Կիկոսի վերադարձը

Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ: Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս: Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր: Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա: Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. Ձախորդ Փանոսը հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, Քաջ Նազարը` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ Կիկոսի մահը` վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից: Ես նրա ասածները չէի հասկանում ու երբեք էլ չեմ հասկանա, բայց օգտվեցի գրառումներ անելու իր սովորույթից ու պատմեցի` ինչ հիշում էի ու ինչ որ կարևոր էր ինձ համար` սկզբից մինչև վերջ:

Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի ընկուզենու տակ (այսուհետ` հաստաբուն) տեսիլք ունեցավ: Օրիորդ մայրս ուժեղ վախ ապրեց` տեսնելով մեկի մահը, որ դեռ չէր ծնվել. և այդ մեկը ես էի: Մորքուրներս ու տատս վրա-վրա վրա հասան, բաժանեցին մորս չեղած զավակին կորցնելու վախը ու քանի որ պարզ գյուղացի կինարմատ էին, լաց եղան, որ անցնի: Պապս անթաղում քելեխ տվեց, որ իր կույս աղջիկների մեջ մտած սարսափը դուրս գա ու չբերություն չբերի: Ու չբերեց… Ես իրականում ծնվեցի իմ հայտնի մահից երեք տարի անց: Հենց որ ծնվեցի, մայրս միանգամից ճանաչեց ինձ. «Վայ, քոռանամ ես, էս իմ տեսած Կիկոսն ա. աչքերը, բերանը, ճակատը, քիթը… Վայ, Կիկոս ջան»: Մորքուրներս ու տատս լուռ համաձայնեցին, որովհետև իրենք էլ էին ինձ տեսել ու համոզված էին, որ ես եմ` Կիկոսը: Սրա մասին հետագայում տատս ինձ պատմեց, ասեց` պապդ կռիվ- ղալմաղալ արեց, թե նորածնի վրա մեռածի անուն եք դնում, համոզում էր, որ ես ես չեմ, ուղղակի ախպեր ենք, նման ենք, բայց կնանիք մնացին անսասան: Իմ մահը մեր գյուղում իրական դեպք էր. բոլորը գիտեին, հիշում էին` ոնց մերոնք անմեռել ու անգերեզման սուգուշիվան արեցին, բայց քանի որ պապս քյասիբ աշխատավոր ու արդար մարդ էր, երեսներիս չէին խնդում, քելեխիս էլ սաղ գեղը մի մարդու պես եկել էր: Ասում են` էս պատմությունը հետո մեր գյուղից մի մարդ քաղաքի բազարում պատմել էր ու տենց գնացել հասել էր Թումանյանի ականջին: Ես շատ փոքր երեխա էի, որ տատս առաջին անգամ մահվանս պատմությունն ինձ արեց: Ոչ վախեցա, ոչ լաց եղա, ուղղակի չհավատացի, մտածեցի` չարություն եմ արել, պատժում են: Բայց տատիս խոսքերն ընդմիշտ մնացին հիշողությանս մեջ. «Դրա համար էլ, Կիկոս ջան, քեզ ծառ հելնել չի կարելի. որ վեր ելնես, ցած ընկնես` սաղս դարդից կկոտորվենք»:

Չեմ հիշում` առաջին անգամ ոնց հայտնվեցի աղբրի մոտ, բայց հիշում եմ, որ պապս ինձ ջրի չէր ուղարկում. արգելված վայր էր: Ուրեմն, աղբյուր գնալս չեմ հիշում, բայց երեխեքի հետ հաստատ գնացել էի: Երևի հաստաբունն էնքան բարձր ու անհասանելի էր, որ բարձրանալու փորձ էլ չէի արել: Լավ հիշում եմ մենակ, թե ոնց տանն իմացան ու ինձ մի լավ քոթակեցին:

Արդեն դպրոցական էի: Իմ մահն էին հանձնարարել, որ սովորենք, բայց ես վաղուց անգիր գիետի: Վարժապետս հարցրեց.

– Կիկոս, մահդ սովորե՞լ ես:

– Հա:

– Դե, ասա:

Ուրախ-ուրախ արտասանում եմ: Ասում եմ` «գդակը պոպոզ» ու ձեռքով ցույց եմ տալիս դիմացս դրած գդակս, իբր էս էլ` ապացույց: Հասա մորս ողբին` «վայ, Կիկոս ջան, վայ…», ու լացը չոքեց բկիս: Արտասուքս կուլ եմ տալիս, կուլ չի գնում, զռոցս կապեցի: Երեխեքը հռհռում են, վարժապետս էլ չի դիմանում, հետներն ընկած` ծիծաղից թուլացել է: Ու սկսվեց: Էդ օրվանից օրուարև չտեսա. գյուղի բոլոր երեխեքը հետևիցս ձեն էին տալիս, ավելի համարձակները` առաջս կտրում, կնկա ձև տված` խփում էին ծունկ ու գլխի, տնազ անում. «Վայ, բալա ջան…»: Կռիվ էի անում, շորերս պատռտած` տուն գալիս. Տատս լուռ հանվացնում էր, ինձ մածուն տալիս, որ ուտեմ, ինքն էլ` հազար կարկատան արած շորշիրթս նորից կարկատում: Հատկապես ազդվում էի, որ մոտիկ ընկերներս էին ինձ վրա ծիծաղում: Խաղում էինք իրար հետ, սիրում էինք իրար, չարություն չկար, բայց մեկ էլ տեսար` մեկը հիշում էր. «Վայ, Կիկոս ջան…», ու բոլորն անխտիր սկսում էին կչկչալ: Ինձ մի կերպ զսպելով` գցում էի տատիս գիրկն ու սկսում լաց լինել, թաքուն, որ պապս չտեսներ, որովհետև չէր սիրում երեխու լաց տան մեջ: Էդ ժամանակ տատս ասում էր. «Մի գերանն ինչ էր` չթաղեցինք, որ երեխես էս տեսակ չմղկտա»: Դա էլ պատմություն ուներ: Հարևան գյուղից մի նորահարս երազին հա երեխա էր կորցնում, մինչև որ մարդը մի գերանից տիկնիկ սարքեց, շոր-մոր հագցրին, դրին պստիկ դագաղի մեջ ու տարան թաղեցին: Դրանից հետո էդ կինը յոթ տղա, հինգ աղջիկ էր բերել: Տատս մեկ էլ ասում էր. «Տեսնես աշխարքում էլ սենց խոխա կա՞, որ ինքն իրա վրա էսքան լաց եղած լինի»:

Էդ տարին, որ դպրոցում իմ մահն էինք անցնում, մի իրական մահ եկավ մեր տուն. հերս մեռավ: Չոբան տնփեսա, բայց շատ սիրուն մարդ էր, շվի էր սարքում ինձ համար, մեկ-մեկ էլ հետը տանում սար: Հենց սարում էլ մի մոլորված գառան խաթեր գնաց դառավ գելի բաժին: (Կներեք, ավելի սիրուն բան մտքովս չանցավ. էս կերպարն ավելորդ էր. հեղ.` օհ_Արմեն_օհ):

Հիշում եմ հորս իրական մահն ու իմ անիրական մահը գումարվել էին իրար, շատ ծանր էի տանում: Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, մի մատ երեխա: Ոտքիս վրայով չիշիկի տաք շիթը հոսում թափվում է աղբրի մեջ: Գիտեմ, որ վատ բան եմ անում, դրանից համ վախում եմ, համ էլ մի տեսակ լավ եմ լինում: Չիշիկս չի վերջանում. հա գալիս ու գալիս է: Տաք շեռաջրերն աղբրի սառը ջրի հետ խառնվել, բարձրացել են մինչև գոտկատեղս ու շարունակում են արագ բարձրանալ: Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ: Ձեռքերս ջրից հանում եմ վեր, ասես օգնություն եմ աղերսում: Մեկ էլ հաստաբնի ճյուղերն իջնում են վրաս, բռնում բազուկներիցս ու տանում-բերում, շպրտում վերև: Թռչում եմ վեր, հասնում լուսնին, իջնում եմ ցած, ճղները գրկում են ինձ ու նորից թռցնում օդ: Մեկ էլ` ճըռռռռռռռթ… Արթնացա, տակս թաց էր: Սկսեցի տակս թրջել ու գիշերները վեր թռչել:

Մեծացել եմ, կլինեմ տասներկու-տասներեք տարեկան, բայց դեռ տակս թրջում եմ: Գյուղում գաղտնիք պահել չի լինի. մարդիկ գիտեն, բայց ձեն չեն հանում: Մերոնք էլ բան չեն ասում, տակս բան-ման են գցում, որ դոշակս չթրջվի: Համոզված եմ, որ գիժ եմ, հիվանդ եմ, ու ինձ նման ոչ մեկը չկա ամբողջ աշխարհում: Ինքնամփոփ եմ դարձել ու ձայներ եմ լսում` լուսնյակ գիշերներին: Չեմ քնում, որ տակս չանեմ: Հաստաբունը կանչում է իր մոտ: Վախենում եմ, չի կարելի, մերս կիմանա, տատս, մորքուրներս կիմանան, պապս կիմանա, ու բոլորը դարդից կկոտորվեն: Բայց չեմ դիմանում: Թաքուն-թաքուն վազում եմ աղբրի մոտ: Կանգնել եմ դիմացը ու դողում եմ: Լվացվում եմ աղբրի ջրով` իբր քունս փախչի, բայց քունս չի էլ տանում, որ փախչի: Ձեռքս դնում եմ կեղևին, մարմինս փշաքաղվում է: Երկու ցատկով ելա վրան, ձեռքս գցեցի առաջին ճյուղին, էնպես հմտորեն, ասես ամբողջ կյանքս ծառից չեմ իջել: Նստել եմ հարմար սաղարթի մեջ, թիկն եմ տվել ինձանից գոհ ու էդպես էլ` քնել: Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, զով քամի կա, բայց վառվում եմ: Սիրտս պայթում է, ջանս` վառվում, ոնց որ տենդի մեջ: Մի կերպ ինձ գցում եմ աղբրի բերան: Աչքերս փակել եմ ու լվացվում եմ: Ջուրը շփում եմ դեմքիս, դոշերիս, փորիս, ոտքերիս: Հովացա: Աչքերս բացել ու նայում եմ հաստաբնին: Սաղարթը քամուց խշշում է, ոնց որ ասի` թե տղա ես, վեր ել: Նայում եմ ձեռքերիս` արյուն, դոշս, փորս, ոտքերս` լրիվ արյուն: Ջրի տեղ արյուն է հոսում, աղբրի քարը դարձել է մի մեծ բաբախող սիրտ, հաստաբնի հողից դուրս եկած արմատները երակ են դարձել ու խմում են տաք կարմիր հեղուկը: Ճըռռռռռռռթ:.Արթնացա, ստուգում եմ` տակս թաց չի: Քթիցս արյուն է ֆշշում: Ծառից իջա, շատ բարեհաջող, շուտով լույսը կբացվի: Վազում եմ տուն: Մտել եմ տեղերս, սուտմեռնուկի տվել` իբր խոր քնած եմ: Մերս եկավ, տեսավ` տակս չոր: Ուրախացել են, աշխարհով մեկ եղել: Էդ օրվանից էլ տակս չեմ թրջում: Մեկ-մեկ գիշերները թաքուն գնում եմ հաստաբնի մոտ` իրար գրկում, քնում ենք, բայց` գաղտնի: Մինչև որ հարևան բիձեն գիշերով տեսնում, գալիս, մերոնց ասում է. « Ձեր Կիկոսը լուսնոտ ա»: Կռիվ-ղալմաղալ, ծեծ ու ջարդ: Պապս կատաղել, փրփրել ու չի հանգստանում. «Կտրելու եմ, քոքից կտրելու եմ…», բայց տատս համոզում է. «Պետք չի, սաղ գյուղը հետներս կթշնամանա, քանի հարյուր տարվա ծառ ա: Խեղճ ծառն ի՞նչ մեղք ունի, իրա համար կանգնած ա, մեր երեխեն ա ուզում վրեն հելնի…»: Չկտրեց, բայց ինձ կապում են, ահագին ժամանակ շան պես կապած եմ քնում: Մորս աչքը հա վրես է, որ հանկարծ ծառ չբարձրանամ: Մոռացել եմ, բայց մեկ-մեկ լուսնյակ գիշերներին էլի հաստաբունը կանչում է:

Տասնհինգ տարեկան եմ, արդեն բեղ ունեմ: Տատս ասում է` պսակվելուդ վախտն է: Նոփ-նոր գդակ են նվիրել` առանց պոպոզի, ծուռ դնում եմ, շատ է սազում, ամենաթանկ բանն է, որ ունեմ: Գնացել եմ հանդ ու չգիտեմ էլ` որտեղ եմ գդակս կորցրել: Ամբողջ օրը ման եմ եկել, ու թե ամոթ չլինի, լաց կլինեմ, բայց արդեն մեծ եմ: Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, բայց ես չկամ, անմարմին թևածում եմ, ոգի եմ երևի, թևածում եմ ջահել մորս շուրջը: Մայրս հմայված նայում է հաստաբնին` ներքևից վերև, աչքով ման է գալիս ամենավերևի ճյուղը: Ես զգում եմ մորս, զգում եմ, որ ծարավը խեղդում է իրեն, շրթունքները չորացել են, ծնկներն իրենք իրենց ծալվում են, ու չոքում է աղբրի պռնկին, մի ձեռքով` հենվում քարին, մյուսով` մի բուռ ջուր կում-կում անում: Մտնում եմ մորս փորը. մութ է, խոնավ: Կլորանում եմ, միսուարյուն եմ դառնում, զգում եմ արդեն իմ մարմինը, ու շատ արագ մեծանում եմ: Արդեն տեղս նեղ է, հասունացել եմ, պիտի դուրս գամ, շուրջս ինչ-որ ջրեր են, ինչ-որ ձայներ, բայց` մշուշում: Մի կերպ դուրս եմ գալիս լույս աշխարհ: Մորիցս հեռու եմ, ինքը գրկել է հաստաբունն ու երկունքի ցավերի մնացորդներն է քշում խոր արտաշնչելով, նայում է ինձ ու ժպտում: Ես աղբրի քարին ընկած եմ, բայց շարունակում եմ մեծանալ: Քիչ առաջ նորածին էի, հիմա արդեն կլինեմ մի տասը տարեկան: Պորտալարը ձգվում է մորիցս ինձ ու չի պոկվում: Արդեն ջահել տղա եմ, ամոթատեղիցս գանգուրներ են աճում: Աչքս ընկնում է հաստաբնի ճյուղին, տեսնեմ` կորած գդակս կախված: Վեր եմ կենում, մորս թողած` կապիկի պես մագլցում եմ ծառն ի վեր: Պորտալարը երկարել, ձգվել ու խանգարում է, որ գդակիս հասնեմ: Մի հատ էլ եմ ձգվում, ու պարտալարը պոկվում է, սվվոցով ճլմփում աղբրի մեջ: Նայում եմ գդակիս ու Ճըռռռռռռռթ: Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր:

Գդակս չկա: Ման եմ գալիս հանդուչոլում: Խաբարն եկավ, որ, իրոք, ինչ-որ մեկը չար կատակ է արել ու տարել է, ծառի վերի ճյուղից կախել: Տանը` էլի կռիվ-ղալմաղալ: Առաջին անգամ մորս վրա գոռում եմ. «Թե ինձ սիրում ես, թող գնամ, վեր ելնեմ ծառը, գդակս իջեցնեմ, ո՞նց պիտի ամբողջ կյանքս ապրեմ էսպես»: Ողբը կապել է, մորաքույրներս ձայնակցում են, տատս անարցունք հեծկլտում է: Վեր եմ կենում ու գնում: Կնանիք լացուկոծով, հետևիցս ընկած, գալիս են: Մորս ուշքը մի պահ գնում է, բայց չեմ մոտենում, հեռվից, կանգնած, նայում եմ, որ ուշքի բերեն, ու նորից միասին շարժվենք. մեր մեջ մի քսան քայլ տարբերություն ենք պահում: Ամբողջ գյուղը թաքուն մեզ է նայում, բայց ոչ մեկը մոտ չի գալիս: Հասել եմ հաստաբնին, նայում ենք իրար: Ատամներս կրճտացնում եմ, ջանս դողում է, գդակս թռցրել են ամենավերի ծերը: Կաշկանդվում եմ օրը ցերեկով, մերոնց աչքի առաջ, ծառ բարձրանա՞մ: Ականջներիս մեջ հա տատիս խոսքերն են. «Կիկոս ջան, քեզ ծառ հելնել չի կարելի. որ վեր ելնես, ցած ընկնես` սաղս դարդից կկոտորվենք»: Պապս, կացինն առած, հարայ տալով, գալիս է. դու էիր պակաս, քոփակ: Տատս, կայծակ կտրած, ընկել է պապիս հետևից: Վերջը պապս հևիհև հասավ, կանգնել է իմ ու հաստաբնի արանքը, կացինը բարձրացրել գլխից վերև, ոնց որ Հրաչյա Ներսիսյանը լինի զայրույթ խաղալիս: Մեկ էլ աչքերը լցվում են, կյանքումս առաջին անգամ եմ տեսնում պապիս աչքը խոնավ, կացինը խրում է հողի մեջ, ձեռը թափ տալիս ու սուս-փուս հեռանում: Մերս, մորքուրներս հասան, մոտ չեն գալիս, մերս նստել է քարին, մորքուրներս, թիկնապահի պես մեջքի հետևը կանգնած, լացում են, տատս չոքել է մի կողմի վրա ու ոնց որ թե աղոթք է անում: Վերջ: Գլուխս դրել եմ հաստաբնին, ափերով շոշափում եմ կեղևը: Լացը կտրել են, շունչները պահած` հետևում են: Բարձրանում եմ. համարձակությունս տեղն եկավ, արդեն կեսը բարձրացել եմ: Նայում եմ ներքև, մորս դեմքին գույն չկա, մորքուրներիս աչքերից գետեր են հոսում անձայն, տատս` գլուխը դեռ կախ: Պապս էլ չի երևում, հաստատ մի թաքուն տեղից գյոզ դրած` նայում է: Մեկ էլ տեսնեմ ի՞նչ: Գալիս են, չորս կողմից գալիս են ու գալիս` մեծ ու փոքր, ահել-ջահել ու բոլորն աչքիս Կիկոս են երևում. թե բոլորն իրոք Կիկոս են, չեմ հասկանում: Լիքն են: Բոլորը` գդակավոր, բոլորը` պոպոզավոր, մրջյունների նման վրա են տվել հաստաբնին ու բարձրանում են: Շատ-շատ են, Կիկոսների մի ամբողջ անկանոն բանակ: Ճղները ճկռել են, հաստաբունը Կիկոսների տակ կքել է, սրանցից մի քանիսն ընկնում են ցած` հասած պոպոքի նման, վեր են կենում, իրենց թափ տալիս ու նորից` ծառն ի վեր: Հազար Կիկոս ելել են հաստաբնի շալակն ու գդակները վերևից շպրտում են ներքև: Բայց ոնց որ թե աչքիս չի երևում. մերս, մորքուրներս, տատս էլ են տեսնում: Պոպոզավոր գդակների անձրևը թափվում է նրանց վրա, ու մորս դեմքի գույնը հետ է եկել, մորքուրներիս գետերն ուրախությունից վարարել են, տատիս աղոթքը կիսատ է մնացել: Ձեռքով են անում, երևի չգիտեն` էսքան Կիկոսից որ մեկն է իրենցը: Հասա գդակիս, վերցրել եմ ու գոռում եմ.

– Մամ…

– Հա, բալա ջան…

– Գդակս բռնի, գցում եմ:

– Գցի:

Գցեցի, բայց չտեսա` բռնեց, թե չէ: Ձեն է տալիս..

– Կիկոս, որդի:…

– Հա, մամ:…

– Զգույշ, բալես, չընկնես, – ու լաց է լինում:

Իմ լացն էլ է գալիս, հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում` հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե գրականություն… Մտածում եմ` տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ, ու կլինի Կիկոսի երկրորդ մահը: Բա դա՞ ով կգրի:

ՊոչԱՏումներ

Իմ պրոֆայլը` ՊոչԱՏում

Կարգավիճակ` այժմ կապի մեջ է

Ծննդյան թիվ. 7 հունիսի, 2010

Կենդանակերպի նշանը` Խեցգետին (աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում. հուլիսին ծնված պատմվածքները հեշտ են կարդացվում)

Իմ մասին

Ես 11061 նիշանոց հայերեն տեքստ եմ` սովորական պատմվածքի արտաքինով: Փնտրում եմ ընթերցողիս, որ բացվեմ նրա առաջ: Նախընտրում եմ, որ ինձ կարդա 25-45 տարեկան տղա կամ աղջիկ, ով պատրաստ է ինձ ընդունել այնպես, ինչպես կամ: Ավելի երիտասարդները կարող են ինձ ճիշտ չհասկանալ, իսկ տարեցները` երևի սխալ կհասկանան: Նրանք, ովքեր համոզված են, որ ինտերակտիվ տեքստերը գրական շեղում են, թող հեռու մնան ինձնից: Աչքով չտաք, կրկնում եմ, ես պատմվածք եմ, էդպիսի բաներ չեմ հասկանում: Սեքս, նույնիսկ մեկ կամ երկու անգամվա համար, չառաջարկեք, ես տեքստ եմ և սեռական օրգաններ չունեմ:

Եթե հիմա պատրաստ չես ինձ լիովին տրվելու, ուրեմն փակիր ինձ, վերևի աջ անկյունի խաչը քաշիր վրաս. և ամեն ինչ կավարտվի` չսկսված:

ԻնքնԱնկար

(նախքան բանը` նախաբանն էր)

Նախ և առաջ, կարդա «ԻնքնԱնկար» կոչվող նախաբանս, որ հասկանաս, թե ինչ տեսակ պատմվածք եմ և ինչ եմ ուզում քեզնից: Հետո` ես կանեմ ամեն բան, որ դու աննկատ վերջացնես ինձ, կլինեմ հակիրճ ու պարզ: Կընթանամ սահուն, որ հանգիստ և առանց ավելորդ երկարաբանությունների` հասնես կարևոր մասերիս, ուր իմ ծակ ու բացերն են, որտեղ իմ կիսատ ես-ը համալրման կարիք ունի:

Ինձնից էլ լավ գիտես` անթիվ-անհամար-տարալեզու-չքնաղ գրականություն կա, որ քո կարոտն է քաշում: Ինձ պես համեստ, անհայտ հեղինակի անկատար գործն ընդամենը միլիոն անգամ ապացուցված թեորեմի ու հանրահայտ բանաձևի հիշեցում է: Բայց ես ունեմ իմ գաղտնիքը. երկու հայտնիով հավասարություն, որի լուծումը նախապես կավճով նկարել եմ գրատախտակին` հատուկ քեզ համար: Հիշիր ամենակարևորը. բախտիս անիվը նրա ձեռքում է, ով ինձ ցույց կտա իր լեզուն:

Եթե դեռ լուրջ ես տրամադրված իմ հանդեպ ու չես կարծում, որ հերթական թեթև բլոգային պոստն եմ, որ կզվարճացնի քեզ ու անմիջապես կմոռացվի, ուրեմն շարունակիր կարդալ ու շատ արագ ամեն ինչ կհասկանաս: Հիմա ավելի հստակ կբացատրեմ` առանց գրական խաղերի:

Ես ծնվել եմ երեք ձորի հատակում` Վայոց Ձորի, Աղավնաձորի, Փոսի թաղի ձորակում` տանձի ծառի տակ, մետաղե ցանցավոր մահճակալին պառկած հեղինակիս գլխում: Ավելի ճիշտ, իմ գաղափարն է ծնվել տանձի ծառի տակ` երեք ձորի հատակում: Հետո ինձ հավաքել են acer նոթբուքում: Բայց դրանք անկարևոր մանրամասներ են: Կարևորն այն է, որ ես անավարտ պատմվածք եմ: Հեղինակս անհետևողական ու ինքնասիրահարված տիպ է: Սուտ են ասում, որ գրվածքը գրողի սիրասուն զավակն է. ես զուրկ եմ մնացել ծնողական հոգատարությունից: Երկու օր տանձի ծառի տակ պառկելուց հետո, նա մի քանի ժամում մեջս խոթեց որոշ կցկտուր մտքեր, և քանի որ այլևս ցանկություն չուներ ինձ շարունակելու, ձանձրույթից մեռավ և վերադարձավ մայրաքաղաք իր հոգեհացին ընկերների հետ գարեջուր խմելու և Երևանի գիշերներում վերածնվելու: Մի խոսքով, ես անավարտ պատմվածք եմ, որ փնտրում է իր ավարտը, ավելի ստույգ` ես ինտերակտիվ օն-լայն պատմվածք եմ, որի ավարտը պետք է գրի իր ընթերցողը, այսինքն` դու: Հիմա արդեն գիտես իմ գաղտնիքը:

Երկու խոսք էլ կառուցվածքիս մասին: Ես ստանդարտներից դուրս եմ` 90-60-90-ից շատ հեռու: Երկատված եմ: Մեջս գրառված են երկու պոչատ պատում, որ անավարտ են և ձգտում են ամբողջացման: Այստեղից էլ գալիս է վերնագիրս` «ՊոչԱՏումներ»: Հեղինակս, համոզված է, որ երկու պատումն էլ նույն վերջն ունեն և դրա համար էլ նրանց դրել է իմ մեջ` որպես մեկի կեսեր: Բացի դրանից, ունեմ նախաբան, որը հիմա կարդում ես, և «ԻնքնԱնուշ» անունով հարցազրույց` վերջաբանի փոխարեն: Իմացար արդեն, որ ստեղծողս ինձնից հրաժարվել է. հեղինակային իրավունքով պաշտպանված չեմ: Պոչս գտնողին չեմ խոստանում դրամական պարգև, բայց նա ազատ է վերագրել պոչավոր տարբերակս իրեն, տնավորել ինձ և ստանալ հոնորար: Եթե մեկի փոխարեն երկու պոչ գտնես, հոգ չէ, կարող եմ նաև երկպոչ գրական էակ լինել: Գիտեմ` պոչս լեզվիդ ծայրին է… ցույց տուր:

ՊոչԱՏում 1-ին

Կամայական եռանկյունի կարող էր լինել իմ հերոսը: Եթե ես լինեի պատմողը, կգրեի հավասարասրուն եռանկյան մասին: Եռանկյունին, որ սրունքներ ունի, արդեն իսկ հրապուրիչ է, հատկապես, երբ անկյան գագաթը 60 աստիճանից մեծ է և սրունքների միջև բացվածքը` լայն: Բայց բոլոր հնարավոր եռանկյունիներից հեղինակս ընտրեց այն մեկին, որն ուղղանկյուն էր և նրբազգաց: Այսքանը: Անցնենք բուն պատմությանը:

Մի առավոտ, սովորականի պես, ուղղանկյուն-եռանկյունը ձգեց իր երկարավուն ներքնաձիգը, թափ տվեց էջերը, անկյունաչափով ստուգեց, թե չի՞ ծռվել արդյոք իր 90 աստիճանանոց անկյունը և գնաց աշխատանքի` մոտակա հայկական հանրակրթական դպրոցի յոթերորդ, թե ութերորդ դասարան, որտեղ իր վրա այդ օրը պետք է ապացուցեին Պյութագորասի թեորեմը:

Իր համար Պյութագորասի թեորեմը ոտանավոր էր: Միայն «ներքնաձիգ» բառի արտասանությունն իրեն խելքամաղ էր անում, իսկ «քառա_կուսին» լսելիս հիշում էր` «մատունք_կուսին» արտահայտությունը, որ մի անգամ որսացել էր գրականության ժամին, երբ իրեն մոռացել էին ջնջել գրատախտակից, և այդ պահից սկսած անկարող էր մոռանալ: Ինչո՞ւ միայն «քառակուսին», ամեն մի բառն ինքնին հրաշք էր, իսկ թեորեմն ամբողջությամբ` բանաստեղծական գլուխգործոց: Ուղղանկյուն-եռանկյունն անկեղծորեն զարմանում էր, որ աշակերտները երբեք չեն զգում Պյութագորասի թեորեմի ամբողջ հուզականությունը: Նա պատրաստ էր անվերջ արտասանել.

Ուղղանկյուն

եռանկյան

ներքնաձիգի

քառակուսին

հավասար է

էջերի քառա-

կուսիների գումարին…

Դասաժամին եռանկյունն ուրախացավ, որ թեորեմն ապացուցեցին իրենց հավասարության երրորդ հայտանիշով: Հարյուրավոր եղանակներից նա հատկապես չէր սիրում ԱՄՆ նախագահ գեներալ Հերֆիլդի ապացույցը. ուղղակի տհաճ զգացում էր ունենում, երբ իրենից սեղան էին սարքում: Այս տեսակ մտքերով տարված` նա չնկատեց, թե դասն ինչպես ավարտվեց: Սթափվեց, երբ թեորեմն ապացուցված էր, իսկ զանգը` հնչեցված: Նոր տեսավ, որ դասասենյակում մնացել էր միայն օրվա հերթապահը` հենց այն աշակերտը, որը գրականության դասին ասել էր «մատունք_կուսին», ու իր էջերով թաքուն դող էր անցել:

Մեծ դասամիջոցն էր: Հերթապահը վերցրել էր ջնջոցը, որ մաքրեր գրատախտակը: Եռանկյունը պատկերված էր նահատակի նմանությամբ. նրան ուղղված էին ուսուցչի նկարած սլաքները, իսկ գլխավերևում անորոշ, աննպատակ օղակ էր հայտնվել: Այդ օրը նա կանոնավոր տեսք չուներ. էջերն անհավասար էին, ներքնաձիգն արտասովոր երկար, բայց պիրկ էր և այնքան ուղիղ էր գծված, որ գագաթների ծայրերը կարծես փշաքաղվել ու լուսարձակում էին էջերի հետ հատման հաճույքից: Ուղիղ անկյունն անթերի էր. հանգիստ, ճիշտ 90-ի տակ բացված, առանց որևէ ջանքի` պահում էր գրատախտակի շագանակագույն դատարկության մեջ ճառագող կողմերը: Սլացիկ էջերը զարկվում էին ներքնաձիգի ծայրերին այնպես, ասես այդ գիծը կասեցնում էր նրանց ընթացքը, սանձում նրանց անվերջ ձգվելու ցանկությունը:

Ջնջոցի մի քանի արագ շարժումից եռանկյունուն շրջապատող ապացույցի կավճային վկայություններն անէացան, բայց հերթապահն իրեն մաքրելու փոխարեն` շարունակում էր ուշադիր զննել: Թվում էր` զմայլված էր իրենով. երևի ավելի կատարյալ բան, քան իրար միացված կավճե երեք գիծ, երբեք չէր տեսել:

Ջնջոցն ընկավ հատակին: Հերթապահը մի տեսակ ծակոց զգաց փորատակին, հետո` հաճելի դող ու տարօինակ գրգռվածություն: Դեմքը, անկախ իրենից, մոտեցրեց գրատախտակին: Կիսաբաց շուրթերը հպվեցին տախտակի սառը մակերեսին, ապա նրանց արանքից դուրս սողոսկեց դեռահասի վարդագույն լեզուն և ագահորեն լպստեց եռանկյան ներքևի կարճ հորիզոնական էջը…

ՊոչԱՏում 2-րդ

Ոչ մեկը արդեն չի հիշում, թե ինչպես պատահեց, որ մեկը սիրահարվեց ուրիշ մեկի` հարևան թվատնից: Մի խոսքով, շատ շուտով բոլորին պարզ դարձավ, որ նրանք ստեղծված էին մեկմեկու համար: Սիրահարված մեկերը երկար ժամանակ ապրում էին իրենց կյանքով` ամեն մեկն իր զգացմունքով տարված, մինչև եկավ պահը, երբ նրանց ընտանիքները համապատասխան հաշվարկ արեցին և որոշեցին իրենց երեխաների կապը բանաձևել, ինչպես ասում են` թվաբանորեն օրինականացնել կամ պարզապես` ամուսնացնել նրանց, քանի որ բարեպաշտ թվաշխարհում այդպես էր կարգը: Այսքանը: Անցնենք բուն պատմությանը:

Մի առավոտ, մեկերից մեկի ընտանիքը հավաքվեց ու գնաց խնդրելու մյուս մեկի ձեռքը: Չմոռանամ նշել, որ հյուրընկալող մեկի մայրը` տիկին Տասներկուսը, անչափ դեմ էր հնարավոր ամուսնությանը:

Թվերը հերթով, նվազման կագով ծանոթացան: Խնամիները միանգամից շատ հավանեցին իրար: Բոլորը շարքային թվեր էին` համեստ, երկնիշ, առանց արմատատակ արտահայտությունների և այլ ավելորդությունների: Նստեցին, հաշվեցին, հաշվարկեցին, նախնական բանաձևը կազմեցին. 1+1=սեր:

Եվ ահա, մեկերից մեկի հայրը, բաժակն առած, այսպես խոսեց.

– Մենք եկել ենք խնդրելու ձեր մեկի ձեռքը: Մեր մեկը մենակ է, մինուճար զավակ: Արդեն տևական ժամանակ է` սիրում է ձեր մեկին, ուրեմն ինչո՞ւ չգումարենք ձերը մերին և մեր մեկն անենք երկու:

Տիկին Տասներկուսը, որն այդ ամբողջ ընթացքում, թթված դեմքով նստած, ինքն իրեն հաշվում էր մինչև տասներկուսը, չդիմացավ և արտահայտվեց.

– Ի՞նչ…. գումարե՞լ: Այդ պրիմիտիվ, տրիվիալ, կոպիտ գործողությո՞ւնը… Դուք կարծում եք, որ դա՞ է սիրո և ընտանեկան երջանկության բանաձևը, այդ պարզունակ համադրումը, կցմցումը: Մեկին գումարած մեկ հավասար է ոչ թե սեր, այլ` երկու: Ստացվում է, որ իմ երեխան պետք է կորցնի իր մեկությունը, իր ինքնությունը և դառնա երկու…

– Ոչ, սա անկարելի է,- տիկին Տասներկուսի ահագնացող հիստերիան փորձեց կասեցնել մեկերից մյուսի հորաքույրը, որ թվաբանության ուսուցչուհի էր: – Եկեք մեկերի սիրո այլ բանաձև ընտրենք: Օրինակ, մեկ անգամ մեկ հավասար է մեկ: Թող երեխաները ոչ թե գումարվեն, այլ` բազմապատկվեն:

– Հրաշալի է, մեկը բաժանած մեկին էլ հավասար է մեկ, այնպես, որ եթե չեք ուզում կորցնել ձեր ինքնությունը, բազմապատկվեք և բաժանվեք` ինչքան կուզեք, – վրա հասավ քեռի Քսանմեկը:

– Այո, երևի դա լուծում է,- կմկմաց մեկի հայրը, որ քիչ առաջ մեկը երկու սարքելու կենաց էր փորձում առաջ բրթել,- բայց ախր չորս բոլորը` ամեն անցումի տակ, բոլոր պատերին, ամեն դասասեղանին և ամեն աղջկա հուշատետրի մեջ, սերը միշտ գումարում է, ոչ թե բաժանում կամ բազմապատկում:

Միշտ այդպես է եղել սիրո բանաձևը: Մեր ժամանակ էլ էր այդպես. մեկին գումարվում էր մյուսը, և ստացվում էր սեր:

– Սիրելիս, իսկ դուք պատկերացնո՞ւմ եք` ինչքան վտանգավոր է նրանց առաջին ամուսնական գիշերը: Եթե գումարում կոչվող այդ խաչի ուղղահայաց գծիկն անհետանա՞, Աստված մի արասցե, մեկը հանվի… – սա ասելիս տիկին Տասներկուսը հազիվ էր զսպում արցունքները, – դուք գիտե՞ք, թե ինչ կլինի, երբ մեկը հանվի մյուսից: Նրանք կմեռնեն, կզրոյանան, մեկից հանած մեկ հավասար է մահ, հավասար է զրո … Դա՞ է ձեր ուզածը: Ես թույլ չեմ տա, որ իմ մեկը զրո դառնա, այսքան տարի նրան չեմ պահել-մեծացրել, որ մի անզգույշ սիրային հանումից զրոյանա:

– Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Իրոք, ձեզ չեմ հասկանում, տիկին Տասներկու: Չեք ուզում, որ ձեր մեկը երկու դառնա, վախենում եք, որ կհանվի և կզրոյանա, մյուս կողմից էլ` լուծում չեք առաջարկում: Ես հարգում եմ ձեզ, խելացի, կայացած թիվ եք, բաժանվում եք մեկի, երկուսի, երեքի, չորսի, վեցի և ինքներդ ձեզ վրա` առանց մնացորդի, բայց փորձեք լինել մի քիչ ավելի կառուցողական,- իր ծանր խոսքն ասեց հորաքույրը, որ թվաբանության ուսուցչուհի էր: Այնուհետև, առաջարկեց հետևյալը. – Գիտե՞ք, հիմա 21-րդ դարն է,- սա ասելիս նա մի խաղացկուն ժպիտ ուղղեց Քսանմեկ քեռու ուղղությամբ, – թվաբանությունն իր դասական ձևերից դուրս է եկել: Եկեք մեր մեկերին ուղարկենք այլ հաշվարկման համակարգում ապրելու, որտեղ մեկ գումարած մեկ հավասար է տասնմեկ, չէ՞ որ այդպես էլ է լինում:

– Դուք նկատի ունեք, այն աշխարհը, որտեղ միայն մեկեր ու զրոնե՞ր են: Այդ դեպքում մենք այլևս երբեք չենք կարող տեսնել մեր զավակներին,- ասաց Տասներեք հորեղբայրը:

– Օհ, Տասներեք, բերանդ բարի բաց արա,- կրկին մեջ ընկավ տիկին Տասներկուսը:

– Ոչ, ես դա նկատի չունեմ. բոլորովին վերջերս եմ տեղեկացել մի համակարգի մասին, որ կոչվում է կենտնոց: Այնտեղ կենտեր են ապրում, զույգեր չկան: Եվ կարծես այնտեղ մեկին գումարած մեկը հավասար է տասնմեկի:

– Ուղարկե՞նք երեխաներին անհայտ աշխարհ, որտեղ զույգ թվեր չկան, որտեղ միայն կենտեր են: Դա այլասերվածություն է: Ո՞վ իմանա` կենտերով իրար հետ ինչեր են անում: Մենք ի՞նչ գիտենք, որ այնտեղ ապահով է: Ես չեմ դիմանա: Ու դուք դա ասում եք մո՞րը` շատ լավ իմանալով, որ ես ինքս զույգ թիվ եմ:

Այստեղ տիկին Տասներկուսը վեր ցատկեց, բաժանվեց երկու վեցերի, որոնք, իրենց հերթին, կայծակնային արագությամբ բաժանվեցին երկուական երեքների և…

ԻնքնԱնուշ

(բանից հետո` վերջաբանն էր)

Վերջաբանի փոխարեն` կարող եք կարդալ հեղինակի հարցազրույցը, որ նա տվեց ինքն իրեն տանձի ծառի տակ, երեք ձորի հատակում:

– Ինչի՞ մասին է ՊոչԱՏումները:

– Բարդույթների և սիրո:

– Դուք բարդույթներ ունե՞ք:

– Այո, վերջույթներիս կարճությունը, հատկապես մեկի:

– Հի-հի, ո՞ր մեկի:

– Լեզվիս: Փոքրուց ինձ սպառնում էին, որ կեղտոտ լեզուս կկտրեն, կպոկեն, բնից կհանեն, որ կչորանա..

– Լավ, հասկացա, հետո՞ ինչ:

– Հետո` ես բարդույթավորվեցի. որոշ ժամանակ լեզուս ինձ քաշեցի ու էլ լեզվիս չէի տալիս: Սեռահասունացման տարիքում հասկացա, որ լեզուս կարճ է, և ես դրանից վատ եմ զգում:

– Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք:

– Փորձեցի հաղթահարել բարդույթս. ուսանող էի, երբ տեսա Էյնշտեյնի լուսանկարը, որտեղ լեզուն հանել էր` ի ցույց ամբողջ աշխարհի: Սկսեցի լեզու հանել բոլորին` առանց քաշվելու: Առանց չափը փոխելու` երկարեց…

– Լավ, բարդույթներն ու վերջույթները դնենք մի կողմ: Իսկ սե՞րը. ի՞նչ կապ ունի գրատախտակից կավիճ լպստելու հետ: Դեռ փնտրո՞ւմ եք սիրո բանաձևը:

– Առաջին ՊոչԱՏումի կերպարները տարբեր աշխարհներից են: Նրանք այնքան տարբեր են, որ չեն կարող հարաբերվել: Երկրորդ ՊոչԱՏումի հերոսները նույն աշխարհից են: Նրանք այնքան նման են, որ չեն կարող հարաբերվել: Սերը ինչ-որ տեղ սրանց արանքում է: Եթե իմանայի` որտեղ, անավարտ չէի թողնի պատմվածքս…

– Կարծում ես պատմվածքդ կգտնի՞ իր պոչը կամ պոչերը:

– Ով փնտրում է, նա գտնում է, կարևորը` կորցնելն է, որ սկսես որոնել: Եթե ոչինչ չես կորցրել, ի՞նչ ես ման գալիս:

– Վերջում ի՞նչ կասես ընթերցողիդ:

– Շնորհակալություն, որ ինձ կարդացիք: Հեքիաթները, պատմվածքները, ֆիլմերն ու անգամ սերիալները վերջանում են, իսկ կյանքը միշտ ընդհատվում է` անգամ 100 տարեկանում:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.