Անահիտ Ղազախեցյան
Ես ծնվել եմ Վանաձորում, ու երբեք չեմ մոռանա այն հեռավոր երկու երեկոները, երբ 1. մայրս տվեց «ռոբինզոնը» կարդամ (որի վերջին տասը-տասնհինգ էջը մինչև էսօր չեմ կարդացել), 2․ երբ հայրս ինձ արթնացրեց մի օր, որ «թռիչք կկվի բնի վրայով»-ը նայեմ (որը հետագայում մի տասը-տասնհինգ անգամ նայել եմ)։ Սառույց ուտում եմ ամեն ձմեռ։ Աքիլեսի հանդեպ սիրուց դրդված 11-12 տարեկանում որոշել էի անգիր սովորել ամբողջ «Իլիականը», հետո, փառք աստծու, մեծացա։
Երևի ազնիվ չէ պատմելը ուրիշի հիշողությունների մասին, որոնցից խոսելու անհրաժեշտությունը, սակայն, գնալով ահագնանում է, անդիմադրելի դառնում, չի տեղավորվում ներսում․ չեմ կարողանում։ Սև թեյից կանաչին անցնելու դժվարությունը, առաջին հարկից հետո անվերելակ հինգերորդում ապրելու անտանելիությունը, համարյա չքնելուց հետո արթնանալու պարտականությունը, գերմաներեն բառեր արտասանելու ուժասպառ անող մի քանի րոպեն, չսիրած տղաների հետ ժամադրություններից մի կերպ թռնելու յուրացրած արվեստը՝ շղթա, որում ապրում եմ՝ ականջս սովորեցնելով սիրած ձայներին, աչքերս՝ գույներին, մարմինս՝ ճիշտ ագրեգատային վիճակին, առանց որոնց գոյությունը ծանր է թվում՝ տիբեթյան բարձրավանդակի պես։ Հա, ինչ-որ բաներ ինձ երբեք հանգիստ չեն տալիս, ստիպում են անկապ տեքստեր ասել ու գրել, պատմել իրենց մասին, վերջերս՝ Քոհընից (մինչև հիմա պարբերաբար ստուգում եմ՝ հաստա՞տ մահացավ, թե ամեն դեպքում քնած եմ եղել) թարգմանած-կիսատ թողած մի տեքստ ու ա․-ի նմանությունը հին հունական աստվածության՝ նորհայկական սևահերությամբ ու սևաչքունքությամբ։ Հետո էլ Վախի զգացումը, որ տարիներ հետո կմոռանամ` ա․-ն ով էր, հատկապես, որ նրա սև-սև մազերը մեկ էլ տեսար սպիտակած լինեն։
Կյանքի տարբեր պահերին փորձեցի խամյակներ ու կրիա պահել, առաջինները սատկեցին, իսկ կրիային հետ տարա կենդանիների խանութ։ (Սա երևի նախադասություն էր գոնե ինչ-որ բան փրկելու մասին, չգիտեմ)։ Մեկ-մեկ ինձ նույնականացնում եմ վագրերի հետ, մեկ-մեկ թվում է՝ կերան ինձ վագրերը, մեկ-մեկ վագրերին որսում ու վանդակի մեջ եմ պահում՝ մինչև ուժասպառ լինելը։ Մի ժամանակ երազներս ջրին պատմելու փոխարեն ձայնագրում էի։ Մաշկիս տակ ապրող բաներ կան, որոնց մասին հոգ եմ տանում․ վառվող քաղաք, բախի տոկատաներ, կենտավրոսներ, մեկ սիրելի ուրբաթ, անհետացող աստված, մեկ սիրելի ձկնորս, կապույտ կազմով գիրք, գոա գնալու հասցե, ջրաշուշան, հայտնվող աստված ․․․ գրվող բանաստեղծություն։
Իսկ ընդհանրապես ինչ-ինչ, բայց ես ամենևին չհասցրի հին, սևուսպիտակ լուսանկարներ ունենալ ու նախընտրեցի ծնվել 1999 թվականն ավարտին հասցնող դեկտեմբերյան երեկոներից մեկին,
և այստեղ ու այսօր ես 19 տարեկան եմ՝ ինչպես երբեք։