hero

Արավինդ Ադիգայի առջին վեպը՝ «Սպիտակ վագր» վեպը
2008-ին արժանցել է բուկերյան մրցանակի, որը
պատմության մեջ չորրորդ երախայրիքն է այդ մրցանակ
ստանում, իսկ այդ չորսից երկուսը հնդկական վեպեր
են(մյուսը դրանից տասը տարի առաջ 1998-ին
Առունդատի Ռոյի «Մանրուքների աստված»-ն է):
«Սպիտակ վագրը» հնդիկ ծառայի նամակն է Չինաստանի
վարչապետ Վեն Ջյաբաոյին(2003-2013), ներկայցնում
է հնդկական հասարակությունում իշխող կարգերը՝
իրավազուրկ աշխատավորները անձնուրաց ծառայում են
իշխող դասակարգին, ամեն հարց լուծվում է կաշառքով,
իսկ քաղաքական կուսակցություններն էլ օգտագործելով
աշխատավորներին իշխանության են հասնում միայն փող
շինելու համար: Աշխատավորներին համեմատում է
վանդակում իրար վրա լցված հավերի հետ, նրանք
«հավի վանդակում» են, որից երբեք չեն փորձում դուրս
պրծնել: Ելք չկա, ստորին կաստաներն ու չարքաշ
աշխատվորները երբեք չեն հասնելու նորմալ կյանքի,
լուծումը անհատական որոշումն է, և հերոսը՝ Բալրամ
Խալվային ի վերջո դուրս է պրծնում «հավի վանդակից»
սպանելով իր տիրոջը ու նոր կյանք սկսում: Ինքնագիրը
ներկայացնում է վեպից մի հատված Հանդկաստանում
ընտրությունների վերաբերյալ:

 

ՉՈՐՐՈՐԴ ԱՌԱՎՈՏԸ

Նորին գերազանցություն…

Սակայն ձևականությունների հարկ չկա, այնպես չէ՞ պարոն Ջյաբաո։

Արդեն ծանոթացել ենք։ Բացի այդ, վախենամ, ձևականությունների ժամանակ էլ չունենք։

Այսօր կարճ զրույց կունենանք, պարոն Վարչապետ․ ռադիոյով մի ծրագիր էի լսում Կաստրո անունով մարդու մասին, ով հարուստներին վռնդել էր երկրից և աղքատներին ապահովել սննդով։ Սիրում եմ Մեծ մարդկանց մասին ծրագրեր լսել, նույնիսկ չնկատեցի, թե ինչպես գիշերվա երկուսը դարձավ։ Էլի կուզեի լսել այդ Կաստրոյի մասին, բայց հանուն Ձեզ ռադիոն անջատեցի։ Դառնանք մեր պատմությանը այն մասից, որտեղ ընդհատել էինք վերջին անգամ։

Օ՜ դեմոկրատիա։

Պարոն Վարչապետ, այն փոքրիկ բրոշյուրում, որը Ձեզ նվիրել էր արտգործնախարարը, անկասկած կլինի Հնդկաստանում դեմոկրատիայի շքեղությանը նվիրված մի մեծ հատված. պատկերացրեք միայն այդ հոյակապ տեսարանը, երբ մեկ միլիարդ մարդ քվեարկում է և թափանցիկ ընտրությունների արդյունքում որոշում է իր ապագան, և այլն, և այլն։

Կարծում եմ, որ դուք՝ դեղնամաշկներդ, չնայած կոյուղու և խմելու ջրի հարցում տարած հաղթանակներին և օլիմպիական ոսկե մեդալներին, միևնույն է, դեմոկրատիայից հեռու եք։ Ռադիոյով ինչ-որ քաղաքական գործիչ ասում էր, որ հենց դրա պատճառով էլ մենք՝ հնդիկներս, հաղթելու ենք ձեզ, քանի որ գուցե չունենք կոյուղի ու խմելու ջուր, ինչպես նաև օլիմպիական ոսկե մեդալներ, բայց ունենք դեմոկրատիա։

Եթե խոսքը գնում է երկիր կառուցելու մասին, ապա ես առաջին հերթին կոյուղին կարգի կբերեի, հետո կզբաղվեի դեմոկրատիայով, միայն դրանից հետո ուրիշներին բրոշյուրներ ու Գանդիի արձանիկներ կնվիրեի, բայց դե ես ի՞նչ եմ հասկանում։ Ես ընդամենը մարդասպան եմ։

Դեմոկրատիայի հետ որևէ խնդիր չունեմ, պարոն Ջյաբաո։ Ավելին, դեմոկրատիային շատ բան եմ պարտական, նույնիսկ ծննդյանս օրը։ Այն ժամանակ դեռ աշխատում էի ածխի հանքում և Լաքսմանգարում թեյարանի սեղաններն էի սրբում։ Գանդիի նկարի կողմից ծափահարությունների ձայն լսվեց, թեյարանի զառամյալ տերը գոռաց, որ բոլոր աշխատողները պետք է թողնեն գործն ու մասնակցեն դեպի դպրոց երթին։

Պաշտոնիայի հագուստով մի մարդ նստած էր դասարանում՝ ուսուցչի սեղանի մոտ, հաստափոր գիրք կար դիմացը ու սև գրիչ, և նա բոլորին երկու հարց էր տալիս․

-Անու՞նդ։

-Բալրամ Հալվայի։

-Տարի՞քդ։

-Չունեմ։

-Ծննդյան օր չունե՞ս։

-Ոչ, պարոն, ծնողներս ոչ մի տեղ չեն գրել։

Նա նայեց ինձ և ասաց․

-Ինձ թվում է՝ տասնութ տարեկան ես։ Ինձ թվում է՝ այսօր ես տասնութ դարձել։ Պարզապես մոռացել էիր, այնպես չէ՞։

Ես խոնարհվեցի։

-Իրավացի եք, պարոն, մոռացել էի։ Ծնունդս այսօր է։

-Խելոք տղա ես։

Նա այդ տվյալները գրեց իր գրքում ու ասաց, որ կարող եմ գնալ։ Այդպես ես կառավարությունից ծննդյան օր նվեր ստացա։

Պետք է տասնութ տարեկան լինեի։ Թեյարանի բոլոր աշխատողները պետք է տասնութ տարեկան լինեին, որպեսզի կարողանային օրինական քվեարկել։ Ընտրություններն էին մոտենում, թեյարանի տերն արդեն ծախել էր մեզ։ Ծախել էր մեր մատնահետքերը՝ թանաքոտ մատնահետքերը, որով անգրագետները նշում են քվեաթերթիկը, որպես ստորագրություն։ Այդ մասին հաճախորդից էի լսել։ Պետք է փակ քվեարկություն լիներ, նա մեզանից յուրաքանչյուրի համար լավ գին էր ստացել Մեծ Սոցիալիստական կուսակցությունից։

Այդ ընտրությունների ժամանակ Մեծն Սոցիալիստն արդեն մեկ տասնամյակ Խավարի տիրակալն էր։ Այդ կուսակցության սիմվոլը, որը ձեռնաշղթաները կոտրող երկու ձեռք էր և խորհրդանշում էր հարուստներին հաղթող աղքատների, սև տրաֆարետով դրոշմված էր Խավարի կառավարման յուրաքանչյուր գրասենյակի պատերին։ Թեյարանի որոշ հաճախորդներ ասում էին, որ Մեծն Սոցիալիստը սկզբում լավ մարդ է եղել։ Նա եկել էր, որ մաքրեր երկիրը, սակայն Մայր Գանգեսի կեղտը նրան կլանել էր։ Մյուսներն ասում էին, որ նա հենց սկզբից էլ վատն էր, պարզապես կարողացել էր հիմարացնել բոլորին, ու միայն հիմա էին մարդիկ տեսնում, թե նա իրականում ով է։ Ով էլ եղած լիներ, թվում էր, թե չկա մեկը, ով կկարողանա ընտրությունների միջոցով նրան զրկել իշխանությունից։ Նա իշխում էր Խավարը, հաղթում էր ընտրություն ընտրության հետևից, բայց նրա ուժը գնալով թուլանում էր։

Հասկանում եք, մարդասպանության, բռնաբարության, կողոպուտի, զինված հարձակման, կավատության և բազմաթիվ մանր օրինազանցությունների ամբողջ իննսուներեք քրեական գործ կա հարուցված Մեծն Սոցիալիստի և նրա նախարարների դեմ այս պահին։ Դժվար է խոստովանություններ ստանալ, երբ դատավորները դատում են Խավարում, սակայն երեք հոգի խոստովանեցին, և նախարարներից երեքը հիմա բանտում են, բայց շարունակում են մնալ նախարար։ Ասում են, որ Մեծն Սոցիալիստն ինքը մեկ միլիարդ ռուփի է շորթել Խավարից և այդ գումարը փոխանցել իր բանկային հաշվին, որը գտնվում է Եվրոպայի մի փոքրիկ, գեղեցիկ երկրում, որը լի է սպիտակամորթներով և սև փողերով։

Այժմ, երբ ընտրությունների օրը նշված է և հայտարարվել է ռադիոյով, նախընտրական տենդը նորից է տարածվում։ Այս երկրում երեք տեսակի ախտ կա, պարոն՝ տիֆը, խոլերան և նախընտրական տենդը։ Վերջինն ամենավատն է․ այն ստիպում է մարդկանց խոսել, և խոսել այն բաներից, որոնց մասին խոսելու բան չունեն։ Մեծն Սոցիալիստի թշնամիները այս ընտրություններում կարծես թե ավելի հզոր են, քան նախորդ անգամ։ Նրանք բրոշյուրներ են տպել և բարձրախոսներով շրջում են ավտոբուսներում ու բեռնատարներում և հայտարարում են, որ պատրաստվում են նրան ցած գլորել ու խլել Խավարից Գանգեսն ու բոլորին, ովքեր ապրել և ապրում են նրա ափերին, և տանել նրանց դեպի Լույսը։

Թեյարանում կատաղի քննարկումներ սկսվեցին։ Մարդիկ կում էին անում թեյից ու նույն բաները քննարկում նորից ու նորից։

Այս անգամ կհաջողվե՞ր։ Կկարողանայի՞ն հաղթել Մեծն Սոցիալիստին և ավելի շատ ձայներ հավաքել ընտրություններում։ Արդյո՞ք բավականաչափ գումար էին կարողացել հավաքել, բավականաչափ ոստիկաններ կաշառե՞լ էին, հաղթելու համար բավականաչափ մատնահետքեր կարողացե՞լ էին գնել։ Ինչպես ներքինիներն են քննարկում Կամա Սուտրան, այնպես էլ քվերակողներն են քննարկում ընտրությունները Լաքսմանգարում։

Մի օր տեսա, թե ինչպես մի ոստիկան կարմիր ներկով լոզունգ է գրում տաճարներից մեկի պատին՝

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՆԵՆԱԼ ԼԱՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ, ԼԱՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ։ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿԵՔ ՄԵԾՆ ՍՈՑԻԱԼԻՍԻՏԻ ԴԵՄ։

Տարիներ շարունակ հողատերերն ու Մեծն Սոցիալիստը համաձայնություն ունեին, բոլորը գիտեին այդ մասին, բայց այս տարի համաձայնությունը չէր գործել, ու չորս Անասունները[1] միացել ու իրենց սեփական կուսակցությունն էին հիմնել։

Լոզունգի տակ ոստիկանը գրեց․

“ՄԻԱՑՅԱԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ ԱՌԱՋԱԴԵՄ ՃԱԿԱՏ (ԼԵՆԻՆՅԱՆ ՖՐԱԿՑԻԱ)”

Դա հողատերերի կուսակցության անվանումն է։

Ընտրություններից շաբաթներ առաջ Լաքսմանգարի կեղտոտ փողոցներով բեռնատարներ էին սլանում, որոնք լի էին բարձրախոսներով զինված երիտասարդներով՝ «Դեմ դուրս եկեք հարուստներին»։

Վիջայը՝ ավտոբուսի կոնդուկտորը, միշտ այդ բեռնատարներից մեկում էր։ Նա թողել էր աշխատանքն ու սկսել էր զբաղվել քաղաքականությամբ։ Վիջայի բնույթն է այդպիսին, երբ էլ նրան տեսնես, նա միշտ իրավիճակը կարողանում է իր օգտին օգտագործել։ Նա բնատուր քաղաքական գործիչ էր։ Թևին կարմիր ժապավեն էր կապում ցույց տալու համար, որ ինքը Մեծն Սոցիալիստի համակիրներից է, ու ամեն առավոտ թեյարանի դիմաց ճառ էր ասում։ Հողատերերը բեռնատարներ գնեցին, որոնք լի էին իրենց աջակիցներով։ Այդ բեռնատարներից մարդիկ գոչում էին․ «Ճանապարհնե՛ր։ Ջու՛ր։ Հիվանդանոցնե՛ր։ Գլորե՛նք Մեծն Սոցիալիստին»։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ երկու կողմերն էլ այլևս բեռնատարները դուրս չէին հանում։ Սեղանը մաքրելիս՝ լսեցի, թե ինչ էր պատահել։

Անասունների բլեֆը գործել էր։ Մեծն Սոցիալիստը համաձայնել էր նրանց հետ գործարքի մեջ մտնել։

Վիջայը խոնարհվեց ու դիպավ Արագիլի ոտքերին՝ թեյարանի դիմացի մեծ հանրահավաքի ժամանակ։ Թվում էր, թե բոլոր տարաձայնություններն անցյալում էին, Արագիլն արդեն նշանակվել էր Մեծ Սոցիալիստական կուսակցության Լաքսմանգարի մասնաճյուղի նախագահ։ Վիջայը պետք է նրա պատգամավորը դառնար։

Հանրահավաքներն արդեն ավարտվել էին։ Քուրմը հատուկ պուջայի արարողություն կատարեց, որպեսզի աղոթեն Մեծն Սոցիալիստի հաղթանակի համար, ոչխարի մսից պատրաստված հատուկ ուտեստը մատուցվեց տաճարի առաջ թղթե ափսեներով, իսկ երեկոյան բոլորին ձրի խմիչք մատուցվեց։

Հաջորդ առավոտյան գյուղում շատ փոշի կար և լիքը ոստիկաններ։ Շուկայում մի ոստիկան բարձրաձայն կարդում էր քվեարկության հրահանգները։

Ինչ արվում էր, արվում էր իրենց օգտին։ Մեծն Սոցիալիստի թշնամիները կարող էին փորձել գողանալ ընտրությունները մեզանից՝ աղքատներից, և իշխանությունը վերցնեին մեզանից՝ աղքատներիցս, ու մեր ձեռքերին նորից շղթաներ հագցնեին, որոնցից Մեծն Սոցիալիստն այնքան մեծ սիրով էր մեր ձեռքերն ազատել։ Հասկանու՞մ էինք արդյոք։ Իսկ հետո, փոշու ամպ բարձրացնելով՝ ոստիկանությունը հեռացավ։

-Միշտ էլ այդպես է,-ասաց հայրս այդ գիշեր։ -Տասներկու ընտրությունների եմ մասնակցել՝ հինգը՝ սովորական, հինգը՝ պետական, երկուսը՝ տեղական, և տասներկու անգամն էլ իմ փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է։ Լսել եմ, որ Հնդկաստանում կան քաղաքներ, ուր մարդիկ ինքնուրույն են քվեարկում, հրաշալի է, չէ՞։

Ընտրությունների օրը մի մարդ խելագարվեց։

Ամեն անգամ նման դեպք լինում էր Խավարի ընտրությունների ժամանակ։

Հորս գործընկերներից մեկը՝ մի փոքրամարմին թխամորթ տղամարդ, որին ոստիկանները չէին էլ նկատել մինչ այդ, շրջապատված էր մի խումբ ռիկշա քշող մարդկանցով, հայրս էլ նրանց թվում։ Նրանք փորձում էին համոզել հրաժարվել իր մտքից, բայց ոչ այնքան համոզիչ։

Նման բան առաջ էլ էր եղել։ Հիմա ոչ ոք չէր կարող այդ մարդուն կանգնեցնել։

Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ այնպիսի վայրում, ինչպիսին Լաքսմանգարն էր, արևի լույս էր շողում։ Պատերին փակցված այդ բոլոր պաստառներից, ճառերից ու լոզունգներից մարդ կարող է գժվել։ Նա ինքն իրեն հայտարարում է դեմոկրատ Հնդկաստանի քաղաքացի և ուզում է քվեարկել։ Այդտեղ էլ վրա է հասնում ռիկշա քշողը։ Նա ինքն իրեն ազատագրված էր համարել Խավարից։ Այդ օրը նրա Բենարեսն[2] էր։

Նա քայլեց ուղիղ դեպի դպրոցում տեղակայված ընտրախցիկը։

-Ես պետք է դեմ գնամ հարուստներին, չէ՞,-գոռաց նա։ -Մեզ դա են չէ՞ ասում։

Երբ նա հասավ այնտեղ, Մեծն Սոցիալիստի աջակիցներն արդեն դրսում գրատախտակի վրա գրել էին քվեարկության արդյունքները։ Այդ քվեախցիկում հաշվվել էր 2341 քվե։ Բոլորը քվեարկել էին Մեծն Սոցիալիստի օգտին։ Վիջայը՝ ավտոբուսի կոնդուկտորը, բարձրացել էր աստիճանների վրա և պատին էր մեխում Մեծն Սոցիալիստի սիմվոլով պաստառը (շղթաները կոտրող ձեռքերը)։ Պաստառի վրայի լոզունգն ասում էր՝

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԻՆ ԼԱՔՍՄԱՆԳԱՐՈՒՄ ՏԱՐԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԹԻՎ։

Ռիկշա քշողին տեսնելով՝ Վիջայը ձեռքից ցած գցեց մուրճը, մեխերն ու պաստառը։

-Ի՞նչ գործ ունես այստեղ։

-Քվեարկում եմ,-գոռաց ի պատասխան։-Ընտրություններն այսօր չե՞ն։

Չեմ կարող հաստատ ասել, թե հետո ինչ եղավ, չնայած ընդամենը մի քանի քայլ էի հեռու։ Մի մեծ ամբոխ հավաքվեց՝ հեռվից նրան նայելու համար, բայց երբ ոստիկանը մեզ վրա նշան բռնեց, մենք շրջվեցինք ու փախանք։ Այդպես էլ չիմացա, թե ինչ արեցին այդ քաջ խելագարի հետ։

Հաջորդ օրը լսեցի, քանի դեռ ձևացնում էի, թե սփռոցի վրայից կեղտաբիծ եմ մաքրում։ Վիջայն ու ոստիկանը ռիկշա քշողին գետնին էին գլորել ու ծեծել էին նրան՝ ծեծել էին մահակներով, իսկ երբ նա փորձել էր վեր կենալ, նորից էին խփել։ Հերթով էին ծեծել։ Վիջայն էր խփել, հետո ոստիկանն ապտակել էր, հետո նորից Վիջայն էր խփել։ Որոշ ժամանակ անց ռիկշա քշողի մարմինը դադարել էր թպրտալ և դիմադրել, բայց նրանք շարունակել են ոտքով խփել այնքան, մինչև նա ցեխագնդից չէր տարբերվել։

Եթե թույլ կտաք, մի պահ ուզում եմ դառնալ այն ՓՆՏՐՎՈՒՄ Է պաստառին, Ձերդ գերազանցություն։ Ինձ մարդասպան են անվանում, շատ լավ, դրա դեմ ոչինչ չունեմ, դա փաստ է։ Մեղավոր եմ, ցածր մարդ եմ։ Բայց երբ ինձ ոստիկանությունն է մարդասպան անվանում, ոնց որ ձեռ առնեն։

Ահա Ձեզ մի փոքրիկ հուշանվեր Հնդկաստան կատարած այցից։ Բալրամ Հալվային անհետացել է, փախստական է, ում գտնվելու վայրը հայտնի չէ ոստիկաններին, ճի՞շտ է։

Առը հա։

Ոստիկանները շատ էլ լավ գիտեն ինձ որտեղ փնտրել։ Նրանք ինձ կգտնեն ընտրությունների օրն իմ քաղաքացիական պարտքը կատարելիս՝ Գայա շրջանի Լաքսմանգար գյուղի դպրոցի քվեախցիկի մոտ, որտեղ եղել եմ ամեն սովորական, պետական և տեղական ընտրությունների ժամանակ, տասնութս լրանալուց հետո։

Ես Հնդկաստանի ամենանվիրված ընտրողն եմ, սակայն դեռևս ընտրախցիկը ներսից տեսած չկամ։

* * *

Այժմ, թեև ընտրությունները մոտենում էին Դհանբադում, կյանքն իր սովորական հունով էր ընթանում Արագիլի տան բարձր պատերի ներսում։ Նա ոտքերը տաք ջուր էր դնում ու հառաչում, շուրջբոլորը կրիկետ ու բադմինտոն էին խաղում, իսկ ես նվիրվածությամբ լվանում ու մաքրում էի երկու շպից շներին։

Հետո մի օր ծանոթ մեկը հայտնվեց դարպասի մոտ։ Վիջայն էր՝ Լաքսմանգարի ավտոբուսի կոնդուկտորը։ Իմ մանկության հերոսն այս անգամ ուրիշ համազգեստով էր։ Նա ամբողջությամբ ճերմակ էր հագել, գլխին ճերմակ Նեհրու գլխարկ կար, իսկ մատներից ութին կրում էր մաքուր ոսկուց մատանիներ։

Հասարակական աշխատանքը նրա վրա լավ էր ազդել։

Ես կանգնել էի դարպասի մոտ ու նայում էի։ Արագիլն անձամբ դուրս եկավ Վիջային դիմավորելու և խոնարհվեց նրա առաջ․ հողատերը խոնարհվում էր խոզապահի որդու առջև։ Դեմոկրատիայի հրաշքներից մեկն էր դա։

Երկու օր անց Մեծն Սոցիալիստը այցելեց տերերիս։

Ամբողջ տնտեսությունն իրար էր խառնվել այդ այցի պատճառով։ Պարոն Աշոկը կանգնել էր դարպասի մոտ և սպասում էր՝ հասմիկներից պատրաստված ծաղկեշղթան ձեռքին։ Եղբայրն ու հայրն իր կողքին էին։

Մեքենան մոտեցավ դարպասին, դուռը բացվեց և երևաց այն դեմքը, որը դեռ մանկուց տեսել էի միլիոնավոր ընտրական պաստառներին՝ տեսա ուռած այտերը, ցցված սպիտակ մազերը, հաստ ոսկե ականջօղերը։

Վիջայն այսօր կրում էր իր կարմիր ժապավենը, իսկ ձեռքին շղթաները կոտրող ձեռքերով դրոշն էր։ Նա գոռաց․

-Կեցցե Մեծն Սոցիալիստը։

Կարևոր անձնավորությունը ձեռքերի ափերն իրար միացրեց կրծքավանդակի մոտ ու խոնարհվեց բոլորի առջև։ Նրա դեմքին այն երկակի արտահայտությունն էր, որ ունեն բոլոր հնդիկ քաղաքական գործիչները։ Նրա դեմքը հանդարտ էր, թվում էր, թե ամեն բան կարգին է և որ ձեզ մոտ նույնպես ամեն բան կարող է կարգին լինել, , եթե դառնաք իր հետևորդը։ Բայց նույն դեմքը, ընդամենը դիմագծերի թեթև փոփոխությամբ, սարսափելի դաժան էր դառնում, ու վայ նրան, ով կկանգներ իր ճանապարհին:

Պարոն Աշոկը ծաղկեշղթան գցեց այդ Մեծ մարդու հաստ, ցլային վզին։

-Որդիս,-ասաց Արագիլը,-վերջերս է վերադարձել Ամերիկայից։

Մեծն Սոցիալիստը կմշտեց պարոն Աշոկի այտերը։

-Շատ լավ է։ Մեզ անհրաժեշտ է, որ շատ տղաներ հետ գան և Հնդկաստանը դարձնեն գերհզոր երկիր։

Հետո նրանք մտան տուն և բոլոր դռներն ու պատուհանները փակվեցին։ Որոշ ժամանակ անց Մեծն Սոցիալիստը, հետևից էլ ծերուկ Մանգուստն ու պարոն Աշոկը դուրս եկան բակ։

Փորձում էի ականջ դնել, ձևացնում էի, թե հատակն եմ ավլում՝ սանտիմետր առ սանտիմետր մոտենալով նրանց։ Արդեն այնքան էի մոտեցել, որ կարող էի լսել, երբ Մեծն Սոցիալիստը ուսիս թփթփացրեց։

-Անունդ ի՞նչ է, տղաս,-հարցրեց նա։ Հետո ասաց․ -Տերերդ փորձում են ինձ թալանել, Բալրամ։ Ի՞նչ կասես։

Պարոն Աշոկը ապշել էր։ Արագիլը շփոթված ժպտում էր։

-Միլիոն ու կեսը շատ է, պարոն։ Երջանիկ կլինենք, եթե համաձայնության գանք։

Մեծն Սոցիալիստը ձեռքը թափահարեց՝ ասես ցանկանալով վանել այդ խնդրանքը։

-Հիմարություն։ Դուք այստեղ կարգին միջոցներ ունեք։ Կառավարության հանքերից անվճար ածուխ եք վերցնում։ Վերցնում եք, քանի որ ես թույլ եմ տալիս։ Երբ ես Ձեզ գտա, Դուք ընդամենը մի ճղճիմ գյուղացի հողատեր էիք։ Ես Ձեզ այստեղ բերեցի, ես Ձեզ դարձրեցի այն, ինչ կաք այսօր։ Երդվում եմ Աստծո առաջ, եթե շարունակեք ինձ նյարդայնացնել, հետ կգնաք գյուղ։ Ասացի միլիոն ու կես, ուրեմն հենց այդքան էլ պիտի լինի՝ միլիոն ու․․․։

Ստիպված ձայնը կտրեց։ Պաան էր ծամում ու հիմա բերանը լցված կարմիր թուքը սկսում էր դուրս հոսել։ Նա շրջվեց իմ կողմն ու ձեռքերով կճուճի ուրվագիծ ցույց տվեց։ Վազեցի Հոնդա Սիթի՝ թքամանը բերելու։

Երբ վերադարձա թքամանով, նա հանգիստ դարձավ դեպի Մանգուստն ու ասաց․

-Տղաս, թքամանը կպահե՞ս ինձ համար։

Մանգուստը տեղից չշարժվեց, Մեծն Սոցիալիստը վերցրեց թքամանը ձեռքիցս ու մեկնեց նրան։

-Պահիր, տղաս։

Մանգուստը պահեց։ Մեծն Սոցիալիստը երեք անգամ թքեց ամանի մեջ։ Մանգուստի ձեռքերը դողում էին, դեմքն ամոթից մթնել էր։

-Շնորհակալ եմ, տղաս,-ասաց Մեծն Սոցիալիստը՝ շուրթերը մաքրելով։ Նա շրջվեց իմ կողմն ու ճակատը քորեց։ -Ինչ էի ասում։

Ահա խնդրեմ։ Սա էր Մեծն Սոցիալիստի դրական կողմը։ Նա ստորացնում էր մեր բոլոր տերերին, դրա համար էինք անվերջ նրա օգտին քվեարկում։

Այդ գիշեր, բակը կրկին ավլելու պատրվակով, ես մոտեցա Արագիլին ու նրա որդիներին։ Նրանք նստած էին նստարանին, ոսկեգույն լիկյորի բաժակները ձեռքներին և խոսում էին։ Պարոն Մուկեշը նոր էր ավարտել, ծերուկը գլուխը թափահարեց․

-Այդպես չենք կարող անել, Մուկեշ։ Նա մեզ պետք է։

-Հայր, նա մեզ այլևս պետք չէ։ Կարող ենք ուղիղ Դելի գնալ։ Մենք այժմ այնտեղ ծանոթներ ունենք։

-Համաձայն եմ Մուկեշի հետ, հայր։ Այլևս պետք չէ հանդուրժել նրա այս վերաբերմունքը, ասես նրա ստրուկները լինենք։

-Հանդարտվիր, Աշոկ։ Թույլ տուր ես ու Մուկեշը քննարկենք։

Ես երկու անգամ ավլեցի բակը և ականջ դրեցի։ Հետո սկսեցի հավաքել Վարդագույն Տիկնոջ բադմինտոնի պայուսակը, որպեսզի կարողանամ նրանց մոտ մնալ։

Բայց մի զույգ կասկածամիտ նեպալյան աչքեր ինձ նկատեցին։

-Ոտդ կախ մի գցիր բակում։ Գնա նստիր սենյակումդ ու սպասիր, մինչև տերերը կանչեն քեզ։

-Լավ։

Ռամ Բահադուրը աչքերը չռեց վրաս, դրա համար ասացի․

-Լավ, պարոն։ (Ծառաներին ակնհայտորեն դուր է գալիս, երբ իրենց մյուս ծառաները պարոն են կոչում)։

Հաջորդ առավոտյան, երբ Փադլի ու Քադլի մազերը շամպունով լվանալուց հետո չորացնում էի, Ռամ Բահադուրը մոտեցավ ու ասաց․

-Երբևէ Դելիում եղե՞լ ես։

Գլուխս թափ տվեցի։

-Մի շաբաթից Դելի են գնում։ Պարոն Աշոկն ու Վարդագույն Տիկինը։ Երեք ամսով են գնում։

Ես ծնկի եկա և ֆենն ուղղեցի Քադլի ոտքերի տակ՝ ձևացնելով, թե ընդհանրապես հետաքրքրված չեմ, ու ինչքան հնարավոր էր անտարբեր տոնով հարցրեցի․

-Ինչու՞։

Նեպալցին ուսերը թոթվեց։ Ո՞վ իմանա։ Մենք ընդամենը ծառաներ էինք։ Թեև, մի բան, այնուամենայնիվ, գիտեր։

-Միայն մեկ վարորդ են տանելու իրենց հետ։ Ու նրան վճարելու են ամսական երեք հազար ռուփի, Դելիում հենց այդքան են վճարելու վարորդին։

Ֆենը ձեռքիցս ցած ընկավ։

-Լու՞րջ, երեք հազա՞ր։

-Այո։

-Ինձ իրենց հետ չե՞ն վերցնի, պարոն։

Վեր կացա ու աղաչագին խնդրեցի․

-Չե՞ք կարող նրանց համոզել, որ ինձ վերցնեն։

-Ռամ Փերսադին են տանում,-ասաց նա՝ իր նեպալյան շուրթերով քմծիծաղ տալով։ -Եթե միայն․․․։

-Եթե միա՞յն։

Նա բութն ու ցուցամատն իրար շփեց։ Հինգ հազար ռուփի, ու ինքը կասի Արագիլին, որ ես հենց այն մարդն եմ, ում պետք է տանել Դելի։

-Հինգ հազար․․․ որտեղի՞ց նման գումար գտնեմ։ Ամբողջ աշխատավարձս ընտանիքիս եմ ուղարկում։

-Դե լավ, այդ դեպքում Ռամ Փերսադը կգնա։ Իսկ ինչ վերաբերում է քեզ,-նա ցույց տվեց Քադլին ու Փադլին,-դու ողջ կյանքում երևի շուն լողացնես։

* * *

Երբ արթնացա, ռունգերս վառվում էին։

Դեռևս մութ էր։

Ռամ Փերսադը արթուն էր։ Նա նստել էր անկողնում ու փայտե տախտակի վրա սոխ էր կտրատում։ Լսվում էր, թե ինչպես էր դանակը թակ, թակ, թակ հարվածում տախտակին։

Այսքան կանուխ ինչի՞ համար է սոխ մանրացնում, մտածեցի ու կողքի շուռ եկա՝ կրկին աչքերս փակելով։ Ուզում էի նորից քնել, սակայն տախտակի թակ, թակ, թակը շարունակվում էր։

Այս մարդն ինչ-որ գաղտնիք ունի։

Արթուն մնացի, քանի այդ մարդը, անկողնու վրա սոխ էր կտրատում։ Փորձում էի հասկանալ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում ի՞նչ տարօրինակ բան էի նկատել Ռամ Փերսադի պահվածքում։

Մի բան հստակ էր՝ նրա բերանից սկսել էր վատ հոտ գալ։ Նույնիսկ Վարդագույն Տիկինն էր բողոքում։ նա հանկարծ դադարել էր մեզ հետ սնվել՝ լիներ դա տանը թե դրսում։ Նույնիսկ կիրակի օրերը, երբ հավ էինք ուտում, Ռամ Փերսադը հրաժարվում էր մեզ հետ ուտել, ասելով, թե արդեն կերել է կամ քաղցած չէ կամ․․․

Սոխի կտրատելու ձայնը շարունակվում էր, իսկ ես մթության մեջ մտածում էի։

Ամբողջ օրը հետևեցի նրան։ Երեկոյան կողմ, ինչպես և սպասում էի, նա սկսեց շարժվել դեպի դարպասը։

Խոհարարի հետ զրույցից իմացել էի, որ Ռամ Փերսադը սկսել էր ամեն երեկո նույն ժամին տնից դուրս գալ։ Հեռավորություն պահպանելով՝ հետևեցի նրան։ նա գնաց քաղաքի այն մասը, որտեղ առաջ երբեք չէի եղել, անցավ մի քանի նրբանցքներով։ Մի պահ հստակ տեսա, թե ինչպես շրջվեց՝ ասես համոզվելու համար, որ ոչ ոք իրեն չի հետապնդում, հետո համարյա սկսեց վազել։ Կանգ առավ երկհարկանի տան դիմաց։ Պատուհաններին վանդակաճաղեր կային, իակ ջրատար խողովակներն իջնում էին մուտքի մոտ։ Նա կանգ առավ ծորակի մոտ, դեմքը լվաց, կոկորդն ողողեց ու թքեց։ Հետո հանեց սանդալները։ Պատի խորշում կոշիկներ ու սանդալներ էին դրված, նա էլ իր սանդալները դրեց այնտեղ։ Հետո մտավ տուն ու դուռը փակեց։ Ձեռքս խփեցի ճակատիս։ Ինչ ապուշն եմ։

-Ռամադան է, նրանք օրվա ընթացքում չեն կարող ուտել կամ խմել։

Հետ վազեցի տուն ու գտա նեպալցուն։ Նա կանգնած էր դարպասի մոտ ու ատամներն էր քչփորում ծառից պոկած շյուղով, ինչպես վարվում են իմ երկրի աղքատներից շատերը, պարոն Վարչապետ, երբ ուզում են ատամները մաքրել։

-Ես հենց նոր մի ֆիլմ էի դիտում, պարոն։

-Ռադ էղի։

-Հրաշալի ֆիլմ, պարոն։ Պարերով։ Հերոսը մուսուլման էր։ Անունը՝ Մոհամադ Մոհամադ։

-Ժամանակ չունեմ, ջահել: Գնա մեքենան լվա, եթե ուրիշ անելու բան չունես։

-Այդ Մոհամադ Մոհամադն աղքատ, ազնիվ ու աշխատասեր մուսուլման էր, բայց ուզում էր աշխատել մի չար, նախապաշարված հողատիրոջ մոտ, ում դուր չէին գալիս մուսուլմանները, բայց այդ աշխատանքը նրան պետք էր ընտանիքը կերակրելու համար, ու նա ասաց, որ հինդուիստ է։ Ու վերցրեց Ռամ Փերսադ անունը։

Շյուղը ցած ընկավ նեպալցու բերանից։

-Իսկ գիտե՞ք ինչպես դա նրան հաջողվեց։ Որովհետև այդ տան նեպալցի պահակը, ում տանտերերը վստահում էին ու ով պետք է ստուգեր Ռամ Փերսադի ինքնությունը, իր գործը չէր կատարել։

Մինչ նա կկարողանար փախչել, ես բռնեցի նրա օձիքից։ Երբ ծառան ծառայի դեմ է դուրս գալիս, այդ ժեստը սովորաբար նշանակում է՝ «դու պարտվեցիր»։ Բայց եթե պատրաստվում եք նման բան անել, ավելի լավ է դա շռնդալից անել, այնպես չէ՞։ Դրա համար նաև ապտակեցի։ Այս պահից սկսած ես այս տան առաջին ծառան էի։

Հետ վազեցի մզկիթ։ Նամազն արդեն ավարտված պետք է լիներ։ Եվ իրոք, Ռամ Փերսադը կամ Մոհամադը կամ ինչ էլ որ էր նրա իրական անունը, դուրս եկավ մզկիթից, վերցրեց սանդալները պատուհանի մոտից, գցեց գետնին, ոտները խոթեց մեջն ու սկսեց հեռանալ։ Ինձ տեսավ, ես նրան աչքով արեցի, ու ինքը հասկացավ, որ խաղն ավարտված է։ Ես ինչ պետք էր նրան ասացի մի քանի դիպուկ խոսքով։ Հետո գնացի տուն։ Նեպալցին ինձ էր նայում սև ճաղերի հետևից։ Ես նրա բանալիների կապուկը ձեռքից վերցրեցի ու դրեցի գրպանս։

-ինձ թեյ բեր ու թխվածք,- քաշեցի վերնաշապկից։ – Համազգեստդ էլ ինձ կտաս։ Իմը մաշվել է։

Այդ գիշեր մահճակալին քնեցի։ Առավոտյան ինչ-որ մեկը մտավ սենյակ։ Նախկին համար մեկ վարորդն էր։ Առանց որևէ խոսքի նա սկսեց իրերը հավաքել։ Ամբողջ ունեցվածքը տեղավորվեց մի փոքրիկ տոպրակի մեջ։ Մտածեցի, թե ինչ թշվառ կայնքով էր ապրում նա, ստիպված էր թաքցնել իր կրոնական պատկանելությունը, անունը, որ վարորդ կարողանար աշխատել, իսկ նա անկասկած լավ վարորդ էր, շատ ավելի լավը, քան ես երբևէ կլինեմ։ Իմ մի մասն ուզում էր վեր կենալ ու հենց այդտեղ նրանից ներողություն խնդրել ու ասել՝ գնա ու Դելիում վարորդ աշխատիր։ Դու երբևէ ինձ վնաս չես տվել։ Ներիր, եղբայր։

Ես շրջվեցի մյուս կողմի վրա, տռեցի ու քնեցի։

Երբ արթնացա, նա չկար, աստվածների բոլոր պատկերները թողել էր, ու ես դրանք դրեցի տոպրակի մեջ։ Երբեք չես իմանա, թե երբ նման բաները պետք կգան։

Երեկոյան նեպալցին ժպտալով ներս մտավ, դա այն նույն կեղծ ժպիտն էր, որը նա ամբողջ օրը ցույց էր տալիս Արագիլին։ Ինձ ասաց, որ քանի որ Ռամ Փերսադը առանց որևէ խոսքի լքել է ծառայությունը, ես պետք է պարոն Աշոկին ու Վարդագույն Տիկնոջը հասցնեմ Դելի։ Ինքն անձամբ ու համառորեն ինձ է երաշխավորել Արագիլների ընտանիքի առաջ։ Նորից պառկեցի անկողնում, որը միայն իմն էր արդեն, ձգվեցի ու ասացի․

-Շատ լավ։ Հիմա առաստաղից սարդոստայները մաքրիր։

Նա նայեց ինձ բայց ոչինչ չասաց ու գնաց ավելը բերելու։

-Պարոն,-գոռացի։

Այդ օրվանից սկսած ես ստանում էի տաք նեպալյան թեյ և մի քանի քաղցր թխվածք՝ ճենապակե ափսեով։ Կիշանն եկավ դարպասի մոտ այդ կիրակի և ինձանից իմացավ նորությունը։ Կարծում էի կսպանի ինձ նրա համար, թե ինչպես եմ նրանց անգթորեն թողել գյուղում, բայց նա այնքան էր ուրախացել, որ աչքերը լցվել էին։ Իր ընտանիքից մեկին բախտ էր վիճակվել դուրս գալ Խավարից ու գնալ Նյու Դելի։

-Ճիշտ ինչպես մայրիկն էր միշտ ասում։ Նա գիտեր, որ դու դա կանես։

Երկու օր անց ես պարոն Աշոկին, Մանգուստին ու Վարդագույն Տիկնոջը տանում էի Դելի՝ Հոնդա Սիթիով։ Ճանապարհը գտնելը դժվար չէր, ընդամենը պետք էր գնալ ավտոբուսների հետևից։

Ճանապարհին բազմաթիվ ավտոբուսներ ու ջիպեր կային ուղևորներով լի, որոնք խցկված էին ներսում ու դուրս էին կախված դռներից, նույնիսկ նստել էին տանիքներին։ Նրանք բոլորը Խավարից ուղևորվում էին դեպի Դելի։ Կարող էր թվալ, թե ամբողջ աշխարհն է գաղթում։ Ամեն անգամ նման ավտոբուսի կողքով անցնելիս քթիս տակ ժպտում էի, երանի թե կարողանայի պատուհանն իջեցնել ու գոռալ նրանց, որ ես Դելի եմ գնում մեքենայով, օդորակիչ ունեցող մեքենայով։ Համոզված եմ, որ նրանք այդ խոսքերը կարդում էին իմ աչքերում։

Կեսօրին մոտ պարոն Աշոկը ուսիս թփթփացրեց, հոգնել էր։ Հենց ամենասկզբից, պարոն, ես ինչ-որ կերպ հասկանում էի, թե նա ինչ էր ուզում, ինչպես շներն են հասկանում իրենց տերերին։ Մեքենան կանգնեցրի, նստեցի ձախ կողմում, նա նստեց իմ տեղը, ու տեղափոխվելու ընթացքում մեր մարմինները կպան իրար (մենք մոտ էինք այնքան, որ նրա դեմքի մազերը խոզանակի պես քերում էին այտերս, ինչպես սափրվելու խոզանակը, որն օգտագործում էի ամեն առավոտ, նրա մաշկից եկող օծանելիքի բույրը մտավ ռունգերս, իսկ իմ վրայից փչող ծառայի քրտնքի հոտն էլ իր դեմքին փչեց), այդպիսով նա դարձավ վարորդ, իսկ ես՝ ուղևոր։

Նա շարժիչը միացրեց։ Մանգուստը, ով ամբողջ ընթացքում թերթ էր կարդում, տեսավ, թե ինչ տեղի ունեցավ։

-Մի արա այդպես, Աշոկ։

Մանգուստը հին գայլ էր։ Նա լավը վատից կարողանում էր տարբերել։

-Ճիշտ ես, տարօրինակ զգացողություն է,-ասաց պարոն Աշոկը:

Մեքենան կանգ առավ։ Մեր մարմինները կրկին իրար միաձուլվեցին, մեր բույրերը ևս մեկ անգամ փոխանակվեցին և կրկին պարոն Աշոկը ուղևորն էր ու տերը։

Դելի հասանք գիշերով։

Դեռ երեքը չկա, կարող էի շարունակել պատմությունս, սակայն ուզում եմ դադար տալ, քանի որ այստեղից սկսած մեկ այլ պատմություն պետք է պատմեմ։

Հիշու՞մ եք, պարոն Վարչապետ, ինչպես եք առաջին անգամ, գուցե դեռ երեխա ժամանակ, բացել մեքենայի ծածկն ու նայել, թե այն ինչպես է կառուցված։ Հիշու՞մ եք գունավոր լարերը, որոնք շարժիչի մի մասից գնում էին մյուսը, դեղին կափարիչներով լի սև տուփը, խորհրդավոր գլանները, որոնցից գոլորշի էր դուրս գալիս, ամենուր յուղը, հիշու՞մ եք, թե ինչ խորհրդավոր ու կախարդական էր ամեն բան թվում։ Ես նույն բանն եմ զգում, երբ հասնում եմ իմ պատմության այն մասին, որը վերաբերում է Նյու Դելին բացահայտելուն։ Եթե հարցնեք, թե ինչպես է մի իրադարձությունը կապվում մյուսի հետ կամ թե ինչպես է մի դրդապատճառը հզորացնում կամ թուլացնում մյուսին կամ թե ինչպես եմ մի մտքից անցնում մյուս մտքին, կասեմ, որ ինքս չեմ հասկանում։ Չեմ կարող վստահ լինել, որ պատմությունը, ինչպես ես եմ պատմում, իսկական պատմությունն է։ Չեմ կարող վստահ լինել, թե գիտեմ՝ ինչպես մահացավ պարոն Աշոկը։ Լավ կլինի այստեղ կանգ առնեմ։

Երբ կրկին հանդիպենք կեսգիշերին, հիշեցրեք, որ ջահի վրա ավելի շատ լույս վառեմ։ Այստեղից պատմությունը բավականին մթնում է։


 

[1] Լաքսմանգարի չորս հողատեր-մեծահարուստները՝ Գոմեշը, Արագիլը, Վարազը, Ագռավը

[2] Բենարես կամ Վարանասի, Հինդուիսնտրեի սուրբ քաղաքը ուր վառում են հանգուցյալներին

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

eighteen − 1 =