(Նոյեմբերի 1)
Երբ փողոցները վերանվանվում են, ու երբ նրանց անունները փոխվում են մի անունից մեկ ուրիշը, երբ ինչ-որ մի օր ինչ-որ մի նախարարությունում ինչ-որ մի փոխնախարար ստորագրում է ինչ-որ մի փաստաթուղթ, ու ինչ-որ մեկ այլ գրասենյակում, որ հավանաբար գտնվում է քաղաքապետարանի երկրորդ կամ երրորդ հարկում, ինչ-որ մեկ այլ (անանուն) քարտուղար կնքում է այդ փաստաթուղթն իր կապույտ կնիքով, որի մեջ տպագիր տառերով գրված է մի պարզ հրահանգ, կազմված պարզ բառերից, որոնք իրենցից իրոք որ ոչ մի հեղափոխական բան չեն ներկայացնում, այլ պարզապես կրում են պարզագույն հաղորդումª այսինչ փողոցը վերանվանվում է Զարուբյանի, ու մի նոյեմբերյան օր փողոցը, որ գրեթե յոթանասուն տարի շարունակ կրել էր մեկ այլ անուն, հանկարծ վերանվանվում է ոչ թե Եսայանի կամ Կուրղինյանի կամ Տյուսաբի կամ որևէ այլ անվան, այլ հենց Զարուբյանի, վերանվանվում է մեկ օրվա ընթացքում, երբ տվյալ փողոցի մայթերին աճող ծառերը ըստ սովորույթի փոխում են իրենց գույները, ու տեղ-տեղ արդեն տերևաթափ եղած լինելով մերկացնում են փողոցի անվան ցուցանակը, հանկարծ մի օր հարևանության մեջ մեկը նկատում է, որ տերևների հետևում թաքնված (սպիտակ ժանգոտած) ցուցանակն այլևս չի կրում ծանոթ անունը, ու Պլեխանովի անվան փոխարեն հայտնվում է մեկ այլ անուն, որ նույնպես բաղկացած է ութ տառերից, ութ պարզագույն տառեր, որ միասին կազմում են ինչ-որ մեկի անունը. ծագում է մի հարց:
Ժուռնալիստը գրում է լրատվական հոդվածներ ու հետո դրանք անվանում պատմվածքներ, որտեղ նա ընդօրինակում է կյանքում տեղի ունեցող իրական միջադեպեր, լի բովանդակալից ու անհեթեթ դեպքերով, մի խոսքովª (առօրյա) նորությունների կրկնություն, որտեղ էական է բովանդակությունը, որտեղ առանց բովանդակության կորում է հոդվածի էությունը, բայց ժուռնալիստը պնդում է իր տեսակետը, նա գրում է համառորեն, նա տեղ է պահանջում գրականության էջերում:
Ո՞րն է այս նախադասության հասցեն. այն նախատեսված չէր այս էջի համար:
Տեղահանված նախադասություն: Եթե նախադասությունը նախապես դասվելու է, ապա այն դասվելու է ո՞ւմ համար, և արդյոք կարելի՞ է փոխել այդ դասվածքը, կարելի՞ է նախադասության դասվածքը վերադասավորել այնպես, որ այն դառնա հետադասություն, կամ նույնիսկ միջադասություն: Եթե բոլորովին վերադասենք այն, ինչ նախադասվել է մեզ համար, արդյոք կկորցնե՞նք նախադասության բովանդակությունը, արդյոք կկորի՞ դեպքերի շարանը, որ այդքան կարևոր է ժուռնալիստի հոդվածում, որ այժմ նա գոհունակությամբ անվանում է ՙՇատ կարճ պատմվածք՚:
Եթե գիրքը, այսինքն գրերը կամ գրերով արտահայտված միտքը, որ նախադասվում ու վերադասվում է, անընդհատ, առանց շեղվելու և առանց կտրվելու, կրկնվելով, մոռացվելով, շեղվելով, հետադասվում է, մոռանալով նախադասության նախնական ուղղվածությունն ու բովանդակությունը, հակադասվում, անցան տարիներ, գիրքը հիմնված է մի նախադասության ու անվերջ վերադասությունների վրա. նրա հասցենª Զարուբյանի 34:
Լուսինե
Զրուցելով անցնում ենք Սայաթ-Նովա փողոցը. մեքենաները տեղ չեն տալիս, բայց նա հանգիստ քայլերով, մի ոտքը կախ գցելով ու դեմքը արևին տված, պինդ բռնում է ձեռքս ու (մեքենաները կատաղած սուրում են մեզ վրա) մի թեթև ձախ-աջ նայելով, անվնաս մեզ հասցնում փողոցի մյուս կողմը:
Խախտումը կապված չէ երթևեկության կանոնների հետ:
Արիստոտելը ՙՊոետիկայում՚ գրում է ողբերգության կերպարների մասինª մատնանշելով, որ գոյություն ունեն կերպարներ ստեղծելու չորս նախապայմաններ. առաջինն այն է, որ կերպարները լինեն բարոյապես ճիշտ, ճշտապահ, ճշտախոս, ու քանի որ կանայք այնքան էլ ճշտապահ ու ճշտախոս չեն, ուրեմն լավ հերոսի դեր չեն կարող ունենալ: Երկրորդª որ կերպարները լինեն առանձնահատուկ, օրինակ, կարելի է կերպարը բնորոշել իր առնական առանձնահատկություններով, բայց դա վայել չի լինի, ավելի ճիշտª չի բնորոշի կնոջ կերպարը, այսինքն, օրինակ, եթե ողբերգության կերպարներից մեկը (կին) ինչ-ինչ պատճառներով հագնի տղամարդու տաբատ ու փողկապ, ասենք, պատկերացնելու համար` սև տաբատ ու գծավոր փողկապ (սա իհարկե միայն ենթադրության համար), ապա ըստ Արիստոտելի դա կլինի անընդունելի, մի խոսքովª վատ: Երրորդª կերպարներին տալ իրական շունչ, շնչավորել կենսականությամբ, և չորրորդª որ կերպարները լինեն համատեղելի ու հետևողական:
Բայց այստեղ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել քեզ, սիրելիս, որ այս գործն իրենից ողբերգություն չի ներկայացնում:
Այսօր Լուսինեն գրասենյակ է բերում կրկեսի մի շարք աթոռներ, չգիտեմª որտեղից է գտնում, ինչպես է բերում, դռների միջով ինչպես է անցկացնում. չգիտեմ. բայց այսօր մտնում եմ գրասենյակ ու տեսնում աթոռների շարքն ու պլաստմասսե ձի, որով երեխաներն են խաղում, պտտվող փայտե կարուսելի մի սևուկ ձի: Մեծ սենյակում:
Կինն ու իր հրատարակիչը.
Նստած են սրճարանի ներսում, ապակեպատ մուտքի աջ կողմում: Ամեն անգամ, երբ բացվում է դուռը, արանքից փչում է սառնոտ, ձյունախառ քամի. պատին փակցված են հին պլակատներ:
– Զապելի կերպարը չեմ հասկանում. ի՞նչ կապ ունի Հեղինեի հետ: Ավելորդ է. խանգարում է կենտրոնանալ նավակում տեղի ունեցող զրույցի վրա:
– Զրույցը կարևոր չէ, – ասում է կինը:
Հրատարակիչը շարժում է մոխրագույն գլխարկը, հետո ավելի իջեցնում ճակատին ու խռոված նայում անցուդարձող մարդկանց կաշկանդված, մրսող մարմիններին:
Երբ Լուսինեն ուզում է (փորձում է) ինձ ինչ-որ բան հաղորդել (օրեր շարունակ մտապահությամբ տարված վերջապես պատմում է մի պատմություն, անկապ, որից ես պիտի փորձեմ հասկանալ, գուշակել, հասկանալ, թարգմանել, հասկանալ, թե ինչ է ուզում արտահայտել, ինչ է ուզում ասել, որ անհնար է ուղղակիորեն, անմիջապես հաղորդել), նա պատմում է մի պատմություն, շեղակիորեն:
Մի օր, զայրացած մի մարդ հորը քարշ է տալիս իր այգու ցանկապատից դուրս:
(Կանգ առ, վերջապես բղավում է ծեր մարդը, ուժասպառ եղած. Ես հորս ցանկապատից այն կողմ քարշ չէի տվել):
Դժվար է հաղթահարել այն խառնվածքը, որով ծնվում ենք: Երիտասարդ տարիքում փորձում ենք լինել բարեհոգի, ու չկա առավել անհանդուրժելի բան, քան երբ տեսնում ենք (մեծատառերով հղկված) մեր իսկ թերություններն ուրիշի մեջ ու ներքուստ սկսում խանդավառությամբ պայքարել դրանց ընդդեմ: Սակայն անցնում են տարիներ, մեծանում ենք ու տեսնում, որ այս մեր թերությունները բոլոր մյուս արատներից ամենաանվնասն են, այո, նույնիսկ ինչ-որ տեղ հմայք էլ ունեն ու հաճելի հատկանիշներ, և մեր պայքարն ընդդեմ դրանց կամաց-կամաց հանգչում է:
Նա թափ է տալիս փոշին իր սև տաբատից, ուղղում գծավոր փողկապը:
Ես կիսանստած դիտում եմ նրա շարժումներն ու գրի առնում ամեն բան:
Ու նա գտնում է ինձ այդպես կիսահենված աթոռներից մեկի վրա (կիսանստած) ու բարձրաձայն բարձրախոսով հաղորդում, որ ուզում է աթոռների այս շարքը տեղահանել ու տանել գրասենյակ:
Ես մի քանի րոպեով կիսանստած, կարմիր շալովս փաթաթված, իսկ այնտեղ, կրկեսի բակում, շատ ցուրտ է նոյեմբերին, ու այդպես շալն ուսերիս գցած, Հեղինեի պես կիսահենված սպասում էի:
Սպասում էի, թե ո՞վ ինձ առաջինը կգտնի, ո՞վ կբերի տուն: