Մոտոցիկլները դռդռում են, տրամվայներն ու հեծանվորդները անցնում, մարդիկ աննպատակ քայլում են կամ հապճեպ ինչ-որ տեղ շտապում և մի խիտ ծուխ է բարձրանում: Ես նայում եմ այս ամենին՝ մի անմասնակից  հանդիսատես (այդ ամենի մեջ ոտքիս ծայրն է միայն թրջվել) և անամոթաբար ինձ իրավունք եմ վերապահում հիանալ այս կիսաամայի տեսարանով, որպես մի գեղեցիկ կտավ՝ գնահատելով ստվերն ու լույսը, հոգեխռով մերկությունն ու դյութիչ խլրտանքը: Դեռևս բնակեցված այս վայրում տեղի է ունեցել ողբերգությունը, որից դեռ մեկ տարի էլ չի անցել:

Այսպիսով, ես երազում էի ցլի եղջյուրի մասին: Չէի ուզում լինել միայն գրականության մարդ: Ցլամարտիկը, որ վտանգը առիթ է դարձնում ավելի քան երբեք փայլուն լինելու, ցույց է տալիս իր ոճի ողջ որակները, այն պահին, երբ սպառնալիքը ամենից մեծն է. ահա թե ինչն էր ինձ հիացմունք պատճառում, ահա, թե ես ինչ էի ուզում լինել:

Ինքնակենսագրականը վերաբերում է այնպիսի մի բնագավառի, ուր խոստովանությունը պետք է խիստ վերապահումով լինի, քանի որ դրա հրապարակումը ինձ համար վտանգներով լի էր. ինչքան այն հստակ լիներ, այնքան պետք է դժվարին ու վարկաբեկիչ լիներ անձնական կյանքիս համար: Եվ ուրեմն ինքնակենսագրականը այն միջոցն էր, որով ես ձգտում էի ազատագրվել մի շարք խանգարող պատկերացումներից, դրա հետ մեկտեղ առավելագույն մաքրությամբ գծագրել իմ բնավորության գծերը, թե՛ իմ և թե՛ այլոց աչքին սխալ տպավորությունները վերացնելու համար: Որպեսզի կատարսիսը և իմ ազատագրումը տեղի ունենային, անհրաժեշտ էր այս ինքնակենսագրականին որոշակի ձև հաղորդել, ձև, որը կկարողանար ինձ ոգևորել՝ միևնույն ժամանակ հնարավորինս լսելի դառնալ ուրիշների համար: Այս նպատակին հասնելու համար ես հույսս դրել էի այն խստապահանջ խնամքի վրա, որով ես պետք է վերաբերեի  գրությանը, ողբերգական այն շողի վրա, որով լուսավորված կլիներ իմ ողջ պատմությունը՝ այնպիսի խորհրդանիշերով, որոնք ես գործածել էի նրա մեջ, օրինակ՝  աստվածաշնչյան կերպարներ դասական անտիկ աշխարհից, թատրոնի հերոսներ կամ էլ Ցլամարտիկ, հոգեբանական առասպելներ, որոնց նորարար արժեքը ինձ հանգիստ չէր տալիս, և որոնք աշխատանքի  գրականագիտական կողմի տեսանկյունից, մի քանի գլխավոր թեմաների հետ միասին, կազմում էին այն հնարքները, որ մի ակնհայտ մեծություն էին բերում մի տեղ, ուր ես հստակ գիտեի, որ այն չկա : Բծախնդրորեն և հնարավորինս ինձ նման պատկերել այն կերպարին, որ ես էի  (ինչպես ոմանք փայլուն կերպով նկարում են տհաճ բնապատկերներ կամ առօրյա պարագաներ), թողնել, որ արվեստի հոգսը միջամտի միայն ոճին և կառուցվածքին, ահա այս խնդիրներն էի առաջս դրել՝ կարծես նախապես իմանալով, որ նկարչի իմ տաղանդը և մտքիս օրինակելի պայծառությունը, որ ես պետք է կարողանայի ապացուցել,  կփոխհատուցեն մոդելի իմ միջակությունը, ու կարծես այս նախաձեռնության խենթությունը բարոյական ինչ-որ աճի պետք է հանգեցներ, անգամ եթե չէր վերացնելու իմ որոշ թուլություններ, ապա առնվազն ինքս ինձ պետք է ցույց տար, որ ես ունակ եմ կրել դեպի ինձ ուղղված այս անաչառ հայացքը: Բայց ես մի բան չգիտեի, որ ներհայեցումի հիմքում ընկած է ինքն իրեն նայելու հաճույքը և որ ամեն մի խոստովանության խորքում թողության ցանկություն է թաքնված: Անաչառ հայացք գցել ինքս ինձ վրա նշանակում է նայել ինքս ինձ, աչքերս գամել իմ վրա, փոխանակ հեռուն գնալու, ինձից այն կողմ մարդկայնորեն ավելի լայն ինչ-որ բանի վրա: Այլոց առաջ մերկանալս իրագործելով մի գրությամբ, որ ուզում էի լավ շարադրանք և կառուցվածք ունենար, հարուստ լիներ հուզիչ ակնարկներով, նույնն է, թե փորձեի մարդկանց գայթակղել, որպեսզի իմ հանդեպ ներողամիտ գտնվեն, կամ թե ինչ-որ ձևով մեղմացնեի սկանդալը՝ տեքստին հաղորդելով գեղագիտական ձև:

Եվ ուրեմն կարծում եմ, որ եթե մարտահրավերը նետված էր, իսկ ցլի եղջյուրը՝ խաղի մեջ, ոչ առանց փոքր-ինչ երկերեսության էր, որ ես համարձակվեցի այս արկածախնդրության մեջ մտնել՝ մի կողմից տեղի տալով իմ ինքնասիրահարված ձգտումներին, մյուս կողմից փորձելով ուրիշների մեջ փնտրել ոչ այնքան դատավոր, որքան համախոհ: Ցլամարտիկը նույնպես, որ թվում է՝ իրեն մահվան վտանգի է ենթարկում, խնամում է իր մարմինը և վտանգի հանդեպ հաղթանակ տանելու համար հույսը դնում իր տեխնիկական խորաթափանցության վրա: Բայցևայնպես ցլամարտիկի համար գոյություն ունի մահվան իսկական սպառնալիք, իսկ արվեստագետի համար՝ ոչ, կամ գուցե կա, բայց արվեստից դուրս է (օրինակ գերմանական գրավման ժամանակ ընդհատակյա գրականությունը իրենից ինչ-որ վտանգ ներկայացում էր, բայց միայն այն չափով, երբ ավելի համընդհանուր պայքարի մաս էր կազմում, և ի վերջո, ինքնին գրությունից անկախ էր): Եվ ուրեմն արդյոք հիմնավորվա՞ծ է համեմատությունը, «ցլի եղջյուրի ստվերը գրական գործի  մեջ» մտցնելու փորձը: Գրելու փաստը կարո՞ղ է արդյոք այդ մասնագիտությամբ զբաղվող մարդուն ենթարկել մի վտանգի՝ անգամ եթե ոչ մահացու այլ գոնե նվազագույն չափով դրական: Գիրք գրելը որպես մի արարք, սա էր, խորքում, նպատակը, որին ինձ թվաց պետք է ձգտեմ, երբ գրում էի «Մարդու տարիքը»: Արարք հենց ինքս իմ հարաբերությամբ, քանի որ հենց այս բանաձևի շնորհիվ գրելու ընթացքում առանց լրիվ պարզաբանելու լուսաբանվում էին  դեռևս մութ մնացած որոշ բաներ, որոնց հանդեպ հետաքրքրությունս հոգեվերլուծությունն էր արթնացրել, երբ ես որպես հիվանդ անցնում էի բուժման կուրս:

Արարք ուրիշի հարաբերությամբ, քանի որ ակնհայտ էր, որ չնայած իմ հռետորական նախազգուշությանը, մարդկանց հայացքը իմ հանդեպ այլևս չէր լինի այն, ինչ կար այս խոստովանության հրատարակությունից առաջ: Եվ վերջապես արաք  գրական հարթության հարաբերությամբ, ցուցադրելու խաղաքարտերի մյուս երեսը, ոչ շատ գրավիչ իրողությունները իրենց ողջ մերկությամբ, իրողություններ, որոնք այս կամ այն չափով քողարկված դիտավորյալ արված փայլփլուն շղարշի տակ կազմում են իմ մյուս գրությունների առանցքը: Այստեղ խոսքն այնքան էլ այսպես կոչված «ներգրավված  գրականության» մասին չէ, այլ այնպիսի գրականության, որի մեջ ես էի փորձում ներգրավվել ամբողջ էությամբ: Սպասումով, թե այն ինձ կփոխի ներսից և դրսից, ինձ օգնելով գիտակցել, և որ ուրիշների հետ հարաբերությունների մի նոր մասնիկ կբացահայտի ինձ համար` սկսած հարազատներիս հետ հարաբերություններից, որոնք գուցե այլևս նույնը չլինեն, երբ հրապարակեի այն, ինչի կասկածն արդեն իսկ ունեին, չնայած այն դեռ  խիստ անորոշ էր: Ցանկություն չկար լինել ցինիկորեն կոպիտ: Ավելի շուտ ամեն ինչ խոստովանելու մի մղում նոր հարթություններ գրավելու` պահելով հարգանքի ու սիրո այն զգացումը, որոնք  այլևս զուրկ էին խաբեությունից: Զուտ գեղագիտական տեսանկյունից ինձ պետք էր խտացնել փաստերի և պատկերների մի ամբողջություն, իրենց հումքային վիճակում, որոնց ես մերժում էի  ենթարկեցնել  իմ երևակայության հոսքին. ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սա՝ վեպի ժխտումն է: Մերժել յուրաքանչյուր առասպելաբանություն և որպես նյութ ընդունել միայն ճշմարտությունը (և ոչ թե ճշմարտանման իրադարձությունները, ինչպես դասական վեպերում), ողջ ճշմարտությունը և ոչ մի բան բացի ճշմարտությունից: Սա էր իմ ընտրած կանոնը: Նման մի ճանապարհ արդեն բացել էր Անդրե Բրետոնը իր «Նադյա»-ով[1], սակայն իմ երազանքն էր հանձն առնել, ինչքանով որ դա հնարավոր է, այս նախագիծը, որ Էդգար Պո-ի Մարգինալիայից[2] Բոդլերի ներշնչվելու արդյունքն էր. սիրտդ մերկացնել, գրել այս գիրքը քո մասին, ուր այնքան մեծ է անկեղծ լինելու ցանկությունը, որ ինչպես հեղինակն է ասում «թուղթը կկնճռոտվի և կբոցկլտա կրակաշունչ գրչի ամեն մի հարվածից»:

Տարբեր պատճառներից ելնելով, գաղափարական տարբերություններ, անձնական խնդիրներ, որոնց մասին խոսելը անտեղի կերկարացներ այս գրությունը, ես խզեցի կապերս գերիրապաշտության հետ: Սակայն փաստ է, որ ես ամբողջովին ներծծված եմ դրանով: Ընկալունակ լինելով այն ամենի հանդեպ, ինչը մեզ թվում է ի վերուստ տրված, չնայած մենք այն երբեք չենք փնտրել (ներքին մի թելադրանքի կամ պատահական մի հանդիպման նման), երազների հետ կապված բանաստեղծական մի արժեք (որ միաժամանակ հարուստ է համարվում իր բացահայտումներով), ֆրոյդյան հոգեբանության հանդեպ մեծ հավատ (որը գրավիչ պատկերների մի նյութ է խաղի մեջ դնում, և ի միջի այլոց, յուրաքանչյուրին մի հարմար միջոց է տրամադրում բարձրանալու մինչև մի ողբերգական հարթություն` ինքն իրեն երևակայելով մի նոր Էդիպ), զզվանք ցանկացած  հարմարեցման կամ համաձայնեցման հանդեպ, այսինքն`  մի խաբուսիկ փոխզիջում իրական փաստերի և երևակայության մաքուր արգասիքների միջև, պահանջմունք առ անվայելչություն (օրինակ սիրո մեջ, որը բուրժուական կեղծավորությունը չափազանց հեշտությամբ դարձնում է  վոդևիլի նյութ  կամ մղում ինչ-որ անիծյալ մի հարթություն). Սրանք են, ընդհանուր առմամբ այն հիմնական կետերից մի քանիսը, որոնք շարունակ իմ մեջ էին` խճճված բազմաթիվ աղբերով և ոչ առանց հակասությունների, երբ ինձ մոտ միտք առաջացավ գրել այս գործը, ուր առերեսում են մանկական հուշերը, իրական դեպքերի պատմությունները, երազները և իրապես զգացած տպավորությունները, մի գերիրապաշտ կոլաժի կամ ավելի ճիշտ մի լուսանկարչական մոնտաժի ձևով, քանի որ այնտեղ չկա ոչ մի տարր, որ չլինի խստորեն հավաստի կամ չունենա փաստագրական արժեք: Իրապաշտության  հանդեպ նման կողմնապահությունը, ոչ թե ձևական, ինչպես սովորաբար լինում է վեպերի մեջ, այլ դրական (քանի որ խոսքը  բացառապես ապրածի և այն առանց նվազագույն  խեղաթյուրման  ներկայացնելու մասին էր), ինձ պարտադրված էր ոչ միայն իմ առջև դրված գործի բնույթով (ամեն ինչ վերլուծել ինքս իմ մեջ և ինքս ինձ գաղտնազերծել հանրության առաջ), այլ համապատասխանում էր նաև գեղագիտական հստակ մի պահանջի. խոսել միայն փորձառությամբ իմացածի և ամենամոտ ձևով ինձ առնչվածի մասին, որպեսզի հնարավոր լիներ իմ ամեն մի նախադասությանը յուրահատուկ մի խտություն, հուզական մի ամբողջականություն հաղորդել, այլ կերպ ասած` «բնականին» հատուկ մի որակ: Լինել ճշմարիտ, հասնելու համար մի արձագանքի, որ  դժվարությամբ կարելի է սահմանել և որին «բնական» բառը  չի կարող լիարժեք բացատրություն տալ  (այն  բազմազան կիրառություն ունի՝ մասնավորապես զուտ բանաստեղծական ստեղծագործությունների մեջ). ահա սա էր իմ ձգտումը` գրելու արվեստի մասին իմ ունեցած պատկերացումը համադրել գրի հանդեպ իմ տածած պատասխանատվության բարոյական գաղափարի հետ:

Վերադառնալով ցլամարտիկին, ես գտնում եմ, որ նրա համար նույնպես կան օրենքներ ու ինչ-որ «բնականություն», որ նա չի կարող խախտել, քանի որ իր խաղացած ողբերգությունը իրական է, այնտեղ նրա արյունն է հոսում և վտանգի ենթարկվում սեփական մաշկը: Կարևոր է իմանալ, թե նման պայմաններում, բառախաղ չի արդյո՞ք այն հարաբերությունը, որ ես հաստատում եմ ցլամարտիկի և իմ բնականության միջև:

Միանգամայն հստակ է, որ ինքնակենսագրական գրելն ու հրատարակելը այդ գործի պատասխանատուի համար մահացու վտանգ չի ներկայացնում, բացի հատուկ հանգամանքներից (եթե իհարկե գրողը չի արել այնպիսի հանցանք, որի խոստովանության համար կենթարկվեր  մահապատժի): Նա անկասկած տանջվելու է հարազատների հետ հարաբերություններում, հասարակության կողմից անարգանքի արժանանալու վտանգին է ենթարկվում, եթե նրա խոստովանությունները չափազանց դեմ են ընդունված կարծրատիպերին: Սակայն հնարավոր է՝ չլինելով անգամ մաքուր ցինիկ, այնքան էլ արժեք չտա նման հետևանքներին (անգամ բավարարության զգացում ունենա, եթե այդպիսով կարծում է կառողջացնի իր շուրջ ստեղծված մթնոլորտը), հետևաբար նա մղում է իր պայքարը` իր առջև ունենալով լիովին ձևական մարտահրավեր: Ինչ էլ որ լինի, նման բարոյական խիզախումը չի կարող համեմատվել այն  նյութական վտանգի հետ, որին բախվում է ցլամարտիկը, անգամ եթե ընդունենք, որ քանակական հարթության վրա նրանք կարող են ընդհանրություն ունենալ (եթե մեկի հետ կապվածությունս կամ ուրիշների կարծիքը ինձ համար նույնքան կամ ավելի կարևոր են, քան նույնիսկ իմ կյանքը, չնայած  այս բնագավառում ավելի հեշտ է  ինքդ քեզ խաբելը), այն վտանգը, որին ես ինձ ենթարկում եմ հանրորեն հրապարակելով իմ խոստովանությունը, որակական հարթության վրա արմատապես տարբերվում է այն մշտական վտանգից, որին իր մասնագիտության բերումով ենթակա է ցլերին սպանողը: Ինչքան էլ մեծ լինի ինքն իր մասին ճշմարտությունը հայտարարելու քայլի բերած կատաղությունը (նրանց, ում սիրում ենք, դրանից պիտի որ տանջվեն), ինչպիսին էլ լինեն դրանից բխած  ավերները, այն միևնույնն է, շատ տարբեր է սպանությունից: Ուրեմն արդյոք պետք է սխալմո՞ւնք համարել իմ գտած այս համանմանությունը, որն իմ կարծիքով գծագրվում է  գործելու և վտանգի ենթարկվելու այս երկու դիտարժան ձևերի միջև:

Վերևում ես խոսեցի հիմնարար կանոնի մասին (ասել ողջ ճշմարտությունը և միայն ճշմարտությունը), որին ենթակա է խոստովանություն անողը, ես ակնարկեցի նմանապես այն հստակ վարքագիծը, որին պայքարի ժամանակ պետք է հարմարվի ցլամարտիկը: Նրա համար, պարզվում է, կանոնը ոչ թե իրեն պաշտպանելու միջոց է, այլ ընդհակառակը, նպաստում է, որ նա ինքն իրեն վտանգի ենթարկի. օրինակ, նախքան ցլին վերջին մահացու հարվածը հասցնելը կանոնը պահանջում է, որ, ցլամարտիկը մարմինը մի որոշ ժամանակ պահի եղջյուրներին շատ մոտ: Հետևաբար ուղղակի կապ կա կանոնի պահպանման և վտանգի չափի միջև:  Բայց և այնպես, եթե չընկնենք չափազանցությունների մեջ,  խոստովանություն անող գրողը ինքն իրեն չի՞ ենթարկում արդյոք իր ընտրած կանոնի խստությանը ուղղակիորեն  համարժեք վտանգի: Քանի որ ասել ճշմարտությունը, և ոչինչ բացի ճշմարտությունից, դեռ ամենը չէ: Այն պետք է նաև շիտակ ասել և առանց այնպիսի ձևականությունների՝ որպիսիք են հարգանք ներշնչող վեհաշուք մեղեդիները կամ ձայնի մեջ տագնապն ու հեկեկոցը, որոնք գունազարդում ու ոսկեջրում են ասելիքը և որոնց արդյունքում ճշմարտությունը այսպես թե այնպես կեղծվում է` մեղմացվում է  նրա դաժանությունը, իսկ նրա բերած  ցնցումը՝ պակաս զգալի է դառնում:  Վտանգի մեծությունը կախված է կանոնը հարգելու հանգամանքից. սա է այն փաստը, որին ես հասա շնորհիվ այն համեմատության, որ հարմար տեսա կատարել, առանց շատ մեծ հանդգնության իմ՝ որպես խոստովանություն անողի և ցլամարտիկի միջև:  Եթե ամենասկզբում ինձ թվում էր, թե իմ կյանքի մասին էրոտիզմի տեսանկյունից գրելը (նախընտրելի տեսանկյուն, քանի որ սեռականությունը ինձ համար անձնական կառուցվածքի հիմնաքարն է), եթե ինձ թվում էր, թե նման խոստովանությունը, որ քրիստոնեության մեջ անվանում են «մորթապաշտություն», բավարար էր, որ ես ինքս ինձ այդ արարքի միջոցով ինչ-որ կերպ դարձնեի ցլամարտիկ, պե՞տք է արդյոք եզրակացնել, թե այն կանոնը, որն ինքս ինձ էի պարտադրել, կանոն, որի խստությունը ի գոհունակություն ինձ, իր մեջ վտանգ էր պարունակում, նույնանում է, վտանգի հետ հարաբերությունը մի կողմ թողնելով, ցլամարտիկի շարժումները կառավարող կանոնի հետ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ցլամարտի կանոնը մի հիմնական նպատակ է հետապնդում. բացի նրանից, որ այն ստիպում է մարդուն իրեն լրջորեն վտանգի ենթարկել ( դրա հետ մեկտեղ  նրան տալով մարտարվեստի համար անհրաժեշտ տեխնիկա)՝ թույլ չտալով, որ մարտիկը անիմաստ ձևով հաղթի հակառակորդին, այն նաև արգելում է, որ մարտը դառնա հասարակ սպանդ. բծախնդիր, որպես մի ծես, այն ունի մարտավարական դիտանկյուն (կենդանուն հասցնել մի վիճակի, երբ նա կարող է հարվածը ընդունել, առանց նրան պահանջված չափից ավել հոգնեցնելու): Դրա հետ մեկտեղ կա նաև գեղագիտական կողմը. ամբարտավանությունը, որ պետք է ի հայտ գա մարտիկի կեցվածքում, կախված է այն բանից, թե նա կկարողանա՞ ինչպես պետք է «իրեն ցուցադրել» այն պահին, երբ հասցնում է սրի հարվածը:  Կկարողանա՞ արդյոք անշարժանալ ու ոչ մի քայլ չանել փոխկապակցված ու ճշգրիտ պասսերի ընթացքում թիկնոցը դանդաղորեն շարժելով, կենդանու հետ կկազմի՞ այն հրաշալի ամբողջությունը, որտեղ տղամարդը, թիկնոցն ու եղջերավոր ծանր զանգվածը միմյանց կապված են փոխադարձ ազդեցությունների խաղով. մի բառով ասած, մեկտեղվելով` ցլամարտիկի և ցլի առճակատմանը դրոշմելով արձանային  բնույթ:

Իմ այս ձեռնարկումը նախատեսելով որպես մի ֆոտոմոնտաժ, և արտահայտվելու համար ընտրելով հնարավորինս օբյեկտիվ տոն, փորձելով կյանքս հավաքել պինդ մի բեկորի  մեջ ( որից կառչելով ինքս ինձ կարծես կարող էի ապահովագրել մահվան դեմ մինչդեռ, միևնույն ժամանակ պարադոքսալ կերպով ես հավակնում էի ամեն ինչ վտանգի ենթարկել), եթե անգամ ես դուռս լայն բացում էի երազների առաջ (հոգեբանորեն արդարացված տարրեր` գունազարդված ռոմանտիզմով, ճիշտ ցլամարտիկի թիկնոցով խաղերի նման, որոնք տեխնիկապես օգտակար լինելով, նաև քնարական թռիչքներ են), վերջին հաշվով ես ինձ պարտադրում էի նույնքան խիստ մի կանոն, որ կարծես դասական ստեղծագործություն ուզենայի գրել: Եվ ի վերջո, հենց այդ խստությունը, այդ «կլասիցիզմն» է, որ, չբացառելով անգամ մեր ամենակոդավորված ողբերգությունների մեջ եղած չափազանցությունը, և հիմնվելով ոչ միայն ձևի մասին հարաբերական պատկերացումների, այլ նաև առավելագույն ճշմարտության հասնելու գաղափարի վրա,  իմ ձեռնարկմանը հաղորդել է մի բան (այնքանով, որքանով ինձ դա հաջողվել է), որը նույնանում է ցլամարտի օրինակելի արժեքի հետ և որը ստեղծագործությանը չէր կարողանա հաղորդել երևակայական ցլի եղջյուրը:

Գործածել այնպիսի նյութեր, որոնց վրա ես իշխանություն չունեի,  որոնք ես պետք է վերցնեի այնպիսի վիճակում ինչպիսին գտել էի (քանի որ իմ կյանքն այն էր, ինչ կար, և ինձ հարիր չէր փոխելու իմ անցյալից անգամ մեկ ստորակետ, սա հիմնական դրույթ  էր՝ նույնքան դժվարամերժելի ինձ համար, ինչպես ցլամարտիկի համար ախոռից պոկվող կենդանին),  ամեն ինչ ասել և դա անել արհամարհելով ցանկացած ճոռոմաբանություն, տեղ չթողնելով հետաքրքրության համար, և կարծես ենթարկվելով մի պարտադրանքի: Սրանք էին և՛ այն պատահականությունը, որի հետ ես հաշտվել էի, և՛այն օրենքը, որը ես ինձ համար ամրագրել էի, և՛այն վարքաձևը, որից ես այլևս չէի կարող նահանջել : Չնայած ինքս ինձ ցուցադրելու ցանկությունը (բառի բոլոր իմաստներով) դարձավ առաջնային մղիչ ուժը, պարզվեց սակայն, որ այս պարտադիր պայմանը բավարար պայման չէր, և անհրաժեշտ եղավ, որ այս սկզբնական նպատակից բացի պարտադրանքի գրեթե ինքնուրույն ուժգնությամբ բխեր որդեգրվելիք ձևը: Այն պատկերները, որ հավաքում էի, տոնը, որ գործածում էի խորացնում էին իմ մասին իմ գիտելիքները ու կենդանություն հաղորդում նրանց. միևնույն ժամանակ այդ իսկ պատկերներն ու տոնը պետք է դառնային մի բան, որն իմ զգացմունքը լավագույնս կկիսեր ուրիշի հետ, իհարկե եթե չձախողվեր: Նմանապես, ցլամարտի կարգապահությունը (խիստ կաղապար, որ պարտադրված է մի գործողության, որտեղ, ինչպես թատրոնում, պատահականությունը պետք է տեղ չունենա) մարտի տեխնիկա և միևնույն ժամանակ ծիսակատարություն է: Անհրաժեշտ էր ուրեմն, որ մեթոդական այս կանոնը, որ ես ինձ պարտադրել էի` ինքս իմ մեջ հնարավորինս սրությամբ թափանցելու ցանկությունից դրդված, միաժամանակ խաղար, ընդ որում արդյունավետ կերպով, եկեղեցական կառուցվածքային կանոնի դեր: Եթե կուզեք, ձևի և բովանդակության նույնացում,  իսկ ավելի ճշգրիտ՝ բացառիկ մի քայլ, որն ինձ համար բացահայտում է խորքը, այնքանով, որքանով ես իրեն ձև էի տալիս, մի ձև, որն ընդունակ էր գրավիչ լինել այլոց համար և (ծայրահեղ դեպքում) հնարավորություն էր տալիս իրենց մեջ բացահայտելու մի  բան, որ համահունչ կլիներ իմ բացահայտած խորքի հետ: Ակնհայտ է, որ այս ամենը  ես ձևակերպում եմ շատ ու շատ ավելի ուշ` փորձելով լավագույնս սահմանել իմ տարած խաղը, և չնայած այն ինձ չի պատկանում, բնական է, որ ես որոշեմ, թե այս «ցլամարտիկի» կանոնը, որ միաժամանակ գործունեության ուղեցույց է և պաշտպանում է  հնարավոր ծուղակներից , ընդունակ եղա՞վ արդյունավետ լինելու որպես ոճական միջոց, թե՞ այն  (որոշ մանրամասների առումով), ինչի մեջ ես ուզում էի մեթոդական անհրաժեշտություն տեսնել,  իրականում կառուցվածքին վերաբերող մի գաղտնի մտադրության արգասիքն էր:

Այնուամենայնիվ նկատի առնելով այն, որ գրականության մեջ ես առանձնացնում եմ ինձ համար կարևոր մի ժանր, (որը ներառում է այնպիսի ստեղծագործություններ, ուր այս կամ այն կերպ առկա է եղջյուրը. ուղղակի վտանգը, որին ենթարկվում է  խոստովանության կամ կործանարար բովանդակությամբ գրության հեղինակը, այն ձևը, որով առերեսում կամ բռնվում ենք մարդկային ճակատագրի «եղջյուրներից», կյանքի այն ըմբռնումը, որն իր կրողին պատասխանատու է դարձնում այլ մարդկանց առաջ, կեցվածքը այնպիսի բաների հանդեպ, ինչպիսիք են հումորը կամ խենթությունը, անողոք ձգտումն առ  մարդկային մեծ ողբերգականության թեմաների բարձրաձայնումը) ես կարող եմ ամեն դեպքում ցույց տալ (բայց  գուցե սա բաց դուռը ուժով բացելու նմա՞ն է) որ անհնար է կառուցվածքային մեկ այլ կանոն բացահայտել, բացի այս մեկից, որ Արիադնեի թելի[3] նման ձգվում էր հեղինակի կցկտուր բացատրությունների ողջ ընթացքում, որ նա անում էր ինքն իր հետ՝ երբեմն հեռվից գալով, երբեմն էլ ուղիղ ճակատին ասելով, և որ միայն նման ստեղծագործությունն է կարելի տառացիորեն համարել «բնական»: Սա ըստ սահմանման, այն պահից սկսած, երբ ընդունում ենք, որ գրական գործունեությունը, իր ունեցած առանձնահատկությամբ՝ որպես մտքի կարգապահություն, ոչ մի այլ արդարացում ունենալ չի կարող բացի ինքն իր համար լուսաբանելուց որոշ բաներ, միևնույն ժամանակ դրանք հաղորդակից դարձնելով ուրիշներին, և որ ամենաբարձր նպատակներից մեկը, որ կարելի է նրա մաքուր ձևին վերագրել, ի նկատի ունեմ բանաստեղծությանը, բառերի միջոցով վերականգնելն է որոշ ուժգին իրավիճակներ՝ հստակորեն ապրված և նշանակություն ձեռք բերած, ու այսպիսով՝ բառեր դարձած:

