Միզապարկի քաղցկեղ ախտորոշում ստանալուց հետո Կարեն Խաչատուրովի պապիկը դարձավ նրա վիզուալ պատմության հերոսը:

Կարենը սկսեց նկարահանել իր պապիկին ախտորոշման առաջին իսկ օրվանից և պատկերեց նրա պայքարի 3 ամիսները, որոնք ավարտվեցին հերոսի մահվամբ:

Խաչատուրովի լուսանկարների ցուցահանդեսը  բացվել է Միրզոյան գրադարանում(Մհեր Մկրտչյան 10)։ Համադրողն է լուսանկարիչ Կարեն Մրիզոյանը։

26֊ամյա Կարեն Խաչատուրովը ծնվել է Երևանում, ավարտել է Հյուսիսային համալսարանը։ Սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է։

Լուսանկարների շարքը տատանվում է Կարենի երկու ցանկությունների միջև՝ մի կողմից սեփական տեսանկյունից վերապրած պատմությունը պատմելու, մյուս կողմից այդ պատմեւթյունը պատմելով չընկնել տարածված մոտեցումների ու նարրատիվների ծուղակը:

Սպառողականությունը փոխել է երջանկության հայեցակարգը, դարձնելով այն ոգեշնչման անսպառ աղբյուրից ևս մեկ Բան, որը պետք է ունենալ: Մի նոր գույն, որը պետք է փորձել, մի նոր իր, որը պետք է օգտագործել, մի նոր զգեստ, որ պետք է հագնել ու մի նոր զգացում, որը պարտադիր պետք է վերապրել։ Այս մոտեցման դեպքում երջանկությունը դառնում է մի բան, որը պետք է պարտադիր համապատասխանի որոշակի նորմերի ու ձևաչափերի: Այն ամենն, ինչ այլական է, դուրս կգա այդ երջանկության հայեցակարգից ու կմատնվի անուշադրության կամ մոռացության, քանի որ այն կարող է հարցադրել կատարյալ ռետուշված սպառողական աշխարհը: Այն ամենն, ինչ կթվա ստանդարտներին համապատասխան «երջանիկ»-ին հակադիր ու «ոչ պոզիտիվ», սահուն կերպով դուրս կմղվի սպառողական տեսադաշտից: Այդպիսի աշխարհում տրավմաներն անհնար կլինի ամբողջությամբ վերապրել, զգալ դրանք՝ իրենց ամբողջ խորությամբ: Ցավն ու ցավալն այս կոնտեքստում չի դիտարկվի որպես քայլ դեպի ինքնագիտակցում և բուժում, այլ որպես նեգատիվ կետ, որը պետք է կոծկել կամ վերաձևակերպել ավելի պայծառ գույների ներքո։ Տրավման ու տրավմատիկ ամեն ինչ, այն ամենն, ինչ կարող է հարցի տակ դնել համակարգն ու դրա արժեքները, շարունակաբար հերքվում է, անտեսվում ու փոխարինվում իրականության ռետուշված պատրանքով, որը լեցուն է վառ գույներով ու գրավիչ պատկերներով։ Մոռացիր վախերդ, մոռացիր ցավերդ, արի մեզ մոտ, այստեղ դու կարող ես մի կողմ դնել ամենն և փակել վերքերդ գույնզգույն ու շեղող ֆիլտրերով:

Խաչատուրովը որպես լուսանկարիչ, ով փորձում է պատմել պատմությունն «այնպես, ինչպես եղել է», նա ծուղակի մեջ է ընկնում իր ցանկությամբ՝ իրականությունը ներկայացնելու: Բայց որպես արտիստ, ով հիմնականում աշխատում է պաստելային գույների ու փոփսյուրռեալիստական պատկերների հետ (համեմված ֆեշն ամսագիրներ հիշեցնող պատկերներով), նա գիտակցում է, որ իր ներկայությունն արդեն փոխում է պատումը և արդեն աղավաղում իրականությունը: Նա ընդամենը հանդիսատես է, ով ունակ է ֆիքսելու տեսածը, բայց նա տեսնում է իր սեփական իրականությունը: Այս պատճառով է նա սկսում ավելի շատ հեռանալ վավերագրական պատումի դիրքից և արդեն ֆորմալ կերպով հեռանում է վավերագրական  մոտեցումից, նախընտրելով իր պապիկի պատմությունը պատմել վառ, առևտրականացված գույներով:

Սա պատմությունը դարձնում է վիզուալ առումով ավելի հաճելի, ու միգուցե կարող ենք նաև ասել գրավիչ, բայց կարևոր է նաև այն, որ գլխավոր գիծն ու պատմությունը չի կորչում ու միևնույնն է՝ այնտեղ, բոլոր այդ վառ գույների տակ դեռ հնարավոր է տեսնել այն մեկին, ով պայքարում էր իր կյանքի համար:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.