Պիես

 

Գործող անձինք`

Ռեժիսոր

Երկրորդ ռեժիսոր

Տնօրեն

Օպերատոր

Կոմպոզիտոր

Դիմահարդար, որը ձի է

Լուսավորող

Ֆոկուս փուլլեր Աշոտ, որի գլխի փոխարեն ափսե է

Ռեժիսորի կին

Սև ֆոնի գերատեսչության ղեկավար

Դագաղատարներ

Հանդիսատեսներ`

Մատանին գրավ դրած կին

Վախկոտ փիլիսոփա

Կյանք տեսած տղամարդ

Ցինիկ երիտասարդ

Ուշաթափվող կին

Շարքային մարդ

Լռող մարդ

Տոնական տեսքով հանդիսատեսը ֆիլմի տոմսակները ձեռքին՝ զբաղեցնում է աթոռները: Բոլորի դեմքին անթաքույց հպարտության զգացում կա, որ իրենց հաջողվել է գնել ֆիլմի առաջնադիտման տոմս:

Բեմում մեծ էկրան է կախված: Դահլիճի լույսերը մարում են: Ֆիլմ է սկսվում: Սև ֆոնի վրա տեսնում ենք գերբ, որի տակ հետևյալ ենթագիրն է՝ «ԱԳԼՃԿ աջակցությամբ», ապա՝ հայտնվում է՝ «ԶՈՄԲԻ ֆիլմս»-ը ներկայացնում է

Ապա՝ 44 վայրկյան ցուցադրվում է միայն սև ֆոն: Ապա էկրանին գրվում է` ՎԵՐՋ

Հանդիսատեսի շարքերում խլրտոց է սկսվում: Մի կին ճիչ է արձակում և ուշաթափվում:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Հետ տվեք մեր փողերը:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ– Ես գրավ էի դրել իմ ամուսնական մատանին:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ (աթոռի մեջ փռվելով) – Էսօրվանից ես էլ եմ ռեժիսոր։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Սա լրիվ սարքած գործ է: Ծերից ծեր՝ սադրանք։

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ– Սադրա՞նք, հազիվ թե: Նա հայտնի ռեժիսոր է, այս ամենը նախապես մտածված էր, որ կենտրոնանանք և ընկղմվենք նրա ստեղծագործական բարդ աշխարհի մեջ։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Իրո՞ք նա հայտնի է: Բայց չէ՞ որ սա նրա առաջին ֆիլմն է։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Որ հայտնի չի, մատանիդ ինչի՞ ես գրավ դրել, տոմս առել։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ– Որովհետև ֆեյսբուքյան գովազդն ասում էր, որ սա ճակատագրական ֆիլմ է, այն կորոշի ձեր հետագա ողջ կյանքը: Ես էլ պատրաստվում էի փոխել իմ ճակատագիրը: Ինչ է, դա վա՞տ է։

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Ինչն ապարդյուն է, արդեն վատ է: Բայց եկեք չհուսալքվենք։

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Դատարկ մի՛ խոսեք: (հեգնանքով) Ճակատագի՜ր… մատանի՜… Էրկու ավել կոպեկ ունեինք, ուզում էինք կինո նայեինք, գնայինք տուն։ Էդքան բան:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Դա՞ է ձեր պատկերացումը բարձր արվեստի մասին: Ձեր ավել երկու կոպեկը կարող էիք բարում մսխել, ձեզ դա հաստատ ավելի կզվարճացներ: Արվեստի համար ավելորդը չեն տալիս, այլ զոհաբերում են միակը:

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Մեկ էլ էս ձեր հայտնի ռեժիսորն է միակը: Էլ ո՞վ սև լենտը ճակատագրական ֆիլմի տեղ կարար սաղացներ մարդկանց վրա:

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Հույժ մտահոգիչ է այս ամենը: Չե՞ք մտածել, որ ռեժիսորի հետ կարող է ինչ-որ բան պատահած լինել կուլիսներում: Գուցե դրսում ազգակործան փոթորի՞կ է, իսկ մենք տեղյակ չենք:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Իսկապես: Եկեք դուրս գանք այստեղից։

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Ո’չ, մինչև հետ չտան իմ տոմսի փողը, ես ոչ մի տեղ էլ դուրս չեմ գա:

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Սա վերջն է, չե՞ք հասկանում: Ֆիլմ չկա:

Էկրանին անսպասելի հայտնվում է ՌԵԺԻՍՈՐԸ:

ՌԵԺԻՍՈՐ – Սիրելի հանդիսատես, ես գիտեմ, որ սրտատրոփ սպասում էիք ինձ: Ախր ինձ համար էլ շատ ծանր էին այդ 44 դժգույն վայրկյանները։ Դրսում խաղաղ եղանակ է, բանկային համակարգը՝ կայուն, երթևեկությունը՝ հանգիստ: Առավոտից սովորականի պես կաշխատեն դպրոցներն ու մանկապարտեզները: Մենք բոլորս ապահով ենք: Եկեք հանդարտություն պահպանենք: Կարևորն այն է, որ մենք միասի՛ն ենք, իրար հե՛տ, ինչպես օջախի շուրջը բոլորված քարեր: Մենք միասի՛ն ենք զոհաբերել մեր կյանքի 44 վայրկյանը, մեր վերջին լուման, մեր երազանքներն ու տագնապները, մեր չբավարարված սպասումները: Պետք է մի բան պայմանավորվենք․․․

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Դուրս թռի էդտեղից, ես քո չբավարարված…

ՌԵԺԻՍՈՐԸ շարունակում է խոսել, մենք արդեն չենք լսում նրա ձայնը:

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Լռե՛ք, չե՞ք հասկանում՝ ֆիլմն է սկսվել: Սա միանգամայն նոր, թարմ ալիք է կինոմտածողության մեջ, ես կասեի՝ 5-րդ սերնդի ֆիլմ:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Ա՜… ես հասկացա: Դա ի՛մ մասին է: Ես իմ ծնողների 5-րդ աղջիկն եմ, անունս էլ՝ Հերիքնազ: Վերջապես, իմ կյանքը կփոխվի… Գուցե ամուսնական մատանիս այլևս պետք չգա:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Լավ ա էլի… Ոնց որ ձեզ են հագցնում, էնպես էլ դուք բռնում ամեն ինչի վրա իմաստ եք հագցնում:

Էկրանը նորից անսպասելի սևանում է: Բեմի լույսերը վառվում են, բեմում հայտնվում է հարբած ՌԵԺԻՍՈՐԸ: Անհանգիստ հանդիսատեսը անբացատրելի ուժով բռնված՝ պապանձվում է։ ՌԵԺԻՍՈՐԸ գրպանից հանում է անջրանցիկ անձրևանոց և սկսում հագնել այն։

ՌԵԺԻՍՈՐ– Սա գիտե՞ք՝ որտեղից եմ ճարել: Կորած իրերի խանութից: Ուրեմն երեխաներս գրպանիցս թռցրին իմ նախավերջին գրոշները, ես իմ վերջին լուման տվեցի ու գնեցի այս անձրևանոցը: Ձե՛զ համար գնեցի։ Միանգամից ասեմ՝ այժմ դուք կարող եք թքել ինձ վրա, որքան սիրտներդ կամենա: Եթե, իհարկե, ձեր սիրտը դա կամենում է: Ամեն դեպքում զգույշ վարվեք ձեր սրտերի հետ: Սիրտը միակ բանն է, որին, ինչպես ասում են, չես թելադրի:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ հանդիսատեսը թքում է ՌԵԺԻՍՈՐԻ ուղղությամբ։

ՌԵԺԻՍՈՐ– Եթե ձեր թուքը չհերիքի, երիտասա՛րդ, կարող եմ կարգադրել ջրցան մեքենաներ բերել։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Կինո՞ ենք եկել, թե՞ միտինգ։ Կամ փողը հետ տուր, կամ՝ կինոդ ցույց տուր, ա՛յ ընկեր։

ՌԵԺԻՍՈՐ– Լավ, եկեք մի պահ պատկերացնենք, որ հենց նոր դուք մեկուկեսժամանոց մի շա՜տ տպավորիչ ֆիլմ եք նայել, ու ես բեմ եմ բարձրացել: Եվ դուք ինձ հոտնկայս ծափահարում եք։ Հիմա ո՞վ կլինեի ես այդ դեպքում , և ո՞վ կլինեիք դուք։

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ– Դուք՝ չգիտեմ՝ ով, բայց մենք՝ դահլիճում նստած միամիտ հանդիսատես ենք։

ՌԵԺԻՍՈՐ– Այո՞։ Բայց չէ՞ որ ձեր թուքն արդեն ինձ վրա է։ Նշանակում է՝ մեր միջև այլևս սահմաններ չկան։ Եկեք մի բան արձանագրենք` մեր միջև այլևս սահմաններ չկան: Այ, եթե դուք ինձ հոտընկայս ծափահարեիք, դա կհեռացներ մեզ իրարից: Տեսնու՞մ եք՝ չկա չարիք առանց բարիք: Մի խոսքով՝ չկա ֆիլմ, չկա անջրպետ: Անջրպետը բնորոշ է հնապաշտ, ինքնահավան ռեժիսորներին։ Եվ ուրեմն, այն 44 սև վայրկյանները լավագույն փոխզիջումային տարբերակն էր, որը մենք կարող էինք ունենալ հանուն մեր համերաշխության: Ես զոհաբերում եմ ինձ, իսկ դուք՝ ընդամենը մեկական տոմս։ Ուրեմն, եկեք պայմանավորվենք, որ դուք ձեր դրամը իզուր չեք ծախսել:

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Մի րոպե, բայց մեր ինչի՞ն է պետք ռեժիսորի հետ համերաշխությունը, մեզ ռեժիսորի կինոն է պետք։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ –(ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ) Ես համաձայն չեմ: Երկար ժամանակ կարծում էի, որ ինձ ամուսնական մատանին է պետք, հետո պարզվեց, կյանքում ավելի կարևոր բաներ կան։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Որտեղի՞ց իմացար։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Արդեն ասացի՝ ֆեյսբուքից։ Համ էլ՝ հերիք է խցկվեք իմ անձնական կյանք։ Ավելի լավ է՝ ռեժիսորին լսենք։

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Է լսեցինք: Ասում է՝ ձեր դրամը իզուր չեք ծախսել։ Բայց ինչի՞ համար ենք ծախսել, ես էդպես էլ չհասկացա:

ՌԵԺԻՍՈՐ– Ձեր իրավունքների։ Տեղեկացվա՛ծ և չխաբվա՛ծ լինելու իրավունքի: Իրավունքը մարդկային բաղձանքների ամենաթեժ օջախն է։ Եկեք հավաքվենք այդ օջախի շուրջ և կրակ վառենք։ Պատրա՞ստ եք:

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Ճիշտն ասած, մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք հանուն մեր իրավունքների:

ՌԵԺԻՍՈՐ– Ըհը՛, դուք շա՛տ ճիշտ եք: Ուրեմն դուք ձեր դրամը ծախսել եք ինչի՞ համար… Այո՜, իրազեկ լինելու համար, թե ինչ վիճակում էր հայտնվել մեր նկարահանող խումբը, այսինքն՝ ես, այսինքն՝ դուք: Այսինքն, ինչպես քիչ առաջ պայմանավորվեցինք՝ ես և դուք միասին՝ մենք: Փաստորեն, ես դուք եք, իսկ դուք՝ ես: Իսկ գիտե՞ք՝ ինչ ժառանգություն էինք ստացել հներից… Մի դժբախտ ու դժգույն կինոհրապարակ: Դա մի խայտառակ տաղավար էր, որը վերածվել էր խաղատների ու պարահրապարակների: Այդտեղ կեղծ մրցանակներ ստացած ու հաջողություններից հղփացած նախկին ռեժիսորները գիտե՞ք՝ ինչ էին անում… Ասեմ: Իրենց խնամիների կնունքն ու հարսանիքն էին անում, այ թե ինչ էին անում… Իսկ օպերատորներին ու տեխնիկներին ստիպում էին, որ բերաններում եռացող ապուրը պահեին այնքան ժամանակ, մինչև տաքությունը սկսեր իրենց դուր գալ: Հետո գիտե՞ք՝ ինչ էին անում… Էդ ապուրը մատուցում էին այնպես, որ ոչ մի կաթիլ թուք չլցվեր մինչև 40 տարեկան կանանց կերակրամանների մեջ: Ինչո՞ւ մինչև 40 տարեկան: Դա պարզից պարզ է: Որովհետև նրանք դեռ կարող էին ծննդաբերել, իսկ նախկին ռեժիսորները մեկ գերխնդիր ունեին, մեկ գերխնդիր՝ վե-րար-տա-դըր-վել։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Չհասկացանք, ռեժիսորներն է՞լ են կանանց միջոցով վերարտադրվում։ Մի բան շփոթել ես, ախպերս։ Գինեկոլոգիան արվեստի հետ ի՞նչ կապ ունի։

ՌԵԺԻՍՈՐ– Աշխարհում ամեն ինչ իրար հետ կապ ունի։

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ– Աշխարհում ամեն ինչ փո՛ղի հետ կապ ունի։ Հետ տվեք մեր փողերը։

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ– Գենետիկան էլ, փողն էլ, արվեստն էլ, ներեցեք, տիկին( շրջվելով դեպի ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆԸ) ճակատագիրն էլ՝ կապ ունեն մեկ բանի հետ՝ ինֆորմացիայի։ Տվեք ինձ ինֆորմացիա, և ես կգրեմ Նոր կտակարան։

ՌԵԺԻՍՈՐ– Գիտե՞ք՝ որն է Նոր Կտակարանի ամենակարևոր ուղերձը: Ազատությունը։ Ես ինքս ինձ ազատություն տվեցի և մտա նախկին ռեժիսորների այդ գարշահոտ հրապարակը։ Ես ազատագրեցի ինքնությունը կորցրած իմ ստեղծագործական խմբին: Նրանք համաձայն չէին, բայց ես պնդեցի, հանուն նրանց, հանուն ձեզ, հանուն մեզ, սիրելիներ: Ես քանդեցի բոլոր դուռ-դարպասները և նրանք մեկը մյուսին տրորելով, փոշու ու քրտինքի մեջ կորած՝ քառատրոփ վազեցին դուրս՝ փողոց: Իհարկե, ոմանք այդ խելահեղ վազքի ընթացքում ընկան մեքենաների տակ, և թափվեցին նրանց ուղեղները, բայց մենք գտանք ելքը: Նրանց ուղեղների համար մենք հատուկ կանադական սարքավորումներ ձեռք բերեցինք, որը փոխանակեցինք իմ կնոջ տատիկի գործած մի քանի զույգ բրդե գուլպայի հետ։ (Իմիջիայլոց՝ քմծիծաղով) Իսկ դուք ասում եք՝ գենետիկան ինչ կապ ունի արվեստի հետ։ Այդ սարքավորումների մեջ հատուկ նյութ կա, որը լվանում է ուղեղի վնասվածքն այնպես, որ այն սկսում է աշխատել արդեն առանց մարմնի… Պատկերացնո՞ւմ եք, նրան՝ այդ մաքրամաքուր ուղեղին, այլևս ոչինչ պետք չէ: Անգամ կերակրել պետք չէ, բնակարան ու լոգարան, հանրային տրանսպորտ ու աշխատավարձ, դատարան ու սառնարան, դիահերձարան ու բալետ, ոչինչ-ոչինչ պետք չէ: Միանշանակ՝ արդյունավետ լուծում, որի վրա մենք երկուսուկես տարի անխոնջ աշխատել ենք: Եվ դա մեր ապագայի՛ կինոն է: Եզրակացությո՛ւն: Կա՛ ապագա, կա՛։ Կամ՝ ապագա կա՛: Կամ…

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Ապագա էլ կա, ապագա էլ։ Հարցը դա չի, հարցն էն է, որ դուք էսօր էիք մեզ ֆիլմի ցուցադրության կանչել։

ՌԵԺԻՍՈՐ– Ինչպես ամեն ինչ, ապագան նույնպես գին ունի: Ապագա չի լինի, եթե այսօր չվճարենք դրա համար։ Օրինակ, Դո՛ւք, երիտասարդ, որ թքեցիք ինձ վրա առաջինը, արդյոք չե՞ք վճարել ձեր կյանքի առաջին պոռնկուհուն ապագա առնականության համար։ Ուրեմն, դուք, պոռնկուհո՛ւն անգամ պատրաստ եք վճարել, իսկ ինձ վրա թքու՞մ եք:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ– Բայց դո՛ւք ասացիք՝ կարող եք թքել ինձ վրա։

ՌԵԺԻՍՈՐ– Ես ասացի՝ կարո՛ղ եք թքել, բայց ես չասացի՝ թքեք: Ակնհայտ է, որ դրանք տարբեր բաներ են: Արդյո՞ք մենք միշտ պիտի անենք այն, ինչ կարող ենք: Այդպես, ես էլ կարող էի բեմ դուրս չգալ՝ ձեզ թողնելով սև ֆոնի 44 վայրկյանների հետ մենակ: Բայց չարեցի դա: Չարեցի, չէ՞…

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Չէ, այլևս անհնար է… Դու՛րս տարեք այս անդաստիարակ երիտասարդին, նա հարգանք չունի բարոյական արժեքների նկատմամբ: Ես իմ սիրելի ամուսնու նվիրած մատանին գրավ եմ դրել և կինոյի տոմս գնել, որ ոմն աքաղաղաճուտ հարամի՞ իմ ընտանեկան իդիլլան: Ի՞նչ պատասխան եմ տալու ես ամուսնուս, եթե կես ժամից վերադառնամ տուն և ասեմ՝ ֆիլմը չցուցադրվեց:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ– Բայց ֆիլմ իրոք չի ցուցադրվել: Եթե ես չթքեի ռեժիսորի վրա, ամեն ինչ ավելի արագ կվերջանար:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ(ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ) Լսեք, տղե՛կ, պարզվում է, դուք ոչ միայն անդաստիարակ եք, այլև ամբարտավա՛ն: Թույլ տվեք լսել այս պատրաստակամ տղամարդուն: Այո, պատրաստակամ և…ը՜… անկեղծ ասած՝ մի քիչ էլ թախծոտ աչքերով … Իսկ գիտե՞ք՝ դա ինչ է կնոջ համար… պատրաստակամ տղամարդ՝ թախծոտ աչքերով… (Դիմելով ՌԵԺԻՍՈՐԻՆ) Աղաչում եմ, հանե՛ք խնդրում եմ այդ քստմնելի, կեղտոտ անձրևանոցը, մենք մի տեսակ անհավասար վիճակում ենք… Մենք բոլորս տոնական ենք հագնված, իսկ դուք… Դուք արժանի եք ավելի… ավելի լավ հագուստի, հավատացեք…

ՌԵԺԻՍՈՐԸ ինքնագոհ հանում է անձրևանոցը, շպրտում դեպի դահլիճ: Հանդիսատեսի շարքերում նստած ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ ցատկով բռնում է անձրևանոցը, գցում ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ գլխին ու ձեռքերը ոլորելով՝ դուրս հանում նրան դահլիճից:

ՌԵԺԻՍՈՐ(դեմքի արտահայտությունը լրջացնելով) – Դահլիճում ես տեսնում եմ Սև ֆոնի գերատեսչության ղեկավարին: Ես ուզում եմ ասել, որ ես ուրախ եմ, ես անչա՛փ ուրախ եմ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք, սիրելի հանդիսատես, մենակ չենք:

Կուլիսներից զուսպ կեցվածքով բեմ են դուրս գալիս ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ, ՕՊԵՐԱՏՈՐԸ, ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ։ Զգաստ, բայց խոնարհ կանգնում են ՌԵԺԻՍՈՐԻ կողքը։ Բոլորը մեկ րոպե լռությամբ նայում են դեպի դահլիճ՝ Սև ֆոնի գերատեսչության ղեկավարի ուղղությամբ։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկը հնչեցնում է «Թողնել» հրահանգը և նրանք միաժամանակ շրջվում ու հետ են գնում կուլիսներ։

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ– Այնուամենայնիվ, այս կինոներկայացումն ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում։ Այդ մարդիկ յուրայի՞ն էին, թե՞ օտար։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Չե՞ք հասկանում՝ մենք ինչ-որ տարօրինակ ծուղակի մեջ ենք։ Վեր կացե՛ք, դուրս գանք այստեղից։ Թքա՛ծ հազար դրամի վրա։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Ինձ համար հազար դրամն արդեն անցյալ է, ինձ հետաքրքրում է իմ ապագան։ Ես մնում եմ։

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Իսկ ես չեմ կողմնորոշվում՝ սա երա՞զ է, թե՞ իրականություն։

ՌԵԺԻՍՈՐ– Սա իրականություն է։ Եվ մենք պետք է իրականությանը նայենք բա՛ց աչքերով։ Ուզու՞մ եք իմանալ՝ ովքեր են ոչ յուրայինները։ Ուզու՞մ եք իմանալ՝ ովքեր են իրականում մսխել ձեր տոմսի գումարը։ Ուզու՞մ եք իմանալ՝ ինչու դուք ֆիլմի փոխարեն դիտեցիք 44 վայրկյան սև ֆոն։

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Էն էլ ո՜նց ենք ուզում… Ու ինչքան շատ իմանանք, էնքան քո պատիվն ա։

Վարագույրի հետևից բեմ են հանվում վանդակախցեր: Վանդակախցերում մարդիկ են: Վանդակախցերը քաշում են ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ, ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ և ՕՊԵՐԱՏՈՐԸ: Նրանք ցուցադրաբար բեմում պտտեցնում են վանդակախցերը և կանգնեցնում բեմի խորքում: Հանդիսատեսները տեսարանի անսպասելիությունից ակամա կանգնում են, ապա՝ սկսում են ծափահարել: Նստած են միայն ՈՒՇԱԹԱՓՎԱԾ ԿԻՆԸ և ԼՌՈՂ մարդը։

ՌԵԺԻՍՈՐ- Ես գիտեմ, որ ձեզանից շատերը, ինչու շատերը, անխտիր բոլո՛րդ, երազել եք ստեղծել ձեր ֆիլմը։ Եվ ձեր ծնողները հաստատ նախկին ռեժիսորների կեղտոտ բարքերը տեսնելով կամ գուցե նրանց խաղահրապարակներում կամակատար աշխատելով՝ ձեզնից խլել են այդ իրավունքը։ Ես այն ձեզ այժմ անմնացորդ շռայլում եմ: Ես, հանուն ձեր ապագայի երազանքների, պատրաստ եմ անգամ կյանքս նվիրել:

Բեմի խորքում հայտնվում են դագաղատարները, ոտքերի առջև՝ բաց, դատարկ դագաղներ: Հանդիսատեսը ոտքի է կանգնում և գոռում.

ԲՈԼՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԸ – Մի-ա-սին:

ՕՊԵՐԱՏՈՐՆ անիմաստ վազվզոցով նկարահանում է բեմն ու հանդիսատեսին:

ՈՒՇԱԹԱՓՎՈՂ ԿԻՆԸ գոռոցներից մի պահ ուշքի է գալիս։

ՈՒՇԱԹԱՓՎՈՂ ԿԻՆ– Ես որդուս թողել եմ մանկապարտեզի դաստիարակչուհու մոտ, որը մարդակեր է, օգնեք ինձ:

Նրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Կինը նորից է ուշաթափվում:

ՌԵԺԻՍՈՐ– Սիրելի հանդիսատես, հանգիստ: Հանգիստ, ժողովուրդ ջան: (Շրջվելով դեպի ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ) Դու թող, գնա, ջուր հասցրու մարդկանց:

ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ ձեռքը գրպանն է տանում ու դուրս հանում դատարկ գրպանը։

ՌԵԺԻՍՈՐ- Հո դու ապուշ չե՞ս: Ծորակը բացի, ձրի գալիս ա:

ՌԵԺԻՍՈՐԸ դեմքի արտահայտությունը փոխելով՝ շրջվում է դեպի հանդիսատեսը: Գրպանից ծածկաթերթիկ է հանում։

ՌԵԺԻՍՈՐ– Ամենայն հարգանքով, Սև ֆոնի գերատեսչության մեծարգո տեր … (նայում է ծածկաթերթրիկին )

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Դե, ասա՝ հենց էդ Սև ֆոնի մեծարգո գերատեսչությունն էլ մեղավոր է՝ մեր գլխին սև բերելու համար:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ -Այ մարդ, դե թողեք տեսնենք ինչ ա ուզում ասել, մարդը էդքան թուքումուր կերավ։ Կարող ա հենց էս սև ֆոնի էն բանն էլ վերջում մեր փողերը հետ ա տալիս։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Կրկնում եմ՝ փողն ինձ համար նշանակություն չունի։ Ի վերջո, մեղավորը ես եմ, որովհետև ճակատագիրս էի ուզում փոխել ու գնացի գրավատուն։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Ես էլ մեղավոր եմ, որ կինո եմ եկել, նստած թատրոն եմ նայում։

ՌԵԺԻՍՈՐ- Այո, ես գիտեմ, որ դուք անհամբեր փնտրում եք մեղավորին: Ես կասեի՝ մեղավորներին: Բայց ճի՛շտ տեղում փնտրողն է գտնում: Եվ որպեսզի ամեն ինչ ոչ թե ճիշտ, այլ գերճշգրիտ լինի, մենք ինքներս կնշանակենք թիրախը, ինքներս էլ կկրակենք: Ուրեմն, «Մեղավոր համար 1»՝ կոմպոզիտոր: Ժամանակին նա եղել է վիրտուոզ երեխա. միաժամանակ նվագել է ջութակ, սրինգ, քամանչա, չա, չա, չա: Հըմ, իմ մանկության սիրած երգն էր՝ չաչաչա: Նա գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, սոնատներ, նույնիսկ օպերա, բայց ո՛չ մի նոտա չի գրել մեր ֆիլմի երաժշտության համար, սինլքո՛ր: Դուք է՞լ էիք գորտի տոտիկներով գոլ ապուր մատուցում նախկինների կանանց: Հավանաբար, այդ կանանց տոտիկներից մեկը ձեր կոկորդում է լռվել, և դուք այնքան եք հազացել, որ խլացել եք:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ– Գնա, գնա, ու՞մ է պետք խուլ կոմպոզիտորը։ Մարդ, որ ինքն իրան չլսի, ռեժիսորին կլսի՞։

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ( վանդակախցի մեջ) – Այդ ի՞նչ եք դուրս տալիս, անկիրթ ու տգետ արարած: Ես ընդհանրապես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում: Ես չգիտեի նույնիսկ, որ ֆիլմի կոմպոզիտոր ինձ եք ընտրել:

ՌԵԺԻՍՈՐ- Ահավասիկ, ծանոթացեք: Նախկինների տիպիկ կամակատար-դեմագոգ: Պատկերացնու՞մ եք՝ նա ասում է, որ ինձ չի ճանաչում: Իսկ մենք նույնիսկ աքաղաղի կանչ չենք լսել:

ՏՆՕՐԵՆ- Աքլո՞ր: Աքլորը կերանք հենց առաջին օրը:

ՌԵԺԻՍՈՐ (ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ) – Սո՛ւս, ապուշ: Ոչ ոք քեզնից աքաղաղ չի ուզում: (Շրջվելով հանդիսատեսին) Տեսնու՞մ եք՝ որքան վտանգավոր է անցյալը․ բոլոր պորտալարերը դեպի անցյալ են ձգվում: Սրանց նմանները նույնիսկ մարդու բնատուր շնորհն են ագահաբար ծծում, այն շնորհը, որ ի վերուստ տրված էր հավասարապես բոլոր երեխաներին։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս նա կարող էր միաժամանակ նվագել 10 գործիք, որտեղի՞ց նրան այդքան շնորհք: Դուք նկատել ե՞ք՝ որքան գորշ են մեր երաժիշտները: Որովհետև, դուք, որ մանկուց էլիտար եք եղել, սնվում էիք ձեր բակի երեխաների պորտալարերից ու ծծում նրանց տաղանդը: Եվ փայլո՜ւմ համատարած գորշության մեջ: Այդ երեխաների դժբախտ ծնողները թաքուն նախանձով էին նայում ձեր ծնողներին և ճարահատյալ ատում սեփական երեխաներին, որոնք երաժշտական փառատոններում միշտ զբաղեցնում էին վերջին տեղերը: Իսկ գորշ երեխաները սիրո ու հիացմունքի քաղցից տձևանում էին և դառնում ավելի գորշ, որի պատճառով նրանց ծնողներն է՛լ ավելի էին զզվում նրանցից: Եվ այս արատավոր շղթան ոչ ոք չէր կտրում, մինչ այս պահը, երբ մենք՝ ես ու իմ հանդիսատեսը, բացահայտեցինք ձեր տասնամյակների խարդախությունը: Դուք պատասխան եք տալու ոչ միայն մեկ ֆիլմի, այլև հազարավոր կործանված ֆիլմերի համար: Գնացե՛ք Հարց ու Պատասխանի գերատեսչություն և ինքնախոստովանական ցուցմունք տվեք։ Կարծում եմ, Սև ֆոնի գերատեսչության ղեկավարը համակարծիք է ինձ հետ:

Կոմպոզիտորը հավաքում է նոտատետրերն ու ականջներն ափերով փակելով՝ դուրս գալիս վանդակախցիկից, որն իսկի էլ կողպված չէր:

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Այ մարդ, չիմացանք էդպես էլ ՝ էդ Սև ֆոնի տերն ո՞վ է, որ ամեն հարց իր հետ ես համաձայնեցնում:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ (խմբով) – Համակարծիք է, համակարծիք է: Մենք ենք որոշում՝ համակարծիք է, թե ոչ:

ՌԵԺԻՍՈՐ (ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ) – Բարձրացեք բեմ, համեցեք։ Այստեղից ամեն ինչ ավելի լավ է երևում։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ բարձրանում է բեմ։ Վերևից նայում է հանդիսատեսի շարքերին։ Կեցվածքը փոխվում է ակնհայտ է, որ բեմը նրան դուր է գալիս։ ՌԵԺԻՍՈՐ (ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ՝ շշուկով) – Էս ռակուրսից աշխարհը տեսած կայի՞ր։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Դու շարունակի քո գործը, ես մի քիչ էլ մնամ էստեղ։

Մինչ ՌԵԺԻՍՈՐՆ ու ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ բեմում երկխոսում են, դալիճ է վերադառնում ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ու զբաղեցում իր տեղը։

ՌԵԺԻՍՈՐ (հանդիսատեսին) – Այժմ «Մեղավոր համար 2»՝ Դիմահարդար: Ժամանակին նա եղել է, այսինքն, նա ոչինչ էլ չի եղել: Նա հենց այնպես ծնվել է: Եվ իր գոյությունը քարշ է տվել նախկին ռեժիսորների զուգարաններում: Նա առաջինն էր, որ դուրս վազեց այն գարշելի պարահրապարակից, երբ ես մտա ազատագրելու: Նա առաջարկեց լինել իմ ձին, իսկ ես խոստացել էի հնազանդվել գերեվարված զանգվածի կամքին: Իմ մեծահոգությունը զգետնեց ինձ: Նա հետո խնդրեց, որ ինձ տանի իմ նկարահանման հրապարակ, հետո խնդրեց լինել այնտեղ դիմահարդար:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ- Կաշվից դուրս է եկել հանուն լավ արդյունքի:  

ՌԵԺԻՍՈՐ- Չեք պատկերացնի՝ ինչ արեց այնտեղ այս նախկին-ներկան։ Նա բոլոր դերասանների դեմքը լղոզել էր գոմաղբով՝ համոզելով, որ դա օգտակար է աղեստամոքսային տրակտի աշխատանքի համար: Եվ մինչև այս պահը, երբ, դուք, սիրելի հանդիսատես, նստած եք փափուկ աթոռներին, այդ խեղճ դերասանները փորլուծությամբ են տառապում ու բառիս բուն իմաստով գալարվում սեփական կղանքի մեջ և դրանից նաև հոգեկան ծանր վիճակում են, հատկապես, վաստակավորները:

ՎԱԽԿՈՏ ՓԻԼԻՍՈՓԱ – Մենք կարող ենք գնալ նրանց ամոքելու, խե՜ղճ խաբված դերասաններ:

ՌԵԺԻՍՈՐ– Հոգ չէ, սիրելիներ: Իմ ընտանիքն այդ ծանր բեռը վերցրել է իր վրա, որպեսզի դուք հնարավորություն ունենանք հանգի՜ստ նստելու ձեր տեղերը. չէ՞ որ դուք դրա համար վճարել եք: Իսկ իմ կինը հենց հիմա ինքնանվիրումով տրվում է անխտիր բոլոր դերասաններին, իհարկե, սկզբում՝ վաստակավորներին, որպեսզի մեղմի նրանց տվայտանքները և հնարավորինս բարձրացնի իջած… ինքնագնահատականը: Եվ ես հպա՛րտ եմ դրա համար:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ- (խմբով) – Մե՛նք էլ ենք հպարտ:

ՈՒՇԱԹԱՓՎՈՂ ԿԻՆ – Ես շատ անհանգիստ եմ: Ես երեխայիս թողել եմ դաստիարակչուհու տանը, նրա ամուսինը նույնպես մարդակեր է:

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Իսկ որտեղի՞ց գիտեք, որ նա մարդակեր է:

ՈՒՇԱԹԱՓՎՈՂ ԿԻՆ – Դա բոլո’րը գիտեն: Ես պետք է գնամ, բայց նա ինձ չի տվել իր հասցեն: Օգնեք ինձ, խնդրում եմ, այս ի՜նչ արեցի:

(նորից ուշաթափվում է)

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ–   Լսեք, բայց կարող ա՞՝ ինքն էլ ա մարդակեր… Լավ, ինչ որ է, ձին ավելի հետաքրքիր է:

ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ մեղքն ընդունածի պես դուրս է գալիս վանդակից ու կանգնում է ռեժիսորի կողքը: Ռեժիսորը հեծնում է նրան՝ ի նշան ներումի:

ՌԵԺԻՍՈՐ- Համարե՞նք այս մի հարցն էլ լուծված:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ( խմբով) – Համարե՜նք:

ՌԵԺԻՍՈՐ- Ինձ դուր է գալիս ձեզ հետ միասին ստեղծագործելը, դուք ինձ ոգեշնչում եք, շնորհակալ եմ, շնորհակա՜լ եմ, սիրելի հանդիսատես:

Դիմահարդար ձին բեմի վրա մի քանի հանդիսավոր պտույտ է անում: Վերջին պտույտի ժամանակ ռեժիսորը հրահանգում է կանգ առնել վանդակախցերից մեկի մոտ: Խցում նստած հաղթանդամ տղամարդը կանգնում է:

ՌԵԺԻՍՈՐ – Ահա ամենաճակատագրական օղակը՝ նախկիններից մեզ փոխանցված ժառանգության սև խոռոչը: Ես կարող էի առանց կոմպոզիտորի ֆիլմ նկարել, ես կարող էի նույնիսկ առանց օպերատորի ֆիլմ նկարել, ես կարող էի բոլոր դերերն ինքս խաղալ, ես ամեն ինչ կարող էի… եթե այս խաբեբա լուսավորողը… նրա գրողի տարած կոմպլեկտը լուսարձակեց ընդամենը 10 տոկոսով: Եվ մենք մնացինք դժոխային մթության մեջ։ Ես ուզում եմ այս փաստը հաստատի Սեւ ֆոնի գերատեսչությունը։

ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ մոտենում է ՌԵԺԻՍՈՐԻՆ։ Սա իջնում է ձիուց։ ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ նրա ականջին փսփսում է։ Այդ ընթացքում հաղթանդամ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ դուրս է գալիս վանդակախցից ու սպառնալից հայացքը կախում ՌԵԺԻՍՈՐԻ վրա։ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԻ գլխին կապած երկու մեծ լուսարձակները վառվում են։ Կուրացուցիչ լույսի տակ ՌԵԺԻՍՈՐԸ կքանստում է, ապա՝ սուլոցով կանչում ձիուն։ Մինչ ձին մոտենում է, ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԻՆ թեւանցուկ՝ ցույց է տալիս դահլիճում նստած մեկին և համոզելով տանում է դեպի վանդակախուց։ Վանդակի մոտ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ մի կողմ է հրում ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԻՆ ու հրաժարվում մտնել ներս։ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ բեմից հեռանում է, ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ՝ նրա հետեւից։

ՌԵԺԻՍՈՐ– Դուք լավ գիտեք, սիրելի հանդիսատես, որ ռեժիսորը գերագույն միտքն է, գերագույն զբաղվածը, նա ատամներով կախված իր տառապանքի աթոռից՝ ստեղծագործում է։ Եթե նա մեկ րոպե ուշադրություն դարձնի՝ ով է իր համար սուրճ եփում, ով է ատամի խոզանակով մաքրում իր ատամները, ով է փայլեցնում իր կոշիկները, ով է վազում, ով է ծնվում, ով մեռնում՝ նա կդառնա սովորական ռեկվիզիտոր։ Այդ ամենի մասին նրան զեկուցում են։ Իսկ եթե զեկուցողները նախկին ռեժիսորների հանդերձապահներն են եղել, սխալ են զեկուցում։ Այո, դիտավորյալ սխալ են զեկուցում, որ կտրեն ռեժիսորի մտքի թելը և նա նյարդայնացած գոռա։ Իսկ գոռալու համար պետք է բացել բերանը։ Ու հենց այն պահին, երբ ռեժիսորը բացում է բերանը, նրանք վազում են՝ ատամների արանքից հանելու աթոռը։ Չկա ռեժիսորի աթոռ, չկա ռեժիսոր։ Դուք տեսնում եք, չէ՞, ես այսօր բոլորիդ ձեր անհատական աթոռն եմ հատկացրել։ Եվ ոչ ոք, լսո՞ւմ եք, ոչ ոք այլեւս չի համարձակվի գողանալ ձեր աթոռը:

Հանդիսատեսը գոհ փռվում է աթոռներին։ ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ կիսակեղտոտ բաժակներով ջուր է մատակարարում հանդիաստեսին: Հասնելով ՈՒՇԱԹԱՓՎԱԾ ԿՆՈՋԸ՝ շրջվում է և հուշարարի պես դիմում ռեժիսորին:

ՏՆՕՐԵՆ– Աշոտը, Աշոտը, անցիր Աշոտին։

ՌԵԺԻՍՈՐ- Աշոտն ո՞վ է։

ՏՆՕՐԵՆ- Ֆոկուս փուլլերը։

ՏՆՕՐԵՆԸ ՈՒՇԱԹԱՓՎԱԾ ԿՆՈՋԸ շրջանցելով՝ ջրի բաժակը մեկնում է նրա կողքի հանդիսատեսին։

ՌԵԺԻՍՈՐ– Հա՛: Մեղավոր համար 4՝ այսինքն, հավանաբար համար 3՝ այսինքն, ի՞նչ տարբերություն՝ «մեղավոր համար որևէ մեկ»՝ ֆոկուս փուլլեր Աշոտ: Նախկինում նա ձեզ նման հանդիսատես էր: Գալիս էր իմ բոլոր պրեմիերաներին: Դրանք, իհարկե, տեղի չէին ունենում, բայց ամբողջ հարցն էլ հենց այդ է՝ նա այնքա՜ն հավատարիմ էր ինձ, որ ամեն շաբաթ կինոթատրոն էր գնում, իր հաշմադամության թոշակով տոմս ու գարջուր առնում եւ ժամ ու կես միայնակ նստում դատարկ դահլիճում:

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ– Եկե՜ք արտասվենք:

ՌԵԺԻՍՈՐ– Եկեք հոտընկա՛յս արտասվենք:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ – Բայց նա ողջ է։

ՌԵԺԻՍՈՐ– Սպանե՞լ, ասում եք: Դե, ես արդեն ասել եմ, որ իմ միակ պարտականությունը ձեր կամքը կատարելն է: Ես ստիպված եմ հանձնարարել սպանել «համար որևէ մեկ» մեղավորին: Դուք ինձ կհարցնեք՝ մի՞թե դա մարդասպանությու՞ն է։ Ոչ, դա մարդածնություն է։ Դուք գիտեք, որ բոլոր ֆիլմերի նկարահանումների սկզբում ափսե են ջարդում. դա նշանակում է չարը խափանել տեղում։ Եթե մենք ջարդենք Աշոտի գլուխը, Աշոտը որպես մարդ գուցե մեռնի, բայց կվերածնվի որպես ափսե, որը խափանեց չարը։ Մանավանդ, որ արդեն գիտեք, Աշոտը մարդ չէ, Աշոտը ֆոկուս փուլլեր է, ու՞մ է պետք կենդանի փուլլերը։ Կեցցե՛, ուրեմն, զոհված Աշոտը։ Ուզում եմ մեկ անգամ ևս միասին արձանագրենք, որ այս տեսարանը բացառապես ձեր սրտով է, իմ սրտի՛ հանդիսատես:

Լսվում է ափսեի շրխկոց:

ՑԻՆԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ– Մենք հանդիսատես չենք, մենք վաղուց արդեն ռեժիսոր ենք:

ՌԵԺԻՍՈՐ (կեղծ ծիծաղելով) – Միանշանա՛կ: Ես հենց այս էի ակնկալում: Սա էր իմ բաղձալի նպատակը։ Խոնարհվում եմ ձեր առաջ, համբուրում եմ յուրաքանչյուրիդ, սիրում եմ բոլորիդ, որ հնարավորություն տվեցիք ինձ իրականացնել իմ կյանքի առաքելությունը:

ՌԵԺԻՍՈՐԸ հայելի է դնում իր առջև և ինքն իր առջև խոնարհվում:

ՌԵԺԻՍՈՐ – Ռեժիսորը նախ պիտի սովորի խոնարհվելու արվեստը: Ճիշտ խոնարհումը հանդիսատեսի կեսն է, մյուս կեսը՝ ճիշտ ժամանակին գլուխը տնկելն է այնպես, որ հետույքն ու գլուխը նույն հարթության վրա լինեն: Որ հենց ուզենաք պտտվել, հետույքն ու գլուխը մեկ շրջադարձով փոխատեղվեն: Այ, այսպես: Հետույքը կարող է ժպտալ, գլուխը՝ արտասվել: Կամ՝ հակառակը: Այսպես, դուք միանգամից կարող եք լինել երկու մարդ: Ինձ անգամ Նիցշեն կնախանձեր: Նա կարողացել է ստեղծել գեր, բայց՝ մեկ մարդ, ես հորինել եմ Երկմարդ:

ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ հայելիներ է բաժանում հանդիսատեսին։ Բոլորը կանգնում և իրենք իրենց խոնարհվում են։ ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴԸ հայելիով բարձրանում է ՈՒՇԱԹԱՓՎԱԾ ԿՆՈՋ վրա: Կինը ցավից ուշքի է գալիս, ճչում ու փախչում դահլիճից:

ՌԵԺԻՍՈՐ– Տեսեք, տեսեք, այս փախչող կնոջը։ Նա չդիմացավ նախկինների սադրանքին և կոտրվեց. հիասթափվեց և լքեց մեր համատեղ պայքարի նավը։

ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Էդ հայելու հնարքը ինձ դուր եկավ, բայց ճիշտն ասած, ես էլ եմ մի քիչ հիասթափված։ Լավ կլիներ՝ էդ ֆիլմը գոնե սրա կիրառությունը բացատրեր, էն որ լինում է ռեկլամներում՝ քայլ-քայլ։

ՌԵԺԻՍՈՐ– Ես լսեցի հիասթափություն բառը։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆ – Ո՜չ, ես լիովին ընկալեցի հայելու էֆեկտը, թույլ տվեք քայլ առ քայլ բացատրեմ այս հիասթափված տղամարդուն։

ՄԱՏԱՆԻՆ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆԸ նույնպես վազում է բեմ՝ ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ մոտ, ՌԵԺԻՍՈՐԸ քմծիծաղ է տալիս և շրջվում դեպի դահլիճ։

ՌԵԺԻՍՈՐ- Գիտեք, սիրելիներ։ Հիասթափությունը ամաչելու բան չէ։ Ես ինքս էլ հաճախ հիասթափվել եմ։ Բայց մի բան կասեմ, հիասթափությունը դեռ ոչինչ, կարևորը՝ հույսը չկորցնելն է։ Եկեք չկորցնենք հույսը և կորցնենք հիասթափությունը։ Եկեք կորցնենք հիասթափությունը, օրինակ, այս դագաղատուփերի տակ։ Տեսեք, ես դա ժամանակին արել եմ։ Եվ, գիտե՞ք, ազդել է։

Ռեժիսորը կռանում ու դագաղներից մեկի տակից մի գիրք է հանում։

ՌԵԺԻՍՈՐ- Ես մի գիրք եմ գրել՝ «Կինոյի հակառակ կողմը»։ Սա ինձ ժամանակին շատ հիասթափեցրեց։ Ինքս ինձնից։ Ես համարյա հուսալքվում էի իմ սեփական տկարությունից, որ չեմ կարողանում ազատագրել նախկին ռեժիսորների խաղահրապարակը։

Ռեժիսորը բարձրաձայն կարդում է ․ «Հեղեղը հետևում է ինձ։ Հողը ապտակում է կոշիկներս։ Լիքը ափսեների շուրջը մահվան լռություն է։ Լուսնի մահիկը բռնել է իմ վզակոթից՝ թը՛խկ, թը՛խկ, գնալով գլուխս կախվում է ուսերիս և աչքերս տեսնում են միայն կոշիկներիս ծայրերը։ Ի վերջո, աչքերս կուլ են գնում ձիու գոմաղբի խորքում։ Մի պահ հիշում եմ՝ որտեղ է դռան բանալին։ Հետո աչքերս նորից կուլ են գնում։ Չգիտեմ, թե որտեղ եմ։ Կարող էի, կարող էի արթնանալ, բայց ստահակները գողացել էին իմ զարթուցիչը»։  

Լսվում է հանդիսատեսի հառաչանքը։

ՌԵԺԻՍՈՐ- (Գիրքը փակելով) Դե, մենք բոլորս էլ ունենում ենք թուլություններ, որոնք ուզում ենք թաղել։ Ես կօգնեմ ձեզ թաղել ձեր թերությունները։

ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ թղթի կտորներ և գրիչներ է բաժանում հանդիսատեսին։ Ամեն մեկը մի բան է գրում ու տալիս ՏՆՕՐԵՆԻՆ։ ՏՆՕՐԵՆԸ թղթերը ձեռքին, ցատկում է բեմ, վերցնում ՌԵԺԻՍՈՐԻ գիրքը, թղթերը դնում դրա մեջ ու գիրքը շպրտում բաց դագաղներից մեկի մեջ, թափ տալիս ձեռքերը տաբատի վրա ու հեռանում։

ՌԵԺԻՍՈՐ- Այժմ, երբ մենք մի մարմին ենք, անբաժանելի ամբողջություն, ես պիտի գնամ անսահման ցավոտ մի զիջման, որպեսզի իմ նվիրումը ձեզ անմնացորդ լինի և մեր միասնությունը լինի կատարյալ: Ես չպետք է մենատեր լինեմ որևէ հարցում: Համաձա՞յն եք: Իհարկե, դուք այնքա՜ն իմաստուն հանդիսատես էիք, որ հաշված րոպեների ընթացքում դարձաք ռեժիսոր: Ընդամենը մի պրեմիերայի շրջանակում դուք սերտեցիք բոլոր այն դասերը, որոնց համար մարդիկ տարիներով մաշում են համալսարանների դռները: Եթե ես վարչապետ լինեի, փակել կտայի դրանք և կվերածեի գեղեցիկ հյուրանոցների, որտեղ մի գիշերով կարելի է ջնջել կենսագրությունը և ամեն ինչ սկսել նոր էջից։ Դուք այնքան բարեգութ գտնվեցիք, որ աջակցություն հայտնեցիք մեր մահամերձ դերասաններին: Նրանք հիմա էլ փորկապությամբ են տառապում: Բայց, ոչինչ, ոչինչ, իմ կինը դեռ այնտեղ է: Դուք այնքան խոհեմ եղաք, որ դրա համար ես պիտի ձեզ զիջեմ իմ… մեղքերը: Ես դրանք նույնիսկ չեմ կիսում, ես զիջում եմ մինչեւ վերջին կաթիլը։ Զիջում եմ իմ բոլոր մեղքերը՝ վաղ մանկությունից մինչեւ ապագա զառամյալ ծերություն։ Մեղքը ձեզ վերջնականապես կդարձնի արարիչ, այսինքն՝ ռեժիսոր։ Առանց մեղքի չկա մեղքի զգացողություն, առանց մեղքի զգացողության չկա խիղճ, առանց խղճի չկա խայթ, առանց խայթի չկա փուչիկ։ Առանց փուչիկ չկա տոն։ Ես իմ ողջ կյանքի տոնը նվիրում եմ քեզ , նվիրում եմ քեզ , նվիրում եմ քեզ։ /Կրկին լսվում է հանդիսատեսի հառաչանքը/ : Այժմ, եթե դուք ձեզ լիակատար մեղավոր եք զգում, կարող եք հանգիստ զբաղեցնել դագաղները։

Դագաղաբերները մի քայլ առաջ են գալիս։ Բարձրացնում դագաղների կափարիչները։

ՌԵԺԻՍՈՐ (ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ) – Ցախավել օպերացիան։

ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ ցախավել է պարզում ՌԵԺԻՍՈՐԻՆ։ Հանդիսատեսը հռնդյունով լցվում է բեմ՝ վազելով դեպի դագաղները։ Նստած է մնում միայն ԼՌՈՂ մարդը։

ՌԵԺԻՍՈՐ- Համեցեք, սիրելի ռեժիսորներ։ Ես կլինեմ ձեզ հետ մինչեւ ձեր վերածնության վերջին վայրկյանը։ Ես կզիջեի ձեզ անգամ իմ դագաղը, բայց ես խոստացել եմ, որ ոչ մի դեպքում չեմ փախչի:

Բեմ է վազում ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆԸ։ Դես ու դեն նայում։ Ապա՝ փաթաթվում ՌԵԺԻՍՈՐԻ վզին։ Հանդիսատեսը պառկում է դագաղների մեջ, դագաղաբերները փակում են կափարիչները։ ՄԱՏԱՆԻ ԳՐԱՎ ԴՐԱԾ ԿԻՆԸ ԿՅԱՆՔ ՏԵՍԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ հետ խցկվում են մի դագաղում։ ՌԵԺԻՍՈՐԸ ցախավելն ի պահ է տալիս ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ եւ մտնում դագաղի մեջ։ Դահլիճից շտապ, բայց հանդիսավոր դեպի բեմ է քայլում ՍԵՒ ՖՈՆԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ։ ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆԸ խոնարհվում եւ համբուրում է նրա ձախ ձեռքը։ Կուլիսներից դուրս է գալիս ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ՝ ձեռքին մուրճ, մանգաղ ու մեխ։ ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐՆ ու ՍԵՒ ՖՈՆԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ արագ-արագ մեխում են դագաղը, որի մեջ պառկել էր ՌԵԺԻՍՈՐԸ։ Ներսից լսվում է բռունցքների ձայն եւ բղավոց.

ՌԵԺԻՍՈՐ (դագաղի մեջից)- Հյուրախաղե՜րս, դուք ինձ խոստացել էիք համաշխարհային հյուրախաղեր։

ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆԸ անվրդով, արարողակարգային կեցվածքով արտասվում է։ Պահը բռնացնելով՝ ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆԸ նստում է ցախավելի վրա ու փախչելով՝ անհետանում։ Նրա հետևից, իր տեսախցիկը գրկած, վաղում է ՕՊԵՐԱՏՈՐԸ: Վարագույրն իջնում է։ Բեմում հայտնվում է ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ։

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ – Վերջապես լռություն գտա։ Կարելի է նույնիսկ ստեղծագործել։

Դահլիճում մեկ հանդիսատես կա՝ ԼՌՈՂԸ։ Նա ոտքի է կանգնում և ծափահարում։

ՎԵՐՋ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.