(հատված վեպից)
ֆրանսերենից թարգմանեց Իրեն Շաբոյանը

I

Նույն փողոցի նույն տունն է:

Այս մարդը հաճախ տեղից տեղ քոչող տղամարդկանցից չի: Մշտական սարսափը նրան գամում է երկրում՝ մի տեղի, աշխարհում՝ մի էակի, որից նա մի օր պոկվում է՝ զոռով: Մշտական սարսափը, որը նրան բանտարկել է, և որի ներսում նա կամաց-կամաց սովորել է ապրել:

Կինը երկար չվարանեց՝ գալ, թե չգալ: Սարսափը փոխանցվել էր նաև իրեն: Նրա համար սարսափը, նրա միջով: Մինչդեռ արդեն ընտելացել էր իրենց միջև դաշինքի պես հաստատված լռությանը: Այդ տարածությանը, որը պետք էր պահել՝ յուրաքանչյուրը քաղաքի մի ծայրում. մինչև երբ՝ չգիտեր, չափելի չէր, պարզապես անհրաժեշտ:

Չէր կարծում, որ ընդամենը մի քանի տարի հետո կբռնի նրա տան ճամփան: Ավելի շուտ կնախընտրեր հանդիպել մի հասարակական վայրում՝ այգում, սրճարանում, մայթին, քաղաքի՝ բոլորին պատկանող կտորներից մեկում: Այն քաղաքի, որը չափչփել էին միասին, այն ամբոխի, որի բնում հյուսել էին իրենց սերը: Քաղաքի կտորներից մեկը, որին նա սիրահարեցրել էր, ինչպես սիրահարեցրել էր իրեն:

Բայց նա ասաց՝ խնդրում եմ, արի հանդիպենք իմ տանը:

Ինքն էլ եկավ: Վերադարձավ նույն փողոցի նույն տունը, հրեց նույն դուռը, սիրտը առաջվա պես մոլեգնեց ու քիչ էր մնում կրծքից դուրս թռչեր հում մսագնդի տեսքով՝ լաքապատ մանրահատակին, դատարկ այս տան ետկեսօրյա լռության մեջ:

– Չե՞ս բարևում:

Պարզ տեսնում է, որ սուզվում է իր հայացքի ներքո, որ չի համարձակվում նույնիսկ մեկ միլիմետր հեռանալ դռնակողից, որ եթե մեկ միլիմետր հեռանա, կգոռա կամ վայր կգլորվի աստիճաններից: Հայացքը ապաստան է փնտրում: Վերջապես ծվարում է գետնին, դռնաշեմի լաթին: Նայում է այդ լաթին՝ կարծես ինքը գետնին ընկած լինի:

Նա նայում է կնոջը՝ կանգնած այդ շրջանակի մեջ, որն ինքը բացեց դեպի արտաքին աշխարհ:Համբերատար սպասում է, որ հանգստանա. համբերատար լինելը սովորել է նրա շնորհիվ: Կինը երբեք չի ցանկացել նայել նրա թուլությանը: Անգամ ոտքի վրա, հայացքը հայացքին, կինը շուտով դեմքը թաղում էր նրա պարանոցի ծալքում, որպեսզի չտեսնի այդ աշխարհը նրա աչքերում: Եվ հենց այդ պատճառով խնդրեց կնոջը գալ, հենց նրան: Այդ վայրի գազանի հայացքի համար, որ ուր որ է կփախչի՝ վիրավոր գազանի տեսարանից սարսափած:

Այդ հայացքը, որ հիմա պահում է դռնաշեմի լաթին, իր ամենախորքում, երկրի զնդաններում, ձեռքերը հնարավորինս խորը գրպանների մեջ մխրճելով, որպեսզի լռեցնի ճիչը, որը բարձրանում է իր դիմաց նստած տղամարդու տեսարանից՝ սայլակի բռնակները ուսերի երկու կողմում:

“Ինչո՞ւ թույլ տվեց, որ դա պատահի, ինչո՞ւ թույլ տվեց, որ դա պատահի իր՝ կնոջ սիրուն, ինչո՞ւ կտրեց իր թևերը, ինչո՞ւ է իրեն ցույց տալիս”,- հարցնում է աչքերով: Նախատում է աչքերով:

– Եկ:

Գլորելով սայլակը՝ նա մոտենում է, բռնում ձեռքից և քաշում իր ետևից: Կինը ապշած է անիվների ճռռոցից,  ձեռքերից` անիվների վրա, անկաշկանդվածությունից, նազանքից և ուժից՝ Դրա եզրին, ինչին չի համարձակվում նայել, մեռած մարմնի եզրին:

Մեքենայաբար ետևից փակում է դուռը, հետևում նրան, անիվների ձայնին, անիվներին կառչած ձեռքերին, այդ՝ սովորական առօրյա դարձած ժեստերին: Առօրյա, որտեղ ինքը բացակա է:

Նրա ետևից մտնում է հյուրասենյակ, նրա և այդ բանի, որը այսուհետ նրա մի մասն է, նրա և այդ բանի, որի պատճառով նրա գլուխը հազիվ իր կրծքին է հասնում:

Մոտենում է բազմոցին, նստում:

Գոնե էսպես երկուսն էլ նստած են: Երկուսը հավասար են:

– Չե՞ս ուզում անձրևանոցդ հանել:

Նայում է կնոջը և ժպտում նրա շփոթվածությունից: Կուզենար առնել գիրկը, ցնցել, որ պայթի, կուզենար նրան գտնել այս ամենից դուրս: Ինչպիսի՛ երջանկություն, որ այսօր այստեղ է, իր առջև նստած, ինքն իր մեջ կծկված, ինչպես առաջին անգամ, երբ եկավ իր տուն: Ինչպիսի՛ երջանկություն, այստեղ է, և մնացածը այս պահին անկարևոր է:

Կինը հնազանդվում է, ձերբազատվում անձրևանոցից: Ու նախքան կելնի տեղից՝ նա ձեռքից առնում է, որ տանի միջանցք, ու շրջվելու կարիք չունի անգամ, որպեսզի զգա, թե ինչպես ինչ-որ բան պոռթվեց կնոջ ներսում, ինչպես ամեն անգամ, երբ նրան ասում էր, թե իրեն սիրում է սեփական ծիսակարգով, և այդ ծիսակարգը նրան այնպիսի մի արժեք է հաղորդում, որ պատկերացնել անգամ չի կարող:

Վերադառնում է, “կանգնում” կնոջ առաջ՝ աչքերում անզուսպ ուրախություն: Իսկ նա ոչինչ խմել չի ցանկանում, չի ցանկանում տեսնել, չի համարձակվում պատկերացնել խոհանոցի հետ կապված բոլոր բարդությունները և այդ տղամարդուն, որը հիմա երեխայի հասակ ունի և ի վիճակի չէ հասնել պահարանին: Չի ցանկանում տեսնել այն, ինչ սղվել է:

Նստած է բազմոցին, նրա դիմաց: Կցանկանար նետվել գիրկը և լաց լինել, որպեսզի նա իրեն մխիթարի: Չի համարձակվում: Վախենում է նրան կոտրել, այդ փխրուն բանը, որը հավաքել են անիվներով սայլակի մեջ, և գիտի, որ լացելու իրավունք չունի, որ նրա ցավն արթնացնելու իրավունք չունի:

Իրեն այնքան միայնակ է զգում բազմոցին, չգիտի՝ ինչպես նրան միանա, վախենում է նրան դեմ-հանդիման հանել իր անկարողությանը, վախենում է նրան օգնել, վախենում է նրան անհարմար վիճակի մեջ դնել:

Ինչպե՞ս կյանքը կազմակերպել, երբ կողքիդ անսարք մեքենա է:
Նա նորից բռնում է կնոջ ձեռքը, մոտ քաշում, բռնում գոտկատեղից, որպեսզի  նստեցնի ծնկներին:

Վախենում է, հարցնում՝ Դա չի՞ վնասվի:

Ասում է՝ թքած, փորձենք:

Կինը վերագտնում է իր տեղը նրա ծնկներին, մարմնի այն գոգավորությանը, որ հատուկ իր համար է ստեղծված: Սայլակում նստածի վրա նստելն անհարմար է՝ ոտքերը բռնակների վրայով գցված, նրա գրկում կծկված, գլուխը ուսի մեջ մխրճած: Մինչդեռ կարող էր մի ամբողջ հավիտենություն մնալ էսպես ու սպասել էստեղ մահվան ու չնկատել, թե ինչպես է մահը ներթափանցում իր ներկայության բարօրության մեջ, իրենց բաժանման այս ամբողջ ժամանակի անհետացման մեջ: Սա իր տեղն է աշխարհում: Էստեղ է արարվում իր խաղաղությունը: Մտքով անգամ չի անցնում նրան հարցնել, թե ինչ է պատահել: Վերագտել է նրան: Միևնույն է, միշտ էլ էսպես է եղել, էսպես են նրանք ներդաշնակվել. նա՝ կոտրված, ինքը՝ ամբողջական: Միշտ էլ նա է կոտրվել իր համար: Իր փոխարեն: Նա է իրեն պաշտպանել:
Ծնկներին նստած կինը ծանր է: Ճնշում է:

Իր կանացի ողջ ծանրությամբ, կենդանի, շարժուն էակի ծանրությամբ: Դժվար է էսպես երկար դիմանալ: Իր համեմատ այնքան ուժեղ է իրենով բուժվող կինը, իր կողքին բուժվող կինը, որն ուր որ է կքնի, ինչպես երեխան՝ երկար լացելուց հետո: Չի համարձակվում նրան արթնացնել: Ու որպեսզի չմտածի իր մարմնի մասին, սպառնացող թմրության մասին, շոյում է նրա գլուխը:
Ինչ-որ բան փոխվեց նրա ձեռքի ռիթմի մեջ:

Նայում է նրան, հարցնում՝ ցավեցնո՞ւմ եմ: Չի սպասում պատասխանի, արդեն ինքն իրեն հանդիմանում է, որ ավելի վաղ չի զգացել: Չգիտի՝ ուր նստի: Մնում է կանգնած: Նրան հարցնում է՝ ուր նստի: Խնդրում է իր համար տեղ գտնել:

Նա բռնում է կնոջ ձեռքը, իր համար ամենահեշտը, քանի որ ճիշտ առջևն է: Բռնում է ձեռքը և չգիտի, թե մնացածի հետ ինչ անի, մարմնի մնացած մասի հետ ինչ անի: Չգիտի՝ ինչպես նրան ասի:

Կանգնած սպասում է, ձեռքը՝ նրա ձեռքի մեջ, սպասում է այն բանին, ինչի համար նրան ուժերը հավաքել է պետք:

Իսկ նա բառեր է փնտրում գետնին ինչ-որ տեղ, փնտրում է գոյություն չունեցող բառեր, բառեր, որ կմեղմացնեն հարվածը, բառեր, որ պարտավոր է ասել, բառեր, որ ավելի երկար թաքցնելու իրավունք չունի: Կամ էլ պետք էր իսպառ վերանալ, երբեք չդիմել կնոջը տեսնելու ռիսկին, չխնդրել նրան գալ: Ստել, ինքն իրեն ստել:

Կինը նայում է, թե ինչպես է նա բառեր նախապատրաստում իր համար: Կուզենար օգնած լինել, բայց ի՞նչ բառեր գտնի. ինքը դեռ անծանոթ է կյանքի սադիստությանը:
– Լռիր:

Բառը պոկվեց ինքնաբերաբար: Նա ոչինչ չասաց, սակայն կինը ձեռքը բաց թողեց, սուզվեց բազմոցի մեջ՝ այն ծակելու աստիճանի, հնարավորինս նահանջելով, կարծես ուզում էր փախչել վրաերթ կատարող նորությունից: Բնազդը հուշում էր, որ այն իրեն կսպանի: Պետք չէր գալ, կամ պետք էր հենց հիմա փախչել:

– Ինչո՞ւ խնդրեցիր ինձ գալ: Գոռում է:

Նա չի պատասխանում: Պատասխանում է նույն հարցով:

– Ինչո՞ւ եկար:

Դա նույնիսկ հարց չի: Կամ նույնքան անհեթեթ հարց է, որքան որ պատասխանը ակնհայտ է: Նա այնքան լավ գիտի: Ինքը այնքան է սիրում նրան: Այնքան վաղուցվանից: Նա տեսնում է իր աչքերում: Ինքը նրան ցույց է տալիս իր աչքերում, նրան թույլ է տալիս տեսնել, տրվում է այդ խորախորհուրդ ճանաչողությանը, որ ունեն նրանք իրար հանդեպ, երբ նայում են միմյանց աչքերին: Ինքն ընդունում է ամբողջությամբ այդ տղամարդուն, այդ տղամարդուն, ում, թվում էր՝ անգիր գիտի, և որը մի նոր բան էր հորինել իր մեջ, իր դեմքին. որը հորինել էր մի անսահման տխրություն:

Անվերադարձ:
Կինը հայացքն իջեցրել է սայլակի կենտրոն: Չի ցանկանում, որ նա խոսի: Նա իր սերն է. ինքը փորձում  է նրան խնայել: Ուզում է իր վրա վերցնել բառերը:

Ձեռքը տանում է նրա ոտքերի արանքը՝ ֆլանելե կտորի վրա: Նա մնում է անհաղորդ շոյանքին: Ինքը նայում է նրան: Նրա աչքերում արցունքներ են, նրանից, որ այդ սքանչելի զգացմունքը ապաստանել էր իր աչքերում:

Ուրեմն վե՞րջ,- հարցնում է կինը: Այո,- ասում է նա: Ձեռքը մնում է գանձերի սարի վրա, կինը սահում է ներքև և կամաց գլուխը դնում սկզբնաղբյուրին, վերհուշի բնակարանին, հիշողությունը կպցնում այդ տեղին: Հետո վերցնում է նրա ձեռքը և դնում իր գլխին, սեղմում իրեն և խնդրում, որ մնա այդպես: Ամբողջը միասին: Ասես պատվաստում:

Նա չի ընդդիմանում: Ուրիշ ելք չկա: Ուրիշ ոչինչ հնարավոր չէ հնարել: Բացի անհետանալուց: Բայց դա էլ չկարողացավ: Նրա պատճառով, ինչը դեռ ապրում է իր ներսում, ինչը շարունակում է բաբախել՝ կնոջ նկատմամբ այդ սերը, որն իրենից վեր է: Որն իրեն տանում է: Որն իրեն բարձրացրեց գիշերը անձրևից փայլող ճանապարհից և դրեց այս սայլակի մեջ՝ կնոջ դիմաց: Կենդանի: Որպեսզի հարցնի, թե ինչպես ապրի սրանից հետո: Որպեսզի նա իրեն օգնի գտնել:

Նա, որովհետև նա միակն է գուցե, ով կարող է հասկանալ կենդանի մնալու երջանկությունը: Ամեն ինչից անկախ: Որովհետև հիմա, երբ նրան պատմում է վթարի մասին՝ խոստովանության անծայր թեթևությամբ, այն սարսափի մասին, որին կինը իր գլուխն էր դրել, իսկ ինքը՝ ձեռքը, զգում է, որ կինն իր պես է մտածում. “Նա չի մեռել Մանի ճանապարհին”:
Նրանք երկար մնացին այդպես: Երբ կինը գլուխը բարձրացրեց, վարագույրների ետևում օրը մարում էր:

Կինը նայում է նրան՝ հարցական հայացքը բարձրացնելով նրա դեմքին, բարձրացնելով երկուսին հուզող հարցը՝ ինչ են անելու իրենք:

Չգիտի: Մի բան գիտի միայն՝ հիվանդանոցից դուրս գրվելու օրվանից տանջանքին և հուսահատությանը հետևեց մի ցանկություն միայն.

– Կուզենայի գնալ ծովափ: Քեզ հետ:

Կինը հարցնում է՝ մեր տո՞ւն:

– Այո:

– Ե՞րբ:

– Երբ կարող ես: Գիտես® քեզ համար այս անգամ ավելի դժվար է լինելու:

– Նկատի ունես, որ պետք է ամեն ինչ տանե՞լ:

Նա գլխի շարժումով հաստատում է.

– Ու տանելու բան շատ կա:

Կատակի է տալիս.

– Առաջվանից ավելի շատ:

Նա երբեք չի իմացել փոքր ճամպրուկով ճամփորդել: Երբեք: Միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենար: Ամեն հարցում: Նրա ճամպրուկների սարը և կողքին՝ իր կանացի փոքրիկ ճամպրուկը: Շատ բան չէր փոխվելու: Բացի միայն ճամպրուկներում թաքնված ստորության անձկությունից: Ճամպրուկների մեջ ներթափանցած անհայտից: Իրենց հետ ետևի նստարանին ճամփորդող անհայտից: Պաթետիկ տեսարանի ռիսկից: Դեմքի արտահայտությամբ մտքերը մատնելու ռիսկից: Այդ ամենը նրա դեմքին շպրտելու ռիսկից:

Նույն վախը նրա սրտում է: Այն պատճառով, որ կնոջը ստիպում է մասնակից լինել այս ամենին: Որ նրան ցույց է տալիս: Որ կինը ստիպված է պտտվել հարցերի հորձանուտում, որոնք չի համարձակվում տալ: Որ ինքը ստիպված է իր ամոթխածության սահմանները տեղաշարժել:

– Գիտես®

Կինը նայում է նրան:

– Ես երջանիկ եմ:

Կինը կուզեր ասել՝ ես էլ: Բայց դեռ չի կարող: Նրա անցած ճամփան ինքը դեռ չի անցել: Այսօր ինքը առաջին անգամ մուտք գործեց այն կյանք, որը նրանն է՝ սրտում նույնքան անհանգստություն, որքան հավատ՝ նրա՝ տղամարդու նկատմամբ, կյանքի հանդեպ նրա մշտապես նրբաշուք վերաբերմունքի նկատմամբ: Տարածության: Որը նրան դարձրել է միակը, նրան հաղորդել այդ նրբագեղությունը՝ մյուսներից խիստ տարբեր, որի համար կինը ընտրել է նրան:
Նայում է կնոջը: Այնքան հուզված:

Մազի փունջը զգուշորեն տանում ականջի ետև: Կամաց արտաբերում.

– Արդեն գնալուդ ժամանակն է: Ես վաղը կզանգեմ:
Կինը նայում է նրան սփոփված: Այդպես ավելի լավ կլինի: Ցավում  է, որ ուզում է գնալ: Հանգստանալ այլ տեղում: Վաղը մտածել:

Ելնում է, վերագտնում իր հսկա հասակը. նրանք միասին ուղևորվում են միջանցք: Թևերը սողոսկում են անձրևանոցից ներս, հասցնելով այն փախցնել՝ նախքան նրա ձեռքերը կհասնեին: Չգիտի՝ ինչպես ասի՝ ցտեսություն, չգիտի՝ ինչ անի, այլևս չի համարձակվում իր շուրթերը հպել նրա շուրթերին: Բոլորովին մոլորվել է այն նոր լեզվի ոլորաններում, որը կիրառում են այստեղ:

Նա մտածելու ժամանակ չի թողնում, բռնում է ձեռքը և համբուրում:

Հետո թողնում է՝ հեռանա: Ողողված:
Երբ դուռը փակվում է, վերցնում է Գալեի սկահակը, իր ամենասիրելին՝ հիրիկների աչուկներով, ամբողջ ուժով հարվածում հանդիպակաց պատին:
II

Հեռախոսով խոսելը որքան ավելի հարմար է:

Որքան ավելի հեշտ: Սքանչելի հնարանք՝ հայացքներից հեռու, ականջի խոռոչում: Այսպես կարող է նրան ասել.

– Գաբրիել, ես վախենում եմ:

– Գիտեմ:

Կծկվել է անկողնում՝ գլուխը բարձի մեջ, հեռախոսն իրեն սեղմած: Թաղված: Ուզում է իմանալ, թե ինչպես է նա պառկել, ինչպես է վեր կացել, ինչպես է լվացվել, ինչպես է հագնվել, ով է գնացել հացի հետևից: Ուզում է ասել, որ խենթանում է այս տարածության գոյությունից, բայց գիտի, որ նրա արժանապատվության համար դա անհրաժեշտ է:

– Դու ո՞նց քնեցիր:

Ամբողջ գիշեր մղձավանջի մեջ էր, մարմինը փսխում էր նորությունը: Այդ մասին ասում է նրան:

– Ուզո՞ւմ ես գամ:

Այ թե մտքով չէր անցել: Խենթի պես ծիծաղում է իրադրության շրջադարձից:

– Գա՞մ:

Չի էլ մտածում: Անմիջապես ասում է՝ այո: Նա իրեն անհրաժեշտ է: Դարձել է փոքրիկ աղջնակ իր անկողնում, և նա իրեն անհրաժեշտ է: Ոնց ուզում է, թող անի: Թող չառաջարկեր: Նույնիսկ չի ուզում նրա համար դուռը բացել, չի ուզում, որ նա զանգը տա: Պարզապես բանալին կդնի դռան առաջ, լաթի տակ, ու քուն կմտնի: Իսկ երբ արթնանա, նա կլինի իր կողքին: Ինչպես առաջներում:

Վրեժ է լուծում:

Այն հսկա տխրության պատճառով, որն առաջանում է իրողության գիտակցումից, որ նա մնում է իր սիրեցյալը՝ այն ամենով հանդերձ, ինչի վերածվել է:
Նա գիտի, որ կինը սկսել է կռիվը՝ “Ապացուցիր, որ սիրում ես”: Գիտի, որ երբեք չի կարող ապացուցել, եթե դա չանի մյուսների նման: Գիտի, թե որքան կարող է նա դաժան լինել: Չնայած սիրուն. ու հենց սիրո պատճառով. որբի պես սիրելու իր ձևով. ամեն ինչ տալ՝ հետո ամեն ինչ վերցնելու համար:

Հենց դրա համար է սիրում նրան: Սիրո մշտական քաղցի համար: Այն աղջնակի համար, որը ծիլ էր տվել գրքերի մեջ, և որը չգիտեր, թե այլ ընկերներ ևս գոյություն ունեն: Երբեք չէր խաբվել կնոջ քայլվածքից՝ կարծես աշխարհն իրենը լիներ, նորահարուստների պես: Ձև էր թափում, որովհետև ոչինչ չուներ և վախենում էր, որ դրա պատճառով իրեն դուրս կշպրտեն: Այդպես էլ ընտրեց նրան՝ այդ սքանչելի կառույցը՝ հարկերի արանքում անցքեր: Այդ կառույցը, որը երբեք չի խոստովանում, որ փխրուն է, միայն երբեմն` կռվի պահին:

Գիտի, որ կարող է ամոքել կնոջը: Քանի որ մյուսների սիրուն նա չի հավատում: Մինչդեռ իրեն, չգիտես ում ողորմությամբ, հավատում է: Հավատաց անմիջապես: Երեխայի միամտությամբ վստահեց իրեն. ամեն ժամադրությանը վազելով ընկնում էր գիրկը այնպիսի ուժով, որ ինքն այդ թափից ճոճվում էր:

Տարօրինակ դաշինք սկսեցին նրանք կառուցել՝ ներդնելով իրենց ուժն ու թուլությունները:

Ինչո՞ւ դավաճանեց մի օր՝ չգիտի:

Ո՞ւմ համար՝ չարժի անգամ հիշել: Կրքերի բոցավառում ընդամենը: Մի ալիք ու էլ ոչինչ: Բայց կնոջ համար, երբ իմացավ, կրքերը փուլ եկան: Հողը փախավ ոտքերի տակից: Ռետինով ջնջեցին իր անունը, իր գոյությունը, իր կյանքի իմաստը:

Նորից այդ սրիկայությունը՝ մոռանալ, փոխարինող գտնել: Ուրեմն բավական ուժեղ չէր իր ներքին համոզմունքի դեմ պայքարելու համար: Ջահել էր: Թույլ տվեց, որ կասկածը բույն դնի իր սրտում, իրենց երկուսի սրտում: Թույլ տվեց, որ կինն իրեն խնդրի հեռանալ: Հեռացավ, որովհետև նա այլևս ոչինչ չէր ուզում լսել: Այն օրվանից, ինչ նրան տուն ճանապարհեց, չէր դադարում նրա մասին մտածել՝ բոլոր մնացածներից անդին: Երկու հարթության վրա ապրելը սովորություն դարձավ. ուրիշների հարթությունը՝ տեսանելին, և կնոջ հարթությունը՝ ներանձնականը, որտեղ նրա հետ էր, խոսում, ապրում էր նրա հետ: Գիտեր, որ նման պահերից մեկի պատճառով քիչ էր մնում կյանքը կորցներ, և նույնի շնորհիվ կյանքի վերադարձավ: Ուրիշ:

Այս մտքերն են համակում նրան տաքսում, որը սլանում է կնոջ տուն: Մտածում է, որ կա մի կուռ տրամաբանություն այս ամենում:
Լսեց դռան բացվելն ու փակվելը, լսեց նրա քայլերին փոխարինող նոր ձայնը՝ մի փոքր խլացված գորգի պատճառով: Ձևացրեց, թե քնած է, որպեսզի նրան պատճառի իրեն ամբողջովին իր իշխանության տակ ունենալու հաճույքը:

Գուցե նաև աչքերը բացելու պահը ուշացնելու համար: Իրեն անցյալի շարունակության մեջ կարծելու համար:
Նա դիմանում է կնոջ հայացքին: Մի ժպիտ ունի, որը դիմանում է ամեն ինչին: Ինչ-որ բան կա նրա ներսում, որ հնարավոր չէ սասանել, որը կնոջը կրկին շփոթեցնում է: Թվում է, թե նա հանկարծ իրենից ավելի հասակով է, ավելի շատ բան գիտի, որ նրան հնարավոր չէ խաբել սուտ քնով:

Նա այստեղ է՝ ժպտադեմ, իր սիրած վերարկուով, ծնկներին՝ վարդեր. թվում է, թե այսուհետ միշտ ինչ-որ բան պետք է ունենա ծնկներին: Նա այստեղ է, նոր ազատության կարգավիճակով, բացարձակ ազատության, թվում է, թե այսուհետ ունի այնքան ժամանակ, որքան ցանկանա, որ ժամանակն ամբողջությամբ նրան են հանձնել, և նա սպասում է իր արթնանալուն, որպեսզի միասին որոշեն, թե ինչ են անելու:

Եթե կարողանար, գլուխն ամոթից վերմակի տակ կթաքցներ. ինչպե՞ս կարելի է այդքան եսասեր լինել, նրան բերել հասցնել այստեղ և նրանից դեռ պահանջել տղամարդ լինել, նորից տղամարդ լինել:

Նրա ծնկներից վերցնում է վարդերը և պառկեցնում անկողնում, իր կողքին, այնտեղ, որտեղ կուզեր, որ նա լիներ: Դատարկ այն տեղում, որտեղ նա չկա:

Ինչ լավ են բուրում, ինչ ուժեղ, կարծես անցյալի բոլոր վարդերը ժողոված լինեն:
– Կարո՞ղ եմ ծխել:

Մեկնում է անկողնու կողքին դրված մոխրամանը: Նա արձակում է վերարկուն, փնտրում սիգարեթի տուփը՝ իր սովորական ճշգրիտ շարժումներով. թմրամոլի պես, հրշեջի պես շնչում և արտաշնչում իր հուզմունքը: Հիմա ծուխը կասպատակի կնոջը. նրան դա շատ է դուր գալիս: Այդ հոտը, որ կպչում է մազերին, շորերին, որը դեռ երկար մնալու է նրա գնալուց հետո, և իր սենյակից նորից սիգարեթի հոտ է գալու:

Վերագտնում է նրա հոտը: Ներշնչում երջանկացած:

Նա նայում է իրենով զմայլված կնոջը: Մետրոնոմի նման ձեռքի շարժումը խփում է իրենց հայացքների ռիթմը: Կինը ամբողջովին կենտրոնացած է ձեռքի ռիթմի վրա. անհիշելի ժամանակներից սիրահարված է այդ ձեռքերին՝ այնքան երկար, այնքան մեծ, չափազանց մեծ բոլոր բռնակների համար: Այդ ձեռքերի մեջ է դնում ամբողջ իր սերը, ամբողջ իր ցանկությունը հանձնում այս հեռացող-մոտեցող ձեռքերի վիրտուոզությանը՝ թավ, նյարդային, դողէրոցքային ձեռքերին: Կյանքը վայելող մարդու ձեռքերին: Արվեստի սիրահարի ձեռքերին: Գնահատող գործակալի ձեռքերին: Որն իրեն այլևս երբեք իր ձեռքերում չի առնի:
Կրկին կնոջ հայացքի խորքում գծագրվում է խենթ հուսահատությունը: Անընդհատ վերսկսվում է: Դրա դեմ պայքարին վերջ չկա: Հարկավոր է լինելու հազար ու մի պատմություն հնարել՝ նրան այդ անդունդից ետ բերելու համար:

Չպետք է նրան միայնակ թողներ այսքան երկար` նորից ջնջվեց, վերադարձավ նախկինում իրեն հարազատ վիճակներին: Ոչնչի մասին չհարցրեց կնոջը: Նրան լավ էր ճանաչում և գիտեր՝ եթե երեկ համաձայնեց գալ, ուրեմն ուրիշ մեկը չունի: Ամբողջական կին է, երկու տղամարդու պատկանել չի կարող: Հայտնի չէ՝ իրենից հետո ուրիշ մեկը եղե՞լ է, թե՞ ոչ: Բայց երբ նայում է նրան՝ այդ դժվար սիրո մեջ խճճված, հասկանում է, որ այսքան ժամանակ իրեն է սպասել: Եվ որ այդպես է ընտելացել անդունդին: Կարծես մեռել լինի՝ կողքին ծաղիկներ:

– Հագնվիր: Գնանք ման գալու:

Ենթարկվում է: Իրեն թույլ է տալիս ենթարկվել: Ինչպես որ իրենց գցել է այս ցեխի մեջ, այդպես էլ թող դուրս հանի:
Այնպիսի տպավորություն է, ասես ետևից քաշ է տալիս կնոջը: Էսպես չի լինի: Ետ է ընկել, ձեռքերը գրպանում, մի բառ չի արտաբերում: Քայլում է իր ետևից:

Չի կարող բռնել նրա ձեռքը. եթե մի ձեռքով վարի սայլակը, կշեղվի ու կընկնի մայթեզրի առուն: Բացառվում է, որ կինը ձեռքերը դնի բռնակներին իր մեջքի ետևում: Երկուսի համար էլ անկարելի է:

Երբեք այսքան մենակ չի քայլել: Ինչ ապուշ իրավիճակ է. լինել միասին ու քեզ զգալ այսքան միայնակ: Այնքան ծանրացած՝ մեկը մյուսի պատճառով:
Սայլակը կանգ է առնում մայթի մեջտեղում, ու հենց մայթի մեջտեղում սկսվում է վիճաբանությունը: Բոլորը իրենց են նայում: Թքած. մայթի թագավորը ինքն է. թող շրջանցեն, չէ՞ որ ինքը շատ կարևոր բան ունի ասելու: Փորձում է նրան հասկացնել, որ սա իր խնդիրն է, իսկ նա պետք է հանգստանա. որ եթե փորձի այս բեռը տանել իր փոխարեն, իր համար կրկնակի դժվար է լինելու, որ դրա կարիքը չկա: Նա պետք է լինի թեթև՝ ինչպես նախկինում, պետք է վազի փողոցի ծայրը՝ եթե ուզում է, և վերադառնա՝ եթե ուզում է: Որովհետև եթե նա կորցնի թռչունի իր հատկությունը, ապա որտե՞ղ է ծվարելու իրենը:

Կինը նայում է նրան. ինչ-որ բան հայացքում ասում է, որ հարցը քայլելը կամ վազելը չէ:

Որ դա է նա կրում, և դրանից է ծանրանում: Որ հենց դրա հետ չի կարողանում հաշտվել:

Կնոջից է նա իմանում, որ ինքն էլ դեռ չի հաշտվել, որ կինն այստեղ է՝ բացահայտելու համար սարսափելի կողմը այն բանի, ինչի հետ պետք էր հաշտվել: Թվում էր, թե այս փուլն անցել է, բայց պարզվեց, որ դա չի կարող տեղի ունենալ առանց նրա: Կինը պետք է շպրտեր դեմքին ու հետո անսահման տխրեր դրանից:

Կինը ամփոփում է.

– Ինձ ժամանակ է հարկավոր:

Նա չգիտի՝ ինչ պատասխանի:
Նրանք լուռ շարունակում են իրենց ընթացքը: Կուզենար գոռալ, որ կինը հեռանա, որ իրենից հեռու մնա, իրեն հանգիստ թողնի, բայց չի կարող, չէ՞ որ ինքն է կանչել: Չգիտի, թե ուր է նրան տանում. չգիտի, թե ուր են գնում: Կինը իր մեջ շանթահարող կասկած գցեց: Քանդեց այն հավասարակշռությունը, որը մինչ այդ տիրում էր ներսում:

Այլևս վստահ չէ նրանում, ինչին ընդդիմանում էր՝ սիրո մեջ վստահ չէ: Այլևս վստահ չէ, որ կարող է ընդդիմանալ: Վստահ չէ, որ իրավունք ունի նրան այս վիճակի մեջ գցել: Քանդվում է կնոջ կողքին:
– Ե՞րբ ենք գնում:

Այսպիսին է կինը՝ պատրաստ մեկնելու անմիջապես: Անմիջապես պարզելու, թե ինչի է նման կյանքը իր հետ հիմա: Պատրաստ փորձելու:

Իրեն մնում է մի քանի տեքստ հանձնել մինչև շաբաթավերջ: Ընդամենը: Հանկարծ կինը շրջվում է.

– Իսկ քո աշխատա՞նքը:

Ձայնի մեջ կա մտավախություն՝ հանկարծ իրեն խաղից դուրս չշպրտեն, հանկարծ չարգելեն խաղալ մյուսների հետ, հանկարծ դա էլ չկորցնի:

Պատասխանում է, որ դա խնդիր չի, որ արձակուրդն ավարտվում է ամսվա վերջին, և իրեն սպասում են գրասենյակում: Որ արդեն սկսել է հետևել Գարշում կայանալիք վաճառքին:

Ինչքա՞ն ժամանակ է նրան պետք պատրաստվելու համար, արդյոք իր օգնության կարիքն ունի՞: Պատասխանում է, որ օգնող ունի՝ տնային սպասուհին:

– Արի մեկնենք կիրակի,- ասում է: Կպատվիրեմ այն տաքսին, որը սովորաբար ինձ տանում է:

Կինը երեք օր ունի այդ մտքին ընտելանալու: Ու նաև տունը տաքացնելու համար: Պարզ տեսնում է, թե որքան է նա կորցրել դիմադրողականությունը. մայիս ամիսն է, իսկ վերարկուն դեռ հագին է:
III

Ահագին ժամանակ է՝ ճամփա են ընկել. Արժանտանը պետք է որ անցած լինեն: Ուշադիր չէր ցուցանակներին: Ճանապարհը նորից վերածվեց անվերջ բացվող ժապավենի: Ճանապարհը այլևս երբեք կանգ չի առնի: Այլևս երբեք չի հարվածի դեմքին: Երբեք. դա էլ վերապրեց, հիմա ճանապարհը իր ընթացքով վազում է: Տարօրինակ է, որ պետք է մեկնել՝ վերադառնալու համար: Տարօրինակ է, սակայն այլ կերպ հնարավոր չէ:

Կինը հանգիստ է. ճանապարհը օրորում է նրան: Նրա համար ճանապարհը մեղմանում է, միչդեռ իրեն այդքան ցավ պատճառեց: Կինը ննջում է՝ գլուխը իր առնանդամին, ոտքերը՝ նստարանին ծալած: Սա էլ նոր սովորություն է՝ գլուխը դնել իր առնանդամին: Կարծես ուզում է լսել ծովի խշշոցը խեցու ներսում:

Չի ընդդիմանում: Սա էլ կորստից բուժվելու նրա ձևն է: Գազանների նման. բնազդաբար զգում է՝ ինչ է պետք անել, որտեղ է ցավում, որ մասն է պետք լիզել:

Նայում է նրան՝ իր վրա փռված այդ մեծ գազանին, իրեն ժառանգություն հասած այդ մեծ գազանին, կյանքի նվերին: Որի համար պատասխանատու է: Ու դրանից սկսում է վախենալ, այդ պատասխանատվությունից՝ նրան իր հետ տանելու ամեն ինչին հակառակ:
– Հեռո՞ւ ենք:

Կինը գիտի տագնապը որսալ հենց այն պահին, երբ մոտենում է: Նրան այդ հատկությունը տրված է ի ծնե: Վերադառնալ կյանք, երբ մտքերը վրա են տալիս:

– Մի րոպե կանգնենք, ես պետք է դուրս գամ: Դու չե՞ս ուզում:

Անմիջապես լռում է: Հիմարություն դուրս տվեց: Բնականաբար նա այլևս չի միզում ծառերի ետևում:

– Կանգնե՞մ:

Այս վարորդը հրաշք է: Ամբողջ ընթացքում մի բառ չասաց, իսկ հիմա իրեն փրկում է:

Մեքենան արգելակում է գեղեցիկ ճանապարհի եզրին, որն անցնում է Անդենի անտառի միջով: Կինը դուրս է վազում մեքենայից:

Վարորդը մնում է դռան մոտ՝ մաքուր օդին, այդ տարօրինակ հաճախորդի կողքին, որին պետք է զգուշորեն ամրացնել ետևի նստարանին, իր տղայի տարիքի այդ տարօրինակ հաճախորդի, որը քնքշանք է ներշնչում: Այդ տարօրինակ հաճախորդի, որին անվանում է “պարոն” և որին երեխայի նման տեղափոխում է ձեռքերի վրա:

Այնքան էլ չզարմացավ, որ ամեն ինչի հետ միասին պետք էր տանել նաև երիտասարդ կնոջը: Առանց սիրո այդպիսի կյանքը անհնարին կլիներ: Դատելով նրանից, թե ինչպես է նա նայում կնոջը, ինչպես է սպասում նրան՝ դուռը բացած դեպի գարնանային կիրակին, ծառերի արանքում քնից նոր արթնացածի պես ձգվող լույսին, պետք է որ շատ կապված լիներ նրան:
Կինը վերադառնում է: Նա և վարորդը ժպտում են միմյանց: Դավադիրների պես: Երկուսն էլ ջանալով մի փոքր մեղմել այդ տղայի կյանքը: Երկուսն էլ մասնակիցը այն սիրո, որն առաջանում էր ամենուրեք, որտեղ նա հայտնվում էր:

Կնոջ գլուխը նրա ուսին է, նրա ձեռքը՝ կնոջ գլուխը գրկած: Բոլորի նման, նախկինի պես: Պարզապես նախկինում տաքսիով չէին գնա մինչև ծովեզերք: Այն ժամանակ կարիք չկար թշվառությունը շքեղությամբ ծածկելու:

Եթե անընդհատ համեմատի՝ նախկինում-հիմա, կխճճվի: Կինը դա գիտակցում է: Դրանք անհամեմատելի բաներ են: Այս մեկը տարբեր պատմություն է: Որը սկսվում է: Վերսկսելու բան չկա: Որովհետև կկործանվի: Կպարտվի: Հաստատ: Այս ամենը պետք է ընդունել որպես արկած, այլապես ճանապարհի ծայրին ոչ այլ ինչ է, քան այն բաների երկար ու ձիգ ցանկը, որոնք երբեք չեն լինելու, այն ցանկը, որը վառվում ու մարում է իր գլխում հինգ օր ի վեր: Եվ որը հանգիստ չի տալիս: Այդ ցանկը, որն իրեն ծաղրում է և թույլ չի տալիս երազել: Այդ ցանկը, որն առավոտյան կողմ կապտուկներ է թողնում աչքերի տակ. կարծես հարվածներից:

Show Comments Hide Comments

One thought on Մերկ, տղամարդ, նստած

  1. Vahagn Petrossyan says:

    Браво

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *