Լուսինե Եղյան

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Ինձ անտանելի դուր է գալիս բառերի մեջ գոյություն ունեցող հիշողությունը, որը թույլ է տալիս կառուցիկ տեքստին խուսափել արտաքին գործոնների ազդեցությունից: Բանաստեղծությունը, հավանաբար, այն կորսված դամբարանն է, որը կրում ենք մեր մեջ, ու շարունակ նոր տարածքներ պեղում՝ նոր մեռլերների համար, այն աղավաղումը, որն առկա է մարդու ու սեփական բնության միջև: Գրողը տանի, ո՞րն է այն հիմնային պատճառը, որով կբացատրվեր մարդու հաղորդակցվելու ցանկությունը, կամ ի՞նչ կարիք կար խզբզել ժայռերի, քարերի վրա: Լռությունը կնշանակեր ներքին համերաշխություն քո ու այն նախամարդու միջև, ով ճաշին մամոնտ է ուտում: Բայց դրա անհնարինությունն ու մահվան մասին միտքը, ստիպում են ավելի ամուր կախվել բառերից կամ բառերի թողած իլուզիայից: Ես ծնվել եմ 1995-ին և սարսափելի կարոտում եմ այն եգիպտացիներին, որոնց հետ աստղային քարտեզներ էի կազմում:

Բնագրեր

*

անդունդներ, որոնք փակ են նոր փախուստների համար ու ճանապարհներ, որտեղ հանգրվանած դողը թույլ կտա, որ ներսիս թեքություններից հոսեն այն բոլոր վախերը, որոնք լափում են հիշողությունը փոքրիկ աղջկա մասին, ով...

Քեզ

սեղանի տակ վազվզող երեխաները հերձում են իրենց հայրերի մարմինները, ու նրանց մեջ բոլորովին արյուն չկա վերջացնելու այս սիրախաղը՝ ամենաչոր փայտը հաջորդ ձմռանը տաքանալու համար