Սոկոլովը եղևնու երկու չոր ճյուղ գցեց խարույկի մեջ, կրակը միանգամից պատեց դրանք, վեր ձգվեց, բուռն լեզուներով սկսեց լիզել խարույկի վրա կախ տված, մրոտված դույլի տակը։

Սերգեյ Անդրեևիչը նայեց կապտավուն բոցում ջգաձգվող քիստերին, ապա հայացքը դարձրեց խարույկով հմայված երեխաների դեմքերին.

– Շքեղ խարույկ է, չէ՞։

Սոկոլովը գլխով արեց.

– Այո…

Լեբեդևան մրսած ցնցեց նիհարիկ ուսերը.

– Ես, Սերգեյ Անդրեևիչ, հարյուր տարի անտառում չեմ եղել։ Ութերորդ դասարանից։

– Ինչո՞ւ,- Սերգեյ Ալեքսեևիչը հանեց ակնոցը և, կկոցելով կարճատես աչքերը, սկսեց սրբել թաշկինակով։

– Դե մի տեսակ ժամանակ չի եղել,- ասեց Լեբեդևան։

– Դե ուրեմն ինչո՞ւ այն ժամանակ մեր հետ Իստրա չեկար,- ծաղրանքով հարցրեց Սավչենկոն։

– Չկարողացա։

– Ասա՝ ալարել եմ։ Այդքան բան։

– Հեչ էլ չեմ ալարել։ Հիվանդ էի։

– Իսկի էլ հիվանդ չէիր։

– Հիվանդ էի։

Սերգեյ Անդրեևիչը հաշտարար բարձրացրեց բարալիկ չորուկ մատներով նեղ ձեռքը.

– Դե, հերիք է, Լյոշա, Լենային հանգիստ թող… Ավելի լավ է՝ նայեք ինչ գեղեցկություն է շուրջը։ Ականջ դրեք։

Երեխաները շուրջը նայեցին։

Խարույկի բուռն կրակը լուսավորում էր թփերի ու ջահել կեչիների մութ ուրվագծերը։ Հեռվում անշարժ պատով մթին էր տալիս խառնակազմ, բարձրիկ անտառը, որից վեր վառ աստղասփյուռքում կախված էր մեծ լուսինը։

Խոր գիշերային լռություն էր՝ խարույկի ճարճատյունից խախտվող։

Գետի, նեխվածության ու այրված քիստերի հոտն էր գալիս։

– Հավես է…. կանգնելով՝ ձգվեց գանգուր ու լայնաթիկունք Ելիսեևը,- ճիշտ ոնց որ «Դերսու Ուզալայում»։

Սերգեյ Անդրեևիչը ժպտաց, ինչից մանրիկ կնճիռներ հավաքվեցին ջահելատես, ակնոցի հաստ ապակիների տակ պահված աչքերի շուրջ։

– Այո, երեխաներ, անտառը բնության մի զարմանալի երևույթ է։ Աշխարհի ութերորդը հրաշալիքը, ինչպես Մամին Սիբիրյակն է ասել։ Անտառը երբեք չի կարող ձանձրացնել, երբեք չի զզվեցնի։ Ու ինչքա՜ն հարստություններ ունի։ Թթվածին, բնափայտ, ցելյուլոզա։ Բա հատապտուղները, բա սնկերը։ Իսկական գանձարան։ Մարդուն առանց անտառի շատ դժվար է։ Հնարավոր չէ առանց այդ գեղեցկության ապրել….

Նա լռեց՝ նայելով անտառի անշարժ պատին։

Երեխաներն էլ այնտեղ նայեցին։

– Անտառը դե իհարկե լավ է, Սերգեյ Անդրեևիչ,- ժպտալով քրթմնջաց Ելիսեևը։- Բայց տեխնիկան ամեն դեպքում ավելի լավ է։

Նա թմփացրեց ուսից կախված շարժական մագնիտաֆոնին.

– Հիմա առանց տեխնիկայի մի քայլ չես անի։

Սերգեյ Անդրեևիչը շրջվեց դեպի նա, ուշադիր նայեց.

– Տեխնիկա… Դե ինչ, Վիտյա, տեխնիկան, անկասկած, մարդուն շատ բան է տվել։ Բայց ինձ թվում է՝ կարևոր է, որ այն մարդուն հետ չտանի, հետին պլան չմղի նրան։ Անտառը երբեք նման բան չի կարող անել։

Երեխաները նայեցին Ելիսեևին։

Ուռեցնելով ներքևի շրթունքը՝ նա թոթվեց ուսերը.

– Դե չէ, ես ոչ մի բան… Ուղղակի…

– Ուղղակի դու խփնվել ես քո պոպ երաժշտության վրա, էդքան բան,- նրան ընդհատեց Լեբեդևան։- Առանց էդ արկղի մի քայլ անել չես կարող։

– Հա ի՞նչ, վա՞տ է, ինչ է։- Ելիսեևը խեթ-խեթ նայեց աղջկան։

– Դե չէ, ոչ թե վատ է, այլ վնասակար է,— ծիծաղեց Լեբեդևան,— կխլանաս, ու ինստիտուտ չեն ընդունի։

Երեխաները համերաշխ ծիծաղեցին։

Սերգեյ Անդրեևիչը ժպտաց.

– Այ Լեբեդևա, խոսքը գրպանդ դրած է։

– Բա ինքն ինչ է, Սերգեյ Անդրեևիչ, ուշքն ու միտքը….

– Իսկ քե՞զ ինչ,— մռթմռթաց Ելիսեևը․— Դու էլ առանց քո կոնսերվատորիայի ապրել չես կարող…

– Բա դա կոնսերվատորիա՛ է, ցնդած։ Բա՛խ, Հա՛յդն, Մո՛ցարտ։ Իսկ քո մոտ ինչ-որ փռչոտներ են ոռնում։

– Փռչոտը դու ես։

Սերգեյ Անդրեևիչը մեղմ բռնեց Ելիսեևի ուսը։

– Դե, դե, Վիտյա, հերիք է։ Դու ախր ուզում եմ ՄԱԻ[1] գնաս։ Իսկ օդաչուներին ինքնատիրապետում է պետք։

– Բայց ես օդաչու չեմ լինելու, այլ կոնստրուկտոր,- մռթմռթաց Ելիսեևը։

– Առավել ևս։ Այ թե ինչ, ընկերներ։ Եկեք, օգտվելով այս պարզ եղանակից, աստղագիտությունը վերհիշենք։

Սերգեյ Անդրեևիչը կանգնեց, մի քիչ հեռու գնաց ու ձեռքերն իր թեթև կուրտկայի գրպանները դնելով՝ նայեց երկնքին։

Երկինքը մուգ մանուշակագույն էր, աստղերն անսովոր պայծառ էին փայլում ու շատ մոտ էին թվում։ Կուրացուցիչ սպիտակ լուսնի եզրը թեթև հատված էր։

– Ուզածդ քարտեզից լավ ու ակնառու,- կամաց ասաց Սերգեյ Անդրեևիչն ու արագ լակոնիկ շարժումով ուղղեց ակնոցը։- Այսպեեեես…. Այդ ի՞նչ ուղղահայաց համաստեղություն է այ այնտեղ։

Նա վեր պարզեց ձեռքը։

– Դե, ո՞վ է համարձակը։ Օլե՞գ։

– Բերենիկեի Գե՞սը,- անվստահ քրթմնջաց Զայցևը։

Սերգեյ Անդրեևիչը բացասաբար շարժեց գլուխը։

– Դա ավելի աջում է և բարձր։ Ահա այն, Որսկան Շների տակ… Վիտյա՞։

– Կասիոպեա՜,- բարձր ասաց Ելիսեևը՝ ձեռքերը ջինսի գրպանները դնելով ու գլուխը հետ տանելով։- Հաստատ, Կասիոպեա։

Կողքը կանգնած Սոկոլովը քմծիծաղ տվեց։

– Երկու մինուս,- ասաց Սերգեյ Անդրեևիչն ու արագ ցույց տվեց։- Ահա քո Կասիոպեան, Ցեֆեոսի կողքը։

Լեբեդևան ծիծաղեց։

Ելիսեևը քորեց ծոծրակը, ուսերը թոթվեց։

– Բայց նրանք առհասարակ ինչ-որ նման են…

– Քե՜զ,- ծիծաղեց Լեբեդևան ու Սոկոլովի թիկունքից շրմփացրեց Ելիսեևի ծոծրակին։

– Այ քեզ աննորմալ,- քմծիծաղ տվեց Ելիսեևը։

Սերգեյ Անդրեևիչը շրջվեց երեխաների կողմը։

– Մի՞թե ոչ ոք չգիտի։ Դիմա՞։

Սավչենկոն լուռ տարուբերեց գլուխը։

– Լենա՞։

Լեբեդևան հոգոց հանելով ուսերը թոթվեց։

– Ուղղակի քննություններից հետո ամեն ինչ խառնվել է գլխներումս, Սերգեյ Անդրեևիչ,- ծոր տվեց Զայցևը։

Ելիսեևը քմծիծաղ տվեց, ոտքով ուղղեց խարույկից դուրս պրծած ճյուղը.

– Մեկի մոտ խառնվել է, մեկի մոտ հակառակը՝ ամեն ինչ դուրս է թռել։ Ոնց որ աերոդինամիկ խողովակում…

Երեխաները ծիծաղեցին։

– Իսկ ահա Միշկան հաստատ գիտի, աչքերից երևում է,- Սոկոլովին խեթեց Լեբեդևան։

Սոկոլովը շփոթված նայեց խարույկին։

Սերգեյ Անդրեևիչը հայացքը դարձրեց նրա նեղ, հանդարտիկ դեմքին։

– Գիտե՞ս, Միշա։

– Գիտեմ, Սերգեյ Անդրեևիչ։ Օձի համաստեղությունն է։

– Այսպեեես,- գլուխը հաստատաբար շարժեց ուսուցիչը։- Կեցցես։ Իսկ Օձի վերևո՞ւմ որն է։

– Հյուսիսային թագը,- լիակատար լռության մեջ զուսպ ասաց Սոկոլովը։

– Ճիշտ է։ Հյուսիսային թագը։ Նրա մեջ առաջին մեծության աստղ կա։ Իսկ այ ձախի՞ց ինչ համաստեղություն է։

– Հերկուլեսը։

– Իսկ աջի՞ց։

– Եզնարածը։

Սերգեյ Անդրեևիչը ժպտաց.

– Հինգին գումարած։

Ելիսեևը տարուբերեց գլուխը։

– Այ թե խզարեցիր, Միշկա։ Լրիվ ոնց որ Ջորդանո Բրունոն։

Սոկոլովը կուրտկայի փեշը քաշքշելով երկնքին էր նայում։

Դույլի մեջ եռացող ջուրը անցավ պռունկներից, թշշոցով լցվեց խարույկի վրա։

– Վայ, քնեցինք մնացինք, իրար անցավ Ելիսեևը՝ բռնելով լայնակի փայտի մի ծայրից, որից դույլն էր կախված։- Օլեգ, արագ վերցնում ենք։

Զայցևը բռնեց մյուս ծայրից։

Նրանք երկուսով դույլը վերցրեցին կրակից և խնամքով դրեցին մոխրածածկ խոտին։

Սերգեյ Անդրեևիչը մոտեցավ, կռացավ.

– Այսպես։ Եռաց։ Դե եկեք թեյը պատրաստենք։

Երեխաները սկսեցին նախապես պատրաստված փաթեթից թեյը լցնել եռման ջրի մեջ։

– Իսկ կարո՞ղ է խտացրած կաթն էլ միանգամից լցնենք, հը՞,- հարցական նայեց Լեբեդևան։

– Ինչ կա որ, լավ միտք է,- գլխով արեց ուսուցիչը։

Ելիսեևը ուսապարկից երկու բանկա հանեց և անցավ դրանք բացելուն։ Այդ ընթացքում Լեբեդևան նոր տաշած փայտով խառնում էր դույլը։ Արագ բացելով բանկաները՝ Ելիսեևը դրանք շուռ տվեց դույլի վրա։ Երկու սպիտակ ծորացող շերտով ներքև ձգվեց կաթը…

Շուտով երեխաներն ու ուսուցիչը հաճույքով խմում էին քաղցր բուրավետ թեյը՝ կում կում անելով գավաթներից։

Գիշերային խոնավ հովիկը ճոճեց մարող խարույկի բոցը, բերեց գետի հոտը։

Թուլացող լեզուները պար էին գալիս ածուխների սաթե կույտին, ճոճվում, ընկնում ու նորից բարձրանում։

– Հենց կարտոֆիլ դնելու ժամանակն է,- առաջարկեց Զայցևը՝ կում անելով թեյից։

– Ճիշտ է,- առաջարկեց Ելիսեևը և, աչքերը կկոցելով տապից, սկսեց փայտով ցրել ածուխները։

Սերգեյ Անդրեևիչը վերջացրեց թեյն ու գավաթը դրեց կոճղուկին։

– Լենա, իսկ դու ոնց որ տեքստի՞լ ես պատրաստվում։

Լեբեդևայի գավաթը սառեց շուրթերի մոտ։

Լենան նայեց ուսուցչին, ապա իջեցեց գավաթը, հայացքը դարձրեց կրակին.

– Ես, Սերգեյ Անդրեևիչ, ես…

Նա խոր շունչ քաշեց ու հաստատակամ ասաց.

– Որոշել եմ գնամ մանածագործական ֆաբրիկա։

Երեխաները լուռ նայեցին նրան։

Ածուխները փորփրող Ելիսեևը զարմացած «հըմ» արեց։

– Չէ հա դո՜ւ էլ։ Գերազանցիկ ու հաստոցի մո՜տ։ Կոճ պտտե՜ս։

– Քո գործը չի,- նրան ընդհատեց Լեբեդևան։- Հա, որպես հասարակ ջուլհակուհի գնում եմ գործարան։ Արդյունաբերությունը իսկականից զգալու համար։ Իսկ իմ հինգերի արժեքը ես գիտեմ։

Ելիսեևն ուսերը թոթվեց.

– Բայց այդ դեպքում կարելի էր հեռակա գնալ կամ երեկոյան, հետն էլ աշխատել…

– Իսկ ինձ թվում է, որ ավելի լավ է պարզապես մի տարի աշխատեմ, հետո ընդունվեմ ցերեկային։ Այդ ժամանակ թե սովորելը հեշտ կլինի և թե կյանքը ավելի շատ կճանաչեմ։ Մեր ընտանիքում բոլոր կանայք սերնդեսերունդ ջուլհակուհիներ են։ Տատիս էլ, մամաս էլ, քույրս էլ։

– Ճիշտ է, Լեն,- գլխով արեց Զայցևը։- Ինձ քեռիս պատմել է ջահել ինժեներների մասին։ Հինգ տարի սովորում են, բայց ձեռնարկություն չգիտեն…

Սերգեյ Անդրեևիչը հասկացող նայեց Լեբեդևայի աչքերին.

– Կեցցես։ Ինստիտուտում է՛լ ավելի լավ կսովորես։ Իսկ մի տարին ֆաբրիկայում շատ օգտակար է։ Ես նույնպես ժամանակին, ՄՊՀ[2] ընդունվելուց առաջ մի տարի հասարակ լաբորանտ եմ աշխատել աստղադիտարանում։ Փոխարենը հետո գործնական պարապունքներին մյուսներից լավ էի կողմնորոշվում։

Ելիսեևը քորեց ծոծրակը.

– Ուրեմն կարո՞ղ է ես էլ սկզբում լաբորանտ աշխատեմ աերոդինամիկական լաբորատորիայում։

Կողքը նստած Զայցևը խփեց նրա ուսին։

– Ճիշտ է, Վիտյոկ։ Խողովակում ինքնաթիռի փոխարեն դու կկանգնես։

Երեխաները ծիծաղեցին։

– Այդ ժամանակ նրա ամբողջ մագնիտաֆոնային գժությունը քամուն կգնա,- բոլորից բարձր ծիծաղեց Լեբեդևան՝ ծիծաղի նոր պոռթկում բերելով։

Ելիսեևը թափ տվեց ձեռքերը.

– Դե հերիք է ձեզ կոտորեք… Ի՞նչ եք, ոնց որ աննորմալ լինեք… եկեք կարտոֆիլը դնենք, թե չէ ածուխները կհանգեն…

Երեխաներն սկսեցին ուսապարկերից հանել կարտոֆիլն ու ածուխի մեջ նետել։

Ելիսեևը թաղեց դրանք՝ ճարպկորեն օգտագործելով փայտը։

Սավչենկոն կռացավ դատարկ դույլի վրա.

– Իսկ ի՞նչ է, թեյն արդեն վերջացա՞վ։

– Շատ էլ չէր. ընդամենը կես դույլ։ Լրիվ եռաց-վերջացավ…

– Երեխեք, մեկդ գնացեք ջրի,- բարձրաձայն խնդրեց Լեբեդևան։- Մենք հիմա նոր թեյ կդնենք։

Սերգեյ Անդրեևիչը վերցրեց դույլը.

– Ես կգնամ։

Կողքը կանգնած Սոկոլովը պարզեց ձեռքը.

– Սերգեյ Անդրեևիչ, ավելի լավ է՝ ես։

– Ոչ, ոչ,- ուսուցիչը հանդարտեցնող շարժումով բարձրացրեց ափը։- Ոտքերս ընդարմացել են։ Շատ նստեցի։

– Այդ դեպքում կարելի՞ է ես ես էլ գամ։ Ամեն դեպքում հեռվից եք բերելու…

Ուսուցիչը ժպտաց.

– Դե գնացինք։

Նրանք շարժվեցին դեպի անտառը։

Հունիսյան ոչ բարձր խոտը խշխշում էր նրանց ոտքերի տակ, Սերգեյ Անդրեևիչի ձեռքում կամացուկ զնգում էր դույլը։

Մեծ, լուսնով լուսավորված թփերը շրջապատում էին չորս կողմից, ստիպում էին պտտվել իրենց միջև, խոնավ ճյուղերից փախցնել դեմքը։

Սերգեյ Անդրեևիչն անշտապ գնում էր առջևից՝ ինչ-որ բան սուլելով կամացուկ ու մեղեդային։

Երբ անտառ մտան, ցրտեց, դույլն ավելի բարձր զրնգաց։

Սերգեյ Անդրեևիչը կանգնեց, վեր թեքեց գլուխը.

– Նայիր, Միշա։

Սոկոլովը բարձրացրեց գլուխը։

Վերևում թույլ շարժվող սաղարթների արանքից պղտոր սպիտակ շերտերով թափանցում էր լուսնի լույսը, իսկ ինքը՝ լուսինը կայծկլտում էր բարձր եղևնու գագաթին։ Ծառերի բներին շեղակի ընկել էին կաթնային լույսի շերտեր, արծաթազօծել կեղևն ու տերևները։

– Ի՜նչ սքանչելիք,- շշնջաց ուսուցիչը՝ ուղղելով ակնոցը, որի հաստ ոսպնյակներին ցնորական խաղում էր լուսինը։- Վաղուց նման բան չէի տեսել։ Իսկ դո՞ւ։

– Ես էլ…- փութկոտ քրթմնջաց Սոկոլովն ու ավելացրեց։- Լուսինն ինչ պայծառ է…

– Այո։ Վերջերս լիալուսին էր։ Հիմա ռեֆրակտորով նայելիս ոնց որ ափիդ մեջ երևա….

Սերգեյ Անդրեևիչը լուռ հիանում էր անտառով։

Որոշ ժամանակ անց Սոկոլովը հարցրեց.

– Սերգեյ Անդրեևիչ, իսկ մեր դասարանն ամեն տարի կհավաքվի՞։

– Իհարկե։ Իսկ ինչ է, արդեն ձանձրացա՞ր։

– Դե չէ…- ծիծաղեց Սոկոլովը։- Պարզապես ես…

– Ի՞նչ։- Ուսուցիչը շրջվեց նրա կողմը։

– Դե ես…

Նա լռեց ու հանկարծ միանգամից խոսեց՝ թափահարելով թփակաղնու ճյուղը։

– Պարզապես… Դուք իմ համար այնքան բան եք արել, Սերգեյ Անդրեևիչ… ու այս շրջանակը, ու աստղագիտությունն էլ դրա համար էի սիրում… Իսկ հիմա կավարտենք ու վերջ։ Չէ, ես հասկանում եմ, իհարկե, մենք պիտի ինքնուրույն լինենք, բայց ամեն դեպքում… ես…

Նա կարկամեց և արագ խոսեց դողալ սկսող ձայնով.

– Շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, Սերգեյ Անդրեևիչ։ Ես… ես… երբեք կյանքում չեմ մոռանա ինչ եք արել իմ համար։ Երբեք։ Ու դուք… դուք… մեծ մարդ եք։

Նա կախեց գլուխը։

Շուրթերը դողում էին, մատները տենդագին ճմրթում էին խոնավ տերևները։

Սերգեյ Անդրեևիչը անվճռականորեն բռնեց նրա ուսը.

– Դե լավ դու էլ, ինչ ես, Միշա…

Նրանք լուռ կանգնեցին րոպեի չափ։

Ապա ուսուցիչը խոսեց մեղմ ու փափուկ.

– Մեծ մարդիկ, Միշա, շատ քիչ են։ Իսկ ես մեծ մարդ չեմ, միջնակարգ դպրոցի սովորական ուսուցիչ եմ։ Եթե իրոք քեզ ինչ-որ բանում օգնել եմ, շատ գոհ եմ։ Շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Դու ընդունակ պատանի ես ու ինձ թվում է՝ քեզնից լավ գիտնական դուրս կգա։ Իսկ նեղվել չարժի իմ կարծիքով։ Առջևում նոր կյանքն է, նոր մարդիկ, նոր գրքեր։ Այնպես որ մելամաղձության պատճառ չեմ տեսնում։

Նա շփեց Սոկոլովի ուսը.

– Ամեն ինչ լավ կլինի։ Ձեր դասարանը համերաշխ է։ Ամեն տարի կհանդիպենք։ Իսկ իմ մոտ ուզածդ ժամանակ արի։ Միշտ ուրախ կլինեմ քեզ տեսնել։

Սոկոլովն ուրախացած բարձրացրեց գլուխը.

– Իրո՞ք։

– Իրոք, իրոք,- ծիծաղեց ուսուցիչն ու թեթև բոթեց նրան։- Դե, գնացինք, թե չէ երեխեքը թեյին սպասելով մնացին։

Նրանք շարժվեցին ցնորական լուսավորված անտառով։

Դույլը նորից սկսեց զրնգալ, ոտքերի տակ ճրճրթաց խռիվը։

Սերգեյ Անդրեևիչը առաջինն էր գնում՝ զգույշ մի կողմ տանելով ու պահելով թփերի ճկուն ճյուղերը։

Անտառը նահանջեց, ավարտվեց մանր թփերով ծածկված, խորդուբորդ եզրերով կտրուկ զառիթափով։

Ներքևում փայլատակում էր գետի նեղ շերտը՝ ճնշված փարթամորեն աճած եղեգնուտով։

Գետից հետո մանրածառ անտառն էր երկար տարածվում, ու միայն վերևում բարձրանում էր սոճուտի մութ պատը։

Սերգեյ Անդրեևիչը կանգ առավ զառիթափի եզրին, լուռ նայեց բացված տեսարանին, ապա քայլեց ներքև ու ավազի դիք զառիվայրով կորովի դեպի գետը վազեց։ Սոկոլովն իջավ հետևից։

Գետի մոտ ավազը խիտ էր ու թաց։

Սերգեյ Անդրեևիչը ոտքը դրեց ջրի վրայի փրփուրներին, դույլով ջուր վերցրեց։

– Այ այսպես…

Ձախի խիտ եղեգների միջից դուրս պրծավ մորակտցարն ու սուլելով հեռու թռավ։

– Ինչ գեղեցկություն,- ասաց ուսուցիչը՝ դույլն իջեցնելով ավազին։ Ահա ինչ է նշանակում բնություն, Միշա…

Նա լռեց, ապա, ձեռքերը կուրտկայի գրպանները դնելով, ասաց։

– Ինչ ներդաշնակ է այստեղ ամեն ինչ։ Մտածված։ Ինքնաբուխ։ Այ թե ումից պետք է սովորել. բնությունից։ Ես, խոստովանում եմ, եթե ամիսը մեկ այստեղ չգամ, աշխատել չեմ կարող…

Նա նայեց հեռուն։

Սոճու անտառը ձգվում էր ընդհուպ մինչև հորիզոնը՝ լուծվելով վարդագունոտ ծխում, որ արևելքում թեթև լուսավորում էր գիշերային երկինքը։

Սոկոլովը կամացուկ խոսեց.

– Ինձ էլ է այս տեղը շատ դուր գալիս, Սերգեյ Անդրեևիչ։ Ես անպայման էլի կգամ այստեղ։

– Արի,- գլխով արեց ուսուցիչը։- Այստեղ ոնց որ ուժ հավաքես։ Հոգևոր մաքրություն։ Ասես կենդանի ջուր ես խմում նվիրական ջրհորից։ Ու այդ ջրից հետո, Միշա, հոգիդ մաքրվում է։ Ամեն մանրուք, անպետքություն, ունայնություն անցնում է այս ավազի մեջ։

Նա բարձրացրեց դույլն ու վեր գնաց սորուն ավազով։

Վերևում Սոկոլովը ձեռքը պարզեց դույլին.

– Սերգեյ Անդրեևիչ, կարելի՞ է ես տանեմ։

– Տար,- ժպտաց ուսուցիչը, նրան տվեց դույլն ու ավելացրեց։— Գնա, ես ավելի ուշ կգամ։ Ուզում եմ շնչեմ անտառը օդը…

Սոկոլովը վերցրեց ծանր դույլն ու շարժվեց անտառով։

Սերգեյ Անդրեևիչը ձեռքերը կրծքին ծալած կանգնած էր զառիթափին ու նայում էր իր առաջ։

Մի երկու տասնյակ քայլ անելով՝ Սոկոլովը հետ նայեց։

Բների միջև հստակ պատկերված էր ուսուցչի անշարժ կերպարանքը։

Սոկոլովը մի կողմ քայլեց ու կանգնեց ջահել եղևնու հետևը՝ դույլը կողքը դնելով։

Ուսուցիչը մի հինգ րոպե կանգնեց և ապա մտավ անտառ՝ մի քիչ շեղ ուղղություն վերցնելով։

Անցնելով երկու մոտ աճած կեչիների արանքը՝ նա կանգնեց, արձակեց գոտին, իջեցրեց շալվարն ու պպզեց։

Լուսնալույսի լայն ժապավենն ընկնում էր նրա վրա՝ լուսավորելով մեջքը, գլուխը, ծնկների վրա խաչված ձեռքերը։

Լսվեց արձակվող գազերի թույլ, ընդհատ ձայնը, Սերգեյ Անդրեևիչը կախեց գլուխը, կամացուկ տնքաց, ու նորից Սոկոլովի լսողությանը հասավ նույն ձայնը. ավելի բարձր, բայց պակաս տևական։

Սոկոլովը նայում էր եղևնու հետևից՝ մատներով տրորելով ջահել խռիվը։

Հետևից ինչ-որ թռչուն կանչեց երկար ու ձիգ։

Որոշ ժամանակ անց Սերգեյ Անդրեևիչը բարձրացավ, մեկնեց ձեռքը, թփակաղնուց մի քանի տերև պոկեց, սրբվեց, ձգեց շալվարը, կոճկվեց ու սուլելով շարժվեց այն կողմ, ուր բների միջից առկայծում էր խարույկի կրակը։

Նա քայլում էր վստահ ու արագ՝ ճրճրթացնելով խշուրը, շողացնելով ակնոցը։

Շուտով նրա նիհարիկ կերպարանքը կորավ անտառի մթում, իսկ քիչ անց անհետացավ նաև թույլ սուլոցի ձայնը։

Կանգնելով մթության մեջ ու ականջ դնելով՝ Սոկոլովը բարձրացրեց դույլն ու առաջ շարժվեց։ Ընկած ծառի վրայով քայլ անելիս նա անզգույշ ճոճեց դույլը. սառը ջուրը ցայտեց կոշիկներին։

Դույլը բռնելով մյուս ձեռքով՝ նա շրջանցեց եղևնին ու ուղղվեց երկու մոտ աճած կեչիների մոտ։ Լուսնալույսը սահում էր նրանց բների վրայով՝ թեղիներին ստիպելով լույս տալ մութ եղևնուտի ֆոնին։

Սոկոլովն անցավ կեչիների արանքն ու կանգ առավ։

Բացատում տարածվել էր թարմ կղանքի հազիվ զգալի հոտը։

Սոկոլովը շուրջը նայեց։

Շուրջն անշարժ աչքին էին խփում ծառերի մութ ուրվապատկերները։ Նա նայեց դիմացը, մի քանի քայլ արեց ու դույլը թողնելով պպզեց։

Խոտին յուղափայլ շողալով ընկած էր կղանքի ոչ մեծ կույտը։ Սոկոլովը դեմքը մոտեցրեց դրան։ Կղանքից ուժեղ հոտ էր գալիս։ Վերցրեց կպչուն երշիկներից մեկը։ Տաք էր ու փափուկ։ Համբուրեց ու սկսեց արագ ուտել՝ կծելով ագահորեն, շուրթերին ու մատներին քսելով։

Նորից ինչ-որ տեղ հեռվում կանչեց գիշերային թռչունը։

Սոկոլովը վերցրեց մնացած երկու երշիկներն ու հերթով կծելով մեկ մեկից, մեկ մյուսից, արագ կերավ։

Լռություն էր անտառում։

Հավաքելով փափուկ փշրանքներն ու ձեռքերը խնամքով սրբելով խոտով՝ նա թեքեց դույլն ու սկսեց ագահորեն խմել։ Դեմքի մոտ ճոճվում էր սև, անհատակ ջուրը, ջրի հետ ճոճվում էին լուսինն ու շրջված համաստեղությունները։

Սոկոլովն ագահորեն խմում էր՝ քրտնած ափերով սառը դույլը գրկած ու նայելով, թե ինչպես, կոտորակվելով, ցոլքերի է տրոհվում Օձի համաստեղության ուղղահայաց ձողիկը։


Առաջին շաբաթօրյակը (Первый субботник) գրքից 1992

[1] Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ

[2] Մոսկվայի պետական համալսարան

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *