Մաշա Մելիք-Ադամյան
1977թ. հոկտեմբերին մի լույս դիպավ երկրագնդին, ու ծնվեցի ես։ Աշխարհ եմ եկել բաց աչքերով, որի համար բազմաթիվ անգամներ պատժվել եմ, բայց երբեք չեմ պայքարել ու չեմ պայքարի ոչ մի բանի դեմ ու ոչ մի բանի համար։ Միշտ թաքուն ժպտացել եմ ու մեծամտաբար նայել նրանց, ովքեր շարունակ տքնում ու քրտնում են կյանքի պայքարի մեջ, բայց երբեք այդ արհամարհանքիս մեջ բավականին չարություն չեմ գտել, որպեսզի միանալով չեչենական շահիդուհիներին՝ մի ռումբ էլ ես պայթացնեմ այս աշխարհի տիրոջ որջերում։ Դրա պատճառը իմ ծուլությունն է։ Մարդիկ կան, որ մի քանի ժամ անգամ չեն կարողանում հանգիստ մնալ, բայց ես կարող եմ ամիսներով ոչինչ չանել՝ բացի թաքուն ժպտալուց, ու դա ինձ միայն հաճույք է պատճառում։ Ամոթի զգացումը բացարձակ չեմ ճանաչել մինչեւ 14 տարեկան, երբ հայրս ինձ պատահմամբ տեսավ սեղանին մերկ պառկած։ Դրանից հետո ապրած ամոթս հաղթահարել եմ՝ շարունակ նկարելով։ 17-18 տարեկանից, հանգամանքների բերումով, կյանքս առժամանակ դարձել է թափառականի կյանք։ Ապրել եմ Վրաստանի, Աբխազիայի եւ Հյուսիսային Կովկասի զանազան վայրերում (մայրս չերքեզահայ է)։ Ոչ մի տղամարդ չեմ թողել ինձ մոտենա այդ տարիներին։ Ստեղծել եմ իմ կրոնը, որին միայն ես եմ տեղյակ եղել, ու աշխատել եմ դրա սրբազան լեզվի մշակման վրա, որը դեռ անավարտ է։ Մարմինս դարձրել եմ գեղանկարչական պարապմունքներիս ու փորձերի առարկա, խոսեցրել եմ նրան երկար երեկոներով ու գրի եմ առել նրա խոսքերն ու մտքերը։ Իմացել եմ իմ մասին ավելի, քան կարելի էր ու պետք էր իմանալ, բայց ոչ ոքի չեմ ցույց տվել այդ իմացությունը։ Վերջը վերադարձել եմ Երեւան ու ապրել համեստ ու մասնավոր կյանքով։ Ոչ մի տուսովկա չեմ այցելել ու չեմ էլ ուզում։ Թաքցնում եմ իմ ով լինելը։ Ուրախ եմ ու բավականին երջանիկ։ Ապրում եմ՝ ինչով պատահի։ Սիրում եմ մարմինս ու նրա մեջ թաքնված ժպիտ-հոգին։ 2 տարի առաջ, երբ աշխատում էի ականազերծման հետ կապված միջազգային մի ծրագրում, այցելեցի սահմանամերձ գյուղերից մեկը Նոյեմբերյանի շրջանում։ Դեռ Հյուսիսային Կովկասում եղածս ժամանակ կատարելագործվել էի որպես լավ նշանառու՝ ժառանգելով դրա բնատուր ունակություններս պապիցս։ Կանգնելով սահմանային մի բլուրի վրա՝ զգացի, թե մարմնովս ինչպիսի մեծ գայթակղության էրոտիկ դող է անցնում։ Զինվորներից մեկի հետ կոկետություն անելով՝ համոզեցի նրան տալ ինձ իր զենքը։ Հեռադիտակով դիտեցի մեր դիրքերի դիմաց գտնվող թուրքերի զորամասը։ Ընտրեցի մի կիսամերկ ու գեղեցիկ դեմքով թուրք երիտասարդի, որը լվանում էր դեմքը հոսող առվակի ջրերում։ Խփեցի նրան մեկ հարվածով։ Արեցի այս սպանությունը գիտակցաբար, բայց առանց ատելության զգացմունքի։ Իմ սառնասրտությունը շատ հեռու էր սովորական սառնասրտությունից։ Հաշվարկ չէր։ Սա, եթե կարելի է այդպես որակել, մոլեգնության սառնասրտություն էր, որը կհասկանա միայն նույնը վերապրած մարդը։ Դրանից հետո գիշերային մղձավանջը հետապնդում էր ինձ։ Սպանված տղան գալիս էր աչքերիս առաջ, ու ես թախանձագին խնդրում էի ներել ինձ՝ ոչ թե վախից, այլ հոգեւոր իրական անկեղծ տառապանքներից։ Չէի քնում մինչեւ լուսաբաց, մազերս թափած ու ծնկաչոք զղջալով արարքիս համար ու տանջանքերի ենթարկելով մարմինս։ Առավոտյան կողմ ուժասպառ ընկնում էի անկողին ու արթնանում էի հանգստացած ու լուսավորված՝ մի տեսակ ոգեշնչանքով զբաղվելով իմ գործերով մինչեւ մութն ընկնելը։ Ես կարծում եմ՝ այդ տղան ներեց ինձ, որովհետեւ այժմ գիշերներն ինձ այցելելով՝ սիրում է ինձ, ու ես տրվում եմ իրեն։ Նա հայտնեց իր անունը՝ Զաուր։ Նա Դաղստանին սահմանակից լեզգիական գյուղից էր։ Ասում է, որ ես սուրբ եմ իր համար։ Ես համբուրում եմ նրա ձեռքերը։ Բայց այս բոլորն, իհարկե, իրականություն չի, այլ իմ հիվանդագին երեւակայության արդյունքն է։ Շատ ասելիք չունեմ իմ մասին։ Ես գրող չեմ, գրել հենց այնպես չեմ կարող, եթե չկա մեկը, որին ուղղված են գրածներս, թեկուզ այդ մեկը լինեմ հենց ես։ Այդ պատճառով ես գրել եմ միայն օրագրեր, նամակներ եւ այլն։ Դրանցում գրեթե չկան հորինված իրադարձություններ։ Եվ դրա համար էլ իմ իսկական անունը չեմ հայտնի։ Չեմ ուզում դառնալ ուշադրության առարկա եւ խանգարեմ իմ արեւային հանգիստը։ Իմ կատարված-չկատարված սպանությունը համարում եմ ակտուալ արվեստի ավելի մեծ գործ, քան Ջոկոնդան, թեեւ սիրում եմ վերջինիս։ Կարող եք գրել ինձ` artrockmasha77@mail.ru հասցեով։