Դօրիան
Այրված յուրաքանչյուր գրիքի կրակ լուսավորում է աշխարհը
(Ռալֆ Էմերսոն)
1. ԿԱՐԻՔ
Գլխացավն անուշադրության էր մատնված: Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը: Հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած` պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:
Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր գնալ և թողնել, որպեսզի կարգին հանգստանա:
– Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – Զարթնել եմ, էստեղ արի:
– Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:
– Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով և կանչեց, – Մա՞մ:
– Հա, ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:
– Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:
– Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերին:
Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում և Վիգենն անմիջապես նկատեց դա:
– Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:
– Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:
Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա: Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կարուձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտի համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Սովորող տղա էր Դավիթը, խելացի, գեղեցիկ: Բակի, գրեթե բոլոր, աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում, Աստված տվել, չէր խնայել:
Տարուց ավել էր, ինչ Դավիթը փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստ բիզնեսմենները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները էժանագին պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:
Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների:
Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան, ոչ թե կեղտոտ բամբասանքների ու բանսարկությունների պատճառ դարձնում:
«Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտահորիզոնը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթին դուր էր գալիս «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Իսկ արթնանալով մի որոշ ժամանակ ասես հազիվ կառավարեր մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է, փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:
– Էս էլ ձեր կոֆեն,– սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, -Ծանր օր էր հա՞, Դավիթ ջան:
– Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:
– Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկը առնես:
– Առել եմ, մամ ջան, առել եմ:
– Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:
– Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահեք:
Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից, առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:
– Վի՞գ:
– Հա՞:
– Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:
– Ի՞նչ տղամարդ:
– Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:
– Չասե՞ց, թե ինչ գործ:
– Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:
– Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքիմ մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:
Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել: Բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ մի դիպլոմ չուներ, ոչ մի վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինչպե՞ս իրեն ներկայացներ: Չնայած… Եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:
2.«ՇՅՈՒՂԵՐ»
Երկուշաբթի օրերը «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրած չէր, պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին: Մտովի հաշվում վաստակած փողը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր կանխատեսել, թե որքան գումար է տալու: Անշուշտ ավելի էժան վարձատրում նախատեսած մարդն ավելի մեղմ մոտեցում ցույց կտար: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:
– Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:
– Ոնց որ, – ծիծաղեց Դավիթը ու ձեռքով բարևեց Արմենին:
– Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:
– Եսիմ… Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:
– Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսանց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:
– Ա՞րմ…
– Ի՛ – զարմացած Դավիթին նայեց Արմենը – Լսար ի՞նչ ասի:
– Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան ասեի: Անցած սմենին քեզ մարդ չի՞ մոտեցել:
– Ի՞նչ մարդ:
– Աշխատանք չեն առաջարկե՞լ:
– Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց, դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:
Ու Արմենը, հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:
Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:
– Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:
– Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:
– Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:
– Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:
– Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:
– Հա…
Տղամարդն անջատեց հեռախոսը ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լինի, որ հանուն իրեն այդ պաշտոնավոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր գործն այդքան կարևոր էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Իսկ եթե՞: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չի դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլ նաև ամեն տեսակ ավելորդությունների գումար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքճքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլինի աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:
Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:
– Այ չուզող, – Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:
– Ի՞նչ ուզեի ոռ: ԹՌՊպՔՖ սՌ, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, ՊՈ վպ ջՈ փՑՏ:
– Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:
– Յա, – բարկացավ Մարգոն, – Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի, ՍՐպՑՌվ:
– Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:
Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:
– Գլխիդ էկավ, հա:
– Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:
– Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել, ՍՏվՑՐՏսՖ-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:
– Ծակվելու՞ ես, այ դայաղչի:
Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:
Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի մեջ, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:
– Անպետք, – թավան սեղանին դրեց Մարգոն, – Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի, րՈՎՈ ՉՌվՏՉՈՑՈ:
– Դավ, – Դավիթի կողմ շրջվեց Արմենը, – Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:
– Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք: ԺՈՉՏսՖվՏ, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:
– Հը՞, կոշկե՞լ են, տղեք, – խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:
– Տո սրանք պայմանավորվել են, – բերանը ծռմռեց Արմենը:
– Դավիթ, – գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:
Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:
– Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, – դիմեց նրան Մարգոն:
– Սեքսի պակաս ա, – միջամտեց Արմենը, – Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:
– Սասդ կտռի, է, – բարկացավ Մարգոն, – Թող տեսնեմ, թե ինչ է եղել:
– Բան էլ չի եղել, – պատասխանեց Դավիթը, – Մտքերով էի ընկել:
– Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, – ավելացրեց ջահել աղջիկը, – Կարող ա՞ իսկականից Արմենի ասածից ա:
– Ի՞նչ եմ ասել, – քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:
– Հի, հի, հի, – գլուխն օրորեց աղջիկը, – Շատ ծիծաղալու ա:
Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Բայց ոչինչ էլ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էր Մարգոյի բղավոցը ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ», ասեց Դավիթը մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնի, թե նախ չեմ ու չում անի:
3. 100 ԵՎՐՈ
Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու կարգադրեց.
– Ինձ համար նույն այն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:
Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենա:
– Միայնա՞կ եք գիշերելու:
– Այո:
Եվ պարոնը բարի կողմ գնաց:
Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր այս ամբողջ թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած, հազիվ էր ոտքերի վրա կանգնում:
– Այ Դավիթ, էս ոնց վախացրիր:
– Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:
Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:
– Շշշշ: Վերևում մարդ կա՞:
– Չկա, բայց գալու է:
– Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:
– Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ է բարձրանալու:
– Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:
– Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:
– Չե՞ս զգում:
– Ի՞նչ:
– Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:
Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ: Մի տեսակ սարսուռ անցավ մարմնով, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:
– Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախոոով:
– Ձենդ, Ռուբիկ, – մի գեղեցիկ աղջկա թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:
– Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:
– Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:
Դավիթը նոր-նոր էր սկսել ընկալել, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:
– Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չենք սպասելու:
Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:
– Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…
– Գնամ լվացվեմ:
Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է, հիվանդ է: Ամեն ինչ այդ մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէ: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շիթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր լոգարանում: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:
– Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պիտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ Մարգոն կջոգի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:
Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:
– Էյ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ է:
Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չի զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէ ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:
– Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:
Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում
:
– Փակեք դուռը, խնդրում եմ:
Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Բայց պարոնը լուռ էր:
– Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է…
Պարոնը նայեց նրան ու ժպտաց:
– Հանիր վերնաշապիկդ:
– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
– Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:
– Ինչի՞ համար:
– Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:
Դավիթը որոշեց չշարունակել հարցուփորձը: Ոչ մի վատ բան չկար, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Ոչ ոքի հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանի որ պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտի, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, քչփորեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:
– Շապիկդ էլ հանի:
Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե այն հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:
– Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:
4. ԵՐՋԱՆԻԿ ԿԻՐԱԿԻ
Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել: Որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենան տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա», պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն այն համոզմանը եկել, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր որքան հնարավոր է շուտ հարս գտնել, թե չէ որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, որ եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակ փչացածներից մեկը չի, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:
Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:
– Էս ի՞նչ է, Դավիթ:
– Մեզ համար հագուստ եմ գնել, մայրիկ: Ինչքա՞ն պիտի էս հին քրջերով ման գանք:
Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչեր է գնել:
– Ճիշտ է, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում է, չէ՞:
Սաթենիկը ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր. «Որտեղի՞ց»:
– Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով հարցրեց Սաթենիկը:
– Մի մարդ տվեց: Կանգ էր առել մեր հյուրանոցում, առավոտը գնալիս հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:
– Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն հետ է եկել, որ փնտրի: Իզուր ես շտապել:
– Չէ, մամ, չէ, արխային: Շատ հարուստ մարդ է: Առաջին անգամ չի նման բան անում:
Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:
– Ղսմաթ է տղես, ղսմաթ է: Բայց իզուր ես էսպես ծախսել: Պահեիր, ուսմանդ վարձի վրա դնեիր:
Գուցե շուտ հավաքեիր գումարը ու կարողանայիր գոնե երկու օրը մեկ աշխատել:
– Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում է: Փոխանակ ուրախանաս…
– Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:
Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալուց չէր տեսել Դավիթը: Ու եթե մինչ այս կասկածում էր, ճիշտ է ծախսել գումարը, թե ոչ, հիմա համարյա համոզված էր, որ ճիշտ է արել:
Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն մի տեսակ լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ առաջվա պես ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:
Մեծ գումար ընդամենը վերնաշապիկը հանելու համար: Գրողը տանի, նա պատրաստ է երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեն: Նա դեռ այնքան երազանքներ ուներ: Հետաքրքիր էր, կզանգեր նորից այդ մարդը, թե ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր, հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց կգնի: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ կնայեն իրեն: Կսկսեն փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ կսկսեն փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե նա ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – Ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Մի խորամանկ ժպիտ հայտնվեց Դավիթի դեմքին: Թող մտածեն, ինչ կուզեն, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:
5. ՀԱՄԱՐ 16-Ի ՀԱՃԱԽՈՐԴԸ
«Շյուղերը» երբեք այդքան ձանձրալի չէր թվացել Դավիթին: Նախկինում, կարծես չէր տեսնում, թե ինչ միօրինակ ու տաղտուկ է այստեղ: Ու միայն այսօր նա նկատեց դա: Դեռ նոր էր հանդերձարան մտել և արդեն Արմենի ու Մարգոյի հերթական վեճի ականատեսը դարձավ: Երիտասարդը փակվել էր հանդերձախցում, իսկ համառ Մարգոն համարյա կոտրում էր դրա դուռը:
– Բարև, Մարգո, – ժպտաց Դավիթը ռուսախոս մենեջերին:
– Բարև, – մի վայրկյանով շեղվեց Մարգոն իր գործից, ապա նույն եռանդով սկսեց բախել հանդերձախցի դուռը:
– Դու հլը դուռս առի, Առմեն տղա, Չրպ սՌՓՏ ՉօՓՈՐՈտՈ՚:
– Ինչ կանե՞ս, – ներսից գոռաց Արմենը:
– Դուռս առի կտենաս:
– Յա… Չի՞ լինի դու ներս գաս իրար հետ ստեղ տենանք:
– ԽՐպՑՌվ, – բղավեց Մարգոն ու ոտքով հարվածեց դռանը, – Վաղ թե ուշ դուռս ես գալու: ԹՏՑ ՑՏչՊՈ տՏրՎՏՑՐՌՎ:
– Յա, Մարգո: Բա որ իմանայի սաղ-սաղ ուզում ես նայես, շուտ դուրս կգայի:
– Հլա սռան:
Դավիթը ժպիտը դեմքին հետևում էր «մարտի» ընթացքին: Վերջապես Արմենը բացեց դուռը: Հագին միայն ներքնազգեստ էր ու ապուշի պես ժպտում էր:
– Առ, նայի:
– ձՐՏՊ, – բղավեց Մարգոն ու ձեռքի տակ ընկած համազգեստը շպրտեց Արմենի վրա, – Դու համառի, թե առդեն ցՉՏսպվ:
Երբ Մարգոն լքեց մարտադաշտը, Արմենը սկսեց անկուշտ ծիծաղել:
– Բայց դու դրա դեմքը տեսա՞ր, Դավիթ:
– Հա, – ի պատասխան ծիծաղեց Դավիթը:
Արմենն հանկարծակի լրջացավ: Կարծես նոր-նոր էր տեսնում, որ իր առջև Դավիթն է: Դավիթը միանգամից որսաց նրա տարօրինակ հայացքը:
«Աստված իմ, – մտածեց նա, – Մի՞թե գիտի, թե ինչ է կատարվել անցած հերթապահության ժամանակ»:
– Դավիթ, ես գիտեմ, թե ինչ է եղել այն գիշեր:
Քրտինքը խփեց Դավիթի ճակատին: Նրան չէր թվում, թե ինչ-որ ամոթալի բան է տեղի ունեցել, սակայն չէր էլ ուզում, որ իմանային, թե որտեղից էր այդքան փող ճարել: Ո՞վ կմտածեր, որ իրեն վճարել են միայն վերնաշապիկը հանելու համար: Կկարծեին, թե որևէ կեղտոտ գործով է զբաղվում` թմրանյութեր է վաճառում, մասնակցում բիզնեսմենների ու քաղաքական գործիչների` իրար հանդեպ կիրառվող սադրանքներին: Ո՞վ կհավատար իրականությանը: Իհարկե Արմենը չգիտեր, թե ինչ է կարտարվել այն սենյակում, նա, հավանաբար, միայն հետևություններ է արել: Դավիթին սարսափեցնում էին հենց այդ հետևությունները:
– Լսիր, Դավիթ, – շարունակեց Արմենը, – Գիտեմ, որ անցած գիշեր… դե, ո՞նց ասեմ… չես կարողացել: Ինձ էն քածն ասեց: Ես զգում էի, որ ինչ-որ խնդիրներ ունես: Կուզե՞ս հետդ բժշկի գամ: Անպայման ստուգվիր:
Ասես մի մեծ քար ընկավ Դավիթի ուսերից: Փաստորեն Արմենն ամենևին էլ տեղյակ չէր հարուստ պարոնի առաջարկած «աշխատանքի» մասին: Ամեն ինչ անցել-գնացել էր: Հիմա միայն մնում էր փակել նրա բացած այս տհաճ խոսակցությունը:
– Ամեն ինչ կարգին է, Արմեն: Ապրես, որ անհանգստանում ես: Պատճառը գլխացավն էր:
Սպանում էր, չէի կենտրոնանում: Աչքերիս առաջ մթնում էր:
Արմենը կասկածամիտ հայացքով նայեց գործընկերոջ վրա:
– Դավ, դրանից հետո կանգնե՞լ ա:
– Հա, – ծիծաղեց Դավիթը, – Ի՞նչ հիմար հարցեր ես տալիս:
– Դե, չէր դզի, որ ընգերս իմպոտենտ լիներ: Հասկանում ես, էլի:
– Չհասկացա, – հանդերձարան մտավ Մարգոն, – ԿՊՌվ պքպ Չ ՑՐցրՈւ րՑՏՌՑ, ՊՐցչՏռ ՉՏՏոքպ վպ տպՐպՏՊպսրÿ… 16 համառը պիտի սպասառկեք, շուշուտ:
– Հըլը ճիշտն ասա, Մարգո, – մենեջերին դիմեց Արմենը, – Կուզեիր չէ՞, որ «ադնավո սավսեմ նե բիլո, դրուգոյ բիլ վաբշե բեզ տրուսով»:
– թցրՈՍ, – արհամարհական շպրտեց Մարգոն և դուրս եկավ:
– 16 համառը պիտի սըպասառկեք, – փորձեց Մարգոյի տնազն անել Արմենը:
– Ես կսպասարկեմ, – անմիջապես արձագանքեց Դավիթը:
Ծածուկ մի հույս էր ստիպում Դավիթին նորից այդ սենյակ գնալ: Սպասում էր նորից այն հարուստ պարոնին տեսնել: Չէր հասկանում, թե ինչ է նրա ուզածը: Իսկ երբ հիշում էր իրեն վճարված գումարը` չէր էլ փորձում հասկանալ: Հիմա կարևոր էր մի բան, որ այն պարոնն այնտեղ լինի:
Երբ բաց արեց 16-րդ համարի դուռը, ոգևորության ալիքն անմիջապես հարվածեց ճակատին: Զգաց այն հոսանքը, որը բնորոշ է զգալ երջանիկ մարդկանց: Պարոնն այնտեղ էր, նստած նույն բազկաթոռին և, տեսնելով իրեն, համաձայնության նշան ցույց տվեց` փոքր ինչ խոնարհելով գլուխը: Դավիթը ներս մտավ ու հետևից փակեց դուռը: Չգիտեր, թե ինչից սկսեր, ինչ ասեր: Միայն նայում էր պարոնի աչքերի մեջ ու սպասում կարգադրությունների:
– Լավ է, որ դու եկար, – վերջապես խոսեց պարոնը:
– Չէի սպասում ձեզ էստեղ տեսնել:
– Դե… Ես, այնուամենայնիվ այստեղ եմ: Կուզե՞ս էլի փող աշխատել:
Դավիթը մի պահ ուզեցավ ասել ոչ, պարզապես իր կարիքը զգացնել չտալու համար, բայց կարծեց, որ այդպես կարող է կորցնել հարստանալու միակ հնարավորությունը:
– Իհարկե կուզեմ:
– Դե՞, – այնպիսի տոնով արտասանեց պարոնը, որն հավանաբար նշանակում էր «Ինչի՞ ես սպասում»:
Երիտասարդն արձակեց վերնաշապիկի կոճակները: Համոզված չէր, որ պարոնի ուզածը դա է, բայց քանի որ նա լռում էր, շարունակեց: Հանեց վերնաշապիկն ու աթոռի վրա գցեց: Ապա սպասեց, մինչև պարոնը կհանի դրամապանակը: Բայց, ի զարմանս իրեն, այս ամգամ 50 եվրոյի փոխարեն սեղանին տեսավ ընդամենը 10-ը: Նախ որոշեց կանգ առնել: Հետո մտածեց, որ չեղած տեղից քսան եվրոն էլ փող է: Նա շտապ հանեց շապիկը և վերնաշապիկի վրա շպրտեց: Պարոնը ժպտաց և ևս 20 եվրո ավելացրեց: Դավիթին դա ոգևորեց: Նա մոտեցավ, որպեսզի վերցնի գումարը:
– Սպասիր, սպասիր, – կանգնեցրեց նրան պարոնը, – Տաբատդ հանիր:
– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
Պարոնն այնպես նայեց, որ ամեն ինչ պարզ էր: Դավիթը լուռ հանեց կոշիկներն ու տաբատը: Եվս 50 եվրո սեղանին հայտնվեց: Արդեն 80:
– Լողազգեստը, – ժպտաց պարոնը:
Թեկուզ ներքին մի ուժ վիճում էր Դավիթի հետ, այն միտքը, որ վայրկյաններ անց ամեն ինչ ավարտվելու է, թողնելով միայն 100 եվրո, ստիպեց նրան շարունակել: Հանեց լողազգեստը և հատակին նետեց:
Պարոնն անկուշտ հայացքով սկսեց ուսումնասիրել Դավիթին: Միայն այդ ժամանակ երիտասարդը հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա մի քանի վայրկյան էլ մերկ կանգնեց պարոնի առաջ` սպասելով վերջնական գումարին: Հաստատ որոշեց այլևս ոչ մի անգամ չկատարել խելագարի քմահաճույքները, սկսեց մեղադրել իրեն, որ 100 եվրոյի համար այսքան ցածրանում է… Պարոնը դրամապանակից 120 եվրո հանեց և դրեց մնացած գումարի վրա:
– Կարող ես հագնվել և գնալ:
Դավիթն իրեն նվաստացած էր զգում, ցածր: Այդ պահին ատում էր իրեն ու փողը: Շտապ հագավ շորերը ու գումարը գրպանը դնելով` դուրս եկավ սենյակից: Միջանցքում արդեն ճնշող զգացումները լքեցին նրան: Միայն այն էր ընկալում, որ գրպանում 200 եվրո կա: Հենց վաղը առավոտյան կգնա խանութ ու հեռուստացույց կգնի… Ամենալավ հեռուստացույցը:
6. ԲԱՑ ԹՈՂԱԾ ԶԱՆԳԵՐ
Տիկին Սաթենիկն ուշադիր զննեց հեռուստացույցի էկրանի ներքևում գրված երեք տառը, որոնք ոչ այն է հայերեն էին, ոչ այն է ռուսերեն ու զարմանքով նկատեց..
– Վարսիկենց տելեվիզրից ա:
Ու Դավիթն ավելի մեծ հպարտությամբ համակվեց, որ իրենց տանն էլ թաղամասի ամենահարուստ մարդը համարվող Արտաշի` Վարսիկի ամուսնու, հեռուստացույցից է դրված: Մի պահ Սաթենիկը մոռացավ այն բոլոր հարցերը, որը երևի կտար ցանկացած մայր օրական 3000 դրամ աշխատող տղային, որը որևէ թանկարժեք իր է տուն բերում: Նրան, իհարկե, հետաքրքիր էր, թե այս անգամ փողը որտեղից, ով է տվել, ինչի համար: Աստված մի արասցե, որդին ճիշտ ճանապարհից շեղված լինի, խախտած մարդու կամ Աստծո կողմից գրված օրենքները: Բայց` սթափվելով, Սաթենիկը հասկացավ, որ ինչ հարց էլ տար, խաբված էր դուրս գալու: Եթե որդին շեղվել էր ճանապարհից, ոչ մի դեպքում չէր ընդունի դա: Սաթենիկը որոշեց թաքուն հետևել:
Տասը րոպե չկար, ինչ միացրել էին իրենց նոր ձեռքբերումը, երբ անտանելի գլխացավը նորից սկսեց տանջել Դավիթին: Աչքերն արցունքոտվում էին ու արցունքների մեջից անհնար էր դառնում որևէ բան տեսնել: Նա մի քանի վայրկյան նյարդային թարթում էր կոպերը, արցունքները ցրվում էին ու աչքերի առաջ նորից ինչ-որ պատկերներ էին գալիս, բայց դա երկար չէր տևում: Որոշեց վեր կենալ ու սենյակ գնալ, պառկել: Գուցե հոգնածությունն էր պատճառը, անքնությունը:
Սաթենիկը նկատեց, թե ինչպես է Դավիթը ճոճվում ոտքի վրա:
– Բալա, տե՞ղ է ցավում:
Ցավոք, Դավիթը ոչինչ չլսեց: Այժմ նա միայն խշշոցներ էր լսում, ինչպիսիք լինում են ջրի տակ: Համաչափ խշշոցներ, որոնք խլացնում էին մնացած ամեն ինչը:
– Դավիթ, – բղավեց Սաթենիկը, որդու հետ խոսելու վերջին ճիգն անելով:
Ու Դավիթն ընկավ հատակին: Սաթենիկը վեր թռավ տեղից ու դեպի որդին վազեց` չհասցնելով անգամ լաց լինել…
Երբ Դավիթը բացեց աչքերը, մայրն ու Վիգենը կողքին էին: Սաթենիկն արդեն հոգնել էր արցունքներից, Վիգենը` նրան սփոփելուց: Երկուսն էլ լուռ էին:
– Ի՞նչ է եղել, – հարցրեց Դավիթը, կարծելով թե քնած էր:
Վիգենը խիստ հայացքով նայեց նրա վրա:
– Ե՞րբ ես վերջին անգամ հաց կերել:
Դավիթը լռեց: Վաղուց է, ինչ համարյա ոչինչ չէր ուտում: Օրերն այնքան արագ էին անցնում, նա չէր էլ հասցնում նկատել: Արդեն, անգամ, չէր զգում ուտելու կարիք: Մի պատառ հացը հերիք էր, որպեսզի կշտացած զգա իրեն, հագեցած: Թերևս դրան էլ խաբնվում էր ու օրերով ոչինչ չէր ուտում: Երբ սկսել էին խնդիրները, չէր էլ մտածում, որ մեկը մյուսի հետ կապ ունի: Վերջիվերջո նա երբեք սոված չէր մնում, ինչպե՞ս դա կարող էր ազդել վրան: Սակայն Վիգենի այս հարցը, կարծես, իր բոլոր կասկածների պատասխանը դարձավ:
– Ի՞նչ հիմար հարց է, Վիգեն: Առավոտն եմ կերել գործի տեղը:
– Սուտ ես ասում: Մենք բժիշկ էինք կանչել:
– Ո՞նց, – զարմացավ Դավիթը, – Ո՞վ վճարեց: Շալվարիս գրպանում փող կա: Մայրիկ, տուր Վիգենին:
– Վերջացրու: Մի փախիր խոսակցությունից: Խելքդ հացի հետ ես կերել… Վայ չէ, պիտի հաց ուտեիր, որ խելքդ էլ հետը ուտեիր… Դու ինչո՞վ ես մտածում:
– Լավ էլի, Վիգեն, մնում էր, որ դու գլխիս քարոզ կարդայիր:
– Որ ճիշտ բան է ասում, ուրեմն քարո՞զ է կարդում, այ բալա: Էս ինչ ես քեզ հետ անում:
Ու Սաթենիկը նորից թրջեց աչքերը:
– Սաթիկ տոտա, մի քանի րոպեով դուրս կգա՞ս, – դիմեց նրան Վիգենը, – Ես Դավիթի հետ պիտի առանձին խոսեմ:
Սաթենիկը ոչինչ չասեց: Վեր կացավ ու դուրս եկավ` նույն խոհեմությամբ կատարելով Վիգենի խնդրանքը, ինչպիսի խոհեմությամբ կատարում էր ցանկացած խնդրանք:
– Բայց դու ինչ եզ դուրս եկար: Մորդ էլ չես խղճում, – բարկացկոտ ձայնով Դավիթին դիմեց ընկերը, երբ Սաթենիկն արդեն դուրս էր եկել ու իր հետևից փակել դուռը:
Դավիթը ոչինչ չպատասխանեց:
– Եթե պրոբլեմներ ունես, ասա: Մինիստր չենք, բայց էդքան էլ հավայի դեմքեր չենք, որ չկարանանք լուծենք: Էսքան վախտ մի հարց էղե՞լ ա, որ չենք լուծել: Մեղքս գալիս ես: Հա, լուրջ եմ ասում, խղճում եմ քեզ: Չեմ հասկանում, թե խի՞, էլի: Նու… Վաբշե գլխումս տեղ չի անում: Պատճառը ո՞րն ա:
– Պատճառ չկա, Վիգեն: Ես էլ չեմ նկատել, թե ինչ եմ անում, չեմ հասկացել: Էս վերջերս էի ինձ վատ զգում, բայց… Չէի մտածում, որ քիչ ուտելուց…
– Չուտելուց, Դավիթ, ոչ թե քիչ ուտելուց: Հասկանու՞մ ես, որ էդ արդեն հիվանդություն ա: Արա, էրեխա էլ չես է, որ զոռենք, գլուխդ բան մտցնենք, գոռանք վրեդ: Եքա մարդ ես… Խելքդ էլ գլուխդ ա: Կարգին էլ հասկացող ես: Դավիթ… Ինչ-որ բան էն չի՞:
– Վիգ, քո արև, թե ինչ-որ խնդիր կա…
Վիգենը նստեց բազկաթոռին, հայացքն առաստաղին ուղղեց ու խորը շունչ քաշեց:
– Ի՞նչ անեմ ես քո հետ:
– Ոչ մի բան էլ պետք չի անես: Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
– Գոնե գիտես, թե ինչքա՞ն դեղ ա նշանակել: Որտեղի՞ց իմանաս:
– Դեղ-մեղ չկա…
– Կա, էն էլ ոնց կա: Արդեն էնքան էս քեզ քայքայել, որ մենակ բթվելը չի օգնի: Հինգշաբթի օրն էլ ստուգման ես: Դե հաշվի, թե ինչքան ա վրեդ նստելու:
– Ես մի քիչ փող ունեմ… Բացի էդ կարելի ա հեռուստացույցը ծախել:
– Պրծի: Քանի կկարողանամ, ես կտամ փող: Որ չի լինի, նոր արա, ինչ ուզում ես: Հա… Ու ոչ մի գիշերային աշխատանք: Էսօրվանից սկսած գիշերները քնելու համար են:
Վիգենը Դավիթի տաբատի գրպանից հանեց բջջային հեռախոսը ու նետեց նրա կողմ:
– Առ, զանգի զգուշացրու, որ էլ չես կարա աշխատես:
Դավիթը վերցրեց հեռախոսը ու կամ ու կացով միացրեց այն: 3 բաց թողած զանգ: 3-ն էլ նույն համարից: Այն պարոնի համարն էր…
7.
Հեռուստացույցով երեկոյան սերիալների կրկնությունն էր: Դավիթը, թեկուզ դրանք չէր սիրում, բայց գիշերվա այդ ուշ ժամին այլընտրանք չկար` դիտում էր: Սաթենիկը վաղուց քնած էր: Մեկ ժամ առաջ արթնացել էր, հյուրասենյակ եկել ու նախատել որդուն չքնելու համար: Սակայն Դավիթն արդեն սովոր էր այդ ռեժիմին: Հանգցրել էր լույսը, հուսալով, որ գոնե այդպես քունը կտանի, բայց իզուր: Նայում էր հեռուստացույցին ու ոչինչ չէր ընկալում: Մտքերը ցաքու ցրիվ էին եղած ինչ-որ տեղ անցյալում: Մարմնավաճառուհու հետ ունեցած անհաջողությունը, հարուստ պարոնի վիրավորական պահանջների կատարումը, կորցրած աշխատանքը, հիվանդությունը: Կարծես թե ոչ մի լավ բան: Թերևս, բացի այն նույն պարոնի զանգերից: Տեսնես ի՞նչ էր ասելու: Հավանաբար նորից «աշխատանք» էր առաջարկելու: Ամեն անգամ` հիշելով 16-րդ համարում կատարվածը, Դավիթը մի տեսակ նվաստացած էր զգում իրեն, ցածր: Բայց այժմ ամեն ինչ փոխվել էր: Նրան մեծ գումար էր հարկավոր, իսկ աշխատանք չկար: Կասկածներն իրենց «այո»-ներն ու «ոչ»-երն էին հաշվում Դավիթի գիտակցության մեջ և… կանգ առան «այո»-յի վրա:
Երիտասարդը վերցրեց բջջայինն ու հավաքեց պարոնի համարը: Չնայած ուշ ժամին, պարոնը շուտ պատասխանեց:
– Քնած չէի՞ք:
– Ո՞վ է:
– Դավիթն է…
– Հա: Ինչպե՞ս ես:
– Ոչինչ: Ինչի՞ համար էիք զանգել:
– Ցանկանում էի հանդիպեինք:
– Հանդիպեի՞նք: Ես էլ «Շյուղերում» չեմ աշխատում:
– Ինչ է, ուրիշ տեղ չե՞նք կարող հանդիպել:
Դավիթը երկար լռեց` մտածելով, թե ինչ պիտի պատասխանի:
– Դավիթ, – կանչեց պարոնը, որին զարմացրեց երիտասարդի հանկարծակի լռությունը:
– Հա:
– Ի՞նչ կասես:
– Կարող ենք հանդիպել: Ասեք հասցեն:
– Դու ասա հասցեդ:
– Էստեղ անհնար է:
– Չէ, – քմծիծաղ տվեց պարոնը, – Ես քո հետևից կգամ:
Դավիթը թելադրեց հասցեն, անջատեց հեռախոսը ու սկսեց անրջել հաջորդ վարձատրման մասին: Պատկերացնում էր, թե ինչպես հապճեպ կկատարի պարոնի տհաճ կարգադրությունները, կվերցնի փողը ու նորից մարդ կզգա իրեն:
«Մոռացիր տհաճ զգացումները, Դավիթ, – կրկնում էր մտքում, – Դրանք ընդամենը մի քանի րոպե են տևում: Ոչ ոք չի իմանում այդ խայտառակության մասին, միայն դու: Ոչ ոք քեզ չի կարող մեղադրել: Բացի այդ, ի՞նչ է արածդ: Հազարավոր մարդիկ են գումար վաստակում ստրիպտիզ պարելով ու, ինչն ավելի վատ է, մարմնավաճառությամբ: Իսկ դու ընդամենը մի մարդու, այն էլ տղամարդու մոտ հանվում ես: Մի՞թե դա կարող է ազդել քո մարդկային արժեքների վրա: Քավ լիցի: Մտերիմների համար դու մնում ես նույն Դավիթը: Դու չես փոխվում: 10 րոպեի նվաստացումը քեզ մի ամբողջ կյանք է տալիս, օգնում, որ ավելի կարևոր լինես, ավելի լիարժեք, պետքական: Ոչինչ ձրի չէ»:
Նա մտքերով ընկած քնեց և արթնացավ Սաթենիկի ձայնից:
– Դավիթ, Դավիթ, վեր կաց:
Դավիթը դժվարությամբ բաց արեց աչքերը:
– Մամ ի՞նչ ա եղել:
– Մի մարդ ա եկել: Շատ թանկ ավտոյով: Քեզ ա հարցնում, բալա, հել տես ի՞նչ ա ուզում:
Դավիթն անհամբեր վեր թռավ տեղից ու պատուհանի մոտ վազեց: Բակում կանգնած էր մի շքեզ մեքենա, որի նմանները ինքն ու Վիգենը տեսնում էին ամսագրերում ու երազում, թե ինչպես են նստելու ղեկին: Դավիթի դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց: Երբ շրջվեց, պարոնն արդեն ներսում էր:
– Ի՞նչ եք անում այստեղ, – հանկարծակիի գալով նրան դիմեց երիտասարդը:
– Դավիթ, – զարմանքով ու նախատինքով լեցուն ձայնով որդուն դիմեց տիկին Սաթենիկը:
– Բարև, Դավիթ: Եկա, որպեսզի միասին քննարկենք մեր աշխատանքը: Դուք խոստումնալից երիտասարդ եք և մեծ հեռանկար ունեք: Մեր կազմակերպության համար կարևոր է ձեզ նման աշխատակիցներ ունենալ:
Դավիթն ապշած էր: Իհարկե, հասկանում էր, որ այդ ամենը մոր համար նախատեսված գեղեցիկ սուտ էր, բայց ամեն դեպքում մի տեսակ հպարտ զգաց իրեն ու ցանկություն առաջացավ երախտագիտություն հայտնել պարոնին: Ժպտաց նրան: Պարոնը ժպտաց ի պատասխան:
– Գնա փոխվիր, պիտի զրուցենք քո պայմանագրի մասին:
Դավիթը խորամանկ հայացքով պարոնին նայեց ու սենյակ գնաց: Սաթենիկը շտապեց օգտվել որդու բացակայությունից և հարց ու փորձ անել պարոնին, զգուշացնել որդու խնդիրների մասին:
– Գիտեք, պարոն, Դավիթս հիվանդ է, չի կարող գիշերներն աշխատել:
– Հիվա՞նդ է, – վախեցած հարցրեց պարոնը:
– Հա: Երեկ ուշագնաց եղավ: Շատ թույլ է, հաց չի ուտում, չի քնում: Այդ ի՞նչ աշխատանք եք առաջարկում նրան:
– Անհանգստանալու կարիք չկա: Դավիթը հարմարավետ գրասենյակում է աշխատելու, ցերեկային ժամերին: Իսկ ես ձեզ անձամբ խոստանում եմ ընդմիջումներին նրա հետ մի սեղանի շուրջ նստել և հետևել, որ լավ ուտի:
– Ախ, – հանգստացած հոգոց հանեց Սաթենիկը, – Փառք Աստծո, որ ձեզ պես լավ մարդիկ կան:
– Ի՞նչ եք ասում: Ես էլ հայր եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում անհանգստանալ զավակի համար:
Այդ խոսքերի վրա սենյակ մտավ Դավիթը: Զարմացած էր: Կարծեց, թե պարոնը ստում է, որ հայր է: Ինչպե՞ս կարող են նրա նմանները ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այդ պատմությունն էլ, երևի, իր մորը հանգստացնելու համար էր:
– Գնա՞նք, պարոն:
– Գնանք, Դավիթ:
Պարոնը ցտեսություն մաղթեց տիկին Սաթենիկին և դուրս եկավ: Մինչ Դավիթը հրաժեշտ կտար մորը, պարոնն ինչ-որ տեղ զանգեց և նստեց մեքենան: Դավիթը հետևեց նրան:
Մեքենան կանգ առավ շքեղ հյուրանոցի դիմաց, ուր աշխատանքի ակնկալիքով մի քանի ամիս առաջ դիմել էր Դավիթը և մերժում ստացել: Իսկ հիմա, ահա, նա այստեղ է որպես հյուր: Ի զարմանս Դավիթի, պարոնը չբարձրացավ համարներից մեկը, այլ ուղեկցեց իրեն հյուրանոցի ռեստորան և լավագույն սեղանի մոտ հրավիրեց: («Շյուղերում» ունեցած փորձը բավական էր, որպեսզի Դավիթը հաշվեր սեղանի արժեքը):
– Ի՞նչ կպատվիրես:
– Պատվիրեք ինքներդ:
Պարոնն արհամարհեց ճաշացանկը և մատուցողին խնդրեց շամպայն ու թխվածք բերել: Դավիթը տարակուսանքի մեջ էր: Նախքան այստեղ հասնելը մի բանի մասին էր մտածում` թե երբ է ավարտվելու հանդիպումը և երբ է ստանալու բաղձալի վճարը: Բայց հանդիպումը, կարծես, ձգձվելու էր:
– Սովորում ես, չէ՞:
– Հա, պարոն…
– Ալեք` Արսենյան Ալեք` «Ակապելլա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը:
– Հա, պարոն Ալեք, սովորում եմ:
Ալեքը ժպտաց Դավիթի անմեղ «պարոնի» համար: Դավիթը հասկացավ, թե ինչու է նա ժպտում:
– Ալեք, – շփոթված ինքն իրեն ուղղեց նա, – Ապագա տնտեսագետ եմ:
– Փաստորեն խելքը գլխին տղա ես: Ո՞նց ընկար այդ աղբանոցը… «Շյուղերն» ի նկատի ունեմ:
– Աշխատանք էր պետք: «Շյուղերում» չէ, թող ուրիշ տեղ լիներ, թեկուզ ինչ-որ փախած մոթելում: Պիտի վճարեի՞ ուսման վարձը, թե՞ չէ: Էն էլ այսպես ստացվեց` փողոցում հայտնվեցի:
– Հոգ մի արա, – պարոնը ցանկանում էր շարունակել, սակայն ինչ-որ մեկին նկատեց և ձեռքը նրա կողմը պարզեց: Դավիթը շրջվեց, բավականին ներկայանալի տեսքով մի տղամարդ էր` կոստյումով, սպիտակ մազերով, լուրջ ու գործնական: Տղամարդը մոտեցավ նրանց, ձեռքով բարևեց երկուսին էլ և նստեց սեղանի մոտ:
– Նա՞ է, – դիմեց անծանոթն Ալեքին:
– Այո, ինքը, – պատասխանեց Ալեքը:
Քրտինքը Դավիթի ճակատին խփեց: Փաստորեն իրեն ներկայացնում են ինչպես… Աստված գիտի, թե ում: Այլևս անհնար էր փախչել: Նա հարուստ բիզնեսմենների խամաճիկի էր վերածվել, նրանց նոր զվարճալիքին: Եվ ինչպե՞ս նա չէր կռահում, որ պարոնը կանգ չի առնի իրեն մերկացնելու վրա: Ինչպե՞ս չէր կռահում, որ պահանջները գնալով ավելի ծանր ու վիրավորական կլինեին: Ուզում էր վեր կենալ սեղանից, թքել այդ երկուսի վրա և հեռանալ: Բայց ինչ-որ բան պահում էր նրան: Ինչ-որ ներքին անհանգստություն, անհարմարության զգացում, ասես գամել էր երիտասարդին աթոռից, կորցրել մտքերի մեջ, հեռացրել իրականությունից ու պահում էր այնտեղ:
– Դավիթ, պարոն Գաբրիելյանն իմ ընկերն է, – դիմեց երիտասարդին Ալեքը:
Դավիթը խիստ հայացք նետեց Գաբրիելյանի վրա ու ոչինչ չասեց: Ալեքը զարմացած նրան նայեց:
– Ուրախ եմ, – առաջին քայլն արեց Գաբրիելյանը:
Դավիթը շարունակում էր լռել:
– Ես ուզում եմ, – նկատելով երիտասարդի ընկճվածությունը, շարունակեց Ալեքը, – Որպեսզի դու ստուգվես նրա մոտ: Մայրդ ինձ պատմեց, որ խնդիրներ ունես առողջության հետ:
Թեթևության զգացումը, կամ գուցե անարդար գտնվելու միտքը ավելի ընկճեցին Դավիթին: Արցունքներն հավաքվեցին աչքերի մեջ: Եթե միայն նա չլիներ այդքան անվճռական, կգրկեր Ալեքին, կլացեր ու ներողություն կխնդրեր նրա համար, որ տականք է, նրա համար, որ կորցրել է հավատն առ մարդկանց: Նա հազիվ կուլ տվեց թուքը:
– Շնորհակալ եմ, Ալեք:
– Դե: Պարոն Գաբրիելյանը կուղեկցի քեզ իր ընդունարան: Իսկ ես շտապում եմ:
Ալեքը գրպանից 10 000 դրամ հանեց, թողեց սեղանին, ապա վեր կացավ և խփելով Դավիթի ուսին, նշան արեց, որպեսզի նա էլ մի վայրկյանով հեռանա սեղանից, ապա ցտեսություն մաղթեց Գաբրիելյանին ու փոքր-ինչ հեռանալով, սպասեց Դավիթին: Դավիթը հետևեց նրան: Ալեքը ժպտաց:
– Վրադ գույն չկար, կարծեցի՞ր…
– Կներեք, պարոն, Աստված սիրեք:
– Լավ: Անցած լինի: Դու ինձ չես ճանաչում` իրավունք ունես: Անպայման գնա բժշկի հետ, ստուգվիր, նա քեզ կտա անհրաժեշտ բոլոր դեղերը և ոչ մի դրամ չի պահանջի:
Ապա պարոնը դրամապանակից մի թղթադրամ հանեց և զգույշ` օտար հայացքներից խուսափելով, Դավիթի գրպանը դրեց:
– Տաքսիով տուն կվերադառնաս:
– Ինչի՞ համար, պարոն:
– Չունենալը մեռնելու պատճառ չէ, Դավիթ: Իսկ օգնելը… Իսկ օգնելն ընդհանրապես պատճառներ չունի: Համենայն դեպս ինձ մոտ:
Ալեքը ձեռքով հրաժեշտ տվեց ու հեռացավ: Դավիթը չգիտեր, թե ինչ մտածեր: Ամեն ինչ չափազանց բարդ էր:
8. ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Տիկին Սաթենիկին զարմացրեց, որ Դավիթը լիքը-լիքը տոպրակներով եկավ: Լավ տեսք ուներ որդին ու կարծես թե գոհ էր կայացած հանդիպումից: Փաստորեն ամեն ինչ ստացվել է և պարոնն աշխատանք է տվել նրան: Դավիթը տոպրակները սեղանին դրեց, համբուրեց մորը, ապա, չսպասելով նրա հարցերին, որոշեց կանխավ որևէ սուտ հորինել:
– Պարոնն ինձ կանխավճար տվեց: Ստուգվեցի բժշկի մոտ, մայրիկ, տեսնում ես, դեղեր էլ եմ առել: Շատ թանկ էին, բայց ի՞նչ արած: Պիտի շուտ ապաքինվեմ, որպեսզի կարողանամ աշխատել:
– Ախ, բալես, Ատված պահի նրա զավակին: Անունն ի՞նչ էր: Չհասցրեցի էլ հարցնեմ:
– Վարդգես, – ստեց Դավիթը, կարծելով, որ այդպես ավելի հեռու կպահի իրեն այդ մարդուց: Մինչ ոտքով տուն էր գալիս, որպեսզի տաքսու համար հատկացված գումարով առևտուր անի, շատ էր խորհել: Որոշել էր վերջ դնել ամեն ինչին: Հարկավոր էր շնորհակալություն հայտնել Ալեքին այն ամենի համար, ինչ արել է ու ընդմիշտ հրաժեշտ տալ նրան: Այդ մարդն անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերում իր հանդեպ` դա պարզից էլ պարզ էր: Եվ ո՞վ գիտեր, թե հետո ինչ կպահանջի նա արած լավության փոխարեն: Հարկավոր էր ամեն ինչ իր տեղը դնել, քանի շուտ էր: Նա հիշում էր հասցեն` «Ակապելլա»… Որոշել էր այնտեղ գնալ, ամեն ինչ ասել Ալեքին, բացատրել, որ այլևս չի կարող կատարել նրա պահանջները, որ շնորհակալ է ու պարտական նրան, բայց պիտի էլ երբեք չհանդիպեն: Վատ մարդ չէր Ալեքը, Դավիթը դա զգում էր ու անկախ ամեն ինչից, չէր ուզում ցավ պատճառել նրան: Ինքն իրեն ծիծաղելի էր թվում: Վախենում էր անգամ մտքում արտասանել այդ բառը` արվամոլ: Գրողը տանի, Ալեքն արավամոլ էր: Դեռ երեկ նա պատրաստ էր սպանել ցանկացած արվամոլի, իսկ այսօր… Այսօր այդ արվամոլն անուն ունի` Ալեք: Հիասքանչ մարդ, բարեսիրտ ու հոգատար, զգույշ ու ըմբռնող: Միակ ելքը հրաժեշտն էր: Այլ վերջաբան այս պատմությունը չէր կարող ունենալ:
Երկու ժամ անց արդեն «Ակապելլայում» էր: Հարմարավետ ու շքեղ գրասենյակ էր, ուր հաճախ կարելի էր հանդիպել որևէ հայտնի մարդու: Կենտրոնը մեծ հեղինակություն էր վայելում քաղաքում, իսկ նրա տնօրենին` Ալեքին հարգում ու վստահում էին գրեթե բոլոր հռչակավոր մարդիկ: Դավիթն այդ մասին չգիտեր, իհարկե: Նրա համար Ալեքը մնում էր սովորական մի պարոն, որը մի օր իրեն աշխատանք առաջարկեց, որը լավ վճարեց իրեն, որն իրականում մեծատառով մարդ է, ու որը… արվամոլ է:
Ալեքին զարմացրեց Դավիթի այցը: Չնայած դրան նա անկարող էր թաքցնել, որ երիտասարդի ներկայությունն հաճելի է իրեն:
– Ինչ-որ բա՞ն է եղել, Դավիթ:
– Հա պարոն… Ալեք…
Ալեքն անհանգստացած վեր կացավ տեղից:
– Ասա, տեսնեմ:
– Ես եկել եմ հրաժեշտ տալու:
Դավիթը մի պահ լռեց: Ալեքն ուշադրությունը սևեռեց երիտասարդի վրա:
– Հասկանում եք, Ալեք… Ես չեմ կարող: Դա վիրավորական է ինձ համար: Ես այդպիսին չեմ: Դե…
– Հերիք է, Դավիթ: Ես քեզ հասկացա, – ժպտաց Ալեքը, – Դու ոչինչ պարտավոր չես բացատրել: Շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցար հարցին: Քո փոխարեն մեկ ուրիշը կարող էր մատնել ինձ:
– Չէ, Ալեք, ես երախտապարտ եմ քեզ…
– Սա ընդամենը խաղ է, Դավիթ: Ես օգնեցի քեզ առանց որևէ ակնկալիքի: Դա կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշերները: Հասկանու՞մ ես: Առավոտյան ես մաքրում եմ իմ կյանքից այն ամենն, ինչ տեղի է ունենում գիշերը: Ոչ ոք դա չի տեսել, չի լսել դրա մասին: Ու ես շարունակում եմ մնալ հարուստ պրոդյուսեր Ալեք Արսենյանը, որին բոլորը հարգում և սիրում են: Ես հաճույք եմ ստանում կյանքիս գորշ կողմով, իսկ դու դրանով ստանում էիր եկամուտ: Դա կապ չունի նրա հետ, ինչ տեղի էր ունենում ցերեկը: Ես քեզ ընդունում եմ, որպես ընկեր ու լավ մարդ: Ես քեզ հարգում եմ, չնայած կարող էի որակել որպես մարմնավաճառ ու անբարոյական: Բայց դու այդպիսին քո գիշերներում ես…
– Բա ներքու՞ստ, պարոն: Բա խիճը… Այն չի՞ տանջում:
– Սկզբում տանջում էր: Բայց ես հասկացա ու ընդունեցի իմ էությունը: Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Ոչ ոք չի կարող մեղադրել ինձ: Ինչպես և քեզ, Դավիթ, եթե գիշերվա դեպքերը ցերեկ չտանես:
Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:
– Սա խաղ է, երիտասարդ: Եթե ես այժմ քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս պիտի տանջի: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ, որ ամեն ինչ ունենամ ու թքած ունեմ, դա կարելի է, թե ոչ: Ես թքած ունեմ, թե ինչ կասեն մարդիկ, քանզի ես իմ կյանքն եմ ապրում, ինձ համար, Դավիթ, ոչ թե ինչ-որ մեկին գոհացնելու: Միայն շներն են վազում փայտիկների հետևից, որպեսզի ինչ-որ մեկը շոյի իրենց գլուխը: Ես չեմ սողա հայացքների տակ, ես չեմ ենթարկվի տափակ կանոններին: Սխա՞լ է: Իսկ ո՞վ որոշեց: Աստվա՞ծ, թե՞ մարդիկ: Մի՞թե նույն Աստված հենց չորոշեց, որ մայրդ ապրի կարիքի մեջ, որ ստիպված լինի մինչև օր ծերություն քրտինք թափել: Աստվա՞ծ չորոշեց, որ հայրդ մեռնի, թողնելով ձեզ մենակ` բախտի քմահաճույքին: Իսկ հիմա ասա, սիրու՞մ է քեզ Աստված, թե՞ չէ…: Նա՞ չէր, որ քեզ կյանքի խորխորատը նետեց, անելանելի դրության մեջ: Նրա պատճառո՞վ չէր, որ դիմեցիր այն քայլերին, որոնց չպիտի դիմեիր: Նա՞ է ամեն ինչ որոշում: Ուրեմն ինչու է քեզ համար սխալ որոշում կայացնում: Քո` օրինավոր մարդկանց զավակի, խելացի ու զուսպ մարդու, որ իր կյանքում, երևի, ճանճ էլ չի սպանել, որ եկել է այստեղ գեղեցիկ հրաժեշտ տալու մարդուն, որ վիրավորել է իր ինքնասիրությունը, չնայած կարող էր թքել ինձ նմանի վրա: Եվ գիտե՞ս, թե ում է նախապատվություն տալիս քո այդ Աստված: Ինձ նմանին: Հարբեցող վայրենու որդուն, որ ամբողջ կայնքում ատել է ծնողներին, որ նրանց մահն է երազել: Որ չի հետևել պատվիրաններին, որ շնացել է, ստել, չի սիրել մերձավորին, չի պատվել իր տեր Աստծուն… Որ հիմա էլ նույն իր Աստծո դեմ է խոսում: Իսկ ու՞ր է իմ պատիժը: Ես հանգիստ եմ երիտասարդ, որովհետև, եթե ձեր այդ Աստվածը կա էլ, նա անմեղի հախից է գալու, նա թույլին է դիպչելու, քանզի ինքն էլ թույլ է: Նա աղքատից եղածն էլ վերցնելու է ու հարուստին տա: Ու՞մ, եթե ոչ քո նմանների հաշվին եմ ես այսօր նստում այս շքեղ աղբանոցում, օրական մի մեքենա վարում ու ուզածիս պես ապրում: Ո՞վ տվեց ինձ այս ամենը: Լավ չէ՞, որ չլինի քո այդ Աստվածը, քան թե այսպիսին լինի…
Դավիթը լուռ լսում էլ Ալեքին` փախցնելով նրանից հայացքը:
– Դու դրախտի ու դժոխքի մասին կխոսես… Հավիտենական կյանքի… Դու չապացուցված մի բանի համար կզոհես այն, ինչ վաղուց ապացուցված է` երկրային կյանքը: Դու չգիտես է~, թե ինչ կա մահվանից հետո, կամ կա՞ որևէ բան ու հանուն այդ եղած կամ չեղածի կորցնում ես այն, ինչ ունես` կյանքդ: Եթե այսօր ուզում ես ստել, երիտասարդ, ստիր: Դրա համար մարդը չի պատժում: Միայն մարդու պատժից վախեցիր: Աստված անզոր է արդեն… Եթե ուզում ես չսիրել ընկերոջդ, չհարգել ծնողիդ` մի հարգիր: Մարդը դրա համար էլ չի պատժում: Մարդն ավելի խելացի է, քան Աստված: Նա արգելեց միայն սպանել, գողանալ, բռնանալ: Ուրիշ ոչնչի համար չկա իրական պատիժ: Ոչ ոք ինձ չի պատժել նրա համար, թե ով եմ ես ու չի կարող պատժել: Նույնպես և ոչ ոք քեզ չի պատժել նրա համար, ինչ արել ես ու չի էլ կարող, եթե ինքդ չուզես դա: Հա, դու փող ես վաստակել և, ասեմ քեզ, բավականին շատ փող: Մի՞թե հարևանիդ համաձայնությունը պիտի խնդրես, որպեսզի մորդ նոր շոր առնես, որպեսզի այլևս սև գործ չանես, որպեսզի օրահաց ու հանգստություն ունենաս, որպեսզի օգտվես կյանքի վայելքներից: Մի՞թե պիտի հարցնես դիմացինիդ: Տղա, մեր մեջ այնքան կյանք կա, մենք կարող ենք այնքան բարձրանալ, բայց… բայց մեզ կապել են գետնից: Վերջ տուր ենթարկվել կյանքին, հասարակությանը, չապացուցված քո այդ Աստծուն: Ստիպիր, որպեսզի կյանքն ինքը ենթարկվի քեզ: Որոշիր ինքդ քո փոխարեն: Սխալ ես համարում մի բան` ուրեմն դա սխալ է, ճիշտ ես համարում` ուրեմն ճիշտ է: Ճիշտ է, որովհետև օգնում է քեզ, որովհետև քեզ դրանից ավելի լավ է լինում: Ի՞նչ դու կորցրեցիր այն գիշերները: Անու՞նդ, պատի՞վդ, ինքնասիրությու՞նդ, ունեցվա՞ծքդ: Ոչինչ: Դու շարունակում ես նույնը մնալ: Դու չես դառել ավելի վատը: Եթե ինքդ քեզ չմեղադրես, ոչ ոք չի մեղադրի: Մեղադրի էլ` թքիր բոլորի վրա: Մարդիկ սովոր են անմեղներին էլ մեղադրել: Լավ չէ՞ մեղադրվել նրա մեջ, ինչ արել ես, քան թե պատժվել առանց հանցանքի:
– Չգիտեմ, Ալեք… Բայց դա սխալ է, հաճելի չէ ինձ…
– Իսկ դու անում ես, որ հաճու՞յք ստանաս: Քեզ, տղա, փող է պետք: Դու կարող ես բանվորություն անել, դիմանալով գործատուիդ քամահրանքին ու վիրավորանքներին, բայց չե՞ս կարող անել այն, ինչ ես եմ ուզում, իմանալով, որ երբեք չեմ մեղադրի քեզ դրա համար:
– Ախր… Սխալ է…
– Ո՞վ ասեց: Քեզ գումա՞ր է պետք: Դու այն ստանում ես: Թե ինչպես, դա քո գործն է ու այլևս ոչ ոքի: Թող բարոյականության, ճշտի ու սխալի մասին ճառերն իրենց պահեն: Թող դրանցով սնեն իրենց զավակներին, որոնք մի թեթև ամոթանքի պատճառով կարող են հրաժարվել անձնական կյանքից, որոնք պատրաստ են կուլ գնալ: Մարդիկ պահանջում են, որ մենք ճիշտ ապրենք: Նրանք ուզում են, որ մենք պոռնկություն չանենք, որ մենք չլինենք չար, չկամենանք վատը, օգնենք, սիրենք… Բայց զարմանալի է, որ քեզանից ճիշտ կյանք պահանջող նույն հարևանդ, ոչինչ չի տալիս փոխարենը: Շնորհակալություն չի ասում, որ դու արդար քրտինքով ես աշխատում: Նա կենտրոնացած է միայն քո սխալները գտնելու վրա: Ու դու դեռ նայում ես, թե ի՞նչ կմտածեն:
– Ես ինքս ինձնից եմ ամաչում…
– Դա արդեն ուրիշ: Եթե պիտի տանջես քեզ փոշմանանքի նոպաներով, խնդրեմ, գնա: Իսկ եթե կարող ես անջատել այդ ապուշ կոճակը, որը մեզ խանգարում է ապրել ու նախապաշարմունքների զոհ դարձնում` մնա ինձ մոտ: Դու այդ կոճակը հեշտ կգտնես: Դրա վրա սխալմամբ գրել ու փակցրել են «ինքնասիրություն»: Բայց, չգիտես ինչու, հենց այն է մեզ անհաջողակներ դարձնում: Հենց այն է ասում «սխալ է», երբ դու հաջողության ճանապարհին ես, երջանկության ճանապարհին, բավարարվածության ճանապարհին: Այն արձագանքում է նրա վրա, ինչ դու լսել ես ուրիշներից: Այն դու չես ստեղծել, երիտասարդ: Այն էլ են քեզ ստիպողաբար տվել: Բայց որոշողը դու ես: Կարող ես գնալ: Ես քեզ չեմ պահում: Իսկ կարող ես և մի քանի հարյուր եվրո աշխատել: Այժմ ես այն մարդը չեմ, ով հոգատար հոր պես քեզ համար բժիշկ կանչեց: Հիմա ես պատվիրատու եմ: Կեղտոտ արվամոլ, եթե ուզում ես, որին պետք է միայն տեսնել, հպվել քեզ, զգալ մարմնիդ ջերմությունը: Որը դա է ցանկանում ու կանի դա քո, թե մեկ ուրիշի հետ: Որը հաճույք կստանա դրանից ու երբեք չի կարող մեղադրել իրեն, սեփական եսը սանձահարելու մեջ: Ի տարբերություն քեզ, որ դատարկ սեղանի մոտ նստած, նայելով սոված մորը, կմեղադրի իրեն, որ չի արել այն, ինչ կարող էր անել: Ի՞նչ ունես կորցնելու:
Ապա Ալեքը մի բաժակ կոնյակ լցրեց իրեն ու սկսեց անթարթ նայել Դավիթին:
– Ինչի՞ ես սպասում: Ես վճարում եմ: 500 եվրո:
Ալեքի խոսքերը համոզել էին Դավիթին: Նա ճիշտ էր, թեկուզ միայն այն բանում, որ ոչ ոք իր փոխարեն չի որոշում ճիշտն ու սխալը, որ մարդիկ, ինչպես չեն խրախուսում իրեն ճշտի համար, նույնպես և սխալի համար պատժելու իրավունք չունեն: Նա ճիշտ էր այն բանում, որ Աստված միայն զրկում էր իրենց և, նույն այն մարդկանց պես, միայն ու միայն պահանջում հետևել իր կանոններին: Նա ճիշտ էր ամեն ինչում… Միայն սեփական եսը կարող էր սաստել, արգելել ու պատժել: Այն էլ այն դեպքում երբ ինքը չի սովորել սաստել իր եսը, իրեն ենթարկել նրան ու ղեկավարել` տնօրինել: «Դե, Դավիթ, – մտքի մեջ դիմեց նա ինքն իրեն, – Թքիր ամեն ինչի վրա և սկսիր լավ ապրել այս պարոնի հաշվին: Ունեցիր այն, ինչից Աստված ու մարդիկ զրկել են քեզ: Կյանքը կարճ է, վայելիր այն ամեն գնով, անտեսելով մնացած ամեն ինչը»:
Երիտասրդը սկսեց հանվել, իսկ Ալեքն իր «աշխատանքից» գոհ վայելում էր պահը: Նա մոտեցավ ու սկսեց շոշափել Դավիթի հարթ մաշկը: Մարմինը, որին դիպչելու գայթակղությանը օրեր առաջ հազիվ էր դիմանում: Հիմա իրենն է: Հիմա ամեն ինչ պարզ էր ու հասարակ: Դերերն ընտրված էին ու սկսված էր խաղը:
Դավիթը հետևում էր, թե ինչպես է Ալեքը դիպչում իրեն, շոյում, համբուրում կուրծքն ու մեջքը: Չէր կարծում, թե դա կարող էր հաճույք պատճառել իրեն… բայց դա հաճելի թվաց: Հա հիշեց Արմենի անհանգստությունն այն պատճառով, որ իր մոտ ոչինչ չէր ստացվել ու թեթևացած շունչ քաշեց` ինքն իմպոտենտ չէր: Բացի այդ, ինքն արդեն նաև աղքատ չէր: 500 եվրո… Այս անգամ կվերանորոգի բնակարանը: Համա թե կուրախանա տիկին Սաթենիկը, երբ իմանա: Ու ոնց կնախանձեն հարևանները: Վիգենն էլ, երևի, կզարմանա: Եթե այսպես գնա, կարող է նաև ընկերոջն օգնել: Նա մտքերով էր տարված, երբ զգաց պարոնի շուրթերի հպումն իր շուրթերին: Չհասկացավ, թե ինչու պատասխանեց համբույրին: Ցանկությունը, կիրքը սկսել էին կառավարել նրան: Բայց նա պարոնի՛ն չէր ցանկանում… Նա պարզապես ցանկանում էր…
9. ՆՈՐ ԿՅԱՆՔ
Անցյալում էր երբեմնի աղքատությունը: Դավիթը գիտեր, որ Ալեքի հետ ցանկացած հանդիպում է՛լ ավելի հարուստ է դարձնելու իրեն: Հոգու խորքում նա սպանել էր այն ուժը, որ նախկինում իրեն տանջում էր, երբ մտածում էր արածի մասին: Նա արդարացում էր գտել ամեն ինչին: Ալեքի խոսքերն ազդել էին երիտասարդի վրա, համոզել նրան: Ու երջանկության զգացումը դրանց ճշմարիտ ապացույցն էր: Հա, Դավիթն զգում էր, որ գնալով ավելի է երջանկանում: Թվում էր, թե շատ բան չի փոխվել: Վերանորոգում էր սկսել տանը և մի քանի նոր հագուստ առել, բայց իրականում փոխվել էր ամեն ինչ: Նախանձոտ հարևանները սկսել էին մտովի հաշվել իր ծախսերը և է՛լ ավելի մեծ եռանդով իր մոտ գովազդել իրենց` տանը մնացած աղջիկներին:
«Դավիթս լավ գործ է ճարել», չգիտես ինչու դրկիցների մոտ արդարանում էր տիկին Սաթենիկը: Հավանաբար վախենալով, որ որդուն որևէ կեղտոտ գործի մեջ կկասկածեն:
Վերացել էր գլխացավը և քիչ-քիչ կարգավորվում էր ինքնազգացողությունը: Ամեն ինչ իր հունի մեջ էր ընկնում: Փոխվել էին հարաբերություններն ընկերների ու բարեկամների հետ: Ու պատճառը հենց իր` Դավիթի մեջ էր: Նա սկսել էր ստել: Ճշմարտությունը չէր կարող վստահել ոչ ոքի: Այժմ նա երկու կյանք ուներ: Ապրում էր մեկով, որպեսզի կարողանա ապրել երկրորդով: Ալեքի հետ մի քանի անգամ էլ էր հանդիպել: Դեպքերը կրկնվել էին: Այլևս չէր խուսափում պարոնի համբույրներից: «Դա արդեն տեղի է ունեցել, Դավիթ, խոնավ մարդը անձրևից վախենալու կարիք չունի: Ինչ տարբերություն մեկ անգամ, թե միլիոն: Դա եղել է ու վերջ: Պատահածը չես կարող ջնջել: Գիծն անցած է: Ուրեմն ինչու՞ ես խուսասփում նորից անցնել այն, թեկուզ և միայն հանուն ինձ: Ո՞րն է կորուստդ: Եթե որևէ բան դրանից կորցնեիր էլ` արդեն կորցրած կլինեիր»: Եվ Դավիթը կուլ էր գնում Ալեքի խոսքերին: Նա այնքան համոզիչ էր խոսում, նա օգնում էր այլ կողմից նայել կյանքին, հասկանալ, թե ինչ կարևոր է ապրել սեփական կանոններով, ապրել ուզածի պես:
Իսկ Սաթենիկը շարունակում էր լուռ ու թաքուն հետևել որդուն: Թեկուզ Ալեքն իր վստահությանն էր արժանացել, Սաթենիկը շարունակում էր անհանգստանալ: «Այ կին, – ինքն իրեն փորձում էր մխիթարել, – Քանի նեղության մեջ էր որդիդ, տանջվում էիր, որ չես կարող օգնել, իսկ հիմա, երբ արդեն Աստված բարեհաճ է ձեր հանդեպ, նոր վախ է քեզ համակել: Ի՞նչ է ուզածդ»: Իսկ նրա ուզածը մի բան էր, որպեսզի տա հարց և ստանա ճշմարիտ պատասխան: Արդա՞ր էին արդյոք այն փողերը, որ ծախսում է որդին:
– Դավի՞թ, – կամ ու կացով վերջապես որդուն դիմեց Սաթենիկը:
– Հա, մամ:
– Բալես, ճիշտն ասա… Գործիդ անունն ի՞նչ է: Ամբողջ օրը տանն ես, բայց վճարում են: Այդպես լինու՞մ է:
– Այ մամ: Խի՞ ես բողոքում: Բողոքելու տեղ չունես, – փորձեց պատասխանից խուսափել Դավիթը:
Սաթենիկը զգաց, որ այլևս անիմաստ է շարունակել: Որդու պատասխաններն ավելի ու ավելի էին համոզում կնոջը, որ մի բան այն չէ: Չգիտեր ինչ անել: Ինչպես ետ պահել որդուն սխալ քայլերից, ինչպես օգնել նրան: Միակ հույսը Վիգենն էր: Սաթենիկը երկար ծանր ու թեթև արեց ու որոշեց ամեն ինչ պատմել Վիգենին: Նա պիտի որ օգներ: Կարող է խոսել Դավիթի հետ: Գուցե նրան որդին վստահեր, պատմեր ամեն ինչ ու լսեր խորհուրդները: Հա, Վիգենը պիտի խոսեր ընկերոջ հետ: Բայց Սաթենիկը դեռ չգիտեր, որ դա ընկերների վերջին խոսակցությունն է լինելու…
10.. ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
Հերթական հանդիպումը նշանակված էր: Դավիթը մի պահ զարմացավ` լսելով, որ Ալեքի հետ «Շյուղերում» պիտի հանդիպեն: Այնտեղ բոլորը ճանաչում էին իրեն: Դա ծանրագույն խոչընդոտն էր, որին նա կարող էր հանդիպել: Ալեքը սպասում էր իրեն: Որքա՞ն հարցեր են տեղալու հյուրանոցի անձնակազմի կողմից: Ի՞նչ կմտածեն նրանք: Չէ՞ որ քաջատեղյակ են այցելուների բոլոր գործողություններին: Եվ ահա, ինքը` Դավիթը որպես հյուր տեղակայվում է նույն համարում, ուր Ալեք Արսենյանն է կանգ առել: Չէ, սրանից լավ հոտ չէր գալիս: Դիտմա՞մբ էր դա արել Ալեքը, թե ոչ, Դավիթը չգիտեր: Բայց հույս ուներ, որ Ալեքը պարզապես անհեռանկատ է գտնվել, չի մտածել, թե ինչ է անում:
Բարեբախտաբար պարոն Արսենյանը հյուրանոցի ռեստորանում էր սպասում իրեն: Դավիթը խորը շունչ քաշեց և քայլեց դեպի Ալեքի սեղանը: Աչքի տակով տեսավ, որ Արմենը նկատել է իրեն և հետևից է գալիս: Արագացրեց քայլերն, հուսալով, որ պարոնի մոտ Արմենը հարցեր չի տա: Յուրատեսակ մի հետապնդում էր սկսվել նրանց միջև և Ալեքը զգաց դա: Նա այնպես ժպտաց, ասես հաճույք է ստանում տեսարանից: Վերջապես Դավիթը` խույս տալով Արմենից, մոտեցավ Արսենյանի սեղանին և, նստելով նրա դիմաց` սկսեց արագ-արագ խոսել:
– Չէիր հիշում, որ այստեղ եմ աշխատում: Այն տղային նայիր: Հետևիցս է գալիս: Ի՞նչ եմ ասելու:
Ալեքը նույնպիսի շտապողականությամբ պատասխանեց, ջանալով ավարտել խոսքը, նախքան Արմենի մոտենալը:
– Ձևացրու, թե չես ճանաչում նրան: Դու արդեն այլ մարդ ես, Դավիթ: Մի դարձիր հայացքների զոհը: Նա քո պոտենցիալ թշնամին է:
– Նա իմ թշնամին չէ:
– Ուրեմն ինչու՞ էիր փախչում: Կանգ առնեիր: Մի՞թե ընկերներից փախչում են:
– Բարև ձեզ, – սեղանին մոտեցավ Արմենը: Նա ձեռքը պարզեց Դավիթի կողմ, – Դավ, բարև: Ու՞ր ես կորել, կարոտել ենք:
Դավիթը հազիվ կուլ տվեց թուքը: Չգիտեր, թե ինչ պիտի պատասխանի, ինչ պիտի անի: Նա այդպես էլ չպարզեց ձեռքն Արմենին:
– Բարև:
Արմենին մի պահ զարմացրեց ընկերոջ պահվածքը: Ապա նա հայացքը գցեց Դավիթի նոր հագուստներին, նրա կեցվածքին ու, կարծես, ամեն ինչ հասկացավ: «Դե իհարկե, – ասեց ինքն իրեն, – Հարուստ գործարարի հետ է ճաշում, գործերը լավ են ընթանում, թանկացնում է իրեն»:
– Ի՞նչ կպատվիրեք, – խիստ պաշտոնական ու զզվանք արտահայտող ձայնով դիմեց Արմենը:
– Երկու գարեջուր, – պատասխանեց Ալեքն ու նշան արեց, որպեսզի Արմենը հեռանա:
– Հը, ի՞նչ պատահեց, – Արմենի գնալուց հետո անձայն նստած Դավիթին դիմեց Ալեքը:
– Չտեսա՞ր, թե ինչ պատահեց: Իմ ընկերն էր, մտերիմը:
– Ուրեմն ինչու՞ այդպես խոսեցիր, ինչու՞ չպատասխանեցիր բարևին:
– Որովհետև հարցեր էր տալու, Ալեք, դու շատ լավ գիտես դա: Որովհետև հետաքրքրվելու էր, թե ինչու եմ քեզ հետ համար բարձրանում: Մի բան կասկածելու էր: Լավ չէ՞, որ հետևիցս խոսի, քան թե աչքերի մեջ նայելով:
– Դե… Եթե քեզ թվում է, թե ինչ-որ ամոթալի բան ես անում…
– Քեզ այդպես չի՞ թվում: Դե ուրեմն վեր կաց ու բղավիր, թե ինչով ես զբաղվում: Հայտնիր ընտանիքիդ, ընկերներիդ, անծանոթներին: Թող իմանան, որ դու ոչ մի ամոթալի բան չես անում:
– Իսկ ինձ դրանից ի՞նչ: Եթե իմանայի, որ ներքին հպարտություն, հիացմքունք կզգայի` կանեի: Բայց ես ոչինչ չեմ զգա:
– Ոչինչ չես զգա՞, Ալեք: Քեզ զզվելի տականք չես զգա՞: Չես ամաչի՞ նայել մարդկանց աչքերի մեջ:
– Ինչի՞ համար ամաչեմ: Նրա համար որ վճռական եմ: Որ ի տարբերություն իրենց անում եմ այն, ինչ ուզում եմ, որ թքած ունեմ նրանց կանոնների ու նախապաշարամունքների վրա: Չէ… Գիտես, Դավիթ: Ես սխալվեցի… Գուցե և հպարտ կզգամ ինձ:
Արմենը գարեջուրը ձեռքին մոտեցավ սեղանին:
– Շնորհակալ եմ, երիտասարդ, – դիմեց նրան Ալեքը, – Գիտե՞ս, որ ես արավամոլ եմ:
Արմենն ապշահար նայեց Ալեքին: Էլ ավելի ապշած էր Դավիթը: Մի վայրկյանի մեջ ասես դժոխքի միջով անցավ: Քրտինքը խփեց ճակատին, բերանը զարմանքից բաց մնաց: Ուզում էր բղավել, վեր կենալ ու հարվածել Ալեքին: Ցանկանում էր հերքել, պաշտպանվել…
– Հը՞, ի՞նչ կասեք այդ մասին, պարոն մատուցող:
Արմենը շարունակում էր լռել:
– Դե իհարկե, դուք ոչինչ էլ չեք կարող ասել: Որովհետև դուք այստեղի մատուցողն եք, սպասարկողը: Իսկ ես Ալեք Արսենյանն եմ, հարուստ և իշխանություն ունեցող մարդ: Դուք ստիպված կլինեք լռել: Գնացեք, ազատ եք:
Արմենն էլ ավելի մեծ նողկանքով նայեց զույգին ու հեռացավ սեղանից: Դավիթը շարունակում էր լռել: Հոգեկան հիվանդի պես հայացքը հառել էր Ալեքին, բայց ասես նրա միջով ինչ-որ տեղ նայեր:
– Ի՞նչ, Դավիթ: Սա՞ չէիր ուզում:
Դավիթը միայն օրորեց գլուխը:
– Բա՞, – խիստ ձայնով դիմեց Ալեքը:
– Դու իմ բախտի գլխին քար ես գցում, Ալեք: Դու գետնով ես տալիս իմ պատիվը, իմ անունն ու հեղինակությունը: Ո՞վ ես դու այդքանից հետո: Մա՞րդ ես: Ինչու՞ դա արեցիր: Ինչու՞ հենց Արմենին: Ինչու՞ հենց իմ բախտի հետ խաղացիր, եթե կարող էիր սեփականի հետ խաղալ: Սա թակարդ է: Ես թակարդի մեջ եմ, Ալեք: Եվ այս թակարդը դու ես լարել: Դու նենգ ես, բանսարկու: Դու ոչ մի սուրբ բան չունես:
– Հա, Դավիթ: Իրավունք ունես: Քո խոսքերն արդարացված են: Բայց չե՞ս մտածել, թե ինչու մենք չունենք ազատ ապրելու իրավունք: Չե՞ս մտածել, թե ինչու միայն Ալեք Արսենյանները կարող են անել այն, ինչ ուզում են, իսկ քո նմանները ստիպված են թաքնվել իրենց պատյաններում, գծել իրենց աշխարհների սահմանները, առանձնանալ, խուսափել, ապրել վախի մեջ: Արդա՞ր է արդյոք, Դավիթ, որ անձնական կյանքդ զոհում ես այս տղայի նմաններին, որոնք պատրաստ են խոնարհվել Ալեքների դիմաց ու միայն քոպեսներին են կարողանում հալածել, միայն քեզպեսների վրա են բարձրացնում ձայնը: Արդա՞ր է, որ դու վախենում ես նրանցից, նրանց հայացքներից ու խոսքերից, իսկ նույն այդ ժամանակ վերջին պոռնիկ Ալեք Արսենյանը գլուխը բարձր քայլում է: Մինչդեռ ձեր մեղքերը հավասարազոր են: Արժանի՞ են նրանք, որ կուլ գնաս նրանց կանոններին, եթե իրենց են կուլ տալիս հխպացած, չգիտես թե ինչ գնով իշխանության հասած Արսենյանները: Չէ, Դավիթ, արդար չէ: Եվ գիտե՞ս դա ինչից է: Որովհետև դու ես խոնարհվում, որովհետև դու ես վատը, ոչ թե պարոն Արսենյանն է այնքան լավը, որ արժանանում է հարգանքի: Որովհետև գլուխ խոնարհելով հենց ինքդ ես մատնանշում, որ ամոթալի ինչ-որ բան ես անում, ինքդ ես ստիպում նրանց կենտրոնանալ քեզ վրա: Չես հարգում քեզ, չունես ինքնասիրություն: Դու ես վատը, Դավիթ: Դու ես վատը, որ թույլ ես տալիս կառավարել կյանքդ:
Ալեքը վեր կացավ տեղից և 2000 դրամ սեղանին դնելով` դիմեց Դավիթին..
– Մտածիր որքան կուզես: Վեր ընկիր այդ աթոռին ու տեր ողորմյա երգիր քո կորցրած պատվի վրա: Արա ինչ ուզում ես: Բայց եթե որոշես բարձրանալ, իմացիր որ ես տղամարդու եմ սպասում: Ես սպասում եմ կայացած մարդու, ոչ թե սողունի, որ ավելի է բարդացնելու կյանքս: Ես սպասում եմ մի տղամարդու ով գիտի իր գինը, ով թույլ չի տալիս ոտնահարել իր արժանապատվությունը, ով չի պարում ուրիշի դուդուկի տակ: Հակառակ դեպքում, վեր կաց տեղիցդ ու փախուստի դիմիր: Փախիր նախ այս մատուցողից, հետո հարևանների հայացքներից: Հետնամուտքով ներխուժի սեփական բնակարան ու սպիտակ կտորով փակիր բոլոր հայելիներդ: Դու այնտեղ ոչ միայն պատվազուրկ արվամոլի ես տեսնելու, այլ նաև անողնաշար վախկոտի: Որոշիր ինքդ:
Ալեքը թողեց Դավիթին ռեստորանի սեղանի մոտ և բարձրացավ իր համար: Նրա խոսքերը բավական էին, որպեսզի Դավիթն անհրաժեշտ եզրահանգման գար: Նա այս անգամ էլ ընդունել էր Ալեքի բառերը: Պարոնն անխուսափելի ճիշտ էր: Դահլիճի վերջում կանգնած Արմենն ուշադրությամբ զննում էր միայնակ մնացած Դավիթին: Մի պահ Դավիթը որոշեց վեր կենալ և գնալ տուն, ցույց տալու համար, որ պարզապես զրուցելու էր եկել պարոնի հետ, որ ուրիշ ոչինչ չի կապում իրենց: Բայց հասկացավ, որ խղճահարության է արժանի: Որ էլ ավելի կատի իրեն, եթե ևս մի ձևական քայլ անի: Եվս մի արարք ուրիշների համար: Եվս մի պատվերով համերգ: Նա անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը, վեր կացավ և քայլեց դեպի երկրորդ հարկ: Արմենն աստիճանների մոտ էր: Դավիթը արհամարհական նայեց նրան:
– Խնդրում եմ ոչ մի հարցով չդիմել 16-րդ համար, – նախկին ընկերոջը դիմեց Դավիթը, – Եթե ինչ-որ բան անհրաժեշտ լինի, մենք ինքներս կասենք այդ մասին, չանհանգստացնեք:
Եթե մինչ այդ Արմենը ներքին արդարացումներ էր փնտրում ընկերոջ համար, հիմա արդեն փաստերն անհերքելի էին: Դավիթի խոսքերն ապացուցելու եկան, որ նա խայտառակ կապի մեջ է պարոն Արսենյանի հետ: Արմենը չգիտեր, թե ինչ զգար` հիասթափություն, նողկանք, ատելություն… Չգիտեր, թե ինչն է առավել ցավալի` Դավիթի համասեռամոլ լինե՞լը, թե՞ անշնորհակալ:
11. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
– Հը՞, – սենյակի դռան ձայնը լսելով` լոգարանից ձայն տվեց Ալեքը, – Կողմնորոշվեցի՞ր:
– Դու ճիշտ ես, Ալեք: Ես անողնաշարի մեկն եմ: Ուզում էի փախչել` ձևացնելով, թե մենք գործնական հանդիպման էինք: Ուզում էի փոխել կյանքիս ընթացքը, միայն թե Արմենը գլխի չընկներ:
Դավիթը խոսելով լոգարան գնաց: Ալեքը` ջակուզիի մեջ պառկած ծխում էր:
– Ե՞վ, – դիմեց նա Դավիթին:
– Ես խնդրեցի Արմենին չանհանգստացնել մեզ: Դրանով իսկ ապացուցելով, որ քեզ հետ եմ…
Ալեքը նայեց նրա աչքերի մեջ ու փախցրեց հայացքը: Դավիթը զգաց, որ նա հուզված է: Երբեք այդպիսին չէր տեսել Ալեքին` այդքան երջանիկ: Ալեքը ջուր ցողեց դեմքին, հավանաբար քողարկելով արցունքները: Դավիթը ժպտաց:
– Քեզ հուզե՞ց դա:
– Հա, – ծիծաղեց Ալեքը, – Ինձ հուզեց, որ դու չամաչեցիր ինձանից:
Մի տեսակ ներքին հպարտություն տիրեց Դավիթին: Գոհ էր իր արարքից: Այդ պահին էլ չէր կարծում, թե որևէ հանցավոր բան է արել, որևէ սխալ թույլ տվել: Անգամ երջանիկ զգաց իրեն:
– Արի այստեղ:
– Հիմա:
Դավիթը հանվեց մինչև լողազգեստը և ջակուզին մտավ:
– Ինչ հաճելի է:
– Առաջին անգա՞մ ես ջակուզիում լողանում:
– … Դե… Հա: Ես էստեղ եմ աշխատել, բայց երբեք նման ռիսկ չեմ արել:
Ռի՞սկ, – ծիծաղեց Ալեքը:
– Հա, Ալեք: Քո աշխարհում դա սովորական է: Դու կարող ես քեզ թույլ տալ:
Ալեքը մոտեցավ Դավիթին և ձեռքը դեմքին դրեց:
– Դու էլ կարող ես քեզ թույլ տալ: Դու կարող ես քեզ թույլ տալ այն ամենն, ինչ ես: Բախտը քեզ չտվեց հարստություն, բայց տվեց ինձ: Ինչպես նաև ինձ չտվեց երջանկություն, բայց քեզ տվեց:
– Դու երջանի՞կ չես:
– Քեզ հետ երջանիկ եմ: Իսկ առհասարակ` ոչ: Ես խաբեության մեջ եմ ապրում, Դավիթ: Ես ամուսնացած եմ մի կնոջ հետ, ում չեմ սիրել, ում երբեք չեմ ցանկացել: Ում հետ սիրով զբաղվելիս պատկերացրել եմ օտար տղամարդկանց: Ես փորձել եմ պայքարել իմ էության դեմ և դժբախտության մատնել ինձ: Ես օրեր շարունակ աշխատավայրում եմ քնել, միայն թե չտեսնեմ կնոջս դեմքը, միայն թե ստիպված չլինեմ նորից ինքնախաբեությամբ զբաղվել: Ես նրան էլ եմ դժբախտացրել, Դավիթ: Երբեք չեմ տվել այն սերը, որին նա իրոք արժանի է: Չեմ կարողացել: Իմ կյանքը մղձավանջ է եղել: Այն օրվանից, ինչ ես հասկացել եմ, թե ով եմ, դժոխքում եմ ապրել: Նա, ում դու տեսնում ես այժմ, ինքը ստեղծեց իրեն: Մի օր ես որոշեցի, որ այլևս հերիք է զոհաբերեմ կյանքս հանուն կնոջս, հանուն որդուս, հանուն բոլոր նրանց, ում ցավ կպատճառի իմ ով լինելը: Ես հասկացա, որ ամենից շատ ինքս ինձ եմ անհրաժեշտ, որ ամենից շատ ես ունեմ աջակցության, ըմբռնման կարիք, քանզի դասավորելով ուրիշների կյանքը` խորտակել եմ սեփականը: Ես միշտ խաբել եմ… Բայց մի լուսավոր օր վեր կացա, մոտեցա հայելուն և բարձրաձայն ասեցի ինձ. «Դու արվամոլ ես, Ալեք Արսենյան, ընդունիր դա և ապրիր»: Որքան էի փախել ես այդ բառից, որքան էի խույս տվել այդ մտքերից: Չէի էլ զգացել, թե ինչպես էին դրանք ծանրացել իմ խղճին: Եվ բավական էր միայն հայելուն ասած մի քանի բառ, որպեսզի տարիների նստվածքը հօդս ցնդի, կորչի, քայքայվի: Որպեսզի առանց վախենալու նայեմ մի տղամարդու ու մտքիս մեջ կարողանամ ասել, որ նա գեղեցիկ է, որ ցանկանում եմ նրան: Խոստովանությունն ամենաբարդն է, Դավիթ: Խոստովանություն ինքդ քո առաջ: Պայքարես, թե չպայքարես, դու այն ես ինչ կաս: Անհնար է սաստել զգացմունքներն ու հույզերը: Երբ հասկացա դա, սովորական անհաջողակը քիչ-քիչ սկսեց վերածվել Ալեք Արսենյանի` հռչակավոր ու հարուստ մարդու: Այն ժամանակ, երբ այլևս չկար ներքին պայքար, պայքար ինքս ինձ հետ, ես սկսեցի պայքարել կյանքում: Նախկինում ի՞նչ էի ես: Խաղալիք հասարակության ձեռքում, սկսած սեփական կնոջիցս, մինչև աշխատակիցներս: Վախերի մեջ ապրող, անհաշտ սեփական եսի հետ, անհաջողակ: Չես պատկերացնի, Դավիթ, թե ինչքան բարդ էր այս անցումը: Չես պատկերացնի, թե ինչ երջանիկ ու հպարտ ես զգում քեզ, երբ խոստովանում ես ով լինելդ, ընդունում եսդ ու սկսում ապրել այնպես, ինչպես ուզում է հոգիդ: Հիմա, ես համարյա երջանիկ եմ:
– Ես առաջինն եմ…
– Չէ: Ուրիշներն էլ կային: Բայց դու ուրիշ ես… Գիտե՞ս ինչ, Դավիթ, առաջին անգամ ես փորձում էի զուտ փորձելու, համոզվելու համար: Հետո հաճույքի, իսկ երբ հասկացա, որ դա տգեղ է, որ չեմ կարող այդպիսի կյանքով ապրել, սրա-նրա հետ քարշ գալ, երբ հասկացա, որ դա ինձ դուր չի գալիս, որ սեքսի կարիքը չէ դրդել ինձ դրան, սկսեցի փնտրել: Ու գտա քեզ: Սկզբում դու պարզապես գեղեցիկ տղա էիր, ով ինձ հաճելի էր, ցանկալի, հետո հասկացա, որ դու նաև խելացի ես ու հանդուրժող: Որ նրանցից մեկը չես, ով պատրաստ է նետել առաջին քարը: Ես քեզ սիրեցի, Դավիթ… Չգիտեմ, թե ինչ կմտածես, բայց ես քեզ սիրեցի: Գուցե, գուցե, դա սխալ է, հակասում է բնության կանոններին, բայց ես սիրեցի քեզ: Սիրելիներին ինչպե՞ս չսիրել, կասեր մի պոետ… Ես ոչ մի տղամարդու հետ համբուրված չկայի: Երբևէ չէի կարծում, թե դա կլինի: Ինձ թվում էր, թե այդ անառողջ հետաքրքրությունս միայն մարմնական հաճույքներով կսահմանափակվի, բայց… Ես էլ չեմ ուզում պայքարել իմ դեմ: Եթե սիրել եմ քեզ, թող այդպես լինի: Ես շատ լավ հիշում եմ, այն անհաջողակին, ում անհամաձայնությունը սեփական բնույթի հետ անդունդն էր գլորում: Ես հազիվ եմ ազատվել: Էլ չեմ ուզում վերադառնալ: Եթե սիրել եմ քեզ, թող այդպես լինի:
Դավիթը միայն լուռ լսում էր: Նա հավանում էր Ալեքին: Ոչ մի վատ գիծ չուներ այս մարդը: Եթե կար մեկը, ում նա կցանկանար նմանվել` դա Ալեքն էր: Վճռական, նպատակասլաց, հաջողակ: Մարդ, որը սովորել էր ապրել: Սակայն չէր կարողանում հասկանալ նրան, գլխի մեջ չէր տեղավորվում այն միտքը, որ Ալեքը սիրահարվել է իրեն: Ինչպե՞ս, ինչու՞: Նրան թվում էր, թե այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև զուտ մարմինների` կաղապարների խաղ է: Հպումներ ու վարձավճար, ոչինչ ավելին: Բայց արի ու տես, որ Ալեքի համար դա ավելին էր, քան գործարք: Ալեքը ձեռքերը դրեց Դավիթի այտերին ու սկսեց համբուրել նրան: Դավիթը, որ մեծ մասամբ անտարաբեր էր մնում այդ համբույրներին, պատասխանեց Ալեքին: Ալեքը ետ ընկրկեց ու ժպտաց:
– Շնորհակալ եմ, Դավիթ:
– Ինչի՞ համար:
– Գիտեմ, որ իմ հանդեպ չես զգում այն, ինչ քեզ կդրդեր համբույրի: Գիտեմ, որ հանուն ինձ արեցիր դա, ոչ հանուն փողի: Հասկացա, որ քեզ դրան դրդեց իմ անկեղծությունը, բայց պետք չէ խաղալ: Ես չեմ ուզում, որ խաբես ինձ, Դավիթ: Եթե չես ուզում, մի պատասխանիր իմ համբույրներին: Եթե չուզենաս, ես չեմ էլ համբուրի քեզ: Սա ընդամենը պայմանավորվածություն է:
– Մարմնավաճառություն:
– Անվանիր ոնց կուզես:
Եվ Ալեքը հանկարծ լրջացավ: Փոխեց դեմքի արտահայտությունը, դարձավ առաջվա խիստ ու գործնական մարդը:
– Սենյակ գնանք:
Նրանք ննջասենյակ անցան:
– Հանիր լողազգեստդ ու պառկիր, – հրամայական տոնով Դավիթին դիմեց Արսենյանը:
Դավիթը լուռ ենթարկվեց: Ալեքը սկսեց շոյել նրա մարմինն ու համբուրել:
– Փակիր աչքերդ, Դավիթ, ուզում եմ, որ քեզ հաճելի լինի:
Դավիթը փակեց աչքերը: Հաճելի էին Ալեքի հպումներն ու համբույրները: Դավիթի համար էական չէր, թե ով է դա` կին, թե տղամարդ: Նա միայն վայելում էր պահը: Եթե միայն Ալեքը կին լիներ: Բայց ոչ: Դավիթը գիտեր, որ այդպես էլ չի կարող բավարարել ցանկությունը, որ ամեն ինչ հենց այնպես կավարտվի… Իսկ Ալեքը շարունակում էր համբուրել իրեն: Նա զգաց, թե ինչպես պարոն Արսենյանի շուրթերն հպվեցին իր անդամին:
– Ոչ, Ալեք, – բաց արեց նա աչքերը, – Այդպիսի բան չանես:
– Ինչու՞:
– Դա վիրավորական է, հասկանու՞մ ես… Ես չեմ կարող հարգել քեզ, եթե նման քայլի դիմես:
Ալեքը ժպտաց:
– Դու շատ լավ մարդ ես, Դավիթ: Ինչպե՞ս կարող էի չսիրել քեզ, երբ անգամ այսքանից հետո, պահպանում ես հարգանքդ առ ինձ: Բայց ինձ համար միևնույն է: Ես դա միայն քեզ հաճույք պատճառելու համար չեմ անում: Ես ուզում եմ դա:
– Դա զզվելի է: Ինչու՞:
– Չգիտեմ… Ասում են, երբ շատ ես սիրում, հիմար բաներ ես ուզում… Գուցե այդ դեպքն է:
Բայց Ալեք Արսենյանը գիտեր, որ միայն հանուն Դավիթի է անում դա, միայն հանուն նրան հաճույք պատճառելու: Հանուն նրա կիրքը սպառելու: Կիրք, որ հենց ինքն էր ծնել: Դավիթն էլ ոչինչ չասեց: Պարոնն այդպես էր ուզում: Նա նորից փակեց աչքերը և շարունակեց վայելել պահը…
12. ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Վիգենն առավոտ ծեգին եկավ: Բանվորներն աշխատում էին, իսկ տիկին Սաթենիկը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց` սուրճ մատուցել, սրբիչներ: Երբ տեսավ Վիգենին` սիրտը խանդավառությամբ լցվեց: Առաջ քայլեց ու գրկեց նրան:
– Բարև, բալա:
– Բարև, Սաթիկ տոտա: Ո՞նց ես:
– Ոչինչ, Վիգեն ջան, ոնց պիտի լինեմ…
Սաթենիկն այնպես ցածրացրեց ձայնը, որ Վիգենը միանգամից հասկացավ նրա մտատանջանքը:
– Դե ասա, տեսնեմ, թե ինչ է եղել: Ինչով է քեզ բարկացրել իմ կամակոր ընկերը:
– Առավոտը եկավ, Վիգեն: Քնած է: Չեմ հասկանում էդ ի՞նչ աշխատանք է, որ ոչ ժամ ունի, ոչ պատարագ: Օրերով չի գնում, մեկ էլ դուրս է գալիս այդ մարդու հետ, կամ ինչ-որ զանգից հետո: Դեռ սաղ հեչ, այ բալա, փող էլ է բերում: Շատ փող:
Վիգենին Դավիթի հանկարծակի ի հայտ եկած եկամուտները նույնպես կասկածելի էին թվում, բայց նա երբեք չէր հարցնում, թե որտեղից այդ փողերը: Սակայն, այժմ, Սաթենիկի խոսքերից հետո որոշեց զրուցել ընկերոջ հետ, ամեն ինչ պարզել:
Դավիթը պառկած էր անկողնուն ու երաժշտություն էր լսում:
– Բարև, – սենյակ մտավ Վիգենը:
– Բարև, – առանց տեղից վեր կենալու պատասխանեց Դավիթը:
– Ի՞նչ է կատարվում հետդ, Դավիթ…
Դավիթը խոժոռեց դեմքը:
– Ի՞նչ ես ուզում: Եկել ես հարցախեղդ անելու՞:
– Եկել եմ հասկանամ, թե ուզածդ ի՞նչ է: Էս ո՞նց ես պահում քեզ: Դեռ մի շաբաթ առաջ վերաբերմունքդ այլ էր: Ի՞նչ եղավ հետդ:
– Եղավ այն, Վիգեն, որ ոչ մեկդ չեք հաշտվում իմ վիճակի հետ: Անիմաստ հարցեր եք տալիս, կասկածում ինձ: Ես այդպես չեմ կարող, հասկանու՞մ ես: Ինչու՞ առաջվանը չեք: Որովհետև ես փո՞ղ եմ վաստակում:
– Ինչո՞վ ես վաստակում:
– Այ, տեսնում ես: Դու տվեցիր այդ հարցը ոչ թե պատասխանը լսելու համար, այլ ինձ վիրավորելու: Դա հարց չէր, դա կասկածներ էին:
– Թող տենց լինի: Ու…
– Ու զուռնա: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Դակլա՞դ տամ: Չսպասես: Իսկական ընկեր լինեիր, կուրախանայիր իմ հաջողության համար, ոչ թե սխալներս կփնտրեիր:
– Կռիվ ես ման գալիս, հա՞:
– Չէ: Ես ընկեր եմ ման գալիս քո մեջ… Բայց չեմ գտնում: Ոնց էի սխալվել:
– Հա, – ժպտաց Վիգենը, – Քո ընկերն այդ մարդն է, չէ՞: Էդ պարոն եսիմ ինչը: Ինչ նա հայտնվեց, թքած ունես բոլորի վրա:
– Նա նեղ օրվաս հասավ, Վիգեն, ինձ անդունդից դուրս հանեց: Հասկանու՞մ ես: Էնքան, ինչքան նա արեց իմ համար, չէր արել ոչ ոք:
– Իսկ դու նրա համար ի՞նչ ես անում: Սպանու՞մ ես, թալանու՞մ, շանտա՞ժ անում: Ո՞նց ես վարաձահատույց լինում: Թե թողնում ես, որ հետևիցդ թփացնի:
– Քո նմաններից հրաժարվելով եմ վարձահատույց լինում, Վիգեն: Չեմ ուզում դեմքդ տեսնել:
Սխալվել եմ քո հաշվով: Գնա ու այլևս մոռացիր այս տան տեղը: Չեմ ուզում տեսնել քեզ: Մեր ընկերությունը սուտ էր, մակերեսային, ոչինչ չնշանակող: Գնա, Վիգեն:
Վիգենն օրորեց գլուխը ու դուրս եկավ սենյակից: Դավիթը վեր ցատկեց տեղից, կողպեց սենյակի դուռը, նստեց հատակին, հենվեց մահաճակալին ու բռնեց գլուխը… Նա որոշել էր, որ ավելի լավ է ազատվել Վիգենից, քան թե հետագայում նայել նրա աչքերի մեջ, որ Վիգենը կարող է հետ պահել իրեն, ստիպել, որ նա շարունակի խաղալ, լինել անողնաշար, ինչպես Ալեքն էր ասում: Հա, Վիգենն այն եզակի մարդկանցից մեկն էր, ում հետ նա չէր կարող հաշվի չնստել: Ուրեմն ավելի հեշտ էր հրաժեշտ տալ նրան և անել սրտի ուզածը առանց խղճի խայթի, առանց ամաչելու, առանց մտածելու, որ Վիգենին դա դուր չի գա: Հիմա արդեն վերջ: Նա չունի ոչ ոք բացի մորից ու Ալեք Արսենյանից` մարդուց, որ իրեն վճարում է… Չգիտեր, թե որքան է տևելու Ալեքի հետ կապը, բայց որոշել էր մի օր նրան էլ հրաժեշտ տալ ու սովորական մարդու պես ապրել: Հաստատապես էր որոշել: Ուզում էր միայն փոքր-ինչ փող վաստակեր, կարգավորեր կյանքը: Չէր հասկանում, թե ով է այդ մարդն իր համար` եկամուտի աղբյուր, թե ավելին: Հարգում էր նրան որպես մարդ, սիրում էր, երբ Ալեքն իր հանդեպ ուշադիր էր, երբ ցույց էր տալիս իր սերը, հաճույք էր զգում, երբ նա համբուրում էր իր մարմինը, բայց աշխատում էր ցանկացած գնով խույս տալ նրա հետ համբուրվելուց: «Դավիթ, – մտածեց, – Գուցե դու էլ ես արվամոլ, եթե հավանում ես այն ամենն, ինչ անում է պարոնը, եթե քեզ դա գրգռում է»: Այդ միտքը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս նրան: Իսկ եթե… Բայց չէ՞ որ նա չէր ցանկանում պարոնին, խուսափում էր նրան դիպչելուց, համբուրելուց և փակում էր աչքերը, երբ դա Ալեքն էր անում… Դավիթը ենթագիտակցության մեջ արդարացումներ էր փնտրում իր համար:
– Դավիթ, բաց արա, – սենյակի դուռը թակեց Սաթենիկը:
– Զահլա չկա, մամ, թող հանգստանամ, գիշերն աշխատել եմ:
– Էդ ի՞նչ ասեցիր Վիգենին, որ տղան վիրավորված գնաց: Այ բալա, էս ի՞նչ ես անում:
– Մամ ուղղակի վիճել ենք: Մի բան չկիսեցինք: Սովորական է բոլոր ընկերների մոտ` կհաշտվենք: Արխային:
Սաթենիկն էլ ոչինչ չասեց: Նա թողեց ու հեռացավ իր լռությամբ ավելի խճճելով Դավիթին: Դավիթը վերցրեց բջջայինը ու հավաքեց Ալեքի համարը:
– Հա՞, Դավիթ, – անմիջապես պատասխանեց Ալեքը:
– Ալեք, արի տար ինձ: Խճճվել եմ, չգիտեմ: Զրուցելու կարիք ունեմ: Միայն քեզ հետ կարող եմ խոսել:
– Ի՞նչ է պատահել:
– Արի կասեմ:
– Կանհանգստանամ: Գոնե կես բառով ասա, թե ինչում է հարցը:
– Ընկերոջս հետ եմ վիճել, կյանքիցս վանում եմ բոլորին, Ալեք: Ես վախկոտի մեկն եմ:
– Ամեն ինչ լավ է Դավիթ: Չտխրես: Ես գալիս եմ:
«Աստված իմ, – մտածեց Դավիթը, – Ալեքը գալիս է: Նա շուտով այստեղ կլինի, կգրկի ու ասես կանխագուշակելով, կասի այն խոսքերը, որ ուզում եմ լսել: Ալեքն այստեղ է լինելու, նշանակում է ամեն ինչ լավ է: Նշանակում է հօդս է ցնդելու երևակայական այս միայնությունը: Նշանակում է կողքիդ շնչելու են, Դավիթ: Կողքիդ նորից կյանք է լինելու»:
13. ԿՈՐՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉԸ
Ալեքը գրկեց Դավիթին ու համբուրեց նրան: Այժմ, ինչպես երբեք Դավիթի մոտ ցանկություն առաջացավ պատասխանել նրա համբույրին: Համբույր, որն հավերժություն տևեց: Նա զգում էր կյանքը Ալեքի հպումների շնորհիվ, զգում էր, որ դեռևս ի վիճակի է զգալ որևէ բան, որ կենդանի է: Անզուսպ ցասումը, կիրքը այդ պահին տիրել էին նրան: Ալեք Արսենյանը`գուցե իր թշնամին, գուցե իրեն վար գլորողը, այդ պահին այնքան անհրաժեշտ էր, այնքան տեղին, այնքան ցակալի:
– Ուզում եմ քեզ, Դավիթ:
– Ես էլ, Ալեք, ես էլ քեզ եմ ուզում:
– Գնանք այստեղից:
Հանկարծակի դողը պատեց Դավիթին:
– Չգիտեմ, Ալեք: Ի՞նչ է կատարվում: Ես հրաժարվում եմ իմ ամբողջ կյանքից: Քո պատճառով, թե՞ քեզ համար:
– Ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ հաճույք կպատճառի:
– Այն… Որ մեղավորը դու ես… Ես չեմ ուզում մեղքը կրել: Քո պատճառով, Ալեք, դա է նախընտրելի պատասխանը: Ուզում եմ, որ քո հրահրմամբ տեղի ունենա այս ամենը, քո որոշմամբ, քո խարդախության, քո նենգության շնորհիվ, քո լարած թակարդը լինի երիտասարդի դեմ, ով այնքան անփորձ էր կյանքում: Չեմ ուզում ես լինել մեղավոր…
– Մեղավո՞ր ես ման գալիս: Ինչի՞ մեղավորը: Նրա, որ ազատ ես, նրա, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես: Նրա, որ դու ես քո կյանքի տերը: Բա դա մեղավորնե՞ր ունի: Այդ ամենին քո շնորհիվ ես հասել:
– Քո շնորհիվ, Ալեք: Չէ… Քո պատճառով:
– Եթե քեզ համար ավելի հեշտ կլինի, հա, թող իմ պատճառով լինի: Թող ես լինեմ մեղավորը: Բայց, զգու՞մ ես, որ դու նորից փախուստի ես դիմում: Որ դու նորից խուսափում ես սեփական եսից:
– Հա, զգում եմ, Ալեք: Հենց այդ պատճառով վանեցի Վիգենին: Նա չպիտի դառնար կեղտոտ կյանքիս ականատեսը:
– Նրա՞ն պաշտպանեցիր… Չէ, Դավիթ: Դու քեզ էիր նրանից պաշտպանում: Որովհետև թույլ ես:
– Ի՞նչ անեի:
– Չպիտի վիճեիր: Պիտի սիրտդ բացեիր ընկերոջդ: Ասեիր, թե ինչ ես անում: Մի՞թե ընկերները դրա համար չեն: Մի՞թե իրական ընկերը միշտ չէ քո կողքին: Մի՞թե նրանք մեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին մենք կանք:
– Քո ասած իրական ընկերներից չկա, Ալեք: Ոչ ոք դա երբեք չի ընդունի… Նրանք ընդունում են այն, ինչ ընդունելի է մյուսների կողմից: Մի փոքրիկ շեղում և վերջ… Չկա այլևս ընկեր:
– Սխալվում ես, Դավիթ: Բացառություններ լինում են: Ու եթե դու հրաժարվել ես Վիգենից, վստահ ես եղել, որ նա այդ բացառությունների ցանկին չի պատկանում: Որ նա, ով քեզ հետ լեռներ բարձրացավ, երբեք չի գլորվի հետդ անդունդը:
– Նա չէր գլորվի:
– Ուրեմն ու՞մ ես կորցրել Դավիթ: Ընկերո՞ջդ, թե՞ հերթական փափկամորթին:
– Նա պատրաստ էր դժվար պահին կանգնել կողքիս, աջակից լինել:
– Նման պահերին բոլորն էլ պատրաստ են: Բայց դու «ոչ» գոռա հայացքներին, դու սպիտակ ասա սևին և կտեսնես, թե ովքեր են իրական ընկերները: Դա նրանք են, Դավիթ, ովքեր նույնպես կասեն սպիտակ, համոզված լինելով, որ սև է: Միայն այդ մարդկանց պահիր քո կողքին: Մարդկանց, որոնք չեն ստիպում ստել ինքդ քեզ, որոնք կողքիդ են ոչ թե այն պահին, երբ մարդիկ քեզ մանրադրամ են նետում, այլ երբ նետում են քարեր, Դավիթ: Այդպիսի՞ն էր Վիգենը:
– Չէ, այդպիսին չէր:
– Ուրեմն դու ընկերոջ չես հրաժեշտ տվել: Դու հրաժեշտ ես տվել «պատահականին» կամ «հերթականին»: Կարծում եմ, որ հիմա դու ազատ ես: Հիմա կարող ես նորովի դասավորել կյանքդ: Գտնել նոր մարդկանց, ում խորթ են քաղքենիական հայացքները, ովքեր ապրում են և թողնում են, որ ապրեն ուրիշները, ովքեր կլինեն կողքիդ նաև քարեր նետելու ժամանակ: Որտեղի՞ց քեզ ընկերներ: Դու փնտրե՞լ ես: Ոչ: Դու ընտրել ես նրանցից ինչ կար: Ուրեմն փնտրիր: Անշուշտ կգտնես: Ի՞նչ ունես այլևս կորցնելու:
– Ոչինչ…
– Դե, ուրեմն ապրիր այնպես, ինչպես ուզում ես: Ու թող քո հաջորդ ընկերը ինանա ով լինելդ, ճանաչի իրական Դավիթին, նոր ընկերանա, սիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:
Դավիթը ժպտաց: Հիմա ոչ ոք քարեր չէր նետում… Քարերը գլորվում էին իր ուսերից: Ալեքը նորից բժշկեց իրեն: Եթե միայն այս մարդն իր կյանքում հայտնվեր մի քանի տարի առաջ, հիմա նա արդեն հաջողակ կլիներ, հարուստ: Նա միայն փողով չէ, որ օգնում էր, այլ ուժ էր տալիս: Ուժ ապրելու համար, ուժ պայքարելու համար: Սա բացառիկ մարդ էր, Դավիթը գնալով համոզվում էր դրանում:
Ալեքը նորից համբուրեց նրան: Դավիթը կրկին պատասխանեց: Դա արդեն սովորական էր:
– Դե գնանք այստեղից, Դավիթ, – շարունակեց Ալեքը, – Ես ուզում եմ, որ վերջապես սիրով զբաղվենք:
Դավիթը մոտեցավ դռանը, կողպեց այն և սկսեց հանել հագուստը:
– Մենք կարող ենք այստեղ էլ զբաղվել:
Ալեքին դա դուր եկավ: Նա քթի տակ ժպտաց և նույնպես սկսեց հանվել:
– Դավիթ, չե՞ս կարծում, որ դա զզվելի է, կեղտոտ…
– Եթե դու ուզում ես…
– Հա, ես ուզում եմ:
Նրանք կրկին համբուրվեցին: Դավիթն առաջվա պես խուսափում էր դիպչել Ալեքին և Ալեքը զգաց դա:
– Դավիթ, ի՞նչ ես որոշել քեզ համար: Սա՞ է քո կյանքը, թե ոչ: Կարո՞ղ ես հաճույք ստանալ սրանից:
– Հա, կարող եմ:
Ալեքը բռնեց Դավիթի ձեռքը ու սկսեց տանել իր մարմնի վրայով: Դավիթն այլևս չէր խուսափում դրանից: Ալեք Արսենյանն իր համար արդեն ավելին էր, քան վճարող: Նա ընկեր էր` միակը, ով կողքին է այժմ: Ալեք Արսենյանը սիրելի էր, նա չէր կարող լինել զզվելի, տհաճ… Դավիթը չէր պայքարում իր դեմ: Այլևս կորցնելու բան չկար: Նա կարող էր անել այն, ինչ ուզում է: Նա ազատ էր իր արարքներում:
– Ես սիրում եմ քեզ, Դավիթ:
– Ես էլ եմ սիրում քեզ, Ալեք: Այժմ հասկացա, որ սիրում եմ… Ոնց էր ասել քո էն բանաստեղծը:
– Սիրելիներին ինչպե՞ս չսիրել…
– Հա, ինչպե՞ս չսիրեմ, եթե դու սիրելի ես: Ես քոնն եմ, Ալեք Արսենյան, ես քոնն եմ, քանի որ դու ես կողքիս, քանի որ միայն դու որոշեցիր ազատություն տալ ինձ, միայն դու որոշեցիր տեսնել այն, ինչ իրականում կա Դավիթը և չփորձել փոխել ինձ: Ես քոնն եմ, Ալեք Արսենյան, որովհետև սիրված եմ քո կողմից այնքան, որքան երբևէ ոչ մեկի կողմից չեմ եղել: Ես քոնն եմ, Ալեք, որովհետև դու բացառիկ մարդ ես: Ես քոնն եմ, որովհետև ուզում եմ, որ դու միշտ լինես իմը ու իմ կողքին:
– Այլևս այդպես է, Դավիթ: Վաղը ևեթ կտեղափոխվեք այս տանից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ ափսոսա, դա դու ես: Նա, որ հանուն ինձ չափսոսաց ոչինչ, հրաժարվեց ամեն ինչից:
– Ես կորցնելու ոչինչ էլ չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն է:
Գուցե այդ սենյակում իսկապես սեր էր: Ո՞վ գիտե: Գուցե այդպիսին էր ճակատագիրը ու այդպիսին է կյանքը: Եթե երջանիկ էին երկուսը… Ճիշտ էր, գուցե: Բայց դա անզոր էր հասկանալ Սաթենիկը, որ այս դեպքերի թաքուն ունկնդիրը դարձավ: Սուր ծակոց սրտում… Միակ բանը, որ կարող էր զգալ կինը: Ու մտքերի առկայություն: Ի՞նչ մտքերի, նա չհասցրեց հասկանալ: Հազիվ կանգնելով ոտքերի վրա հասավ խոհանոց, հենվեց սեղանին ու տվեց այն անունը, որ ըստ Ալեք Արսենյանի ոչինչ չի նշանակում. «Տեր Աստված»: Եվ փակելով աչքերը` հատակին ընկավ:
«Ես կորցնելու ոչինչ էլ չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն է»:
Հրաշալի է գրված: Ոչ մի տող չձանձրացրեց:
Բայց կարդալուց հետո տհաճ զգացողություններ են միայն… Ես անընդհատ սպասում էի, որ Դավիդը դուրս կգա այդ կեղտից: Ավարտն անսպասելի էր, անկանխատեսելի ու զզվելի:
Հետաքրքիր էր շատ, Ապրի’ հեղինակը:
Herinak@ piti vor shat jahel lini u shat grqer tshkardatsats…
Sa qnnadatutun tsher, parzapes zgatsats asatsi. Gortsi arjeq@ bolorovin tshi tujum dranits.
Lavn er, iroq. Bravo herinakin. Kartsum em aprvats mi patmutun er, aynqan bnakan ein nkaragrutunner@. Angam sarsur zgatsi, zgayakan imastov el tpavoritsh er. Hajorutun iren. Husov em erjanik e Hayastanum.