Արթնանում էի մոխրագույն համազարկերից: Ամեն գիշեր մոտավորապես այն ժամին, Երևանի տապում, երբ հեռու քաղաքում բարձրացող կամուրջը կիսվում էր ու կախվում մոխրագույն խտացող օդում, մեջս թաղված արծաթե թրթիռը կրկին ծառս էր լինում: Ու մարմինս կիսվում, մի պահ մնում էր օդում: Անկողնում անշարժ պառկած, հայացքս առաստաղին` փորձում էի մի կերպ կուլ տալ արծաթե թպրտոցը: Չէր ստացվում: Ու էլի էի անշարժանում: Ու էլի հայացքս` համառորեն նույն կետին, որտեղ դադարը գիշերի պարանոցն էր օղակել: Լույսը չէի վառում: Մինչև անձուկի կանաչ կարծր լճերը սկսում էին նոսրանալ ու թպրտացող պոչերը սառած իջնում հատակին: Չգիտեմ` ինչպես էր հաջողվում քնել: Բարձիս տակ անկապ մի ամսագիր էի պահում, որ հետս բերել էի հեռու քաղաքից: Սառն էր, միշտ սառը: Երբ տապը դառնում էր անտանելի, մատներս մտցնում էի բարձի տակ, խրում սառն էջերի արանքը: Ու մոխրագույն համազարկերով օվկիանոսները գալիս ջարդվում էին մատներիս: Չգիտեմ` կորցրել, թե գտել էի: Չգիտեմ` կորստյան, թե չդադարող վերադարձների կապույտից էր ներսը այդպես թպրտում: Չգիտեմ` ինչ էին արծաթե այդ խոսքերը, բայց ամեն գիշեր օվկիանոս էր: Հետո ինչ-որ պահի հանդարտվում էի, մարմինս դանդաղ սուզվում էր պաղում, ու ձկները երազում էին ինձ:

Աչքերս բացում էի լուսադեմին: Մոտենում ապակուն: Երկու քայլ ներքև` ուղիղ պատուհանիս տակ, նավի հսկա մարմինը պոչն էր թափահարում: Եվ աստղերը դանդաղ սուզվում էին իմ մեջ, գիշերը փշուր-փշուր ըմպում էր լուսնի մերկացող կիսադեմը: Խոհանոցում չրթոցով վառում էի գազօջախը:

Սեն-Նազեր: Այդ քաղաքում ոչ մեկին չէի ճանաչում: Փողոցում դեմքերը լուռ էին, ուշադիր, համառ, քարացած: Օթևանում էի «Գրողների տուն» կոչվող հաստատությունում: Բարձրահարկ, վիթխարի մի շենքի վերջին` տասներորդ հարկում: Բնակարանն անծայրածիր էր, մոխրագույն, գրեթե դատարկ, և սենյակից սենյակ ու սենյակների սրտում բացվող չտրոհվող դատարկության մեջ` չորս կողմից, օվկիանոսն էր: Խաղաղ, մոխրագույն, ավազոտ իր տենդով, գալիս դատարկվում էր իմ մեջ, անընդհատ, համազարկ առ համազարկ: Հիմնական շփումներս ձկնորսներն էին` քարացած, մետաղական, անհավանական փխրուն իրենց կամրջակներին, հայացքներս առափնյակի անցուդարձին, մեկ-մեկ էլ` թաղամասի ծաղկավաճառները: Սեն-Նազեր: Արծաթե թռչունի նման անծանոթ, մոխրագույն քաղաքը եկել-իջել էր ափերիս. մոխրագույն կարմիր. ինչ-որ տեղ թափառող անհանգիստ լռությունն էր կամելիաների սառն թերթերի:

Գիշերը, երբ մոխրագույն թրթիռը երբեմն դառնում էր անկառավարելի, զանգում էի Սեդրիկին, և չորսսենյականոց անծայրածիր բնակարանում մեր ծիծաղը ալիքվում էր սենյակից սենյակ: Հետո լսափողը դնում էի և դուրս գալիս մոխրագույնի մեջ սահող ուրվականամարմին նավերի հետևից: Գիշերներն էլ էին մոխրագույն: Արշալույսներն էլ էին մոխրագույն: Մոխրագույն էին ձկնորսների մամռահամ հաճոյախոսությունները, որ անկախ ինձնից` ժպիտներ էին դեմքիցս պոկում:

– Գիտեք հե՞շտ է:

– Ի՞նչը:

– Կանգնել էսպես կամուրջին ու նայել անցնող-դարձողին: Մանավանդ երբ մեկ-մեկ ձեզ պես գեղեցկուհիներ են պատահում: Ախր սա գորշ քաղաք է, չե՞ք նկատել:

– Մոխրագույն, բայց ինձ դուր է գալիս:

– Բայց մեր բանը հո հեշտ չի՞:

– Երևի:

– Մեկ-մեկ երևացեք, այդպես, թե չէ` անվերջ շնիկով պառավներ, կարտոֆիլաժպիտ զառամյալներին հետևներից գցած` վարդագույն թշերով… Ու մենք էլ ցցված էս կամուրջին:

Սկսեցի ծիծաղել:

– Դե լավ, շնորհակալություն: Ես գնամ: Ի՞նչ ասեմ… Ձեզ անչափ քաջություն:

– Էհ, նորից երեք ժամ պիտի սպասեմ, մինչև մեկը հայտնվի: Եվ դա էլ դեռ հաստատ չի:

Ծիծաղեցինք, ու մի քանի վայրկյանից ձկնորսի կանաչ, չսափրված ժպիտը ձուլվեց մշուշին:

Երեկոյան օվկիանոսի դեմքին ձկան պոչերի նման ցնցվում էին հսկա կանաչ ուռկանները` կախված ձկնորսական խրճիթների կտուրներից: Քայլերս հարբած էին անծայրածիր դատարկությամբ, համահավասար մոխրագույն դադարին, որ լուսնի դեմքն էր, օվկիանոսի արծաթե պաղ տագնապը` խաղաղ, լռող ալիքներով, օտար դեմքերը, խոսքերը, որ հեռու էին ու մոտիկ, էջերը, որ ճերմակ էին մնում գրասեղանին, հեռախոսի վարժ սահանքները անծայրածիր բնակարանում` սենյակից սենյակ:

– Սեդրի~կ:

– Հելլո, աննման:

– Դե ինչպե՞ս են տրամադրված ձկնորսները Միջերկրականի լազուր ափերին:

– Չտեսնված, ամպադղորդ, արդեն երրորդ օրն է` անձրևներ են: Էդտե՞ղ… ի՞նչ կա: Բոլորին հասցրե՞լ ես բուռդ հավաքել:

– Հա, կարելի է ասել, ընդհանուր առմամբ բախտը ժպտում է: Ձկնորսներն էլ կարծես ոչինչ: Ժպտում են` ջերմ, եղբայրաբար:

– Լսիր, խոսենք եղբայրներից, հարևանիս հետ ի՞նչ ես արել: Ուղղակի սկել է, աչքիս չի երևում, նույնիսկ վերելակում: Ի դեպ, բողոքագիրը պաշտոնապես հետ է վերցրել ներողություններով, շենքի լիազորի մոտից:

– Խոստացել էի, չէ՞: Դե ի՞նչ ես կարծում: Մենք գործում ենք անվրեպ: Մի հայացք և…

– Լսիր, ի դեպ «եղբայրներիդ» մեջ ինձ համար ոչինչ չկա:

– Սեդրիկ, մենք պայմանավորվել ենք, չէ, հարևանների գործը վերցնում եմ ինձ վրա: Արքայազններովդ ինքդ զբաղվիր…

– Մակագրում եմ հաստատել…

– Լավ, վերջացրու:

Դրսում լսվում էր բարձրացող կամուրջի աղմուկը, ու Սեդրիկի ձայնը սկսում էր կանաչ չտարորոշված երանգ ստանալ:

– Ուրի՞շ… Բեղիկավոր ձկներ ուտո՞ւմ ես… Կարդացի: Լավ է: Բայց առաջաբանը… մի խոսքով, առաջին էսսեն… սպասիր մի շաբաթ, հետո նորից կարդա…

Կամուրջը ժանգոտ իջավ ասգֆալտին: Նշանակում էր` մեքենաները նորից կարող էին մյուս ափը անցնել:

– Սեդրիկ,- ձայնս խզված էր… Սե… դրիկ: Դե լսիր` ինչ եմ ասում… Ձայնս խզվեց, ցավոք, վատ լուր ունեմ քեզ հայտնելու… Լսիր, սարսափելին այն է, որ արդեն ուղարկել եմ: Ուրբաթ օրը ուղարկեցի փոստով:

Սեդրիկի ձայնը անխռով վարպետությոմբ մի տոնայնություն ցած սահեց.

– Է՞: Դու հո սարսափների սերիայից չե՞ս: Ասածս ընդամենը խորհուրդ էր:

– Հա, բայց չգիտեմ` գլխովս ինչ էր անցնում: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ… Պատկերացնո՞ւմ ես… Երբեք նման հիմարություն ինձ թույլ չեմ տվել: Գիշերը գրել, լուսադեմին ուղարկել: Մի անգամ էլ չկարդացի:

– ….

– Սեդրիկ, մի բան ասա:

– … Լսիր… Հիմա քո հրատարակիչները հանգիստ ննջում են սագի փետուրից 3/4-ի վրա բարձերին, և, ցավոք, պիտի Ձեզ հիասթափեցնեմ, բայց դժվար թե երազում Ձեզ տեսնեն:

Դրսում սկսում էր մթնել: Խիտ մանուշակագույնը պատուհանից լցվում էր ներս: Ամեն անգամ երեք քառորդ ժամից սկսում էի հարցնել ինքս ինձ` ինչու եմ զանգել: Մտքերս խառն էին, կապույտ խառնվում էին քամու ընթացքին:

Լռեցի:

– Դե լավ, կներես, գլուխդ չտանեմ:

– Ոչ մի դեպքում… Դե լավ, սալյուտ, գեղեցկուհի: Չհամարձակվես տխրել:

Հանգիստ քնիր, թեև գիտեմ` սագի փետուրից բարձեր չունես:

– Ցը:

Լուսնոտ պարեր, կապույտ թռչունների ձեռագիրը օրերի բացվող-փակվող հովանոցներին: Կառափնարան` հիրիկների հրկիզվող մարմինների համար: Այդ ամենը հեռվում էր: Բառերն էլ փակ խեցիների նման անցել էին հատակ ու լռում էին` շողշողուն: Ոչ մի կերպ չէր հաջողվում սեփական լռությունս կախարդել:

Արթնանում էի լուսադեմին: Մնում անկողնում` հայացքս ապակուն: Գիտեի, որ հեռվում` առափնյակին, ծեր կնոջ չոր, ուղիղ մարմինը դանդաղ դեպի մոխրագույն ավազներն է իջնում: Կախարդի չորացած, կապույտ մատները մամռոտ, սառն քարերին իրենց կանաչ աղոթքներն էին փաթաթում. քնքշանքից կոշտացել է երկիրը: Ամեն օր լուսադեմին շրթունքներիս կանաչ փառ էր, ու ես ժպտում էի մոխրագույն պատերին: Չգիտեմ` ում անունն էի շշնջում:

Եթե կարողանայի խոսել, ինչպես լռում են: Երկար քայլում էի առափնյակով, վերևից նայում կանաչ-մոխրագույն ավազներին: Ամեն մի քայլ աղոթք էր դատարկության շողշողուն սրտում, չկային դեմքերը… Ինչ-որ մի պահի մեջս մի բան կտրվում էր, կախվում ցած: Գնում էի երկնագույն հովանոցներով սրճարան, տեղավորվում դրսում, ու հայացքս մոխրագույնին էր կրկին: Մինչև ներսը հանդարտվեր: Երբեմն երկու-երեք խոսք էի փոխանակում մատուցողուհու հետ, երբեմն` ոչինչ: Ես գիտեի` ինչու երբեք ափ չեմ իջնում, նստում մոխիր ավազներին:

«Գիշերվա ձեռքերը այնքան պիրկ են գրկել իրանս, որ գամված եմ լռությանը: Միայն երբեմն, մի ակնթարթ, կապույտ ճմրթված մի չխկչխկոց` ներսում. թեթև ցնցվում են մետաղե սյուները քամուց: Հնչյուն: Էլի հնչյուն: Երկու հնչյուն: Բայց բառերը բեկված են` շողշողուն մութ թիկնոցի տակ:

Գիշերվա ձայնով էին երևի անունս կանչում, և ես պիտի լռեի: Երկար: Գիշերվա թռչունները` շողշողուն, բեկված թևերով, եկել մարմինս էին պահանջում: Ես քնում էի երկար. տարօրինակ էր: Մինչ այդ երբեք քունը չէի հասկացել: Հիմա սև թռչունները իրենց ցնցվող հովանոցներն էին բացել իմ մեջ, ու գիշերը ինձ էր պահանջում: Քնում էի երկար, ու տարօրինակ պատկերներ, անընդհատ, սահուն. մոլորված ժապավենի նման` ապակու հետևում… Շնչում էին անհավասար: Գիշերվա ձայնով էին անունս կանչել, ու ես պիտի շրջվեի՞»:

14.06.2006

«Արդեն մի ամիս նայում եմ քամուն, սկզբում մի ուղղությամբ, հետո՝ մյուս: Հայացքս էլ` ըստ այդմ: Օրվա մի մասը մի ուղղությամբ է նայում: Հետո` փոխում ընթացքը: Գիշերը նստում եմ անկողնուս, նայում լուսնին` թունավոր դեղին, ուտում դեղին խնձորներ: Դա այն ժամին է, երբ քամի չկա: Ոչ մի ուղղությամբ, ոչ` մյուս: Ու մտքերս էլ` ոչ մի ուղղությամբ: Ուղղակի չկան: Լռության մեջ խնձորները շրխկոցով իրար են հետևում: Դիմացի մայթին նոր խանութ են բացել` շքեղ կենտրոնական մուտքով: Հիմա օրը երկու անգամ հանդիսավոր ջրհեղեղներ են կազմակերպում դիմացի մայթին, ու թիթեռնիկների քայլվածքով աղջիկները իջնում են անհավանական փայլուն մեքենաներից, զգուշորեն օրորուն քայլերը գցում թաց ասֆալտին:

Երբեմն դուրս եմ գալիս: Քայլելու: Քաղաքը հատում նույն տրամագծի շրջանակով: Հետո վերադառնում, էլի նայում եմ քամուն… Տարօրինակ փոշոտ են փողոցները: Երազները երկար են, կանաչ, բայց արթնանալիս ոչինչ չեմ հիշում… Միայն ինչ-որ պատկերներ` քամու ընթացքին հակառակ թրթռում են վերև-ներքև… Սպասում եմ գիշերվան, երկար եմ սպասում գիշերվան: Անկողնուս նստած: Մինչև վերջին կաթիլը դատարկվի իմ մեջ, ու կրկին ձեռքերը պարանոցս են գրկել: Արդեն մի ամիս եկել, կաթիլ առ կաթիլ կյանքս է պահանջում: Ու ես լսում եմ` ինչպես է գիշերը կաթում իմ մեջ: Շուրջը բոլորը զարմացած նայում են ինձ. աստիճանաբար դանդաղող ժեստերիս, հետո երբ վերջապես ճանաչում են ուրվագիծը, մի պահ ապշում և անզոր ուսերն են թոթվում, թողնում-գնում: Չգիտեմ` ում հետ խոսել: Այստեղ օվկիանոսներ չկան: Վերջին ցուցադրումից արձագանքեր չկան: Անցնելիս երբեմն կանգ եմ առնում լուսավոր ցուցափեղկերի առաջ, մի պահ մտածում` մտնել, չմտնել, բայց չի ստացվում: Սիրտս խառնում է: Շոգ է երևի:

Պետք է մտածել, ասում են, ծրագրի մասին: Աղոտ է: Մտածում եմ, օվկիանոսներն ինձ թողեցին, և հիմա քամիներն են մնացել ու գիշերները` դեղին խնձորների հայացքներում: Բոլոր խոսքերը կեղծ են դադարի առաջ: Ճերմակ խալաթավորը առանց թարթելու նայում է աչքերիս, ուղիղ բիբերիս մեջ, հետո` հանդիսավոր և այնուամենայնիվ ի միջիայլոց` թղթին. «Ժամանակային, տարածական ընկալումների… աղավաղ… »: Ձայնը չեմ լսում, մտածում եմ խնձորների մասին:

Դրսում շոգ է: Ճերմակ արև, ճերմակ, ընդհատվող պայթյուններով իջնում է ասֆալտին: Սկզբում ամեն օր երազիս կանաչ, մամռահամ մատներ էի տեսնում` ճմրթված, կախարդի, հիմա պատկերներն էլ դանդաղ դատարկում են մարմինս, կաթիլ առ կաթիլ, մոխրագույն համազարկերով: Մի օր էլ կարթնանամ, և օվկիանոսը այլևս չի շնչի»:

– Սալյուտ:

– Սալյուտ: Ի՞նչ կա:

– Սովորական, այդտե՞ղ…

– Սովորական-մտավորական-էլիտար-հոգեվերլուծական…Հասկանո՞ւմ ես, չէ՞, նորից հիստերիկը մայր ցամաք է իջել:

– Էտյե՞նը:

– Դե էլ ուրիշ ո՞վ պիտի լինի, նոր է վերադարձել Աֆրիկայից: Ճամպրուկում սեփական բրոնզաձույլ կիսանդրին: Լրիվ ցնդել է: Ազնվորեն: Նոր մասնաճյուղ են հիմնելու Ֆրանսուազի հետ, թերթի աշխատակազմն արդեն ընտրված է` «Կոկոսի կաթ», ինչպե՞ս է հնչում ականջներիդ… Գնացել են Ֆրանսիական դեսպանատուն` մի կերպ Քրիստոֆին խցկելու համար: Մի խոսքով… կատարյալ ցնդաբանություն… սպիտակ տենդ… ցինիզմ… Ամեն երկրորդ խոսքը` օտարը ու օտար քաղաքակրթությունները, մշակույթների ներթափանցում…

– Կոկոսի կաթ, փաստորեն…

– Լրիվ ըմբռնեցիր: Սահմռկեցուցիչ: Զգայացունց: Վերջին երեք տարում նման ցնցում չէի ապրել… Իսկ դո՞ւ: Ի՞նչ նորություն:

– Հաստատվեց: Ինձ պայմանագիրն են ուղարկել:

– Կեցցես, ասում էի, չէ՞, շուտով քեզ էլ սագի փետուրից բարձեր ենք առնելու:

– Սեդրիկ,- սկսում էի հոգնել նրա երեկոյան պայծառացումներից,- Սեդրիկ, ի՞նչ սագի փետուր, ի՞նչ շուտով.. Ես մեկնում եմ:

– Է՞, սագի փետուրն ի՞նչ կապ ունի: Այնտեղ սագի փետուր չկա՞: Շնորհավորում եմ: Հրաշալի լուր հայտնեցիր:

– Բայց ընդամենը մի քանի օրից… Չես պատկերացնում…

– Պատկերացրու` շատ լավ եմ պատկերացնում, ու պատկերացնում եմ նաև` ինչ ես ուզում ասել: Չհամարձակվես մերժել: Չհամարձակվես հանկարծ մտածել անգամ: Չհամարձակվես հանկարծ հայտնվել Մոնպելյեում, լսո՞ւմ ես: Ե՞րբ ես սկսում:

– Չորս օրից… Սեդրիկ…

– Մտածե՞լ ես` քեզ ինչ էր սպասում ամառվա տապին, չէ, իսկապես… Ինչ է, գերադասում ես կանաչ առնետներ խորովել` քո ինը քառակուսի մետրանոց խցում:

– Սեդրիկ… ախր ուղղակի… Չորս օրից, առանց ձեզ տեսնելու…

– Մեզ մոռացիր, մենք այստեղ Կոկոսի կաթի հորձանուտներում ենք… Կարիք ունենք դրսի աջակցության, այո, կարո՞ղ ես գրել: Լսիր, լավ, կատակը մի կողմ, ի՞նչ է, իսկապես կարող է մերժեի՞ր, ախր երբ պիտի վերջապես ուշքի գաս: Նույնիսկ Էմիլին նման բան չէր անի: Մարդը նստած Բրյուսելում լեզվաբանական դպրոցի տնօրենին է օգնում: Օգնական, հասկացա՞ր, կմտածեի՞ր, որ Էմիլին կարող է երբևէ ինչ-որ մեկին «օգնել»: «Այստեղ… այնտեղ», չկա նման բան, մոռացիր այդ ամենը: Իսկ եթե կարիք ունենաս, որ ինչ-որ մեկը այսքան հանգամանորեն գլուխդ լվանա, վերցնում ես խոսափողը, հավաքում ես համարը…

Սեդրիկը անցել էր իր սովորական` ինձ իր չընդհատվող դատարկաբանությամբ շշմեցնելու մեթոդին: Դիմացի մայթի ռեստորանից երաժշտության ձայներ էին լսվում ու խզվում ընդհանուր` շարժիչների մոխրագույն դղրդյունի մեջ:

– Լավ: Ինձ չմոռանաք:

Սցենարի համաձայն` պիտի հնչեին առնվազն երեք սահուն ֆրազներ` ձայնի երգեցիկ տատանումներով, բայց ոչինչ չհետևեց. անսպասելիորեն:

– Ցը:

– Ցը:

Այդ տարի մեկնելու էի ժամանակից շուտ. անսպասելիորեն. հանգամանքների բերումով: Մեջս խուճապ էր, տարածությունները նման էին կոտրված կայմերի. ծառս էին լինում մոխրագույն քամիներում: Հեռախոսազանգերս էլ անկանոն էին, անիմաստ ժամերի. զանգում էի աջ ու ձախ, տեղեկանում, զգուշացնում: Բայց ներսում ինչ-որ տեղ լռություն էր արդեն: Ափերիս դատարկության ադամանդե սիրտն էր. շնչում էր հավասար: Բոլորն էլ հասկանում էին` ինչ է կատարվում, բայց ասելիք առանձնապես չկար: Լռում էին: «Հրաշալի լուր է: Ավելի լավ չէր էլ կարող լինել քեզ համար: Ցը: Սպասում ենք վերադարձիդ»։

«Ես իհարկե կարող եմ հերթական անգամ ծաղիկների պատմությունը պատմել` մուգ, սառը թերթիկներով: Բայց գիշերն այնքան սառն է, խաղաղ, ալիքների մոխրագույն տագնապը այնքան շքեղ. դանդաղ արևի աչքերն է գոցում: Նավերը հերթով լռում են, կախում հայացքները ու զգույշ շրջում աստղերի կոնքերը, անցնում են հատակ: Այսօր դառնում եմ 28 տարեկան: Գնացել էի խնձոր առնելու, մրգավաճառը դեղին մի գլխիկ դրեց ափիս մեջ: Վերադառնում էի՝ բարակ ցողունը ամուր սեղնած մատներիս մեջ: Դեմքիս զգում էի սառը մետաքսե լռությունը: Հաղորդագրությունները չեմ նայել. ավելի ուշ, վաղը: Երկայնքով փռվել եմ բազկաթոռին, ոտքերս` ապակուն: Լույսերը թարթում են ներս և դուրս: Ժամանակ առ ժամանակ հպարտ նայում եմ դեղին գլխիկին: Պատմությունները կլռեն այս գիշեր:

Լուսադեմ: Սուրճի բաժակը ձեռքիս` դուրս եմ եկել պատշգամբ: Սառն է: Օվկիանոսն ու գետը իրար են գրկել: Ցնցվում են ճայերը: Դանդաղ կուլ եմ տալիս մոխրագույն սառը օդը, որ ջարդված կայմերի նման բացվում է, ցնցվում ներսում: Կուլ տալ մինչև վերջ: Կյանքը: Եթե քեզ տրված է ոչինչ չպահել:

Արի խոսենք որպես կախարդ, կանաչ աղջիկներ: Երկուսս էլ, կարծեմ, չենք սիրել խոսել: Երկուսս էլ, կարծեմ, պարել ենք մենակ, հաճախ: Սիրել ենք գույնզգույն քարեր` զամբյուղով: Խոսքերը մեզ պետք էին լռելու համար: Խոսքերը մեզ պետք էին խաղալու համար: Պսպղուն ափից ափ էինք գլորում ու քնում զրնգուն խեցիների վրա: Այստեղ մենք արթնանում էինք մանուշակի թերթիկներում: Չգիտեմ` այսօր կընդունես դատարկության խեցին: Դու գիտես, որ չեմ կարող իջնել, չեմ կարող նստել ավազներին: Մենք երկուսս էլ սիրել ենք լռել: Արի խոսենք որպես կանաչ, չխոսկան աղջիկներ:

Ամուր-ամուր մատներումս սեղմել էի սուրճի գավաթը:

– Լա՞վ քնեցիք:

– Հրաշալի:

Դրսում մոխրագույն մշուշը դանդաղ սկսում էր լուծվել: Առաջին շարժիչների աղմուկը դողդողում էր օդում: Առափնյակին դեռ վառվում էին լույսերը: Ճայերը ցնցվում էին` լուռ, խաղաղ, ալիքներին: Ձեռքերս սառել էին:

– Սա ձեզ,- ձեռքին կամելիայի կարմիր մի ճյուղ էր:

– Շնորհակալություն:

Նրբագեղ շարժումով բացեց մեքենայի դուռը.

– Խնդրեմ:

Երբ հայացքս տարա պատուհանին, օվկիանոսն արդեն հեռու էր:

28. 06. 2006., Երևան

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.