Որոշակի փաստեր համադրելուց պարզ է դառնում, որ  Հատուկ քննչական ծառայությունը 2008 թ. մարտի 1֊ի գործի վերաբերյալ ոչ թե  նոր նախաքննություն է անում, այլ առանց նոր ապացույցների, օգտագործում է որոշակի քաղաքական շրջանակի 8 տարի առաջվա սարքած գործը։

ՀՔԾ֊ն այդ սարքածը վերցնելով է մարտի 1-ի զոհերին կապում պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23֊ի 0038 հրամանի, ապա նաև մարտի մեկին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցնելու հետ։

Ապա նաև, նույն տեղից է այն, թե մարտի մեկին զինծառայող Տիգրան Աբգարյանին իբր հատուկ ջոկատայիններն են հատուկ սպանել, որ առիթ ստեղծեն նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցնելու համար։

Ու նաև, վերջին ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցույց տված օլիգարխների կողմից վարձկաններին զինելու վերաբերյալ նյութը կարծես նրանք ստացել են այդ նույն տեղից։

Այս ամենում համոզվելու համար պետք է նայել 2011֊ին Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը ու համադրել ՀՔԾ֊ի հայտարարություններին։

Նախապատմություն

2008 թվի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներով 52, 82 տոկոսով առաջին տեղը զբաղեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ 21, 5 տոկոսով առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, սակայն Տեր֊Պետրոսյանը չընդունեց արդյունքները, և իրեն հռչակեց հաղթած նախագահ։ 10 օր  շարունակվող ցույցերը հանգեցրին մարտի մեկյան բախումներին։ Այդ օրը առավոտյան 7֊ի մոտ ոստկանությունը բռնությամբ ցրեց Օպերայի հրապարակի ցուցարաներին, Լևոն Տեր֊Պետրոսյանին տարան նրա առանձնատունը, որտեղից նա այլևս դուրս չեկավ։ Հետո Տեր-Պետրոսյանի կողմակիցները հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան և Մյանսիկյանի արձանի հարակից տարածքում, բարիկադներ կառուցեցին, իսկ երեկոյան սկսվեց բախումը ոստիկանության հետ, որի ժամանակ զոհվեց 10 հոգի, որոնցից 2 ը ոստիկան, եղան 200֊ից ավել վիրավորներ։

Ոստիկանները ցույցերը ցրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, Տեր֊Պետրոսյանի կողմնակիցներից 10֊նյակ մարդիկ դատվեցին, նրանց մեջ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 1,5 տարի ընդհատակում մնալուց հետո հանձնվեց ոստիկանությանը, դատապարտվեց 7տարվա ազատազրկման, և 2տարի նստելուց հետո համաներմամբ ազատվեց։

Սակայն 10 զոհերից որևէ մեկի սպանության համար ոչ ոք չդատապարտվեց և 10տարի շարունակ ընդդիմությունները պահանջում են մարտի 1֊ի սպանությունների բացահայտումը։ 2008֊ի դեպքերի ժամանակագրությունը ավելի մանրամասն Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցում։

Այս տարի բարիկադի մյուս կողմում գտնվող ուժերը եկան իշխանության, մայիսի 8֊ին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը վերաբացեց մարտի մեկի գործը և Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց սկզբում 2008 թվի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին,  ապա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, աժմ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Իշխանությունը երեքին էլ փորձեց կալանավորել սակայն չհաջողվեց, Միքայել Հարությունյանը Ռուսաստանում է, իսկ Ռուսաստանը մերժեց նրան հանձնել: Հուլիսի 27֊ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվում է Քոչարյանը, սակայն 15 օր անց, օգոստոսի 13֊ին Վերաքննիչ դատարանը ազատեց նրան հիմնավորմամբ, որ նախագահը սահմանդրությամբ անձեռնմխելի է, Դատախազությունը որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան։ Խաչատուրովի նկատմամբ էլ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը բնակության վայրից չբացակայելու վերաբերյալ, ապա դա էլ հանվեց, որ նա կարողանա մեկնել Մոսկվա իր աշխատանքին։

Սեպտեմբերի 11֊ին յութուբով տարածվեց ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցները, (խոսակցության սղագրությունը այստեղ)որտեղ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասում է, որ Քոչարյանի դատավորին կարգադրել է՝ «կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս», իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասում է, թե պետք է Խաչատուրովին էլ կալանավորել, որ ցուցմունք տա, սակայն Վանեցյանը հորդորում է չանել դա, որ ռուսների հետ չթշնամանան, և ասում, որ վարչապետի հետ կխոսի:

Ուրեմն, 7տարի առաջ ՀԱԿ շրջանակների  նկարած ֆիլմում գրեթե բառացի ասվում է այն, ինչ  հայտարարում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Այսպես, ՀՔԾ և ԱԱԾ պետերի սեպտեմբերի 11֊ի մամուլի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից.

«Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, և այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել։ Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ՝ իմ և պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»։

Այս առնչությամբ սեպտեմբերի 14֊ի մամուլի ասուլիսին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց.

«Ցնցող տեղեկություն են հայտնում, որպեսզի հանրությանը շեղեն խնդրի բուն էությունից: Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, դա շատ լուրջ հայտարարություն է: Որպեսզի այդպիսի հայտարարություն անեն, էդ հայտարարողը առնվազն պիտի կրակողի անունը տա, անունը պտի իմանար, առնվազն պիտի մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում օրինական ուժի մեջ մտած դատավճիռ պիտի լիներ: Չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է դա արել, բայց իրենք ասում են, որ դա արվել է այսինչ ուժերի կողմից, այսինչ նպատակներով։ Սա շատ կարեւոր գործ է, հուզական էլեմենտ կա այս գործի մեջ չի կարելի այսպիսի մանիպուլյացիա անել»:

Սասուն Խաչատրյանը նոր «բավականին աշխատանքներ» չի կատարել, քանի որ այն ինչ հայտարարում է, գրեթե նույնությամբ ասվում է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։

Այսպես, ֆիլմում ասվում է. «Տիգրան Աբգարյանը արտակարգ իրավիճակ հայտարարելուց 10րոպե առաջ արդեն եղել է հիվանդանոցում, հրազենային ծանր վնասվածքով նա ապրել է 40 օր և մահացել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից երկու օր անց։ Տիգրանի մայրը կարծում է, թե իր որդու վրա կրակել են Քոչարյանի արած հայտարությունն արդարացնելու համար. «Հայտարարեց, որ մեզնից էլ զոհեր կան, որպեսզի նրա խոսքը ճշտվեր, իմ էրեխուն սնայպերը խփեց»։

Այս խոսքերը կարելի էր համարել հուսահատության կամ բորբոքված երևակայության արդյունք, եթե չլինեին զինվորի մոր խոսքերը հաստատող փաստեր»։

Ու ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանի հաղորդավարական ձայնը թելադրում է «փաստերը»։

Հաղորդավարը մարտի մեկին Քոչարյանի ելույթն է մեջբերում, թե տեսեք նա խոսում է Աբգարյանին վիրավորելու մասին, թե նրան հատուկ խփել են, որ արտակարգ դրություն մտցնեն.

«Զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր ենթադրությունը, թե Ռոբերտ Քոչարյանի ելույթը ոստիկանության շարքերում նոր զոհ ավելացնելու ազդանշան է եղել, հաստատվում է հենց իր Քոչարյանի հետևյալ խոսքով. «այդ կրակոցները արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային նաև այլ ցուցարարներ, որոնք զենք չէին կրում, կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս կրակում զինվորների վրա և թաքնվում մեքենայի հետևը և իր վրա կրակել կնշանակեր նաև զոհեր տալ այն մարդկանց կազմում ովքեր առանց զենք են։ Սա կոնկերտ դեպք է, որ ուղղակի շատ տհաճ տպավորություն թողեց»։

Երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից  պարզ դարձավ, որ ԱԱԾ պետը հրահանգել է առաջին ատյանի դատավորին կալանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ ՀՔԾ պետը ցուցմունք կորզելու համար ուզում է ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանել, իրենց անօրինական արարքը արդարացնելու համար  երկու պաշտոնյաները Քոչարյանի վրա ավելի ծանր մեղքեր բարդեցին։ Իսկ որտեղի՞ց վերցնեին այդ մեղքերը։

Սասուն Խաչատրյանը կրկնում է ֆիլմը, թե հատուկ դրություն հայտարարելուց հետո է Տիգրան Աբգարյանը վիրավորվել, և որ նրան խփել են հատուկ ջոկատայինները արտակարգ դրություն մտցնելու համար, այսպիսով պատասխանելով նաև Ռոբերտ Քոչարյանի օգոստոսի 16֊ին Երկիր մեդիային տված հարցազրույցին, որտեղ Քոչարյանը ասում է, թե արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ։

Սակայն Քոչարյանը խոսում էր ոչ թե Տիգրան Աբգարյանի, այլ ոստիկանության մեկ այլ ներկայացուցչի, սպա Համլետ Թադևոսյանի մասին, ով նռնակից վիրավորվել էր արտակարգ իրավիճակ մտցնելուց առաջ.

«Ոստիկանության կապիտանն էր զոհվել, Համլետը, մի քանի տասնյակ մեքենա հրկիզված էր, բարկիադները կառուցված էին, և ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին մոլոտովի կոկտեյլներով»։

Այս խոսքում սխալն այն է, որ մինչ արտակարգ իրավիճակ մտցնելը Համլետ Թադևոսյանը ոչ թե զոհվել, այլ վիրավորվել էր, տեղափոխվում է  հիվանդանոց, և մի քանի ժամից մահանում։

Ֆիլմը նաև Համլետ Թադևոսյանի մահն է հանում  Լևոն Տեր֊Պետրոսյանի շրջանակների պատասխանատվության վրայից՝ ասելով, թե նա ինքնասպան է եղել, սեփական նռնակի պայթյունից է զոհվել (ի տարբերություն Աբգարյանի ծնողների, Թադևոսյանի ծնողները ֆիլմում չկան)։  Բայց քանի որ մի քիչ բարդ է հանդիսատեսին համոզել, թե Համլետ Թադևոսյանը հատուկ ինքնասպան է եղել, որ արտակարգ դրություն մտցվի, ֆիլմը Աբգարյանի մահն է կապում արտակարգ դրության հետ, և նրան է հետևում ՀՔԾ պետը։

Ե՛վ Աբգարյանը, և՛ Թադևոսյանը վիրավորվել են բազմաթիվ ականատեսների ներկայությամբ։ Սակայն Ֆիլմի հեղինակները ականատեսների չեն հանդիպել, նրանք  օգտագործել են միայն նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված մարտի մեկի փաստահավաք խմբի հարցաքննութունների նկարահանումները, սակայն այնպես մոնտաժած, որ իրենց ուզած պատկերը ստանան։  Այսուհանդերձ այդ կադրերում երկու ականատես ոստիկաններ խոսում են: Ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ասում է, որ տեսել է Տիգրան Աբգարյանի վրա կրակողին, 30-40մետրից կրակեց. «Երիտասարդ էր, որը շենքի անկյունից կրակեց մեր զինվորին»։ Սակայն Պասկևիչյանի ձայնը «հերքում է» ականատեսի վկայությունը և Աբգարյանի մերկ դիակի պատկերի վրա այլ բան է պատմում, թե «Աբգարյանի պարանոցի մուտքի անցքը մի քանի անգամ գերազանցում է գնդակի չափսին ինչը բնորոշ է ընդհուպ կրակոցին»։ Բայց որպպես ապացույց ֆիլմում միայն Պասկևիչյանի ձայնն է, չկա փորձագետի կարծիք, թե 40օր հիվանդանոցում պառկած վիրավոր տղայի պարանոցի անցքը ինչքան է և ինչու է այդքան։  Պասկևիչյանի ձայնը ուզում է ասել, որ ամբողջ զորքը կանգնած, զորքի միջից մեկը կանգնել է Տիգրանի դիմաց կանգնած, «ընդհուպ» կրակել, որ հետո արտակարգ դրություն մտցնեն, իսկ ՀՔԾ֊ն էլ ստիպված այս անհավանական իրավիճակը ուզում է վերածել քրեական գործի։

ՀՔԾ֊ի հուլիսի 3֊ի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ստորագրել է «հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը»,  և Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Ֆիլմը գրեթե նույնը բառացի ասել էր 7տարի առաջ.

«Միքայել Հարությունյանը ստորագրում է փետրվարի 23֊ի 0038 հրամանը՝ բանակը կազմակերպված կերպով քաշելով քաղաքական գործընթացների մեջ, սահմանադրության որևէ կետ նախագահին լիազորություն չի տալիս բանակն օգտագործել արտակարգ իրավիճակի ժամանակ»։

Քոչարյանին քրեական պատասխանատվության կանչելուց հետո, երբ վերջինս հարցազրույց տվեց, նոր պարզ դարձավ 0038 հրամանի պաշտոնական բացատրությունը, թե այդ հրամանը արձակվել է այն բանից հետո, երբ Լևոն Տեր֊Պետրոսյանը իր քաղաքական պայքարի մեջ ներքաշել է պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնանին։

Իրոք, կան փետրվարի 21-ի հանրահավաքի կադրերը, ուր ԼՏՊ֊ն ասում է, որ հանդիպել է ՊՆ փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի հետ և որ Գրիգորյանն ու մյուս Պաշտպանության փոխնախարար գեներալ Գագիկ Մելքոնյանը միանալու են իրենց, ու իր կոչով ցուցարաները վանկարկում են Մանվել, Մանվել, ապա Գագիկ-Գագիկ։

Բնականաբար, սա ֆիլմում չկա, այն պաշտոնական բացատրությունը չի հաղորդում, որ  հանկարծ Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմից բանակը քաղաքականության մեջ ներքաշվելու վերաբերյալ կասկած էլ չառաջանա։ Բայց ոչ միայն դա, շատ բան չկա ֆիլմում, այն ամենը, ինչ կպարզեր, որ ԼՏՊ֊ի աջակիցները պատերազմի էին դուրս եկել ոստիկանների դեմ՝  ֆիլմում ընդհանրապես չկան ցուցարաների կողմից ոստիկաններին հարվածելու, նրանց վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետելու, հրազենով կրակելու, մեքենաներ վառելու մասին տեղեկություններ։ Ֆիլմում ասվում է, որ ոստիկանները նահանջեցին, «քաղաքապետարան բերող փողոցների մի մասն անցնում է ցուցարաների վերահասկողության տակ» և այլն, բայց թե ինչպես են ցուցարարները փողոցներ գրավել, ԼՏՊ֊ի շտաբը ինչ կոչեր էր անում, լռություն է (Հանրային հեռուստատեսության ցուցադրած մի քանի կադրեր թե ինչպես էին մարտի 1֊ին ցուցարարները գրոհում

Լրագրող Գայանե Բաբայանը, ով Տեր֊Պետրոսյանի ջերմ աջակիցներից էր «Ցուցարաների պայքարի գիշերը» ակնարկում, նկարագրում է իրադրությունը մարտի 1֊ին Մյասնիկյանի արձանի մոտ, որ դասական  ճակատամարտի թիկունքի հրամանատարական պունկտ է հիշեցնում՝ գրոհի հրամաններ, թշնամուց ռազմավար վերցնելու մասին զեկույցներ և այլն, միայն մի հատված.

«Ժողովուրդը թեև գիտեր, բայց շատ էլ չէր գիտակցում, որ իրականում խաչմերուկներից անդին ճակատամարտեր, արյուն ու զոհեր են, բայց ահա բարձրախոսին մոտեցավ մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց. «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք և նրանց քշեցի՛նք…»: ժողովուրդ՝ «ապրե՛ք…»:

Նիկոլ Փաշինյան. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ… ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ…»: Այն, որ բարիկադներից այն կողմ արյուն էր թափվում, արյան ու հատկապես մահերի մասին միկրոֆոնով ոչինչ չէր ասվում՝ երևի ժողովրդին խուճապի չմատնելու համար, միայն կցկտուր հրահանգներ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ռազմական ավար ռադիոկապով դիմեց զինվորներին՝ «Տղերք, հանրահավաքի 400 հազար անհատների անունից դիմում եմ ձեզ՝ անցեք մեր կողմը, ձեր զենքը վայր դրեք և շուռ տվեք քոչարյանասերժական կլանի դեմ…»: Եվ կային մարդիկ, որ հավատում էին նաև այդ ցնորքին, քանզի տեսել էին երկրապահի՝ իրենց կողմն անցնելը: Պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք…»: Պետք է ասել, որ զինվորներին քշելուց ու Մաշտոցի պողոտան դատարկելուց հետո, մի խոսքով, պատերազմական գործողություններից հետո հրապարակում ծայր առավ երգ ու պարը»:(«Հրապարակ», մարտի 21, այս նյութը առ ցանց «Հրապարկում» չկա):

Իսկ այն, որ ցուցարարների առաջնորդ Տեր֊Պետրոսյանը տնից դուրս չէր եկել, և չէր գնացել գլխավորելու իր հետևորդներին, ֆիլմը բացատրում է, թե նա իբր «դե ֆակտո տնային կալանքում էր»։ Բայց կա այլ բացատրութուն ևս, որ նա իր անվտանգության համար զգուշանալով տնից դուրս չի եկել, մարտի 10֊ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, այն հարցին թե ինչու չգնացիք ցուցարների մոտ, Տեր֊Պետրոսյանը պատասխանում է՝ «գնայի, որ սպանեի՞ն»։

Ֆիլմի ու ՀՔԾ֊ի պետի խոսքերի ևս մի ընդհանրություն.  Վանեցյան֊Խաչատրյան զույգի ասուլիսում նրանք ցույց տվեցին ինչ-որ մատյան որտեղ իրենց ասելով օլիգարխների կողմից վարձկաններին զինելու ցուցակներ էին։ Ֆիլմում էլ մի մատյան է ցուցադրվում, որտեղ օլիգարխների անուններ են։ Նույն մատյաննե՞րն են, թե՞ տարբեր, պարզ չի, բայց կարծես երկուսն էլ նույն բանի մասին են խոսում։

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը հիմնականում հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված  2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի միայն երկու անդամի, ՀԱԿ֊ի ներկայացիչ Անդրանիկ Քոչարյանի և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դատողությունների վրա։ Նրանք չեզոք անձինք չեն, և ՀԱԿ֊ը և Ժառանգությունը մարտի 1֊ին հակամարտող կողմ էին, ուրեմն, նրանց պնդումներն էլ արդեն նախապես կողմնակալ են։ Փաստահավաք խմբի լուծարումից հետո նրանք իրենց պնդումները տարածել են մամուլում «զեկույց» անվամբ, որոնք էլ  ֆիլմը պոպուլիզացրել է։ Կադրերում լսվում է Անդրանիկ Քոչարյանի հարձակողական ձայնը, որով նա հարցաքննում է ոստիկաններին։ Ֆիլմի խորհդատուն է Լևոն Տեր֊Պետրոսյանի քրոջ որդին՝ ՀԱԿ֊ական Առաքել Սեմերջյանը, իսկ ֆիլմի հեղինակը՝ Տիգրան Պասկևիչյանը 2008֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի անդամն էր։

Այսպիսով, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը միակողմանի, կուսակցական, կոնկրետ՝ ՀԱԿ֊ի և 2008֊ին ԼՏՊ֊ի շտաբի շահերն արտահայտող քարոզչություն է, հաճախ ապատեղեկատվությամբ, որ երկու նպատակ ունի.

1֊ին  ԼՏՊ֊ի ու նրա շտաբի անդամների վրայից հանել պատասխանատվության նշույլն անգամ մարտի1-ի զոհերի համար։ Ֆիլմը նույնիսկ համոզում է, որ ճիշտ էր Մյանսիկյանի արձանի մոտ ցուցարարների հավաքվելը և այլ տեղ չգնալը կամ չցրվելը։  

Ոստիկանությունը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մասնակցությամբ ցուցարաների հետ բանակցություններ էր վարում, որ նրանք գնան այլ տեղ շարունակելու ցույցը՝ Մատենադարանի մոտ կամ Կայարանի հրապարակ, սակայն Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբը մերժում է որևէ տեղ գնալը։ Իսկ Երեկոյան 9֊ի մոտ, երբ դեռ հնարավոր էր խուսափել լայնածավալ բախումներից, Նիկոլ Փաշինյանը հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, որով նա կոչ էր անում չկոտրվել և մնալ հրապարակում: Եվ միայն կեսգիշերին մոտ, երբ արդեն զոհեր կային, ԼՏՊ֊ն կոչ է անում ցրվել։ Կա տեսակետ, որ եթե ԼՏՊ֊ի շտաբը ոստիկանության հետ համաձանության եզրեր գտներ, ապա հնարավոր կլիներ խուսափել զոհերից։ Սակայն  Ֆիլմը ջանք է թափում այդ տեսակետն էլ «հերքել» զոհված Գոռ Քլոյանի հոր բերանով, ով ասում է՝ «եթե մենք լսեինք իրենց և գնայինք մատենադարան, այդ ժամանակ զոհերի թիվը ահռելի մեծ կլիներ»։ Ինչո՞ւ, պատասխան չկա։

Ֆիլմը պնդում է, որ Մյասնիկյանի արձանի մոտ ժողովուրդը հավաքվել է ինքնաբուխ, սակայն ոստիկանության գաղտնալսած ԼՏՊ֊ի շտաբի անդամների զրույցը, ապա նաև Փաշինյանի ելույթը ցույց են տալիս, որ շտաբն է հավաքել ցուցարներին (տես՝ politik.am-ի նյութը «Էն դալբայոբներին ուղարկել եմ» . ինքնաբու՞խ էր Շահումյան հրապարակի հանրահավաքը»):

Նիկոլ Փաշինյանի ցուցումով այստեղ կառուցվեցին բարիկադներ, որոնք բախումների սկիզբ դրեցին, սակայն ֆիլմը բարիկադներն էլ է ներկայացնում ինքնաբուխ։

Միակողմանի, միայն ԼՏՊ֊ի կողմնակիցների վկայությունների վրա է նաև մարտի 1֊ի առավոտյան Օպերայի հրապարակից ցուցարաներին ցրելու մասը, թե խաղաղ, անպաշտպան մարդկանց վրա հարձակվել են ոստիկաններն ու ծեծելով ցրել։ Հելսինկյան կոմիտեի զեկույցում կան և’ ցուցարարների, և’ ոստիկանների վկայություններ, որոնց մեջ, օրինակ ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Արշակյանը այլ բան է պատմում. «Հրահանգ ունեինք ժողովրդին չնեղացնել, հանգիստ, նորմալ վիճակում ամեն ինչ կասեցնեինք, բայց ժողովուրդը այն ձևով էր խմած ու հարբած, որ անհնար էր։ Ոտքերի տակ ամբողջ օղու շշեր կային, տեսնեիք՝ ինչ անեծքներ էին տալիս։ … ժողովրդին հանգիստ խնդրելով ու աղաչելով. ասում էինք, որ դուրս գան տարածքից; Հասել էինք Թումանյանի արձանի հետևամաս, մեզ վրա էին նետում վառվող վառարանները, երկաթից ոզնիները, քարերը, բետոնները՝ պոկած, աթոռները վերևից, ոնց ասես որ, շպրտում էին»։ Նա հարվածից գլխից վիրավորվել  գանգուղեղի ցնցում է ստացել, գլխին վեց կար են դրել։ Զեկույցի հեղինակները չեն գրել ոստիկանին հարվածող ցուցարարի անունը, քանի որ նա կալանավորված է եղել, և չեն ցանկացել կալանավորին վնասել։ Այժմ երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց մարտի 1֊ի գործով վճիռ, որ խախտվել է Մուշեղ Սաղաթելյանի իրավունքները, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՖԲ֊ի իր պատին հրապարակեց որ Արսենին հարվածողը հենց Մուշեղ Սաղաթելյանն է եղել (ԼՏՊ֊ի նախագահության ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը եղել է Գաղութների վարչության պետը և հայտնի է իր դաժանություններով, նրա կատարած մի քանի խոշտանգումների մասին տես՝ «Մուշեղ Սաղաթելյանը. դահիճը զոհի դերում»

Քանի որ 10 զոհերից ոչ բոլորն են ցուցարար, երկուսը ոստիկան են, ուրեմն երկու կողմերից էլ զոհեր կան, հասարակությունը միշտ հարց է բարձրացնելու, որ երկու կողմերն էլ մեղքի բաժին ունեն։ Ֆիլմը ութ զոհերի հանգամանքներին չի անդրադառնում, քանի որ սպանվածները ցուցարարներ են, հետևաբար որոշել են,  որ ապացուցելու կարիք չկա, որ նրանց ոստիկաններն են սպանել։ Բայց մանրակրկիտ անդրադառնում է երկու ոստիկանների սպանությանը, ու նկատելի ջանք թափում, որ նրանց մահվան համար պատասխանատվությունը հանի ԼՏՊ֊ի շտաբի վրայից, ու նրանց արյունն էլ գրի ոստիկանների վրա։

Քանի որ բախումների ժամանակ միշտ մահն է ուշադրության կենտրոնում, զոհվածին հետ չես բերի, զոհվածների հարազատները նրանց հիշատակը մշտապես վառ են պահում, ուրեմն, հասարակությունը  վիրավորներին չի հիշում, հետևաբար ՀԱԿ֊ պրոպագանդիստական ապարատը հանձին Պասկևիչյանի միայն երկու ոստիկանների մահն են գրում ոստիկանների վրա, վիրավորված 55 ոստիկաների մասին ֆիլմում չի խոսվում։ Բայց եթե նրանց հարցն էլ բարձրացվեր, Պասկևիչյանը ստիպված էր լինելու յուրաքանչյուր դեպքի համար մի պատմություն հորիներ, թե իբր ոստիկանների կրակոցից, նետած քարերից ու նռնակից են իրենց կոլեգաները վիրավորվել։

Ֆիլմի 2֊րդ նպատակն է ամբողջ արյունը գրել մի մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, և ՀՔԾ֊ն այսօր  ճշգրիտ անում է այն, ինչ թելադրում է «Հայաստանի կորսված գարունը»։ Այսպես, ֆիլմը հայտարարում է.

«Հրաման կատարողները, առավել ևս հրաման տվողները այդպես էլ չնստեցին մեղադրյալի աթոռին, մինչդեռ նրանց հայտնաբերելը հետաքննչական հնարքներ, խուզարկուի հմտություներ չէր պահանջում, անունները հայտնի են, հանցակազմը նույնպես, 2008թ. մարտի 1֊ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում»։

Երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա կանչել են հարցաքննության, Տիգրան Պասկևիչյանը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ ասուլիս է տալիս հուլիսի 5֊ին Մեդիա կենտրոնում և ասում, որ  մարտի մեկի թիվ մեկ պատասխանատուն  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, և նրան պետք է ոչ թե որպես վկա, այլ մեղադրյալ ներգրավեն ու բռնեն, Պասկևիչյանը սրում է. «Մարտի մեկը կարելի է դիտարկել, որպես մարդկության դեմ գործած հանցագործություն»։

20 օր անց ՀՔԾ֊ն կատարում է ՀԱԿ֊ի այս ցանկությունը՝ երբ Քոչարյանը գնում է ցուցմունք տալու, տեղում նրա դեմ մեղադրանք է առաջադրվում։

Ճիշտ է, իշխանության եկած ուժը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ֊ից առանձնացավ ու 4 տարի առաջ նրա հետ թշնամացավ, որը գաղափարական տեսք ստացավ, մասնավորապես Ղարաբաղյան կարգավորման  հետ կապված։ 2016 հուլիսի 22֊ին Խորենացի փողոցում Սասնա ծռերի աջակցության հանրահավաքին Փաշինյանը մի ամբողջ ելույթ ունեցավ Լևոն Տեր֊Պետրոսյանի դեմ, ասաց, որ ԼՏՊ֊ն աջակցում է Սերժ Սարգսյանին, որ նա հանձնի «ազատագրված տարածքները», որպեսզի ապացուցի 97-98 թվերի իր միակողմանի զիջումների ծրագիրը ճիշտ էր, այդ քաղաքականությունը «Ալիևի ագրեսիվ քաղաքականության մթնոլորտում» որակեց որպես Հայաստանի ու Ղարաբաղի կապիտուլացիա։ Այսինքն, Փաշինյանը ԼՏՊ֊ին քննադատում է մի քաղաքականության մեջ, որի համար Քոչարյանը Վազգեն Սարգսյանի հետ նրան հեռացրեցին նախագահի պաշտոնից: Այսուհանդերձ ինչպես Փաշինյանին, այնպես էլ ՀԱԿ֊ից առանձնացած բոլոր ուժերին ՀԱԿ֊ի հետ միավորում է մի բան՝ մարտի մեկը և վրեժի զգացումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նրանցից շատերը՝ նաև Նիկոլ Փաշինյանը, մարտի մեկի գործով դատապարտվել են, իսկ ԼՏՊ֊ն ու ՀՀՇ֊ն նրա պատճառով իշխանություն են կորցրել։ Վրեժի զգացումը շատ ավելի ուժեղ է քան գաղափարական տարաձայնությունները, հետևաբար այժմ նրանք ավելի շատ համախոհ են քան հակառակորդ։ Նրանց բոլորի նպատակն է բոլոր համակարգերի միջոցով՝ դատական և այլն, մարտի մեկի պատասխանատվությունը իրենց վրայից մաքրել, և ամբողջը բարդել մյուս կողմի վրա: Ահա թե ինչու են ուզում անցումային արդարադատություն մտցնել (Փաշինյանը օգոստոսի 17֊ի ելույթում խոսեց անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության մասին, իսկ մի օր առաջ ՀԱԿ֊ը հայտարարություն տարածեց, թե անհրաժեշտ է անցումային արդարադատության անցնել 2008 թ. մարտի 1֊ի իրադարձությունները վերանայելու համար։ Հայտարարության մեջ ասվում է.«Նոր, ժողովրդավարական Հայաստանը պարտավոր է ոչ միայն պատժելու հանցագործներին, այլ նաև վերականգնելու բոլոր քաղաքացիների իրավունքները»)։

2011 թվին «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսին Տիգրան Պասկևիչյանը ասում է.«Եթե ֆիլմը ամբողջությամբ նայեք, կտեսնեք, որ բացահայտելու շատ բան էլ չկա: Ամեն ինչ շատ պարզ է»:

Օգոստոսի 17֊ի հանրահավաքին էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, թե մարտի 1֊ը բացահայտված է։

Բայց ո՛չ 2011֊ի ֆիլմը, ո՛չ այժմ ՀՔԾ֊ն 10 զոհերից որևէ մեկի սպանողի մասին բան չեն ասում: Ուրեմն, բացահայտված է միայն նրանց համար։

Մարտի մեկի նկատմամբ ՀԱԿ֊ի ու Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը մեկին մեկ նույնն է՝ նրանց համար դեռ 2008֊ին «բացահայտված» էր՝ մեղավորը հայտնի է՝ Ռոբերտ Քոչարյանն է, մնում էր իշխանությունը վերցնել և իրագործել այդ «բացահայտումը»։

Այս փաստերի համադրմամբ, կարելի է եզրակացնել, որ ՀՔԾ֊ն ոչինչ չի պարզել, ՀԱԿ֊ի ներկա կամ նախկին շրջանակներն են իրենց սարքածները տվել, Սասուն Խաչատրյանն էլ հայտարարել է թե իբր նոր են պարզել, կամ էլ պարտադրել են որ հայտարարի, հավանական է  վերևից ՀՔԾ֊ին ու ԱԱԾ֊ին ցուցում է տրվել ՀԱԿ֊ի սարքած մեղադրանքները տեղափոխել նախաքննություն ու դարձնել քրեական գործերի հիմք։

***

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը հայկական մամուլում ներկայացվում է որպես փաստավավերագրական և հետաքննական: Ֆիլմի հետ կապված վերջին լրատվությունը այն է, որ ՀԱԿ֊ը դիմել է Հանրային հեռուստատեսություն այն ցուցադրելու համար։ Եվ ոչ մի պարբերական, ոչ մի լրագրող ֆիլմի պնդումները հարցի տակ չի դնում։ Այդ լուռ համաձայնությունը խոսում է «Հայաստանի կորսված լրագրության» մասին։

Քարոզչական ֆիլմը ու նախաքննությունը տարբեր բաներ են, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողը որևէ ատյանի առաջ պատասխանատու չի, լրագրողական կազմակերպություններն էլ առաջնորդվում են ոչ թե մասնագիտական, այլ ընկերական շարժառիթներով, եթե իրենց ընկերը ֆիլմ է նկարել, ապա միայն կենացներ պետք է հնչեն, եթե նույնիսկ այդ ֆիլմը փաստեր է խեղաթյուրում։

Նախաքննական մարմնի համար խեղաթյուրելը դժվար է, քանի որ նրան հակակշիռ փաստաբանական կողմ կա, որը ամեն խեղաթյուրում բացահայտում է, ու դժվարացնում դատական գործընթացը։ Եվ, ուրեմն, ՀՔԾ֊փաստաբաններ բանավեճի շնորհիվ է  հասարկությունը ինչ որ չափով ճշմարտությունը իմանում, իսկ ՀՔԾ պետն էլ հայտնվում հիմար վիճակում՝ խճճվելով խեղաթյուրումների մեջ։

Բայց ճշմարտությունը ցույց տալու կոչումը լրագրությանն է, իսկ մարտի 1֊ի պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում լրագրությունը իր այդ կոչմանը հավատարիմ չի։

Ընդհանրապես պարզելու համար, թե իրականում ինչ է եղել մարտի 1-ին, անհրաժեշտ էր անաչառ լրագրողական մանրակրկիտ հետազոտություն նախագահական նախընտրական քարոզարշավից սկսած, փետրվարի 19֊ի ընտրությունները, երկու կողմերի ներգրավվածությունը ընտրակաշառքների և ընտրակեղծիքների մեջ, հետընտրական գործընթացները՝ հասարակական պառակտման խորացման ու հակամարտության էսկալացիան, մարտի 1֊ը, հետմարտյան իրադարձությունները, մամուլն ու դատական, ոստիկանական, քաղաքական ուժերի արխիվներն ուսումնասիրելով, երկու կողմերի ականատեսներին էլ հարցեր տալով, եթե նույնիսկ երկրորդ կողմը ոստիկան է և փաստերն ու վկայությունները համադրելով պատկեր ստանալ։ Սա չի արել ոչ մի լրագրող։  

***

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում սողոսկել է մի ճիշտ բան, որ իշխանությունների համար «շատ ցանկալի կլիներ, որ զոհերը մեկով կամ մի քանիսով ավել չլիներ»։

Այո,  նախագահ Քոչարյանը շատ կուզեր, որ զոհեր չլինեին, նույնիսկ մի զոհը շատ թանկ գին է, ուրեմն, քիչ հավանական է, որ իշխանության անմիջական հրահանգով դիտավորյալ մարդ սպանեին։

Բայց ո՞ւմ կրակած գնդակից են սպանվել 10հոգին։ Ոչ մի փաստահավաք խումբ, ֆիլմ, ՀՔԾ գոնե մի սպանողի անուն չի բացահայտել։

Ֆիլմը ներկայացնում է տասը զոհերի մահվան հանգամանքները.

«Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը և Արմեն Ֆարմանանը զոհվել են Լեո֊Պարոնյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Պարոնյան Լուսավորիչ խաչմերուկ ընկած հատվածում Չերյոմուխա 7 գազային փամփուշտ նռնակից, նույն հատվածում АКС տեսակի ավտոմատի կրակոցից վիրավորվել և ապրիլի 14֊ին հիվանդանոցում մահացել է Սամվել Հարությունյանը: Գրիգոր Գևորգյանը զոհվել է Լեո֊Պարոնյան խաչմերուկում դիպուկահարի կրակոցից: Հովհաննես Հովհաննիսյանը զոհվել է Մաշտոցի պողոտայի դեպի շուկա տանող հատվածում АКС տեսակի ավտոմատի կրակոցից ժամը 22:05: Դավիթ Պետրոսյանը զոհվել է Պարոնյան փողոցի կրպակների դիմաց Մակարով ատրճանակից 22:10: Զինծառայող Տիգրան Աբգարյանը մահացու վիրավորվել է Լեո փողոցի վրա 22:25ին: Մարտի 2֊ին, մեկ անց կես Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ Մակարովի ատրճանակից զոհվել է Զաքար Հովհաննիսյանը»։

Եթե ինչպես նկարագրված է, այդպես է եղել մի բան հստակ է, որ ոստիկանների կրակած  Չերեմուխա 7֊ից երեք հոգի սպանվել են։ Բայց սա չի կարող կանխամտածված սպանություն լինել, քանի որ Չերեմուխա 7֊ը  մարտական զենք չի, ցույցեր ցրելու համար է նախատեսված, ուրեմն, նրանով կրակողը ի՞նչ նպատակ է ունեցել. գրոհող ամբո՞խը ցրել, զենքի սխալ օգտագործման կամ մեկ այլ պատճառո՞վ  են զոհեր եղել։ Կոնկրետ կրակողին բացահայտելուց հետո նոր կգան մյուս հարցերը, ի՞նչ իրավիճակ է եղել, ինչո՞ւ են Չերեմուխան օգտագործել։ Մի ոստիկան պատմել է, որ ոստիկանության զինվորները մեղադրել են իրենց, որ զենք չեն տվել պաշտպանվելու համար. «Ասում էին` զենք տվեք, խի՞ զենք չեն տվել: Նայեք, Մխոյին խփեցին, մյուսին խփեցին»(«Ի՜նչ ատելություն». ոստիկանի պատմածը» «Արմենիանաու» թերթում

Իսկ մյուսների՞ն ովքեր են սպանել։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 14֊ի մամուլի ասուլիսում ասաց.

«Ինձ իմ մասնագիտական փորձը ցույց է տվել, որ եթե որեւիցե կարեւոր գաղտնի ինֆորմացիա 3 հոգու եւ ավելի հայտնի է, այդ ինֆորմացիան շատ շուտով հայտնի է դառնում իրավապահ մարմիններին: Հիմա 10 տարի առաջ 10 հոգու սպանել են, էլ չասած վիրավորներին, ու այսօր մեզ ուզում են հավատացնեն, որ այդ 10 հոգու սպանողները դեռ պարզված չեն, ես չե՛մ հավատում: Ինձ դա չի համոզում: Դուք անուններ ուզեք, մեղադրանքներ ուզեք, ոչ թե ընդամենը՝ մենք պարզել ենք, որ այս ուժերն են կրակել այս նպատակներով, ո՞ւր է մեղադրանքը»։

Երկու իշխանությունների ժամանակ էլ իրավապահ մարմինները սպանության մեջ մեղադրվողի ոչ մի կոնկրետ անուն չունեն։ Նոր իշխանություններին դա հետաքրքրո՞ւմ է, թե՞ Քոչարյանին փակելը նրանց լրիվ կբավարարի։Կերևա։ Իսկ նախկի՞նը,  ինչո՞ւ նախկին իշխանությունը սպանության ոչ մի բացահայտում չի արել։ Գուցե չե՞ն կարողացել, գուցե ինչ-որ սպանության մեջ իրենք խա՞ռն են եղել կամ  գուցե ընդդիմությո՞ւնն է խառը, որին զգուշացել են կրկին գրգռել, գուցե այլ պատճա՞ռ կա, գուցե մամուլի ասուլիս կամ հարցազրույց տա՞ն, ինչո՞ւ են կրկին լռում։

ՀԱԿ֊ին ու նախկին իշխանություններին հանձին Սերժ Սարգսյանի, միավորում էր ընդհանուր հակառակորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սարգսյանը նրա  մեջ տեսնում էր իր իշխանության միակ սպառնալիքը (այդ մասին խոսում է նաև ՀԱԿ֊ի նախկին անդամ Հրանտ Տեր Աբրահամյանը «Քոչարյանի քաղաքական վերադարձը կամ հանգած հրաբուխների ծուխը»

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ 10 սպանությունների լիարժեք բացահայտում ոչ մեկին պետք չէր և պետք չի, հակառակ դեպքում, եթե բացահայտվեր մարտի 1֊ը, որպես գործիք այլևս արդյունավետ չի աշխատի Քոչարյանի դեմ։ Արդյո՞ք միայն խոսքի ազատության դրսևորում է, որ Սերժ Սարգսյանի հովանավորած լրատվամիջոցները մշտապես միայն Քոչարյանի վրա են գցում մարտի մեկի մեղքը (օրինակ, 1in.am֊ը, որը որոշ շրջանակներ բնութագրում են նույնիսկ որպես Սերժ Սարգսյանի խոսափող, Քոչարյանին վարկաբեկելու հետևողական ծրագիր է իրականացնում, զրպարտության համար նրա դեմ մի քանի դատ է բացել Քոչարյանը)

Գոլոս Արմենիին նկատում է, որ Լևոն Տեր֊Պետրոսյանի շքախումբը ամենաբարձրն է գոռում մարտի 1֊ի գործի մասին՝ փորձելով ամբողջ մեղքը գցել Քոչարյանի վրա։ Իսկ Փաշինանն էլ արդեն շատ բան է արել Լևոնի համար, ազատելով նրան մարտի 1ին անկարգություններ հրահրելու պատասխանատվությունից։

Այսպիսով Ռոբերտ Քոչարյանը դժվարին կացության մեջ է, մարտի 1-ի դիրքորոշման մեջ նա մենակ է մնացել քաղաքական ու քաղաքացիական դաշտի, բազմաթիվ լրատվամիջոցների ու լայն զանգվածների աջակցությունը վայելող իշխանության դեմ։

***

2014 թվականի փետրվարի 18-20֊ին Կիևի Մայդանում էլ 75հոգի զոհվեց, ամբողջ մեղքը բարդվեց նրա վրա, ով ամենաշատն էր շահագրգռված, որ արյուն չթափվի՝ նախագահ Յանուկովիչի վրա։ Հետագայում մի շարք հետազոտություններ պարզեցին: որ սպանողների մեջ ընդդիմադիրներն են եղել։ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Իվան Կաչանովսկին(Ivan Katchanovski) գրում է.

«Պրավիյ Սեկտոր, Սվոբոդա աջ ծայրահեղական կազմակերպությունների ղեկավարներն ու զինված խմբավորումները, ինչպես նաև Բախտովշինայի նման օլիգարխիկ կուսակցությունները (Տիմոշենկո, Յացենյուկ) ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված էին ցուցարարների և ոստիկանների սպանության մեջ: Այս զանգվածային  սպանդը գաղտնի օպերացիա էր, որ կազմակերպել և իրագործում էին Մայդանի ղեկավարության մի հատված, որոնց գաղտնի զինված խմբերը նպատակ ունեին հաղթել Եվրոմայդանի ասիմետրիկ հակամարտության մեջ և խլել Ուկրաինայի իշխանությունը»(” Snipers Massacre” on the Maidan in Ukraine. Available at SSRN 2658245 p.63): Այդ մասին խոսվում է նաև իտալացի լրագրող Ժան Միկալեսինի հաղորդման մեջ, (ապա նաև Ուկրաինական մայդանի հետ կապված զանգվածային լրատվամիջոցների քարոզչությունից տարբերվող ֆիլմեր են Օլիվեր Ստոունի Ukraine on Fire և ֆրանսիցի ռեժիսոր Պոլ Մորեյրայի Ukraine, les masques de la révolution):

Հետսովետական երկրների հեղափոխությունները մի ընդհանարություն ունեն, նրանք գաղափարխոսական չեն, քանի որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունները լիբերալ են, նրանց մեջ գաղափարախոսական հակասություն չկա և հաճախ ընդդիմության դերում այն նույն դասակարգն է, որը իշխանության է՝ խոշոր բուրժուազիան։  

2008֊ին Հայաստանում «լիբերալները լիբերալների դեմ» մոդելը բացահայտ էր, քանի որ ընդդիմության դերում էր այդ լիբերալ համակարգը ստեղծող առաջին նախագահը՝ ինքն իր ստեղծած համակարգի դեմ այն նույն գաղափարներով, որոնցով այդ համակարգը ինքը ստեղծել էր։ Պայքարն էլ գնում էր կապիտալի թևերի մեջ, ԼՏՊ֊ի թիմում էին իր կառավարման տարիներին հարստացած խոշոր բուրժուաներ, ինչպես օրինակ  Խաչատուր Սուքիասյանը(Գռզո), նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը, Հակոբ Հակոբյանը(Լեդի Հակոբ) և այլն։

Որպես միևնույն դասակարգի ու գաղափարախոսության ներկայցուցիչներ, այս ընդդիմությունները չէին կարող իշխանությունների դասակարգային պատկանելիությունը թիրախ դարձնել, ուրեմն, դրամատիրական կարգերի ճգնաժամում զանգվածների դժգոհություններ մոբիլզիացնելու համար նրանց անհրաժեշտ էր արհեստական թշնամի ստեղծել, Ուկրաինայում այդ թշնամին դարձրին Ռուսաստանը, Հայաստանում օգտագործելով  երկու ղեկավարների՝ Քոչարյանի ու Սարգսյանի ղարաբաղցի լինելը, թիրախ դարձերցին ղարաբաղցիներին(տես՝ «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ»)

Ի տարբերություն արմատական ձախերի, որոնք իրենց մարտավարությունը բաց հռչակում են իշխանության բռնի տապալումը(օրինակ Սև բլոկը),  այս հետսովետական սպեցիֆիկ ազգայնական երանգներով լիբերալ ընդդիմությունները հրապարակային մերժում են բռնությունը, սակայն «տակից» բռնության են դիմում, իսկ երբ բացահայտվում է այն, ասում են՝ մենք խաղաղ ենք եղել, բռնությունները իշխանության սադրանքն էին։

***

2008֊ի մարտի 1֊ին հասարակության աչքի առաջ բախում եղավ ԼՏՊ֊ի ցուցարաների և ոստիկանության միջև, սակայն մամուլը 10 տարի շարունակ միայն ՀԱԿ֊ի տեսակետներն է տարածել ու նրանցով հասարակական կարծիք ձևավորել։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցում ասվում է, որ Մարտի 1֊ին անկախ կոչվող լրատվամիջոցները՝ Ա1+, Լրագիր, Ազատություն և այլն թև ու թիկունք էին կանգնել Տեր֊Պետրոսյանական ուժերին, և միայն առցանց ռեժիմով աշխատող «ԱրմենիաՆաու» թերթը եզակիներից էր, որ լուսաբանում էր` ներկայացնելով ոչ միայն ընդդիմության տեսակետները, այլև բազմակողմանի փաստեր: Մի մեջբերում զեկույցից. «21.15-ի սահմաններում Իտալիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների միջից մոլոտովի կոկտեյլներ են (դյուրավառ հեղուկով շիշ) նետել ավելի վաղ բարիկադներում տեղադրված ավտոմեքենաների, ինչպես նաև մի քանի հազար ցուցարարներին երեք կողմից շրջապատած իրավապահների վրա»,- հաղորդում էր «ԱրմենիաՆաուն»:

Ոչ միայն շատ լրագրողներ են կուլ գնացել ՀԱԿ֊ի հետևողական աշխատանքին, այլև ՀԱԿ֊ականներն էլ անկախ «լրագրող», «փորձագետ», «քաղաքագետ» անունների տակ քողարկած մարտի մեկի վերաբերյալ միակողմանի քարոզչություն են տանում՝ թե զորքը կրակել է խաղաղ ցուցարաների վրա, 10 հոգուն էլ ոստիկաններն են սպանել, և որ ամեն ինչում Քոչարյանն է մեղավոր։

«Հայաստանի կորցված գարունը» ֆիլմը «անկախ» դիրքորոշման անվան տակ պրոպագանադայի մի չնչին օրինակ է։ Գաղտնալսված ձայնագրությունից հայտնի է դառնում, որ ՀՔԾ֊ի ոչ պաշտոնական խոսնակի դերն է ստանձնել ՀԱԿ֊ական շրջանակների փաստաբան Վահե Գրիգորյանը, ով տարբեր լրատվամիջոցների հարցազրույց է տալիս որպես անկախ իրավաբան և մարտի մեկի զոհերի հարազատների պաշտպան ու խոսում Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին։ Այսպես, հեռախոսազրույցում ՀՔԾ պետը ասում է «Ընկեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»։ ԱԱԾ պետ Վանեցյանը պատասխանում է. «Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ»: «Քաղաքագետի» անվան մեկ ուրիշ քարոզիչի՝ Ստեփան Գրիգորյանի մասին տես՝ «Նիկոլ Փաշինյանը վրիժառու է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ»

Իսկ այսօր, երբ մարտի մեկի բարիկադի մյուս կողմը համաժողովրդական լայն աջակցությամբ իշխանություն է դարձել, ու զանգվածները չեն հանդուրժում լսել սիրելի վարչապետի նկատմամբ որևէ քննադատական խոսք, վերջնականապես հաղթում են ՀԱԿ֊ի պնդումները, և արդեն գրեթե անհնար կլինի մարտի մեկի վերաբերյալ ճշմարտությունը պարզել։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *