2001թ. հունվարին Վիենայի Ֆրոյդ ընկերությունը, ուր Էդուարդ Սայիդը դասախոսություն պիտի կարդար եգիպտական, հունական ու պաղեստինյան քաղաքակրթություններով Ֆրոյդի հմայվածության մասին, չեղյալ հայտարարեց նրա ելույթը, երբ ընկերության մի քանի անդամներ տեսան Պաղեստինում քար նետող Սայիդի` 2000-ի հուլիսին լայնորեն տարածված լուսանկարը: Էդուարդ Սայիդի լուսանկարը՝ թափով ետ պարզած բազուկով, ձեռքին, ըստ երևույթին լուսանկարում երևալու համար ոչ բավական խոշոր մի առարկա, հանգեցրեց հետագա գարնանը նրա ատենախոսության խափանմանը: Ինչպես Յոհան Ավգուստ Շուլայնը՝ ընկերության նախագահը տեղեկացրեց Նյու Յորք թայմսին. “Մեր ընկերության բազմաթիվ անդամներ մեզ ասացին, թե չեն կարող ընդունել, որ հրավիրենք կողմնակալ պաղեստինցու, որ քարեր է շպրտում իսրայելցի զինվորների վրա”: Այնուամենայնիվ, լուսանկարը պարուրող առասպելը բացվեց հաջորդ օրերիյու Յորք թայմսի տպագրած բազմաթիվ ճշտումներում1, ուր վերջապես պարզաբանվում էր, թե Սայիդը պահակազորի մոտակայքում որևէ կերպ չի գտնվել, ոչ էլ Իսրայելի պաշտպանության ուժերին է նշան առել, այլ՝ 300 մետր հեռվում մի դատարկ պահակատան, Լիբանանի սահմանին:
Ապա 2003-ին, Սայիդի մահվանից հետո, Նյու Յորք թայմսը տպագրեց Սայիդի մահախոսականը (գուցե պետք է ասեիª մահախոսականները), որն ի հայտ բերեց ավելի բազմիմաստ մեկնաբանություններ: 2003 թ. սեպտեմբերի 25-ի մահախոսականը շփոթել էր Սայիդի ընտանեկան տունը, Կահիրեի փոխարեն՝ Երուսաղեմ, շփոթել էր Երուսաղեմի տրոհման ժամանակը, 1949-ի փոխարեն՝ 1947թ., շփոթել էր նաև Սայիդի վերջին գիրքը՝ՙՖրոյդն ու ոչ–եվրոպացին (տպագրված Քրիստոֆեր Բոլասի և Ժաքլին Րոուզի հետ): Սեպտեմբերի 26-ի մահախոսականը հոդվածի վերևում խոշոր տառատեսակով “Հավելված ճշգրտում” է դնում, բայց այս մահախոսականը՝ նույն վերնագրով ինչ նախորդը, հոդվածի հրապարակումից գրեթե մեկ շաբաթ հետո՝ հոկտեմբերի 1-ին2 ավելացված ակտուալ “ճշգրտումով”, ծայրեծայր բոլորովին այլ լեզու և բովանակություն ունի. “Պրն. Սայիդ”-ը փոխարինված է “դոկտոր Սայիդ”-ով, “ՙՊաղեստինի համար ժողովրդական Ճակատ” փոխարինված “Պաղեստինի համար Ջորջ Հաբաշի ժողովրդական Ճակատ”-ով, և վերջապես “քար նետելու միջադեպն” է ներառված: Սեպտեմբերի 25-ի մահախոսականը չի հիշատակում այս իրադարձությունը, մինչդեռ սեպտեմբերի 26-ի մահախոսականը ավարտում է Սայիդի կյանքի ամփոփումը այդ “սկանդալով” .
2000-ի հուլիսին դոկտոր Սայիդը խճճվեց լայնորեն հրապարակված լուսանկարին առնչվող միջազգային անախորժության մեջ, ուր նա պատկերված էր Լիբանանի սահմանինª իսրայելական պահակակետի վրա քար նետելիս: Դոկտոր Սայիդը, որ այդժամ ճանապարհորդում էր ընտանյոք հանդերձ, այդ արարքն անվանեց պարզ, “ուրախություն խորհրդանշող ժեստ“՝ Իսրայելի կողմից հարավային Լիբանանի գրավման ավարտի կապակցությամբ։
Բերնստայնի մահախոսականը վերածվում է Սայիդի մասին քաղաքական գնահատականի, նրա վստահելիությանը իբրև գիտնականի՝ “քարի միջադեպի” պատճառով հարցի տակ դնելով3 նրա անդամակցությունը համալսարանին, ՙքաղաքական հայացքների և արաբ առաջնորդների նկատմամբ4 նրա՝ իբր անբավարար քննադատության հետ մեկտեղ: Վերջապես մահախոսականն ավարտվում է Էդուարդ Սայիդի աշխատանքի մասին իմ երբևէ կարդացած ամենաանհեթեթ պնդումներից մեկով. “Իր վերջին տարիներին դոկտոր Սայիդի գրական արտադրանքը ավելի ու ավելի քաղաքական դարձավ”։
Բերնստայնի երկու մահախոսականներն էլ նշում են, որ Սայիդի աշխատանքն իր գործունեության ողջ ընթացքում, բացի գուցե երաժշտական քննադատությունից “The Nation”-ի համար, մշտապես քաղաքական է եղել՝ սկսած “ՙՕրիենտալիզմ”-ից, որը Արևմուտքի մշակութային վերընծայումը ( ռեպրեզենտացիա, (ծնթ. թարգմ.) կապում է նրա կայսերապաշտության ու գերիշխանության քաղաքականության հետ, մինչև “Մշակույթ և կայսերապաշտություն”-ը, որը ցույց է տալիս թե Ջեյն Օսթինը “կայսերապաշտությանը տվեց մշակութային օրինականություն”: Երբ փորձում եմ հասկանալ՝ պարոն Բերնստայնը ինչ նկատի ունի՝ ասելով, թե Սայիդի աշխատանքը ժամանակի ընթացքում դարձավ “ավելի ու ավելի քաղաքական”, պարզվում է, որ Սայիդի աշխատանքը քաղաքականորեն մեկնաբանվում էր “ավելի ու ավելի” անախորժ ձևով:
Բերնստայնի պես շատ ընթերցողներին կարող է թվալ, որ տեքստերը, ինչպիսիք են “Օրիենտալիզմն” ու “Մշակույթ և կայսերապաշտությունը”, բարեհաջող ու “ՙապահով” հանձն են առնում Արևմուտքի մշակութային, քաղաքական, տնտեսական գերակշռությունը և իշխանության այդ միաձույլի հաստատմանը նպաստող բոլոր հաստատությունները: “Ապահով” բառն եմ գործածում, որովհետև Արևմուտքի գաղութատիրական հրամայականը հարցի տակ առնելով՝ այս տեքստերը ՙբացահայտորեն՚ չեն կապում հանգույցները: Ինչևէ, Սայիդի վաղ տեքստերից ցանկացածը կարդալիս հարկ չկա աչք կկոցել տեսնելու համար՝ ինչպես մշակութային գերակշռությունը Արևմուտքով մեկ փոխակերպվում, թարգմանվում է զավթման և այն ուղեկցող օրինականացմանը, ինչին վաղօրոք ուղղված էր Սայիդի “Օրիենտալիզմ”-ը.
“Ես կասկածում եմ՝ արդյոք հակասակա՞ն է, օրինակ, ասել, թե անգլիացին ուշ 19-րդ դարում Հնդկաստանում կամ Եգիպտոսում հետաքրքրված էր այդ երկրներով, որոնք իր մտքում Բրիտանական գաղութի կարգավիճակից երբեք հեռու չէին: Սա ասելը կարող է բոլորովին տարբեր թվալ, քան ասելը, թե Հնդկաստանի և Եգիպտոսի մասին ամբողջ ակադեմական գիտելիքը ինչ–որ կերպ երանգավորված, ներշնչված, բռնադատված է վիթխարի քաղաքական փաստով: Այնուամենայնիվ, դա է, որ ասում եմ օրիենտալիզմի այս ուսումնասիրության մեջ“:
Այսպես ծնվեց “օրիենտալիստի” սաիդյան վերասահմանումը՝ եզրույթ, որ այլևս չի ոգեկոչում սաֆարիների փառավոր օրերը ծառաների հետ “վայրի” Հնդկաստանում, ոչ էլ Դելակրուայի կտավներում խաղարկված հարեմների սակավազգեստ կանանց: Փոխարենը “օրիենտալիստը” դարձավ նվաստացուցիչ եզրույթ, որը նշազատում է այս փառաբանված կայսերական տեսիլները, իբրև միանգամայն խնդրահարույց: Այսպիսով, պետք է տարակուսել, թե Բերնստայնը ինչ ՙավելի ու ավելի քաղաքականի՚ ընկալում ունի, եթե Սայիդի բոլոր մշակութային և գրական տեքստերը ուղղված են ակտուալ քաղաքական իրադրություններին, պատմություններին, մշակույթներին ու գրականություններին՝ ելնելով անցյալ գաղութատիրությունների և ներկա նոր-գաղութացվող աշխարհի բանից:
Ես խոր կասկած ունեմ, որ Բերնստայնի և Սմիթի սևեռումը Սայիդի քաղաքականացմանը ամբողջապես կենտրոնացած է նրա “քար նետելու” վրա զույգ իմաստով. ուղղակի՝ 2000 թ. լուսանկարը, և խորհրդանշական՝ իբրև մոտավորապես այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում բնագավառի ուսումնասիրությունների դեմ բորբոքված ավելի մեծ հակահարվածի մաս, որը Սայիդի պես տեսաբաններին դիտարկում էր իբրև ահաբեկիչների՝ ԱՄՆ-ը կամ Իսրայելը քննադատող քաղաքական որևէ հայտարարության պատճառով: Սա է բանի միջուկը. ոչ թե այն, որ Սայիդը ապաքաղաքական էր եղել “Օրիենտալիզմ”-ում, այլ այն, որ Սայիդը շարժվել էր մշակութային ու քաղաքական նշանների ակադեմիկ մեկնաբանի դերից, այս լուսանկարի շնորհիվ, դեպի գործողի ու օրիենտալացված պատկերացումով պաղեստինցու դերը, այն է՝ քար նետողի:
Ուրեմն, այս միջադեպից և 1999-ին Սայիդի ինքնակենսագրության (ՙԱռանց տեղի՚) հրատարակությունից հետո էր, որ Սայիդի ամենաոխերիմ քննադատները կմեղադրեն նրան իր պատմությունը5 կեղծելու համար, կգործածեն միայն չակերտներ նրան որպես “պաղեստինցու” անդրադառնալիս, և, փաստորեն, միայն մի երկուսն են Սայիդի գրվածքները քննադատում նրա կյանքի վերջին տարիներին6:
Սայիդի աշխատանքին դիմելու փոխարեն՝ աջերի մեջ հակում կա գիտակցաբար անտեսելու կամ մերժելու Սայիդի ինքնությունը՝ որպես պաղեստինցու (ճիշտ այնպես, ինչպես այսօր Իսրայել պետության ներսում, ուր մերժվում է միլիոնավոր պաղեստինցիների վերադառնալու իրավունքը), ինչպես նաև փորձ՝ Սայիդին համարելու “ահաբեկչության ջատագով”7, Միացյալ Նահանգների մի շարք հանրահայտ գիտնականների հետ մեկտեղ, ովքեր քննադատում են պատերազմները Իրաքում ու Աֆղանստանում կամ Պաղեստինի օկուպացիան: Այսպիսով, Էդուարդ Սայիդը, ի տես բոլոր ոչ-ասողների, այդ օրը Արևմտյան Ափին քար վերցնելով, դարձավ իրապես պաղեստինցի, ուստի կապ հաստատվեց տարիների նրա մտավոր արտադրության և ահաբեկիչ գործունեության օրիենտալիստ խորհրդանշական ժեստի միջև: Սայիդը իր ամենաանխնա քննադատների ճշմարիտ լինելը ցույց տվեց (թե ինքը իրոք “ահաբեկիչ” էր) մի տարօրինակորեն դիալեկտիկ-ռեֆլեկտիվ դիրքից՝ ինքը օրիենտալիզմի առարկա դառնալով:
Սայիդի անձը համառ գրոհների է ենթարկվել աջերի (Բերնարդ Լեուիսի, Դանիել Փայփսի, Ֆուադ Աժամի նմաններից մինչև վերջերս Ջաստըս Րեյդ Ուեյներ) ու նույնիսկ ձախերի, հատկապես Այջազ Ահմադի կողմից: Մինչ Լեուիսն ու Փայփսը դիտում էին Սայիդին իբրև հակաարևմտյան (Փայփսը՝ անվանելով նրան ահաբեկիչ, և Ուեյները՝ մեղադրելով “պաղեստինցի” լինելու պնդումները կեղծելու մեջ), Ահմադը գոնե որոշակի մտավոր խստապահանջությամբ է հակադարձում՝ Սայիդին Արևմուտքով հափշտակված համարելով՝ դրա գրականությամբ ու երաժշտությամբ, անվանելով Սայիդի մտքի կառուցվածքը “էապես պահպանողական” ու մեղադրելով նրան կայսերապաշտությունը “գլխավորապես իբրև այլընտրանքային տարասությամբ հակադրվելու կարոտ մշակութային երևույթ նկատի ունենալու մեջ”. մի քննադատություն, որ ձախից այլոք էլ էին կատարել:
Մինչ որոշ քննադատներ գտնում են, թե բոլոր կողմերն իրավացի են՝ Սայիդին տեսնելով իբրև ինչ-որ կերպ իր սեփական ինքնությանը, Միացյալ Նահանգներին ու ձախերին դավաճանողի8, ես այս փաստարկները համարում եմ ոչ ավելի, քան ցուցադրական մտավորականավարի բամբասանքի թերթային սյունակներ, որոնց առաջնային նպատակը Սայիդի աշխատանքի կենտրոնական հարցադրումների քննարկումից խուսափելն է և այսպիսի քննադատությունների արծարծած խնդիրներով Պաղեստինում և Իրաքում ի հայտ եկող իրական ցեղասպանություններից շեղելը:
Իրոք երկուսն էլ՝ ձախերն ու աջերը, հնարավոր է մասամբ չվրիպեն, բայց ոչ այն պատճառով, որ Սայիդը անազնվորեն մի մշակույթը գերադասել է մյուսից, այլ որովհետև այսպիսի պոտենցիալ հակասությունները մեր բոլոր անհատական ինքնությունների ճշմարտություններն են կրում, որոնք եթե երբևէ, ապա հազվադեպ են եզակի: Ես կպնդեմ, որ Սայիդը՝ քար նետող մտավորականը, ամբողջապես պահում է իր տեսադաշտում ե՜ւ Էդուարդ Սայիդ անձը, ե՜ւ միաժամանակ Արևմուտքի տխուր իրավիճակը, Նյու Յորք թայմզի լրագրողների անկարողությունը՝ ըմբռնելու այս՝ առերևույթ հակասական պատկերները մշակութային ու քաղաքական մտածողի, ով քար վերցրեց և նետեց ի ցույց համերաշխության՝ սատարելու բռնության ավարտը Լիբանանի սահմանին:
Բայց հետո այս լրագրողները տեղեկացան՝ ակադեմական արտադրության բոլոր ճիչերից, որոնք լռեցվում և տնտղվում են սեպտեմբերի 11-ից սկսած, ավելի հատկանշականորեն՝ 2002-ից, երբ Դանիել Փայփսը՝ բոլորովին աչքի չընկնող մի վարժարանական, ստեղծեց “Կրթանոցի հսկիչը”՝ նորօրյա մաքարթիստական մի ցանցակայք, ուր զետեղված էին իր հորջորջած՝ Միացյալ Նահանգներին թշնամի դասախոսների փաստապանակները (և ավելին, մինչև իսկ Իսրայելը քննադատողներինը), և ուր հսկողության տակ առնվեցին Միացյալ Նահանգների ակադեմական սրահներում ձախ և ոչ-ամերիկյան համարվող ամեն ինչ և ամեն ոք9:
Հետագայում, 2002-ին, “Կրթանոցի Հսկիչը” կայքից հանեց ութ պրոֆեսորների փաստապանակները՝ այժմ փոխարինելով “հանձնարարված պրոֆեսորների” ցուցակով, որոնց “հավասարակշիռ” է հորջորջում: Շատերի կողմից դառնացած ու ձախողված համարվող համալսարանականը, որ հերսոտ մնաց Սայիդի աշխատանքից, որն ի դեպ խոչընդոտելիս էր եղել իր սեփական ակադեմական կարիերային՝ Փայփսը, այնուամենայնիվ, ստացավ իր քաղաքական ճանաչումը Ջ.Ու. Բուշի վարչակալության ընթացքում՝ 2003-ին և 2005-ին Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի խորհրդում ընտրվելով և դրանից առաջ Պաշտպանության դեպարտամենտում (խաղաղ պաշտպանությո՞ւն) ծառայելով Ահաբեկչության և Տեխնոլոգիաների գծով Հատուկ Հանձնարարության Ուժերում (2001-2002 թթ.): Ի հավելումն Բուշի դարաշրջանի օրինականացման՝ Փայփսը Նոր Ամերիկյան Հարյուրամյակի ստորագրյալ է և սեպտեմբերի 11-ին հաջորդող առաջին երկու տարիների ընթացքում անընդհատ հետապնդում էր համալսարանականներին, որոնք չէին համաձայնում ջիհադի10 , մադրասայի և այլ սահմանումների հետ, որ չէին անդրադարձնում Փայփսի խիստ պահպանողական կեցվածքը:
Փայփսը դաստիարակվել էր ակադեմական միջավայրում և վերջապես փիլիսոփայության դոկտորի իր կոչումը ստացավ միջնադարյան իսլամի պատմության գծով Հարվարդում 1978-ին՝ նույն թվին, երբ Միջին Արևելքի ուսումնասիրությունների մարզը ցնցվեց Սայիդի “Օրիենտալիզմի” հրապարակմամբ՝ արմատական շարժ կատարելով այդ բաժիններում աշխատանքի ընդունման մեջ, որոնք ընդհանուր առմամբ այլևս համակիր չէին կայսերապաշտ նախաձեռնությունները արդարացնող գիտնականներին: Մի երկու կարճատև վերապահումներից բացի, մերժված ակադեմիայի կողմիցª Փայփսը աշխատեց Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտում (աջթևյան թինք թանք(Հետազոտական, գիտական կենտրոն(ծն. թարգմ.), հիմնադրեց Միջին Արևելքի Ֆորումը և “Միջին Արևելքի եռամսյան” հանդեսը (երկուսն էլª ֆորումն ու իր հանդեսը, նպաստում էին Միջին Արևելքում, հատկապես Իրաքում, հարձակողական ռազմական ներխուժմանը):
Իր նորաթուխ կարիերան ստանձնելիս Փայփսը գրել է ռասայական տրամատավորումն(պրոֆիլավորում(ծն. թարգմ.) արդարացնող բազմաթիվ հոդվածներ՝11 պնդելով իրաքցիների անպատրաստությունը ժողովրդավարությանը, որ նրանք կարիք ունեն “ուժեղ մարդու” (դիկտատորի), քանի ապրում են “դավադրության տեսությունների աշխարհում”12 , զգուշացնելով արևմտյան ազգերին մուսուլման գաղթականներ չընդունել, քանի որ նրանց “սովորույթները ավելի տագնապալի են, քան ուրիշներից շատերինը”13: Հավասարապես անհանգստացնող է Փայփսի գրածը Ուաշինգթոն D.C.-ի օղակաձև մայրուղու նշանառու հրձիգ Ջոն Մուհամմեդի մասին, այն պնդմամբ, որ Մուհամմեդը “ինքն իրեն ընկալում էր որպես Միացյալ Նահանգների դեմ ուղղված ջիհադի հետիոտն զինվոր”14, և հարակից մի հոդված, ուր նա քննում է “լավ հաստատված ավանդույթը ամերիկյան սևամորթների, ովքեր իսլամ են ընդունում՝ իրենց երկրի դեմ շրջվելով”15 :
Մի երկու տարվա ընթացքում, 1999-ից մինչև 2003-ը, Փայփսը ճանաչման հասավ, որ թարմացնող էր աջերից շատերի համար, քանի որ նա ձեռնամուխ եղավ սանձելու հակաամերիկյան ոգին, որը ոմանց ընկալմամբ վտանգում էր Միացյալ Նահանգները16: Բայց լուրջ գիտնականների մեծամասնության համար Փայփսը համարվում էր ոչ այլ ինչ, քան “պատերազմի կավատ”17կամ կեղծավոր նորելուկ, ում միակ նպատակն է հարուցել սարսափ, ատելություն և աջակցություն արևմտյան հովանավորությամբ բռնությանը՝ մուսուլմանական աշխարհի դեմ:
Ավելին, 2003-ի հիստերիան, որ Փայփսը սկսել էր երեք տարի առաջ՝ մասամբ սեպտեմբերի 11-ին հաջորդած ընդհանուր վախի հետևանքով, մասամբ էլ Բուշի ռազմատենչ վարչակարգի շնորհիվ, ընթացք ստացավ, երբ նրա ջանքերը հասան Կոնգրես, և ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը հաստատեց “Միջազգային ուսումնասիրությունները բարձրագույն կրթությունում 2003-ի ակտը”18 (HR 3077), որը ստեղծեց խորհրդատու հանձնաժողովª համալսարանական մարզի ուսումնասիրությունների ծրագրերը “ուսումնասիրելու” նպատակով19: Ի հավելումն, այս օրինագիծը դաշնային հիմնավճարը կախվածության մեջ էր դնում հենց այդ հանձնաժողովի կողմից արտոնվող ուսումնական ծրագրից20: Այս ամենը մեկից, ով մեծապես մերժվում է ամերիկյան ձախերի կողմից որպես “իսլամաֆոբ” ու “մոլեռանդ”, բայց զարմանալի չէ, որ խցկվեց մի վարչակարգի մեջ, որը այնքան հագեցած էր քաղաքական ռազմատենչությամբ ու Մերձավոր Արևելքի նկատմամբ մշակութային տգիտությամբ, որքան որ ողողված էր պատերազմը մղելու նոր-պահպանողական ազդակներով՝ նույն պարադոքսալ հիմքի վրա, ինչ Սայիդի բնօրինակ հրապարակումը՝ՙ”Օրիենտալիզմը”, այն է՝ մուսուլմանները “ելել են մեզ բոլորիս սպանելու”:
Մոտակա պատմության նույնիսկ ավելի աղավաղված եզրույթները, որ ճանապարհ հարթեցին ծայրահեղ աջերի ամենօրյա քաղաքական բառապաշարի համար, պարադոքսալ ձևով իրենց հակադիր նշանակությունները հանգրվանեցին կամ օգտագործվեցին այլակարծությունը լռեցնելու: Օրինակ՝ “ահաբեկչության դեմ պատերազմի” վաղ օրերին “օտարերկրյա մարտիկներ”-ը երբևէ չէր վերաբերում ԱՄՆ-ի կամ բրիտանական զինվորներին, ՙինքնատյաց հրեաները “վերաբերում էր Ամերիկայի ակադեմական հրեաներին, որոնք դատապարտեցին Իրաք ներխուժումը, ՙջատագովներ” Իրաք և Աֆղանստան ներխուժման դեմ գրողներն էին, որ նաև առաջարկում էին ամերիկյան քաղաքական գործիչներին քննել սեպտեմբերի 11-ի պատճառները, իսկ այլ պիտակների շարքում` “ահաբեկիչներին համակրող” էր դասվում յուրաքանչյուրն, ով Գուանտանամոյի կամ Բաղրամի բանտերում մարդու իրավունքների չարաշահումների հարցն էր բարձրացնում:
Այսպիսով, չնայած HR 3077-ը չհաստատվեց սենատի կողմից, բայց ցույց տվեց, որ Դանիել Փայփսի պես հերսոտած համալսարանականը կարող է վտանգել մտավոր ինքնավարության ամբողջ կրթական ավանդույթը Միացյալ Նահանգներում, որ նրա նեո-մաքարթիստական կեցվածքը ամբողջապես գրկաբաց ընդունվեց ԱՄՆ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ից սկսյալ և շարունակում է փթթել աջթևյան այս թինք թանքների գրպաններում, և ցույց տվեց որ Սայիդի 1978-ի տեքստում ուրվագծած օրիենտալիստական առեղծվածը դյուրաբար կարող է տեղ տալ հզոր հակադարձության` հումանիստ, արաբ-մուսուլման, ներգաղթած և գիտական խստություն ունեցող ամեն ինչի դեմ:
Տխուր փաստ է, որ նոր-պահպանողական խոյացումը Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ ժարգոնի, անվանարկումների, բացեիբաց ստերի և առավելապես պատմական փաստերի վճռական անտագոնիստական ժխտման հիմքի վրաª ի նպաստ սնապատումների, անհիմն լրագրողական հորինվածքների21: Հրաժարվեցին հետախուզության մասնագետներին լսելուց Կենտրոնական Հետախուզական Վարչության22 ներսում: Լրագրողներն ու կառավարությունը խոսքները մեկ արեցին, որի պատճառով փաստերը “խայտաբղետ” են, և լրագրողները այժմ պնդում են, թե պատասխանատու չեն տեղեկությունների գնահատման համար նախքան առաքումը23:
Բոլորովին զարմանալի չէ, որ Իրաքում այժմ առաջխաղացող քաղաքացիական պատերազմը փաստորեն ապսպրված էր Դանիել Փայփսի կողմից երկու տարի առաջ՝24Ուաշինգթոնում պատերազմի հանդեպ անփույթ ու կեղծարար մոտեցմամբ: Փաստերը, սակայն, մնում են փաստեր. այժմ միլիոնից ավելի իրաքցիներ զրկվել են կյանքից, և հազարներ սպանվել ներխուժող ուժերից՝ զավթումը արդարացնող առասպելների հետևանքով: “Ահաբեկչության դեմ պատերազմը” լի է թյուրիմացություններով, որ ետ են պահում երկխոսությունից, հերքում պատմական և քաղաքական փաստերը՝ մինչև արմատները ներառելով օրիենտալիստական պատվիրանները: Փաստը տեղ չունի այսօր քաղաքական տրամասության մեջ, քանի որ վերջին ութ տարիների ընթացքում պատերազմի նոր-պահպանողական հրահրումը վիճարկող ցանկացած ոք ենթադրվում է նրանց շարքում, ով “դեմ է մեզ”25 , կոչվում է “ոչ-ամերիկացի” և որոշ դեպքերում բանտարկված ու պիտակավորված է՝ “ահաբեկիչ”: Ավելի տխուր է, որ ամերիկացիներից շատերը չեն վստահում թե՜ իրենց կառավարությանը, թե՜ լրատվամիջոցներին՝26 վերջին յոթ տարիներին ի հայտ եկած ստերի հետևանքով, բայց առեղծվածորեն հաստատությունների, լրատվամիջոցների և պետության հյուսած ստերի արդյունքում` փաստերին ամերիկացիների հասու լինելը միջնորդավորվում է ապակողմնորոշված վարչակազմի բնազդներով և կեղծող լրատվամիջոցներով, որոնց համար փաստերի ստուգումը այլևս անելիքների ցանկում չէ27:
Այստեղ Ստեֆըն Քոլբըրթի՝ աջթևյան բանահանդեսի (թոք-շոու) պարոդիան է մտաբերվում, ով խուսափելով փաստերից՝ նախապատվությունը տալիս է “ճշտոտությանը”28: Պարոդիկ կերպար Քոլբըրթը արտացոլում է ներկա վարչակազմն ու զանգվածային լրատվամիջոցները, որ ձեռնարկել են Իրաքի օրիենտալացնող գաղութացումը. “Եթե ուզեմ հավատալ, որ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1941-ին, դա իմ աստվածատուր իրավունքն էª իբրև ամերիկացու”: Սա է Քոլբըրթի կոչած “առանց փաստ գոտի”-ն: Ինչպես զվարճալի է տեսնել Քոլբըրթին կամ Ջոն Ստյուարտին շաբաթական չորս անգամ “կեղծ լուրեր” ներկայացնելիս, նմանապես մտահոգիչ է, որ ձախ ամերիկացիները ունեն միայն այս երկու կատակերգու ալիքները, որոնց պիտի դառնալ՝ տեսնելու միջազգային կամ տեղական քաղաքական ընթացիկ տեսարանի որևէ համոզիչ հեռուստատեսային քննադատություն: “Առանց փաստ գոտին” այսօր իրականություն է և սարսափելիորեն դարձել է փաստը հորինվածքից տարբաժանելու միակ ապաօրիենտալացնող միջոցը՝ թեև հեգնությամբ և աշխարհի աջթևյան անիմաստ հայացքները կրկնելու միջոցով: Քոլբըրթի թարմացնող հարցազրույցները ձախ հեղինակների հետ երբեմն կորզում են. “Պարոն, ինչո՞ւ եք ձեր երկիրն ատում”, մինչ Քոլբըրթը խուսափում է փաստացի որևէ բանից՝ նորությունների իր տարբերակը տալով այնպես, ինչպես ինքն է ուզում: Իբրև քաղաքական պարոդիա սա զվարճալի է, իբրև չարագուշակ հայացք լրատվամիջոցների և կառավարության փոխկապվածությամբ ճշմարտության տեղ անցած առասպելներին՝ ողբերգական:
Մենք պետք է սկսենք հասկանալ՝ ինչպես Էդուարդ Սայիդի աշխատանքը դարձավ ոչ թե “ավելի ու ավելի քաղաքական”, այլ անշուշտ ավելի ու ավելի էմպիրիկ՝ հետազոտելով փաստերին առնչվող հենց այս օրիենտալիզմ-սարքելու հանելուկը, իր և մեր ապրած նոր-գաղութացվող աշխարհում փաստերի հանդեպ աճող արհամարհանքի պատճառով: Քննադատական`”ահաբեկչության դեմ պատերազմի” նկատմամբ, ինչպես դրա սկզբնավորումից հետո շատ գիտնականներ, Սայիդը կամրջեց օրիենտալիզմի իր քննադատական տեսությունը ուղղակիորեն ՙ”ահաբեկիչներ” դեմ Բուշի վարչակազմի զգուշացումների մարտավարությանը. “Հատկապես վատ է, երբ ահաբեկչությունը կցվում է կրոնական և քաղաքական վերացարկմանը և ռեդուկտիվ առասպելներին` հեռու մնալով պատմությունից ու դատողությունից” (“Հավաքական կիրք”): Սայիդը խոր կասկած էր տածում արևմուտքի թմբկահարության հանդեպ` հիմնված Ալ Քաեդայի ջոկատների օրիենտալիզացվող վերացականության վրա, որ ուր ասես կարող էին լինել, և արաբներին իբրև ահաբեկիչներ ներկայացնող կրկնվող պատկերների հանդեպ: Շատ բան չի փոխվել “Օրիենտալիզմի” համատեքստից մինչ 2001-ը, ինչ Արևմուտքում մեզ են տրվել արաբների կրկնվող պատկերներ` իբրև իռացիոնալ, վստահության անարժան, հակաարևմտյան, հակադեմոկրատ, անազնիվ ու վտանգող: Նույնիսկ շորերն են վտանգող` լայն փեշերը կարող են թաքցնել ինչ ասես, հղի կանայք կարող են ռմբակիր լինել, կանանց, նաև տղամարդկանց գլխաշորերը այժմ կասկածով ու վախով են ընկալվում: Եկեք վերադառնանք “Օրիենտալիզմ”-ում Սայիդի ուրվագծած օրիենտալիստական-օրիենտալ տարբաժանմանը.
“Ինքնին իր մեջ, իբրև հավատալիքների համախումբ, իբրև վերլուծության մեթոդ, օրիենտալիզմը չի կարող զարգանալ: Իրոք, զարգացման դոկտրինալ հակաթեզն է այն: Դրա կենտրոնական կռվանը սեմիթների կասեցված զարգացման առասպելն է: Այս կաղապարից այլ առասպելներ են բխում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս սեմիթին՝ իբրև արևմուտքցու հակառակը և իր սեփական թուլությունների անդառնալի զոհ: Իրադարձությունների ու հանգամանքների կիտումով սեմիթական առասպելը ճյուղավորվեց սիոնիստական շարժման մեջ. մի սեմիթը օրիենտալիզմի ճանապարհով գնաց, մյուսըª արաբը, հարկադրվեց օրիենտալ ճամփան բռնել: Ամեն անգամ վրան ու ցեղ հայցելիս՝ առասպելն է կիրարկվում, ամեն անգամ արաբական ազգային բնութագիր հասկացությունը ոգեկոչելիս՝ առասպելն է կիրարկվում: Այս գործիքների տիրապետությունը մտքի վրա աճում է դրանց շուրջ կառուցված հաստատությունների հետ: Ամեն օրիենտալիստի համար, բառացիորեն, երերացող իշխանությունը սատարող համակարգ կա` հաշվի առնելով օրիենտալիզմի տարածած առասպելների անկայունությունը: Համակարգն այժմ պսակվում է պետական հաստատություններով: Ուստի արաբական օրիենտալ աշխարհի մասին գրելը այժմ ազգի հեղինակությամբ գրելն է, ոչ թե կոշտ գաղափարախոսության արտոնությամբ, այլ բացարձակ ճշմարտության անհարց հավաստիությամբ, որին բացարձակ ուժն է թիկունք“(307):
HR 3077 օրինագծից կարելի է ընկալել, որ արաբների ուսումնասիրությունը ենթադրվում էր իբրև “ուղեցույցի կարիք” ունեցող: Գիտնականների մեջ արաբների բարձր տոկոսի պատճառով (ռասան գործոն էր այս օրինագծում)` Փայփսն ընդունակ եղավ այս բանը հասցնել ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատ, և, վերջիվերջո, HR3077-ը ժամացույցը ետ տալու փորձ էր` վերադառնալու մի դարաշրջան, երբ օրիենտալիզմ նշանակում էր գիտելիքի հոսքը վերահսկելª փոխարինելով փաստը առասպելով: Այս ամենը պարզապես օրիենտալի “հսկողությունից դուրս գալու” պատճառով. իր դասընթացի ծրագիրը կազմելու համար օբյեկտիվության “անբավարարությամբ”, “ահաբեկչության դեմ պատերազմին” չաջակցելով` պետության հեղինակությունը հարցադրելով, և “ներգծվելու” իր անընդունակության շնորհիվ` օրիենտալն ինքը դարձավ ահաբեկիչ: Մենք վերադարձել ենք Հանթինգթոնի քարտեզում ակնհայտ դարձված գաղափարախոսությանը, ուր պարզորեն կարող եք տեսնել “Արևմուտքն” ու “մնացածը”:
Արաբ ու մուսուլման հետազոտողներին սեպտեմբերի 11-ում ներգրավված ահաբեկիչներին չքննադատելու համար հալածող Դանիել Փայփսի և գլխավոր լրատվամիջոցների ամբողջ քննադատության մեջ Սայիդը` այդ քննադատության մասնակից շատ գիտնականներից մեկը, ապակառուցում էր ահաբեկչությունը, ինչպես ապակառուցել էր օրիենտալիզմը:
“Ինչպես մուսուլմաններն են բազմիցս վիճարկել` չկա մեկ իսլամ, կան իսլամներ, ինչպես կան Ամերիկաներ: Այս բազմազանությունը ճիշտ է բոլոր ավանդույթների, կրոնների կամ ազգերի դեպքում, չնայած դրանց հարողներից ոմանք փորձել են սահմաններ գծել իրենց շուրջ և իրենց հավատը բծախնդրորեն ամրակցել: Այնուամենայնիվ, պատմությունը շատ ավելի բարդ և հակասական է, քան վերընծայվում է ամբոխավարների կողմից, որոնք շատ ավելի պակաս են ներկայացուցչական, քան պնդում են նրանց հետևորդներն ու ընդդիմախոսները… (1907-ին Ջոզեֆ Քոնրադը ապշեցնող համառությամբ արքետիպիկ ահաբեկչի դիմանկարը պատկերեց, ում հեգնաբար կոչեց “պրոֆեսոր“` իր “Գաղտնի գործակալը” վեպում: Սա մարդ է, ում միակ խնդիրը մի պայթեցնող սարք կատարելագործելն է, որը կաշխատեր ցանկացած հանգամանքներում, և ում ձեռքի գործը պայթյունի հանգեցրեցª մի խեղճ տղայի միջոցով, որն անտեղյակ ուղարկվել էր Գրինվիչի աստղադիտարանը ոչնչացնելու, իբրև հարված ՙմաքուր գիտությանը“) (“Հավաքական կիրք“):
Այս բառերը կարդալու երկու ուղի կա, իհարկե: Հավատում եմ` Սայիդը երկու ընթերցումն էլ մտադրել էր: Առաջինն այն է, որ ահաբեկչությունը գործում է գիտության (բանականության) դեմ և իշխանությանը հակադրվող պնդումներում հուսահատ բռնարարքներ իրականացնելիս` հաճախ կերակրվում է անմեղներով: Այստեղ երկրորդ ընթերցումն այն է, որ ցանկացած անուն կրող բռնություն, ինչպես Քոնրադի վեպում, գործում է բանականության լիակատար հակադրությամբ և ազդում է պատերազմից խեղված ու տնտեսապես աղքատացած ազգերի վրա Արևմուտքից դուրս, բայց նույնպես ներառում է Արևմուտքի դիմակայումը բանականությանը. “Մյուս կողմից, վիթխարի ռազմական և տնտեսական հզորությունը, ինչպիսին Միացյալ Նահանգներն են տիրապետում, իմաստության ու բարոյական տեսողության երաշխիք չէ, մասնավորապես, երբ հաստակողությունը առաքինություն է համարվում, և հավատում են, թե բացառիկությունը ազգի ճակատագիրն է”29: Այսպիսով, ինչպես օրիենտալիզմն է ցուցանում, թե օրիենտալը առասպել է, կարծրատիպ, օրիենտալն էլ Միացյալ Նահանգների նման արևմտյան տերությունների իշխանության զորությունը շփոթում է իմաստության հետ: Քանի Սայիդը մեզ ցույց է տվել տարիների ընթացքում Ասիայում ու Մերձավոր Արևելքում եվրոպական գերիշխանության հետևանքով օրիենտալ առասպելի հաջողությունը, պարզ է, որ Միացյալ Նահանգները հանձնառել է այդ ֆիզիկական ու տրամասական դերը:
“Ահաբեկչության դեմ պատերազմի” յուրաքանչյուր օրվա հետ Սայիդը հետևողականորեն գրոհում էր փաստերի պակասությանը ամերիկյան քաղաքական մշակույթի ու լրատվության մեջ.
“Նայեք լրատվամիջոցների փոքրոգությանը Իրաքի դեմ անիրավ ու անարդար պատերազմի պատրաստման ընթացքում և նայեք` որքան սակավ լուսաբանում եղավ Իրաքի հասարակությանը պատժամիջոցների հարուցած հսկայական վնասների վերաբերյալ, և պատերազմի դեմ աշխարհով մեկ հորդացող
կարծիքներին ` հարաբերականորեն որքան սակավաթիվ հաշվետվություն: Հազիվ թե մի լրագրող, Հելեն Թոմասից զատ, վարչակազմին կանգնեցրած լինի խնդրի առաջ` աչք ծակող ստերի ու թխված “փաստերի” համար, որ նախքան պատերազմը հյուսվեցին Իրաքի շուրջ` իբրև Միացյալ Նահանգներին վերահաս ռազմական վտանգի: Ճիշտ ինչպես այժմ նույն կառավարության պրոպագանդիստների կապերը արձակվել են, որոնց ցինիկաբար հորինած և բազմացրած “փաստերը” զանգվածային ոչնչացման զենքերի մասին հիմա քիչ թե շատ մոռացված են կամ էլ արժանանում են ուսերը թոթվելու վերաբերմունքի` իբրև բանին չառնչվող, երբ լրատվական ծանրամիտները քննարկում են Իրաքի ժողովրդի ահավոր, բառացիորեն աններելի իրավիճակը, որ Միացյալ Նահանգները միանձնաբար և անպատասխանատու ստեղծել են այնտեղ” (“Ռաշել Քորիի իմաստը“):
Սայիդը ընդունում է, որ “փաստերը” ոչ միայն կարող են ստեղծվել, այլև որ հասարակական հիշողությունը լրիվ կախված է այդ “փաստերը” մատուցող լրատվամիջոցներից, որոնք տեսանելի են դարձնում պատահած վայրագությունները, քանի որ չերևացողը պարզապես գոյություն չունի, իրադարձությունները պատկերելով այնպես, որ անմեղ կողմերը թվան ինչ-որ կերպ մեղավոր: Ցավոք, երբ ճշմարտությունները վերջապես ի հայտ են գալիս, վտանգավոր ձևով փոքր արժեք են ունենում, քանի որ “փաստերի” ու “հորինվածքների” բաժանման գիծը այն աստիճան լղոզված է, որ լրատվամիջոցները դարձել են պետությանը անքակտելիորեն կապված: Եվ այսպես, Միացյալ Նահանգների երկրորդ ներխուժումով Իրաք, “ներդիր լրատվությունը” հանդիսականների համար կեղծ վստահության միջոց դարձավ լրատվության աղբյուրների նկատմամբ, քանի մեզ ցույց էր տրվում զինվորականների ու լրագրողների կյանքը կարծես “իրական հաղորդմամբ”: Լրատվությունը լրիվ ձախողվեց, քանի որ չկար որևէ բան հարցադրելու խթան` ո’չ պատերազմի կեղծ պատճառները, ո’չ “թշնամու կրակից” փախչող լրագրողների վախեցած դեմքերը: Հանդիսատեսը միայն իր աչքերն ուներ` հավատալու, և տեսածը ցնցող էր, բայց Հոլիվուդի ցանկացած կինոյի պես` ամեն մասնիկով նախագրված: Այսպիսով, լրատվամիջոցները Միացյալ Նահանգներում սկսեցին լրագրության նոր ուղղություն (մասամբ “Ֆոքս նյուզի” շնորհիվ), ուր լրագրողները այլևս չեն զեկուցում, այլ փոխարենը ստեղծում են նորություններ` անմիջապես տեղում պատերազմը քաջալերող մեկնաբանություններ անելով, արտահայտելով իրենց քաղաքական հայացքները, հազվադեպ ստուգելով կամ հարցի տակ առնելով փաստերը: Արդյոք զարմանալի± է, որ ամերիկացիների մեծամասնությունը գաղափար չունի, թե Մերձավոր Արևելքը նախկինում ձախողված կայսրության թատերաբեմ է եղել Բրիտանական գաղութատիրական ջանքերով, որն իր օրում նույնպես ստերի30 հիման վրա էր գործում:
Ուրեմն, երբ կարդացի Սայիդի մահախոսականի երկու տարբերակները, իմ մի մասը ծիծաղեց, քանի որ սա ռևիզիոնիստական մոտեցման տեսակ է լրագրությանը և պատմությանը, որին Սայիդը, որպես գիտնական, գնահատական է տվել: Իմ մի ուրիշ մաս վշտացած է, որովհետև շարունակական “էրրատայի”` “վրիպակների շտկման” (գործնականում երկու անգամ հրատարակված) դարաշրջանում խաղարկվում է այն, որ ցանկացած թերթում կամ լրատվության աղբյուրում ճշտումը ետ չի բերում վնասը: Այս դեպքում վնասը չի գործում հատկապես իբրև agumentum ad hominem Էդուարդ Սայիդի հանդեպ (նրա ժառանգությունը իր տեղն ունի), բայց գործեց` բոլոր պաղեստինցիներին “հանգեցնելով” օրենքին անհնազանդութան շարժման` առանց այդպես պատկերելու պատճառի: Իսրայելի պետականության և պաղեստինյան ճնշման 60 տարիների ընթացքում գլխավոր լրատվամիջոցները բոլոր պաղեստինցիներին, իրենց տառապանքի դիմաց, պետք է անմեղ իսրայելցիների վրա բարկությունն ուղղած քար նետող երիտասարդի ու իսլամիստական քարոզի պատճառով ինքնասպան ռմբակրի կլիշեները ցույց տան: Կլիշեներից ոչ մեկը չի պատասխանում պաղեստինցիների տասնամյակների տառապանքներին, որ այդպիսի արարքների անհերքելի պատճառն են: Փոխարենը, ռևիզիոնիստ պատմությունները ցույց են տալից այս բռնարարքներն իբրև պաղեստինցիների սովորական կացութաոճ: Իսրայելի ու Պաղեստինի առնչությամբ ըստ էության փաստն ու հնարանքը անորոշելի են Միացյալ Նահանգների լրատվամիջոցներում, որոնք հազվադեպ են որևէ խորությամբ հիշատակում պատմական իրադրությունը, փոխարենը` “բռնության շարք”-ի մասին բոլոր լուրերը պահելով արագ պատկերների և ձայնի կարճ պատառների մեջ, կարծես հենց “երկու կողմ” կա: Սայիդի ուշ գրվածքները խոսում են փաստերը հարգելու և առասպելները գաղտնազերծելու մասին`”կորուստը սահմանափակելու” նրա գաղափարին ուղղակիորեն կապված մի մղում, որ նա դրդում էր ուրիշ համալսարանականների`”կենտրոնանալ պատմական և կոնկրետ փաստերի վրա” որպես Պաղեստինյան ինքնավարության ու պետության խնդիրները լուծելու միակ կենսունակ միջոցի31: Ես տարակուսում եմ` արդյոք լեզուն բավարա±ր է, քանի վերընծայման վիճակը վատթարանում է:
Սայիդի մահվանից գրեթե հինգ տարի անց քար նետող պաղեստինցու կերպարը հարատևում է, և հիմա Սայիդը հավիտյան ամրակցված է այդ կերպարի շնչին: Սակայն չեմ համարում, թե դա բոլորովին վատ է: Հակառակը` տեսնում եմ Էդուարդ Սայիդի կյանքի աշխատանքը` միտված ամեն տեսակ օրիենտալիզմների մերկացմանը պատմության և ժամանակակից կյանքի մեջ: Միայն հեգնական է, որ խաղաղությանը համերաշխ այս արարքից հակառակն է դուրս բերվել` լոկ խորհրդանշի անթափանց կարծրության պատճառով: Միացյալ Նահանգներում և Իսրայելում իշխող համասեռ ընթերցումների պայմաններում որևէ այլ մեկնաբանության տեղ չկա: Չգիտեմ` պատմության մեջ երբևէ կլինի± մի ժամանակ, երբ մարդիկ նայեն բիրտ դիմադրությանը որևէ այլ կերպ, քան սարսափով ու կանխապես փաթեթավորված հռետորության ժեստերով, որոնք բեկանում են երկխոսությունը` նախքան սկսելը: Սակայն լրագրողի ու գիտնականի անելիքը անհարմար հարցադրումները, ճշմարտության ստուգումն ու նույնիսկ հայտնաբերումն է: Այնքանով, որ այսպիսի գաղափարները կարող են “ծեծված” կամ իդեալիստական համարվել, դրանք, այնուամենայնիվ, կարող են գործել, եթե հասկանանք լեզուն իբրև կեղծարար ուժ օգտագործելու վտանգները և եթե սովորենք` ինչպե’ս լեզուն կարող է վեր հանել միլիոնների հանապազօրյա իրական տառապանքների պատճառ հանդիսացող հիմնախնդիրներիը: Իսրայելցիների անելիքը քար նետող պաղեստինցու հանդեպ այս սարսափը բացելն է, իսկ լրատվամիջոցների և ուսումնասիրողների գործն է նետողի նպատակը մեկնաբանելը` թեև մեկնության տարբեր գործիքներով: Տառապանքի ու պատերազմի լեզուն պետք է գլխի վրա շրջվի, որովհետև ատելության ու պառակտման հրահրիչ լեզուն չի մնում աշխարհագրական տարածքի սահմաններում: Բոլոր լեզուների պես, քաղաքական խոսքըª ուղղված արաբներին կամ մուսուլմաններին (կամ ըստ կարծրատիպի տված կտիª նրանց նմանվողներին) վարակիչ է և սպանում է` անկախ նրանից, թե դա Ջուդիթ Միլլերի ու Դոնալդ Ռամսֆելդի ստերի վրա հիմնված պատերա±զմ է, թե± ամերիկացիների` դրան հետևած գործողությունները, որ սեպտեմբերի 11-ից քիչ անց սպանեցին “արաբանման” մարդկանց32: Սայիդը պակաս լավատես է Պաղեստինում տառապանքի լեզվի վերահառնեցման նկատմամբ.
“Տառապանքի և կոնկրետ ամենօրյա կյանքի լեզուն կամ առևանգված է կամ այնպես այլասերված, որ, ըստ իս, անօգուտ է, զուտ հնարանք լինելուց բացի, քողարկելու ցավագին տանջանքն ու սպանությունը` դանդաղ, քմահաճ, անհողդողդ: Դա պաղեստինցիների տառապանքի ճշմարտությունն է” (“Մանրամասն պատիժ”):
Քանի որ ընկերային հարաբերությունները Պաղեստինում այսքան դաժան են, Սայիդը մի հուսահատեցնող պատկեր է մատուցում, ուր լեզուն տեղ չունի կամ առնվազն անզոր է: Համաշխարհային մեծապես կոռումպացված լրատվամիջոցներում իշխող “կեղծ լուրեր” թողարկելու և լռեցնելու ամբողջատիրական ձևերի հետ համաձայնության գալով է, որ գալիս ենք վերջապես տեսնելու, թե ինչու են շատ ուրիշներ հրաժարվում բառերից: Դադարում են գրել, կարդալ, ուսանել ու քար են վերցնում: Կամ դիմում են շատ ավելի պայթուցիկ միջոցի: Սայիդի ժառանգությունը խնդիր է դնում մեզ` տառապող պաղեստիցիների լեզվի և գործողությունների միջև ճեղքվածքը հետազոտելու, որպեսզի մենք, իբրև ուսյալներ, կարողանանք այդ քարերն ու ռումբերը և նրանց զուգակցվող տառապանքները փոխարկել բառերի, որ համահունչ են ճշմարտությանը:
Ծանոթագրություններ
1″Նյու Յորք թայմսը” տպագրեց հետևյալ երկու ճշտումները.
Ճշտում` 2001-ի մարտի 13, երեքշաբթի
Պատկերով գլխագիրը կիրակնօրյա ՙArts & Ideas՚-ում կից հոդվածով Վիենայի Ֆրոյդ ընկերության կողմից Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Սայիդի դասախոսությունը հանելու մասին ընկերության անդամների` նրան քար նետելիս լուսանկարված տեսնելուց հետո, սխալ է ներկայացնում նրա թիրախը: Նա իսրայելական պահակատունն էր նշան առել Լիբանանի սահմանին, ոչ` իսրայելցի զինվորներին:
2 “Նյու Յորք թայմսի” Ճշտումը հետևյալն է.
Ճշտում` 2003-ի հոկտեմբերի 1-ը, չորեքշաբթի
Կոլումբիայի համալսարանի գրականության մասնագետ և Պաղեստինի պետության դատը պաշտպանող Էդուարդ Ու. Սայիդի ուրբաթ օրվա մահախոսականում սխալ էր նշված նրա մանկության քաղաքը և Երուսաղեմի հրեական և արաբական մասերի տրոհվելու տարեթիվը: Չնայած Պրն. Սայիդը ծնվել է 1935-ին Երուսաղեմում, նրա ընտանեկան տունը Կահիրեն էր, նրանք Երուսաղեմից չեն մեկնել: Երուսաղեմը տրոհվեց 1949-ին, ոչ` 47-ին:
Մահախոսականում շփոթված էր նրա վերջին գիրքը` ՙՖրոյդն ու ոչ-եվրոպացին՚ (Քրիստոֆեր Բոլասի և Ժաքլին Րոզի հետ), (Վերսո Բուքս, 2003): ՙՈւնեզրկման քաղաքականությունը՚ տպագրվել է 1994-ին (Պանթեոն):
3 Բերնստայնը գրում է.
“Ըստ իմացածիս` քարը որևէ մեկին չէր ուղղված, որևէ օրենք չէր խախտված, պատահար չէր եղել, ոչ մի քրեական կամ քաղաքացիական գործողություն պրոֆեսոր Սայիդի նկատմամբ չի կիրառված”` Ջոնաթան Ր. Քոլը` հետագայում ռեկտորն ու ֆակուլտետների դեկանը, բաց նամակում գրեց Կոլումբիայի ուսանողական կառավարությանը և ուսանողական թերթին:
4 Բերնստայնը գրում է.
Բայց դոկտոր Սայիդը ավելի քննադատական էր Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ, արաբական աշխարհին նրանց մոտեցմանը, քան արաբների և նրանց առաջնորդների հանդեպ”:
5 Ուեյները Սայիդին մեղադրեց Երուսաղեմում Սբ. Գեորգի դպրոցը հաճախած չլինելու համար:
6 Քրիստոֆեր Հիթչենի “Որտեղ երկուսը պետք է հանդիպած լինեին” (The Atlantic Monthly , սեպտեմբեր 2003) գործը “Օրիենտալիզմ”-ի նոր հրատարակության Սայիդի ներածության քննադատությունն էª մարզված Միացյալ Նահանգների կողմ դիրքերում Միացյալ Նահանգների վարած նվաճման Սայիդի քննադատության դեմ, ուր վերջինս գրում է. “Այդ ընթացքում պատմության անչափելի նստվածքները, որ ներառում են անհամար պատմություններ և ժողովուրդների, լեզուների, փորձառության ու մշակույթների շշմեցուցիչ բազմազանություն, այս բոլորը մի կողմ են քշվում կամ արհամարհվում` տրվելով ավազակույտին անիմաստ դրվագների վերածվող գանձերի հետ մեկտեղ, որ Բաղդադի գրադարաններից ու թանգարաններից են տարվել: Իմ կռվանն այն է, որ պատմությունը կառուցվում է կանանց ու տղամարդկանց կողմից այնպես, ինչպես կարող է քանդվել, վերագրվել, մշտապես լռությունների ու խուսափումների հետ, մշտապես պարտադրվող ձևերի ու հանդուրժվող ավերումների հետ, այնպես որ “մեր” Արևելքը, “մեր” Արևմուտքը դառնում է “մերը” տիրելու և առաջնորդելու”:
7 Իր “Ամերիկան ատող պրոֆները” հոդվածում այս ցուցակում են ներառված Նոամ Չոմսկին, Թոմ Նագին, Մազին Քամսիեհը, Էրիկ Ֆոները, Ջիմ Րեգոն: Այլ տեղ Փայփսը կիրառում է իր այս “ջատագովներ” (ապոլոգետներ) եզրույթը ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի առնչությամբ` Էրիկ Ֆոների, Րաշիդ Խալիդիի, Գարի Սիքի, Ջորջ Սալիբայի, Ջոզեֆ Մասադի և յուրաքանչյուրի համար, ով մերժում է, որ ՙջիհադը որևէ ռազմական իմաստ ունի՚ (ՙՆամակներ խմբագրին. ջիհադն ու պրոֆեսորները՚):
Իր ցանցակայքում Դանիել Փայփսը ( danielpipes.org ) “Կրթանոցի հսկիչը ու Մերձավորարևելյան ուսումնասիրությունները փրկելիս” տեքստում սահմանում է “ջատագովները” որպես. “Մասնագետները ընդհանրապես խուսափում են իրենց տարածքին վատ անդրադարձող նյութերից, ինչպես օրինակ` Սադամ Հուսեինի ռեպրեսիաները Իրաքում, մուսուլմանական հակասեմիթիզմը և ստրկությունը Սուդանում: Վերջերս MESA-ի նախագահը հորդորեց չուսումնասիրել այն, ինչ ինքը անվանեց “ահաբեկչաբանություն”: Մասնագետները երբեմն ակտիվորեն խաբում են, օրինակ, ժխտելով, որ ջիհադը պատմականորեն նշանակել է հարձակողական պատերազմ”:
8 Տես Ա.Օ. Սքոթի հոդվածը Սլեյթում ՙԷդուարդ Ու. Սայիդ.”պաղեստինյան պահպանողականները” (1999, հոկտեմբերի մեկը):
9 campus-watch.org ցանցակայքում գրված է “Կրթարանի հսկիչը, Միջին Արևելքի Ֆորումի նախագիծը վերանայում ու քննադատում է Միջին Արևելքի ուսումնասիրությունները Հյուսիսային Ամերիկայում կատարելագործելու նպատակով: Նախագիծը հիմնականում հինգ խնդրի է ուղղված` վերլուծական ձախողումներին, գիտության ու քաղաքականության միախառնմանը, անհանդուրժողականությանը այլընտրանք հայացքների հանդեպ, ջատագովությանը և ուսանողների նկատմամբ իշխանության չարաշահմանը: “Կրթարանի հսկիչը” ամբողջովին հարգում է իր ընդդիմախոսների խոսքի ազատությունը` պնդելով իր սեփական ազատությունըª մեկնաբանելու նրանց խոսքերն ու արարքները”:
10 Ինչպես մեջբերվում է Փայփսի “Ջիհադն ու պրոֆեսորները” գործում, Զայեդ Յասինը 2002-ի հունիսին ասել է. “Ջիհադը իր ամենաճշմարիտ ու ամենամաքուր ձևով, որին մուսուլմանները ձգտում են, վճռականությունն է արդարն ու ճիշտն անելու, նույնիսկ սեփական շահերի դեմ: Դա անհատական պայքար է անձնական բարոյական վարքի համար: Հատկապես այսօր այն պայքար է տարբեր մակարդակներում` ինքնամաքրման ու տեղյակ լինելու, հանրային ծառայության ու ընկերվարական արդարության: Գլոբալ մասշտաբով, դա բոլոր տարիքների, գույների ու հավատքի մարդկանց ներառող պայքար է Մեծ Որոշումները վերահսկելու համար` ոչ միայն ով է վերահսկում հողի որ տարածքը, այլև ով է դեղորայք ստանալու, ով` սնունդ”: Փայփսը այսպես է պատասխանում այս խոսքին. “Լրատվական միջոցներով համալսարանական այս մասնագետների հավաստումների քննումից հայտնաբերեցի, որ նրանք հակված են ջիհադի երևույթը նման ձևով պատկերելու, միայն դուրս է գալիս, որ պատկերը կեղծ է”:
11 Pipes, Daniel. Why the Japanese Internment Still Matters, New York Sun (December 28, 2004) and The Enemy Within and the Need for Profiling�, New York Post (January 24, 2003).
12 A Strongman for Iraq, New York Post. (April 28, 2003).
13 The Muslims are Coming! The Muslims are Coming! National Review (November 19, 1990)
14 The Snipers: Crazy or Jihadis? New York Post. October 29, 2002.
15 Beltway Snipers: Converts to Violence? New York Post. October 25, 2002.
16 Read Pipes �Columbia University vs. America at danielpipes.org
17 William Hughes� article �George Wil: War Pimp. Counterpunch. 24 September, 2002.
18 Ամերիկյան համալսարանականներին ուղղված այս օրինագծի մտահոգող հիմնական կետերը հետևյալն էին.
Վեցերորդ բաժինը մասնավորում է անկախ Միջազգային Բարձրագույն Կրթության Հանձնաժողովը, որը կներառի ազգային անվտանգության գործակալությունների երկու անդամ: Այս խորհրդի անելիքների մեջ է մտնում հանձնարարականների կազմումը ՙՎեցերորդ կետի ծրագրերի բարելավման, մայրենի անվտանգության պահանջներին առնչվող ազգային կարիքների ավելի լավ արտացոլման, միջազգային կրթության, արտաքին գործերի և օտար լեզուների ուսուցման համար՚:
Յոթերորդ բաժինը մասնավորում է պահանջներª Վեցերորդ կետի հաստատությունների համար Դաշնային Կառավարության գերատեսչությանը ուսանողներին հավաքագրելու հնարավորություն և ուսանողներին հավաքագրելու տեղեկություններ տալու համար:
Ութերորդ բաժինը Կրթության Քարտուղարին և Միջազգային խորհրդատու հանձնաժողովին հանձնարարում է ուսումնասիրել “օտար լեզուների ժառանգորդ համայնքները” ԱՄՆ-ի ներսում “մասնավորապես այն համայնքները, որ ներառում են ԱՄՆ ազգային անվտանգությանը քննադատական լեզուներով խոսողներին”:
19 633, C բաժնում ասվում է.
“Հանձնաժողովին արտոնվում է ուսումնասիրել, վերահսկել ու գնահատել այս կետում ամրապնդվող գործունեությունների մի օրինակ, Քարտուղարին և Կոնգրեսին հանձնարարականներ մատակարարելու, կետի ծրագրերը բարելավելու և կետի նպատակներին ծրագրերի համապատասխանությունը հավաստելու համար: Հանձնաժողովի հանձնարարականները կարող են բարելավման կարիք ունեցող ցանկացած բնագավառի ուղղված լինել, միայն թե առանձնահատուկ օրինագծի հանձնարարականը կոնգրեսին պետք է արվի այն դեպքում, եթե նախագահը դա անհրաժեշտ ու նպատակահարմար գտնի”:
20 Խորհրդատու Հանձնաժողով, C բաժնում գրված է.
“Վեցերորդ կետի D բաժինը ճշգրտված է 632 բաժնից հետո մտցնելով հետևյալ նոր բաժինը՚ և նմանապես 621-ը: (F) ՙՀանձնարարականներ տվեք` ինչպես գրանտ ստացող բարձրագույն կրթության հաստատությունները կարող են ուսանողներին քաջալերել ծառայելու ազգին և ազգային կարիքներին համապատասխանել արտաքին գործերում, միջազգային գործարարության, օտար լեզուների կամ ազգային անվտանգության մեջ”:
21 “Նյու Յորք թայմզի” լրագրող Ջուդիթ Միլլերը հորինել է “Զանգվածային ոչնչացման զենքերի ծրագրի” պատմությունը Միքայել Ր. Գորդոնի հետ` մեջբերելով “անանուն ամերիկյան պաշտոնյաների” և “ամերիկյան հետախուզության փորձագետների”, որոնք հայտարարել են, թե մետաղական խողովակները Իրաքի համար նախատեսված էին միջուկային նյութերը հարստացնելու. “Իր միջուկային հավակնությունների Պրն. Հուսեինի համառ պնդումը, գումարած այն, ինչ հարցազրույցներում դեֆեկտորները նկարագրում են իբրև Բաղդադի քիմիական ու բիոլոգիական զինանոցների կատարելագործման և ընդարձակման մղում, կանգնեցրին Իրաքն ու ԱՄՆ-ն պատերազմի եզրին” (2002, սեպտեմբերի 7): Այս փաստազուրկ պատմության հրապարակումից հետո, Դոնալդ Ռամսֆելդը, Քոնդալիզա Ռայսը և Քոլին Փաուելը հայտնվեցին հեռուստաէկրանին` մատնանշելով Միլլերի պատմությունը որպես Իրաքի դեմ Միացյալ Նահանգների պատերազմի ելնելու հիմք:
22 Դուգլաս Ջեհլսի ՙզեկույցն ասում է Սպիտակ տունը անտեսեց Իրաքի վերաբերյալ ԿՀՎ-ի քաոսը՚ (2005-ի հոկտեմբերի 12-ի “Նյու Յորք թայմզ”):
23 Մայքլ Մասինգի “Հիմա մեզ ասում են” (New York Review of Books, փետրվարի 26, 2004) քննարկում է անտեսված հետախուզության և Իրաք երկրորդ ներխուժմանը աջակցող հորինված լրագրության խնդիրը. “Իմ գործը կառավարության տեղեկությունը քննելը և հետախուզության անկախ վերլուծող լինելը չէ: Իմ գործը Իրաքի զինանոցի մասին կառավարության մտածածը ՙՆյու Յորք թայմզի՚ ընթերցողներին պատմելն է”:
24 Փայփսը գրում է. “Երբ սունիները շիաներին են հարվածի տակ առնում և հակառակը, պակաս հավանական է, որ ոչ-մուսուլմանները վիրավորվեն… Իրաքում քաղաքացիական պատերազմը, կարճ ասած, կլինի հումանիտար ողբերգություն, բայց ոչ ռազմավարական (ՙՔաղաքացիական պատերազմը Իրաքում”, Jerusalem Post, 2006, մարտի մեկը):
25 Ջորջ Ու. Բուշի հայտնի հայտարարության վերաբերյալ. “Կամ դուք մեզ հետ եք, կամ մեր դեմ”:
26 Հարիսի ինտերակտիվ հարցումը հայտնաբերեց, որ ամերիկացիների 54 տոկոսը “հակված են լրատվամիջոցներին չհավատալու” (2008), Հանրության և մամուլի հետազոտոտությունների Փյու կենտրոնը հայտնաբերեց, որ ամերիկացիների միայն մեկ երրորդն է վստահում կառավարությանը:
27 Միքայել Մաուսիգի հետ հարցազրույցում Միլլերն հանրահայտորեն ասաց. “Իմ գործը կառավարության տեղեկությունը քննելը և հետախուզության անկախ վերլուծող լինելը չէ: Իմ գործը Իրաքի զինանոցի մասին կառավարության մտածածը ՙՆյու Յորք թայմզի՚ ընթերցողներին պատմելն է”:
28 Ստեֆըն Քոլբըրթը սատիրական լուրերի հաղորդում է հյուրընկալում, ուր նա կրկնօրինակում է աջթևյան հաղորդավարին, հաճախ “ճշմարտոտություն” բառը օգտագործելովª նկատի ունենալով ոչ թե փաստը, այլ նկարագրելու այն, ինչ մարդը հայտարարում է, թե գիտի ինտուիտիվ ձևով, “աղիներով”, առանց փաստերի, առանց մտավոր ճանաչման կամ քննարկման:
29 Սայիդը շարունակում է. “Նյու Յորքի ու Ուաշինգթոնի ինքնասպան ռմբարկուները, թվում է, միջին դասից են, կրթված մարդիկ, ոչ` աղքատ փախստականներ: Կրթությունը, զանգվածային մոբիլիզացիան և նպատակի ծառայելու ունակ կազմակերպումը ընդգծող իմաստուն առաջնորդություն ստանալու փոխարեն` խեղճերն ու հուսահատները հաճախ քշվում են դեպի մոգական մտածողություն ու արագ արյունալի լուծումներ, որ տալիս են ստող կրոնական ճռճռոցով պատված այդպիսի ահավոր մոդելները: Սա ճիշտ է ընդհանրապես` Մերձավոր Արևելքի, մասնավորապես` Պաղեստինի, բայց նույնպես Միացյալ Նահանգների` վստահաբար բոլոր երկրներից ամենակրոնականի համար: Աշխարհիկ մտավորականների դասի գլխավոր ձախողումներից է իրենց ջանքերը չկրկնապատկելը վերլուծություններով ու մոդելներով վեր հանելու իրենց ժողովրդի խոշոր զանգվածի անհերքելի տառապանքները, նսեմացված և աղքատացված գլոբալիզմից և աննահանջ միլիտարիզմից` դիմելու որևէ բան հազիվ ունենալով, քան կույր բռնությունը և ապագա փրկության աղոտ խոստումները”:
30 Սայիդը գրում է կայսրությունների միջև զուգահեռների մասին. ՙԵկեք այլևս չընդունենք գաղափարախոսական դեմագոգիան, որ թողնում է լեզուն ու իրականությունը իբրև Ամերիկայի կամ, այսպես կոչված, Արևմտյան հեռանկարի միակ ունեցվածքը: Բանի միջուկը իհարկե կայսերականությունն է, որ (վերջին հաշվով տափակ) ինքնաստանձ առաքելությունն է` հանուն արդարության և առաջընթացի աշխարհը ազատել Սադամի պես չար ֆիգուրներից: Իրաքի զավթման և ահաբեկչության դեմ Ամերիկայի պատերազմի ռևիզիոնիստական արդարացումները դարձել են ավելի վաղ քանդված կայսրության` Բրիտանիայի ամենաքիչ ցանկալի ներմուծումըª տրամասությունը պղծելով, պատմությունն ու փաստերը աղավաղելով տագնապալի սահունությամբ (ՙԵրազներ և Ցնորքներ՚):
31 Սայիդը նշում է. “Տարբերությունն այն է, որ հրեաները հայտարարում են, որ իրենց հարաբերությունները Պաղեստինի հետ 3000 տարվա են, և որ իրենք տեղահանվել, աքսորվել են այնտեղից 2500 տարի առաջ: Սակայն պաղեստինցիների դուրս մղումը Պաղեստինից երեկ սկսվեց: Մենք չպետք է մոռանանք, որ պաշտոնական սիոնիստական պատմությունը հիմնված էր սփյուռքի և անընդհատ աքսորի գաղափարի վրա. այս պատմությունը բազում առասպելներ է օգտագործում: Ըստ իս` որպես պաղեստինցիներ մենք պետք է խուսափենք առասպելներից, և կարծում եմ, որ որպես մտավորականներ մենք պետք է սևեռվենք պատմական, կոնկրետ փաստերին` հրաժարվելով առասպելաբանական չափողականությունից: Չեմ կարող ընդունել, թե պաղեստինյան փախստականները հավետ փախստական պիտի մնան: Ես նրանցից եմ, ով մտածում է, որ իրատեսական լուծում չի լինի` պաղեստինցիների ներկա իրավիճակին չվերաբերվել իբրև փախստականների: Այսպիսով, հարցը հետևյալն է` հնարավո±ր է արդյոք մեր անցյալը վերակենդանացնել ու պատմությունը վերականգնել մինչև 1948-ը: Կասկածում եմ: Մենք կորուստ ենք ունեցել, կարելի է ասել, որ մեր ժողովուրդը ժամանակավորապես տանուլ է տվել ճակատամարտը: Հարց է, թե ինչ չափով: Ես չեմ կարծում` որևէ մեկը ներկայում այդ հարցի վերջնական պատասխանն ունենա: Մեր անելիքը այդ կորուստը սահմանափակելն է” (“Էդուարդ Սայիդը քննարկում է օրիենտալիզմը”):
32 Սայիդը մեկնաբանում է. “Գիտուններն ու հեռուստավարները անվերջ անդրադառնում են իսլամի դեմ “մեր” պատերազմին, և այնպիսի բառեր, ինչպես “ջիհադ” և “ահաբեկչություն”, ծանրացրել են հասկանալի վախն ու զայրույթը, որ ամբողջ երկրով լայնորեն տարածված է թվում: Երկու հոգի (մեկը` սիքխ) արդեն սպանվել են գազազած քաղաքացիների կողմից, որոնք կարծես քաջալերված են այնպիսի արտահայտություններով, որ Պաշտպանության դեպարտամենտի պաշտոնյա Պոլ Ուոլֆոուիցինն է, որը բառացիորեն մտածում է “վերջացող երկրներ” ու “մեր թշնամիներին միջուկահարենք” կապակցությունով: Հարյուրավոր արաբ ու մուսուլման խանութպաններին, ուսանողներին, հիջաբ-ացված կանանց և սովորական քաղաքացիներին նետվել են վիրավորանքներ, մինչ ամենուր ցցվող վահանակներն ու գրաֆիտի հայտարություները ազդարարել են նրանց վերահաս մահը” (2001, 1):
Մեջբերված գրականություն
“Collective Passion”. Al Ahram Weekly. September 20-26, 2001.
Aijaz, Ahmed. “Orientalism and After.“ In Theory: Classes, Nations, Literature. London: Verso, 1992.
Bernstein, Richard. “Edward Said, Leading Advocate of Palestinians, Dies at 67.” The New York Times. 25 September, 2003.
Bernstein, Richard. “Edward Said, Leading Advocate of Palestinians, Dies at 67.” The New York Times. 26 September, 2003.
Jarah, Nouri. “Edward Said Discusses “Orientalism”, Arab Intellectuals, Reviving Marxism and Myth in Palestinian History.” Aljadid Magazine. Vol. 5, no.28 (Summer 1999).Michael Massing, “Now They Tell Us,” New York Review of Books, February 26, 2.
Said, Edward. Covering Islam: How the Media and the Experts Determine How We See the Rest of the World. New York: Pantheon, 1981.
—. “Dreams and Illusions” Al Ahram Weekly. August 21-27 2003.
—. Orientalism. New York: Pantheon, 1978.
—. “Punishment by Detail” Al Ahram Weekly. August 8-14 2002.
—. “The Meaning of Rachel Corrie: Of Dignity and Solidarity”, CounterPunch. (June 12, 2003).
—. “Together We Stand.” The Guardian Weekly, 20-26 September, 2001.
Smith, Dinitia. “A Stone’s Throw is a Freudian Slip.” The New York Times. 10 March, 2001.
Weiner, Justus Reid. “My Beautiful Old House and Other Fabrications.” Commentary. (September 1999).