Արտակ Ալեքսանյան

«- Իսկ ճի՞շտ է, որ բոլոր լրագրողները երազում են վեպ գրել,- հարցրեց աղջիկը։ – Իհարկե ոչ,- ստեցի ես…»։Դովլաթովի այս տողերը կարդալուց հետո՞ ոգեւորվեցի, թե՞ դրանից առաջ արդեն ոգեւորված էի- բայց գրել սկսել եմ սկզբում հենց այնպես, ինձ համար։ Ինչ է ստացվել՝ դատեք ինքներդ։ Այս պատմվածքները հրատարակելու համար ինձ ոգեւորեց Վիոլետը, որին գործերս ուղարկել էի՝ ընդամենը մի խնդրագիր կցելով, թե՝ Վիոլետ ջան, սա գրականությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե շատ վատն են, դադարեմ գրել ու ազատ ժամանակս գոնե ուրիշ, ավելի օգտակար բանի վրա վատնեմ։ Հիմա փաստորեն ես եւ դուք Վիոլետի որոշման պատճառն ու հետեւանքն ենք… Եվ այսպես, գնացինք… Սկզբում իմ ամենասիրելի պատմվածքը, հետո՝ ինչպես պատահի։ Մոռացա ասեմ՝ 27 տարեկան եմ, արդեն հասկացաք՝ լրագրող։ Ինչպես գրեցի այս պատմվածքները՝ ես էլ եմ զարմացած, քանի որ ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն՝ դառնալ գրող։ Բայց գրեցի։ Կշարունակեմ, թե ոչ, ինքս էլ չգիտեմ։ Առաջիկայում ծրագրում եմ՝ լինել խելացի, տաղանդավոր, դառնալ հարուստ, պրոֆեսիոնալ, ամուսնանալ, ավարտել երկրորդ մասնագիտական կրթությունս, գրել թեկնածուական թեզ, մեկնել արտասահման՝ մի երեք տարով սովորելու, գնալ Եվրոպա՝ մի երեք տարով աշխատելու, բացել իմ production կենտրոնը, շատ ճանապարհորդել ու ֆիլմեր պատրաստել։ Այս ամենը՝ մինչեւ երեսունս լրանալը։ Տեսնենք։

Բնագրեր

Նրա դիակը դեռ թարմ է։ Լավ է, որ պապիկի մառանը կա։ Ոստիկանները, միեւնույն է, ոչինչ չեն գտնելու, ինչպես փորձեցին ու այդպես էլ չգտան Արմինեին, Աննային...