Արթուր Միրզոյան
Խոսքը միշտ մեկ ուրիշի մասին է։
Ինչպե՞ս խոսել էականից՝ չընկնելով ո՛չ բարեկրթության, ո՛չ նարգիսականության թակարդը, չբանեցնելով ինքնություններ ու չձևակերպվելով որպես մի անորոշ, ընդհանրական էություն։ Կարևո՞ր է ասել, որ ծնվել եմ հետսովետական երկրում, ուր վաղուց արդեն հավատ չկար ապագայի հանդեպ, կամ որ ապրում եմ Երևանում, որը վաղուց չէ, ինչ քաղաք է։ Երբեք ինձ չեմ տեսել ինչ-որ շրջանակելի իրականության, ամբողջի մասը՝ ժամանակակից, ինքն իրեն հղվող ու իրենից սպառվող, շատախոս։ Միշտ մեկ ուրիշն է, այնտեղ՝ ստվերի տակ նստած, լսող, շոշափող, քայլող մայթեզրին, խոսող։
Դատարկ հարց է՝ գաղափարակա՞ն պիտի լինի գրականությունը, թե՞ ոչ։ Պիտի դաստիարակի՞, հաստատի՞, մերժի՞, հեղափոխի՞։ Խուսափել ավանդույթից, խուսափել այս եզակիությունից․ ապարդյուն փորձեր։ Փորձում եմ գրել՝ ավելի ու ավելի հեռանալով եղածից, ընդունել լրտեսի ու ականատեսի դիրքը, չվավերագրել, խտրություն չդնել, միևնույն ժամանակ՝ չլինել «կեղծ»։ Շարունակաբար կառուցել մեկ այլ բան։ Դադարե՛լ խոսելն այս ընտանի լեզվով։