Կարեկցանքի համար

 BBC-ի լրագրողը հարց է տալիս` Ալեն Գինսբերգ, Դուք Ամերիկայի ամենահռչակավոր բանաստեղծն եք, բիթ շարժման հիմնադիրներից մեկը` Քերուաքի ու Բարոուզի հետ, բայց հիմա կարճ մազերով ու մորուքով, կոստյումով ու փողկապով Դուք նույն Գինսբե՞րգն եք, ինչ մենք գիտեինք առաջ: Հաստ շրթունքները իրար վրա դրած, մեծ ատամները տակը, մազերը մոխրագույն, աչքերով լսում է հարցը, հետո ասում` չնայած բուդդայական եմ, ու բուդդայականները համարում են, որ մշտակա իրական ես չկա, այլ կան եսի տարբեր դեմքեր, բայց հաստատ է, որ բիթ պոետ եմ, հաստատ է, որ հրեա եմ, հաստատ է, որ գեյ եմ, հաստատ է, որ ամերիկացի եմ, ու հաստատ է, որ զբաղվում եմ մեդիտացիայով:

Ալեն Գինսբերգը  (1926 –1997) հաղորդումների ու հարցազրույցների մեջ միշտ պատմում է` Նաոմին էր մայրս: Ռուսաստանից Ամերիկա ընկած փախստական, որ տեղ հասնելուց անմիջապես հետո նյարդային ցնցում է ունենում ու մինչեւ կյանքի վերջը տառապում է մի հիվանդությամբ, որ գործ ուներ գերզգայնության հետ` ձայների, շոշափելիքի, համի, հոտի հանդեպ: Հայրը բանաստեղծ էր, ուսուցիչ: Ալենն էր հոգեբուժարանում մորը այցելում: Կանչեք էդ լրտեսին, որ իրեն Ալենի տեղն է դրել, ու ասեք` թող ինձ տուն տանի: Մորս շնորհիվ, ասում է, ձեռք եմ բերել անսահման հանդուրժողականություն ամեն տեսակ բնույթի ու պահվածքի հանդեպ, ու միշտ ուրախության դիմակ եմ կրել, արցունքներս փղձկացել եմ բանաստեղծություններիս մեջ:

Տասնինը տարեկան էի, երբ հանդիպեցի բանաստեղծ Քերուաքին: Անտանելի ամաչկոտ ու քաշված էի, երբ մարդիկ խոսում էին, միայն լսում էի, միշտ մտածում էի` նրանցից ավել ի՞նչ պիտի ասեմ: Սեռական ոչ մի փորձառություն չէի ունեցել, բայց գիտեի, որ տղամարդկանց եմ հավանում: Մի օր սիրտ արեցի, Քերուաքին պատմեցի ամեն բան, բայց բանի տեղ չդրեց: Դե, մոր հոգատարության, սիրո կարիք եմ ունեցել միշտ, այո, կարոտ եմ եղել կանացի լույսի, բայց նաեւ վախեցել եմ դրանից, չգիտեմ, ինքս իմ հանդեպ վստահություն չունեի: Մինչեւ հանդիպեցի Բարոուզին ու Նիլ Քասադիին: Ու մի անգամ Նիլն իմ մոտ մնաց, գնալու տեղ չուներ էդ գիշեր, իմ սենյակն ահավոր փոքր էր, ստիպված միասին պառկեցինք: Ու երբ որ զգացի` ձգվում է, ամոթից պատի կողմը շրջվեցի, չէի ուզում, որ իմանար: Բայց Նիլն հասկացավ, վիզս գրկեց ու ձեռքս դրեց կրծքին ու դե… սեր տվեց ինձ: Ազատեց իմ մենակությունից, Քերուաքի հետ մենակությունից: Նիլը բանաստեղծ էր, բայց գրել չգիտեր: Անընդհատ կպնում էր Քերուաքին, որ իրեն գրել սովորեցնի: Քերուաքն էլ գրել գիտեր, բայց չգիտեր ոնց գրի, ուրիշ մի բան էր ուզում: Հետո հասկացավ, որ պիտի գրի էնպես, ոնց ինքն ու Նիլն իրար նամակ են գրում, ոնց իրար հետ ենք խոսում` նույն անկեղծությամբ, նույն բառերով, նույն ցավով ու հրճվանքով: Հասկացավ, որ հասարակ խոսքը բարձր խոսքն է: Գրեց իր «Ճանապարհին» վեպը, ու էդպես սկսվեց բիթը: Բիթնիկների սերունդը:

Հասարակ սկսվեց բիթնիկների շարժումը, որ հետո վերաճեց ամբողջ հիպիական շարժման: Ամեն ինչ սկսվել էր նրանց նամակներից, վարձով սենյակներից, ճանապարհներից, ազատության տեղից, որով մերժել էին միջին դասի նորմերն ու պատկերացումները կյանքի մասին, որոշել էին քողը հանել, բաց ասել ամեն ինչ, իրենց դրել էին ալկոհոլի ու  թմրանյութերի փորձարկման տակ` այն անկեղծ մտքից, որ պարտավոր են ուրիշ իրականություններ հայտնաբերել ու գրել դրանց մասին: Քերուաքը հարցազրույցներից մեկի ժամանակ իրեն տրված հարցին, թե մի բառով ինչպե՞ս կբնութագրեք բիթ շարժումը, պինդ քաշելով սիգարետն ու փնչալով կապույտ ծուխը, մարմնով պաշարած ամբողջ աթոռն ու աչքը ճտելով հաղորդավարի վրա` պատասխանում է` կարեկցանք: Ու կարեկցանքը լցրած բանաստեղծությունների մեջ` Գինսբերգը նվագում է իր հարմոնիում երաժշտական գործիքն ու երգում է իր բանաստեղծությունները եւ ցուցարարների բանակներ է գլխավորում, որ առաջին անգամ բարձրաձայնում էին սեռական ազատության, խոսքի ազատության, ազատ ընտրության մասին, էկոլոգիական խնդիրների, ատոմային ռումբերի, զենքի ու պատերազմի անիրավության մասին, (Make Լove not War) տարփողում էին սերը, փոխըմբռնումն ու մարմնի ազատությունը: Բանաստեղծությունն առաջին անգամ խոսում է այնքան մարդու անունից, որ 1968-ի Պրահայի ցուցարարների հարյուրհազարանոց բանակը առաջնորդ է ընտրում Գինսբերգին ու տալիս է նրան Մայիսի արքա տիտղոսը (The King of May), բայց կառավարությունը ձերբակալում ու վտարում է նրան հետ Ամերիկա: – Կարծում եք` Ձեզ այդքան հավանողների բանակը հենց նույնասեռականների՞ց է բաղկացած, քանի որ այդ սիրո մասին եք գրում: – Ոչ, իմ գրածի ինքնահեղ անկեղծությունն է գրավում մարդկանց – բոլոր մարդկանց: – Դուք ոչինչ չե՞ք թաքցնում, չունե՞ք գոնե մի թաքուցյալ տեղ Ձեր մեջ, որի մասին չեք խոսում: – Երբ լրիվ թափանցիկ ես դառնում, ամբողջ աշխարհն է դառնում քո թաքուցյալ տեղը:

Գինսբերգի բլեյքյան տեսիլները – երեք դեպք է պատմում, երբ բանաստեղծությունները կարդալիս լսել է Ուիլյամ Բլեյքի ձայնը, Բլեյքն ինքը նույնպես տեսիլներ էր ունենում: Շատ ազդված էր նրա «Արեւածաղիկ» բանաստեղծությունից, համարում էր, որ դարերի միջից հաղորդագրություններ են փոխանցվում, ու լասավորված միտքը ի զորու է որսալ դրանք: Տարիներով Նյու Յորքի թանգարաններում ուսումնասիրում է Սեզանի գեղանկարները` փորձելով դրանց մեջ գտնել դարձափոխիկ այն պահի գաղտնիքը, որում «վենետիկյան շերտավարագույրն է հանկարծակի ինքն իր վրա դառնում, շրջվում»: Նաեւ այն ընդարձակ տարածությունը, որի մեջ առարկաները կարծես սարքված լինեն փայտից, լինեն պինդ մարմիններ ու գոյություն ունենան եռաչափության մեջ: Հետո նամակներից մեկում գտնում է Սեզանի պատասխանը` աչքիս առաջ եղածը գեղանկարի վերածելու համար օգտագործում եմ խորանարդներ, քառակուսիներ ու եռանկյունիներ, բայց դրանք իրար կիպ եմ դնում այնքան, որ արանքներից բոլորովին լույս չթափանցի: Տեսնում է նաեւ, որ նկարում խորություն ստանալու համար Սեզանը հեռանկարի գծեր չի օգտագործում, այլ գույնն այնպես է դնում գույնի վրա, որ նկարը եռաչափություն է ստանում: Փորձում է այս տեխնիկան կիրառել բանաստեղծությունների մեջ` այնպես անել, որ բոլոր բառերն ասելու փոխարեն` բառերն այնպես դրվեն իրար կողքի, որ միտքը դրանք իրար հյուսի արանքում մնացած տարածության, բացվածքի միջով: Հայկու է օրինակ բերում` Օհ, մրջյուն,/բարձրացիր լեռը Ֆուձիյամա/բայց դանդաղ, դանդաղ:

Բանաստեղծ Փիթր Օրլովսկու հետ ծանոթությունից է պատմում դողացող մորուքով` մի սրճարանում գրեթե ամուսնության երդում տվեցինք իրար, մեր կյանքում առաջին անգամ ամբողջովին սիրված զգացինք, երկուսս էլ, հենարան գտանք իրար մեջ ու տարիներ ապրեցինք իրարով, երդվեցինք միասին լքել այս աշխարհը, երբ ժամանակը գա: Հենց նրան գտնելու ուրախությամբ է կիսվում Քերուաքի հետ թարգմանված բանաստեղծության մեջ:

Երբ ալկոհոլի բերած քայքայումից մեռնում է Քերուաքը, Գինսբերգը շարունակում է նամակներ գրել նրան ու Բոբ Դիլանի հետ նրա գերեզմանի մոտ նստած` կարդում է մեռած ընկերոջն ուղղված բանաստեղծությունը. – Ու քանի այստեղ եմ, ես կանեմ գործը: – Ո՞ր գործի հետ ես: – Ապրելու ցավը թեթեւացնելը:

Աննա Դավթյան

Malest Cornifici Tuo Catullo[1]

Ուրախ է սիրտս, Քերուաք, քո խելառ Ալենն

ի վերջո գտավ ուզածը. մի նոր ջահել որձակ,

ու հավերժական տղայի տիպարը մտքիս

քայլում է Սան Ֆրանցիսկոյի փողոցներով,

գեղամարմին, դիմավորում է ինձ բուֆետներում

ու սիրում է ինձ: Էխ, մի մտածի գլուխ եմ տանում:

Ջղայնացած ես վրաս: Սիրածներիս համա՞ր:

Դժվար է քաք ուտել` առանց տեսիլների.

երբ աչքները վրաս է, դրախտի պես է:

Սան Ֆրանցիսկո, 1955

ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՈՒԻԹՄԵՆԻ ԹԵՄԱՅՈՎ

լուռ ննջարան մտնեմ ու պառկեմ փեսայի ու հարսի արանքում,

երկնքից լույս ընկած մարմիններ ընկողմանած սպասման մեջ անխոնջ ու մերկ,

մթան մեջ թեւերն աչքերին տարածած,

գլուխս նրանց ուսերի ու կրծքերի մեջ թաղեմ`շնչելով նրանց մաշկը,

ու շոյեմ ու համբուրեմ վիզ ու բերան ու հետեւը բաց ու իմանալի անեմ,

ոտքերը վեր ծալված ներս ընդունելու, առնանդամը մթության մեջ խելահեղ ու

հարձակվող

բորբոքված ծակով հասնելու մինչեւ քսվելը գլխին,

մարմիններն ագուցված մերկ սրսփանքին, վառվող կոնքերն ու հետույքներն իրար մեջ հագած,

ու աչքերը, աչքերը ցոլուն ու կանչող, որ լայնանում են նայվածքների մեջ ու արձակման,

շարժումների տնքոց, ձայներ, ձեռքեր օդի մեջ, ազդրերի միջեւ,

ձեռքեր թացության մեջ նվաղած կոնքերի վրա, որովայնների տրոփուն կծկումներ,

մինչեւ սպիտակ սերմը հոսի ոլորուն սավաններին,

ու հարսը լաց լինի ներումի համար, ու փեսան ցողվի կրքի ու կարեկցանքի արցունքներով,

ու ես վեր ելնեմ անկողնուց լրացված վերջին մտերմամոտ շոյանքներով ու համբույրներով հրաժեշտի –

եւ այս ամենը` մինչեւ միտքը կարթնանա, ստվերների ու փակ դռների ետեւում մթնած մի շենքի,

որտեղ ապրողներն հածում են չբավարարված գիշերում,

մերկանդամ ուրուներ, որ լռության մեջ փնտրում են իրար:

Սան Խոսե, 1954

ՔԱՂՑՐ ՏՂԱ, ԹՈ ՄԵՋԴ ԴՆԵՄ

պաչեմ դեմքդ, լիզեմ վիզդ

շուրթիդ կպնեմ, լեզվի խտիտ լեզվի ծայրի

քիթը քթին, մունջ հարցումներ

տղամարդու հետ քնած կա՞ս.

ձեռքը թավալ մեջքով դեպի թացը մազի փափուկ անցքը

աչքը աչքին նայի աղոտ, ու նայելուց արցունք քամվի –

Դե գործդ տես, մազերիս մեջ մատներովդ

Մորուքիցս քաշի, լեզվով ականջներս արա, ու կոպերս ու ճակատս շրթունքներով

– քեզ փողոցում հանդիպեցի, տոպրակս տուն բերիր –

Ձեռքդ իջացրու ոտքերիս,

հուպ տուր թե էդտեղ է կանգնած ձողս նրբին

կլորացած ափիդ մեջ տաք, փափուկ բթամատդ գլխին –

Դավայ դավայ կեր ինձ լիաշրթունք ու թացլեզու, բացաչք –

գազանանոցում կենդանին դուրս է նայում գանգի սեղմ վանդակից – դու

ժպտա ինձ, ես էստեղ եմ ոնց որ եւ դու, որովայնիդ վրա ձեռքը պտուկներից

կրծոսկրերի վանդակով ցած ողորկամաշկ փորիդ երակի երկայնքով մկաններով մինչեւ

մետաքսափայլ շեքդ

կանգնած կոկոնիդ վրայով ազդըրիդ աջ

մկանների պատով ողորկ վերեւ նորից –

Դե վրայովս ցած գնա կոկորդովդ

կլանելով կոթս մինչեւ հիմքը լեզվիդ

կլիրս ձիգ ծծիր –

ես էլ նույնը կանեմ քոնի պրկված փափուկ մաշկին, բնծակդ կլիզեմ –

Դավայ Դավայ, դե բաց, ոտքերդ տարածի առ էս բարձը

տակդ

Դավայ ներս առ, էս վազելինը ձգվածին, էս էն

անուշ ոռդ օդում պառկած – ու մի

վառվող կլիր փափկաբերան ծակիդ – թուլացիր ու ներս թող –

Թուլացի էյ Կարլոս ներս թող, սիրում եմ քեզ, ոնց եղավ

որ եկար կարեւոր չի բացի այս համբույրից վիզս գրկող թեւերիցդ

բերանդ բաց երկու

աչքդ կլանված վեր, ուժեղ դանդաղ դոփումը այս

փափկությունը արձակված քաղցր հառաչը:

Նյու Յորք

հունվարի 3, 1974

——————

[1] Լատ.` Գործերը վատ են քո Կատուլլոյի, Կոռնիֆիկի:

Խաղարկել է հռոմեացի բանաստեղծ Գայուս Կատուլլուսի բանաստեղծությունը (մթա. 1-ին դար)` նախատիպ բանաստեղծության տոնայնության մռայլությունը փոխարինելով զվարթությամբ: Ինչպես Գինսբերգը` բիթնիկների խմբին, Կատուլլուսն էլ պատկանում էր լատինական պոեզիայի նեոթերիկների (նոր պոեզիա) խմբին, ովքեր հակադրվում էին ավանդական հասարակական ու գրական նորմերին, մերժում էին պատկերել էպիկական հերոսներին ու աստվածներին ու նոր, նուրբ, խաղացկուն ոճով անդրադառնում էին մարդուն ու կյանքին: Կատուլլուսի բանաստեղծությունը, ուղղված իր ընկեր Կոռնիֆիկիուսին, սա է.

Գործերը վատ են քո Կատուլլուսի, Կոռնիֆիկիուս,

Գործերը վատ են, Հերկուլեսը վկա, ցավալի է, բայց այդպես է,

ու դեռ ավելի են վատանում, քանի անցնում են օրերն ու ժամերը:

Կարեկցության ի՞նչ խոսքերով ես, որ նվազագույնն է ու

ամենահեշտը, սփոփել դու նրան:

Զայրացած եմ վրադ: Այդպե՞ս ես վերաբերվում իմ սիրուն:

Ինձ սփոփանքի մի նշույլ տուր գոնե`

ավելի տխուր, քան արցունքները Սիմոնիդեսի:

(Ծ.թ.)

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *