Աննա Մուրադյան

Առավոտները խելացի մտքեր երկնելուն հարմար չեն: Բայց մի՞թե կա նման պարտավորվածություն: Կարծում եմ՝ այո: Բայց ոչ որովհետև՝ այդպես պետք է: Այլ, որովհետև՝ այդպես ճիշտ է ու հարմար: Այդպես են մտածում բոլորը, ու դու էլ՝ որովհետև որոշ նկրտումներ ունես՝ կարծում ես, որ պետք է հետևել մասսային: Մասսան ամենազոր է: Ասում էր Յոթծովիմերանը, ու սովետական երջանիկ ու անհոգ տարիներին, երբ կարծում էիր, որ կյանքի ամենակարևոր բանը գրքեր կարդալն ու հարմար տեղում հարմար գրողի հարմար տողերը ցիտելն է, դեռ չգիտեիր, որ այդ պարզ մտքի տակ ինչպիսի հզոր ուժ է թաքնված: Հիրավի: Մասսան ամենազոր է: Բայց, թերևս, ոչ ամենազորեղը: Զորեղից զորեղ էլ կա: Ու կան անհատներ, ու թերևս՝ միջոցներ՝ վիճարկելու մասսային ուժն ու նոր կանոններ թելադրել այդ նույն մասսային: Հենց այդպես էլ փոխվում են կանոնները, որոնք ժամանակի ընթացքում մասսայի էության միջոցով մարսվելով՝ կարծրանում ու կազմում են նոր խոսույթի առանցքը՝ այդպիսով կրկին ստիպելով քայլել բոլորի հետ ու նրանց պես: Մասսայի ու նրա զորեղության, ինչպես նաև առավոտյան՝ լուրջ դեմքով խելացի մտքեր երկնելու անհնարինության մասին երևի թե տարբեր իմաստասիրական տրակտատներ գրված կլինեն: Դրանցից մեկն իմ սրտին հատկապես դուրեկան է. ժպտացեք պարոնայք. դուք չափազանց լուրջ եք:[1] Իսկ ես պետք է սույնով ինքնակենսագրական տեքստ գրեմ, որը սովետական տարիներին հնչում էր շատ պարզ.

Ինքնակենսագրություն

Ես՝ Աննա Մուրադյանս, ծնվել եմ Սովետական Հայաստանի Է. քաղաքում՝ բանվորի ընտանիքում: Հայրս՝ …., մայրս՝ … և այլն:

Ինչպե՞ս կգրեի հիմա այս ինքնակենսագրությունը: Ասյտեղ պետք է անպայման ընդմիջել անգլերենով՝ well, ժամանակների հետ ամեն ինչ փոխվում է, այդ թվում՝ դու: Անգլերենը պետք է, որովհետև, երբ մեկումեջ գցում ես՝ էդպես cool է ու ինքնատիպ: Նույն սինդրոմը կա ռուսախոս հատվածում: Սա միայն հայերին տիպիկ չէ: Ասենք, օրինակ, ռուս cool հատվածը սովորական կարագին ասում է баттер, այիսնքն՝ butter. Նման օրինակները բազմաթիվ են:

Երբ ես փոքր էի, հիշում եմ, թե ինչպիսի ատելություն կար կապիտալիստական Արևմուտքի ու նրա ծնած սովորությունների դեմ: Օրինակ, հիշում եմ, որ երեխաներով քննարկում էինք, թե ինչպիսի անհեթեթություն է բարեկամների տուն գնալուց առաջ պայմանավորել ու վստահ լինել, որ բարեկամը ոչ միայն տանն է, այլև՝ քեզ սպասում է: Այդ ժամակներում միանգամայն բնական էր, որ բարեկամի տուն պետք էր գնալ՝ երբ ուզես ու ինչքան ուզես: Որ բարեկամը, կամ՝ հարևանը հենց դրա համար է, որ կա:

Այդ ժամանակներից հետո ոչ միայն տեխնիկան է զարգացել, այլև իմ՝ սովետական գաղափարախոսական հիմքի վրա կերտված միտքը: Այժմ ես, օրինակ, կվիճարկեի զարգանալ բառը, որովհետև այն իմ համար եզր է ու նշանակում է կոնկրետ բան: Բայց դրա փոխարեն ես կգերադասեի նշել, որ նույնիսկ 5 տարի առաջ, երբ Հայաստանից հեռացա, իսկ դրանից էլ մի 8 տարի առաջ, որ ապրում էի ծնողներիցս առանձին՝ իմ համար աշխարհի ամենատարօրինակ ու կտրականապես անընդունելի սովորույթը հենց առանց զգուշացնելու ու հրավերքի եկած հյուրն էր: Ինչպե՞ս է հնարավոր ընդամենը մի երկու տասնամյակի ընթացքում այսպիսի տոտալ տրանֆորմացիա: Սա հարց է, որ ինձ հետաքրքրում է:

Փոփոխությունը տեղի չի ունենում հենց այդպես՝ զուտ քո մտքում: Որովհետև մտքերը դատարկ տեղում չեն գոյանում, ու նրանց գոյությունը վերացարկված չէ: Նրանք ծնվում են մարմնում՝ ամենատարբեր ծագման տեղեկատվական հոսքերի հետ ունեցած բազմազան հարաբերությունների արդյունքում: Մարմինը մտքերի պահեստարան է, անոթ կամ տարա, որտեղ նրանք պահվում, ապրում, մեռնում, նորոգվում ու վերածնվում են: Մարմինը մարդու՝ աշխարհի թիվ մեկ կարևոր ունեցվածքն է, որ կա: Եթե վերանանք այնպիսի գաղափարներից, ինչպիս են՝ մայր, հայրենիք, սեր և այլն: Բայց այդ գաղափարներն էլ կրկին մարդու ունեցած վերաբերմունք է՝ մտքերի տեսքով, որոնց կացարանը հենց մարմինն է:

Ինձ հետաքրքրում է մարդու, իսկ ավելի կոնկրետ՝ կնոջ մարմինը: Ու թե ինչպես են մարմինները կերտվում կամ կրում մարդու փորձառությունը: Մարմինը օբյեկտ չէ: Ինչպես կարծում էի(նք), այլ լիիրավ սուբյեկտ, գորշ կարդինալի մի տեսակ, որը տակից այնպես է անում իր գործը, որ թվում է, թե մարդը հենց այդպես է ուզեցել կազմակերպել իր վարքը:

Այս տեքստում բազմաթիվ կենսագրական դետալներ կան, բայց եթե այսօր ես փորձեի գրել իմ կենսագրությունը, ես կկարևորեի չորս դետալ. գենդեր, դաս, տարիք, աշխարհագրական ծագում:

———

 

[1] Հղում «Այն նույն բարոն Մյունհաուզենը» ֆիլմին: Ամբողջական հղումը. «Ես հասկացա, թե որն է մեր դժբախտությունը: Դուք չափազանց լուրջ եք: Խելացի դեմքը դեռևս խելացի լինելու նշան չէ, պարոնայք: Բոլոր հիմարությունները աշխարհում կատարվում են դեմքի հենց այդ նույն արտահայտությամբ: Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք»:

Բնագրեր

Մոնիկա

Կներես Մոնիկա: Որ չկարողացա թաքցնեմ մտքերս ու ստիպեցի, որ դրանք կարդաս իմ դեմքին: Թեպետ այդքան էլ վստահ չեմ. մտքերս էին արդյոք դրանք, թե՞՝ զգացմունքներս: Ինչո՞ւ քո դուստրը օդում կախված թողեց...