I. Երգ ահարկու պատերազմի և զինվորականների մասին
Առավոտ շուտ հինգի կողմը
– առաջնագծում լուռ ու մութ է –
պահակայինը չկա։
Խրամատում թողել է հրացանը,
նիգի մեջ գրություն են գտել․
Մնաք բարով, մահվան ընկերներ,
էլ վեր է հիմա ուժերիցս
եղբայրներին սպանել։
Ձյան վրա ոտնահետքերը
Չեզոք գոտի էին տանում։
Առավոտյան խստաշունչ ցրտին
զինվորական երգ թռավ գետնախուղից
ինչպես սևփետուր, թեքկտուց թռչուն․
Հրացանը մեր սիրած էակն է առաջնագծում,
սատանա կին, ա՜խ, ոսկրոտ նիհար,
սառը՝ փաղաքշանքի համար։
Երկար չի սիրում մեզ, լիրբը,
մի վայրկյանում ծնունդ է տալիս,
դիակ է բերում մեզ համար։
Ջահել զինվորներից մեկը
կանգնած գետնախուղի մուտքին
կիսախավար դեմքով
լսում էր այս երգը․
Ի՞նչ երգ է սա, դաժան է շատ,-
մտածում էր նա սիրտը կանգնած։
Առաջնագիծն էր դիտում,
Սպիտակ անտառից այնկողմ էր նայում․
տեսնում էր տունն ու հեռու մոտիկներին։
Ի՞նչ երգ է սա, դաժան է շատ։
Նոր բացված օրն առաջ էր գնում
քաջարի վաշտի սվինների տակով
երգո՛վ, երգո՛վ․
հրացանը մեր սիրած էակն է առաջնագծում
սատանա կին, ա՜խ, ոսկրոտ նիհար,
սառը փաղաքշանքի համար։
Երկար չի սիրում մեզ, լիրբը,
մի վայրկյանում ծնունդ է տալիս,
դիակ է բերում մեզ համար։
Մի ամբողջ շաբաթ քայլեցինք,
հարձակվում, նահանջում էինք,
Հյուսիսափայլի ներքո
սառչում, ձյան մեջ մեռնում էինք։
Իսկ փրկվածների ճամբարում
լիզում էինք վերքներս առանց երգի,
ու թաղում էին մեզ մութ անտառում
շուրջը հանգչող կրակի:
– Կվերանա՞ այս ամենը –
չդիմացավ կռվողներից մեկը։ –
Եվ հաջորդը․
– Գոնե իմանանք՝ ինչի համար ենք կռվում․ –
Եվ երրորդը․
– Խոստացել էին, չէ՞, որ կանգ կառնեն։
– Շատ եղավ,– արտահայտվեց չորրորդը –
ոչ մի քայլ առաջ այլևս։
– Ու ես էլ։ –
– Ես էլ։ –
Ու վերջին խոսողը․
– Չգիտեմ՝ ճի՞շտ եք անում, թե ոչ,
բայց ես էլ եմ հոգնել։
Եղևնուտի ստվերից սակայն
Դուրս ելավ սպան
ու քարե ծնոտների միջով
կորզեց զոռով բառերն ինքն իր։
– Ո՞րըդ եք փնփնթում օրուգիշեր
նվվում եք՝ երբ պիտի պրծնի։
Հիմա պրծնում է․․․ նայի՛ –
ու ատրճանակն ուղղեց կողքինի գլխին։
Բոզ‑ապստամբներ, շան լակոտներ
Հիմա կջոկենք՝ ով
ինչ է շնչում։
Ոտքի՛։ Զգա՛ստ։
Ով շարքում է –
էս կո՛ղմ։
Իսկ դասալիքները, մամանքունեմ,
է՛ս կողմ։ Էս կողմ, արագ,
մա՛րշ, մա՛րշ, մա՛րշ, մա՛րշ։
Նողկանքից ծռվել էր սպայի բերանը
ու մեջքի հետևը ենթասպայինը։
– Երեք հոգի են ընդամենը։
– Ենթասպա՛, կապ տալուց հետո
ցրում ենք սրանց։
Ու նորից մոլեգին
երդվում են փաղանգները․
ցրում ենք սրանց
իսկ մենք՝ առաջ,
բայց թե նույն բանն է
Քայլով, մա՛րշ
Քայլով, մա՛րշ։
Այսպես, թե այնպես, հավասարվի՛ր,
Ճակատագիր է բոլորիս համար։
Ու ձմռան ցրտի միջով թռավ
սևփետուր, թեքկտուց թռչունը
շարային երգի․
հրացանը մեր սիրած էակն է առաջնագծում,
սատանա կին, ա՜խ, ոսկրոտ նիհար։
Մի վայրկյանում ծնունդ է տալիս
Ծնունդ է տալիս դիակ։
II.Երգ ամենափոքր մարդկանց մասին
Ի՞նչ երգ է սա, դաժան է շատ,
ու կողքից ինչ‑որ մեկն էլ երգեց․
Հաց չկա ուտելու․․․ Մի՞ս։
Մի ամիս է՝
ո՞վ է երեսը տեսել։
– Գիտե՛՞ք ինչ։
Քեյնանենը արձակուրդ է գալիս,
էս գերմանացին բռնում Քեյնանենի կնկան․․․
Միջանցքում, իրիկունը, զուգարանի կողքին,
խաբողը մեռնի, աչքովս եմ տեսել։
Էդ Քեյնանենին տեղի՛ն է։
– Իսկ Յուսի Լումին,
Լունգենիխա, դու գիտես էդ Լումու որդուն
ինքն էլ ա տուն դառել, բա՜, հա,
դագաղի մեջ։
Ով գիտի՝ ական է՜՞, փամփուշտ է՜՞։
Կափարիչի վրա գրություն էր կպցրած․
Չբացե՛լ։
Կնկտիք հոգոց են հանում․
– Երեխա չեն՝ ավազակախումբ է։
– Թոշա՞կ է բա, փո՞ղ է սա։
– Հաշմանդամների նպաստն ի՞նչ է որ։
– Իսկ տան վա՞րձը, փող է, չէ՞։
– Խեղճ երեխեք, խեղճ երեխեք։
– Հայր չտեսան։
– Հինգ օր առաջ, հլը մեռած չէր, հետն էլ ջահել,
իրենց հասցեով նամակ տարա։
– Նիուժելի հերիք չէ՞։
– Ո՞վ, ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։
– Իսկ ատրակցիոնում հրացանները ոչ դուլ ունեն ոչ դադար։
– Թերթերը գրում են
մյուս տարի
կարգի են բերելու ամեն ինչ
մերոնք լրիվ
հակառակորդին
փոշի են սարքելու։
– Հա֊հա, հա֊հա,
պրոպագանդայով ղունղունա,
աղավնյակս։
Սևահեր մի պարոն
մոտ եկավ,
մի պահ լսում էր։
– Սադրիչ կա՞ այստեղ – հանկարծ հարց տվեց․ –
ո՞վ է ոչ բավարար հացից խոսում,
ո՞վ է դագաղների մասին սարսափ տարածում,
է՛յ։ Ո՞վ է մեր հայրենիքի գլխին
բամբասանք ու թույն լցնում։
Մենք
Կարգ ու կանոն կհաստատե՛նք։
Ձեռքով արեց հետը կանգնած մարդուն․
– Գործակա՛լ, ձերբակալեք այս կնոջը,
սրան, որ ծուռբերան է։ Լրտե՛ս է։
Կնկտիք հոգոց են հանում․
– Աստվա՜ծ,
ու՞ր են քարշ տալիս ծեր Լունգրենին։
– Չէ՞ որ ձեռքի տակ որբեր են անբախտ։
– Տան վարձը չի տվել։
– Վայ մեզ, կնիկմարդ, վայ մեզ։
– Տղամարդիկ գնում են կռվի ճամփով։
– Նիուժելի հերիք չէ՞։
– Ո՞վ է, ո՞վ է պատասխան տալու
(Իսկ ատրակցիոնում
հրացանները ճայթում են, ճայթում)։
Կանանց տուն գնալու ժամն է։
Իսկ տղամարդիկ նորից մարտի։
Քայլերգում են քֆուրով․
ծխի մեջ կռվի
ինչպես և տանը հարազատ
կորցնելու բան չկա։
Հա՛, թե այստեղ ավելի հաճախ
ընկնում են սվինից,
տանը հաճախ լաց կլինեն,
ավելի տխուր կլինեն, անհանգիստ։
Քայլով մարշ, քայլով մարշ
մա՛րշ, առա՛ջ․
բայց դե նույն բանն է
ճակատագի՛ր է,
բոլորիս համար։
III. Երգ սուլող պատանու և աշխատավորի մասին
Իսկ երրորդ երգը հնչում էր ցածր․
Առավոտ շուտ հինգի կողմը
– դատարկ է փողոցն ու համր –
Մի տեղ քաղաքում
դարպասից մի տղա ելավ
ու ցածր սուլում էր։
Ձախ նայեց, հետո աջ
ու ցածր սուլում էր։
Բաճկոնի գրպանից կապոց հանեց թռուցիկների
և ցածր սուլում էր։
Սոսնձեց կաթի խանութի դռանը,
շարունակելով ցածր սուլել։
Գործն ավարտած,
կորավ զերթ ստվեր
ու սուլում էր ցածր
որտեղից, չգիտեմ՝ մի դարպասից ներս։
Առաջին անցորդը հայտնվեց,
աշխատավորն օրվա հերթափոխի,
տեսավ պատին փակցվածը
և նվաղեց
և հակվեց
և, երդվում եմ,
նրա դեմքին
ուրախության ու կասկածի մի ամպ լողաց
և նա
ուղղվեց․
ժպտաց, թեթև սուլելով
եկավ գործարան
և առաջին հանդիպածին
սուլելով ասաց․
Այժմ կարգի է
ամեն ինչ
ու մեր հերթն է։
Մեր գործն է վրա հասել։
Պատերազմին ու բոլոր արնախումներին
մի լավ քոթակ տուր
համարձա՛կ։