***

նոր սիրո մեջ ամենադժվարը նոր քթին հարմարվելն է:

թե չէ վիճակները նույնն են, նույն փոքր երեխու աչքերը

համը հանող ձեռքի հպումները

անիմաստ sms-ները

պարտադրողականության զգացումը

հաղթած լինելու, բայց թույլ ձևանալու թատրոնը

մի կերպ մտքերը, մոտեցումները նույնացնելը

անիմաստ ֆլիրտը

իրար լավ զննելը

ճիշտ ինքնամատուցումը

իրենից ավելի սիրահարված չձևանալը

իր ընկերների հետ լավ հարաբերություններ հաստատելը

նախկին ընկերուհով իբր չհետաքրքրվելը

դրանք բոլորը հեշտ հաղթահարելի են

դժվարը նոր քթի առկայությունն է համբուրվելու ժամանակ:
***

մամաս օգնել է ինձ

պապաս խանգարել

կամ հակառակը
քույրս նպաստել է

եղբայրս հետ քաշել

կամ հակառակը

յարս երջանկացրել

մյուս յարս հիասթափացրել

կամ հակառակը

մարշրուտկայի վարորդը զզվեցրել

տաքսու վարորդը ձանձրացրել

կամ հակառակը

երաժշտությունը ստիպել է երազել

իսկ գրքերը խանգարել մտածել

կամ հակառակը

սուրճը ծարավացրել

իսկ ջուրը հագեցրել

կամ հակառակը

լոզունգները ոգևորել

իսկ հեղափոխականները քաքի համը հանել են

կամ հակառակը

ցուրտ տարիները չբեր դարձրել

մութ տարիները ուժեղացրել

կամ հակառակը

հոլիվուդյան սեքս-բոմբերը ճնշել

իսկ եվրոպական ֆիլմերը ինքնահաստատել

կամ հակառակը

ինձ նմանները հարմարացրել են

չնմանները ուրախացրել

կամ հակառակը
***

ես հեղափոխական եմ

ես անվախ եմ

ես լավն եմ

ու հիասքանչ

միտքս կտրուկ

սերս ուժեղ

կրծքերս մեծ

իմաստուն ու իմաստասեր

երկար ոտքեր

ու ճարտասան
ես հեղափոխական եմ

եղբայրասեր ու կարեկցող

ընենց սեքս-բոմբ եմ

բոլոր հավաքների սիրած հյուրն եմ

լավ հոգի ունեմ

ու լավ ընկեր եմ

մի խոսքով ես վերջն եմ

ինքնասիրահարված մի ապուշ եմ
***

ամենահեշտը ուրիշների մտքով առաջնորդվելն է

ժամանակ է մնում մատներդ հարդարելու

հետո շատ հանգիստ կարող ես սխալվել

չէ որ կարող ես ցուցամատդ տնկել դուրս

ու քաշվել ղրաղ

ընդհանրապես ճիշտը չմտածելն է

թե չէ որ մի հանճարն է երջանիկ եղել

բոլորն էլ մեծ հաշվով հիվանդ են եղել

իսկ ինձ այդ ամենը պետք չէ

ես սեքս եմ ուզում
***

ուզում եմ լինել գեր ու տգեղ

այլևս միտք չունենամ

ենթարկվեմ արուին

ու մտածեմ կոսմետիկայի մասին

սիրեմ սրճարանները

ատեմ գեղեցիկ աղջիկներին

սիրեմ ցուցամոլ տղաներին

պոպ  երաժշտությունը

ինքնահաստատվեմ երթուղայինի մեջ

ուշադրության կենտրոնում լինելուց

ինձ լավ զգամ երբ սիրում են ինձ

ուզում եմ երազանքս լինի նոր սամսունգի սոտվին

որ ընտրեմ սերժին

ինչ-որ գագոյի ախրանիկի քյաչալի ծալքերը սիրեմ

էմոցիոնալ պոռթկումներս լինեն

սերիալների հերոսների ճակատագրի հետ կապված

մի խոսքով ուզում եմ լինել երջանիկ
***

իբր ես առաջին խենթն եմ

այդպես համարեք

ես առաջին կեղտոտն եմ

թող լինի այդպես

ես առաջին տառապողն եմ

մեկ է այդպես չի լինի

բայց թող ես լինեմ առաջին փոքրը` մենակ կանգնած

ու ձեր հարվածները թող իմ առաջին մեջքին լինեն

միակ դատապարտյալը

ես կլինեմ առաջին բոզը եթե մյուսներին հանգիստ կթողնեք

առաջին շունը որ ավտոյի տակ կընկնի

առաջին զոհը կրակոցի

միակ ընկածը հանուն արդարության

միակ առաջինը որ այսպես մտածեց

առաջին սիրտը որ սկսեց խանդել

առաջին ամուսին որ կոտոշավոր դարձավ

միակ աշխատազուրկը

ընկերներից առաջին հիասթափվածը

կյանքից ինքնասպանությամբ հրաժարվողը

առաջին ճնշված կինը

առաջին երկու ստացող աշակերտը

ու քննությունից կտրված ուսանողը
թող լինի այդպես

մենակ թե լինեմ առաջին ու վերջինը

Վ

Ե

Ր

Ջ

Ի

Ն

Ը

Էլ չտառապենք
Թող լինի խաղաղություն աշխարհին
Ես ՙՄիսս Աշխարհ՚ մրցույթին

մասնակցող մի հավիկ եմ
***

մենք նայում էինք իրար աչքերի մեջ: երեսուն վայրկյանից հետո ես ժպտացի:

ինքը սկսեց վախենալ, որ ես կթողնեմ կգնամ: ես նեղվեցի, որ իրեն վախեցրել եմ, ու խորը արտաշնչեցի` աչքերս փակելով իբր ՙէստեղ եմ, տեղ չունեմ գնալու՚ ժեստ: մի քիչ հետո բացեցի աչքերս, բայց նա նորից նույն վախով ինձ էր նայում: հարցրեց.

– լավ ե՞ս

– մի քիչ սոված եմ:

նա վերցրեց կողքին դրած կաթի պնակը և տվեց ինձ: ես խմեցի, լեզվով սրբեցի բերնիս շուրջը և գլուխս դրեցի նրա ուսին:

մենք պառկած էինք իրար կողք ու նայում էինք առաստաղին, որտեղ ցուցադրվում էր ՙԱրմագեդոն՚ ֆիլմը: Ես որոշ պահերի հուզվում էի ու մռռում, իսկ ինքը սրբում էր արցունքներս ու ավելի ամուր սեղմում իր կրծքին: վերջին համբույրի ժամանակ մենք էլ համբուրվեցինք ու էլի նայեցինք իրար աչքերի մեջ: նա հասկացավ` ժամը եկել էր: ես պետք է գնայի:

– էլի կգա՞ս

– տեսնենք

– գիտե՞ս ուր ես գնում

– տեսնենք

– փող տամ

– մի քիչ տուր

– էլի կգա՞ս,- հարցրեց փող տալով

ես պատասխանի փոխարեն դարձա սև կատու, մլավեցի ու անկողնուց ցած թռա, պոչս վեր տնկած գնացի
***

սիրածիս սերը սիրում եմ

բայց այդ սերը բավական չէ

ուզում եմ սիրել նորից

ու այդ սիրով նկարել բոլորին

սիրեմ նրանց ում չեմ սիրել

սիրել իմ հին յարին որն ինձ սիրում է

ու հաջորդ առավոտյան սիրել մեկ ուրիշին որն ինձ չի ճանաչում

ու հետո ճանաչելով սիրել իրան

ու հետո էլի գնալ մի տեղ որտեղ սեր չկա

ու էլի անել սեր

ու ստանալ մի նոր սեր
սիրում եմ մեր տան ճանապարհը մինչև մարշրուտկայի կանգառ

հետո կեղտոտ հոտերով մարշրուտկան:
***

ձյունը, որ խաղում էր ջրի մեջ,

արձանը, որ կանգուն մնացել էր ցրտի մեջ,

ինձ համար թանկ էր:

հիշողությունը, որ բերում էին իրենց հետ,

ես հետ էի մղում:

այտիս ներվը, որ դողում էր անընդհատ,

ինձ զգոն էր պահում:

իսկ ջութակի ձայնը հատակի փոշու հետ

գեղեցկացնում էին պահը

ու էդպես նստած, ադյալի տակ կուչ եկած,

աշխատում էի կողմնորոշվել…
***

թիթիզ շորեր հագնելով

երկար օղեր կրելով

շպարվում եմ ժամ ու մի բան:

նայում մեկ աջ, մեկ էլ` ձախ,

որ ստացվի համահավասար:

հագնում եմ կրունկներս

ու գզում եմ մազերս,

բարձրացնում եմ կրծքերս

ու լղում եմ շրթերս:

մաքրում եմ քիթս

ու ձգում եմ զուգագուլպաներս,

սանրում եմ ունքերս

ու թափ եմ տալիս շորերս:

սրբում եմ կոշիկներս

ուղղելով ականջօղերս:

փորս քաշում եմ ներս

ու շունչս պահում մինչև վերջ:

ժպտում եմ ինքս ինձ

շատ գոհ եմ ինձանից
սպասում եմ մեկը գա ու ինձ տանի երդում տա
***

մենակ եմ մնացել

ու քեզ եմ ուզում
հարբեցողը նստել

ու օղու փող է ուզում

մարդիկ կան այնտեղ

ու պատասխան են ուզում

լեզուս է քարացել

ու ջուր է ուզում

կառտոշկա են ժարիտ անում

ու ձեթ է ուզում

բռունցքներ են վեր պարզած

ու սրանց գնալն են ուզում

ունք է վերև ձգված

ու խաբել է ուզում

փոշի է նստած

ու չսրբվել է ուզում
միջատ է անկյունում կանգնած

ու չգիտես թե ինչ է ուզում
դու ես իմ դիմաց

ու մոտենալ ես ուզում
հեռուստացույցն է աշխատում

ու նոր անտենա է ուզում

շրթունքներս են ձիգ կպած

ու գոռալ են ուզում
աշակերտն է դասարանում նստած

ու փախնել է ուզում
առնանդամն է ձիգ կանգնած

ու կին է ուզում
դերասանն է բեմում խաղում

ու ծափ է ուզում
ուղեղն է դատարկ

ու ոչինչ չի ուզում
պարում է շախի տակ

ու հարմար կոշիկ է ուզում
հոսանքն են նոր տվել

ու անջատել են ուզում
ծերությունն է դանդաղում

ու հետ գնալ է ուզում
ստամոքսն է գռմռում

ու սնունդ է ուզում
դողում եմ կանգառում

ու տան գազի վառարանն եմ ուզում
բջջայինն է ծվում

ու վերալիցքավորում է ուզում
այտիս ներվն է թռվռում

ու նրան տեսնել չի ուզում
կյանքն է սկսված

ու ինձ է ուզում
ճուտիկն է գլուխը հանել դուրս

ու կեր է ուզում
մատն է վերև տնկած

ու հարց տալ է ուզում
ջուր է գալիս

ու տաքանալ է ուզում
զինվորն է վիրավոր

ու մեռնել է ուզում
աշխատավայրում նստած է

ու տուն գնալ է ուզոմ

թեկնածուն է խոսում

ու ղեկավար դառնալ է ուզում
ոստիկանն է կանգնեցրել

ու փող է ուզում
երեխան է մանկապարտեզում

ու մամային է ուզում
երաժիշտն է դիսկ թողարկել

ու շատ վաճառել է ուզում
սիրտը ուժեղ է խփում

ու հանգիստ է ուզում
տաք ավազին պառկած եմ

ու սառը գարեջուր եմ ուզում
վաճառողուհին է պատուհանից դուրս նայում

ու հետաքրքիր կյանք է ուզում
իսկ եթե երազո՞ւմ
***

այս ամենը չկա, իրողություն չէ

այսինքն փաստ չէ, մենք չկանք

ու երբեք էլ չենք եղել,

իսկ այդ պատմությունը զուտ հորինվածք է:
թե չէ ինչ յանի, էս ո՞ւր ենք ընկել

ինչի՞ պիտի ես էստեղ տանջվեմ

մամայիս փեշի տակ մեծանամ

ու սաձիկի դաստիարակի թաղմանը գնամ
ու ընդհանրապես էլ ինչ մարդկային

ինչ ընկերություն ու ինչ ցավ ու դարդ

ես հավատամ դրանց, էդ քոսոտներին,

որ հարմարվել են ինձ ու հանգիստ չեն տալիս
և ինչ համեստություն

ուղղակի որ դուր գամ ձե՞զ

որ սիրեք ինձ ու փայփայեք

դե գնացեք ձեր մերը, չեմ լինի ես այն

ինչ դուք եք ուզում
կամ թե հարևան, բարեկամ լինեմ

գնամ դուրս, գամ ներս ու բարև տամ ձեզ

ու ձեր աղը վերջանա չամաչեք գաք ներս

ու ինձնից ուզեք
գնամ գործի ու գամ տուն

նայեմ TV ու  հիանամ ձեզնով,

ու երևի նկարներ էլ պիտի կպցնեմ իմ պատին, հա՞

ու չեմ դառնա ես հարբեցող կամ լյոքշ

չե՛ք փրկի դուք ինձ «անդունդի եզրից»

թռաք բոլորդ,
Էս չկայի մեջ ապրեք խնդրեմ դուք

իսկ ինձ, կամ մեզ թողեք այդ ամենից դուրս
թե չէ, մամա՛, պապա՛ ու ֆստա՛ն

պարտք ու պարտապան ու չգիտես էլ ինչ

էդ էր պակաս
հա, ընդունում եմ մեր կապիկներին

դարվինին, ռայխին,

մի խոսքով գրքեր կարդում եմ

բայց մեկ է դուք ձեր կոշիկը ինձ մի պարտադրեք

Էս իլյուզիան ձեզ համար պահեք

թող ես էլ ուռեմ ու թռնեմ

ու վերջ տանք էս բոլորին

առանց ձեզ էլ շատ պրոբլեմներ ունենք

դուք էիք պակաս որ ձեր քիթը կոխեիք
ու չեմ ամաչում ձեզնից ու ինձնից

եղա՞վ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *