«Խղճահարությամբ լցված տարօրինակ մեր համոզմունքների նկատմամբ՝ մշուշե նրա ձեռքը վերցրել եմ ձեռքիս մեջ»:

Վենսան Գիլյեն ֆրանսիական երիտասարդ պոեզիայի ամենաթարմ ձայներից է: Ծնվել է 1978-ին: Բանաստեղծական հղացքը շարունակաբար հարստացել և ձևավորվել է մեկ այլ կենսական փորձի՝ գրական թարգմանության ազդեցությամբ:

Զգալի է, անշուշտ, սյուրռեալիզմի ազդեցությունը թե՛ պատկերային համակարգում, թե՛ ժամանակայնության և տարածականության մեջ՝ բազմապատկվող, խճճվող իր ուղիներով՝ երբեմն ապանյութականանալու, տարրալուծվելու աստիճան: Պատահական չէ, որ երիտասարդ բանաստեղծի առաջին գրական ձեռնարկումը սյուրռեալիստ բանաստեղծ Մորիս Բլանշարի ստեղծագործությանը նվիրված կենսագրական ակնարկն է: Հարկ է նաև հիշատակել նախաբանը, որ հեղինակվել է Բլանշարի «Պատերի բարձրությունը» («La hauteur des murs ») ժողովածուի համար:

Սյուրռեալիզմի ժառանգությունն այստեղ զուգորդվում է ֆրանսիական ժամանակակից պոեզիային հատուկ ինտելեկտուալ միտումով: Բանաստեղծությունները հագեցած են բազմաթիվ հղումներով՝ արևմտաեվրոպական գրական-մշակութային ժառանգությանը: Բացի դրանից՝ յուրաքանչյուր բանաստեղծություն կոնցեպտուալ հարցադրման տիրույթ է. իսկ եթե պարզվի մի եղջյուր՝ բանականության կուռ կառույցների դե՞մ, հնարավո՞ր է պահպանել անթարգմանելին, իսկ եթե օրագրությունները լինում են միայն արտաքի՞ն…

Եվ երբեմն ճյուղավորվող արահետներում կորչում է ձայնը: Պատկերները սոսնձվում են տառերին:

Բայց այդ նոսրացող ու հետո անսպասելի խտացող, նյութականացող հյուսվածքն էլ ասես մտածված է: Ու կան քամոտ միջանցքներ, որ ցանկացած պահի պատրաստ են ցանցը բացել, փրկել մեզ հանկարծ անխուսափելի թվացող ծանրությունից: Պատանեկան կիսաժպիտ մի քամի, որ դուրս է եկել զբոսանքի:

Մի հիշողություն: Առլի Թարգմանչաց Միջազգային Քոլեջում (CITL), հոգնած աշխատելուց և առավել ևս դրան հետևած անհաջող զբոսանքից քաղաքի փողոցներով՝ այնքան կանխատեսելի և միաժամանակ զարմանալի, սպառնական աղմուկներ էի լսել գրադարանից աշխատասենյակ բարձրանալու ճանապարհին. հոգնած էի, տրամադրված չէի որևէ մեկին հանդիպելու: Գրադարանի դուռը բացվել էր, և ինձ ժպտացել էր մի «պատանի»՝ մտնում եք գրադարա՞ն: Ասել էի՝ ո՛չ, ո՛չ, շնորհակալություն, շարունակել բարձրանալ:

Եվ ավելի ուշ, երբ եղել էին ավելի լուրջ ու երկար զրույցներ՝ այնքան բարեխիղճ,  հանգամանալից, ես ժամանակ առ ժամանակ վերադառնում էի թռուցիկ ժպիտին՝ աստիճանավանդակի վրա: Երևի ամենաամբողջական և ճշգրիտ բանաձևն էր մի դիմագծի մասին: Իսկ մի շաբաթ անց՝ ինձ համար նոր այս տողերի: Մի ժպիտի քամոտ շնչառություն: Ու մառախուղի էակը՝ կանգնած երբեմն լսելի, երբեմն՝ չլսվող տողերի ուղիղ մեջտեղում, որոնք անմիջապես երազել էի հայերեն:

Բանաստեղծություններ

«Պարապության տրակտատ» ժողովածուից

/Traité de l’oisiveté, éditions des Vanneaux, 2011/

Անհավատարիմ մառախուղ

Աֆորիզմները բանականության արցունքների շուրջ

Հոգիների տրտմությունը առասպելաբանական պատումներում

Մնացին ատամներիս արանքում

ես ուտում էի ամբողջ գիշեր

Անքնության ժամանակ այդքան պայծառատեսությունը ձրի չի լինում

Հաջորդ օրը գրքերի տունը լքելով

Ես քայլում էի բուլվարով այնքան թանձր

Մառախուղի մեջ, որն ինձ Շոտլանդիան էր հիշեցնում,

Ձմեռը հոսում է լանջերից

Հրոսակ արշալույսների ու ամպերի

Եվ էլ չեմ երազի ես հորինված միաեղջյուրին

Բայց սխալ էր

Ես նորից տեսա չծերացող ուրվագիծը

Ի՞նչն էր նրան այդքան լուրջ տեսք տալիս:

Երբ մեր աչքերն իրար հանդիպեցին, անպարզելի էր

Մենք չէինք զգում ոչինչ

Ուրվական մի ժամանակում ես ճակատս հենել եմ

նրա ճակատին

Խղճահարությամբ լցված տարօրինակ մեր համոզմունքների նկատմամբ

Մշուշե նրա ձեռքը վերցրել եմ ձեռքիս մեջ

Ձեռքս մեղմորեեն գունատ սաթն է շոյել,

Միաեղջյուրն ինձ ասում էր խավարի մեջ՝ մարմինը մարմնիս չհպելով,

Ինչու՞ է անհնարին էակների հետ հնարավոր

-Պարտված պայքարներն ամենագեղեցիկն են

Ինձ թվաց՝ գաղտնիքներս եմ վերագտնում և կասեմ

Նրա մեղրը հյուսված է երկրի մասնիկներից

Մեզ առել են շրջափուլի մեջ

Մի օր այս բառերը կվերադառնան, երբ նա այլևս չի մտածի

Որովհետև մառախուղին ծառերի ստվերները մենք միշտ

Մարդկանց տեղ ենք դնում:

Ք.Ամիեն

Օրերի փախուստ

Մշուշը ծավալվում է պատերն ի վեր ի վար

Որտե՞ղ են ստվերոտ ուրվագծերը

Գետի կողքին ցուրտ մշուշը

Աներազ նստել է ծառերի կատարներին

Լռություն ոչ մի ճյուղ չի շարժվում

Շուրջն ամեն ինչ շունչն է պահել

Մենք մի կետ ենք մյուսների կողքին

Վաղորդյան այս անցումներում նոճիների միջով

Ք. Առլ

Memoria

Ոչ մի լուսանկար

Բայց մտքումս կրում եմ քո պատկերը

Մի երեկո երբ գաղտնիքներդ էին ինձ դիմադրում

ես ցանկացա ջնջել այդ պատկերը

Որի վրա դեռ գրված էր մանկություն

Այն ինձ պատմում էր թե որքան անայժմեական ես դու

Դեմքը դառնում էր հինավուրց

Եթե մի օր վերդառնամ այդ փորձությամբ ամուր

Հանդիպած կլինեմ ընդամենը մի ծիծաղի

Մանկական խաղերի ժամանակ ճոճանակների վրա

Ք. Կլերմոն

Չբացահայտված

Մենք հասանք այգիների սև շիճուկին

Ձարխոտը՝պատերն ի վեր և բանտախցի նրա բուրմունքը

Տեսիլքներով՝ լի ճեղքերով

Ու երդումներով. դիտախցից

Երևում էր հարթավայրը. հազվագյուտ հեռուներ

Դու ինձ հարցրեցիր

Եթե ինչ-որ բան լինեիր, ի՞նչ կանեիր

Ես եղա կատու վատը չափահաս խենթ

Իսկ դու՝ գուշակուհիդ, սիրում էիր զբոսնե՞լ

Բլուրների կողերին ցից-ցից գերեզմանոցներում՝

Ճշմարիտ էր, գաղափարներ էիր այնտեղ քաղում

Գառնուկների բուրդը՝ փշալարերին

Ճյուղերի արանքում ուտել բուրմունք

Աչքը և գլուխը պտտել

Քայլել աննպատակ՝ բույսերի թթված հյութի միջով

Ք.Կլերմոն

Ֆրանսերենից թարգմանեց՝ և առաջաբանը գրեց Շուշանիկ Թամրազյանը

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *