ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ բան

Հիմա ուղղաթիռը լուսամուտից բերանդ կմտնի: Խև հռհռոցդ շարժիչի ժխոր-դղրդոցն էր: «Կոխի աչքս»: Անցավ վրայովդ` համարյա քսվելով հիմնարկիդ: Փորին գիծ կար ու երեք սև պտուկ:

Անհնար էր, բայց նա գործի չէր եկել:

Տանկերը ավելացել էին, ամեն տեղ են` հիմնարկի դռանը, մանկապարտեզի առաջ, ներքևի խաչմերուկում, օպերայի շուրջը` շատ: Ժամանակ առ ժամանակ աշխատացնում են թրթուռները ու շարժում ինչ ունեն-չունեն: Պիտի ջարդեն` խոստացել էին միակ աշխատող ալիքով:

Արդեն տասնմեկն էր:

Որ գա, կծանոթացնե՞ս ինձ ընկերուհուդ հետ:

Կադրերի բաժնի աղջիկը կաս-կարմիր դուրս թռավ, հենց ընկերուհիդ հայտնվեց` վերջապես: Համոզված էր` բոլորը` պրակտիկայի ընդունված ուսանողներդ, հատկապես արդեն ստաժավոր ընկերուհիդ, հալածում են հիմա իրեն կայսերական գնդապետի դուստր լինելու համար: Մի կատարյալ սլավոնական Գեղեցկուհի, օկուպանտ: Մխիթարում էի՞ր:

Ընկերուհիդ ականջիդ փսփսաց` ֆրանսերեն, անկապ, բառերը կուլ տալով: Արագացված կուրսերին, ուր կարծեմ ծանոթացել էիք, նա հասցրեց մի բան սովորել` երկրաշարժից հետո «բժիշկներ առանց սահմանների» առաքելությանը օգտակար լինելու, իսկ դո՞ւ, ցանցա՛ռ:

Ակնհայտորեն բորբոքված էր` ոչ մի բան ենթադրվող տարերային ցույցի, ոչ մի խոսք հնարավոր անհնար դեպքերի մասին: Նա քեզ պես տեղում տիտիկ անողը չի` գիտես, դուրս կգա, հատկապես հիմա, երբ հեռուստատեսությամբ լկտիաբար սպառնացել են բան: Բան պիտի հարցնեմ հետո քեզնից, չմոռանամ:

Ասեցի՞ գիշերը ռադիոյով Գերմանիայից նրա քեռին էր խոսել:

Ընկերուհիդ վրա էր տալիս հինգ լիտրանոց բանի համար, հինգ լիտրանոց բանկան` բերնեբերան լցված ծաղիկների գլխիկներով, որ գիշերը հազարին տարել ես իրենց տուն:

Հասցնում ես հասկանա՞լ ուզածը:

Փեսացուի ու իրենց գալու նպատակից մինչև վերջ անտեղյակ, չկայացած խնամախոսների գնալուց հետո, դուրս ես եկել` ծլկել-կորել, հետո ուշ ետ եկել էդ ցրտին օյինբազ բանկայովդ ու տեղնուտեղը նորից ծլկել:

Չես հասկանում` աղջիկը մեղադրում էր, թե` գոհ:

Իր անհավանական, հնարավոր նշանդրեքի բանով երեկ ամբողջ օրը միասին եք եղել: Գիշերով որտեղի՞ց ճարեցիր ծաղիկները պարետային ժամին, տեղ հասար ու հետո էլ պլստացիր բռնվելուց: Մի տանկ ու բան արդեն շաբաթից ավելի հենց իրենց շքամուտքի սառույցին են հագած: Դրանց հետ լեզու գտնել հնարավոր չէր: Ինչի՞ էին ծաղիկների պոչերը բան…

Ընկերուհիդ մեկը մյուսի ետևից ասում, չի դադրում:

Քաղաքական տհասության բանով անհեթեթ վեճ սկսեց պոլոզ աշխատակցիդ հետ:

Պիտի ընդհատել` ավելի ու ավելի կբորբոքվի:

Կոպտեց մարդուն:

Թափով նստեց սեղանիդ մոտ, քիփ կողքիդ: Մեկ էլ փեշը անսպասելիորեն քաշեց, ու հանկարծ բարակ ազդրերը ամբողջովին բացվեցին:

Ուղղաթիռ բան:

Հիմա կգնա:

Շո՛ւտ:

Առանց կրունկ կոշիկներ կհագնես ու մազերդ կկապես,- շուտ ասա` շատ վստահ ձայնով:

Լսեց` դուրս գալիս հապաղեց, ժպտաց:

Տեղն ընկա՞վ ամեն բան:

Ակնհայտորեն փեսացուն առավոտ ոչ երևացել էր, ոչ զանգել, ոչ էլ լուր էր տվել: Տեսնես ինչով էր զբաղված: Ի՞նչ պլան ունի:

Անցյալ օրն էլ տղաներին ասել էր, թե ինքդ քեզ հետ բարձրաձայն խոսում, կռվում ես փողոցով գնալիս:

Թող իր թանը խմի:

Ի՛նքն էր շատերից առաջ խփնվել, կորցրել հումորը` միայն թունոտ հեգնանք ու խիտ թրաշի արանքից խուլ քմծիծաղ: Աչքերը մի տեսակ անհեթեթ պլպլում են:

Լուրջ ակտիվիստ դարձավ` նիհար, բոյով, թեք:

Երեկոյան պարզվեց` հենց երեկ անդամագրվել էր ընդհատակից դուրս եկած անկախականների կուսակցությանը, ոչ թե ապուշիդ պես` կես թագավորության գնով անցած երկուշաբթի տասը լիտր բենզին ճարել ինքդ քեզ բան` «ինքնանահրկիզվելու» համար, իբր մի զինվորական կամ տանկ հետդ կորցնես:

Չինչին` ընկերուհիդ ճիշտ էր ասում: Չինչին, այսինքն բան` աղջիկ: Դու չինչին ես:

Պինգվի՛ն, մտքովդ չի անցնում, գիտես շանս չունե՞ս, թե՞ իրոք ընկերուհուդ խոստացել ես օգնել տղային ու վերջ: Երկու մրցույթ շահեցիք: Քեզ խնդրեց օգնել, որովհետև պատահաբար ձեռդ էր ընկել իր տետրը` բոլոր էջերին ծայրից ծայր տղայի անուն ազգանունը, անուն ազգանունը: Ասե՞մ:
Տարօրինակ բան` կարծես ինքն իրեն համոզելու լիներ անուն ազգանունը:

Ձեռագիրը Էլի դուրդ եկա՞վ:

Մոտիկ է ապրում` շորն ու բանը կփոխի ու` փողոց: Կփոխի՞:

Քիչ հետո, ամենաուշը կես ժամից դուրս պիտի գալ ետևից:

Երեք ուղղաթիռ միաժամանակ գլխիդ են աղում երկինքը:

Պիտի մենակ չթողնել` մինչև փեսացուն գա:

Սառույցի փշրանքը մեկ աջից, մեկ ձախից խփում էր քիթը դուրս հանողին` բզիկ-բզիկ անում ամբոխը, կուտակում մեկ մի ուղղությամբ, մեկ` մյուս: Տանկերը նորից սկսեցին սպառնալի դղրդալ:

Գտա՞ր:

Վերջապես:

Աղջիկը կատաղի վեճի էր բռնվել չարագույժ խմբի մեջից մի աժդահայի հետ: Կարծեմ չես ուշացել:

Նման օրերին դեմդ են գալիս աներևակայելի կերպարանքներ: Վերջապես հաջողացնում ես շեղել արնակալած աչքերով հոխորտացող մղձավանջը ու էգ գազանիկի եղունգները ետ քաշել դրա սև քուրքից: Ընկերուհիդ քայլեց ուղիղ դեպի տանկերը: Մի քանի խումբ միացան ձեզ: Ամբոխը մեծացել էր: Ահա: Փեսացուն հայտնվեց: Չեն համարձակվի վրա տալ: Կարծում ե՞ս: Չեն վախեցնի:

Օրվա մեջ մի քանի անգամ մեկ գործի, մեկ փողոց վերադարձար:

Միասին էին:

Մթնեց:

Հիմա ընդհարում չեղավ` այնուամենայնիվ չհամարձակվեցին:

Պիտի ասեմ` վատ չի:

Գործը: Գործը մնաց: Ինչ գործ: Պիտի անպայման վերջացնես քո տարբերակը` հիմա իհարկե: Ցույցն էլ չլիներ, քեզ ով էր թողնում քո տարբերակի վրա աշխատես, բայց եթե աշխատանքի ժամից հետո մնաս, գլուխ բերես, մեկ էլ տեսար բանի տեղ դնեն արածդ` անցյալ անգամվա պես: Անունդ պահակի մոտ կա` կարող ես մնալ:

Չնայած ամենայն հավանակությամբ ամբողջ խաղը անիմաստ կդառնա շուտով, եթե արդեն չի դարձել: Ո՞ւմ պետք կլինի արածներդ, եթե աշխարհը շուռ գա:

Մինչև ուղղաթիռներինը, վարիչի առավոտվա ղալմաղալը, կարծում եմ, դրա նշանն էր: Նորից «ուրիշի» թարթիչ, բան էր գտել իր թղթերին ու ափերից դուրս եկել թարթիչի համար, որ իր տեղն եք նստել իբր: Բոլորիդ սպառնում էր դուրս շպրտել, թե չենթարկվեք: Նաև ձեր` շառի տակ գցվող գլուխների համար էր մարդը երևի իրար անցնում, իսկ դու դեմ առ դեմ նրան գողական ես ասում:

Բոլորը կռահում են` գործից հետո դո՛ւ ես տեղդ փոխում` նստում աշխատելու ուրիշներից մեկնումեկի կամ վարիչի սեղանի առաջ, բայց գիտե՞ն, որ տեղիդ սովորելու վախից, որ գերի չդառնաս պիտույքներիդ, գործիքներին` նրա պես եզ չդառնաս:

Ասեցիր` չես տանում երբ, ենթադրենք, ուզում են օդաչու լինել, այլ ոչ թե թռչել, գրող կամ բժիշկ, ոչ թե գրել կամ բուժել, հետո էլ անպայման կարգվում են վարչական ու բռնաբարում իրենց չբավարարված հոգու ստեղծագործականությունը ապացուցելու` որոշելով անպայման ուրիշների արածի բախտը:

Խելո՛ք, հասկանում եմ` ինչի էր ընկերուհիդ միշտ «իկ», «ուկ», «օկ» փոքրացնող ածանցներով, դրանց ֆրանսերեն, գերմաներեն տարբերակներով քեզ կոչում, չնայած ընդամենը ինչքա՞ն էր մեծ քեզնից:

Առանց անվերադարձ կապվելու, գերվելու, խրվելու բան դուրս չի գա, ոչ թե միայն գործին գերի` պիտի ճանճ դառնաս: «Ճանճը» ֆիլմի ահավոր հրեշին հիշում ես` գիտնականին, որ հրեշավոր ճանճ դարձավ` իր գործին տրվելով մինչև վերջ, փորձ դնելով իր վրա: Մի ուղղությամբ թռիչք ու վերջ, ինչքան կարող ես շուտ` տարվել, խրվել, վարի գնալ ու բան, եթե ձեռիցդ գա:

Կարծում եմ, բան չի ստացվի: Բանը, ինչպես միշտ, տեղնուտեղը դուրս կգցի քեզ սաղլամ, լավ` համարյա սաղլամ, ասենք` կողքի ցավով, կամ մի նման բան: Երևի ուրիշ տեսակից ես` չմտնող, անվերջ անկապ դուրս նետված դատարկ ու փուչ պտույտի մեջ, դրսերը արևների տակ անտեղի կյանքը մլուլ տվող մանր հրեշներից: Հրեշ-իկ-ներից, որ երբևէ տեղի չեն ունենալու:

Շատ վաղուց էր դա պարզ դարձել` կենտրոնական հանրախանութի առաջին հարկում նոր դրված խաղի ավտոմատով: Հիշում ես` դրամը գցելուց հետո պետք էր ղեկը վերցնել, սեղմել ոտնակը ու կարմիր նկարած մեքենան տեղ հասցնել հնարավորինս քիչ վթարներով: Փողը գցեցիր` լավ:

Մեքենան ընթանում էր հրաշալի, դանդաղ, առանց վթարի, ղեկը պտտելու կարիք կարծես չկար: Կարծես խաղը չէր էլ սկսվել` ոչ մի խոչընդոտ, ոչ մի հանդիպակաց մեքենա: Կեսից հասկացար` ոտքով կարգին չես սեղմել, բայց քանի որ «խաղի նպատակը վթար չանելն էր», հետո էլ չսեղմեցիր: Խաղի վերջում, եթե համարում ես, որ խաղը տեղի ունեցավ, ու փողդ ուղղակի չէր կորել, ոչ մի վթար չգրվեց, ու ոչ մի բան, իհարկե` ոչ մի արդյունք, ոչ էլ լրացուցիչ խաղ: Պարապ պտույտ: Պտույտ-իկ:

Եկավ:

Տեսել էր աշխատասենյակի լույսը վառ` դեռ չեն կտրել, բարձրացել էր:

Նոր էր բաժանվել ընկերներից: Մինչև հիմա թափառել են:

Ոգևորված էր, բայց շան պես հոգնած:

Նոր նկատեցիր արտակարգ գեղեցիկ կարճ վերարկուն: Ինքն էր կարել հաստ նախշապատ հնդկական սփռոցից: Կասեի՞ր` կարել կիմանա:

Նայեց արածդ գործին` ռունգերը ռիթմիկ շարժելով` բան չխոսեց: Խամություն ես արել` ամեն ինչ անխնա, անփույթ` միանգամից մի տեղ, իսկ խնդիրը չի լուծվել, այսինքն չի դրվել նույնիսկ, իսկ նա` «քչով շատ ու հայդա», մի խոսքով վարպետ էր: Բայց հիմա միայն քիթն էր ֆսֆսում:

Ինքնապաշտպանական խումբ են կազմում, անունը` ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:

Ոչ ավել, ոչ պակաս:

Եթե չլողանա` կմեռնի: Երեկ ամբողջ նավթը ծախսեց: Ամեն անգամ մաս-մաս լվացվելով յոլա չես գնա, եթե հատկապես նրա պես տաք ջրի գիժ ես:

Ինքնապաշտպանական խմբեր միշտ վաղուց էր պետք կազմել` կայսերական զորքի ավետարանը թարգմանել հնարավոր չի, հետո չգիտես` ինչ կլինի:

Կմեռնի, եթե չլողանա:

Լույսը գնաց:

Ուշ էր:

Չծանոթացրեցիր:

Թղթի վրա արցունք ընկավ:

Պարետային ժամի սկսվելուն մի քսանհինգ րոպե կա: Բանալին միշտ պոլոզի սեղանի բանին ես դնում: Վերջը, ամեն ինչ խառնելուց հետո գտար: Իջաք:

Գիշերը կարող ես կարգին լողանալ,- փսփսացիր, որ պահակը ներքևում, ու ոչ ոք չլսի: Ձերոնք միայն երկու օրից են վերադառնալու, եթե ստացվի:

Ի՞նչ:

Գիշերով ետ գնալ չի լինի, միայն առավոտյան, բայց կարգին կլողանա:

Նայեց վրադ ու ավելորդ հարցեր չտվեց: Հայդա~:

Մութ փողոցներում արդեն ոչ մարդ կար, ոչ մեքենա: Նրա կոշիկներն էլ են ջուր քաշում` ամբողջ օրը դուրսը` քիթը ֆսֆս:

Այգու միջով կարճ կտրեիք:

Օդը սուր էր` թարմ:

Ձյուն:

Ճոխ, շռայլ փաթիլներով սկսվեց` մի լուռ արարողություն, հույժ խորհրդավոր:
Լույսերը փաթիլների մեջ շորորալով շաղվում են նրա թարթիչներին, մեկ, երկու, շնչեք` արդեն չկան: Մազերի վրա հապաղում են ավելի երկար պսակով, որ, որ, ի՞նչ ես անում, որ փչես` խատուտիկի պես օդապարուկ ցրվեն ցան-ցան:

– Մի՛:

Արտակարգ դրությո՞ւն: Քիչ հետո տանկերը կծածկվեն փափուկ ու սպիտակ ամեն կեղտի հետ, կանհետանան:

Երեկոն էլ չի դիմադրում գիշերվան` սիրուն, համարյա ռաբիզ, բայց սառն ու ամաչեցնող:

Հասկանում ես` ինչի են բանաստեղծություն գրում, նկարում` ուզում են երևի ինչ-որ անդիմադրելի բան կիսել` հիացմունքը:

Շնչել, շնչել, շնչել:

Հանդիսավոր գիշեր:

Փառահեղ, հիասքանչ:

Չափազանց գիշեր:

Չափազանցված:

Լավ որ շատ բանից տեղյակ չես` աջ ու ձախ կկիսեիր: Ե՞րբ ես ծանոթացնում ընկերուհուդ հետ:

Ամեն ինչ պարզվեց:

Լուծվեց:

Լուրջ, հասկանո՞ւմ ես` ինչ էր պետք անել, որ արածդ ստացվի:

«Քչով շատ ու հայդա»` ամեն քայլ հազար ու մի հարց պիտի դնի ու պատասխանի, հազար ու մի պատճառով լինի տեղին, ճիշտ: Բայց անկապ կուտակումից, միացումից ու զուգորդում-շաղկապումից հետո միայն, հազիվ դա արված լինի, կգա խզող համադրումը: Դեռ ինչքա~ն կա:
Չնայած գլխիս լո-լո ես կարդում, բայց գլխի եմ ընկնում, թե ինչ ես կարդացել:

Իսկ «հայդան»` ամենակարևորը, որոշումը, ամեն ինչից հետո-դուրս:

Ուզում ես ասել` երբ ճար չկա՞:

Ցնդաբանություն:

Էլի թվաց, թե գտել ես տարբերակիդ լուծումը:

Գործդ փոխի՛ր:

Ո՞չ:

Հայդա~:

Վերջապես:

Խլում ես ընկերուհուդ ձեռքն ու միասին սղղում եք թրթիռով վարակված:

Սղղում եք այգով ու մեկ էլ` մի ձեթի շիշ, ուղիղ դեմներդ:

Չբացված, իսկական ձեթի շիշ` լիքը ձեթ:

Ձյունը շատացավ:

Ամսից ավել ձեթ չկա, ու ձեթի համար հերթագրում են, իսկ հիմա, բարձր սոսիների ծառուղու մեջտեղը, գիշերով` ձեթի շիշ:

Վերցնելու եք, իհարկե:

Զարմանալի:

Պտույտ արեք` կերևա, կգաք ու կվերցնեք:

Մյուս արահետին, որտեղից որտեղ էլի` մի ձեթի շիշ, էլի լիքը, չբացված, սիրուն` սառույցին տնկված:

Մարդ չկա:

Կախարդված օր` բրոնզաձույլ հրապարակախոս-բանաստեղծ Նալբանդյանի գլխի վերևը` առավոտից տեղը տեղին մի լավ բաժին «հուր-երկաթ», հետո անճոռնի ուղղաթիռները, տանկերը լռվում են սառույցներին խրված սրանավ շենքի հետ միասին, ու վերջալույսից ուշ փափկած երկնքից ձեթի երեք շշեր են ընկնում հարսնատարազ սոսիների ծառուղում` ոտքերիդ առջև: «Հարսնատարազ սոսիներ»` սառցալուլա-լուլա-լուլա բզիկներով: Սիրում ես պուրակախոսությո՞ւն:

Սոսին ու պլատանը նո՞ւյնն են:

Քաղաքը պարուրող, պլլվող, մեջդ ներծծվող մածուցիկ ժամանակասպան թմբիրի շիլրան ծակում ենք մենք` Սոսիներս, չեղյալ ենք հռչակում գեշի ռեժիմը` մերժում կծկված, ցամաք ու տռճե չոլերի անպատմվության խիճը, փշերի, ղռերի կողքին, ամառ թե ձմեռ, գարուն թե աշուն` արտակարգ ու վստահ:

Շնչասպառ քաղաքում, մի ընդհատիր, ուր տուն կոչվածը մտնելու համար, պարզվեց, թույլատվություն պիտի խնդրես տանկերից, պիտի զարթնես անհեթեթ, անճոռնի ուղղաթիռների ժխորականչերից, Սոսիները ամաչեցնող, ապշեցուցիչ ներդաշնակ են` «տարաշխարհիկ բույսի մը» ցնորք զարդարուն լուլա-լուլա:

Արմատների թնջուկները գլխիվայր, էն տեղացի, թզուկ, որբ և այրի թթերին անհամեմատ, Սոսիները հրաշալի փարթամ են, առանց բարդույթների, վերասլաց, հպարտ: Սիրո՞ւմ ես թութ:
Ապուշ-ապուշ հռհռալով շարունակում եք, ու իրոք, առաջներդ ձեթի երրորդ շիշը ճանապարհի մեջտեղը:

Չի կարող, բայց քիչ հետո չորրորդն էլ պատահեց մի քիչ հեռու ու կապը կտրած քամի: Իսկականից գիշերն անույշ էր, գիշերն հեշտագին: Կարծում էի` ամռանը գրած կլինի:

Մի կո՛ղմ` ինչ-որ բան էր շարժվում:

Մի փողոցային շուն վազ տվեց, հետո մյուսը, ու մի բուռ պառավ ուրվագծվեց թփերի միջից, վերցրեց շիշը, փաստորեն ձեր հալալ ձեթը, դրեց տոպրակը ու բադիկ-բադիկ քաշ տվեց որտեղից հայտնվել էր: Շները սուս, շրջաններ անելով, հետևեցին պառավին:

Հասկանում ես, երևի չէր կարողացել բոլոր շշերը միանգամից տանել` տեղ հասցնել, շարել էր ճամփին, որ մեկ-մեկ տանի: Տեսնես` քանի՞ շիշ էր ձեռ գցել, քանի՞ անգամ էր գնացել եկել: Որոշ ժամանակ անց իրոք նորից երևաց` հերթական շիշը քարշ տալու: Հրաշքներ չկան:

Կան: Կարող ես բացատրել եղածը, բայց որ դա եղավ, որ օրինակ` շշերը դեմդ ելան, առավել ևս հենց նույն տեղում ու նույն պահին, երբ գտար գլուխկոտրուկ տարբերակիդ լուծումը, հրաշք էր:

Թե՞ չես գտել:

Ափսոս ձեթը:

Արդեն չէր հալվում ձյունը, քող-քող քշվում, սանրվում էր մայթին` սեր կապում:

Ընկերուհիդ բռնեց արմունկդ, սեղմվեց քեզ:

Կարծեցիր` նույն չարաբաստիկ մուտքի մոտով էիք անցնում, ուր մի ամիս առաջ նրան քաշքշել էին սրիկաները: Հազիվ էր պրծել:

Չէ, չես վառի մուտքը` քաղաքում մուտք ու պուճախ չի մնա, որ …

Բայց ընկերուհիդ փսփսաց.

-Շատ էր փոխվել, բայց ճանաչեցի: Ինքն էր պառավը: Երրորդ, թե չորրորդ դասարանում էի, ափիս մեջ նայեց, որոշեց` ամուսին, երեխա բան չեմ ունենալու: Ռուսացի փոխարինողն էր` ուրիշ տեղից, հա, նույն չալպտուրիկ բանով վհուկը:

Չէ, մի ճաքի վրես` հաստատ ինքն էր: Գանգից մի րոպե էլ չէր հանում լաչակը: Հետո էլ մխիթարեց, թե չի բացառվում չաղ, ճաղատ մարդ ունենամ, հա, եթե քսանյոթ տարեկանում չմեռնեմ, իհարկե, կյանքիս թելը կտրած էր մինչև քսանյոթս լրանալը: Պատասխանեցի, թե ուրեմն դասից պիտի գնամ, շատ ժամանակ չի մնացել, ու դուռը զմփացրի:

Երեխային նման բան կասե՞ն: Թող հետը խոսեմ:

Պառավը նորից անհետացավ, բայց շներից մեկը, ոտքը կախ գցեց ու մի պտույտ էլ արեց:

Իրոք կտրտված էր կյանքի գիծը: Նայեցի՞ր: Մթին տեսա՞ր բարակ ափի բաց նարնջագույնը, … սպիները: Ձեռքը քաշեց:

Իզուր էիր բացատրում, որ շփոթած կլինի, թարս պառավը ձեր բակից էր, ռուսերեն հաստատ չէր իմանա, ընդհարապես երևի դպրոց ավարտած էլ չլիներ, ինքը մեն-մենակ, ու տանը լիքը կատու-շուն ու զիբիլ, դռնից տեսել եմ` համարյա ոտք դնելու տեղ չկա, ու ահավոր գարշահոտ բակով մեկ, հատկապես չրթելու բան կամ կատվի կեր բոված ժամանակ:

Ընկերուհիդ արդեն չի ուզում գալ հետդ: Իզուր ասեցիր, որ նույն անունն ունի, ինչ ինքը: Սպասիր, ես կխոսեմ հետը:

Չէ, համարյա չեք ուշանում:

Սրանք էին պակաս:

– No, no, мы уже Capitaine, nous habitons ici, մենք дошли, нам сюда:

Կարծես դրանք օտարերկրացիներից քաշվում ե՞ն, մասխարա՛:

Չկա չիժիկ, առանց փիժիկ:

Էլ ինչ ետ գնալ: Ի~նչ տղաներ էին, ի~նչ կապիտան` պլատանի պես բոյով, բուսով, լուսաչյա: Լավ պրծանք:

Շուտով տուն կհասնեք: Տո՞ւն:

Անցած նոր տարի ընկերոջդ հետ դուրս էիք եկել ման գալու, թե՞ բարձրաստիճան բանից` կեսգիշերին ցեխերի միջով կուսակրոն սիրահետողիցդ էր քեզ փախցնում էլի: Գցեց փողոցի մեջտեղը հավերժ նորոգվող մեծ փոսի մեջ, ինքն էլ հետդ, որ ի՞նչ, որ հասկանաս չի կարող մի տեղ տանե՞լ, տուն, տեղ չունի, հիմա՛րը:

Շատ ռոմանտի՞կ կարծեց փոսի համբույրը` հետապնդող սև-սև բանից, սև վոլգաներից հետո:

Լացացրեց, հանգստացավ:

Չենք ուզում հիշել:

Չգիտեմ, մութ պատմություն էր` քանի տարվա հետապնդում, կրքեր, կրոնական կարգից հրաժարվելու խոստումներ, այնուամենայնիվ, տիտղոսի առավելագույն բարձրացում: Ինչո՞վ վերջացավ, տեսա սպիներդ, ուրիշ էլ ունես…, կամ ընդհարապես վերջացա՞վ, թե՞ չէ: Ինչ-որ բաներ լսեցի հետո, գարնանը, բայց կներես` ավելորդ դուրս եմ տալիս:

Ետ գնալ չես հասցնի, բայց ներս մտնես թե չէ, անմիջապես տուն զանգի բան ` չանհանգստանան:

Սլաքը` ուղիղ պարետային ժամին եք մտնում ընկերոջդ բակը, իրար բկի չոքած խարխուլ ծակուծուկերով, անհեթեթ` քաղաքի հենց կենտրոնում, «Ավետիքյան» չուգունի ճաքած աղբյուրով` բակի մեջտեղը, ծուռ պետքարանով` աջից: Քեզ խոստացավ, բայց լողարան հաստատ չկա:

Ինչքան իրեն հիշում էր, ամեն տարի սա պիտի քանդեին, նոր տեղ տային, հիմա էլ արտակարգ դրություն` բարեհաջող մեջ ընկավ, բայց բոլորը կարծում են վաղը քանդուքարափը կքանդեն, վաղը չէ` մյուս օրը, իրար գզում թիզ ավել պոկելու, որ նոր տեղում ստանալիքը մեծ լինի:

– Սրանք են պառավի դուռն ու լուսամուտը: Բան տեսնո՞ւմ ես մթին:

Սևացած անապակի լուսամուտից, մի քանի անգամ հրդեհ էր ընկել, փշեր են ցցված ու անցած տարիներից մնացած տոնածառի ճյուղ` չար աչքի դեմ, դռան վրա գրքից պոկած սև-սպիտակ Լենինի նկար ու տակը մոմեր:

-Ցնցող քաղաքականություն` կոմպլեմենտար:

Պառավի անեծքները լսես` կողքի հարևաններն են տունը վառում, իր վրա գցում, որ գիժ հանեն, քշեն տեղից ու տիրանան:

Ո՞ւր ես, ի՞նչ եղար:

Բա՛ց արա դուռդ վերջապես: Ուր պիտի լինի` թաքնվեց հրեն: Արի՛, շուտ արա, քանի պառավը չկա: Դրան որ տեսավ` աղջիկը ոտից գլուխ սկսեց դողալ: Բան չլինի: Կարծես ինքն իրեն էր տեսել մղձավանջում:

Չթողեցի գնա, բայց չեմ կարողանում հետը խոսել, հիմար բաներ դուրս տվի, քեզնից ավելի ատելությամբ էր նայում վրաս: Կներես, հաստատ կմտածի` դու ես ինձ պատմել սրբի հետ իր փորձանքը, բան, մի խոսքով, նույն պալատում հարևանուհիս էր ազատվում,… առանձնապես բան էլ չեմ ասել` գարնանը որ, գիտես, դե անեծքը, անեծք չէ` գուշակությունը եղավ: Լսեցի` երեխայից զրկվեց, զրկվեց ու ընդհանրապես: Չգիտեմ, մի կերպ տակից դուրս կգաս, մի բան կհնարես սիրտը կառնես, դու լավ ես հետը:

Նե՛րս, պառավի շները:

Հևիհև բակ մտան` իրար ճամփա կտրելով:

Հիմա ուղղաթիռը բերանդ կմտնի: «Կոխի՛, կոխի աչքս»: Նորից հռհռոցդ սերովբեի ժխոր-դղրդոցն էր: Անցավ վրայովդ` համարյա քսվելով վառված քարափին: Փորին գիծ կար, երեք սև պտուկ:

Սարերում դրա երկաթահաչ բարձր արվեստը ավելի անճոռնի ու անհեթեթ թվաց, քան երկու տարի առաջ քարկապ քաղաքում:

Պայթյուն նորից: Ի՞նչ են լսել առավոտ շուտ:

Սովոր չես սար ու ձորին, շուտ ես հոգում, կանգնում:

Ականանետի կրակոց էր: Կրկնվեց էլի, քիչ հետո էլի:

Կարծում ես հոգնելուց կլինի, որ բնությունը քեզ ավելի գեղեցիկ թվաց:

Ընկերուհիդ ասում էր. «շփոթում ես բնությունն ու բնականը ` «անկեղծն ու բնականը» ամաչելու պարզամիտ են, իսկ բնությունը` խորհրդավոր, տարաշխարիկ, ամաչեցնող:» Սուտը` սուտ, բայց տեսնես ինքն ո՞ւր կլինի հիմա:

Հենց կրկնակի բլուրը անցար, կասկած չմնաց` պարզ դարձավ` հստակ` դրանք հարյուր քսաներկու միլիմետրանոցով ռեպեր են անում ` փորձնական կրակ, ուշ թե շուտ կանցնեն ոչնչացման: Ականանետը պապուս թվի խաղալիք էր` գետնին պողպատե մազոլ` վահան` վրան խողովակ, բայց հիմա էլ բարեհաջող կթաղի մեզ:

Ամեն ինչ արեցի՞ր, որ զգուշացնես, թե շուտով ուղիղ ձեր դիրքին են խփելու: Բանի տեղ չեն դնում, իրար չեն գալիս ընկերներդ, տեղը չեն բերում, չեն հասկանում, խելքները կերել են:

Արդեն սկսվեց կրակահերթը` աջից ձախ, պայթյուն պայթյունի վրա` քառասունհինգ աստիճանից ավելի դիք` բլրի վրայով ականները պարաբոլ են գծում` կախվում ու պայթում հակառակ լանջին` քո թողած լանջին` ուշացած լսվում:

Երբ դու ես խփում՝ պայթյունը հեռվում համր ֆիլմի պես ես տեսնում անձայն քիչ հետո լսում:

Հա՝ պայթեց, աչքիս չի եկել՝ դեռ չես խլացել:

Որ քեզ են խփում, սկզբից լսում ես դրա սուլոցը ու չես էլ տեսնում քիթդ հող խրած, մինչև ծուխն ու մուխը բերանդ չգա, կծու ավետիս սև քուլ-քուլա: Թե սաղ ես՝ սարսաղ:

Մեկը մյուսի ետևից:

Բաբանը` բերանդ հասավ սիրտդ ` շատ չանցած կհասնեն տղերքին:

Ե՞տ ես գնում: Քեզ ի՞նչ եղավ, բալամ: Նորից փորձե՞ս, ավելի մոտից` իմաց անել, որ չլինելիք տեղից դուրս գան, բան: Իզուր: Մոտդ կրակելու բան չի մնացել, չեմ ասում` ազդանշան-հրթիռ, նույնիսկ հրահան` հագինդ վառես, քեզ վառես` չինչին: Դղրդացող չոլի մեջ ձեռ ու ոտ ես ընկել փսլնքոտ, խռպոտած հողմաղացի պես: Ձեռ ու ոտ ես ընկել, ի՞նչ ես անում: Մենք կարևոր գործեր ունենք:

Սերովբե՛ն:

Բերանքսիվայր գետի՛ն: Շուտ`ժայռի տակ:

Ժայռի երկայնքով կրակահերթից կայծեր ցայտեցին` աղեղով ցան-ցան:

Հողին կծկված, կտրվող շունչդ պահել ես հողից, որ ժայռի տակ խատուտիկները հանկարծ չփչե՞ս, տեղդ իմացվի: Շնչի՛ր: Քիթդ են ծաղրում, փռշտացնում են ու ցրվում ցան-ցան: Ուզես թե չուզես` ցրվում են ցան-ցան` դրանց սերմերն էլ չես հսկի հաստատ: Իսկ սրա հոտից աչքերդ են փակվում` անպատկառ բույսիկ`ս հենց քարի միջից քթիդ դեմ ցցված, քեզ լրիվ անհայտ, գուցե` բոլորին, զույգ զատիկով պոչը պոչի, կողքը` բան, դե բան` ապրիմ-չապրիմ: Ի՛նչ սրված անուն` պարզ ծաղկի համար: Ուրիշ լեզուներ այլ կերպ են կոչում, և հարցն էլ կարծես այլ տեղ են տեսնում` լինել, թե ապրել:

Ժամանակ չկա նեյնիմի համար, ե՛լ տեղից, ելիր.
հայդա, զատիկներ:

Վերադառնաս դիրք, տղերքին հասնես` վստահ կսատկես:

Վերադառնում ե՞ս:

Վերադառնո՞ւմ ես, որ հաստատ սատկես` «եղբայրաբար» «միացյալ» «իմացյալ» ու բան: Կվերադառնաս, թե մինչ վերադարձ սերովբեդ անույշ երեք պտուկը մեջդ չխրի մինչև քոք մեկտեղ:

Տես խոսքիս հասավ,
մինչև քոք, չինչի՛ն:

Շալակիդ ստվերը ղժժացող վկա`
ոչ մի բոնուս խաղ` թե՛ ղուշ, թե՛ գրին:

Գետի՛ն:
10 դրամ էլ չկա:

Քեզ փոսը գցիր, քանի չի խայթել:

Դու շառ ես մուրում շեկ փոսի գլխին,
ի՞նչ ես խնդմնդում, էլ ի՞նչ ես հիշել: Ցած ցատկիր, ցանցառ:
Հիմա…ր, հենց հիմա:

Փախած պոլոզին, մյուսներին` տնից փողոցից զոռով են բռնում, ուղարկում ճակատ, իսկ դու` ես գիտեմ, վախից կամավոր ուղիղ քշեցիր մետրոյի դուռը շուրջկալած կետին` թե տարեք, հայդա:

Զինգրասենյակում թաց հոգեբույժը գլուխ չհանեց քո պայծառ գլխից` ինչի՞ չես ճղում գլխացավանքի արանքը տեղում` ոչ ատելություն թշնամու հանդեպ, ոչ քեն կա մեջդ` «պատմական» վրեժ ցրիվ բզկտված նախնյացդ համար, ոչ մահ ես ուզում սիրադաղ բախտից, ոչ էլ նման բան` յոթ պորտի լարում, չնայած հիմա ո՞վ կպարծենա, թե իբր գիտի իր պապի պապուն, կամ` որ ծնողի գլխին եկածը իր գլխին մի խաղ արդեն չխաղաց: Ասեց գրագրին. «Էս տղեն գիժ ա, գրանցեք նորմալ»: Մեկ էլ անտարբեր. «Բոսխ սիրում ե՞ս»:

Բրեգել` ավելի:
Չոր կնիքը կենացի նման «հո»-յով թացացրեց, խփեց քո բանին:

Քո ոտով-բանով մեկնեցիր ճակատ:

Հիմա էլ գնում ես հասնես քո մահբան ` կրակի բերան, որ ի՞նչ, լոշտակա՛նջ, քարոզով ձգած ու մեծախոսիկ անտունի ցան-ցառ, խոշոր ծակգրպան: Սաբոտաժ ես դու ինքդ քո գործին: «Չլսված հանրույթ», «չխոսված լեզուն» ո՞վ պիտի շինի:

Գնացիր կռիվ` տղերքը չասե՞ն,- ո՞ւր էիր: Գուցե ո՞չ միայն տղերքը հարցնեն:

Ո՞վ պիտի հարցնի, իրավունք ունի, ո՞վ կհարցնի` եթե ունի.
ընկերուհի՞դ, որ չսպասեց` փեսան դուրս գա` թռավ «անսահման» վիրաբույժի հետ, հաա~, իհարկե ոչինչ չգիտեր, թե՞ կհարցնեն օկուպանտաչյա կադրերի բաժնից: Թե՞ երեխեքդ, որ չեն եղել, քեզ կանչեցին անեծքով` դե շուտ մեռիր:

Իսկ ձերոնց մասին… Է~ Ի՞նչ եմ խոսում:

Ուղղաթիռում էլ պատրոն յոխդուր, թե չէ քեզ վաղուց փռած կլիներ:

Դու հոգեվերլուծության լուրջ կարիք ունես, եթե նույնիսկ սուպերէգո հոգեառիդ պտուկների երկիմաստ սեռը մի պահ անտեսենք:

Համոզված էիր, որ հենց պսակվես, կռիվ կսկսվի:

Սկսվեց` չսպասեց:

Չինչին:

Հարսանիքիդ ե՞ս գնում:

Չես ուզում խոսել:

«Ո՞վ է տեսել էսպես հարսնիք` ո՛չ հարս ունի, ո՛չ փեսա»:

Քնե՞լ ես… Գոնե քնած լինեիր մեկն ու մեկի հետ:

Մի ցնդած էլ նա, զույգ տարի առաջ, երկար գիշերով, ինչքա~ն փսփսաց աղունիկի պես, խոստովանեց, թե առաջին անգամ պառկել էր քսանյոթը չեղած, երկրաշարժին պատահած տնաքանդի հետ, զզվելի տանջանք: Քանի որ,- ասեց,- «աշխարհն էր փլվել»:

Իսկ դո՞ւ` ոչ մի բան:

Ցնցվում էիր ընկած:

Երևի էլի պատերազմն էիր քիչ հետաձգում:

Սերովբեն:

Ի՞նչ ես փնտրում:

Ուղղաթիռը քարով կխփե՞ս:

ՉԷ՛:

Ասեցի` չէ:

Է՛յ,

Չկպար:

Մի արկ պայթեց քարափի մոտ:

Նորի՞ց,

նորի՛ց… է~յ…

Ի՞նչ ձայն էր:

Կպա՞ր: Ինչ-որ բան եղավ:

Սերովբեն ճղեց բլրի ետևը:

Ամեն դեպքում ձայնը կորավ:

Կորավ ոնց որ:

Է՛յ, հանգստացիր, դե հանգստացիր: Հիմա ինչի?ն ես խփում ցաք-ցրիվ` գնաց, չկա: Ինչի՞ն ես խփում, քեզ-քեզ կոտորվում:

Վեր կաց, վեր կաց:

Արի: Արկերն են խփում ժամացույցի պես:

Ո՞ւր: Նորի՞ց: Քո դի՞րք:

Հասնում ենք խրամատ` կծած ու թողած բլրի բոզ թշին, որ քանի անգամ ձեռից ձեռ անցավ ամռան սկսվելուց: Զարկերն են շտապում, բայց մենք չուշացանք:

Խրամատում հաց են ուտում` մնացած լափի վերջն են տալիս տղերքը: Բերանդ չի բացվում` խոսես: Խրամատի բերնին լուռ կանգնած ժպտալու պես խև խնդմնդում ես:

Քաշում գցում են, թե,- ետ ես եկել նստիր, մի բան կեր` զոքանչդ սիրի:

Արկի սուլոցը` շատ հստակ ու մոտ, բոլորի պատառը բկում սառեցրեց:

Կռացի՛ր:

Պոլոզ, կռացի՛ր:

Մեկ, երեք, յոթ` հիմա:

Գմփաց:

Չի հասկացվում` ներսդ պայթեց թե որտեղ:

Հողը թափ ես տալիս գլխիցդ, տեսնում պոլոզի շլդիկ նայվածքը: Լավ պրծաք կարծես: Բերանդ հաց ես դնում, նա էլ, բայց ծիծաղդ չի թողնում ծամես` նկարել էր պետք պոլոզի դեմքը:

Ա´յ, քեզ բան Պոլոզ:

Տե´ս:

Տեսա՞ր Խլուրդին՝ որտեղից որտեղ, փախավ քթիդ տակ՝ կլունձը թողեց:

Տեսնես դրա անցքը գտնել կլինի՞:

Անցյալ անգամ ինչքան խնդացիք կրակից հետո, որ ականանետը տեղից շարժելուց վահանի տակից դուրս պրծավ խեղճը:

Ողջ էր մնացել էդ ծանրության տակ, ետադարձ թափի հարվածների տակ, ամբողջ օրը կուչ էր եկել, տազ էր արել կրակի տակ:

Ուրախությունից շուրջը պարեցիք՝ ոտքի տակ ընկավ:

Ի´նչ ապուշություն:

Խլուրդ չէ՞ր:

Ի՞նչ էր:

Ի՞նչ տարբերություն:

Ճխլվեց:

Սատկեց:

Լա´վ, լա´վ, խլուրդ չէր, բան էր՝ ուրիշ բան:

Բայց էլի կրծող:

Չփացնելով են ուտում, նորից մեկ առ մեկ լցնում օղին ու ֆռթացնում մինչև վերջ. «Ունիտազդ լայն պահի»:

Նորից սուլոց` մեկ, երեք …
……………………………………..

Պոլոզի գլխից մի բան ընկավ իր ձեռքի ալյումինե թասի մեջ, ինքը մնաց անշարժ նստած:

Դեմքիդ տակ կարմիր, իսկ կողքինդ վերցրեց պոլոզի թասը, մեջից գդալով հանեց պոլոզի ուղեղի կտորը, շպրտեց մի կողմ, մռթմռթաց. «չես կարում, մի կեր»: Սկսեց Պողոսի մնացուկ ճաշն ուտել:

Միլիոնավոր, միլիարդավոր, պարսեկներով իրարից հեռու, տարածությունները կարող են կապվել հատուկ անցումով՝ դրա անունը խլուրդ են դրել:

Անսպասելիորեն, անհաղորդ՝ տիեզերքից տիեզերք կարող ես անցնել խլուրդով քո կյանքի օրում:

Խլուրդը ուշացավ:

Չկա:

Հա, խլուրդ չէր՝ բան էր՝ ուրիշ բան:

Մի բան էր՝ կրծող:

Երկար չտևեց:

Սուլոց` մեկ, յոթ…………..

Դղրդոց:

Սև անցքն ընկնելիս՝ կիմանաս բաներ, մինչև տեղ հասնես, բայց

Է՛յ: Բան չեմ լսում:

Է՛յ, մի բան ասա…..

Է~յ

Այ տղա՛, ձայն տուր, ձայն հանիր՛:

Չի հանի: Չես հասկանում, որ քեզ չի պատասխանի: Չես նկատել` դու խոսում էիր, ավելի ճիշտ, դու գրում էիր, իսկ նա երբեք չէր պատասխանում, ոչ էլ աղջիկը: Չի պատասխանի առավել ևս հիմա: Ձևեր մի արա, ինքդ գիտես:

Այ տղա՛, շարժում արա: Ինձ լսում ե՞ս:
Է՛յ……
Մենք գործ ունենք: Մենք…

Դու նրան երբեք չես հասկացել ու չես հասկանա: Վերջ տուր: Քեզնից բացի ոչինչ չես ընկալում, խցանված ես քեզնով:

Մեկն ու մեկը, ով կա, էյ, ով կա… օգնե՛ք: Կենդանի մեկը…. Ձեզ եմ ասում, ո՞ւր, ո՞ւր:

Սպասիր, մենք գործ ունենք: Քեզ սպասող կա` անհամբեր, անընդհատ, շատ-շատ սպասող` կարոտած:

Մենք լեզուն դեռ չենք ապացուցել, մենք դեռ չենք տպել նոր տարբերակը, դեռ ոչ ոք չգիտի առավելությունը «բնականի» հետ, չգիտի ինչքան կարևոր, արժանի, արդարացված ու բան ունենք……

Ո՞վ կա… Է՛յ…

Հանգիստ թող տղային` գոնե հիմա, որ սպանեցիր, չթողեցիր մեռնի: Ոչինչ չես հասկանում:
Ինչ սիրուն գծեր ունի, կողքից, հատկապես մի քիչ վեր մինչև քունքը…

Վաղը առավոտյան նրան կգտնեն փոսում: Վերքը կապվա՞ծ …գուցե:

Հ. Գ.

Աստղեր, խելքից դուրս, ավելի շատ աստղ, քան երկինք: Աստղերը բերնեբերան լցրել են գիշերը ու թափվում են, թափվում են վրայից, մեջից` արանքներից` ցան-ցան: Աստղեր ու լուսափոշի` վերից վար, ձախ ու աջ, ծայրից ծայր: Շլացուցիչ պայծառ, զնգացող, զարհուրելի խաբուսիկ, մեծ ու փոքր աստղեր, սպիտակ, գունավոր, հեռու մոտիկ, լուսաքամ թարթող, հյուծվող խարխափող, փախչող ու պարող, փնջով հևացող, խզվող, խորը-խորը խորությամբ հեղված: Հեղեղված: Ու չորս արհեստական` ազդանշան հրթիռ, մեկն էլ հենց հիմա: Ասա ինձ, տեսնո՞ւմ ես, ոչ մեկին չեմ ասի:

Ասա ինձ, ասա ինձ:

Ոչ մի աստղ չկա:

Հ.Գ.

Գիշերը, անույշ լողանալու գիշերը, լուսադեմին հազիվ մի ժամ քնելուց հետո աղջիկը արթնացել էր բակի աղմուկից ու ցնցում էր մեղավոր դողալով,- հրդեհ, շո՛ւտ արա: Կորանք, կբռնացնեն մեզ, մեզ կգտնեն:

Հրդեհ, երկրաշարժ բարեբախտաբար չկար: Գազ էլ չկար, որ վթար եղած լիներ: Մարդիկ խմբվել էին սառած բակում, բարկացած ու տարօրինակ պտտվում էին ինչ-որ փոսի շուրջ: Կարծես մեղադրում էին չալպտուրիկ լաչակով վհուկ պառավի: Պառավը անիծում էր ու հոխորտում. «տեղից չեք հանի, տունս չեք առնի»:

Աղջիկը չգիտեր, որ գաղտնի, գիշերով մեկը հաջողել էր վառել բակի փայտե պետքարանը, որ ջուր տաքացնի իրեն լողացնելու համար, իսկ պառավի աներես շներն ու կատուն քիփ կպել էին աթոռով փակած իրենց դռանը մինչև լուսաբաց:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.