anmoruk

 

Անմոռուկի փակուղին սովորական փակուղի չէր: Սկսվում էր որպես լայն պողոտա քաղաքի կենտրոնական հրապարակից ու նեղանալով՝ վեջանում քաղաքից դուրս: Ոչ ոք չգիտեր, թե փակուղու փոշոտ ծայրում ինչ կա: Առանց ծառ-ծաղիկ, դեմ դիմաց պլշած իրար նայող երկհարկանի տներով փողոց էր: Փակուղին շատ երկար էր և հատվում էր մի երկու տասնյակ փողոցներով: Առաջինը Կարմիր խնձորի պողոտան էր, իսկ վերջինը՝ Բանանի նրբանցքը: Փակուղուն զուգահեռ լայն ու բանուկ փողոցներ էին՝ Երիցուկի, Մեխակի, Վարդի, Արևածաղկի, Աստղածաղկի, Ղանթափայի, Նարգիզի, Ձնծաղկի, Շուշանի, Խատուտիկի փողոցները, Խաշխաշի ու Անթառամի պողոտաները և Մանուշակի նրբանցքը:

Փակուղու բնակիչները, չնայած իրար կապված էին ազգակցական երկար-բարակ կապերով և մի հազարամյակ հետ կարող էին գնալ՝ ապուպապերին թվարկելով, գործնականում իրար չէին ճանաչում: Բայց դա նրանց չէր խանգարում իրար մորքուր ու հոպար դիմել, ամեն առավոտ մռայլ բարի լույս քրթմնջալ, փակել տների դռներն ու շտապել աշխատանքի: Փակուղին նախատեսված էր միայն հետիոտնի համար, և բնակիչներից ոչ ոք մեքենա չուներ:

Հենց այդ փակուղու սրատանիք տներից մեկում էր, որ մի շոգ օր ծնվեց Էլին: Ծնված օրվանից Էլին հիշում էր ամեն բան՝ ինչպես են հայրն ու մայրն իրեն ստեղծագործել տանիքին՝ ամառային անձրևի տակ, ինչ երաժշտություն էր հնչում Հրապարակում հեղափոխության օրը, երբ պապը տատին առաջին վարդը նվիրեց, մի գիրկ հասած ծիրանը, որն իրենց հարևան Վերջի ապուպապ Քրոնոսը նվիրել էր կնոջը՝ Լետոյին: Քրոնոսը նաև իր ապուպապն էր և Էլին դա էլ էր հիշում: Ամեն բան շատ լավ էր հիշում: Չէր հիշում միայն, թե ինչ էր տեղի ունեցել Կարմիր խնձորի պողոտայում այն օրը, երբ մի խումբ ավազակներ սպանել էին իր նախապապ Քրոնոսին: Այդ օրվանից Լետոն անհետացել էր, իսկ Անմոռուկի փակուղու բոլոր նորածիններն իմաստուն էին ծնվում: Նրանք ի ծնե խոսում էին: Ու ոչ միայն: Այդ երեխաները մանկուց ծեր էին: Նրանց մարմնի և ուղեղի ծալքերը հավասարապես կնճռոտ էին:

Այդ տարվա փոշոտ ու միջինից շոգ ամառն ամուր գրկել էր փակուղին: Չոր տապը կախված էր սուր-սուր տանիքներից, մայթերի բորդյուրների երկայնքով շարված պլաստմասե անմոռուկների թերթիկներից, մարդկանց թարթիչներից ու հարևան փողոցներից հյուր եկող կատուների պոչերից: Ծնվելուն պես Էլին սկսեց ծնողներին հարցախեղդ անել: Ինչո՞ւ է ինքը ծնվել: Ինչո՞ւ է մայրիկը տանը մերկ իսկ փողոցում՝ հագնված: Ի՞նչ է ծիրանը: Մարդ ա, բայց ո՞նց: Որտե՞ղ է տանում պատուհանից երևացող իրենց փողոցը: Որտե՞ղ է վերջանում երկինքը: Ո՞ւր են կորել խատուտիկները: Ինչո՞ւ է քաղաքի հրապարակում կանգնած Քրոնոսի արձանը: Ո՞ւր է կորել Լետոն: Սա Անմոռուկի փակուղու բնակիչների համար անսովոր էր, որովհետև մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեին պատասխաններն ու հարցեր չէին տալիս: Ավելին, փակուղու բոլոր տներից կախված էին բարձրախոսներ, որոնք ամեն առավոտ ազդարարում էին օրվա սկիզբն ու տալիս պատասխանները: Առաջին բանը, որ Էլին լսեց, հենց բարձրախոսն էր.

‑ Բարի լույս: Այսօր մեր թվարկության 2026 թվականն է: Օրը կիրակի: 2026 տարի առաջ հենց այս օրը ամենաիմաստուն Քրոնոսը որոշեց այլևս չուտել իր զավակներին: Մենք պարտական ենք նրան, որ կանք: Կեցցե՛ Քրոնոսը:

Էլին գլուխը հանեց մոր ոտքերի արանքից ու հորն աչքով արեց: Հայրն իրեն կորցրած վազեց զավակին բռնելու, որ վայր չընկնի:

‑ Տե՛ս, հանկարծ ինձ չուտես,- Էլիի առաջին բառերն էին՝ ուղղված պորտալարը կտրող հորը:

Հետո նա արագ բակ իջավ ու իրենից մի օր առաջ ծնված Վերջի հետ միասին վազեց դպրոց: Դպրոցը Կարմիր խնձորի պողոտայի և անմոռուկի փակուղու խաչմերուկում էր: Անկյունային շենք էր, որի մի մասը փակուղու վրա էր, մյուս մասը՝ Կարմիր խնձորի պողոտայի: Երկու մուտք ուներ՝ մեկը փակուղուց, մյուսը պողոտայից: Սակայն դպրոցում այս երկու փողոցների երեխաների ճանապարհները երբեք չէին խաչվում: Նրանք տարբեր ուսուցիչներ, տարբեր գրքեր ու տարբեր դասասենյակներ ունեին: Գրում, կարդում ու խոսում էին տարբեր լեզուներով: Որքան Անմոռուկի փակուղու երեխաները հոգնած ու ծեր էին, նույնքան Կարմիր խնձորի պողոտայի բնակիչները եռանդուն ու հարցասեր: Մի բան էր միայն նրանց միավորում. դպրոցի դահլիճում դրված Քրոնոսի կիսանդրին: Քրոնոսը նրանց ընդհանուր նախահայրն էր: Բայց ի տարբերություն Անմոռուկի փակուղու բնակիչների, Կարմիր խնձորի պողոտայի երեխաներն ի ծնե չգիտեին, որ Քրոնոսն իրենց նախահայրն է ու որ հենց իրենց պողոտայում է սպանվել:

‑  Բարի լույս: Այսօր մեր թվարկության 2026 թվականն է: Օրը կիրակի: 2026 տարի առաջ հենց այս օրը ամենաիմաստուն Քրոնոսը որոշեց այլևս չուտել իր զավակներին: Մենք պարտական ենք նրան, որ կանք: Կեցցե՛ Քրոնոսը,- ասում էր նիհար, սլացիկ կազմվածքով, մազերն ամուր հավաքած, սպիտակ վերնաշապիկով ու սև, քիփլիկ կիսաշրջազգեստով ուսուցչուհին՝ ալ կարմիր շրթներկով շուրթերի անքից և երեխաները հետևից կրկնում էին՝ կեցցե՛ Քրոնոսը:

‑ Ինչո՞ւ,- աղմուկի միջից լսվեց Էլիի ձայնը: Վերջը քաշեց նրա ձեռքը՝ սսսս, բայց Էլին շարունակեց,- ինչո՞ւ կեցցե:

‑ Դո՞ւ ում տղան ես,- հարցրեց ուսուցչուհին:

‑ Իսկ դա ի՞նչ կապ ունի,- հանդգնեց Էլին:

‑ Լավ, հասկացա,- ասաց ուսուչուհին, բացեց դասասենյակի դուռն ու Էլիին տնօրենի մոտ տարավ:

‑ Ինձ թվում է, նա մեր աշակերտը չի: Երևի մուտքն է խառնել, մյուս մուտքից պիտի մտներ,- հայտարարեց նա տնօրենի աշխատասենյակում:

‑Ինչո՞ւ,- հարցրեց Էլին:

‑ Տեսնում եմ,- ակնոցի հետևից արտաբերեցին տնօրենի աչքերը: Տնօրենը մանուշակագույն վերնաշապիկով և կապույտ փողկապով ճաղատ ու փոքր-ինչ գեր տղամարդ էր: Մինչդեռ նա ուսումնասիրում էր Էլիին, Էլին ուսումնասիրում էր պատից կախված անդեմ Քրոնոսին:

‑ Ինչո՞ւ նա դեմք չունի,- հարցրեց տնօրենին՝ ցույց տալով պատից կախված նկարը,- չէ՞ որ բոլորս գիտենք նրա դեմքը:
‑ Որովհետև նրա դեմքը մենք ենք,- ասաց ուսուցչուհին՝ մտահոգ նայելով տնօրենին,- ու դու խայտառակում ես այդ դեմքը:

‑ Նա Վարպետի տղան է,- ասաց տնօրենը,- հայրն էլ էր իր նման նախքան Այնտեղ գնալը: Իսկ մայրն առհասարակ Կարմիր խնձորի պողոտայից է:

‑ Խառնածին է: Ուրեմն թող մորական կողմի դպրոցը գնա, չփչացնի մեր աշակերտներին,- ասաց ուսուչուհին:

Էլին ուզում էր հարցնել՝ ինչո՞ւ, բայց փոշմանեց, մտածեց, որ Կարմիր խնձորի պողոտայի մասին ոչինչ չգիտի, բացի այն բանից, որ իր ապուպապ Քրոնոսին այնտեղ են սպանել: Որոշեց լռել: Ուսուցչուհին բռնեց նրա ձեռքն դուրս բերեց դպրոցի՝ Անմոռուկի փակուղու մուտքից, թեքվեց դեպի Կարմիր խնձորի պողոտա ու ասաց.

‑ Այս դռնից ներս մտիր, սա է քո դպրոցը:

Էլին ներս մտավ: Դատարկ միջանցքում բարձր երաժշտություն էր միացրած: Բախ էր: Գնաց այն ուղղությամբ, որտեղից հնչում էր երաժշտությունը: Խնձորցիներն առույգ ու կոկիկ էին: Մի մեծ սրահում Բախի երաժշտության տակ ամեն մեկն ինչ-որ բան էր անում, իսկ ուսուցիչը քայլում էր շարքերով ու նայում: Երբ մոտեցավ, պարզվեց, որ ով ինչ ուզի՝ անում է: Երկու տղա միասին ինչ-որ թևավոր բան էին սարքում: Էլին նայեց նրանց սարքածին և վստահ հայտարարեց.

‑ Չի թռչի, այս կառուցվածքով սարք արդեն պատրաստվել է մեզանից հազար տարի առաջ: Այն տապալվեց:

‑ Բայց սա թռչող սարք չէ,- ասաց տղաներից մեկը,- մենք փորձում ենք ապագան շինել: Այսօրվա մեր հանձնարարությունն է: Դահլիճի աջ կողմում բոլորս տարբեր եղանակներով ապագան ենք կառուցում, իսկ ձախում՝ անցյալը:

‑ Ապագան մեր փակուղու ծայրում է: Այն տեսնելու համար բավական ա քայլել մինչև վերջ ու կհայտնվես ապագայում,- ասաց Էլին:

‑ Որտեղի՞ց գիտես,- հարցրեց ապագան կերտող երկար, խարտյաշ մազերով տղան,- կամ եթե անգամ այնտեղ է՝ գիտե՞ս, թե ինչ տեսք ունի:

Էլին լեզուն կծեց: Ճիշտ որ: Դեռ մոր փորում գիտեր ապագայի տեղը ու գիտեր, որ հայրն Այնտեղ եղել է: Այսօր առավոտյան, երբ փորից դուրս ցատկեց, ուզում էր այդ ուղղությամբ վազել, բայց չգիտեր, չէր հիշում, թե այն ինչ տեսք ունի: Իսկ անցյա՞լը: Անցավ անցյալը կառուցողների կողմը: Երկու աղջիկ կավից մեծ, իրենց բոյի խնձոր էին սարքել ու հիմա այն կանաչ էին ներկում: Մի փոքրամարմին, նիհար տղա նրանց կողքին ժամացույց էր հավաքում: Նրա կողքին էլ երեք երեխա մի հսկայական, չաղ, յուղոտ անմոռուկ էին պատկերել թղթին, ու հիմա էլ աշխատում էին թերթաթափ, հոգնած ու ճլորած անմոռուկի վրա: Իսկ ինչպիսի՞ն էր անցյալը: Հը՞: Էլին տեսավ Քրոնոսին ու Լետոյին, տեսավ Կարմիր խնձորի պողոտան: Քրոնոսի մահը: Ախր ո՞նց է հնարավոր, որ ժամանակը մեռնի ժամանակների սկզբում:

‑ Ի՞նչ ես անում,- հարցրեց ուսուցիչն ու Էլին հասկացավ, որ իրենից անկախ նկարել է տեսածը:

‑ Անցյալն եմ քանդում:

‑ Իսկ եթե քանդելու փոխարեն փորձես կառուցե՞լ այն:

‑ Կառուցել անցյա՞լը:

‑ Այո: Ճիշտ այնպես, ինչպես ապագան են կառուցում:

‑ Գուցե անցյալը կառուցելու համար պետք է ապագա՞ն տեսնել,- հարցրեց Էլին:

Հա, ուրեմն կառուցում են: Դրա համար խնձորը կանաչ է, դեռ պիտի հասնի ու կարմրի: Իսկ Քրոնո՞սը: Ինչպե՞ս կառուցել նրան: Գուցե պետք է դե՞մք տալ: Իսկ եթե Լետոյին կառուցի: Չէ՛: կառուցելու համար պետք է մոռանալ: Եթե չես մոռանում, ուրեմն քանդում ես: Ու ամեն քանդելով ավելի ես հիշում: Նույնիսկ եթե արմատախիլ ես անում, ավելի ես հիշում: Որովհետև քանդում ես էն, ինչ հիշում ես: Մոռացածը քանդել հնարավոր չէ: Մոռացածը կարող ես միայն կառուցել: Էլին չզգաց, ինչպես դուրս եկավ դպրոցից ու քայլեց դեպի հրապարակ: Հրապարակի կենտրոնում Քրոնոսի արձանն էր: Անդեմ: Էլին հստակ տեսավ՝ ինչպես էր պապն այդ արձանը տեղադրում:

‑ Ես նրանից վախենում եմ:

Շրջվեց: Այն վտիտ տղան էր, որը ժամացույց էր սարքում:

‑ Անունդ ի՞նչ է:

‑ Ֆուտուրուս:

‑Իսկ ինչո՞ւ ես վախենում:

‑ Չգիտեմ: Կամ…

‑ Ի՞նչ կամ:

‑ Չգիտեմ ինչ կլինի իրենից հետո:

‑ Չգիտե՞ս:

‑ Չէ՛:

‑ Դո՞ւ էլ Այնտեղ չես եղել:

‑ Չէ: Պարզապես ծնողներս են անունս Ֆուտուրուս դրել՝ հուսով, որ մի օր Այնտեղ կլինեմ: Վատառողջ եմ, փորձել են անունովս կյանքս երկարացնել:

‑ Իսկ գիտե՞ս՝ որտեղ է վերջանում Կարմիր խնձորի պողոտան:

‑ Անմոռուկի փակուղու խաչմերուկում:

‑ Իսկ մյուս ծա՞յրը:

‑ Խաշխաշի պողոտայի խաչմերուկում:

‑ Գնա՞նք այնտեղ:

‑ Գնանք:

Խաշխաշի պողոտան ուրախ ու մարդաշատ էր: Մարդիկ, խոսակցությունները, երգն ու ծիծաղը հոսում էին վարար գետի պես: Մեծ ու փոքր, իրար խառնված: Էլին ու Ֆուտուրուսը մտան գետը: Սկզբում կարծես գետի հունին դիմակայող ծանր քար լինեին, հետո իրենք էլ հոսեցին: Հոսեցին էնքան, մինչև հայտնվեցին հրապարակում: Էլին նայեց ծանոթ ուղղությամբ՝ Քրոնոսի սպասումով: Բայց այ քեզ բան: Նա չկար: Հրապարակը դափ-դատարկ էր: Խաշխաշցիներն այստեղ վալս էին պարում: Էլին անհամբեր բռնեց առաջին պատահածի ձեռքը: Գեղեցկուհի էր:

‑Ի՞նչ է, դուք քանդել եք անցյալը:

‑ Ի՞նչ անցյալ,- զարմացավ գեղեցկուհին,- ի՞նչ է դա:

‑ Դուք չգիտե՞ք անցյալն ինչ է:

‑ Ինձ համար նոր բառ է:

‑ Իսկ դուք հայր ունե՞ք:

‑Երևի:

‑ Իսկ մա՞յր:

‑ Հա, այնտեղ պարում է:

Նայեց ձեռքի ուղղությամբ: Գեղեցկուհուց էլ ավելի գեղեցիկ մեկը պարում էր ինքն իր հետ: Մոտեցավ նրան, Ֆուտուրուսն էլ հետը:

‑ Բարև ձեզ:

‑ Բարև:

‑ Ներեցե՞ք, դուք չեք հիշում, այստեղ արձան չի՞ եղել:

‑ Արձանն ի՞նչ է:

‑ Լետո՜,- հանկարծ դղրդաց Էլիի ականջի մեջ: Էլին շրջվեց: Կողքին ևս մի գեղեցկուհի էր՝ լիովին մերկ: Հանկարծ հասկացավ, որ հրապարակի բոլոր պարողները, Խաշխաշի պողոտայից հրապարակ լցվող գետը, միադեմ են: Միադեմ ու մերկ:

‑ Ձեր անունը Լետո՞ է:

‑ Այո՛,- միաբերան պատասխանեցին հրապարակի ջրապտույտն ու պողոտայից ջրապտույտի մեջ թափվող ծիծաղախինդ գետը:

‑ Դուք որևէ բան հիշո՞ւմ եք Քրոնոսի մասին:

Ջրապտույտն իր մեջ առավ Էլիին ու Ֆուտուրուսին, պտտեց, պտտեց, հասցրեց կատարին ու դուրս շպրտեց: Էլին բացեց աչքերը: Կողքին Ֆուտուրուսն ու Լետոն էին:

‑ Եկեք ապագան կառուցենք,- ասաց Ֆուտուրուսը:

‑ Չէ՛, ավելի լավ է անցյալը կառուցենք: Ես այն հիմա հստակ պատկերացնում եմ: Լետոն անհետացել է, որովհետև ոչինչ չի հիշում: Փոխարենը մենք՝ անմոռուկցիներս ամեն բան գիտենք:

Լետոն նայում էր երկուսին: Հետո Ֆուտուրուսին գրկեց ու համբուրեց: Ու նրանք երկուսով ձեռք ձեռքի տված քայլեցին:

‑ Էլի՜,- լսվեց թիկունքից: Վերջն էր:- Բոլորը քեզ են փնտրում: Ես այստեղ գալու քաջությունն ունեցա: Հայրդ հուշեց: Ասեց՝ Այնտեղ կլինի:

‑ Իսկ սա ի՞նչ տեղ է,- հարցրեց Էլին:

‑  Մեր փակուղու վերջն է: Արի տուն գնանք:

Վերջի աչքերը փակ էին:

‑ Աչքերդ ինչո՞ւ ես փակել:

‑ Չեմ ուզում տեսնել:

‑ Ինչո՞ւ:

‑ Իմ հիշածն ինձ հերիք ա: Ապագան վերջն ա, իսկ Վերջը ես եմ:

Երկնքից երեք խնձոր ընկավ ու Էլին արթնացավ Կարմիր խնձորի պողոտայում: Նրան ծեծում էին: Ու կարմիր շրթներկով ուսուչուհին բղավում էր.

‑ Քանդե՛ք, էնպես քանդեք, որ էս դասը կյանքում չմոռանա:

Ծեծողները Վերջն ու Ֆուտուրուսն էին: Նրանց կողքին պարում էր ժպտադեմ Լետոն:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

sixteen − 13 =