Նառային
Դստրիկս երևի մանկապարտեզ գնար, մազերն առավոտյան կսանրեի, կկապեի` երկու ձիգ, ցից պոչուկ. կվազեր` ձեռքերը ետևում աջ ձախ թափահարելով, աչքերն` արևին, ինչի պատճառով էլ կընկներ…

Հաճախ է ընկնում, քիթմռութիկը միշտ ճանկռտված է, բայց աչքերն էլի արևից չի կտրում. «Ես արևի աղջիկն եմ»,  ասում է: Գիշերով էլ է երկնքին նայում, բայց չի ասում` լուսնի աղջիկն եմ: Նրա ձեռքն ամուր բռնած պիտի պահել…
Բայց չէ, դստրիկս մանկապարտեզ չէր գնա, նա ազատություն է սիրում, ազատություն և ինձ: Ինձ սիրո՞ւմ ես, դստրիկ: Սիրում եմ` ասում է: Բայց ինչո՞ւ ես էդպես ժպտում… Խորամանկում է դստրիկը… Ամեն պահի կարող է փախչել, ասում է` երբ ուզեմ կփախչեմ: Կարող է, այո, և՜ սիրել, և՜ փախչել, կարող է: Նրա ձեռքն ամուր բռնած պիտի պահել, միշտ: «Իսկ ազատությու՞նը…»,  հարցնում է նա խռոված ուռցրած բերանով: Ազատությունը, դստրիկ… ազատությունը մի էնպիսի բան է, դա… Մի խոսքով, կարգին քայլել վազել սովորիր, հետո ազատ կլինես` ինչքան ուզես, ինչքան պետք լինի, ինչքան կկարողանաս… Ազատությունը… Դե լավ, հետո, ազատության մասին` հետո:
Երազ եմ տեսնում. քայլում եմ ձորի պռնկով, դստրիկը ձեռքս թողնի` կընկնեմ ձորը: Պինդ բռնի՜ր, ճստո՜: Ի՞նչ ազատություն, ինձ ազատություն պետք չի, ինձ դու ես պետք, պինդ բռնիր: Արթնանում եմ. նրա աչուկները գլխավերևումս են, նայում են զարմացած տագնապած, հետո հասկացած ժպտում: Քրտինքս է սրբում իր պստիկ թաշկինակով, վրան` երկու ծուռտիկ տառ, ինքն է ասեղնագործել կարմիր թելով: «Մի վախենա,  ասում է,  ամուր եմ բռնել, չեմ թողնի, ես քեզ հետ եմ»: Էհ, դստրիկ, դստրիկ, «…չեմ թողնի»… Վստա՞հ ես: Վստահ է դստրիկը: Լավ դե, բռնիր, սեղմիր ամուր, կուզես` կծիր…

Թխվածք ենք ուտում, շոկոլոդապատ էկլեր: Համեղ է: Դստրիկի հետ ինչ էլ ուտես` համեղ է: Թքով ու կրեմով շաղախված փշուրները հավաքվում են մորեգույն շուրթերին. լիզում է վարդագույն լեզվով: «Էդպես մի նայի, կուզե՞ս, կեր իմ բերանից»: Ինչո՞ւ ոչ, ուտեմ, դստրիկի բերանը չի՞: Այսպես կրկնակի համեղ է: Հնար լիներ` իմ կերակուրն առհասարակ քո բերանից կուտեի, ինչպես ձագն է ուտում մոր բերանից. չէ՞ որ դստրիկը կարող է և մայր լինել, ինչ ուզես կարող է լինել դստրիկը, եթե շատ ես սիրում նրան:

Պառկած ենք կարպետին` դարչնագույն, դեղին, կապույտ, կարմիր, կանաչ, դարձյալ դարչնագույն, ճերմակ… Ճերմակը կարպետի գույներից չի, նրա ոտնաթաթն է` ճկուն, առաձգական: Մատներն անհանգիստ խաղում են: «Ա՛խխ,  ասում է դստրիկը:  Ու՛ֆֆ,  ասում է դստրիկը», վերջապես հրում է ծունկս. «Դե թող էդ հոտած փտած գիրքը, դա քեզ ի՞նչ է տալու, մոռացիր գրքերը, ես կողքիդ եմ, նայի՜ր, դստրիկն եմ, չէ՞… մոռացա՞ր, ու՜ֆֆ»:  Քեզ ո՞նց կմոռանամ, ճստո՜, գիրքը  էնպես, քեզնից պաշտպանվելու համար… Բայց զուր ջանք է: Այրելու եմ բոլոր գրքերը: Այրում եմ, ահա…

Դստրիկը պարում է այրվող գրքերի շուրջը, կրակի ցոլքերը խաղում են դեմքին, գրքերը երջանիկ են, իրենք էլ են հոգնել իրենցից, կյանք են ուզում, սեր, ազատություն, նրանք ծափ են տալիս կրակե ձեռքերով, երգում կրակե բերաններով, նվագում կրակե նվագարաններով… Դստրիկը նազանքով տանում բերում է ձեռքերը, ձգվում պստիկ ոտնաթաթերի վրա, գալարում մարմինը, գլուխը շրջած` նայում օդում ցրված մազերի միջով. աչուկները խաղում են` սկզբում չարաճճի, հետո խորամանկ, ապա բազմանշանակ… Նրանց խորքից ինձ կանչում են, ինչ որ բան են ասում… Էս ինչքա՛ն են, էս ինչե՛ր են ասում… Վա՛յ ինձ: Դստրիկը կրակների մեջ է պարում արդեն, կրակները գրկել են նրան, փաղաքշում են, լիզում… Ինքն էլ է այրվում գրքերի հետ… Զգո՜ւյշ… Դեմքն այլայլվեց, բայց աչքերի ժպիտն անփոփոխ է… Մաշկն անջատվում է մսից, թշշալով` շերտ շերտ թափվում ցած: Ինքն էլի պարում է, ոչինչ չի զգում, գոռում եմ` չի լսում: Դուրս եմ քաշում կրակի միջից. պարային կեցվածքը պահպանած` տարակուսանքով նայում է: Այրվում էիր` ասում եմ: Ծիծաղում է` շարունակելով պարն ընդհատված տեղից…

Դստրիկը դեռևս քնած` ես հայելու առջև եմ, ինձ կարգի եմ բերում, երբ արթնանա` ուզում եմ հավանի ինձ: Նա էստեղ քնած` ես կարոտում եմ իրեն: Դե արթնացի՜ր, շատ քնեցի՜ր… Նախաճաշին ի՞նչ կուզես, ճստո: «Թթվասեր  կաթնաշոռ»,  զնգում է հեգնական պատասխանը սենյակից: Դստրիկը հավելյալ ձայնալար ունի, որ զնգացնում է ամբողջ ձայնաշարը:

Դստրիկ, այ դստրիկ, ի՞նչ ես անելու, երբ մեծանաս: «Ես մեծ եմ արդեն, չես տեսնո՞ւմ»: Թող էդպես լինի, մեծ ես, բայց ի՞նչ ես անելու…

Լավ էր` չասեր, ես եմ մեղավոր, ինչո՞ւ հարցրի, էս ի՞նչ ինքնատանջումի տենդ է: Բայց դե… ինչ արած, մի օր լինելու էր: Մի օր: Իսկ այսօր, իսկ հիմա արի մոտս, քաղցրս, արի հեքիաթ պատմեմ, չգիտե՞մ… Ճիշտ է, չգիտեմ, ոչ մի հեքիաթ կարգին չեմ հիշում: Բայց կպատմեմ, կհնարեմ: Չեմ կարո՞ղ… Դե կփորձեմ, արի, մի բան կպատմեմ, գուցե հեքիաթից էլ հետաքրքիր լինի, մոտ բեր ականջդ: Ըհը, հարմարվիր: Խուտո՞ւտ… Բայց դու խուտուտ չունեիր… Հիմա ունե՞ս… Լավ, չեմ պատմի, արի գրկեմ քեզ, քունդ տանում է, քնիր, շնչիր վրաս, քիթբերանից փուչիկներ ուռցրու, պայթեցրու կրծքիս…

Մազերն եմ շոյում: Հաճելի է. ձեռքս կարծես իր առանձին կյանքով է ապրում, բայց հաղորդագրություններ առատորեն ուղարկում է: Շատ եմ սիրում դստրիկին: Երևի սպանեմ: Հա, երևի մորթեմ նրան…
Շեղբը թեքությամբ հատում է պարանոցի երակները: Արյունը ցայտում է` վեր, կողմ, դեմքիս… Նրա ողորկ մաշկն արյուն չի պահում, սահեցնում է վրայով` կաթ… կաթ…կաթ կաթ կաթ…կաթ կաթ կաթ…կաթկաթկաթ… Լեզվով հավաքում  բարձրացնում եմ` ոտնաթաթերից, սրունքներից, ազդրերից, փորիկից, կրծքից, պարանոցից, դնչիկից… Խորն է վերքը, արյունը կանգ չի առնում… Ես կարող եմ ամբողջը խմել, ես կարող եմ ուտել դստրիկին… Թող իմ մեջ ապրի: Կուզե՞ս իմ մեջ ապրել, դստրիկ…

Չի ուզում: Ասում է. «Լավ է, դու իմ մեջ ապրիր»: Ապրեմ, դեմ չեմ, բայց դու կարո՞ղ ես ինձ սպանել… Լռում է: Գուցե մի օր կարողանա:

Մետրոյի դռներն անսպասելի բացվեցին, չհասցրի բռնել դստրիկի ծածանվող շարֆը… Ոտնաթաթը մնաց դռների արանքում… Սուր ճիչ… Է՛յ, ճստո, ո՞ւր ես…

Գրկում եմ նրան, սեղմում կրծքիս. տաք տաք է մարմինը: Այդպես գրկած` անցնում եմ կամրջով, ապա թունելով, դարձյալ կամուրջ, էլի թունել, կամուրջ… Բոլոր անցումները կամուրջ թունելով են, ի՞նչ եղավ աշխարհին… և ինչո՞ւ է ամբողջովին արնագույն, թե՞ միշտ է այսպես եղել… Քեզ եմ հարցնում, դստրիկ, դու ամեն ինչ գիտես, մի խորամանկիր, գիտես, ես վստահում եմ քեզ, միայն քեզ…

«Լա՞վ ես»,  հարցնում է դստրիկը: Դե ո՞նց կարող եմ վատ լինել, եթե զնգուն ձայնդ է հարցնում: Այ երբ մոռանաս, չհարցնես` լավ չեմ լինի, շատ վատ կլինեմ, հաստատ: Դու մի մոռացիր, հա՞… Ինչ մի դժվար բան է` օրական գոնե մեկ անգամ հարցնել` ՙԼա՞վ ես՚, տարեկան երեք հարյուր վաթսունհինգ անգամ, տասը տարում… Չէ, վախենամ` հոգնես ձանձրանաս, ճստո՜, վախենամ… Վախենում եմ, հա, երբեմն վախենում եմ…

Ուտե՞լ ես ուզում… Խմե՞լ… Կա՞թ… Նարնջի հյո՞ւթ… Դե խմիր, ահա: Մի պզզացրու վրաս, չարաճճի՜: Գնանք զբոսնելու, թե չէ եռանդդ չի սպառվի: Շնիկի պես մի թռչկոտա, թող սանրեմ մազերդ: Իջնենք ձոր, կուզե՞ս, քո թթի ծառն էնտեղ երևի կարոտել է քեզ: Նորից կշիրոտվես ամբողջովին: ՙՈչինչ, կլողացնես, ինձ լողացնել սիրում ես, չէ՞՚: Սիրում եմ, կլողացնեմ, իհարկե:

Տղաներին էդպես մի նայիր, դստրի՜կ: «Ինչո՞ւ,  հարցնում է,  խանդում ե՞ս»:  Դե չէ… Այսինքն, չգիտեմ… Բայց դու էդպես մի նայիր, լա՞վ… Շղթադ վեր քաշի՜ր, բլուզիդ կոճակը կոճկի՜ր, ի՞նչ տեսք է:

Փակում եմ դստրիկի աչքերը, պատին գրված հայհոյանքը նրա համար չէ: Մատներիս արանքներով փորձում է տեսնել: Ձեռքս մի կծիր, ավազա՜կ: Կարդաց: Ամաչեց: Վազում է` չլմփացնելով փոսորակներում հավաքված ջրերը: Երբ նա վազում է` նրան չես հասնի, չես բռնի: «Ինձ չես ուզում բռնե՞ս, չես սիրո՞ւմ, չես կարոտում, հա՞…»: Կարոտում եմ, ուզում եմ բռնել, բայց չեմ հասնում, դստրի՜կ, երևի ուրիշ ժամանակի մեջ եմ վազում… Շուտ ետ արի՜, արի ինձ վերադարձրու իմ ժամանակին, թե չէ էստեղ հարցեր են տալիս, պատասխան չունեմ: Դե արի…Լավ,  կսպասեմ, կսպասեմ` մինչև հոգնես, գաս:

«Սպասիր: Սպասելն էլ վատ չի, գիտե՞ս»:

Չգիտեմ: Ես չգիտեմ, դստրիկ, չեմ էլ ուզում իմանալ: Պարզապես սպասում եմ…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *