Մինչ հայագիտության օբյեկտը` հայերը հրճվում ու հպարտանում էին ու են, որ ուսումնասիրության առարկա են, մինչ փնտրում ու պրպտում էին ու են հայի ու հայկականի մասին որևէ հիշատակում արևմտյան կողմն աշխարհի` որպես հավաստիք սեփական գոյության, մինչ դարերով արևմուտքին ուղղված հայացքով ոչ այնքան տեսնում, որքան ակնկալում էին տեսնվել ու սահմանվել 1978թ. հրատարակվեց Էդվարդ Սայիդի «Օրիենտալիզմը», և, ինչպես Ջուլիան Վիգոն է ասում «Ինքնագրին» տված իր Էսսեումª «ցնցեց Միջին Արևելքի ուսումնասիրությունների մարզը»: Իհարկե, Սայիդի գրքում հայագիտության մասին խոսք չկա, բայց բացում է դրա առաջացման պատճառը որպես արևելագիտության դրսևորում:

Շնորհիվ Մարկ Նշանյանի տեքստերի` «Ինքնագրի» այս համարի գլխավոր թեման դառնում ու հայկական միջավայրում  ակտուալանում է Էդվարդ Սայիդը: Ու եթե Նշանյանի բնութագրմամբ` Սայիդը փոխեց «օրիենտալիզմ» բառի արժեքն այնպես, որ այսօր այն նշում ու նշանակում է` արևմտյան թյուր կեցվածք Արևելքի նկատմամբ, չնաշխարհիկության քաղքենի արժևորում, գիտությամբ տիրապետելու տենչ, Արևելքը լռեցնելու կամ առնվազն` նրա փոխարեն խոսելու ձգտում, քաղաքական շահերի ներգործություն և այլն, ապա նաև փոխվում է «հայագիտություն» եզրը:

Ինչպես Ռուսաստանում էին «Օրենտալիզմ» գրքի շուրջ քննարկումները սկսվել շատ ավելի վաղ, մինչև այն կթարգմանվեր ռուսերեն 2006 թ., այնպես էլ հույս ունենք, որ Ինքնագրի այս համարն է նախորդում Սայիդի գրքի հայերեն թարգմանությանը:

Սահիդը, որը «ամեղորեն» դառնում է Հասիդ Հեկտորին ուտող դեռահասի բերանում, օրիենտալիստական թակարդով հայտնվում է նաև Միսաք Խոստիկյանի տեքստում, ուր պատումի, թերևս պետք էր ասելª պատումների կամ շերտերի ինքնահակադրումը անխուսափելիորեն հանգեցնում է դիալոգի բազմաձայնության, առերևույթª առնվազն երկխոսության:

Թեպետ ոչ ուղղակի, բայց երկխոսական են նաև որոշ այլ գործեր, որտեղ կողմերը կինն ու տղամարդն են: Գուրգեն Խանջյանի պատմվածքի հերոսը, ի պատասխան սիրած դեռատի աղջկա հարցի («Իսկ ազատությո՞ւնը…»), զարմանալի զուգադիպությամբ բառացի կրկնում է Խոստիկյանի հերոսուհու` բեմադրիչ կնոջ խոսքերը` նախ սովորիր: Սակայն իր առաջաբանում, ասես սեփական հերոսի հետ թաքնված երկխոսությամբ, Խանջյանը մերժում է «սովորել» ավելի ճիշտ` առողջանալը:

Երկխոսությունը «շարունակում» են առաջին անգամ հայերեն հրատարակվող ֆրանսահայ գրողի` Քլեր Տետեյանի հերոսները: Կինն ասում է` «այդպիսին է կյանքի օրենքը` մեկը սնվում է մյուսով»: Տղամարդը ճշտում է` «ոչ, մեկը տրվում է մյուսին»:

Շուշան Ավագյանը «շեղակիորեն» երկխոսում է հերթական կանացի անվան հետ կանանց անունների մասին` բացահայտելով «լռեցնելու կամ առնվազնª նրա փոխարեն խոսելու ձգտում» և «թյուր կեցվածք»` արևելքի փոխարեն այս դեպքում կանանց նկատմամբ:

Սոնա Աբգարյանը շարունակում է «Ինքնագրի» նախորդ համարում սկսած իր կոմիքսային երկխոսությունը` Թումանյանի և իր Անուշների միջև, իսկ Գոռ Ենգոյանի sms ինստալացիան էպիստոլյարիկ երկխոսություն է վիրտուալ ցանցում:

«Ինքնագրում» կողք-կողքի հայտնվելովª տեքստերը ինքնաբերաբար սկսում են խոսել նաև իրար հետ:
Գրականությունը խոսում է երկխոսություն:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.