Գոհար Նիկողոսյան

Երեկ «Հայկական խոհանոցում» աշխատելուս երրորդ օրն էր։ Աման լվացող էի։ Հոգեհացի բոլոր ամաններն ուզում էին իմ ջանին կապել։ Վրդովվեցի, գործից ելա, թող ներեն ինձ հանգուցյալը եւ նրա հարազատները։ Մինչեւ այստեղ հայտնվելս հավաքարարուհի էի «Թիթեռ» բարում։ Ավլում, սրբում, թափում էի փոշին, բայց չէի խլվլում ոչ մեկի դոշին։ Այնտեղ գլորեցի ողջ ամառս։ 2004 թվից հաշված դեպի հետ՝ վեց տարի Սարի-թաղում, տնետուն, օրավճարով դասավանդել եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Երբեւէ ամուսնացել եմ, վաստակել եմ մի տղա, մի աղջիկ։ Հիմա մենակ եմ ապրում։ Աշխատել եմ մեծահոգի Աշոտ Բլեյանի դպրոցում, եղել եմ զուլում մանկավարժ։ Դրանից առաջ աշխատել եմ Սոչիի Կատկովա-Շչել գյուղաքաղաքի դպրոցում։ Դրանից առաջ ավարտել եմ Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Դրանից առաջ էլ ավարտել եմ Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցը։ Մանկո չեմ գնացել, տեղը՝ չոլերում մողես եմ խաղացրել։ Ծնվել եմ։ Հաստատ ծնվել եմ 1965 թ. ամառվա վերջին օրը, քաղաքիս ծերին՝ Տեցի կրուգ։ Շատ եմ գրել, քիչ տպագրվել։ Տպագրվել եմ քաշովս մեկ։ Պուճուր-մուճուր եմ՝ հավերժ 40 կիլոյանոց մի դեմք։ Սեքսից աչքս մի քիչ կուշտ է, բայց հավատում եմ փոխադարձ միակ սիրուն ու հավատարմությանը, ամեն լուսաբացի այդ հավատով եմ զարթնում։ Մի օր ցուցակը կկազմեմ եւ կքաջատեղեկացնեմ ալամ-աշխարհին, թե քանի տղամարդ եմ տեսել։ Ամենաառաջին անգամ սիրահարվել եմ հորս՝ բեղմնավորվելիս, ապա հարազատ-մինուճար եղբորս՝ մի ամանից ճաշ ուտելիս։ Ռոբին Հուդը իմ երրորդ լուրջ սերն էր։

Բնագրեր

Գիտեի, որ աշխարհում լավ տղերք կան, բայց հականե-հանվանե չէի ճանաչում, ու…ստիպվա՞ծ էի, թե՞՝ ինչ, ամեն մի տղու լավ տղա էի ճանաչում, սակայն ինչ որ ճիշտն է, ճիշտը, իմ ճանաչածների...