«Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ…»
(Ղուկաս 19:22)
Այս անգամ ձախողեց: Բոլորովին հույս չկար, թե կքանստած թքելու համապետական մրցաշարում առաջինը կլինի: Այդպես էլ եղավ, միանգամից չորրորդ տեղն իջավ: Կինը մեքենայով ինքնասպան էր եղել ու թուքը գեշ կպել էր: Հե՞շտ բան է հանկարծ բացահայտվելը. ոչ կինն էր իրենը, ոչ՝ մեքենան: Մեկը գաղտնի էր գալիս-գնում, մյուսը՝ պետական էր, գաղտնի էր տանում-բերում: Հիմա երկուսի ճակատագրի մասին էլ լրագրողները զանգում, հարցուփորձ էին անում: Հանրային մարդ էր, ճանաչված սպորտսմեն՝ պիտի հարիր պատասխաններ ունենար: Մութ էր, մի քիչ էլ սառը: Միանգամից չորրորդ տեղ իջնելը ազատ անկման պես մի բան էր՝ խորը շունչ, արտաշունչ ու դը՜խկ: Ծափերը հեռավոր են, խոնարհվելու տեղ էլ արդեն չկա: Միակ առավելությունն այն էր, որ այդ ընթացքում լրագրողներն ու քննիչները չեն զանգի, մրցաշարն ուղիղ եթերում էր: Բայց գիտեր, որ դա ժամանակավոր է, ուղիղը կարճ է, այ թռիչքաձևը՝ ուրիշ բան: Նա իր բոլոր հաղթանակները թռիչքաձև էր թքել: Այս անգամ, հայտնի պատճառով, թուքը չէր հերիքել, գեշ կպել էր:
Տուն տանելու համար ընկերներից ոչ ոք չեկավ: Ճիշտն ասած՝ տունն էլ իրենը չէր:
Մի թղթե դիպլոմ էին տվել, ուզեց թաղել: Դիպլոմը չորս տակ ծալեց, դրեց ծոցագրպանը, գիշերվա կեսին տաքսի բռնեց ու գնաց 24/7 խանութ: Քաղաքում միակ դագաղագործական շուրջօրյա արվեստանոց-վաճառասրահը թատրոնինն էր, արտաբյուջե ձևավորելու համար պետությունն էր թույլ տվել բացել: Երբեմն ցուցահանես-վաճառքներ էին լինում 24/7-ում: Զմայլելի բան էր, կինն էր ստիպում այցելել, դե էն՝ ուրիշի կինը, որն իր կինն էր: Մի խոսքով, 24/7-ում իրեն լավ էին ճանաչում: Մանրամասն:
Դագաղագործական արվեստանոցի շեմին մի պահ անասելի հաճույք ապրեց այն մտքից, որ չի գաղտնազերծվելու՝ իր մասին վաղուց ամեն ինչ գիտեն, ուղիղ եթերն էլ արդեն հաստատ դիտել են: Դուռը լռելյայն բացեց, սրահում հանդիսավոր երաժշտություն էր հնչում, հերթով-շարքով պատին հենված էին մեկը մյուսին չկրկնող մարդաբոյ մահատուփերը՝ բոլորը հեղինակային ստորագրություններով։ Շեմին կանգ առավ. տեսարանի ահազդու գեղեցկությունը հարվածեց գլխին, այնքան, որ թվաց՝ իջնում, փոքրանում է: Այնքան փոքրացավ, մինչև իրեն տեղավորեց նորածնի բարուրի մեջ, այդ ժամանակ ոչ անուն ուներ, ոչ դիպլոմ, մի մոմլաթե թղթիկ ուներ թևին, որի վրա գրված էր մոր անունը, իր քաշը, հասակը ու ամիս-ամսաթիվ:
Ապրած կյանքի իներցիայից թռիչքն էր մնացել. ոստոստալով անցավ վաճառասրահն ու ընկավ գեղղեկի սենյակ: Հենց մարդ տեսավ՝ հիշողությունը ետ եկավ: Տաքսու հաշվիչ, չորրորդ տեղ, դիպլոմի կտոր, հեռավոր ծափեր, ուրիշի ինքնասպան կին, «… ինչպե՞ս կպարզաբանեք», «Կքանի՛ստ, …»: Աչքերը չռվել էին. հիշողության հետ վերադառնում էր նաև թուքը: Ամենախորքերից էր գալիս՝ գլխից, կոնքերից, ողների արանքից: Ժայթքումի սպասումը խառնվել էր ուղեղի մեջ տրոփող մի հարցի՝ բերանը ո՞նց պիտի դիմանա: Գեղղեկը ողջունելու պատրաստակամությամբ ոտքի ելավ, երանի չելներ։
Լուսաբացը դիմավորեց ֆեդերացիայի նախագահի ընդունարանում՝ մեղապարտի աթոռին, որ քարտուղարուհու սեղանի ուղիղ դիմացն էր: Քարտուղարուհին չկար: Մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել, մեքենան ձորում էին գտել, նախագահն էլ առաջինը իրեն էր զանգ տվել, թե՝ ինչու: Մինչև գլխի էր ընկել՝ ինչը՝ ինչու, չորրորդ տեղն էր իջել, մինչև ուզեցել էր թաղել դիպլոմը, գեղղեկը դագաղի կափարիչով բամփել էր: Բերանը մատնել էր:
Ստիպեցին հրապարակային ներողություն խնդրել գեղղեկին թռիչքաձև թքահարելու համար: Գլխում չէր տեղավորվում՝ ֆուտբոլիստը գոլ խփելու համար ինչո՞ւ պիտի ներողություն խնդրի: Ֆեդերացիան հոգեբան վարձեց ելույթից առաջ: Սկզբում թերապևտը փորձեց բացատրել, որ գոլը ֆուտբոլի դաշտում է գոլ, կյանքի մյուս պարագաներում ծանր վնասվածք է, առնվազն, պատվազրկություն, այն էլ՝ դեմքին։ Չհամաձայնեց։ Հոգեբանը շարունակեց աշխատել պարզապես հավասարակշռված նստելու և մի քանի՝ նախօրոք գրած նախադասություն արտաբերելու վրա: Հանգստացնող մի քանի հաբ տվեց, դանդաղ երաժշտություն միացրեց ու խոսեց: Չհասկացավ՝ ինչպես իրարից հեռացան ատամները, ծնոտը թեթև կախ ընկավ ու արտասանեց պահանջվող մեղայականը, որի ոչ մի բառի՝ անգամ սեփական անվան հետ, համաձայն չէր: Բերանը մատնեց:
Գեղղեկը, որպես համերաշխության նշան, առաջիկա ցուցահանդես-վաճառքի հրավերք արեց: Ասաց, որ այս անգամ ցուցահանդեսը կրեատիվ է, նոր՝ Ա4 ֆորմատի դագաղներ են ստեղծել։ «Արվեստի մարդիկ իրոք որ գաղտնատեսությամբ են օժտված,- մտածեց նա, չէ՞ որ ներողության տեքստում չէր ասել դագաղագործական ցուցասրահ գնալու պատճառը: Ֆեդերացիայի նախագահն էլ, այն անգամվա պես, մեղադրող եզրակացուի տոնով չէր հարցրել՝ ինչո՛ւ, մտածել էր՝ մի անգամ էլ ասի՝ ինչու, ինքը ֆեդերացիայի պատիվը կկաթեցնի հատակին: Լավ չէր, ուրեմն ՝ թուքը գեշ կպնելու իր թուլությունն էլ էր արդեն բացահայտվել:
Տունը, որն իրենը չէր, փողոցի կողմից ավտոլվացման կետ էր, բակի կողմից՝ կացարան: Վարձը փակում էր վաղ առավոտյան՝ 2, ուշ երեկոյան՝ 3 մեքենա լվալու պայմանով: Օրական 5 մաքուր մեքենայի դիմաց ձեռք էր բերել անկախություն` հայրական տնից, մոր բացակայության ցավից, անզավակության հետապնդող խարանից, համայնքային հոգեհանգիստների ու նշանդրեքների պարտադիր մասնակցությունից: Մի խոսքով՝ կացարանը նրան ազատել էր տան մորմոքից և լիապես հանձնել էր թռիչքաձև թքելու կարիերային:
Երեկ կարիերան տապալվել էր: Ֆեդերացիայի քարտուղարուհու ինքնասպանության լուրին փոխարինել էր հայտնի սպորտսմենի՝ չորրորդ հորիզոնական իջնելու լուրը, դրան էլ փոխարինել էր թատրոնի գեղղեկի՝ սեփական գրասենյակում հանիրավի թքահարվելու, ապա՝ պատիվ պահանջելու, ապա՝ պատիվը հրապարակային վերադարձնելու, ապա՝ նորաձև դագաղների առաջիկա ցուցահանդես-վաճառքի լուրը, և մարդկային ուղեղների համար ասես ոչ թե մեկ օր, այլ մեկ տարի էր անցել: «Կեցցե մոգական լրատվությունը»,- մտածեց նա ու կյանքում առաջին անգամ գոհ լինելով ժամանակից՝ փռվեց քնձռոտած բազմոցին ու քնեց:
Քունը թեթևակի ամոքեց վիշտը: Էլի քնեց: Էլի: Էլի: Քնեց այնքան, մինչև վշտի փոխարեն մեջը անօդ տարածություն մնաց: Մեծ, շատ մեծ, ոճրագործության չափ մեծ: Մի պահ մտածեց՝ եթե բացի կացարանից ավտոլվացման կետ տանող դուռն ու փրփրաջրի շթի տակ կանգնի, կմաքրվի: Այդպես էլ արեց: Հենց շիթը տեսավ՝ զվարթացավ: Քանի- քանի անգամ էր լավ ժամանակներում, երբ դեռ թուքը գեշ չէր կպել, մրցման մեջ մտել կրակող շթի հետ ու նրանից երկար ու, կարելի է ասել, գեղեցիկ թքել, թռիչքաձև գեղեցիկ: Շիթն իր դեռահասության խաղընկերն էր, որին սիրում էր մեն մի պատճառով, որ իրենից թույլ էր: Իսկ որքա՜ն սեքսուալ էր ջրի խողովակը բռնած ուրիշի կինը, որն այդ պահին իրենն էր, ավտոլվացման կետի պատերին, զուգարանի ու մուտքի դռներին փակցված պաստառների բոլոր աղջիկներից էլ սեքսուալ:
Թմբիրը հարամեց բազմոցից կանչող հեռախոսի զանգը: Ետ-ետ գնաց: Ֆեդերացիայի նախագահն էր, խիստ մտահոգված էր, որ մեկ շաբաթ է՝ բաց է թողել բոլոր մարզումները: Կառավարությունը որոշում է կայացրել թռիչքաձև թքելու սպորտաձևն առնել իր բարձր հովանու ներքո, և հիմա իրենց օդ ու ջրի պես լավ ցուցանիշներ են պետք: Միայն թե՝ ինքը այլևս ո՛չ մեքենա ունի, ոչ քարտուղարուհի, որ ուղարկի լավագույն մարզիկի հետևից: Վերջին նախադասությունը փոքր-ինչ երկիմաստ հնչեց: Երկիմաստությունը մտավ ականջը, գլխով պտտվեց ու իջավ խորք։ Սկզբում խորթ էր, հարազատ մեկին էր փնտրում՝ հարմարվելու և տեղը գտնելու համար։ Արագ էր կողմնորոշվում՝ որոշեց խորքերից հետ բարձրանալ գլուխ։ Հանդիպումներն, ամեն դեպքում, այնտեղ են։ Սրտի կողքով բարձրանալիս հանդիպեց չորստակ ծալված մի թղթի, մի քիչ թրջված էր, բայց գիրը պահպանվել էր։ «Լավ էլ ցուցանիշ է՝ չորրորդ տեղ,- մտածեց երկիմաստությունը,-աշխարհում քանի՞ մարդ կգտնես, որ թռիչքաձև թքելու համազգային մրցաշարում չորրորդ տեղ բռնած լինի»։
Հեռախոսի մեջ շարունակում էին խրոխտ-հոգատար պահանջներ հնչել, բառերի իմաստները գնալով անէանում էին, միայն «լավագույն մարզիկ» բառերն էին տեղ հասնում: Որովհետև դուրը գալիս էր։ Արդեն կասկածում էր՝ հաղթել է, թե ձախողել։ Չորրորդ տեղի դիպլոմը պահի, թե թաղի։ Ֆեդերացիայի նախագահի բերանը փակի՝ մեքենայի վնասը փոխհատուցի, թե չփակի։ Գլուխը ծանրանում էր, չգիտեր՝ հեռախոսի միջի ձայնի՞ց է։ Կարծես՝ ոչ։ Գլխի մեջ ինչ-որ մեկն էր մտել ու ծանոթանում էր «լավագույն մարզիկ»-ի հետ։ Ծանոթանում էր, բայց չէր ներկայանում։ Ասում էր՝ իր անունը դիմացինն է որոշում։ Անծանոթն այնքան ուղղաձիգ կեցվածք ուներ, նրա դիմաց ակամա «լավագույն մարզիկն» էլ էր դզվում, ուսերը ետ տանում, ծնոտը թեթև առաջ տալիս, հայելու մեջ իրեն նայողի պես իրանն աջ ու ձախ թեքում: «Լսու՞մ ես, ինչո՞ւ ես պապանձվել,- հեռախոսի միջից համարյա գոռոց լսվեց,- ո՞վ կա այդտեղ»: Թույլ արձագանքեց. «Մենք լսում ենք, պարոն նախա…»: «Դուք ովքե՞ր եք, հո լրիվ չե՞ս գժվել, ո՞վ է խոսում»: «Լավագույն մարզի՛կը»,-պոռթկաց ու կախեց հեռախոսը: Վերջ, գլուխը թեթևացավ: Բերանը մատնել էր, այս անգամ՝ իր կամքով: Վերջին օրերի սահմռկեցուցիչ ընթացքում առաջին անգամ զգաց հաշտության հաճույքը:
Նորաձև դագաղների ցուցահանդես-վաճառքը, իրոք որ, զգլխիչ հմայք ուներ։ Ափսոսեց, որ կինը հետը չի։ Ուղղակի կարոտեց ու ափսոսեց: Առանց հարցերի: Ինքնասպան էր եղել ֆեդերացիայի քարտուղարուհին, իսկ կինը պարզապես հետը չէր։ Երկիմաստության մեքենան անվրեպ է աշխատում, ուզածդ փոսից հանում, դնում է մոտակա ճշմարտության պատվանդանին։ Միշտ էլ մոտակա մի ճշմարտություն կգտնվի: Հայացքը թեքեց դեպի Ա4 ֆորմատի դագաղների ցուցասրահը. հանկարծ տեսավ ֆեդերացիայի նախագահին, որ ցեղապետի ինքնավստահությամբ, լրագրողներին ետևը գցած, շարժվում էր դեպի իրեն:
Սարսափեց կրկնության վախից։ Նույնիսկ Լավագույն մարզիկը կարող է, չէ՞, վախեր ունենալ։ Ինչ իմանաս՝ ի՞նչ հարցեր կտան։ Հարցերը դեպի անցյալ գնալու սովորություն ունեն։ Իրեն հազիվ էր համոզել, ուրիշներին համոզելու վստահություն դեռ չուներ։ Խուճապը կառավարեց գլխից դուրս պրծած առաջին մտքով, թռավ քար կտրած տեղից ու Ֆեդերացիայի նախագահի ոտքերի արանքով սպրդեց-փախավ։ Մտավ վաճառակետ, թևատակին տեղավորեց Ա4 ֆորմատի դագաղն ու գցվեց փողոց։ Տեղատարափ էր։ Սովորականի պես, ընկերներից ոչ մեկի մեքենան իրեն չէր սպասում։ Ցանկացած բաժանում նոր հանդիպման սկիզբ է՝ ազդարարեց գլուխն ու ստիպեց իրեն բարձր պահել, դեռ մի բան էլ դագաղն իր վերևում պահել՝ անձրևից պաշտպանելու համար։
Դիպլոմը չափերով մեծ դուրս եկավ, Ա4 չէր, ոչ ստանդարտ թղթի վրա էին գրել Չորրորդ տեղը։ Ինքն էլ, բոլորի պես, հարցականով անցյալ գնաց։ Տեսնես նախկին՝ առաջին տեղերի թղթերն է՞լ էին էս տեսակ։ Ուշադիր չէր եղել, հաղթածը երբեք ուշադիր չէ։ Արդեն չի էլ կարող իր հարցի պատասխանն ստանալ. հաղթաթղթերը կացարան չէր բերել, մի տեսակ չէին սազում իրար, դրել էր մեքենայի մեջ, որ ուր գնար՝ հետը լինեին։ Բայց Ֆեդերացիայի քարտուղարուհին մեքենայի հետ հաղթաթղթերը ջհանդամը տարավ: Հիմա Չորրորդ տեղը կթաղեր, ու կմնային միայն Առաջին տեղերը։ Այս վերջին մտքի անհնարինությունից ջղայնություն մտավ բերանը։ Ծամածռվեց, էլի ծամածռվեց, այնքան ծամածռվեց, մինչև գլուխը հայհոյեց ինքնասպան կնոջը։ Միշտ էլ ինքնագլուխ է եղել քածը։
Ջղայնությունը վերջնականապես ստիպեց ուրանալ սերը։ Սերը ձեռնտու չէր, սիրո պատճառով էր թուքը գեշ կպել ու իջեցրել չորրորդ տեղ։ Գեղղեկի դեմքին շառաչուն հարվածով թքելուց հետո հո՞ պարզից պարզ էր, որ ֆիզիոլոգիան տեղն է, փսիխոլոգիան է կաղում։ Գլուխը գցեց քնձռոտած բազմոցին ու կուչ եկավ մեջը։ Ուզում էր Ֆեդերացիայի նախագահը մի անգամ էլ զանգի, ասի, որ ինքը պետք է Ֆեդերացիային, որն այլևս կառավարության հովանու տակ է, կամ նման մի բան, որ Լավագույն մարզիկի հետևից նոր մեքենա են ուղարկում, որ առաջիկա մրցումներում բոլորի հույսը իր վրա է, երկրի պատվի հարցը իր վրա է, լավ, կամ գոնե զանգ տար ասեր՝ Լավագու՜յն մարզի՞կ, ու հեռախոսը կախեր։ Էդքանն էլ հերիք կլիներ։ Բայց, երևում է՝ ձեռքերն իրենից լվացել էր։ Շատ դուրսպրծուկ միտք էր ոտքերի արանքով փախչելը էդքան լրագրողների ներկայությամբ։ Խայտառակությունը, որ ծանր է լինում, թողնում են գետնին ու առաջ անցնում։ Իսկ ինչո՞ւ ինքն էլ այդպես չվարվի։
Ինչո՞ւ ոչ. ֆիլմերում լսած այս տափակ արտահայտությունն առաջին անգամ տեղ արեց գլխում։ Դիպլոմը երկու տակ ծալեց, տուփի կափարիչը վրան փակեց։ Մի պահ նայեց տուփին, էքսկլյուզիվ զարդատուփի էր նման, պիտի որ էն կինը ուզենար ունենալ։ Բայց սիրտը հեչ ցավ չզգաց. սերը ուրանալուց ափսոսանքն ինքնուրույն հեռացել էր։ Խորը կքանստեց ու բարակ դագաղը հրեց բազմոցի տակ։ Օրական հինգ մեքենայի պայմանը փոխարինեց շուրջօրյայով, գնեց ռետինե կոշիկներ, փակեց ջրի ծորակը և թռիչքաձև թքթքելով պլպլացրեց առաջին մեքենան։