Լիջիա Ժանգ
Լիջիա Ժանգը գործարանի բանվորուհուց դարձել է արձակագիր, սոցիալական մեկնաբան և հանրային խոսնակ: Նա այն սակավաթիվ չինացիներից է, որ միջազգային հրատարակչությունների համար կանոնավոր գրում է, նրա անգլերեն հոդվածները հայտնվել են The Guardian, Newsweek և The New York Times-ում: Նա գրաքննադատների գովասանքին արժանացած «Սոցիալիզմը հոյակապ է» հուշագրության հեղինակն է, որը հրթիռային գործարանում ունեցած նրա փորձի մասին է, ինչպես նաև հեղինակն է իր առաջին «Լոտուս» անվամբ վիպակի, որը ներկայիս Չինաստանում պոռնկության մասին է, որին անդրադարձել են BBC-ի World Book Club ծրագրում: Լիջիան ելույթներ է ունեցել բազմաթիվ կոնֆերանսներում, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել այնպիսի համալսարաններում և ինստիտուտներում, ինչպիսին են Հարվարդը, Ստենֆորդն ու Օքսֆորդը: Նա BBC, Channel 4 և CNN-ի կանոնավոր խոսնակներից է: Իր ժամանակը կիսում է Պեկինի ու Լոնդոնի միջև:
«Ես հրթիռների գործարանի բանվորուհի եմ եղել, ով հետագայում դարձավ արձակագիր, ինչպես նաև` մոլի ճանապարհորդ: Կարծում եմ, դրա պատճառն այն է, որ ես մեծացել էի փոքրիկ ու սահմանափակ աշխարհում:
Ծնվել եմ Նանջինգում, անապահով աշխատավոր մարդկանց ընտանիքում, Յանցզի գետի ափին, արևելյան Չինաստանում: Երբ 16 տարեկան էի, դպրոցից դուրս մնացի ֆինանսների պատճառով ու սկսեցի աշխատել ռազմական գործարանում, որը միջմայրցամաքային հրթիռներ էր արտադրում: Մահու չափ ձանձրանալով յուղոտ հաստոցներից` փախա այդ ամենից՝ ինքնուրույն անգլերեն սովորելու միջոցով: Հետ նայելով՝ հասկանում եմ, որ լեզու սովորելը փոխել է իմ կյանքը: Այժմ, երբ դուրս եմ եկել իմ փոքրիկ աշխարհից, ուզում եմ որքան հնարավոր է շատ ճամփորդել:
Այս ամառ մի հոյակապ ճանապարհորդություն ունեցա դեպի Հայաստան այնտեղ ապրող իմ գրչակից ընկերների շնորհիվ: Դանան, ով ամերիկահայ գրող է, ինձ ծանոթացրեց Հարությունի հետ, որ հայ արվեստագետ և հրատարակիչ է և հրատարակել է Դանայի գրքերից մեկը:
Երբ հանդիպեցի Հարությունին՝ յոթանասունն անց այդ հմայիչ տղամարդուն, հարցրեց, թե ուր կուզեի գնալ, և առաջարկեց ինձ ցույց տալ Երևանը: Ասացի՝ Փարաջանովի թանգարան: «Հրաշալի է»,- պարզապես պատասխանեց նա:
Իմ կովկասյան արկածների հետևից մեկնելուց առաջ Լոնդոնում մի սովետական արտ-հաուս էի դիտել, կոչվում էր «Նռան գույնը»: Չափազանց տպավորված էի, թե ինչքան ժամանակակից ու ինքնատիպ էր ֆիլմը, որ կատարելապես տարբերվում էր Սովետական սովորական սոցիալիստական ռեալիզմի ոճից: Պարզվեց, որ այն նկարահանել է հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
Երբ մոտեցանք թանգարանին, որը Երևանի կենտրոնում է գտնվում, նկատեցի ավանգարդիստ կինոռեժիսորի հսկայական լուսանկարը՝ տան պատին: Նկարը ցույց տալով՝ Հարությունն ի միջի այլոց ասաց. «Իմ գործերից մեկն է»: «Իրո՞ք»: Պարզվեց, որ իմ այս նոր ընկերը նաև լուսանկարիչ էր ու նաև` Փարաջանովի ընկերներից: Նա էր հրատարակել ռեժիսորի արվեստի գործերը՝ կոլաժները, հավաքածուներն ու քանդակները:
Այդ կախարդական երկհարկանի տունը իր հոյակապ բակով, լի էր Փարաջանովի ֆանտաստիկ արվեստի գործերով: Վառվելով ստեղծագործ մտքերից՝ նա անընդհատ արվեստ էր ստեղծում, նույնիսկ երբ բանտում նստած էր. նրան մի քանի անգամ բանտարկել էին իր, այսպես կոչված, «անբարո վարքի» համար: Փարաջանովը բիսեքսուալ էր: Հարությունն ինձ ուղեկցեց թանգարանում իմ շրջագայության ժամանակ, որը համ ու հոտ հաղորդեց այդ աներևակայելի տաղանդավոր կինոռեժիսորի ապրած զարմանալի, բայց և ողբերգական կյանքին: Ինչքան էր բախտս բերել, որ Հարությունի նման գիտակ մարդն իմ ուղեկցորդն էր:
Հաջորդն, ում մասին պիտի պատմեմ, գրող և բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանն է: 2009 թվականին միասին մասնակցում էինք Այովայում գրողների միջազգային ծրագրին: Նա ինձ տպավորել էր իր պոետիկ տաղանդով ու գունագեղ զգեստներով: Վերջերս մենք այդքան շատ չէինք շփվել, ու ես մի տեսակ չէի կապում նրան Հայաստանի հետ: Մի օր Երևանում, երբ մի ուրիշ հայ գրողի հետ հանդիպում էի փորձում կազմակերպել, Ֆեյսբուքի նամակագրության ծրագրից օգտվելիս նկատեցի, հաճելիորեն զարմացած, որ մենք ընդհանուր ընկեր ունենք՝ Վիոլետը: Այ քեզ բա՜ն: Իհարկե, ախր նա իրանաՀԱՅ է: Անմիջապես գրեցի վաղուց կորած ընկերոջս՝ «Ես քաղաքում եմ, հուսով եմ՝ դու էլ»: Այդպիսով, Հայաստանում գտնվելուս վերջին օրը հաջողացրինք հանդիպել:
Վիոլետի առաջարկով՝ նրան այցելեցի Թումո ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ նա ստեղծագրություն է դասավանդում: Նա ինձ այնտեղ ամեն բան ցույց տվեց` մի դասասենյակից մյուսն անցնելով, որտեղ ուսանողները սովորում են գրաֆիկ դիզայն, անիմացիա կամ համակարգչային հմտություններ են ձեռք բերում: Ես զարմացել էի, որ հայերը փորձում են ժամանակակից տեխնոլոգիաներից հետ չմնալ:
Դրանից հետո մենք մի շքեղ ընթրիք պատվիրեցինք Թումոյի այգու մոտ գտնվող ռեստորանում: Այնտեղ իրար հետ կիսվեցինք մեր կյանքի նորություններով: Իմ այս բոլոր արվեստագետ ընկերներն օգնել են, որպեսզի հասկանամ Հայաստանը, խորացնեմ հիացմունքս այս երկրի հանդեպ, որն իր հարուստ ու դառը անցյալով հանդերձ` չի հանձնվում: Անհամբեր սպասում եմ վերադարձիս»: