Սրբիչը

Գիշերվա երեքին լոգարանի դուռը զգույշ բացեցի, սրբիչն ուսերիս փաթաթածª  մտա ննջասենյակ: Սովորություն ունեի շորերս թաց մարմնիս վրա հագնել: Սրբիչը  հանելու ու մետաքսյա  գիշերազգեստս հագնել ցանկանալու ընթացքում հայելու  մեջ տեսա մերկ մարմինս ու պարանոցիս վրայի կաթիլները: Ես ու մարմինս այդ անսովոր լռության, խաղաղ սենյակի ու մթի մեջ առաջին անգամ էինք հանդիպում: Դողացող ցուցամատով ձախ ուսիս վրայի կաթիլները հավաքեցի ափիս մեջ: Խաղը դուր եկավ, որովհետև մարմինս շփող մատները օտարի թվացին՝արվեստագետ տղամարդու: Տարված ինքնաբացահայտումներով՝ թիկունքից հորս հոտն առա ու քարացա:
Միշտ պստիկի հայացքով նրան ժպտալով՝ խույս էի տվել վտանգավորը կռահելու տագնապից:

Առաջին անգամ դա պատահեց իմ մեղքով. բազմոցին կիսապառկած քնած էր: Թաքուն, կատվի պես կամաց, զգույշ՝ գլուխս դրի կրծքին, փոքր ժամանակ հաճախ էր լինում՝ մտնում էի թևի տակ, ինքը մատները մազերիս մեջ խաղալով՝ քնում էինք: Այդ անգամ էլ այդպես բնազդաբար գրկեց գլուխս, մատները մազերիս մեջ՝ քնեցինք: Հաճելի էր: Հետո քնիս մեջ զգացի, որ մարմինս փորիս ու պորտիս մոտ տաքանում է, տեղ-տեղ դողում, զգացի, որ լարվում եմ, մկաններս ձգվում են: Ականջիս բլթակի շոյումից և ձախ կրծքիս վրա ափի հպումից վերջնականապես աչքերս փակ արթնացա, այնպես, որ կոպերիս տակից տեսա նրա ցանկացող հայացքը: Սպասում էի: Զարմանում էի: Խոսում էի ինձ հետ, մտածում՝ տեսնես մորիցս բացի, էլ ով է տեսել հորս այս հայացքը: Երկու ձեռքով մարմնիս բոլոր մասերը շոյում էր: Երբ մի ձեռքը էլ չէի զգում մարմնիս վրա, շարժումներից հասկանում էի, որ իրեն է ձեռք տալիս: «Իմ փոխարեն սիրում է իրեն»,- մտքումս կարողանում էի ասել: Թվում էր՝ պիտի բողոքեի, չթողնեի, բայց չէի անում, որովհետև ես երևի պահարանի վրայից նայողն էի, ոչ թե ներքևում կուչ եկածը: Գլուխս կամաց գրկեց, զգույշ պառկեցրեց բազմոցին։ Հետո լսեցի զուգարանի դռան ձայնը: Մտքումս համ սիրում էի նրան, համ չէի սիրում, հետն էլ լացս գալիս էր: Հետո լսում էի՝ ինձ պատմում էի, թե մորս գնալուց հետո պատահում էր՝ չէի սիրում նրան, իսկ տղամարդուն խղճալը ինձ է թույլ դարձնում: Ասում էր՝ իր աղջկան ամեն բան կարելի է, թույլատրելի: Երբեմն դատարկ բնակարանով արդարացնում էի նրա հաճախակի գրկախառնումները, մազերիս հետ խաղալը, նույնիսկ այն դեպքում, երբ զգում էի, որ պարանոցս տղամարդու պես է համբուրում:

Վերջին անգամ, երբ էլի կոպերս փակ արթնացա, թեև չէի քնել ու նրա ամեն շարժումըª սենյակ մտնելը, անկողնուս առջև ծնկելը, մատները դողալով ու դանդաղ վերմակիս տակ մտցնելը, պատին փակցված մորս նկարին նայելը, կամ երազում, կամ իրականում տեսել էի, զգացի նաև, որ անհամարձակ գրկել է ազդրերս, իսկ մյուս ձեռքը չէր հասնում կրծքիս, որովհետև ես մեջքս կորացրել ու փորով գնում էի դեպի պատուհանը, դեպի երկնքի մութը, դեպի հեռուները® Ձայն չէի հանում: Հազվադեպ լսում էի հևոցս: Մարմինս հաճելի խոնավանում էր: Դեռ սպասում էի, դեռ չէի հավատում, որ ի վերջո ներսումս զգալու եմ իմª դեռ սաղմնային ու անօրգանական խոնավությունը: Էլի լսեցի զուգարանի դռան ձայնը:

Երբեմն նրա համար ուտելիք պատրաստելիս մտածում էի՝ գուցե հորս հետ ամուսնացած եմ: Տղամարդու հետ միայնակ ապրելը երազածս ամուսնությունն էր: Բայց արդեն վախենում էի նրա հետ մենակ մնալ, վախենում էի, որ մի օր կարող եմ զգալ այն խոնավը, ինչից ես ԵՄ: Իմ ներսում ինձ հանդիպելուց էի վախենում:
Հորքուրներիս հետ հորս համար կին գտանք: Երկուսս էլ լուռ ու անտարբեր, այդ կնոջը քծնելով ու շողոքորթելով, հասկացանք, որ նա մեզ պետք է: Ինձ թվացª երկար փակվեցի լոգարանում, մարմինս ճանկռում էի, այդ պահին ցավը հաճելի էր: Ու ինչքան իմ կողքին զգացել եմ հորս ներկայությունը, այդքան սիրել եմ բոլորին, իսկ այս անգամ նույնիսկ նրա ծիծաղը բթացնում էր զգացողություններս:

Եվ մինչ այն պահը, երբ մերկ մեջքով ու հետույքով սենյակիս մեջտեղում հայրս   բռնացրեց, ինձ այնպես եմ պահել, որ չէր հասկացել՝ ես գիտե՞մ արդյոք, որ ինքը գիշերները մահճակալիս առաջ ծնկել, գլուխը վերմակիս տակ՝ համբուրել է մարմինս: Իսկ այդ պահին արդեն քնած ձևանալ չհասցրի: Կես վայրկյանում ամբողջ մարմինս քրտնեց: Միանգամից մտածեցի կողքի սենյակում քնած խորթ մորս մասին: Շրջվեցի: Սենյակս, մահճակալս, պահարաններս, նրա կինը, նույնիսկ մայրս մերկացած էին առջևս: Էլ չէի ամաչում: Նրա սիրուն աչքերը, իմ՝ ձեռքերս կոնքերիս կողքից իջեցրած մերկ մարմինը շատ անգամներ էի պատկերացրել, ու մթի մեջ տեսածս լույսի տակ նույն տեսքը չուներ: Դիմացս կանգնած մարդն այնպես էր նայում ինձ, իբր առաջին անգամ գլխի ընկավ՝ ինչ բան է կինը: Հավանաբար հասկացավ, որ կին եմ: Իսկ ես կարողանում էի իր միջով դռան ապակին տեսնել: Իմ մերկությունը նրան թափանցիկ էր դարձրել: Լսեցի, ուզեց ասի, որ այդ հայացքով իրեն նայել են կենակցելուց հետո: Թափանցիկ ստվերը մոտեցավ, սրբիչը վերցրեց,  փաթաթեց ուսերիս և արդեն խաղաղ ու քնքուշ գրկեց: Հասկացա, ուզեց հոր նման ջերմացնի: Ես չուզեցի: Համբույրները դարձան տղամարդու, շուրթերից կանաչ թեյի հոտ էր գալիս:
Առաջին անգամ ընկերոջս հետ չկարողացա զգալ այդ թացի հպումը: Առաջին անգամն անմոռանալի դարձնելու համար խոտերի մեջ մերկ աղջկա նկարով սրբիչ գցեց, ինձ պառկեցրեց վրան: Լարվել էի, բարդույթավորվել: Սրբիչի նկարը խանգարում էր, թվում էր՝ նա ինձանից մերկ է: Համ համբուրվում էի, համ մտածում՝ աչքերս բացեմ ու ընկերոջս ասեմ, որ երկուսով աղջկա վրա պառկել չի կարելի: Վախեցա, երբ աչքերս կիսաբաց անելուն պես, տեսա նրա չռված աչքերը: Այնպես էր նայում նկարին, կարծես աչքերը փակ նրա հետ համբուրվում էր: Էլի կարողացա քայլ առ քայլ հաշվել մտքերս: Այս անգամ մտածում էի՝ տեսնես քանի աղջկա է սիրել այդ նկարին նայելով: Հետո, երբ թեքվեցի, տեսա աղջկա դժգոհ ու չցանկացող, անկիրք հայացքը: Կարծում էի, ինքն էլ է առաջին անգամ տարիքից հոգնած պառկել կիսածանոթ ընկերոջ հետ: Մի օր էլ մայրուղով վերադառնալիս տեսա ճամփեզրին փռփռացող սրբիչի աղջկա կարմիր սրունքները:

Հիմա մտքում հորս գոռում էի, որ ես երբեք-երբեք մորս պես ետ չեմ նայի, որ ուզում եմ ես իրենից ու ինձանից ծնված աղջիկը լինեմ, երկուսով ունենանք ինձ, փոքր ժամանակվա պես կլողացնենք մեր աղջկան® Իսկ նա հայացքով աղաչում էր՝ չի կարելի… չի կարելի… չի կարելի: Ասում ու խելագարի պես կրծքերս համբուրում էր, ասում ու ողնաշարիս գրում էր. «աղջիկս, չի կարելի…»: Կամաց ու զգույշ վեր կացավ, վերմակը դանդաղ գցեց վրաս, ձեռքերս զգույշ դրեց վրան ու հետո իր ննջասենյակի դռան ձայնը լսեցի:

Նրա գնալուց հետո վերմակը փաթաթեցի վառվող ոտքերիս և ցավեցնելու չափ սեղմեցի՝ հուսահատ ու առանց հաճույքի: Մարմինս տխրությունից խաղաղվեց, թմրեց ու արդեն կիսաքուն էի, երբ համաչափ-համաչափ ճռճռոցի ձայնից սթափվեցի: Դրան հաջորդեց հորս գոռոցը. վրեժ հանելու պես գայլի նման ոռնաց: Զգում էի, ինձ ինչ-որ բան էր ասում. ցանկացել էր՝ ընդդիմանայի, չթողնեի գնար: Կտրուկ նստեցի անկողնում: Նրանց մահճակալի ու հորս ոռնոցը ականջներիս մեջ բազմանում էին: Այդ պահին շատ սիրեցի նրան, ուզեցի գրկեմ աղջկա, սիրուհու, կնոջ պես: Մատներս մազերիս մեջ խրած, շրթունքներս ատամներիս արանքում՝ այս անգամ ես խանդից ոռնացի:

ՓՈՔՐ ԱՂՋԻԿ

Սրտաբանական հիվանդանոցի պատուհանից նայելը տխուր էր. ապակիների վրայի կաթիլի պես կեղտը, բժիշկների սպիտակ խալաթները, հիվանդների անգույն դեմքերը, պատուհանից երևացող տանիքներին թառած ագռավների սև ստվերները:

Աչքերս փակել էի, գլուխս ետ գցել, շուրթերս թեթևակի շարժվում էին: Բժիշկս ասել էր, որ հնարավոր է արնաթքությունը սրտի արատի պատճառով թոքերում առաջացած արյան փսխում լինի: Այդ մասին էի մտածում, երբ կողքիս նստողի սևեռուն հայացքից զգացի արևի դեմ, ամեն ինչի դեմ փակված աչքերիս թրթռացող թարթիչներին նայելը: Բժիշկս էր: Երբ նրա սենյակում էի, ուշադիր աչքերիս էր նայում, հետո գլուխը կախում գրում, նայում ու գրում, երբ արդեն դուրս էի գալիս, անունս տվեց, շրջվեցի, մոտեցավ, աջ բութով շուրթերիս անկյուններին ձեռք տվեց, նորից վերադարձավ ու շարունակեց գրելը: Միջանցքում ասաց. «Սոված ես:  Միասին ընդմիջում կանենք: Հետո կզբոսնենք»: Էլի տեսել էր շրթունքներիս անկյունների չորացած արյան հետքերը:

«Մարդ որ մի քիչ շատ է կարդում, շատ բան է հասկանում, եթե շուրջն էլ մի թեթև միստիկ բան կա, իրեն թվում է ընտրյալ է, բացառիկ»: Աստիճաններով իջնում էինք, նա մարգարեներից էր խոսում, ծաղրելու պես, հեգնանքով: Համոզված էի, որ դա ինձ համար է ասում, որովհետև հասկանում է, որ ես զգում եմ իր մարգարե լինելը, հակառակ դեպքում չեմ հավատա, որ կարող է բուժել: Սրճարանում բռնեց ձեռքս ու ասաց. «Խելոք աչքեր ունես»: Ես նայում էի նրա թիկունքում նստածներին. երևի հայրն էր, տաք ու ծանր ձեռքի ափով շոյում էր որդու գլուխը. հորս կարոտեցի, ուզեցի լացել, ամաչեցի: Հենց այդ պահին ասաց. «Խելոք աչքեր ունես»: Հայրս պատերազմում էր մահացել, իր անունով դպրոց էլ կա: Բժիշկս նրա նման էր ծիծաղում: Ասաց. «Սրտի արատով երեխա ունենալիս ընտանիքում ոչ ոք մեղավոր չէ: Առողջ ծնողներից ծնված երեխաների մեկ տոկոսն անպայման տառապում է այս կամ այն սրտային հիվանդությամբ»: Բայց ես մի անգամ եմ միայն մեղադրել ծնողներիս. երբ դեռ դպրոցում էի, ուսուցիչս դասը խանգարելու համար ասաց. «Գիտես հիվանդ ես, քեզ ամեն ինչ կարելի՞ է»: Փոքր էի, բայց հասկացա: Փախա դպրոցից, տանից… Հայրս ինձ գտավ թաց հողի վրա նստած, գրկեց-տարավ տուն: Այդ օրն առաջին և միակ անգամ տեսա նրան լացելիս:

ՙ«Կուզե՞ս միասին գնանք թափառելու»: Բժշկիս ձայնն էր: Իր հարցնելու պահին ես անընդհատ մտածում էի՝ հանկարծ արյուն չգա բերանիցս, զզվում էի տաք, անորոշ, քաղցր համից: Զզվում էի, որ կախվածություն ունեմ սրտիցս: Մեքենայում ինձ անպաշտպան էի զգում: Այդ օրից հետո էլ, երբ մտերմացանք և վերադառնում էինք զբոսանքից, ուզեցինք ճանապարհից դուրսª ծիրանենիների տակ նստել, պատահաբար մտանք գերեզմանոցների ճանապարհը: Հետոյի անընդհատ ճանապարհներ շփոթելը, կարծում եմ, կախված էր առաջին շփոթությունից:
«Իրար հետ էինք, երբ տեսանք աղջկա կտրած գլուխը, հայ էր, անունը՝ Նառա: Մարմինն ու գլուխը մի մետր հեռավորությամբ ընկած էին: Ես շատ մոտեցա. կոնքի կորի վրա լրիվ գույները հավաքվել էինª մաշկի ճերմակը, խոտերի կանաչն ու արյան կարմիրը: Գեղեցիկ էր ու խեղճ: Լիլիթը լաց չեղավ: Քաջ է: Այսօր նրա ծննդյան օրն է: Նա միակ կինն է Եռաբլուրի տղերքի կողքին: Երբ խփեցին, ես հեռու էի, ձենը լսեցի»:

Նայեց ինձ, ես գերեզմանաքարին էի նայում ու մտածումª բժիշկս խելագար է… Մի՞թե հիվանդին բերում են գերեզմանոց: Բայց իր պատմելու ընթացքում ես լրիվ սկսեցի տեսնել՝ աղջկա գոռոցը, տղերքի կիսավախ հայացքները… Դրանից հետո՝ հորս մահվան տարելիցի օրը, մի անգամ էլի էդպես տեսիլք ունեցել եմ® ականջներումս գոչյուններ էին ու ես նրանց մեջ էի… իմ շուրջը մարդ, ձայն, ստվեր չկար, բայց ես տեսնում էի, զգում էի նրանց: Ներքևի ճանապարհից մեքենաների շարժիչի ձայներ, հետո դիմացս ծխացող գյուղեր: Իրականում ես բլրի վրայից տեսնում էի նրանց տները… Շատ հետո, երբ նրան գրել էի այդ մասին, ասաց. «Աղջիկս, դու խելոք ես, գրում ես, իսկ գրողը միշտ էլ տեսիլքներ է ունենում, մի վախեցիր դրանից»: Բայց ես գրում էի, որովհետև սարսափելի վախենում էի մահվանից: Գուշակում էլ էի, թե ինչու է ինձ բերել այստեղ, ուզում էր ձեռք տայի շիրմաքարերին:
Շշուկով ասաց. «Պիտի հետ դառնայի, չթողեցին, ես էլ էի վիրավոր, չթողեցին գնամ: Անցանք թիկունք: Չգիտեմ քանի ժամից խաղաղվեց ամեն ինչ: Մարտոյին կանչեցի, ասեցի՝ երբ վարազին կռտում-պրծնում են, երբ ճչոցը կտրվում է, վարազը, որն արդեն վարազ չի, մռութը գետնին քսելովª գնում-գտնում է ամորձիներն ու ուտում է. պիտի հետ դառնանք Լիլիթին բերենք, նա չպիտի մնա էնտեղ: Մարտոյի հետ բերեցինք դին: Նույնիսկ մահացածª սիրուն էր: Կանաչ շորերն էլ շատ սազում էին»: Ու ձեռքը շոյելու պես դրեց քարին: «Մարտիկին էլ հաջորդ օրը խփեցին: Էնքան էին կրակել գյոթերը, որ ինչ խոսում էր՝ մեջքից էի լսում բառերը»: Գլուխս կախեցի, հայհոյանքից ամաչեցի, հետո մտածեցի՝ տեսնես ինչն է պակասում բժշկիս, որ հայհոյում է, գուցե վաղուց կնոջ հետ չի եղել…

«Մարտիկն ասեցª տես ամեն ինչս տե՞ղն է: Անպաշտպան Ժպտաց ու մեռավ»: Նույն խեղճ ժպիտից նրա դեմքին էլ տեսա: Նայեց աչքերիս ու ասաց. «Ախր շատ պուճուր աղջիկ ես: Տեսնես էն ժամանակ գիտեի, որ մի փոքր աղջկա համար էլ եմ կռվում»: Ձեռքը դրեց գլխիս: Հենց այդ պահին սիրահարվեցի. ձեռքի հպումի, անպաշտպան ժպիտի, «փոքր աղջիկ» ասելու պատճառով, անկախ ինձանից ասացի. «Էն ժամանակ տասնմեկ տարեկան էի»:
Երկուսով Լիլիթի գերեզմանաքարին հենված էինքª սրտիս նոպան բռնեց: Երբ անընդհատ արևին նայելուց հետո շրջեցի հայացքս, աչքերիս մեջ ցուրտ զգացի: Արյունը չէր բավարարում, ձախ կրծքիս տակը ճմլվում էր: Հևում էի: Միանգամից ամբողջ մարմինս քաղցր, կպչուն քրտինք պատեց: Շփոթվեց, վեր կացավ, գրկեց ուսերս, պառկեցրեց իր ոտքին, ասաց. «Թաց բան, թաց բան, ի՞նչ գտնեմ, մեքենան հեռու է»: Պայուսակս ցույց տվեցի, ասաց. «Սուս, չխոսես, հանգիստ պառկիր, քեզ խոսել կամ շարժվել չի կարելի», հանեց թաց անձեռոցիկն ու բաց արեց կուրծքս: Շարժումները կտրուկ էին, բայց վարանելն ու ձեռքերի դողը, դրանցից եկող դեղի հոտը զգացի… Հասուն կնոջ նման կրծքերս լիքն էին… Մերկ կրծքիս տակ սպին տեսավ, նրանք ծանոթ էին իրար: Մատների տաքությունից ջերմացած թաց անձեռոցիկը շատ զգույշ, քնքուշ դրեց այնպես, որ շագանակագույնը չծածկի… Երբ հետ-հետ գնացի ու մեջքով հենվեցի իր փորին, գլուխս կախելիս տեսա նրա թափանցիկ մաշկով, լայնացած երակներով ծեր ձեռքը իմ սպիտակ կրծքի վրա: Սև ու սպիտակի, լույս ու մութի պես էր, բայց այս դեպքում տարբերությունը հասկացա. «փոքր աղջիկ» ասելն էր: Նայում էր: Հարցրիª սիրո՞ւն է: Ժպտաց: Շրջվեց Լիլիթի կողմը, երևի մտքում ասաց. «Քոնն էլ էր սիրուն»: Երևիª չէ, հաստատ ասաց ու հետ-հետ գնաց, հենվեց քարին: Իր փորի ջերմությունից մեջքս քրտնել էր: Համ վատ էի, համ երեք թիկունք էի զգում. իմ, բժշկիս, Լիլիթի, որինը հենված էր անհայտությանը, դատարկությանը… Մենք Լիլիթին էինք հենվել…

Հետո մեքենայի մեջ ասում էր, որ թմրադեղերը շշմածություն են առաջացնում, օրգանիզմն իր քաղաքակրթությունն ունի, թունավոր նյութերը շուտ է ազատում իրենից, և թմրադեղը հաճախամիզության է մղում: Ու ղեկին հենվելովª շատ լուրջ ինձ բացատրում էր, որ ընդհանրապես բնությունն է այդպիսին, օրինակª ակացիայի ծառը, երբ զգում է, որ իր տերևներն ուտում են կենդանիները, դա հաղորդում է մյուս ճյուղերին, ու սրանք հասցնում են թույն արտադրել® Լռեց, կասկածոտ նայեց աչքերիս ու հարցրեց. «Հորդ անունը Շահեն էր: Լսի, դու կարո՞ղ է մեր ջոկատի Շահենի աղջիկն ես: Հաղթանդամ, բոյով տղամարդ էր: Հա՞՚: ՙՉէ, պապաս կոլոտ էր ու նիհար», չէի ստում, բայց սուտ ասելու պես ձայնս դողում էր, որովհետև չէի ուզում նրանց ջոկատից լիներ, որովհետև արդեն ուզում էի գրկի ինձ: Դատարկության մեջ դեռ խոսում էր, չէի լսում, սպասում էի գնար միզելու, որ էլի մտածեի…

Երբ արթնացա, արդեն լավ էի, քնիս մեջ կարոտել էի նրան, երևի իր տանն էի,  նույն հայացքն էի զգում, ինչ հիվանդանոցի աթոռին նստած: Գրկեց ուսերս ու անսպասելի հարցրեցª կույս եմ, թե ոչ: Զարմացա, թեև գերեզմանոցում ինձ ցանկանալը զգացել էի: «Քեզ սեռական կյանքով ապրել կարելի է, բայց հղիանալ՝ չէ»: Մտածում էի, ուրեմն հորս զոհված լինելը չի միակ պատճառը, որ անվճար  վիրահատեցին: Նայեց, մոտեցավ, մեղմ համբուրեց շուրթերս, ասաց. «Նա առաջին անգամ ինձ հետ է եղել»: Խոսքը Լիլիթի մասին էր: Անընդհատ Լիլիթին հիշեցնելը ինձ նյարդայնացնում էր: «Երբ թողեցի ընկած և ես վիրավոր էի, ծոցատետրումս այդ պահի ներսիս արձագանքը արագ-արագ շարադրում էի: Նունիսկ գրել եմ, թե նա ինչ գեղեցիկ էր կանաչ շորերով»: Էլի շատ զգույշ համբուրեց ու ասաց. «Քո մասին էլ եմ պատմվածք գրել: Երբ հիվանդանոցում իմ սենյակից դուրս էիր գալիս, տեսաª աչքերդ խոնավ են, ու դու շատ սիրուն ես: Կրծքիդ բարակ սպին էլ էր հրաշալի, ողորկ մաշկի վրա ինքը կծկված և պրկված: Սենյակում անզգա պառկած էիր, պատուհանից լուսնի ստվերն ընկել էր հենց վերքիդ վրա. դու ինձ հրաշալի բաներ տեսցրիր, գրել եմ: Կուզե՞ս կարդալ»: Ինձ սարսափելի անպաշտպան էի զգում, լացս գալիս էր: Մտածում էիª հանկարծ էլի արյուն չգա բերանիցս: Բերեց, չուզեցի կարդալ: Մեջքով նստած էր, ետևից մոտեցա, գրկեցի մեջքն ու սկսեցի անխնա համբուրել: Այդ պահին ինձ թվացª վրեժ եմ լուծում Լիլիթի մահվան, չհղիանալուս, իմ քնած ժամանակ իմ մասին պատմվածք գրելու, հետոյի հոգնության, դատարկության և թախծի համար: Անկանոն, վայրի շարժումներիս պատասխանում էր քնքուշ, նուրբ, վախվխելով: Անկողնում ինձ սիրում էր, իսկ ես փորձում էի թաքցնել արցունքներս, բայց ուզում էի աղին խառնվի բերանիս գոլ համին: Հետո, երբ ամեն բան վերջացավ, գլուխս զգույշ վերցրեց իր ուսից, կամաց  դրեց բարձին: Քնեցի:

Առավոտյան հիվանդանոցից զանգեցին, գնաց: Երբ մտա զուգարան, դույլի կողքին տեսա իր պատմվածքի ճմրթված թղթերը, կռացա, վերցրի, ուզեցի կարդալ, թաց էին, բաց արի, տեսա սերմով լի հակաբեղմնավորիչը փաթաթել, շպրտել է: Դռանը հենված նայում էի կանաչ գուլպաներիս. նա էր հագցրել… Այն զգացողությունն ունեի, թե էլի մեջքիս նույն դատարկությունն ու հոգնությունն է…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.