Ինքնագիրը շարունակում է ներկայացնել «Խոսող ծառը» նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը։

«Մեծ շրջանը» ամեն ծնված մարդու ինքնեկ երջանիկ լինելու հնարավորության մասին պերֆորմանս է, որը մտահղացել եմ իբրև մարդու էվոլյուցիան վերաիմաստավորելու, կյանքի ծագման գիտական մոտեցումն արվեստի լեզվով վերհիշելու առաջարկ։ Այն ասոցիատիվ կերպով կապվում է Սառցե դարաշրջանների ավարտի և Կենտրոնական Աֆրիկայում ամենամյա կենդանական Մեծ միգրացիայի պատմական կարևորության հետ: Դարեր շարունակ մեզ ներշնչվող առասպելական ու հակագիտական պնդումը, թե իբր գոյություն ունի ինչ-որ կոնֆլիկտ մարդու և բնության միջև, թույլ չի տալիս մեզ լիարժեքորեն օգտագործել մեր կենսական ու ստեղծագործական հնարավորությունները: «Մեծ շրջանը» փորձ է մեր նախնիների հավատալիքների ու ծեսերի մեջ փնտրել ոչ թե մահվան վախը հորինված աշխարհներով մեղմացնելու ինքնաներշնչանք, այլ հենց այդ նույն վախը մեկնաբանել իբրև ապրելու երջանկությունն ընդգծող փորձառություն, հետևաբար՝ ամեն ապրող կյանք պաշտպանելու ինքնահանձնարարական, որովհետև բոլոր ժամանակներում և ամենուր ապրող մարդկանց մեծ մասը երջանիկ է, որ ինքը բախտ է ունեցել ծնվելու: «Մեծ շրջան» պերֆորմանսով փորձել եմ ստեղծել մարդու՝ իբրև ինքնագիտակցություն ունեցող մերկ կապիկի ոգեշնչող և ազդեցիկ մի մանիֆեստացիա:

Show Comments Hide Comments

One thought on Մեծ շրջան (Great circle)

  1. […] Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի […]

Leave a Reply to Խոսող քար, ծառ, ձի | Ինքնագիր - գրական հանդես Cancel reply

Your email address will not be published.