Պոեմ երեք մասից
Նախաբան
Կամիք գովել` դուք` Երեւան
Չունի մէկ գովելու պատճառ
Հաւէն վնաս որպէս զհուր,
Ջերմ և կանանչ աղտեղի` ջուր,
Գորտի քաք է և փիս փրփուր,
Որպէս ծառի ժանգ և թրթուր…
Հաւուզի փող տաս մէկ բուռն,
Հարկիզ մէկն չառնիլ ձեռն,
Աչքն կոխես շամփուրի կեռն,
Խմեցնես էշի շեռն:
(Նաղաշ Հովնաթան, ՙԳովաբանութիւն Երեւան քաղաքի՚ , 18-րդ դարի սկիզբ)
Անցյալդ
Դու շատ պարծեցար
Հռոմից հին լինելովդ,
2700-ամյա պատմությամբդ,
սակայն առաջին 2600 տարիներից գրեթե ոչինչ չունես շոշափելիք,
ծննդական Էրեբունիդ արևի ու անձրևի տակ
մեռնում է կանգնած,
(ավելի լավ չէ՞ր լինի էլի հողի տակ մնար),
նրա կապույտ որմնանկարների նախշերը
փերթ-փերթ թափվում են աչքիդ առաջ
կապույտ արցունքների պես,
իսկ հազարամյա պատերը նոր նախշեր են ստանում`
անմահացնելով զանազան Արսենների ու Վալոդների:
Մինչդեռ կարող էիր լինել
պատմական դեմք ունեցող մի յուրօրինակ քաղաք,
եթե թշնամի թե ՙբարեկամ՚, ժամանակ թե բնություն
պարբերաբար իր սրբագրումն ու խմբագրումը չկատարեր
քո բազմաչարչար դեմքին, ծոցին, փորին:
Չէ, այստեղ չեմ հիշի հին մեռելներիդ`
աշտարակդ, հին կամուրջդ,
քանդված տասնյակ եկեղեցիներդ,
կոկլիկ-սիրունիկ տներդ:
Ողորմի տամ իմ աչքով տեսածներին,
ծոցիցդ ջնջված նորոգ հանգուցյալներիդ:
Նախևառաջ ողորմի տամ կանաչ գոտիներիդ,
մի ժամանակվա պտղավետ քաղաք,
որ քիչ-քիչ դառնում ես կիսաանապատ,
հիմա քո վարդագույն շենքերի տասներորդ հարկում
նոր բնակիչներ կան` ի դեմս դեղին կարիճների:
Ողորմի տամ Հրազդանի ձորդ,
մի ժամանակվա հանգստի ուրախ գոտին`
վայրի բնություն քաղաքի սրտում,
որ դարձել է անթիվ ՙօբյեկտների՚ կույտ,
մոթելներ (իմա` բորդելներ), խելքից-մտքից թանկ ռեստորաններ,
իսկ Աբովյանի Զանգիից մնացել է մի պղտոր լղլղան առու:
Ողորմի տամ իմ մանկության Թումանյանի այգին,
որի շատրվանների մեջ լողացել եմ
և ուռենիների տակ դասարանով ղժժացել ուրախ-անհոգ,
իսկ հիմա ո՜չ շատրվան, ո՜չ ուռենի, ո՜չ ծաղիկներ,
Լոռեցի Սաքոյի (ու Տորք Անգեղի) արձանները մաս-մաս են արվում`
արժեքավոր մետաղանյութ:
(Խեղճ Սաքոն գժվեց ևս մեկ անգամ):
Ողորմի տամ անհետացած սպայի տունդ,
որ շատ առաջ Ջանփոլադյան թատրոնն էր,
որտեղ նույնիսկ Ճապոնիայից էին գալիս ելույթների:
Ողորմի տամ զդիսկոտեկդ, անվանյալ ՙՄոնթե Քրիստո՚,
միակ տեղը այս քաղաքում,
ուր իսկապես կարելի էր լիցքաթափվել`
պարելով առանց քյարթերի գայլային հայացքները վրադ սևեռելու:
Ողորմի տամ զկուկուռուզդ1,
որը չքվեց մեր աչքի առաջ,
մերօրյա հայ երիտասարդությունն այժմ ուրիշ պալատների է կարոտ:
Ողորմի տամ հին պատմական փողոցներդ,
որի բնակիչներին չնչին գրոշներ նետելով
հրով ու սրով դուրս արեցին իրենց պապենական տներից:
(ՙ-Սա այլևս Երևանը չէ: Սա մեր քաղաքը չէ: Չեմ ասում ավելի լավն է, կամ ավելի վատն է, բայց այլևս այն չէ:
– Նորմալ է, աշխարհի բոլոր քաղաքներն էլ զարգանում են և նոր դեմք են ստանում:
– Բայց ինչո՞ւ չպահպանել եղած լավը: Ինչո՞ւ նորը ստեղծել` եղած արժեքավորի հաշվին՚):
Ողորմի տամ…
Իսկ Լոս Անջելեսում երբեմնի երևանցիները
հին Երևան թաղ են հիմնում:
(ՙԵրևանը միանգամայն նոր քաղաք է Լավ կլիներ հին քաղաքի մի փոքր մասը պահպանել, որ երիտասարդությունը և ինձ նման օտարերկրացիները կարողանային հինը համեմատել նորի հետ՚:
Գունար Սվանդրեմ, շվեդ մտավորական (ՙՍովետական գրականություն՚ ամսագիր, 1965, թ. 4)
Ողորմի տամ…
(Հերթական զոհերի թեկնածուները գնալով նվազում են):
Ներկադ
Հեյ, ջան, Երևան,
Ոսկորներդ կերևան:
(ժողովրդական)
Կարմիր արևից ընկած Քաղաք ջան,
ո՞վ քեզ չար աչքով տվեց,
հիմա ինչքան էլ հարայ տամ,
էլ վրեդ մեր ու քուր չի գա,
վա՛խ, վրեդ մեր ու քուր չի գա…
(Վիոլետ Գրիգորյան, ՙՔաղաքը՚)
Ավա՛ղ զԵրևանն ասեմ,
որ մաֆիայի ձեռքն է ընկել գերի,
որ քանդվում է օրը ցերեկով`
ի շահ ոմանց գրպանի, վզի և փորահետույքի հաստացման:
Ու մնում է սոսկ ողբամ
ոռնացող անճաշակությունը քո նոր դեմքի:
Ողբամ բետոնե
անճոռնի շինություններդ,
համատարած կարկատաններդ,
մեծամոլությունդ,
ճարտարապետական ռիթմդ խաթարված,
ռաբիսության բույն սրճարաններդ,
ալաֆրանկա խուճուճ-մուճուճ ցուցանակներդ,
ամեն քայլափոխի բռնաբարվող հայոց լեզուդ,
անհոգի և անոգի էությունդ,
ողբամ տգեղ արձաններդ
ու հատկապես ձիարձաններդ:
Ողբամ ուզբեկական խալիդ,
որ փռեցիր հրապարակիդ կենտրոնում`
ամիսներ շարունակ քանդուքարափ վիճակում պահելուց հետո:
Ողբամ այսպես կոչված Հյուսիսային պողոտադ`
ցեմենտ-բետոնային անապատդ իր հաստկեկ շենքերով:
Ողբամ այսպես կոչված Լաս-Վեգասդ`
հղփացած սպասարկուն ազգաշեն խաղամոլներիդ,
մինչ մի քանի մետր այն կողմ` խղճուկ հյուղակներ:
Ողբամ այդպես էլ երբեք ձյունից չմաքրվող մայթերդ,
որոնց վրա ամեն օր գայթում են քո երջանիկ քաղաքացիները:
Ողբամ օրը ցերեկով այրվող տներդ,
որոնց բնակիչներին այլ կերպ հնարավոր չէր վռնդել`
նրանց շահավետ տարածքին տիրելու համար:
Ողբամ անորակ ՙէլիտար՚ շենքերդ,
որ թանկ-թանկ վաճառում ես սփյուռքահայ հայրենաբաղձներին,
որոնք մնում են հայրենաշիվար` պարբերաբար կրկնվող ջրհեղեղներից
և էլիտար տան այլ բարիքներից:
Ողբամ այդպես էլ անտեսված թաղամասերդ ու արվարձաններդ,
որտեղ ժամանակն ասես կանգ է առել,
որոնց Լինսի հիմնադրամից բաժին չհասավ ոչ մի լումա:
Ողբում եմ քեզ, քաղաք-ուրվական:
Ողբամ բակերդ, լի աղբով ու հետամնացությամբ,
գյուղական բարքերդ և ՙքաղաքացիներիդ՚:
(Ոմանք վատացել էին,
երբ իմ ՙԵրևան՚ բանաստեղծության մեջ
ես Երևանն անվանել էի մայրագյուղ:
Այն օրը, երբ իմ հագուստ-կապուստի վրա
Աբովյան փողոցում սևազգեստ քաղաքացի հայ տղեքը
արձագանքեցին ճիփ-ճիշտ նույն կերպ,
ինչպես ամիսներ առաջ` Նորադուզի սևազգեստ հայ տղեքը,
ես հասկացա, որ Երևանը մեր մայրագյուղն է):
ՙ- Ինչո՞ւ եք այսքան բարձր գին ուզում այս բնակարանի վարձի համար,-հարց է տալիս համեստ բնակվող մի ֆրանսահայուհի: – Այդ գնով ես Փարիզի կենտրոնում կարող եմ մնալ:
– Բայց Փարիզի քո պատուհանից Մասիս սարը չես տեսնի,- նետում է հղփացած ՙգործարարը՚:
– Բայց ոչ էլ այս աղբանոցները կտեսնեմ…՚:
Իսկ քաղաքացիներիդ մի մասը
կշարունակի հպարտանալ Հռոմից հին իր քաղաքով,
կհայտարարի, որ իրենց քաղաքն է ամենալավն աշխարհում,
որ Երևանը փոքրիկ Փարիզ է,
կասի ՙԹիֆլիսն ինչ քաղաք է՞ որ՚
և ուրախ շուրջպար կբռնի ժանտախտի այդ օրերին:
Ապառնիդ
Հե՛յ, երևանցիներ,
երևակայեցեք,
Երևանը
երևաց
երևի
(Վաչե քավոր)
Բայց քանի որ ժառանգել եմ
վիրուսն ազգային լավատեսության
(ինքնախաբեությա՞ն),
ուզում եմ դարձյալ ու դարձյալ հավատալ,
որ այս փրփուրն էլ կգա ու կանցնի:
Ուստիև
դառնամ փառաբանեմ
այն ղեկավարներիդ,
որ դեռ չեն ծնվել, չէ, չեն էլ բեղմնավորվել,
որոնք քեզ վրա չեն նայի որպես յուղոտ մի պատառի,
որոնք կդադարեն քեզ բզկտել և իրենց արևին գեղեցկացնել,
որոնք կամոքեն ցավերդ ու վերքերդ,
որոնք կսրբեն փոշիդ ու կեղտդ,
որոնք ծառ կտնկեն, շատրվան կբացեն,
որոնք իրենց թևի տակ կառնեն բնակիչներիդ,
որոնք կվերականգնեն քո պատմական դեմքը,
քո աղարտված պատմական դեմքը,
ախ, քո բացակա պատմական դեմքը:
Դրա համար էլ
թքել-հեռանալը,
Փոքր Մհերի պես քարի մեջ փակվելը,
Լոս Անջելեսում կամ Սիդնեյում նստած
ազգապահպանություն քարոզելը
կամ հեռվից վայ տալն ու հարայ կանչելը
հարցը չեն լուծի:
Թող գան, թող գան, թող գան,
մեծ ու փոքր հայեր, ռանգ-ռանգ հայեր,
սևամորթ հայեր, դեղնամորթ հայեր,
սրտացավ հայեր, չհաբռգած հայեր,
ունևոր հայեր, չունևոր հայեր,
աչքը կուշտ հայեր, չնախանձող հայեր,
օրենք ընդունող հայեր, իրենց երկիրը սիրող հայեր,
գան, լցնեն այս անապատը, գործ անեն,
հինը ճիշտ պահեն, նորը ճիշտ ստեղծեն,
երկիրը դառնա երկիր վերջապես,
ազգը դառնա ազգ վերջապես,
հայը դառնա հայ վերջապես,
Երևանն էլ դառնա քաղաք վերջապես:
Քաղաք:
Որից
Կածանցվի
Քաղաքակրթություն
Վերջապես:
Ընդվզում-ընկճախտ
Էքսպրոմտ-շարք` ներանձնական և համազգային
Ազգային արժեքներ
Ծիրանի ծառեր, դուք ռաբիս եք, դուք` դեմոդե,
ձեզ պետք է կտրել, ձեր տեղը բենզալցակայան կառուցել,
ձեզնով չի բարգավաճի վաղվա մեր հայրենիքը:
Կռունկ, մեր աշխարհից գնա՜, հեռացի՜ր,
համ թռչնագրիպ չես բերի,
համ էլ պանդխտության բարդույթներից կազատվենք:
Գորգեր (հատկապես վիշապա), դուք շատ մեծ եք ու ծանր,
ձեզ մաքրել-լվանալը մաս է կազմում համազգային տառապանքի,
պետք է փոխարինվեք ավելի պրակտիկ բաներով:
Կճուճներ ու ժանտափշեր, նախշուն գդալներ ու շերեփներ,
դուք անգործածելի եք ու խիստ ռետրո,
ձեզնով չենք կարող գնալ դեպի արժանապատիվ ապագա:
Տոլմա, քեզ փաթաթելը շատ ժամանակ է խլում,
դու չես հարմարվում fast food2-ի մեր դարաշրջանին.
կեցցեն համբուրգերը և մյուս ախպեր բուրգերները:
Մասուրի հյութ ու մյուս բնական հյութեր,
դե փը՜ղկ եղեք ձեր պառավական իմիջով.
կեցցեն կոկա-կոլան և մյուս ախպեր կոլաները:
Մասիս սար, դու էլ շուտ-շուտ մշուշապատիր դեմքդ,
հոգնել ենք, ամեն տեղ դու ես` Վերնիսաժի նկարներից
մինչև նաիրյան վերջին պոետների հայրենաթսիկ զեղումները:
Լեզու, քեզնով քչերն են խոսում, կարդում ու գրում.
այս մեծ աշխարհում, այս խելագար վազքի մեջ
մի հատ էլ քո զարգացման, քո անաղարտության,
երկու ճյուղերիդ և զույգ ուղղագրության հոգսը պիտի քաշենք,
քեզնով ախր շա՛տ անհարմար է
կրնօրինակել հոլիվուդյան ֆիլմերը
ու բնական գրել ժամանակակից կյանքի մասին.
ճկուն ու բարբարոսիս տեսեք,
քո հարցն էլ պետք է վաղ թե ուշ լուծել:
Թանգարաններ, փոշոտ իրերի պահեստներ, մկների բույն,
ինչո՞ւ բազմեք քաղաքի ճիշտ կենտրոնում,
մի գեղեցիկ օր ձեզ պետք է տշել, փոխարենը`
բիզնես կենտրոն, ռեստորաններ, սաունաներ, խաղատներ,
ժամանակի շունչը դառնանք, թե ուզում ենք, որ մեզ լսեն:
Պատմական շենքեր, այ ձեր հարցը համարյա լուծված-պրծած է,
համ աչքից ենք ազատվում, համ աչքացավից,
հո՞ փոխարենը վեր են խոյանում
երկնասլաց էլիտար շքեղ կառույցներ,
որ թանկ-թանկ կվաճառենք մեր (հայրենաբաղձ) քույր-եղբայրներին,
ջհանդամը, թե մեկ տարուց առաստաղը կծակվի:
Հայր Կոմիտաս ջան,
բայց ախր ինչպե՞ս երգեն քո դիլխոր ու հոգնած երգերը
մեր այս բազմազան, փայլուն աստղերն ու աստղուհիները,
Պեժո քշողը անտունի՞ երգի:
Արամ Խաչատրյան, դու այնքան էլ մեծ չես,
հո իզո՞ւր չեն աշխարհի բոլոր (հրեա) երաժշտագետները
մինչ օրս միաձայն անունդ սևացնում:
Մարտիրոս Սարյան, դու էլ այնքան մեծ չես,
որ միջազգային (մաֆիոզ) աճուրդներում
արևոտ նկարներդ միլիոններով մրճահարվեն:
Սերգեյ Փարաջանով, դու հո բնա՜վ մեծ չես,
թե Սովետի օրոք գեյությանդ համար բանտարկված չլինեիր`
ո՞վ էր ֆիլմերդ բանի տեղ դնելու
Եկեղեցի, դու դեռ մնա, մինչև որ հարցերդ կլուծեն
1700-ամյա հեղինակությանդ հետ խաղացող սպասավորներդ
ու ծլող-ծաղկող ռանգ-ռանգ աղանդները
Դուդուկ Դլեյամանովիչ, դե դու էլ դեռ հնչիր,
քանի Թուփաքի հետ լավ mix3 կարող ես լինել…
Շարունակե՞մ:
Բայց վերջ:
Գնամ մի բաժակ ծիրանի հյութ խմեմ`
քթիս տակ կոմիտասյան երգ դնդնալով:
Ռիսկ
Երկրաշարժային գոտում
ապրել վթարային շենքերում:
Քայլել խարխուլ պատշգամբների տակով:
Անցնել մազե կամուրջներով:
Ականջօղով ֆռֆռալ Երևանում:
Հավ ուտել թռչնագրիպի համաճարակին:
Խմել ժամկետանց դեղեր:
Գնալ բոզիկի` առանց պրեզիկի:
Լինել քաղաքականապես չկոռեկտ:
Սիրել դասական երաժշտություն
Չտարբերակել ավտոների մակնիշները:
Չվախենալ հայրենասեր երևալ:
Եվ 35-ից հետո անգամ
Շարունակել գրել դմբուլիկ քերթվածներ:
Զորօրինակ`
Լազված միջատիկին
Մանրատոտիկ
լուսատտիկ
հերիք խաղաս
դու քարկտիկ:
Չարաճճի
լուսաճճի
թռիր վրայից արճճի:
Հաստաոռիկ
դու կայծոռիկ,
այ ուտես դու
ցավ ու չոռիկ:
Նույն ոգով
ՙԵթե բշտիկ ըլլայիր,
որո՞ւ քիթին կը բուսնէիր՚:
Փարիզից ինձ գրեց խոխմաչ ընկերուհիս:
Եթե բշտիկ լինեի,
Կլեոպատրայի քթի վրա կբուսնեի,
որ նրա հետ հավերժանայի:
ՙԵթէ ոջիլ ըլլայիր,
որո՞ւ գլխուն վրայ կþապրէիր՚:
գրեց ինձ նույն ընկերուհիս:
Եթե ոջիլ լինեի,
քաչալի գլխի վրա կապրեի,
որ ճամփաս չկորցնեի երբեք:
Եվ փարիզցի ընկերուհու ՙբիս՚ հարցը`
ՙԵթէ մժեղ ըլլայիր,
որո՞ւ ոռիկը կը խայթէիր՚,
Եթե մժեղ լինեի,
Ջենիֆեր Լոպեսի ոռիկը կխայթեի.
մեկ է` ապահովագրած է:
Բայց մարդ եմ,
այն էլ հայաստանաբնակ հայ,
հայության բավիղներում,
հավերժ կորցնում եմ ճամփաս,
կյանքս էլ ապահովագրված չէ:
Ֆրանսիական Պոռնիկ քաղաքում
Չլինենք պոռնիկ,
Ունենանք թոռնիկ:
Արամայիս Սահակյան
Ի՛նչ երջանկություն`
ընկերական խմբով
բանից բեխաբար
հայտնվել օվկիանամերձ
Պոռնիկ քաղաքում:
Մեզնից շատերը կյանքում ծով չէին տեսել
ու միանգամից տեսան օվկիանո՛ս:
Այն էլ Պոռնիկի ավազուտ ափին:
Ինչպե՞ս չցնծալ, ինչպե՞ս չգժվել:
Էհ, ֆրանսիացիներ, հերիք զարմանաք
մեր այս խելագար հրճվանքի վրա:
Օվկիանոսից շատ
ձեր այս քաղաքի անվանումը մեզ գերեց ու ցնցեց:
Երբ որ ոտք դրինք Պոռնիկի վրա`
աշխարհը մերն էր:
Անմահացանք խումբ-խումբ
ՙPORNIC CENTRE՚ ցուցանակի մոտ:
SMS-ներ թևածեցին դեպ Հայաստան`
ՙՈղջույններ Պոռնիկից՚:
Ոչինչ, որ չտեսանք
Պոռնիկի պատվավոր քաղաքացիների,
ՙմիսս Պոռնիկ՚ մրցույթի հաղթողին,
և չհանդիպեցինք գոնե մեկ հատիկ
պոռնիկահայի:
Պոռնիկ
3.12.2006
Ամենքն իր զենքով
Աչքներիս կոշտուկ բուսավ,
ամեն քայլափոխի`
ՙՀայոց բանակ – 15՚:
ՙԻմ զենքն իմ երգն է՚`
Թաթա:
ՙԻմ զենքն իմ բռունցքն է՚`
Վիկ Դարչինյան:
ՙԻմ զենքն իմ մեղեդին է՚`
Ջիվան Գասպարյան:
ՙԻմ զենքն իմ ֆլանն է՚,
ՙԻմ զենքն իմ ֆստանն է՚…
Իսկ ի՞նչ պիտ ասեն
երկու ՔՔ-երը`
Քրիսթի Քենյոնն ու Քարինա Քեյը`
հնածագ ու նորածագ
(հնածակ ու նորածակ)
մեր ամերիկահայ
պոռնոաստղե՛րը:
Վերջաբան` ինքնաբուխ արեւմտահայերէնով
(a la Իշխանուհի Ա. Ս.)
Տողերս գրողը
կը մնայ ձեզի հետ`
տակաւին հին համակարգիչով
երբեմն կը գրէ գրիչով
մատիտ կը սրէ սրիչով
ստեպղին կը ճզմէ մամլիչով
կը սրբուէ երեսսրբիչով
ծխախոտ չի վառէր վառիչով
հող չի փորէր բրիչով
չþուտէր բուլկի չամիչով
ճաշ չþուտէր փլաւքամիչով
առանց տնօրէն-վարիչով
առանց Կուբէլեան Մկրտիչով
ոչ ալ absolute pitch4-ով
չէ քալած Sunset beach-ով
չի խօսեր “son of bitch” 5-ով
չի երդուէր Վլատիմիր Իլյիչով
կը բաւարարուէ քիչով
– իսկ ինչո՞վ, ինչո՞վ
այ չոռն իր պինչով…
Ծանոթագրություններ
1 Երիտասարդության պալատը, ժողովրդի մեջ հայտնի որպես ՙկրծած կուկուռուզ՚ (եգիպտացորենի կողր):
2 արագ կերակուր (անգլ.):
3 խառնուրդ (անգլ.):
4 բացարձակ լսողություն (անգլ.):
5 բոզի տղա (անգլ.):