Հրատարակվել է Լուսինե Խառատյանի «Ծուռ գիրք» վեպը(«Ակտուալ արվեստ» հրատարակչություն), որի շնորհանդեսը կլինի սեպտեմբերի 26֊ին ժամը 19֊ին Երևանի Խնկո Ապոր գրադարանում։ Ինքնագիրը հրտարակում է հատվածներ վեպից։  

kazm

29.02.2016թ., Երևան

– Խնդրում եմ՝ ժամանակը հետ չտալ, քանի որ մեր ամբողջ ճամփորդությունը հայկական ժամանակով է ընթանալու, ասում էր տուրօպերատորը:

14:41: Ցույց էր տալիս վարորդի գլխավերևի ժամացույցը: Հանրապետության հրապարակում էին: Լենինի գլուխը գլորվեց, ընկավ Լաչինի Սուրբ Համբարձման եկեղեցու բակը: Մայր Հայաստանի արձանի տեղում Դերսիմի Անահիտներից մեկն էր՝ պտղաբերության բնական կերպարով: Նրա գլխավերևում Ջոկոնդան էր՝ Փարաջանովի կատարմամբ: Կարճատես աչքերը կկոցեց, որ համոզվի, թե տեսածը ճիշտ է: Հիմա այլևս Անահիտը չէր, այլ Կասկադում պառկած Բոտերոյի մերկ ու չաղ քանդակն էր առոք-փառոք պառկել մայր Հայաստանի տեղում ու անտարբեր ծխում քաղաքի վրա: Մատենադարանը տեղում էր: Մաշտոցն էլ: Մաշտոցը կար, բայց աջը չկար: Պրոսպեկտով ավտոբուսն իջնում էր: Գիտեր, որ Պրոսպեկտն է, բայց շենքերը չկային: Ծանոթ շենքերը չկային: Փոխարենը երկաթբետոնե բարձրահարկեր էին: Խիտ ու շատ: Քառակուսի: Շենքերի պատերին ցուցանակ էր փնտրում՝ գտնվելու վայրը ճշտելու համար: Ցուցանակ չկար: Վեր նայեց: Ծտերն էլի չվում էին: Կոմիտասն իր տեղում էր: Նստած ծառին: Կոնսերվատորիան չկար: Տեղը դատարկություն էր՝ մի մեծ կատլավան ու մի երկու կռան: Կազիրյոկի մոտ Շեկոյանն էր: Օպերան կիսակառույց էր, Թումանյանը չկար, տեղը դատարկ էր: Անհանգստությունը սողոսկեց սիրտը: Հետ նայեց: Ռոդենիկն իր տեղում էր: Էգալիտե: Բայց ո՞ւր էր Մաշտոցի աջը: Գլուխը դուրս հանեց ավտոբուսի պատուհանից ու հարցրեց Շեկոյանին.

– Ներեցե՛ք, էս փողոցի անունն ի՞նչ ա:

– Պրոսպեկտ,- պատասխանեց մի պատահական անցորդ:

– Սա ո՞ր թիվն ա,- կրկին հարցն ուղղեց Շեկոյանին:

– Հայկական ժամանակն ա,- պատասխանեց նույն անցորդը:

Նորից նայեց ավտոբուսի ժամացույցին: 14:41: Դուրս նետվեց ավտոբուսից: Սարյանը տեղում էր: Սարոյանն էլ: Էնտեղ, ուր պիտի լիներ կինո «Նաիրին», Պրոսպեկտը նեղացավ, մի ցեխոտ փողոց դարձավ: Ռոդենի արձանի մոտ թեքվեց ձախ: Հասավ լեզվի ինստիտուտի շենքը: Իր տեղում էր: Մտավ բակը: Սուրբ Մարինեի ավերակներն էին: Վախեցած դուրս փախավ: Լեզվի ինստիտուտն էլի տեղում էր: Շնչակտուր հասավ Պրոսպեկտ-Թումանյան խաչմերուկ: Թումանյանի ցուցանակը կար: Ավտոբուսն այդտեղ էր: Էլի ավտոբուս բարձրացավ: Ժամը 14:41: Պրոսպեկտում ցուցանակ չկար: Թամանյանի արձանն է: Սեղանին կռացած չէր: Աջը Մաշտոցի պես երկինք էր ուղղել: Մոսկովյա՞նն է: Էս փողոցում էլ ցուցանակ չկա:

– Ներեցե՛ք, էս փողոցի անունն ի՞նչ ա,- պատուհանից հանեց գլուխն ու հարցրեց հերթական անցորդին: Անցորդը գլուխն իր կողմ թեքեց, ու տեսավ հոր դեմքը: Հայրը խորհրդավոր ժպտաց, աջ ձեռքը վեր պարզեց, ոչինչ չասաց ու կորավ Թամանյանի հետևում: Գլուխը բարձրացրեց հոր ցույց տված ուղղությամբ: Հերթական երամն էր: Ծարավը խեղդում էր: Ավտոբուսն ուղղվեց դեպի Սարյան փողոց: Թումանյանի թանգարանի դիմաց Թումանյանն էր: Ինչ-որ մեկի հետ էր զրուցում: Շատ ծանոթ մեկի: Ո՞վ է:

– Օշականն է: Ասում էին՝ իրար հետ չեն ունեցել:

Հանկարծակիի եկած՝ նայեց կողքը: Մկրտիչն էր: Գուցե Թրեժր հա՞նթ են խաղում: Հը՞: Էդ դեպքում ինչ կնշանակեն Օշականն ու Թումանյանը: Օշականում Մաշտոցի գերեզմանն է: Մեռե՞լ եմ: Մեռե՞լ ենք: Ո՞ւր է Մաշտոցի աջը: Իսկ պողոտայի ցուցանա՞կը:

– Ժամը քանի՞սն է,- հարցրեց Մկրտչին, բայց նա այլևս կողքին չէր: Մեքենայի ժամացույցն էլի 14:41 էր ցույց տալիս: Գուցե փչացե՞լ է: Պատուհանից դուրս նայեց: Հրապարակի ժամացույցն էլ էր 14:41 ցույց տալիս: Հրապարակի պուլպուլակի մոտ իջավ՝ ջուր խմելու: Պուլպուլակը սառույց էր կապել, ջուր չկար: Քրտինք էր հոսում վրայից: Ուղտի թելից գործած շալով մի տատիկ էր անցնում՝ ձեռքին դույլ: Ուզեց ջուր խնդրել, բայց տատիկն անհետացավ: Հետո քիմիական նյութերի հոտ էր գալիս: Հնագիտության և ազգագրության ինստիտուտն էր: Շենքը փոշոտ ու հին էր: Աստիճաններով լիքը երեխաներ էին վերուվար անում: Աստիճանները խարխուլ էին, ու թվում էր, թե ուր որ է՝ գետինը կպատռվի, ու բոլորը միասին կընկնեն մեջը: Երեխաների մեջ իր երեխաներին էր փնտրում: Խորենացին քնած էր: Պառկած-քնած: Նրա քարե ծանր մարմնի երկայնքով մարդիկ էին վազում: Մինչև գլուխ, որտեղ դժվար էր հասկանալ, թե մորուքավոր այդ դեմքն ումն էր: Մարինեն իջավ ավտոբուսից դարպասների դիմաց: Դարպասը Խորենացու գլուխն էր: Մորուքով:

– Պապի՛, սա ո՞վ է, ձեր մեծ պա՞պն է Արևմտյան Հայաստանից, կարճատես աչքերը կկոցելով ու ձեռքով հեռավոր անկյունում կախված նկարը ցույց տալով՝ հարցնում էր Մարինեն Թալինի Դաշտադեմ գյուղում այն մշեցի ծերունուն, որն ամենայն պատասխանատվությամբ հսկում էր ծանր ու մեծ գրքերով, ընտանեկան ալբոմներով, հուշանվերներով ու ֆոտոներով բերնեբերան լի իր սենյակը:

– Ո՛չ, աղջի՛կ ջան, դա քո մեծ պապն է, իմ մեծ պապն է, մեր բոլորի ընդհանուր մեծ պապ Մարքսն է,- ձեռնափայտը տմբտմբացնելով ասաց պապը: Ու հիմա Խորենացու գլուխը Բեռլինի Դոմի առաջ նստած Մարքսի գլուխն էր: New World Order. Ձիերի սմբակների ձայնից Մարինեն հետ շրջվեց: Մնաց Քուռկիկի ոտքերի տակ:

– Մարինե՛: Աչքերը բացեց սրտի արագ, շատ արագ աշխատանքից: Չէր հասկանում՝ որտեղ է:

‑ Ա յ բ , բ ե ն , գ ի մ , ե՛լ…

Հեռախոսի էկրանի ժամացույցը 13:41-ն էր ազդարարում:

***

13.08.1992թ., «Արտեկ»

Ուրբաթ 13-ն էր ու «Արտեկն» ամբողջությամբ վառվում էր Մարգարիտայի պարահանդեսի կրակից: Մարգարիտան Նինան էր՝ Նովոսիբիրսկից: Գեղեցիկ էր Նինան՝ երկար ու սև, մեջտեղից բացված մազերով, խոշոր, նշաձև աչքերով, ճերմակամաշկ, լուսամփոփի պես Նինան՝ թաթարի, ռուսի, հրեայի ու հայի խառնուրդ Նինան: Իսկը Մարգարիտա: Լիալուսնի տակ Նինան վարդագույն էր, բաց վարդագույն, ծալված ծնկով հենված խոտերի մեջ դրված բարձիկին ու աջ ձեռքն առաջ պարզած, իրանը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր: Լուսնային էր Նինան, ասես լուսնոտ լիներ՝ գիշերները տանիքներով քայլող մեկը: Մի կողքին կոտ Բեգեմոտն էր պառկած խոտերին, մյուս կողքին՝ Կոռովինը: Բեգեմոտը սարատովցի ռուս տղա էր: Կոռովինը Կազանից էր: Ըստ նախօրոք տարածված պայմանի՝ պարահանդեսի մասնակիցներն իրենք պետք է ընտրեին իրենց կերպարն ու որոշեին, թե ինչ նվեր են ներկայացնում Մարգարիտային: Հիմա Շոստակովիչի Երկրորդ վալսի տակ հերթ էին կանգնել կմախքներն ու մեռելները, վամպիրները, երկու Ստալին, երեք Հիտլեր՝ մեկը կին, Բերիան, Լորդ Վոլդեմորդը, մի 5-6 բաբա յագա, մարդասպաններ, ճիզվիտներ և այլևայլ կերպարներ: Մարինեն փոքրիկ, ուրախ չարքիկ էր՝ կարճ մազերը երկու պոչ կապած, երկար պոչը աջ ձեռքով բռնած, իսկ ձախում ամուր սեղմած նվերը: Մարինեի դիմաց մեկն էր, որը ճակատին Գորբաչովի խալն էր նկարել ու երկու ձեռքով ամուր բռնել էր նվերը՝ Լենինի գիպսե կիսանդրին:

Նինա-Մարգարիտայի կողքին արդեն նվերների մի ամբողջ բլուր էր գոյացել: Հերթում կանգնած Մարինեի ոտքերը պարում էին վալսի տակ: Մարինեն նվերի վրա մի ամբողջ օր էր ծախսել: Քարտեզ էր: Աշխարհի քարտեզ՝ առանց սահմանների: Երկրներ չկային: Միայն առանձին կետեր: Ամենամեծ կետը Հայրն էր: Հետո խառը, ցաքուցրիվ շատ այլ կետեր էին՝ Փարիզ, Կոմիտաս, Մանուկ, Բաբելոն, Հայկ, Նյու Յորք, նարինջ, Պետերբուրգ, Նինա, Վան Գոգ, Երուսաղեմ, Մատիս, ԲԳ, Ջոպլին, Սուրբ Սարգիս, «Լոլիտա», Հռոմ, Ախմատովա, Մեղրի, ելակ, Հեք Ֆինն, Արարատ, Պրուստ, Մերիլին, 9-րդ մասիվ, «Մորու բացատը», Դիտրիխ, «Քամուց քշվածները», Ռուդոլֆ Խաչատրյան, ծով, Օդրի, Վիսոցկի, Ցվետաևա, «Մենթի դուստր Ավարյան», Կուբա, Շվեյկ, բաբո, «8 ½», «Հրաժեշտ զենքին», Պետերգոֆ, Ֆիոլետովո, Չարենց, Հոբիտ, Դրեյֆուս, եղինջապուր: Էս բոլոր մեծ ու փոքր կետերն իրար կապված էին գծերով՝ հաստ ու բարակ, ուղիղ ու ոլոր-մոլոր, կարճ ու երկար: Երբեմն մի հաստ գիծ իրար էր կապում երկու հիմնական կետ՝ արանքում անցնելով մի քանի փոքր-մոքր այլ կետերով: Այսպես իրար էին կապված «Մորու բացատն» ու Պրուստը, իսկ արանքում Մանուկը, Պետերբուրգն ու Կոմիտասն էին: Մոսկվան ուղիղ գծով միացված էր բաբոյին, ու արանքում այլ կետ չկար: Քարտեզին կցվում էին նաև խոշորացույց և մանրամասն ինստրուկցիա՝ ինչպես կարդալ քարտեզը և ինչպես տեղաշարժվել դրա օգնությամբ: Իսկ քարտեզի վրա նկարված կողմնացույցը սահմանում էր դրա սառն ու տաքը, ելքն ու մուտքը: Ստացվել էր այնպես, որ հայատառ ՀԱՅՐ-ը ծայր արևելքում էր, իսկ ծայր արևմուտքում՝ լատինատառ Wild strowberies-ը: Հարավում լատինատառ Կուբան ու Փարիզը և հայատառ ԲԱԲՈ-ն էին, իսկ հյուսիսում միայնակ ծվարել էր Վան Գոգը: Ամեն մեկն իր տառն ու գույնն ուներ, իր ելքն ու մուտքը: Որոշ կետեր ոչ մի այլ կետի հետ չէին կապված, այլ առանձին էին, ինչպես, օրինակ, իր ջերմ գույներով սառեցնող Վան Գոգը: Երբ հասավ Մարինեի հերթը, նա ծնկի իջավ, համբուրեց Մարգարիտա-Նինայի ձեռքը, նրան մեկնեց քարտեզն ու հանդիսավոր հայտարարեց.

‑ Թագուհի՛, ձեզ եմ նվիրում թագավորությանս կեսն ու այն հասկանալու բանալին:

Մարգարիտան գլխով թեթև հավանության նշան արեց, վերցրեց փաթաթված ու գեղեցիկ կապված քարտեզն ու մեկնեց Կատվին՝ հրամայելով այն առանձնացնել մյուս նվերներից, քանի որ քարտեզը հազվագյուտ նվեր է, ուր հանդիպում են ժամանակն ու տարածությունը: Աչքերը կիսափակ՝ ոտքերով վալսի ռիթմն էր բռնել, երբ ձեռքը բռնեցին ու տարան վալսի: Չէր ուզում աչքերը բացել, որ պահը չավարտվեր: Կոպերն իջեցրած՝կանաչ խոտի մեջ վալսահարող ոտքերին էր նայում: Երբ աչքերը բացեց, պարզվեց, որ Վոլանդի հետ է պարում: Ու Վոլանդը հարցրեց.

– Բա էսօր ինչո՞ւ չես հաչում: Ես մտածում էի, որ Մարգարիտայի պուդելը կլինես:

– Իսկ ես վստահ էի, որ դու Վոլանդն ես լինելու: Բայց նաև վստահ էի, որ հետս չես պարի:

– Առաջինը կռահելը դժվար չէր:

– Ինձ վաղը հետներդ կվերցնե՞ք:

– Ո՞ւր:

– Իվանն ասաց, որ Սիմֆերոպոլ եք գնալու իր մեքենայով, ես էլ եմ ուզում գալ:

– Ուզում ես՝ Իվանին ասա: Ես տրոլեյբուսով եմ գնալու: Գիտեի՞ր, որ աշխարհի ամենաերկար տրոլեյբուսի գիծը Յալթա- Սիմֆերոպոլն է: Ուզում եմ փորձել:

– Ավելի լավ: Ես էլ տրոլեյբուսով կգամ:

– Թե Մանուկը քեզ կվերցնի՝ լավ: Ասաց ու առանց հրաժեշտ տալու իրեն թողեց այդտեղ:

– Հը, Հայկի հետ վերջապես պարեցի՞ր,- հարցնում էր Մանուկը վալսի պտույտում: Մանուկն այդ օրը Պավլիկ Մորոզովն էր:

– Լսի՛, Րաֆֆու Սամվելն ու Պավլիկ Մորոզովն ամենաչսիրածս կերպարներն են եղել,- հարցն անպատասխան թողեց Մարինեն:

– Իմն էլ: Կգա՞ս վաղը տրոլեյբուսով գնանք Սիմֆերոպոլ:

– Հա, կգամ: Այնուհետև ուշ գիշերով «բութուլկա» էին խաղում: Շիշը պտտվեց ու կանգնեց Մարինեի ու անծանոթ մեկի վրա: Մարինեն պատրաստվեց սովորական երևանյան այտահամբույրին: Բայց անծանոթն ամուր գրկեց ուսերը ու լեզվով մտավ բերանի մեջ: Պինդ, վզասոս, նենց, որ հետո երկուսի բերանից էլ թուքը կախվեց համբույրի մեջտեղում: Առաջին անգամ էր, որ ուրիշի թուքն իր բերանում էր: Անգամ զզվել չհասցրեց, որովհետև զզվանքից էլ ավելի ուժեղ էր ձգված մարմինը, էդ մարմնում մեկիկ-մեկիկ դողացող մկանները, ոչ էն ա գիշերային թեթև զեփյուռից, ոչ էն ա՝ լիալուսնից մարմնին անցած սարսուռը: Աչքի առաջ նորից երևացին «Արտեկի» գիշերները, երբ աղջիկների 25 հոգանոց ընդհանուր սենյակում ինքը գիշերով մենակ էր լինում, որովհետև մյուս բոլոր թիթեռնիկներն այլ վայրերում էին սենց թքոտ գրկախառնված քնում: Կուսությունը պատահաբար կորցրածի պես թունդ կարմրեց ու գնաց շաբաշին:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.