Գրիգոր Սարգսյան

Մի քիչ հավակնոտ է, երևի, որպես գրող ներկայանալը, նույնիսկ եթե մանկուց գիտես, որ հենց դա ես, որ ոչ թե «երազում ես դառնալ», այլ՝ արդեն ես, ուղղակի քո բնույթով, և սպիտակ, blank թուղթը քեզ համար ոչ թե մարտահրավեր է (իրականում գրողները ստում են՝ տեքստ շարելը մեծագույն հաճույք է), այլ՝ երջանիկ հնարավորություն լցնելու այդ դատարկությունը քեզնով: Քլիֆորդ Սայմակի վեպերից մեկում գրող դառնալ երազող մի հերոս կասկածում էր՝ միգուցե ես մեկն եմ էն սուտ գրողներից, որ ողջ կյանքում մտմտում են մի վեպի վրա ու էդպես էլ ավարտին չեն հասցնում, հը՞: Չէ, ինձ ուրիշ տեսակ կասկածներ են միշտ տանջել: Գրելը՝ կգրես: Մի ժամանակ բանաստեղծությունները թափվում էին, ինչպես առատության եղջյուրից, ես գրում էի, տետր տետրի ետևից, հետո օտար ազդեցություն նկատում, խոտանում, այրում (… այո, ցուրտ իննսունականներին իմ մրոտած թղթերը ահագին վառելիք ծառայեցին): Հետո ափսոսում ես, մտածում՝ միգուցե այդ պահի ներշնչանքը շնորհ էր, որ քոնը չէր, ուղղակի տրվել էր, և էլ ետ չես բերի: Առնվազն հետաքրքիր կլիներ հիմա նորից թերթել: Բանաստեղծություն գրելը խաղուպար է, երևի բանաստեղծությունն իրավունք էլ չունի այլ կերպ ծնվելու, ես չգիտեմ, թե ինչ ասել է ծրագրային բանաստեղծություն: Միգուցե այն, ինչ հեշտ է ծնվում, ունի մեծագույն արժեքը… 90-ականներին կային ալտերնատիվ երաժշտություն ստեղծող խմբեր, որոնք մի գիշերում մի ամբողջ ալբոմ էին ձայնագրում: Խնդիրն այն է, որ դա արդեն քո անձնական վաստակը չի: Մի արձակ պոեմում գրեցի. «Ոչ թե ես – այս մոլորակի՝ բանաստեղծություններ գրելու լիմիտն է սպառվել»: Եկավ մի պահ, որ հասկացա՝ իմ կիրքը արձակն է: Հենց նրա համար, որ դժվար է տրվում: Պոետն ուղղակի բարձրանում է լեռան գագաթն ու տեսարաններ ուրվանկարում: Արձակագիրը մեծ տաժանքով երկաթգիծ է գցում դեպի այդ նույն լեռան գագաթը այնպես, որ մյուսներն էլ իրապես բարձրանան ու տեսնեն ողջ համայնապատկերը, ավելին՝ ողջ ընթացքը, քանի որ բանաստեղծությունն ակնթարթ է, իսկ արձակն՝ ընթացք: Ունեմ գրած մի քանի վեպ, մի քանի վիպակ, մի քանի տասնյակ պատմվածք, որոնցից շատերը էլի հաճույքով կխոտանեի: Վեպն ամենաշքեղ ժանրն է, ողջ աշխարհը՝ մի կիզակետում: Պատմել ամբողջը՝ մի տեքստով,– սա է իմ իդեալը, գրեթե անիրականանալի, բայց ժամանակի ընթացքում նյարդերդ սկսում են ծայրաստիճան լարվել, և հետո՝ կասկածում ես քո ներքին չափանիշների վրա: Շատերը ձգտում են շրջանակի մեջ տեղավորվել, իսկ ի՞նչ է, ասենք, «Գուլիվերի ճանապարհորդությունները»՝ հանճարեղ վե՞պ, թե՞ բոլոր շրջանակներից դուրս ընկած մի ինֆանտիլ ֆանտազիա՝ լիքը անհեթեթություններով: Եվ երբ նյարդերդ էլ չեն դիմանում, օգնության են հասնում հրապարակախոսությունը, ցպահանջ թխված տեքստերը, որոնք նույնպես գոյաձև են՝ մաքառել առօրյայի նևրոտիզմի դեմ՝ դրան ձև, ռեֆլեքսիա ու կարճատև ամբողջականություն տալով: Կարճատև, որովհետև այստեղ միտքը միտք է ծնում, թեման՝ թեմա: Ինչպես որ թարմ հացը այն հացն է, որ ամեն օր թխում ես: Բայց կա հարցի նաև մյուս՝ ոչ պակաս կարևոր կողմը – թե ի՞նչ են մարդիկ քեզնից կոնկրետ սպասում: Փառք է, եթե ինչ-որ բան սպասում են՝ ինչպես սպասում են հացին: Փառք է, եթե դու ստեղծում ես ոչ թե պարզապես «l’art pour l’art», այլ՝ կենդանի խոսք, անկախ ձևաչափից: Միգուցե դա այն հազվագյուտ դեպքն է, երբ ձայն բազմացն իրոք Աստծո ձայնն է: Չգիտեմ: 7/9–2017

Բնագրեր

Նիցշեի գաղափարախոսության նպատակը ոչ թե մարդն է, այլ՝ գերկապիկը: Երբ գերկապիկը գլուխ բարձրացնի, մարդն, ընդհակառակը, լինելու է հալածված, անկյուն քշված, բոլոր կողմերից մերժված ու իրավազրկված մի մարգինալ: Մարդը խանգարում...

Տարածության զգացողությունն է փոխվել: Կորել է այդ ֆանտաստիկ ապրումը, որ Կովկասից մինչև Կամչատկա ու Կալինինգրադ քո անսահման հայրենիքն է, որ նույնիսկ տիեզերքն է քոնը, և շուտով ոտք կդնենք հեռավոր...