Այստեղ ես շատ հեռու եմ այն շատ թարմ և չափազանց տխրեցուցիչ իրադարձություններց, որոնցից, օրինակ Հավրի մեծ մասի կործանումն էր.  քաղաք, որն այլևս նման չէ այն քաղաքին, որ ես գիտեի, և անդամահատված է այն վայրերից, որոնք ենթակայական կերպով, ինձ կապում են հուշերիս հետ. Օրինակ՝Ամիրոտեի Հյուրանոցը, կամ այն տաք փողոցները՝ այսօր արդեն վերացած կամ վիրավոր շինություններով , որոնցից մեկի ճակատին մինչ հիմա կարելի է կարդալ «LA LUNE The Moon»[4] գրությունը, հետն էլ լուսնային սկավառակ հիշեցնող մի ուրախ դեմք: Կա նաև ծովափը, երկաթեղենի մի ծաղկե տարօրինակ սփռվածքով՝ ծածկված ջանասիրաբար ի մի բերած քարերի կույտով, ծովի դիմաց, ուր մի երկու օր առաջ  բեռնատար նավ պայթեց ականի վրա` իր բեկորներն ավելացնելով բազմաթիվ այլ բեկորների: Ես իհարկե շատ հեռու եմ պատերազմի այդ իրական եղջյուրից, որի քանդած տները իմ տեսած ամենամեղմ հետևանքներն են: Եթե իսկապես ավելի ներգրավված ու ավելի գործուն լինեի, և հետևաբար ավելի շատ սպառնալիքի տակ, գուցե գրական գործին ավելի թեթևորե՞ն վերաբերվեի: Կարելի է ենթադրել, որ պակաս մոլեգնությամբ ինձ կտանջեի, որպեսզի գրականությունը վերածեի արարի կամ դրամայի, որտեղ ես պետք է ինձ ենթարկեի վտանգի, դրական իմաստով, կարծես հենց այդ վտանգն էր այն պարտադիր պայմանը, որպեսզի ես ինքս ինձ կատարելապես իրագործեի: Այնուամենայնիվ, անժխտելի է, որ հետևյալ պատասխանատվությունը հիմնարար է, և իրավունք ունենք այն պահանջել գրողից, դա բխում է հենց իր արվեստի բնույթից. չչարչրկել լեզուն և հետևաբար այնպես անել, որ խոսքը (ինչ եղանակով էլ գրողն այն հանձնի թղթին) մնա մշտապես ճշմարիտ: Անժխտելի է, որ մտավոր և զգացմունքային հարթությունների վրա գրողը պետք է հանցանշաններ բերի այսօրվա մեր արժեհամակարգի դատին և ճնշում բանեցնի, իրեն հաճախ ճնշող այն ողջ ծանրությամբ, բոլոր մարդկանց ազատագրման ուղղությամբ, հակառակ դեպքում ոչ ոք չի կարողանա հասնել իր անձնական ազատագրմանը:


 

 

[1]  Գերիրապաշտ գրող Անդրե Բրետոնի «Նադյա» պատումը տպագրվել է  1928 թ (ծանոթագրությունները թարգմանչի):

[2] Մարգինալիա են կոչում լուսանցքում արված նշումները: 1845-1849թթ Էդգար Պոն իր որոշ մտածումներն ու հատվածական գործերը վերնագրել է Մարգինալիա

[3] Արիադնեի թել արտահայտությունը գալիս է հունական դիցաբանությունից: Նշանակում է ուղղորդող գիծ

[4] Լուսին՝ ֆրանսերենով և անգլերենով

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

20 − 7 =