Անձնագրիս

պատճենն արել, գետնանցումի աստիճաններով բարձրանում էի, երբ դեմ դիմաց ելանք, ասեց՝ «Սպասի, դու՝ Բենվենուտո Չելինի»: Դեմքի կեսը մազմորուք, մյուս կեսը խնամքով սափրած նրբություն: Կապույտ ապակիներով ռեյբանից չռաչք ինձ էր նայում: Հիշում եմ՝ ատել-սիրելով էր նայում: Գետնին քսվող վերարկուի մի երեսը մաշված էր, փոշոտ, տեղ-տեղ սննդի թանձրուկներ էին մետաղացել, մյուս երեսը՝ մաքուր էր լույս աշխարհ եկած կտորի մաքրությամբ: Եթե խնամքով սափրած նրբությանը բախվեի ու այտն ի վար ուշագնաց ներքև սահեի՝ չէի մտածի, որ խանգարվածի մեկն է: Անպայման առաջին դասարանի աշակերտ կթվար: Ջղայնացա՝ «Էն կոմ քաշվի»: Կտրուկ ձախ արեցի, որ շրջանցեմ, շարժումս որսաց, ճանապարհս փակեց՝ «Դու բժշկի տղեն չե՞ս: Հորդ հետ Հադրութում ենք եղել, առաջին բոյերն էին: Ես շտապօգնության մեքենա եմ քշել, Կարմիր Խաչում եմ աշխատել: Գիտեմ՝ ինձ գժի տեղ ես դնում: Բայց խնդրում եմ եթե կարաս՝ ինձ գժի տեղ մի դիր: Որ շատ ուզես՝ կարաս: Դուք Բանջարանոցի վիսոտկեքում եք ապրում: Մի անգամ ձեր տանը եղել եմ՝ գիշերվա հազարին: Դու փոքր էիր. չես հիշի: Անունս Հակոբա: Ինձ մի ժամ տուր, կյանքդ փոխեմ: Ուզում եմ քեզ նեսկաֆե հյուրասիրեմ, ախպոր պես, ինձ լսի՝ ուղիղ մի ժամ: Քեզ նենց բաներ ասեմ՝ կյանքդ ոտից գլուխ փոխվի: Անունսս Հակոբա, երկու երեխա ունեմ: Լավ երեխեք են, սովորում են: Հա ինչ անենք, որ սենց էղավ, դու ինձ մի ժամ տուր, կտենաս»: Ասեցի՝ «Թարգի, հավեսդ չունեմ»: Կտրուկ աջ հրվեցի, վազեցի ներքև:

Երկրորդ

անգամ դեմառդեմ ելանք Կոմիտասի շուկայի մոտ: Գարեջուր էի խմում, կիսատ շիշը շպրտեցի ու արագ հեռացա: Հետևիցս վազեց, կտրեց ճանապարհս, չոքեց, գրկեց ոտքերս՝ «Սպասի, Չելինի»: Ճակատը դրեց ծնկիս, սկսեց պաղատել՝ «Մի գնա, հիմարություն մի արա, ուղղակի լսի, մի ժամ լսի, կյանքդ կփոխեմ, լուրջ կփոխեմ: Գիտեմ՝ սենց բաների ռաստ ես եկել, չես հավատում – գոնե մի անգամ հավատա: Քեզ բաներ կասեմ, որ ոչ մեկի սրտից դուրս չի եկել: Անունս Հակոբա, երկու երեխա ունեմ: Լավ երեխեք են, սովորում են: Քեզ նեսկաֆե կհյուրասիրեմ: Տես, փող ունեմ»: Ձեռքը տարավ գրպանը, հանեց հազարանոցը՝ «Նայի, չեմ խաբում՝ փողա»: Չէր խաբում՝ փող էր: Երթուդարձ անողներն կանգնել, մեզ էին նայում: Ոտքով մի կողմ հրեցի, սպառնացի՝ «Հետևիցս էկար, գլուխդ կջարդեմ: Լսո՞ւմ ես»: Սկսեցի վազել: Սաղ ուժով քրֆեց՝ «Անհայրենիք բոզի վաստակներ»: Շրջվեցի, գոռացի՝ «Մեռեք էլի: Խի չեք մեռնում»: Փողոցն անցա, մտա մթերային խանութ, նոր գարեջուր առա, քայլեցի Մանումենտ: Չեմ հիշում երկուհազարականներն էին, թե հազարականները: Ինչորականներ էին:

Հետո անցնում է,

ամեն ինչ անցում է: Օրերն անցնում են ու ես արդեն չեմ հիշում կամ դրանց մեջ, թե դեռ լինելու եմ: Քանաքեռ ՀԷԿ-ի լճափով լուսաբացին մի քանի ժամ քայլեցի: Կեսօրին խմեցի, ասեմ, շատ անմեղ բաներ՝ սովորական թեյ, սովորական սուրճ: Սովորական բաժակով խմելու սովորական ջուր խմեցի: Իրիկունը ոսպով սուպ եփեցի: Չկերա: Շունն էլ չէր ուտի: Ահավոր լակ էր: Կաթսան առա, տվեցի պատին: Լակը հավես նկար պատկերեց՝ ժամանակակից արվեստի գլուխգործոց: Խաբում եմ: Ուղղակի չստացված ոսպով սուպի հետք էր: Հիշում եմ՝ մութն ընկավ, նստեցի մեքենաս, քշեցի: Ես, անհայրենիք բոզի վաստակս, քաղաքում Ժամերով քշում էի՝ ոչ մի տեղ: Կարմիրի տակ կանգնում էի, դեղինի տակ համբերում, կանաչի տակ քշում: Ուշ գիշեր էր, տուն դառնալու հավես չունեի, Սևանի մայրուղով առաջացա: Քաղաքը հեռվում մնաց, ճամփեզրի դաշտերից մեկի մեջ մտա ու խորանալով կանգնեցի: Մեքենայի շարժիչը անջատեցի, լույսերը հանգցրեցի, հանեցի բաճկոնս, անցա հետևամաս, հարմար տեղավորվեցի: Փորձեցի քնել: Ոսպով սուպի նման չստացվեց: Մեքենայից դուրս եկա, քայլեցի: Մտքիս Հակոբը եկավ. ուրիշ խառնիխուռն մտքերի միջով եկավ՝ լրիվ հնացած, լրիվ զուր: Ինձ չզսպեցի, գոռգոռացի բարձր-բարձր՝ «Մարդն ուզում էր կյանքս փոխեր, ուզում էր ինձ նեսկաֆե հյուրասիրեր: Մեր տանը եղել էր: Հորս հետ Հադրութում վիրավորներ էին տեղափոխել»: Հետո ամաչեցի: Ձենս կտրեցի: Հիշում եմ՝ մի քիչ էլ ծիծաղեցի: Հետո լռեցի: Հակոբը ոնց եկավ, էդպես էլ հեռացավ՝ ուրիշ, լրիվ ուրիշ մտքերի հետ:

Ու սա վերջին,

մեր ամենավերջին

հանդիպումն էր:

 

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *